Chapter 13
XIII
Ջեյնը շտապեց օգտվել տագնապալի զգուշացումից: Նա իր արկածախնդրի հոտառությամբ այդ օրը հասկացավ, թե ինչպիսի իշխանություն ունի այդ մարդու վրա: Հյուգն այնպես էր կապվել իրեն, որ ինչ ասես կարող էր նրա հետ անել:
Մի քանի բառով կարողացավ կատարելապես հանգստացնել, նորից նվաճել նրան, նրա առջև անմեղ ներկայանալ և նորից հաստատվել գահի վրա: Նա հաշիվ արեց, որ Հյուգն իր այս տարիքում, երկարատև վշտից հալումաշ եղած, հիվանդ, վերջին ամիսներին էլ վատանալուց հետո երկար չի ապրի: Ասում էին, թե հարուստ է: Նա օտարական է, մենակ և ոչ մեկին չգիտի այս քաղաքում: Ինչպիսի հիմարություն կլիներ ձեռքից բաց թողնել այդ ժառանգությունը, որը հեշտությամբ կարող է իրեն հասնել:
Ջեյնը մի քիչ խելքի եկավ, սկսեց ավելի հազվադեպ դուրս գալ տնից, այն էլ միայն հարգելի պատճառներով, իսկ սիրային արկածները շարունակում էր մեծ զգուշությամբ:
Նա ցանկացավ գնալ Հյուգի տունը տեսնել՝ դյու Ռոզեր քարափին կանգնած, հարուստ տեսքով, ժանյակազարդ անթափանց վարագույրներով, ասես ապակիներին եղյամ էր նստել ու չէր թողնում նկատել, թե ներսն ինչ կա:
Ջեյնը շատ էր ուզում մտնել այնտեղ և համաձայն շքեղության նրա հարստության չափը որոշել, գնահատել կահույքը, արծաթեղենը, զարդերը, մի խոսքով այն ամենը, ինչին աչք էր տնկել... Մի մոտավոր գույքացուցակ կազմել, հետո նոր որոշում կընդուներ:
Սակայն Հյուգը երբեք չէր համաձայնում նրան իր տան մեջ ընդունել:
Ջեյնը առանձնապես փաղաքուշ դարձավ: Նրանց հարաբերություններում ամեն ինչ զարթոնք էր ապրում, ամեն ինչ ջերմ էր ու վարդագույն: Բարեբախտաբար նաև մի հրաշալի առիթ ներկայացավ: Մայիս ամիսն էր: Հաջորդ երկուշաբթի Ս. Արյան թափորը պիտի տեղի ունենար: Դարերից ի վեր, ամեն տարի այդ օրը դուրս էր բերվում նշխարատուփը, որի մեջ պահպանվում էր Գեղարդի Վերքից հոսած արյան կաթիլը:
Թափորը պիտի անցներ դյու Ռոզեր քարափով, Հյուգի տան պատուհանների տակով: Ջեյնը երբեք չէր տեսել այդ հանդիսավոր երթը և ձևացրեց, թե շատ է հետաքրքրվում: Ինքը շատ հեռու է ապրում և թափորն իր տան մոտով չի անցնի: Իսկ ինչպե՞ս պիտի տեսնի, երբ այդ օրը, ասում են, թե ամբողջ Ֆլանդրիան է հավաքվում փողոցներում:
— Ասա ինձ, կուզե՞ս գամ քեզ մոտ... Միասին կճաշենք...
Հյուգը մերժեց, պատճառ բերելով հարևաններին, սպասուհիներին, որոնք ավել պակաս պիտի խոսեն:
— Ես առավոտ շուտ կգամ, երբ բոլորը քնած են:
Հյուգն անհանգստացավ նաև զգույշ և բարեպաշտ Բարբին հիշելով, որը Ջեյնին սատանայի դեսպանի տեղը կդնի:
Սակայն Ջեյնը պնդում էր. «Դե, ասա, որոշեցի՞նք»:
Նրա ձայնը շոյող էր, դա սիրո առաջին օրերի ձայնն էր, գայթակղության ձայնը, որը հատուկ է բոլոր կանանց՝ որոշակի պահերին, երգող բյուրեղի ձայնը, որ լայնանում, տարածվում է, դառնում մի ջրապտույտ, որի մեջ ընկնում է զիջող տղամարդն ու անձնատուր լինում: