Chapter 2
II
Քիչ հետո փոշու նոսր ամպի մեջ երևաց մի կառք, որ հանդարտությամբ բարձրանում էր:
Լուսնի լույսի տակ՝ երևում էին չորս անձեր: Մեկը ձեռքի գռեհիկ նվագարանով ածում էր, երկրորդը՝ երգում, իսկ երկուսը սաստիկ հարբած, շորերը անկարգ, գլխարկնին ծուռ դրած՝ սաստիկ երերում էին կարքի հետ:
— Հարբածներ են,— ասաց Վարդուհին:
Կառքը հետզհետե մոտենում էր և հասնում նրանց նստած տեղից 10—15 մետր հեռավորությունից անցնող ճանապարհի կեսին:
— Վայ…— բացականչեց հանկարծ Վարդուհին,— Խաչատուրովն է, Սոնա, նայիր, ինչպես հարբել է, քիչ է մնում կառքից ցած գլորվի:
Կառքն անցավ, քերեց բլրակի կողքը և արագությամբ գլորվելով՝ անհետացավ մյուս կողմը:
— Հինգ րոպեի չափ երգը և երաժշտությունը դեռ լսվում էր հեռվից:
— Մյուսներին էլ ճանաչեցի,— ասաց փոքր օրիորդը,— մեկը Սարգիսովի տղան էր, երկուսն էլ՝ Բադալովները...
— Գիտեմ,— գլուխը շարժեց տիկին Սոնան:
Հետո մեկեն դարձավ դեպի ուսուցիչը և հարցրեց.
— Դո՞ւք էլ ճանաչեցիք: Մեկին միայն…
— Սարգիսովին, չէ՞...— ժպտաց տիկինը,— համալսարանական է նա էլ. կարծեմ հենց միասին եք ուսել… Տեսական ասպետ էր և լավ տեսակի. իմ սրահը երբեմն թնդում էր նրա ոգևորված ձայնից. ինձ մոտ հավաքվող օրիորդները գրեթե բոլորը գրավվել էին նրանով… Հետո, մի հարուստ աղջիկ գտավ, մեծ գործ սկսեց... և կոմեդիան վերջացել էր... Տեսնում եք, ահա, թե ինչ ընկերներ է ընտրել և ինչպես է նվիրվում գաղափարների:
Ասաց և բարձրաձայն ծիծաղելով ոտքի ելավ:
Ուսուցիչը լուռ, հուզմամբ ընչացքն էր ոլորում:
— Այժմ տուն գնանք, բավական է, ասաց տիկինը և քայլեց:
Ու երբ բլրից իջած՝ մոտենում էին տանը, նորից երևացին պատշգամի վրա նստած խաղացողները, և առաջին ձայնը, որ հասավ ուսուցչի ականջին՝ համալսարանական Խրիստաֆորի հնչեղ աղաղակն էր.
— Բուբնու ասն եմ բաց արել, 100 մանեթը իմն է, բանակը ցրիվ տվի, հուռռա՜ա՜…
Ընթրիքից հետո երկար նստեցին:
Ուսուցիչն այլևս տրամադրություն չէր ցույց տալիս խոսելու, կարծես հոգնել էր: Եթե հարց չէին տալիս՝ լուռ էր. երբ խնդրում էին մի բան բացատրել, կարճ, թույլ և միաձայն՝ արտասանում էր մի քանի նախադասություն և լռում:
Մի տեսակ մտախոհական կնճիռներ ակոսել էին նրա ճակատը և ամեն անգամ, երբ պատշգամից լսվում էին խաղացողների ձայները, այդ ակոսները շատ ավելի խորանում էին:
Խաղացողները ընթրեցին, բայց իսկույն նստեցին խաղը շարունակելու. և որովհետև գիշերը սկսեց խոնավանալ, սեղանը ներս տարան սրահը:
Տանուտերը, ուսուցիչը և մյուսները անցան մի ուրիշ սենյակ, ուր դրված կար մի հին պոչավոր դաշնամուր:
Վարդուհին նստեց նվագելու: Հին դաշնամուրը, տարիներով նստած ամառանոցային տների մեջ — անտառային լռության գրկում, ստացել էր մի այնպիսի մելամաղձոտ, տխուր և խուլ ձայն, որ միացած օրիորդի՝ զգացմունքով նվագած կտորների սիրտ ճնշող հնչյուններին, ուսուցչի վրա նորօրինակ մի տխրություն իջեցրին:
Դաշնամուրի պոչին կռթնած՝ լռելյայն լսում էր, ակամայից, կարճ պատասխաններ միայն տալով տանտիրոջ անհատնում հարցերին այս կամ այն նյութի վերաբերությամբ:
Տիկին Սոնան նկատում էր ուսուցչի տրամադրությունը և դրա համար էլ լուռ էր: Տանտիկինը գնացել էր քնելու, իսկ փոքրիկ օրիորդը, իր մանկական գրավիչ ժպիտը դեմքին՝ քրոջ կողքին նստած, գրավվել էր երաժշտությամբ:
Մի ինչ-որ էլեգիա էր նվագում,— մի տխուր, մրմնջող, հառաչող էլեգիա, որի մեռնող խաղերը աղիողորմ ու խուլ հնչյուններով դուրս էին սահում հին դաշնամուրի կրծքից և գնում թրթռալու մեծ ու բարձր սրահի խավար խորշերում:
Նվագողը նույնպես ընկել էր նվագի տպավորության տակ. գունատ, շուրթերը դողդոջուն, ակնարկը տարածության մեջ՝ ձեռքերը մեղմորեն սահեցնում էր լեզվակների վրա:
Էլեգիան բխում էր որպես մի բուռ արցունք, որպես հառաչանքների մի սրտապատառ արտահայտություն…
Տանուտերը դադարեցուց հարցերը. նա էլ պահ մի լռեց, հետո մեղմիկ դուրս սահեց սենյակից, թողնելով, որ մյուս սրահում գոռացողների ձայների կույտը մի րոպե ներս մտներ՝ դիսոնանս պատճառելու:
Ուսուցիչը շտապեց դուռը փակելու. էլեգիան վերջանում էր: Վերջին խազը երկար, երկար թրթռաց: Ո՛չ նվագողը շարժվեց, և ո՛չ՝ լսողները. ու հետևող րոպեի լռությունը շատ ավելի խորություն տվավ խաղի թրթռման, որ մրմունջով անհետանում էր հեռվում: Թվում էր, թե սենյակը մեծացել էր, անհուն տարածություն ստացել…
— Տխուր է...— ասաց վերջապես տիկին Սոնան անշարժ և խորունկ ձայնով:
— Այո,— մրմնջաց ուսուցիչը,— ձեր դաշնամուրը հառաչում է, սիրտ կրծում…
— Վարդուհին ելավ, փակեց դաշնամուրը և ասաց.
— Հոգնած կլինեք, պ. Վահան, գնացեք քնելու:
Ուսուցիչը ոչինչ չպատասխանեց. լռությամբ բարևեց բոլորին և գնաց:
Նրան տվել էին մի փոքրիկ սենյակ՝ մեծ սրահի կողքին: Այնտեղ մի դռնակ տանում էր դեպի սենյակի առաջ շինած փոքրիկ պատշգամը, որ նայում էր գյուղի ճանապարհի վրա:
Մտավ, մի րոպե ակնապիշ նայեց վառվող մոմին, հետո հարդյա թիկնաթոռը հանեց պատշգամի վրա, նստեց այնտեղ գլուխը հենած աջ ձեռքին, սկսեց դիտել առջևը բացվող տեսարանը:
Պատշգամին բոլորովին կից՝ լերկ բակն էր, ապա մեծ ճանապարհը՝ ամայի, լռիկ. նրանից հետո հեռուն, անտառի սկզբում, լեռան ստորոտի վրա մի ամառանոց, որի լուսամուտի մեջ առկայծում էր մշուշից աղոտած ճրագի լույսը:
Նրանից վեր՝ փռվում էր դալար, անշշուկ անտառը և մագլցում ու ծածկում կլոր, հարթ և բարձր լեռը, որ լուսնկայի տակ շողշողում էր, թողնելով ծառերի բների տակ մի խոր անթափանց մթություն:
Ոչ մի շշուկ. ոչ մի մոտավոր ձայն. խաղացողները փակել էին լուսամուտները և այժմ այլևս չէին գոռգոռում:
Շրջակայքում խաղաղ գիշեր էր. ամեն ոք քնել էր. շների ձայն իսկ չէր լսվում, և հսկա լեռան անտառը անշարժ, հարթ ու խորհրդավոր՝ գրավում էր ամբողջ հորիզոնը: Ինչ շքեղ լեռ, որպիսի միայնություն նրա բարձրության վրա, որպիսի հանդարտ, անշշուկ վայր՝ հանգչելու և երազելու…
— Ունենալ այնտեղ, բոլորովին բարձր գագաթի վրա, անտառի խորության գրկում թաքնված մի խրճիթ, գնալ թաղվել նրա մեջ, լուսնկային ընկողմանել դալար խոտերի վրա, ցերեկը հեռու մարդկային ընկերության մեջ մտնելուց, իջնել ոլորապտույտ անտառի միջով և շաբաթը մի քանի անգամ գալ էլեգիաներ լսելու, գալ այդտեղ թարմանալու և նորից դեպի վեր, դեպի իր մենարանը, իր լռիկ ու խաղաղ անկյունը, իր գրքերի ընկերության մեջ, իր ներքին աշխարհի, իր երազների հետ:
Եվ տեղի հեռավորությունն ու մենակությունը պիտի ստիպեր նրան ավելի սակավ մտածել ցած իջնելու՝ մարդկանց մեջ մտնելու, պիտի վարժվեր միայնության և հեռու մարդկանցից, ինքն իր մեջ ամփոփված բոլորովին…
Բայց ինչ օգուտ ուրեմն այդ բոլորից. ինչու այդպես խույս տալ մարդկանցից, ինչու առանձնանալ, փախչել, իր ներքին աշխարհով միայն ապրել, ինչու երազել մենակ… Ծնվել էր դրա՞ համար, ուսել էր դրա՞ համար։ Չէ՞ որ ուսումը շեշտել էր նրա մեջ իր նմաններին ծառայելու, նրանց նվիրվելու և նրանց համար գործելու ծարավը:
Եվ ահա, այժմ, մի տիկնոջ սուր խոսքերը, մի հին դաշնամուրի կուրծքից դուրս նետվող էլեգիան՝ կասեցնում էին նրան ու մղում դեպի միայնություն, դեպի բուդդայական երազողություն և մոռացություն…
Ինչո՞ւ այդքան շուտ հուսաբեկվել. դեռ ոչինչ չարած դեռ չենթարկված այն բոլորին, ինչ որ կրել և ինչից որ մաշվել էին իրանից շատ ավելի զորեղ մարդիկ — մտածում էր խույս տալ, դասալիք լինել…
Ո՛չ, այդ անտառը, այդ անշարժությունը, այդ մենակությունը իր համար չէր: Նա սիրել էր եռուն կյանքի մեջ մտնել, անշարժ չմնալ, երազել էր ամբողջ խանդով նետվել հասարակական ասպարեզը, երազել է և իրեն ընդունակ զգացել գործելու…
Ա՜խ, գործել, գործել… Այդ բառը որքան անորոշ, որքան անշրջանակ, եթերային բառ էր եղել իր համար:
Գործել — բայց ինչպե՞ս և ի՞նչ, որտե՞ղ և ի՞նչ նպատակով:
Գործել խոսելով, միայն դաս տալով…
Եվ ահա մի տիկին, մի սալոնական տիկին այնպիսի կծու ապտակ հասցրեց տեսականորեն գործողին, որ նրա մեջ այժմ այլևս ամոթ էր գոյանում այսուհետև էլ խոսելու…
Եվ իրավ, չէ՞ որ ինքը և իր նմանները գործել բառը միշտ փոխանակել են խոսել բառով և գոհացել են միմյանց խոսելով, միմյանց ճառերով. և այդ ճառերը այժմ այնքան գռեհիկ են դարձել, որ ծաղրվում են, զզվեցնում…
Խոսել: Այո, խոսել է շառլատանը, խոսել է կարիերիստը, խոսել է մամուլը, խոսում է հարուստ աղջիկ որոնող ուսանողը, խոսում է գինու շշի առաջ նստած արբեցողը, խոսում է նաև հարստության ետևից ամեն տեսակ միջոցներով վազող երիտասարդը…
Եվ խոսքը դարձել է զենք՝ ստամոքսը ճարպացնելու, հարստություն դիզելու, փառքի տիրապետելու, գործած անիրավություններն արդարացնելու, ոսկեզօծելու...
Ամենքը խոսում են և ոչ ոք չի անում այն, ինչ որ սիրում է ոգևորությամբ խոսել:
Էլ ինչ կար զարմանալու, որ մի սալոնական տիկին հասկացել էր, թե խոսողների գործերը չեն համապատասխանում մտքերին. ինչ կար վիրավորվելու, եթե այդ կինը և նրա նման շատերը, և գուցե ուրիշ շատերն էլ՝ զզվել են «բարձր մտքերից», իդեալի մասին արված ուռուցիկ ճառերից…
Սկսեց ամոթ զգալ: Ինքն էլ ահա մի քանի տարի էր, որ խոսում էր, ուսուցանում միայն. և ինչեր ասես չէ խոսել: Դեռ նոր էր, որ ոգևորված ճառում էր իդեալին զոհվելու մասին, ընտրել էր այդ ասպետի զրույցը, որպեսզի կարողանար խոսել նրանից և մի անգամ ևս ճառել, «իրեն ցույց տալ» ուրիշների, հիացնել տալ և այն էլ կանանց հասարակության մեջ…
Ոչ, իհարկե. չէր ցցվել երկու ոտքի վրա, ձեռքերով օդը չէր ծեծել ճառելու ժամանակ, բայց ոգևորվել էր. բայց մի տեսակ սնոտի հպարտություն էր զգացել, երբ նկատել էր, որ կարող էր բարձր մտքերի վրա ճառել և հիացումն հնձել…
Որքան ողորմելի դրություն… Խոսքը, իդեալն իսկ զենք շինել ցուցամոլության…
Ա՞յդ էր իր ձգտումը, դրա՞ համար է համալսարան գնացել, դրա՞ համար էր կյանքից դառնություններ կրել և գիտությունից պաշար ձեռք բերել…
Ասենք նա ուսուցիչ էր, նաև գրող, ուսուցել էր, գրել էր… Եվ միմիայն խոսելով, այդ միևնույնն է, նա խոսել էր բերնով կամ գրչով՝ միմիայն խոսել…
— Բուբնու ասը… բանկը իմն է...
Լսվեց հանկարծ այդ խուլ ոռնոցը, որ իր բարձրությամբ դուրս թռավ սրահի պատերից և եկավ դառնացած ուսուցչի մտածություններին բախելու:
— Ահ, բուբնու ասը…— մտածեց նա խորին վշտով,— այո, ահա թե ուր կարող էր տանել միմիայն խոսելու և խոսելով բավականանալու դրությունը… Եվ երբ այլևս ես էլ, ամեն նոր հանդիպածի ցույց կտամ ինձ, երբ ինքս կձանձրանամ իմ կրկնած ուռուցիկ բառերից, երբ ինձ լսողները կտեսնեն, որ խոսող մեքենա եմ միայն և ուրիշ ոչինչ ես էլ երևի պիտի իջնեմ կանաչ սեղանի առաջ և ոռնոցներով ողջունեմ «բուբնու ասի» երևալը…
Ճնշված սրտով, դառնացած՝ ուսուցիչը երկու ձեռքերով սեղմեց այրվող ճակատն ու մռմռաց.
— Ինչ անել… ինչպես անեմ, որ գործեմ, գործեմ…
Հանկարծ, իր գլխի վերևից մեղմությամբ բացվեց երկրորդ հարկի մի լուսամուտը, հետո լսվեց մի ձայն, որ կարդում էր.
«... Մենակ չէր ճանապարհ ընկնելիս: Նրա հետ շատերը կային, նույնպես խելագարներ: Որ նրանք իսկապես խելագար էին այդ շուտով բոլորի համար պարզ, անվիճելի դարձավ: Գնալիս նրանք երդվեցին չվերադառնալ յուրայինների մոտ, մինչև անձամբ չփորձեին և չկրեին տանջվողների և նեղյալների բոլոր ցավերը, մինչև չենթարկվեին նրանց հալումաշ անող վերքերին — չընկերանային նրանց կսկիծներին, զգային նրանց վշտերն ու ակնկալությունները:— Ու գնացին…»
— Ինչ է այս…— սկսեց լսել ուսուցիչը հետաքրքրությամբ,— ինչ է կարդում օրիորդը:
Վերի հարկի սենյակը տիկին Սոնայինն էր: Երևի նրանք նստել էին այնտեղ և Վարդուհին մի զրույց էր կարդում: Բայց ինչ զրույց էր. այդ ինչ «խելագարներ» էին, որոնք երդվում էին գնալ անձամբ փորձելու տանջվողների կրած վշտերը, անձամբ ընկերանալու նրանց կսկիծներին:
Օրիորդը շարունակում էր: Ուսուցիչը ելավ, կռթնեց պատշգամի ճաղերին և լարեց լսողությունը:
«... Դա մի երկար, փշոտ, խաչակիր ճանապարհ էր,— կարդում էր Վարդուհին,— նրանք գնում էին գյուղերը, մտնում աղքատության մեջ… ուրիշների հետ տանջվում էին»...
Այլևս չլսեց: Տղամարդու մի ձայն ընդհատեց ընթերցանությունը և ասաց.
— Սոնա, փակիր լուսամուտը, խոնավություն է ներս գալիս:
Տանուտերն էր, նա էլ բարձրացել էր լսելու:
Լուսամուտը դղրդյունով փակվեց:
Որտեղ էր կարդացել այդ բոլորը:— Խելագարներ, որոնք թողնում էին ամեն հանգստություն և գնում էին ուրիշների հետ տանջվելու…
Ահ, հիշեց: Դա մի ռուս գրող, Զլատովրատսկու «Խելագար» զրույցն էր: Ժողովրդին մարգարիտներ տանող խելագարի պատմությունը. մի խելագար՝ խելագարների խմբից ելած: Խումբը հոգնել էր առաջ գնալուց. մեծ մասը վերադարձել էր. մյուսները կորել էին՝ ինչպես լուղորդներ՝ անեզր և անդնդախոր ծովում, իսկ այդ մեկը, հալածված, ծերացած, սակայն ձեռքը միշտ իր կրծքի վրա թաքցրած ճշմարիտ մարգարիտների վրա ունենալով՝ հասել էր նպատակին և մեռել էր ասելով. «Այս մարգարիտներ են, որ հանեցի ժողովրդյան ծովի խորքերից… դրանք նրա հարության և փրկության գրավականներն են... Արժանի եղեք վերադարձնելու դրանց՝ ժողովրդյան իրեն՝ փառքի և հաղթանակի պայծառությամբ»...
Այո, դա «խելագարն» էր, ժողովրդի համար գործող ասպետը, որ չէր կամեցել անշարժ մնալ և միայն խոսքերով բավականանալ, որ գնացել էր գործելու, գնացել տանջվելու նրանց հետ, նրանց համար և անձամբ փորձելու նրանց կսկիծները, նրանց վշտերը… Նա հալածվել էր, ծաղրվել, հոգնել. բայց իդեալին հավատարիմ՝ մեռել էր «մարգարիտները» ամուր սեղմած սրտի վրա…
Մեկեն մի լույս ցոլաց ուսուցչի մտքի մեջ:
Դառնալ «խելագար». նրա նման, մի ընկեր գտնել, սիրել և սիրվել նրանից, միմյանց ձեռքը սեղմել ամրապես և թողնելով հանգստություն, հաճոյանալու ձգտումներ, թողնելով ծնող, կին և հանգիստ կյանք լինել «խելագար» — այդպես խելագար, բայց միևնույն ժամանակ կրակ սփռող, գործող և շարժուն «խելագար»…
Եվ ահա, հետզհետե պատկերացավ ուսուցչի առաջ խելագարը իր բոլոր վսեմությամբ, ուղղաձիգ, հպարտ, աշխույժ ու խանդով լի, կնճռոտ, խորշոմուտ դեմքով… հալումաշ մարմին, հոգնած, փոշոտ, հալածված լրբերից, ամբոխից, քարկոծված, բայց դեմքը պայծառ, գրեթե լուսաթաթախ, ձեռքերը ամուր սեղմած կուրծքի վրա…
Եվ նրա կողքին էլ, ժայռին կռթնած ասպետը՝ որ անդրդվելի ու համառ, նիզակը ժայռին ցցած՝ մնում է ամրոցի տակ և ո՛չ ձյունն ու քամին, ո՛չ էլ արևն ու խորշակը չեն կարողանում նրան հեռացնել իդեալից. և նա սիրում է, սիրում ու մեռնում… քարանում իր դրոշի, իր սիրածի կողքին…
Այո, դառնալ «խելագար», լինել ասպետ և համառ տոկունությամբ տանել ժողովրդին ճշմարիտ մարգարիտներ, ապրելով նրա մեջ, ընկերանալով նրա վշտերին, գործելով նրա հարության ու փրկության համար...