Chapter 15
XV
Օրն ի՜նչ վատ սկսվեց: Ուրախության ծրագրերն ասես մարտահրավեր են ճակատագրին: Չափազանց երկար ենք մտորում դրանց շուրջ և ճակատագրին ժամանակ տալիս, որպեսզի բնի մեջ ձվերը փոխի, և մենք դառնում ենք վշտերի թխսկանը:
Հյուգը լսելով, թե Բարբն ինչպես դուռը շրխկացրեց իր ետևից, մի տաժանելի զգացում ապրեց: Նոր հոգսեր էին սպասվում, մենությունն ավելի էր խորանում: Պառավ սպասուհին դարձել էր նրա կյանքի մի մասը: Եվ այս ամենը կատարվում էր Ջեյնի՝ այդ անհավատարիմ, դաժան կնոջ պատճառով: Ա՜հ, արդեն բավական հասցրել է տառապել նրա երեսից:
Հիմա չէր ուզում, որ այդ կինը գա: Տխուր էր, անհանգիստ, նյարդայնացած: Հանգուցյալի մասին մտածեց... Ինչպե՞ս կարողացավ հավատալ այդ նմանության կեղծիքին, որ այդպես շուտ փոշիացավ: Եվ ինչպե՞ս պիտի նա ընդուներ այնտեղ, գերեզմանից անդին, մեկ ուրիշ կնոջ հայտնվելն այս օջախում, որը դեռ լեցուն է իր հիշատակներով: Այդ կինը պիտի գար և նստեր մի բազկաթոռի, որի մեջ նա էր նստում, ինչպե՞ս պիտի նայեր հայելիների մեջ, որոնք դեռևս պահպանում են նրա պատկերը: Չէ որ մեռածների դեմքը պահպանվում է հայելիների մեջ:
Զանգեցին: Հյուգն ստիպված էր գնալ ինքը բացել: Ջեյնն էր, ուշացած, արագ քայլելուց շառագունած: Նա մտավ ներս, կտրուկ, տիրական, մի ընդգրկուն հայացք նետեց միջանցքից և բաց դռներից երևացող սենյակների կողմը: Հեռվից հասնող երաժշտության արձագանքն աստիճանաբար մոտենում էր: Թափորը շուտով կերևար:
Հյուգն ինքը վառեց Բարբի ձեռքով պատուհանների մոտ զետեղված մոմերը:
Ջեյնի հետ բարձրացան երկրորդ հարկում գտնվող իր սենյակը:
Նա մոտեցավ և բացեց փակ պատուհաններից մեկը:
— Օ՜, ո՛չ, — ասաց Հյուգը:
— Ինչո՞ւ:
Հյուգը բացատրեց, որ նա չպետք է երևա իր պատուհանների մեջ, հատկապես թափորն անցնելու պահին: Գավառը սուտ պարկեշտ է: Դա սկանդալ կհամարեն:
Ջեյնը, հայելու առջև կանգնած, գլխարկը հանեց, մշտապես մոտը գտնվող բրնձափոշու փղոսկրյա տուփը վերցրեց և փնջիկը երեսին քսեց:
Հետո, գլխաբաց, նորից մոտեցավ պատուհանին և իր պղնձագույն մազերի փայլով ուշադրություն գրավեց:
Փողոցում լցված ամբոխը հետաքրքրված նայում էր այդ կնոջը, որն իր աչքի զարնող արդուզարդով և մազերով նման չէր մյուսներին:
Հյուգը բարկացավ: Կարելի էր դիտել նաև վարագույրների ետևից: Նա վճռական և կոպիտ շարժումով փակեց պատուհանը:
Ջեյնը նեղացավ: Այլևս չէր ուզում նայել: Նա, անթափանց դեմքին կոշտ արտահայտություն տալով, գնաց պառկեց բազմոցի վրա:
Թափորի երգասացությունը լսվեց: Սաղմոսների ավելի հստակված ելևէջներից կարելի էր ենթադրել, որ արդեն մոտենում են: Հյուգը, վշտացած, շրջվեց Ջեյնից: Իր այրվող ճակատը հպեց ապակուն, որն աղբյուրի ջրի իր պաղությամբ կարող էր հոգսերը ցրել:
Երգչախմբի առաջին տղաներն անցան: Նրանք խուզած գլուխ ունեին և մոմերը բռնած երգում էին:
Հյուգը պատուհանի ապակիների միջով հստակ տեսնում էր հանդիսավոր երթը, որի մասնակիցներն առանձնանում էին, ինչպես սրբազան կերպարանքները ձեռագործ պատկերների վրա:
Միաբանության անդամներն անցան, պատվանդանների վրա կրելով արձանիկներ և Սրբազան Սիրտը Հիսուսի: Նրանք ոսկե դրոշներ էին կրում՝ ապակու պես կարծրացած: Այնուհետև գալիս էր անբիծ խումբը, ճերմակ զգեստների պարտեզը, մարմաշի արխիպելագը, որի վրա բուրվառներից բարձրացող երկնագույն ծխի փոքրիկ ալիքներն էին տատանվում: Ասես կույս աղջնակներ էին ժողովվել Զատկի Գառնուկի շուրջ, որն իրենց նման ձյունաթույր էր:
Հյուգը մի պահ դարձավ դեպի Ջեյնը, որը խռոված մնացել էր բազմոցի վրա և ասես տրվել հոռի մտքերին:
Փողերի ձայնը ավելի բարձր հնչեց, խլացնելով սոպրանոների ընդհատ թրթռոցը:
Պատուհանի շրջանակի մեջ հայտնվեցին Սուրբ Տեղիքի ասպետները, ոսկեզօծ զգեստ հագած և զրահավորված խաչակիրները, Բրյուգեի հին ժամանակների իշխանները, բոլոր նրանք, որոնց անուններն առնչվում էին Թիեռի Էլզասցուն, որը Սուրբ Արյունը բերեց Երուսաղեմից: Նրանց մարմնավորում էին Ֆլանդրիայի ամենանշանավոր ազնվական տների աղջիկներն ու տղաները: Նրանք հինավուրց զգեստներ էին հագել, պճնվել հազվագյուտ ժանյակներով և սերնդեսերունդ փոխանցվող զարդերով: Ասես թանգարաններում հավերժացող Վան Էյկի և Մեմլինգի կտավների սրբերը, մարտիկները և տաճարներ կառուցողները, որոնք հրաշքով միս ու արյուն էին ստացել:
Հյուգը, Ջեյնի դժկամությամբ վշտացած, գրեթե չէր դիտում այդ տեսարանը: Նա չափազանց տխուր էր: Օրհներգները նրան ավելի տխրեցրին: Փորձեց նրա սիրտն առնել, սակայն առաջին բառը լսելուն պես ավելի կատաղեց:
Ջեյնը նրան նայեց ավելի չար հայացքով, իսկ բերանն էլ ասես լիքն էր վիրավորանքներով:
Հյուգը կծկվեց: Նա լուռ էր ու տխուր, իր հոգին ասես հանձնել էր այդ երաժշտության ալիքներին, որպեսզի այն իրենից հեռու տանեին:
Հայտնվեցին հոգևորականները, բոլոր միաբանությունների վանականները. դոմինիկյանները, ռեդանտորիստները, ֆրանցիսկյանները, կարմելականները: Սրանց հաջորդում էին կղերիկոսները՝ ճերմակ շապիկներով, կցորդարաններ երգելով, ծխական քահանաներն՝ իրենց կարմիր սքեմները հագած, աթոռակալները, կանոնիկոսները, ավագերեցները՝ շուրջառներ, ասեղնագործած թականակներ հագած, որ փայլփլում էին թանկարժեք քարերի պես:
Բուրվառների զնգոցը լսվեց: Կապույտ ծուխը մոտեցավ ու տարածվեց: Զանգակների ղողանջը խառնվեց իրար և սկսեց հնչել կարկտահարության պես, օդը դարձնելով պղնձաձայն:
Եպիսկոպոսը երևաց, խույրը գլխին, ամպհովանու տակ: Նրա ձեռքին կաթողիկեի նմանվող մի ոսկե մասնատուփ կար՝ գմբեթով ծածկված, որտեղ հազարավոր մանրաքանդակների, ադամանդների, զմրուխտների, մեղեսիկների, ջնարակի, տպազիոնների, նուրբ մարգարիտների տակ հանգչում էր Սուրբ Արյան միակ սուտակը:
Հյուգն այդ միստիկ տրամադրությամբ, բազմաթիվ դեմքերի, փողոցներում, պատուհանների տակ, ամենուր, մինչև քաղաքի ծայրը լցված ամբոխի ջերմեռանդ աղոթքներով վարակված, Մասնատուփը տեսնելուն պես ծնրադրեց: Ամբոխն էլ ծնկի իջավ, ասես խոնարհվեց օրհներգների հզոր պոռթկումի առջև:
Հյուգը գրեթե մոռացել էր իրականությունը, Ջեյնի ներկայությունը, քիչ առաջ տեղի ունեցած տեսարանը, որը նորից պաղեցրեց նրանց հարաբերությունները: Իսկ Ջեյնը տեսնելով նրա հուզմունքը, սկսեց չարախնդալ:
Հյուգը ձևացրեց, թե ոչինչ չի նկատում, զսպելով իր մեջ այդ կնոջ հանդեպ բռնկվել սկսող ատելությունը:
Վերջինս, ամբարտավան տեսքով, տեղից ելավ ու գլխարկը դրեց, հասկացնելով, որ գնում է: Հյուգը չէր համարձակվում թափորի հեռանալուց հետո սենյակում հաստատված լռությունը խախտել: Փողոցն արագորեն դատարկվեց: Ասես նա էլ լուռ էր՝ հեռացած ուրախության պատճառով:
Ջեյնը անխոս իջավ աստիճաններով: Հասնելով առաջին հարկ, ասես մտադրությունը փոխեց կամ հետաքրքրասիրությունը շարժվեց: Շեմին կանգնած նայում էր դռնբաց սենյակների կողմը: Մի քանի քայլ արեց և մտավ այդ երկու՝ հաղորդակցվող սենյակներից մեկը, ասես դժգոհելով նրա անբարեհամբույր տեսքից: Սենյակները նույնպես նկարագիր ունեն, դեմք ունեն: Նրանց և մեր միջև անմիջապես բարեկամություն է ստեղծվում կամ հակակրանք առաջանում: Ջեյնը զգաց, որ իրեն վատ ընդունեցին, որ իր ներկայությունն այստեղ անբնական է, որ ինքն օտար է այստեղ, անհամերաշխ հայելիների հետ, թշնամի այդ հինավուրց կահույքին, որ իր ներկայությունն սպառնում է խաթարել նրանց անսասան գոյությունը:
Նա անհամեստ հայացքով զննում էր... Դիմանկարներ տեսավ պատերին, սեղանիկին: Հանգուցյալին ներկայացնող լուսանկարներն էին և պաստելը:
— Հա՜, ուրեմն կանացի նկարներ ունես այստեղ, — և նա մի մանրիկ ու չար քրքիջ արձակեց:
Հետո մոտեցավ բուխարիկին.
— Մի տե՛ս է, որքա՜ն նման է ինձ:
Դիմանկարներից մեկը վերցրեց:
Հյուգը, որ սոսկալի սրտնեղությամբ հետևում էր նրան, հանկարծ ահավոր մի ցավ զգաց այդ դաժան կատակներից, հանգուցյալի սրբությունը պղծող այդ անգութ դատարկախոսությունից:
— Տեղը դի՛ր, — գոռաց նա հրամայական:
Ջեյնը ոչինչ չհասկացավ և հռհռաց:
Հյուգը մոտեցավ և, վիրավորված նրա մատների հպումից իր հիշատակներին, դիմանկարները ձեռքից վերցրեց: Ինքը դրանց դիպչում էր սրբազան մի թրթիռով, որպես պաշտամունքի առարկայի, ինչպես քահանան Սուրբ Հաղորդության սկիհին կդիպչեր: Իր վիշտը դարձել էր իր կրոնը: Մանավանդ որ այդ պահին՝ թափորի անցնելու առիթով վառված մոմերը մատուռի պես լուսավորում էին սենյակը:
Ջեյնը, անպատկառ ծիծաղով, սկսեց ծաղրել գրգռված Հյուգին: Թաքուն մի ցանկությամբ շարունակելով նրան ավելի ծանակել, անցավ մյուս սենյակ, ձեռք տվեց ամեն ինչին, շրջեց մանր իրերը, ճմռթեց կերպասները: Հանկարծ հնչեղ մի ծիծաղով կանգ առավ:
Դաշնամուրի վրա նկատել էր ապակյա թանկարժեք առարկան, և իր հանդգնությունը շարունակելով, զարմանքով ու հետաքրքրասիրությամբ, կափարիչը բարձրացրեց, մազերը հանեց և սկսեց օդի մեջ թափահարել:
Հյուգը զայրույթից գունատվել էր: Դա արդեն անպատկառություն էր: Դա սրբապղծություն էր նրա համար... Արդեն քանի՜ տարի չէր համարձակվում այդ մեռած բանին դիպչել, քանզի դա պատկանում էր հանգուցյալին: Եվ պաշտամունքի այս մասունքը պարունակող բյուրեղապակյա տուփը նա ամեն օր ցողել էր արցունքներով, որպեսզի այն ի վերջո խաղալիք դառնա, ծաղրի առարկա մի կնոջ ձեռքին... Ա՜հ, արդեն վաղուց է տառապում այս կնոջ երեսից: Նրա ամբողջ ատելությունը, ամիսների ընթացքում, նրա պատճառով, ամեն վայրկյան, ամեն ժամ քաշած տառապանքները, կասկածները, դավաճանությունները, հսկումը նրա տան մոտ՝ անձրևի տակ... Այս բոլորը միանգամից հիշեց... Հենց հիմա կքշի նրան:
Բայց այն պահին, երբ նետվեց առաջ, Ջեյնը հեռացավ սեղանի մյուս կողմը: Ասես խաղում էր, ձեռ առնում նրան, մազերը հեռվից ցույց էր տալիս, ձեռնասուն օձի պես մոտեցնում դեմքին, բերանին, հազարան հավքի փետուրներից պատրաստված բոայի պես փաթաթում վզին...
Հյուգը գոռում էր. «Տո՛ւր այստեղ... Տո՛ւր ինձ»:
Ջեյնը վազում էր աջ, վազում ձախ, սեղանի շուրջը դառնում:
Այդ վազքի հողմնապտույտից, նրա ծիծաղներից, նրա ծաղրուծանակից գլուխը կորցրել էր: Վերջապես հասավ նրան: Մազերը շարունակ փաթաթված էին վզին: Ջեյնը դիմադրում էր, չէր ուզում վերադարձնել: Նա կատաղած էր և հիշոցներ էր թափում, քանի որ Հյուգի մատները ցավ էին պատճառում նրան:
— Տո՛ւր:
— Չեմ տա, — ասաց նա նյարդային ծիծաղով, Հյուգի կաշկանդող ձեռքերով բռնված:
Հյուգն այդ ժամանակ կատաղեց, արյունը խփեց գլխին, ականջներում սոսկալի խշշաց, աչքերի առջև սևացավ, ասես գլխապտույտ ուներ... Հանկարծակի մի մոլեգնություն մտավ մեջը, մատներն ավելի ամուր սեղմեց, նրան համակեց մի ցանկություն՝ ինչ-որ բան բռնել, սեղմել, ծաղիկները կոտրել... Դա մի կատաղի ցանկություն էր, ձեռքերը դարձել էին աքցանի պես ամուր...
Ջեյնի վզին փաթաթված մազերից բռնեց: Ուզում էր վերցնել, ուստի վայրագ մոլեգնությամբ քաշեց, վզի վրա ձգեց մազափունջը, որ պարանի պես ամուր էր:
Ջեյնն այլևս չէր ծիծաղում: Նա թեթևակի ճչաց, ասես հառաչեց, ասես պղպջակ պայթեր ջրի մակերեսին: Նա խեղդված ընկավ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Նա մեռած էր, քանզի չկռահեց Գաղտնիքը, չհասկացավ, թե կան բաներ, որոնց չի կարելի դիպչել, որոնց ձեռք տալը սրբապղծություն է: Ջեյնը ձեռք տվեց վրիժառու մազերին: Բոլոր նրանք, որոնց հոգիները մաքուր են և գաղտնիքին հաղորդակից, հասկանում են, որ այդ մազերը մահվան գործիք կդառնան սրբապիղծի համար:
Տունն այսպիսով իսկապես քանդվեց. Բարբը հեռացավ, Ջեյնը՝ խեղդված, տարածվել էր գետնին, իսկ մեռյալն ավելի մեռավ...
Իսկ Հյուգը նայում էր առանց հասկանալու, այլևս առանց որևէ բան իմանալու...
Երկու կանայք նույնացան մեկ անձի մեջ: Կյանքում, որ այնքան իրար նման էին, ավելի նմանվեցին մահվան մեջ, որը միևնույն գունատությամբ ծածկեց նրանց դեմքերը: Նրանց այլևս անկարելի էր իրարից զանազանել. իր սիրո միակ դեմքն էր տեսնում: Ջեյնի դիակը նախկին հանգուցյալի ուրվականն էր, որը միայն ինքը կարող էր տեսնել:
Հյուգը, որի հոգին հիմա ապրում էր միայն անցյալով, հիշում էր լոկ հեռավոր բաները, իր այրիության առաջին օրերը, որի մեջ ասես նորից հայտնվեց... Նա չափազանց հանգիստ նստել էր բազկաթոռին:
Պատուհանները մնացել էին բաց...
Եվ լռության միջից զանգերի ձայնը հասավ. բոլոր զանգերը միաժամանակ ազդարարում էին թափորի վերադարձը Սուրբ Արյան մատուռ: Գեղեցիկ շքերթն ավարտվեց... Ամեն մի գոյ, կյանքի ամեն մի արտահայտություն երգել վերջացրել էր: Թվում էր, թե առավոտվա հանդիսությունը վերսկսվում է: Բայց փողոցները նորից դատարկ էին: Քաղաքը նորից մնաց մենակ:
Եվ Հյուգն անդադար կրկնում էր. «Մեռած... մեռած... մեռած Բրյուգե»: Նա կրկնում էր մեքենայաբար, անկիրք ձայնով, փորձելով շեշտերը համաձայնեցնել («Մեռա՛ծ... մեռա՛ծ... մեռա՛ծ Բրյուգե») ավարտվող զանգահարության ամանակի հետ. պարտասած, դանդաղ, փոքրիկ պառավների նմանվող զանգերը, որ, ասես, նվաղուն շարժումով, քաղաքի՞, թե՞ գերեզմանի վրա երկաթի ծաղիկներ էին թափում: