1. Ավելորդը

Chapter 2

II

Գլուխները հաստ շալերով փաթաթած ապլաներ, բաշլղներով տղամարդիկ, շարֆերով տղաներ ու աղջիկներ՝ իրար անցած՝ խռնված էին դռների առջև, սահնակների ու ֆուրգոնների չորս կողմը։ Աղմուկ, վայնասուն... Ահա ծերուկ ժամկոչը, որի չոր, ածիլած կզակը դողում է, ընտանիքով մնացել է առանց սահնակի. ոտքով պիտի գնան։ Ծերուկը գլուխը կորցրել երեխա է դառել։ Կինը դայակի պես հետևից քշում է այս ու այն կողմ։ Ահա ճամփա ընկան՝ առանց բեռի ու հագուստի։ Ահա մի հասակավոր մարդ կռվում է իր հարևանի հետ, որը նրա կառապանին ուզում է մի բան ավել տալ և սահնակը խլել։ Երկուսն էլ ձիու սանձերը դեսուդեն են քաշքշում։

Աստված սիրողը իմտա՜տ[10] հասնի... մնացի՜նք...— գոռում է մի կին անպատասխան ժխորի դեմ։

Մի ֆուրգոն, իրերով ու մարդով սարսափելի բեռնած, եկավ դեմ առավ Հաճիենց սահնակին։

— Խաբարդա՜,— գոռաց կառապանը իր մուշտակի միջից։

Մի դեմք՝ շեկ ու կոշտ բեղերով ու մորուքով՝ դուրս նայեց ֆուրգոնի առաստաղի տակից։

Դատարանի գրագիրն էր։

— Ի՞նչ եք կայնե,— գոռաց։

Ուրիշ երկու ֆուրգոն էլ եկան դեմ առան։ Սկսեցին շտապեցնել։ Գրագիրը գոռգոռաց։ Նրան բացատրեցին, որ անդամալույծի պատճառով են Հաճիենք կանգ առել։

— Ի՞նչ եք կայնե, գնացեք,— ձայն տվեց գրագիրը,— անդամալույծ տանելու վա՞խտ եք գտե, бросьте ее к чорту!

— Կնկան թողնեն, երթա՞ն, ի՞նչ կըսես,— առարկեցին ֆուրգոնի միջից։

— А что-ж։ Պռավիլա՞ է, ի՞նչ է։ Եփ օր էվակուացիա է, անդամալույծները ավելորդ են։

— Տե, թեզ էրեք, ուշացանք,— կատաղեց Հաճի աղան և ուզեցավ տեղից վեր կենալ, որ գնա, տեսնի, թե ինչ են անում ներսը։

Այդ Ժամանակ Շմավոնն ու հայ կառապանը՝ Հաճի մոր թևերից բռնած՝ բռնի դուրս էին բերում։ Հաճի մարը զայրացկոտ շարժումներով աշխատում էր թևերն ազատել և ներս գնալ նորից անդամալույծին բերելու։

— Թողե՛ք, ես անոր պիտի տանիմ,— ծվում էր նա։

— Տեղ չկա, մա՛րս, տեղ չկա,— համոզում էր կառապանը։

Բայց կինը կատաղի դիմադրում էր։

Հարսներն ու երեխաները լաց էին լինում։ Իսկ ֆուրգոններից բողոքում և շտապեցնում էին։

Շտապով հարսներին և երեխաներին տեղավորեցին սահնակի վրա։ Հաճի մորն էլ բռնի բերին, գցեցին սահնակի վրա։

Հենց որ նա ընկավ հարսների և երեխաների մեջ, կառապանը մտրակը կատաղի զարկեց ձիերին։ Սահնակը թռավ, և կառապանը ձիերի կողքից վազեց։

Շմավոնն ու Հակոբը մնացին դռանը։ Մեկնելուց առաջ մի պահ սպասեցին և նայեցին իրար։ Պետք էր ներս գնալ և վերջին անգամ տեսնել անդամալույծին։ Պատուհանից երևում էր սենյակի լույսը։ Երկու եղբայր ներս մտան, մոտեցան անդամալույծին։ Սա հանգիստ նստած էր և այդ խաղաղությունը բոլորովին չէր բռնում այն ընդհանուր շփոթի ու երկյուղի հետ, որ պաշարել էր ողջ քաղաքը։

Հակոբը մոտեցավ նրան.

— Հորքուր ջան... ավել-պակաս հալալ...— և փղձկալով բռնեց համբուրեց անդամալույծի ձեռքը։

— Աստված հետներդ, գառներս, գնացեք... Հաճ աղայիս, տղոցը լավ աշեցեք, չմսին.. խոսեց անդամալույծը հոգածու ձայնով։

Շմավոնը կեղծ ու շիտակ զգացվեց, բերանը ծռմռեց, նա ևս մոտեցավ, համբուրեց անդամալույծի ձեռքը և, անարցունք աչքերը սրբելով դուրս եկավ։ Նրան հետևեց Հակոբը, որ դուրս գալիս շտապեց և դիպավ Շմավոնին։

Եվ երկու եղբայր ֆուրգոնների կողքից վազեցին, որ հասնեն իրենց սահնակին։

Քաղաքը տեղից վեր կացել գնում էր։ Ֆուրգոններ, սահնակներ, ու նրանց կողքից հետևակ մեծ ու փոքր շարաններ շփոթված, աղմկելով գնում էին։ Երբ Շմավոնն ու Հակոբը հասան իրենց սահնակին, հետևից քաղաքը լուսավորվեց շուկայի հրդեհով, իսկ ֆուրգոնների կտավե ծածկոցները սկսեցին փռփռալ թեթև քամուց։

— Հո՜ո՜ո՜փ,— ձգեց իրենց առջևից գնացող ֆուրգոնի կառապանը և կանգնեցրեց ֆուրգոնը։ Նրան հետևեցին մյուսները, և բոլորը կանգնեցին։

— Ինչի՞ կայնեցիք,— դժգոհեցին և վախեցան զանազան կողմերից։ Բայց ոչ ոք չէր իմանում՝ ինչո՞ւ։ Միայն երեխաների ճիչն ու կանանց լացը ավելի պարզ լսվեց աղմուկի միջից։ Քաղաքի կողմը, դեպի արևմուտք, որ թաղված էր մթան մեջ, լսվում էին թնդանոթի խուլ դղրդյուններ։ Տագնապը սաստկացավ քարավանի մեջ։ Հաճու թոռները սկսեցին հեծկլտալ։

— Սրբուն մամին մորթե՜ն պիտի,..

Հաճի մարը, որ մինչև այդ խստահայաց ու անհաշտ նայում էր չորս կողմը, լսելով երեխաների լացը՝ հանկարծ լցվեց և հեծկլտաց.

— Չեն մորթե, մի՛ք լա,— ու սկսեց աչքերը սրբել։

Երեխաները տեսնելով նրա լացը՝ ձայները բարձրացրին։

Թնդանոթի ձայներից Հաճի աղայի երևակայությունը վառվեց։ Նա ավելի պարզ սկսեց շոշափել մահը։

Եվ հրդեհի մեջ պաշարվածի պես՝ նա զգաց, որ տարերային մի ուժ նրան միայն մի բան է թելադրում, փախչել, շուտով դուրս գալ մահի ճիրաններից։ Մնացածը՝ կին, երեխա, ընկեր, բարեկամ՝ նսեմացավ նրա աչքում։ Եվ ակամա՜։ Եվ նա զգում էր, թե որքան դառն է այդ «ակաման», բայց և զգում էր, որ այդ այդպես է։

Նա կարծես ցնորքի մեջ լիներ. նայում էր չորս կողմ և, ամեն առարկա մի վայրկյան տեսնելով, մյուս վայրկյանին մոռանում էր։ Կարծես երազում՝ նրա մոտով, ճամփի եզրով, իրենց հարևան կոշկակար Պողոսը, ուժեղ երիտասարդ՝ յափնջու վրա երկու երեխա նստեցրել քարշ էր տալիս ձյան վրայով։ նրա հետևից հևալով և լնգլնգալով գնում էր նրա ծերուկ հայրը։ Ահա հոգնեց նա, եկավ կանգնեց և ճամփից դուրս գալով, գնաց խրվեց ձյան մեջ ու մնաց.

— Ալ չեմ կրնա... գնացեք...

Նայում է նրան Հաճի աղան և իսկույն մոռանում է։

Ահա քարվանը նորից շարժվում է։ Լեռնային սառնամանիքը իր սառցե մատներով բռնում է Հաճու մորուքը, և նա դեմքը ծածկում է վերմակի տակ։

Փչում է լեռնային քամին և ձյան փոշին, առաջ օձերի պես սողալով և ապա բարձրանալով իբրև, վիշապներ, թռչում են օդի մեջ, նվում, վայում...

— Աստվա՜ծ, դուն հասնես.— մրմնջում է Հաճի աղայի փոքր հարսը։

Մեծ հարսը երեսը խաչակնքում է և սկսում «Հավատով խոստովանիմը»[11] բարձր և զգացված։

Իսկ իր շալի մեջ Հաճի մարը կծկված՝ մտածում է անդամալույծի վրա և ծանր հառաչում։

Սուր վտանգն ու աղմկալից սարսափն անցել էին, տեղի տալով մի խաղաղ թշվառության, որ ընդունեց փախստականներին հետևյալ գավառական քաղաքում։ Հանկարծակի աղքատներ, մի ժամում անտունացած մեծատուններ, ի ծնե չքավորներին խառնված՝ եկան ապաստանելու ամեն կարոտություն չկռահող, ամեն ինքնասիրություն չհաշվող բարեգործության և նրա միշտ ուշացող օգնության։ Բարեգործականի, դպրոցի և մասնավոր անբնակ տների մեջ խցկեցին սրանց. բերին հաց, շոր, դրամ, նաև մխիթարական խոսքեր, և նման դեպքերի գթառատության ալիքը ինչ վարարությամբ որ հորդեց, նույն արագությամբ էլ ճապաղեց, և թշվառությունը հիմա այլևս անարգել ու հաստատ անցավ իր գործին։

Հաճիենց քաղաքը շուտով ետ առնվեց։ Տղամարդիկ, որոնց մեջ և Հակոբն ու Շմավոնը, վերադարձան տեր լինելու իրենց այրված ու կողոպտված գույքերին։ Լուրեր եկան, որ գնացողները քիչ-քիչ հաջողում են կորածը գտնել։ Փախստականների երեսը իստակվեց։ Հաճի մարը իր հարսների հետ դուրս էր գալիս, այցելում մյուս փախստական ընտանիքներին, հյուրեր էին գալիս իրենց տունը, և հին մեծատան հյուրասիրությունը փորձեր էր անում հին ընթացքով քայլելու։ Ծիծաղն սկսեց երբեմն իր ձայնը լսեցնել նրանց տանը։ Մի անգամ էլ եկավ իրենց քաղաքի զվարճաբան Գարանը և պատմեց ծիծաղելի դեպքեր թե՛ փախից և թե թուրքերի քաղաք մտնելուց, որ վերադարձողները լսել էին և եկել, տարածել։ Ներկայացրեց մի վաճառականի, թե ինչպես էր շփոթվելուց մութաքան գրկել, մինչ երեխան կողքին ընկած լալիս էր։ Լսում էին, ծիծաղում։ Հետո խոսք եղավ անդամալույծի վրա, որի մասին եկողները միաբերան ասել էին, որ անհայտ կորած է, և որի մասին տնեցիք աշխատում էին կամ չխոսել, կամ մխիթարվել, ասելով, որ եթե գար՝ միևնույն է ճամփին կմեռներ։ Հաճին ավելի մռայլվեց։ Այդ տեսնելով Գարանը համարձակ և ուրախ հանդիմանեց,

— Ջանըմ, Հաճի աղա, բան չունի՞ս, չարդ տարավ, սաղ ըլին հարսներդ, տղաքդ, թոռներդ։

Սակայն Հաճի աղան խորտակված էր։

Այնուհետև ժամերով մի բառ չէր լսվի նրա բերանից։ Նստում էր մի անկյուն, ծխում, համրիչը գցում և երբեմն միայն գլուխն օրորելով մռմռում,

— է՜, ե՛թ, թո՛...

Եկած օրից ոչ մի անգամ փողոց դուրս չեկավ։

Քաղաքում ծանոթ-բարեկամներ եկան, իրենց տուն հրավիրեցին, կտրուկ մերժեց։

Տնեցիք սկսեցին անհանգստանալ։ Հաճու այս արտակարգ խռովությունը նրանք իսկապես կորցրած հարստությանը վերագրեցին և կարծեցին, որ կարող է ծերուկը խելքը կորցնել, ուստի և լուր ուղարկեցին Շմավոնին, որ ինքը կամ Հակոբը գան։ Պատասխան չեկավ։

Հունվարի սառն ու պարզկա առավոտը նոր էր բացվում, որ Հաճի աղան անկողնում նստեց։ Հաճի մարն ու հարսները՝ երեխաները ծոցներն առած՝ քնած էին փոքր ու նեղվածք սենյակում, որ Հաճին դիտմամբ վարձել էր, մերժելով ձրի սենյակը։

— Հաճի աղա՞, ինչի՞ էլար ասպես թեզ,— անհանգստացավ Հաճի մարը և նույնպես նստեց իր անկողնում։

— Ուշացեր եմ,— մռմռաց Հաճի աղան և սկսեց հագնվել։

Հաճի մարը աչքի տակով ուշադիր նայեց Հաճու դեմքին և նկատեց նրա աչքերում մի տխուր համակերպություն։ Վեր կացավ, օգնեց որ հագնվի, ջուր բերեց, լվացվեցրեց։ Հաճին վեր կացավ և գավազանը առավ։

— Ո՞ւր,— հարցրեց Հաճի մարը մի փոքր վախեցած։

— Ժամ պիտի էրթամ։

Հաճի մարը զարմացավ, բայց շրթունքը կծեց։ Դրդեց հարսներին, որ վեր կենան, և ասաց, որ իրենք ժամ են գնում. հարսները զարմացած նայեցին Հաճուն, բայց Հաճի մարը գողունի մատները դրեց շրթունքին, որ չխոսեն։

Դուրս եկան փողոց և ձների ու սառույցների վրայով անխոս գնացին եկեղեցի։ Երբ մտան եկեղեցու բակը, Հաճու հանգիստ դեմքի մկանները ցնցվեցին։ Նա դողդոջուն շրթունքները հպեց եկեղեցու քարե դռան, համբուրեց, երեսը խաչակնքեց և՝ կզակը դողացնելով՝ ներս մտավ եկեղեցի։

Առավոտյան ժամ էր, և եկեղեցին թափուր։ Երբ <ժամն> ավարտվեց, Հաճի մարը առաջարկեց, որ գնան տուն, բայց Հաճին մերժեց և մնաց իր տեղում չոքած։ Սպասեցին պատարագին։ Շուտով եկավ մեծ հարսը։ Եվ հարս ու կեսուր քաշված մի անկյուն՝ սկսեցին փսփսալ. Հաճի մոր համար պարզ էր, որ Հաճի աղան հոգեկան հիվանդ է դառել։ Եվ սկսեց աղոթել, տրորվել։

Չոքել էր Հաճին և ավելի մտածում էր, քան աղոթում։ Հաճի մարը նայեց նրա սմքած երևույթին, կորացած մեջքին, դեղնած մագաղաթե դեմքին, ծխից կարմրած բեղերին և ճերմակ, ցախ-ցախ մորուքին, որոնց վրա փախից հետո ածելի չբանեց, նայեց Հաճի մարը և զգաց, որ ծերուկի վիշտը շատ խորն է։

Մի մինդար քաշեց ծերուկի տակը, բայց սա մերժեց։ Եկեղեցին լուռ էր, ցուրտ։ Խնկի դուրեկան հոտը դեռ օդի մեջ։ Ահա արևի ծիրանի սյուները պատուհաններից կախվեցին ներս։ Եկավ ժամկոչը, հետո քահանան, կամաց-կամաց աղոթավորը շատացավ, սկսվեց պատարագը։ Հաճին անշարժ ու հանգիստ նայում էր իր առաջ, պաղ քարերին։ Միայն երբեմն, երբ արծաթագլուխ տերտերը շուռ էր գալիս դեպի բազմությունը և հորից լսվող ձայնով ասում էր «խաղաղությո՜ւն ամենեցուն», Հաճին գլուխը կախ էր գցում և երեսը վախեցած խաչակնքում։

Երբ գնացին տուն, և ամենքը շարվեցին «դաստախունի» շուրջը և սկսեցին թեյ խմել, մեծ հարսը բերանը մոտեցրեց Հաճի մոր ականջին.

— Գիտե՞ս, Հաճի աղաս տերտերին, տիրացուին բռերը մեկ-մեկ օսկի դրեց։

Հաճի մարը սառած նայեց հարսի երեսը, հետո վեր թռավ և գնաց դուրս և այնտեղից նշանացի կանչեց հարսին իր մոտ։

— Ե՞բ, աղջի...

— Դուն սեղանին էիր մոտեցե, աղոթք կենեիր,— պատասխանեց հարսը, — աղքըտներուն ա մեկ-մեկ օսկի տվեց...

— Չէ, ջանըմ...— հևաց Հաճի մարը հուզմունքից։

— Աչքովս տեսա։

— Հը՞...— խռովեց Հաճի մարը,— ձեզի բան կըսեմ՝ չեք իմանա։ Աման, աստծու խաթեր, Հաճիս ձեռքե գնաց, տնե՜ օճըղե հեռու...

Եվ սկսեց ծնկներին տալ ու տրորվել։ Հարսը պատմեց տեղով, որ իր աչքով տեսել է։ Հաճի մարը նորից ներս մտավ, իրեն զսպեց և հարսներին աչքով արավ, որ ուշ չդարձնեն Հաճու վրա։ Ու սկսեց հսկել նրան։

Երեխաները դուրս գնացին՝ ձյան վրա խաղալու։ Հարսները սփռոցը վեր քաշեցին, նորից մի թեթև ավլեցին սենյակը, որ առավոտվան խնամքով ավլել էին, փայտ ավելացրին թիթեղի վառարանին և գնացին «աշխանան», խոհանոց՝ կերակուր եփելու։ Հաճի մարը նստեց Հաճի աղայի դիմաց և դիտելով նրա ամեն մի շարժումը, սպասեց, որ նա մի բան ասի։

Բայց ոչ մի նշան՝ թե ուզում է խոսել։ Նրա լռությունը ցույց էր տալիս, որ խորին ու մշտական խռովքը և ներքին տաժանելի մի աշխատանք դուր էր գալիս նրան։

Մի պատկեր կար, որ երևակայության մեջ ամբողջացնում էր նա։ Դա նրա կիրքն էր, որ նրան և՛ սարսափեցնում էր, և՛ ուրախացնում։ Նա տեսնում էր անդամալույծի դիակը և աշխատում էր նայել նրա սառած, բաց աչքերին։ Ճգնավորի մոլուցքի մեջ ընկած հավատացյալի կրքով նա հետևում էր այդ պատկերին և աշխատում էր երբեք, ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնել. ինքը, միայն ինքը եղավ այդ սարսափելի պատկերի ստեղծողը։ Դա իր մեղքն էր, ցածությունը, իր անգթությունը։ Եվ ինչքան երկար նայում էր այդ դիակին, այնքան կսկծում էր իր սիրտը և այնքան էլ հաճույք, հանգիստ էր զգում։ Անդամալույծը դառավ մի սուրբ, մի պաշտելի սուրբ նրա համար։ Նրա դիակը սրբագործում էր ծերուկի մեղսալից սիրտը։ Ահա ինչու նա կառչել էր նրան։

Բայց այս ապաշխարողի թեթևացումը երբեմն էր միայն։ Լինում էին րոպեներ, որ նա զգում էր, թե խելագարվում է։ Այդ պատահում էր, երբ նա պայծառ գույներով պատկերացնում էր ի՛ր իսկ մահվան օրը, կամ երբ հիշում էր իր սարսափները փախի գիշերը։ Հիմա էր հաշիվ տալիս իրեն և զգաստորեն հաշիվ տալիս, որ հենց այդ սարսափներն է կրել իր քույրը, այն արհամարհված էակը, որի մեռնելը ինքը ցածոգի կերպով այնքա՜ն հեշտ և հասկանալի համարեց փախի օրը։ Եվ ինչպե՞ս կարելի էր թողնել նրան մահվան առջև, և կա՞ արդյոք մի արարած, որ չտանջվի մարմնական ցավից, չվախենա մահից և իրավունք չունենա ապրելու։ Եվ ի՜նչ համակերպությամբ ընդունեց անդամալույծը իր համար որոշած վիճակը և ի՜նչ անձնվեր հոգատարությամբ նա մտածում էր փախչողների ապահովության մասին։ Սա արդեն խոցում էր Հաճու սիրտը։ Եվ երբ Հաճին հիշում էր, թե ինչպես ինքը անկարող եղավ կյանքի սերը մեռցնել իր մեջ և դիմանալ մահվան մերձեցման, մինչդեռ այն հասարակ, չնկատված էակը այնպես արիաբար վճարեց իր տուրքը, Հաճին խայթված վեր էր բարձրացնում իր խոնարհած գլուխը և խելագարի պես նայում Հաճի մորը։

— Հաճի աղա՞,— արթնացրեց նրան իր կինը։

Հաճի աղան նայեց նրան խորասուզված հայացքով և լռեց։

— Ախր մեմ ըսե տեսնենք՝ կմտածես,— հանդիմանեց Հաճի մարը։

Հաճին լուռ էր։

— Թե՞ կորուցածդ է միտքդ ընկե՝ տղաքդ սաղ ըլին. ինչի՞ կմտածես, թե՞ Սրբունին վրա է միտքդ՝ բան չունի՞ս. անքանները մեռան, ավելի ազիզները... լավ կըսեիր, թե «ան ավելորդ է»։

Հաճին մռայլ նայեց իր կնոջը և գլուխը օրորեց։

Եվ նա սաստեց՝ խստահայաց նայելով Հաճի մորը.

— Սո՜ւս... ավելորդ մարդ չկա. աստծու առջև հոգին հոգի է։

Հաճի մարը զսպվեց։

— Օ՜ֆ,— հառաչեց Հաճի աղան,— գնա, սատկող շանը հարցուր, թե սատկելը ղոլա՞յ (հեշտ) բան է։

Նրա դեմքը տխուր էր, աչքերը խորն ընկած, իսկ անածիլած կզակի ու այտերի ճերմակ մորուքի ցախերը նրա դեմքին տալիս էին խստակյաց ճգնավորի երևույթ։

Մի շաբաթ անց Հաճի աղան պառկեց անկողնում։ Երևի ժամում մրսել էր։ Քրտնեցրին, ֆելդշեր բերել տվին։ Ոչինչ օգուտ չեղավ։ Եվ մի երեկո ճրագ վառելու ժամանակ Հաճին տերտեր ուզեց։ Հաճի մարը ծնկներն էր ծեծում և գողունի նայում Հաճի աղային, որ տեսնի, թե վտանգն անցնում է, թե ոչ։

Եվ մինչդեռ տնեցիք, թաքցնելով իրենց հուզմունքը, սպասեցին մի պահ ևս, որ գուցե թե Հաճին ինքը մոռանա և էլ չպահանջե տերտերի գալը, Հաճին հանգիստ և պարզ կրկնեց, որ տերտերի պետք ունի։ Կանչեցին։ Եկավ արծաթազարդ, տերտերը, որ բնազդով իմանալով, թե հիվանդը մահամերձ է, հետը բերել էր հաղորդությունը։

Տնեցիք բոլորվեցին հիվանդի շուրջը։ Տերտերը ձեռքով արավ, որ հեռանան, հասկացնելով, որ հիվանդին պիտի խոստովանեցնե։ Բայց Հաճի աղան խնդրեց, որ մնան։ Եվ բարձր ձայնով, մոլեռանդ հույզով խոստովանեց։ Պատմեց, թե ինչպես ինքը թողեց անդամալույծին։

— Մեղա քեզի՜, մեղա,— լացեց և համբուրեց ավետարանը։

Տերտերը մխիթարեց և հաղորդություն տվեց։

Եվ երբ հիվանդը հաղորդություն առավ, դողդոջուն ձեռքը տարավ բարձի տակը և, հանելով թղթի մեջ փաթաթած միքանի ոսկեդրամ, տվեց տերտերին։

— Աս քեզի,— շշնջաց նա և, հանելով մի ուրիշ քսակ, դողդոջուն ձեռքով մեկնեց տերտերին ու աչքերի երեխայական արտահայտությամբ նայեց նրան և ուզում էր մի բան ասել, բայց մնաց, շունչը կտրվում էր. սաստիկ հուզված էր։

— Աս ո՞ւմ,— հարցրեց տերտերը, կռանալով նրա վրա։

— Ո՞ւմ տաս,— մրմնջաց հիվանդը և լռեց։

Արտասուքը խեղդեց նրան։ Շունչ առավ և հառաչեց.

— Ադ ա տուր աղքատներուն...

Եվ խլելով տերտերի փեշը, համբուրեց և մղկտաց.

— Ավելորդին հոգուն համար...

Comments