1. Ասպետ

Chapter 1

I

…«Մի անգամ մի զորեղ ասպետ,— պատմում է միջնադարյան մի վեպ,— սիրեց մի իշխանուհու: Թողեց հայր ու մայր, թողեց տուն ու տեղ, հեծավ իր նժույգ, առավ իր նիզակ և եկավ կանգնեց իր իդեալի ամրոցի տակ:

Բայց,— ասում է վեպը,— աղջիկը քարասիրտ էր. ամրոցի մոտ գիշեր-ցերեկ կանգնած ասպետին թողեց անուշադիր և չխղճաց անգամ: Ասենք, ասպետը գութ չէր, որ ուզում էր, այլ միմիայն սեր: Նիզակը ցցեց ժայռի մեջ, ձին կապեց հսկա կաղնուն և համառությամբ սպասեց ամիսներ ու տարիներ…

Աղջիկը նրան չսիրեց: Նա սիրտ չուներ, ոչ ոքի չէր սիրում. ամենքին հուսահատեցրել էր և ետ դարձրել, ամենքին մերժել էր և սրտերը հոշոտել:

Ասպետը լուռ ու համառ՝ մնաց ամրոցի տակ: Ձյունն ու քամին, արևն ու խորշակը նրան անդրդվելի գտան. սպառնալիք ու անոթություն նրան չընկճեցին…

Եվ նա նվիրվեց։ Սիրեց, սիրեց... ու մեռավ:

Ու երբ մեռնում էր, խնդրեց աստծուց միմիայն, մի բան այնպես անել, որ դիակն իսկ իդեալից անբաժան մնար:

Եվ աստված լսեց նրան, քարացրեց դիակն ու ձին, ասպարն ու նիզակը՝ ամրոցի կողքին:

Այսպես, ասպետը սիրեց և քարացած՝ հավիտյան մնաց իր իդեալին մոտ:

Սիրեց, սիրեց... ու քարացավ…»:

Կարդաց օրիորդը, լռեց ու մտախոհ՝ աչքը գրքից չհեռացրեց:

— Վերջացա՞վ,— հարցրին մի քանի ձայներ:

— Այո, վերջացավ,— պատասխանեց ուսուցիչը և նայեց ամենքին։

Մի րոպե ոչ ոք չխոսեց:

Այդ պատահում էր Կովկասի շքեղ ամառանոցներից մեկում, մի հարուստի տան սրահի մեջ, ուր հավաքվել էին տանուտերը, տանտիկինը, նրանց հարսը, երկու աղջիկները և իրանց ծանոթ մի ուսուցիչ, որ մի քանի օրով հյուր էր եկել:

Տանուտերը հասակավոր մարդ էր, կնճռալից, բայց աշխույժ դեմքով. տանտիկինը նույնպես հասակավոր էր ծանր, ազնիվ գեղեցկությամբ կին: Բայց նրա աչքերը փակվում էին և նա հազիվ լսում էր: Կարդացողը մեծ աղջիկն էր: Հետաքրքրությամբ լսում էին միայն տանուտերը, հարսը և փոքր աղջիկը:

Հինգ օր էր, որ ուսուցիչը հյուր էր: Ճաշը, որ վերջանում էր հազիվ ժամը 4-ին, տեղի էր ունենում պատշգամում, հետո նրանք հավաքվում էին մեծ սրահը և քանի ուսուցիչը այնտեղ էր, տանուտերը կամ հարսը խնդրում էին նրան մի բան ընտրել կարդալու այս կամ այն գրքից և մինչև թեյի ժամանակ, նրանք խոսում էին կարդացածի մասին և օգտվում ուսուցչի բացատրություններից:

Տանուտերը ամենից ավելի հետաքրքիր, ամենից ավելի ուսումնասերն էր երևում. կարծես մի գանձ էր ձեռք ձգել և անդադար հարցեր էր տեղում ուսուցչի վրա: Գիտենալ էր ուզում. ցանկանում էր ծերության ժամանակ գոնե ճաշակել գիտությունից այն բոլորը, ինչ որ երիտասարդ հասակում, առևտրական գործերի մեջ ընկած լինելով, չէր կարողացել անել:

Հարսը, տանտիրոջ կրտսեր եղբոր կինը, ուսել էր մի ժամանակ և այժմ, չնայելով, որ մի քանի որդոց տեր էր, դեռ շարունակում էր կարդալ. մի լավ խոսակից էր, կյանքի դառն փորձառությունը նրան դարձրել էր զգուշավոր, լռակյաց, բայց հասկացող: Զարգացած էր, և կյանքը նրան ավելի էր զարգացնում: Նա էլ հետաքրքրվող էր և սիրում էր զարգացած մարդկանց հետ խոսել, կարծիքներ փոխանակել:

Մնում էին երկու օրիորդները: Երկուսն էլ միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ էին. մեկը կիսատ էր թողել և այժմ մասնավոր դասեր էր առնում, իսկ մյուսը դեռ շարունակում էր դպրոց հաճախել:

Տանտիկինը միշտ ննջում էր. մի քիչ լսում և ապա աչքերը փակվում էին, գլուխը խոնարհվում և մի քանի րոպեի քնի մեջ, հաճախ երազներ էր տեսնում:

— Բայց ինչ է ուզում ասել այդ զրույցը,— խոսեց վերջապես տանուտերը,— ես չհասկացա… թեև շատ լավ զրույց էր:

— Իսկ դուք, տիկին,— դարձավ ուսուցիչը հարսին: Տիկինը կարմրեց և վարանելով ասաց.

— Ես… թվում է, թե հասկացա. բայց էլի մութ կողմեր են մնում ինձ համար: Միայն մի բան ըմբռնում եմ, որ ասպետը սիրեց, սիրեց և համառությամբ մեռավ, չբաժանվելով իր սիրածից:

— Սիրեց, սիրեց և քարացավ…— ասաց օրիորդը մտախոհ:

— «Քարացավ» բառը այստեղ չպետք է հասկանալ, որ նա անզգա դարձավ,— խոսեց նորից հարսը,— այլ որ նա քարի պես հաստատուն մնաց և միշտ իր սիրածի մոտ:

— Այդ ճիշտ է,— ասաց ուսուցիչը,— ինձ էլ թվում է, թե այդպես պետք է հասկանալ:

— Վսեմ սեր, — գոչեց տանուտերը հիացած:

— Միայն միջնադարյան ասպետները ընդունակ էին այդպես սիրելու,— ասաց մեղմ ձայնով հարսը,— այժմ այդպիսի սեր չկա:

— Սոնան իրավունք ունի,— պնդեց տանուտերը,— այժմ այդպիսի սեր չկա, մեր ո՞ր երիտասարդը,— ավելացրեց նա ծիծաղելով,— լուռ ու խոնարհ կմնա ամրոցի տակ, ձյունի և քամու, արևի և խորշակի մեջ անդրդվելի, համառ և տոկուն... Դրա կեսն իսկ ընդունակ չէ անելու որևէ երիտասարդ:

— Եվ եթե անել սկսի,— խոսեց նրա մեծ աղջիկը,— կծիծաղեն. կասեն՝ կեղծում է. սանտիմենտալ, Դոն-Քիշոտ կկոչեն:

Ուսուցիչը միշտ ժպիտը դեմքին՝ լուռ նայում էր խոսողներին և սպասում, որ ամեն ոք իր կարծիքն ասի: Հարսը՝ տիկին Սոնան, այդ նկատեց. դարձավ նրան և հարցրեց.

— Իսկ դուք, պարոն Վահան, դուք ի՞նչ կասեք:

— Ինչի՞ մասին, տիկին:

— Զրույցի: Դո՞ւք էլ այդպես եք հասկացել:

Ուսուցիչը լրջացավ: Ամենքը նրան նայել սկսեցին:

— Ոչ,— ասաց նա ծանր շեշտով,— ես այդպես չեմ հասկանում: Զրույցը մի այլաբանություն է: Ինչու մտածել, որ նրա գրողը ի նկատի է ունեցել միմիայն սերը դեպի կանայք: Եվ իսկապես, ինչպես մտածում է ձեր տագրը, մի՞թե մեզնից որևէ մեկը ընդունակ է մի աղջկա սերը գրավելու համար՝ մնալ ամրոցի տակ, ձյունի և քամու, արևի և խորշակի մեջ անտրտունջ. և հետո, անձնանվիրությունը այնքան առաջ տանել, որ չկամենար դիակն իսկ հեռացնել աղջկանից… Ոչ, ես զրույցի միտքը այդպես չեմ հասկանում: Հիշեցեք այն խոսքերը, թե՝ «Թողեց հայր ու մայր, թողեց տուն ու տեղ, հեծավ իր նժույգ և եկավ կանգնեց իր իդեալի ամրոցի տակ»: Իր իդեալի, որին նա սիրեց և ժայռացած՝ չհեռացավ նրանից… Իդեալը աղջիկն է, սեռական այդպիսի սերը: Արժե՝ արդյոք այդքան համառությամբ նվիրվել մի եսամոլ, լոկ իրան գոհացում տվող նպատակի... Թողնենք խնդրեմ այդպես սերը, ուր աղջիկը սիրում է «հերոսություններ» ունենալ տղայից և դրա համար էլ տղան ձևանում է կեղծ հերոս, կեղծ ասպետ, քանի դեռ աղջկան ձեռք չի ձգել. ուր ոչ մի կողմից չկա անկեղծ ասպետական ոգի, այլ միմիայն կեղծ մեծախոսություններ և ստություններ…

Տանուտերը բարձրաձայն քրքջաց:

— Այ, լավ է ասում վարժապետը, շատ ճիշտ է ասում,— գոչեց նա։

— Տանտիկինը վեր թռավ վախեցած և հարցրեց, թե ինչ էր եղել:

— Ոչինչ, ոչինչ,— ծիծաղեց տանտերը։— Դե, այ կնիկ, ուզում ես քնել, գնա քնիր, էլի… Ինչ ես նստել ու մեզ երկրպագություններ անում միշտ: Երևի երազ էլ տեսած կլինես:

— Հա, տեսա,— ժպտաց տանտիկինը ամաչելով,— բայց էլ չեմ քնիլ, խոսեցեք:

Ու նորից աչքերը փակվեցին:

— Այո,— շարունակեց ուսուցիչը,— զրույցի միտքը այդ սերը չէ, նա ավելի բարձր բան է ասում: Նա ակնարկում է այն անհողդողդ ասպետին, որ դիմանալով ցրտի, տաքի, անոթության հալածանքի, կռվում է վատ հանգամանքների դեմ, չէ ընկճվում, չէ հուսահատվում և իդեալին է ծառայում մինչև վերջին շունչը… Զրույցը մի իդեալիստի պատմություն է անում:

Բոլորը լուռ և կես զարմացած՝ լսում էին երիտասարդին, որ գրեթե թաղված բազկաթոռի մեջ՝ գլուխն էր միայն երևցնում և բոցափայլ աչքերը սևեռում լսողների վրա։

Տիկին Սոնան հետաքրքրությամբ դիտում էր նրան, իսկ աշակերտուհին — մեծ աղջիկը, մի տեսակ պատկառանքով և լարված ուշադրությամբ՝ աշխատում էր ոչ մի բառ չփախցնել խոսածներից:

Ահա այդպիսի դրության էր հասել խոսակցությունը, երբ սրահի դուռը ուժգնությամբ բացվեց և դռան շեմքի վրա հայտնվեց միջահասակ մի մարդ, շատ ճաշակով հագնված, ժպիտն երեսին, ձեռքերը տրորելով:

— Բարև,— ասաց նա և գլխարկը դրեց սեղանի վրա,— երևի դարձյալ փիլիսոփայությունով եք զբաղված, հա՞: Ես ձեզ չեմ խանգարիլ և մի քիչ կլսեմ… Խրիստաֆորը, բանը չեկա՞ն, Սոնա,— դարձավ նա կնոջը։

— Չեն եկել,— ասաց տիկին Սոնան,— որտե՞ղ էիր դու:

— Սերգեյի մոտ. զոռով ճաշի պահեց. հիմա ուր որ են՝ կգան… Մենք ձեզ չենք խանգարիլ. դուք վիճեցեք, իսկ մենք պատշգամում մի քիչ կխոսենք:

Ապա ոտքի ելավ, դուռը կիսովին բաց արավ և ձայնեց դեպի դուրս՝ աղախնին:

— Մարիա, ա Մարիա… խաղասեղանը դուրսը դիր… Գիտես, Սոնա՜... դարձավ նա իր կնոջ,— այդ Խրիստաֆորը ինձ դաղեց երեկ. հարյուր ռուբլիս տարավ: Ինչ մարդ եմ, եթե այսօր այդ փողը չհանեմ նրանից… Բայց ա՜խ, մոռացա, որ ձեզ խանգարում եմ,— դարձավ նա բոլորին,— ներեցեք, խնդրեմ,— և շարունակեց,— մինչև տղերանց գալը ես էլ կլսեմ։

— Իսկ ես կերթամ քիչ կքնեմ,— ասաց տանտերը ոտքի ելնելով: Ապա կնոջը դարձավ և ավելացրեց.

— Գնանք, այ կնիկ. գնանք. աչքերդ բաց անել չես կարողանում:

Հետո երկուսն էլ դուրս ելան:

— Ինչի՞ մասին էիք խոսում,— հարցրեց տիկին Սոնայի ամուսինը անհոգությամբ կես պառկելով օթոցի վրա:

Տիկինը դեմքը քիչ կնճռեց կարմրեց, հետո ճիգ գործելով իր վրա, բռնազբոսիկ ժպիտով ասաց.

— Վարդուհին մի պատմություն կարդաց և դրա մասին էր:

— Պատմություն... հետաքրքիր է. ի՞նչ պատմություն:

Տիկինը համառոտակի պատմեց զրույցը:

Ամուսինը լսեց ժպտալով և երբ վերջացրել էր, ասաց.

— Հը՛մ, ա՞յդ է բոլորը: Այդ ասպետը երևի խենթ է եղել. զրույցի գրողն էլ՝ խելքը պակաս: Մարդ էլ ցրտին ու քաղցին դիմանալով անտրտունջ կանգնած մնա և մեռնի՝ թե ինչ է, մի աղջիկ է սիրում... Էլ ինչ սեր, երբ մարդ մրսում է կամ սոված է... Հը՞, պարոն վարժապետ,— դարձավ նա ուսուցչին,— դու փիլիսոփա ես, դու ավելի լավ կհասկանաս:

Եվ այդ բոլորը նա խոսեց այնպիսի կես-հեգնական ու անհոգ կերպով, որ ուսուցիչը, վիրավորված՝ մի րոպե ակնարկը դարձրեց և դեմքը կնճռած մնաց: Հինգ օր էր միայն, որ ծանոթ էր այդ մարդու հետ և արդեն հեգնվում էր:

Բայց հանկարծ նա շարժվեց, աչքերը սևեռեց հեգնողի վրա և կծու ձայնով պատասխանեց.

— Եթե դուք, պարոն, նստած եք ձեր խաղասեղանի առաջ, որի համար եք միայն ապրում, և ձեր հակառակորդը ձեր քսակը դատարկում է, դուք ինչ եք անում. ընկճվո՞ւմ եք, թե ավելի կատաղաբար շարունակում, մոռանալով կին, որդի, մարդավարություն կամ մարդկություն...

— Ա՜, այդ ուրիշ բան,— ծիծաղեց պարոնը, իբր թե չհասկանալով ուսուցչի կծու խոսքերի միտքը,— այդ ուրիշ բան, ես փիլիսոփա չեմ և ոչ էլ ուսուցիչ. կնստեմ և կաշխատեմ փողս ետ առնել. այդ ուրիշ բան. այստեղ փողի բան է, հանաք բան չի: Ես չեմ հանգստանա, մինչև որ հակառկորդիս չհաղթեմ... Այ, Խրիստաֆորը ինձ այնպես դաղեց, որ, եթե էլի տասը րոպեում չերևաց, կառքը կնստեմ և կերթամ իր գյուղից քաշ կտամ կբերեմ:

— Ինչ որ դուք անում եք խաղի համար,— ասաց ուսուցիչը շեշտելով,— կան մարդիկ, որ անում են աղջկա, իդեալի համար:

— Հը՛մ... համաձայն եմ. աղջկա համար կարելի է, բայց ես չէի անիլ փողի բան չէ՞. փող որ ունենաս, ոչ մի աղջիկ չի դիմանալ...

— Կարապետ...— ձայնեց տիկին Սոնան հանդիմանական կերպով և հետո կարմրած՝ ուսուցչին նայեց:

— Ես ու իմ աստվածը՝ որ ճիշտ եմ ասում,— շարունակեց Կարապետը ցինիկաբար ծիծաղելով,— փողի բան է. աղջկա համար՝ փողը:

— Իսկ եթե մեկին սիրում ես, որ փողի կարոտ չէ...— գոչեց Վարդուհին,— և որի զգացմունքները փողով գնել չէ կարելի...

— Դու էլ փիլիսոփա ես դարձել, Վարդուհի,— ծիծաղեց Կարապետը,— վարակվել ես ուսուցչիցդ։ Բայց դու կյանքը դեռ չես ճանաչում. ապա մեկ հարուստ ու հազարներ ունեցող երիտասարդ եղիր և տեսնենք ո՛ր աղջիկը քեզ կմերժի, ով աղջիկ չի տալ քեզ: Փողի առաջ ոչինչ չի դիմանալ, օրիորդ: Որ փող տային այդ զրույց գրողին՝ ուրիշ երգ կերգեր... Ես գուցե անախորժ բաներ եմ ասում,— դարձավ նա իր կնոջը և ուսուցչին,— բայց կյանքից եմ խոսում. իսկ դուք ինչ-որ միշտ երկնքից եք թռչում:

Իդեալ, զգացմունք... չգիտես ինչ... Դատարկ խոսքեր են դրանք. մի քիչ կյանքի մարդիկ եղեք... Ապա, Մարիա (ասաց նա ներս մտնող աղախնին), գինի՞ ես բերել, լավ, շշի խցանը հանիր. պտո՞ւղ էլ կա... լավ... դեհ, պարոն վարժապետ, համեցեք... Սոնա, հոգիս, ինչ ես դեմքդ երկարացրել. ասածներս քեզ դուր չեկան. ոչինչ, խմիր, քեֆդ կբացվի…

Հետո ոստնեց օթոցից ցած, լցրեց մի բաժակ գինի, ժպտալով նայեց բոլորին մի ումպով դատարկեց: Տիկին Սոնան մի արհամարհոտ շարժում գործեց և վշտացած դեմքով՝ ոտքի ելավ:

— Հը՜մ,— շարունակեց Կարապետը նորից պառկելով օթոցում,— տեսնում եմ, որ դուք թռնում էիք՝ ես ձեզ ցած բերի... Ներողություն, եթե ձեզ ախորժելի է միշտ թռչել, կյանքից դուրս՝ երազել, համեցեք, ես ձեզ չեմ խանգարիլ. ես կլսեմ միայն: Իմացեք, սակայն, որ վերջ ի վերջո բոլորդ էլ ցած եք ընկնելու... Իդեալը ոչ տաք սենյակ է տալիս, ոչ փող և ոչ էլ սիրած աղջիկ...

— Խնդրեմ լռիր,— գոչեց տիկին Սոնան սաստիկ նեղացած:

— Լավ, լավ. ես կլռեմ, դուք խոսեցեք... Հա, ի՞նչ էիր ասում, պ. վարժապետ, ասում էիր, որ կան զգացմունքներ, որոնց փողով չէ կարելի գնել... Վարդուհին էր ասում կարծեմ... որ կան իդեալներ, որոնց համար պետք է անոթի մնալ, մրսել, մեռնել... Եվ որ այդ հիմար ասպետը, գժի պես ցցված մնալով ամրոցի դռան առաջ ու քարանալով՝ մի իդեալական հերոս է... Հըմ, հըմ... խոսք չունիմ... բայց շարունակեք. ես կլռեմ այլևս:

Ապա մի քրքիջ արձակեց, աջ ձեռքը բերնին դրեց, ավելի հանգիստ ոտները պարզեց և հեգնորեն՝ սպասեց:

Մի րոպե լռություն տիրեց:

Ուսուցիչը, որ արհամարհոտ սառնությամբ նրան էր նայում, լռությունը խզեց, ուսերը թոթվեց և դառնալով տիկնոջ ու օրիորդին՝ ասաց.

Ես շարունակում եմ... և կրկնում, որ զրույցի ակնարկը սեռական սերը չէ. նա ակնարկում է այն հերոսին, որ ամեն նեղություն հանձն առնելով՝ կքարանա իր իդեալի մեջ և նրան կզոհվի առանց տրտունջի. նա ակնարկում է առաջադիմության, գիտության այն հերոսներին, որոնք զոհել են տունուտեղ, մինչև վերջին շունչը գործել են, հաճախ անոթի մնացել, հալածվել ու մեռել հանուն իրանց նպատակի: Մարդիկ նրանց «խենթ» են անվանել, ցնորված, վատասերված համարել. և սակայն այդ իսկ խենթերն ու «ցնորվածներն» են, որոնց դիակների վրա են ամրացել մեր այժմյան համեմատական լավ կյանքի միջոցները. Ամեն գաղափար զոհ է պահանջում. և, ինչպես ասում է Նիցշեն՝ «Ինչ փույթ իմ անձը — այդպես դեվիզ պիտի ունենա գրած իր դռան վրա ապագայի մարդը»...

— Մի խենթ էլ այդ մարդն է, որ այդպես է ասել,— ծիծաղեց Կարապետը: Հետո, երբ նկատեց կնոջ բարկացկոտ հայացքը, վրա տվավ.

— Ախ, ներողություն, մոռացա, որ իրավունք չունիմ խենթ անվանելու ձեր խելոքներին... Շարունակեցեք, ես ավելի լավ է դուրս կերթամ... երևի այժմ Խրիստաֆորն էլ կգա...

Ասաց ժպիտը դեմքին՝ ելավ, վառեց հանգած սիգարը, ծաղրորեն բարևեց և դուրս գնաց:

II

Զով, լուսնկա գիշեր էր:

Պատշգամբից ցած — դեպի խորությունը սփռվող թանձր անտառի մեջ՝ անշշուկ լռությունը կատարյալ էր։ Հեռուն միայն, հաչում էին մի քանի շներ և լսվում էին ամառանոց եկողների երգերը: Դրացի հարուստի բաց լուսամուտից մեկ-մեկ դուրս էր ժայթքում դաշնամուրի անճոռնի հնչյուն և ապա մի շան ոռնոց, որ շղթայից կապված՝ գանգատվում էր կապի և ականջ հարստահարող ձայների դեմ:

Եվ այդ բոլորի մեջ՝ հանկարծ լսվում էին խաղասեղանի առաջ նստող խաղամոլների կանչերը:

— Հինգ մանեթ ունի՞ս, Կարապետ,— գոռում էր Խրիստաֆորը:

— Ադա, բաս էդքան էլ մեռանք,— ավելի բարձր աղաղակում էր Կարապետը,— կուզես՝ տասն արի. թուղթ ուզիր դու, թուղթ...

Բանկը Կարապետի մոտն էր և եռապատկված: Նա թղթադրամի կույտը ձախ թևով պաշտպանելով, աջովը՝ ուզողին թուղթ էր տալիս:

Խաղացողները չորս էին. նրանց լուսավորում էր օճորքից իջնող մի մեծ լապտեր:

— Չէ, հինգ եմ գալիս,— ասաց Խրիստաֆորը,— դեհ, թուղթ բաց արա։

Կարապետը ձգեց մի խաղաթուղթ:

— Տասը մանեթս տուր, շուտ,— բացականչեց Խրիստաֆորը ուրախությամբ,— էս քեզ բուբնու տասը:

— Ը՜մ ես քո...— կրճտեց ատամները Կարապետը,— էլի սկսեցիր դաղել ինձ: Քսանի հետ ինչպե՞ս ես:

— Չէ, ախպեր, էդքանի զոռ չունեմ ես:

— Վախկոտ ես, է՜ է՜, վախկոտ... ջոմարտություն չունիս:

— Ես գալիս եմ քսանը,— մեջ մտավ երրորդ խաղացողը:

— Դո՞ւ,— ծիծաղեց Կարապետը ուժգնությամբ դառնալով դեպի խոսողը։

— Դեռ թուղթ տուր, տես ինչպես բանկդ ցրիվ տամ. թուղթ տուր:

— Մեկ սրան նայեք, է,— քրքջաց Կարապետը,— բանկս ցրիվ կտաս... Ահա քեզ թուղթ:

Եվ ուժգնությամբ սեղանի վրա խփեց մի խաղաթուղթ: Ինժեներ խաղացողը նայեց իր թղթին, դեմքը կնճռեց և լռությամբ հանելով տասանոցներ՝ դրավ Կարապետի առաջ։

— Ըտենց, հա՜ ա՜...— գոչեց վերջինս,— էդ քեզ խրատ բանկը ցրիվ տվողիս նայեք մեկ...

Այսպես տաքացած՝ խաղում էին նրանք։ Տիկին Սոնան փորձեց մի քանի անգամ խնդրել նրանց խաղը վերջացնելու, առարկելով, որ լավ գիշեր էր դաշտ գնալ զբոսնելու... Բայց ով էր լսողը. ամենքը ոգևորված էին թղթախաղով:

— Է՜հ,— արեց տիկինը հուսահատաբար,— խո ամառանոց չենք եկել. կարծես խաղատուն լինի. ամեն երեկո հոգիներս հանում եք ձեր խաղովը:

— Դե լավ, լավ, Սոնա ջան,— գոչում էր նրան Կարապետը,— արի նստիր դու էլ. բանկը քեզ կտամ. լավ փող կա, հա...

Սրահում ուսուցիչն ու օրիորդները թեյ էին խմել և վճռել էին զբոսնելու դուրս գնալ: Տանտերն ու տանտիկինը չէին կամենում մասնակցել զբոսանքին և երբ տիկին Սոնան մի քանի անգամ փորձելուց հետո ամուսնուն էլ տանելը տեսավ, որ իզուր էր, սրահ մտավ և ասաց ուսուցչին.

— Մենք գնանք, պ. Վահան, իզուր է. ոչ ամուսինս է ուզում խաղը թողնել և ոչ էլ մյուսները. մենք գնանք:

— Երկու օրիորդներն առին ծածկոցները և առաջ ընկան, իսկ տիկին Սոնան և ուսուցիչը նրանց ետևից՝ փողոց ելան:

— Դեպի բլուրը, չէ՞,— դարձավ Վարդուհին մյուսներին:

— Դեպի բլուրը.— պնդեց տիկին Սոնան,— այնտեղ միշտ լավ է. կնստենք դալար խոտերի վրա և աղմուկներից հեռու՝ քիչ մաքուր օդ կվայելենք:

Ուսուցիչը լռությամբ քայլում էր տիկնոջ կողքից, հենած իր ձեռնափայտի վրա: Տիկինը, դեռ բարկացած՝ երբեմն ետ էր նայում դեպի տուն և երբ բավական քայլել էին, ասաց.

— Ճշմարիտ, ավելի լավ էր ամառանոց չգնալ. միշտ աղմուկ, միշտ հյուր, առավոտից մինչև երեկո ուտել, խմել, խաղալ և ոչ մի պտույտ չանել… ինչ կյանք է այս:

— Դուք երբեք չե՞ք խաղում,— դարձավ նա հանկարծ ուսուցչին:

— Երբեք, տիկին… Իսկ դուք:

— Խաղում եմ: Սովորեցրին ինձ. և երբ խաղընկերը պակասում է, ես եմ լինում չորրորդը:

— Եվ անշուշտ հաճախ է լինում այդ:

— Այո, հաճախ. շատ էլ զվարճություն չեմ զգում, բայց այժմ վարժվել եմ:

— Ափսոս,— արեց ուսուցիչը,— ձեզ էլ փչացրել են:

— Ինչպե՞ս,— զարմացավ տիկինը,— մի՞թե, ձեր կարծիքով, խաղալ՝ նշանակում է փչանալ… Շատ խիստ եք դուք:

— Խիստ չեմ,— ասաց ուժգնությամբ ուսուցիչը,— ես դեռ մեղմ ասացի, կուզեք ավելի խիստ կասեմ:

— Խնդրեմ…

Երկու օրիորդները քիչ մոտ եկան. այժմ չորսը միասին սկսեցին քայլել: Մտել էին մի ծառուղու մեջ, որի վերջին ծայրումն էր գնալիք բլուրը:

— Ես ոչ մի հատկություն չեմ ճանաչում,— խոսեց ուսուցիչը,— որ թղթախաղի չափ անբարոյականացնող լինի:

Թղթախաղը անբարոյականություն է և բոլոր մյուսներից վատթարը:

— Օ՜,— ժպտաց տիկինը,— դուք ծայրահեղ արտահայտություններ շատ եք սիրում. երեկ էլ նույն ուժգնությամբ պնդում էիք, որ համբերությունը ամենագծուծ հատկություն է և որ դուք նրանից ստորացնող հատկություն չեք ճանաչում:

— Նույնը և այսօր պնդում եմ, տիկին: Մտածեցեք քիչ: Եթե համբերությունը լավ հատկություն լինի, ուրեմն ոչխարները և էշերը պիտի լինին ամենաառաքինի արարածները: Բայց այդպիսի առաքինությունը տանում է դեպի այնպիսի դրության, որ եթե մարդկությունն ամբողջ այդպես առաքինի լիներ, երբեք չէր հառաջադիմիլ և զարգանալ: Համբերությունը մահացնող, ապշեցնող և ողորմելի բույս դարձնող մի հատկություն է, որ հին բարոյախոսների ոչխարային հակումների արդարացնողն է եղել և որ ստրկային փիլիսոփայությունից է ծնունդ ստացել…

— Այլանդակ բարոյախոսություններ եք անում,— ծիծաղեց տիկինը,— այժմ մյուսը տեսնենք: Ասում էիք թղթախաղը անբարոյականություններից վատթարն է: Փաստեր տվեք:

— Խաղամոլի վիճակը ինքնին մի՞թե փաստ չէ: Նա կորցնում է իր ժամանակը, բթացնում լավ հակումները, թմրեցնում ուղեղը, քարացնում սիրտը: Մի խոսքով, նա ընկերությունից խլում է մի անձի և ապականում նրան՝ մարդկության, ընտանիքի և ընկերների համար: Նա դառնում է մի ավտոմատ, որ միմիայն խաղի վրա է մտածում, կողոպտել երազում, ժամանակը սպանել տենչում… Այդ բոլորը կատարվում է նրա մեջ անզգայապես, բայց կատարվում է անխուսափելի կերպով: Խաղամոլը կորած մարդ է. և խաղը՝ մեկից ավելի անձերի մեջ մեռցրել է ամեն լավ հատկություն… Մի խաղաք, տիկին, եթե չեք ուզում ավելացնել փչացած, ողորմելի անձերի թիվը մեկով ևս...

Տիկին Սոնան մի բարկացած շարժում արեց և ոչինչ չխոսեց:

— Այս խոսքերը ձեզ նեղացրի՞ն,— հարցրեց ուսուցիչը:

— Ոչ,— ասաց տիկինը,— միայն դուք տարօրինակ եք դատում. ամեն ինչ գունավորում եք, չափազանցում, խոշորացնում…

— Ուրիշ խոսքերով՝ ես այլանդակ մտքեր եմ հայտնում:

— Այո… Դուք ձեր դատողություններով ինձ հիշեցնում եք այդ միջնադարյան ասպետի ծայրահեղ վարմունքը… Դուք սակայն ավելի տեսական, խոսքի մարդ եք թվում ինձ, քան գործի… Չնեղանաք: Ես նկատում եմ, որ դուք էլ մեր այժմյան բոլոր հայ ուսում առած երիտասարդների նման՝ տեսականորեն իդեալիստ եք, ոգևորվող, տեսական ասպետ և ուրիշ ոչինչ… Գործնականում կասկածում եմ... այդքան գունավոր և փքուն խոսողներից միշտ հակառակ գործեր եմ տեսել… Դուք վիրավորվեցիք, ներեցեք ինձ…

— Չեմ վիրավորվում, ոչ, տիկին. բայց ցանկալի էր, որ ավելի ընդլայնեիք ձեր դատափետությունը:

Նրանք հասել էին բլրակին:

Մի հրաշալի բարձրություն էր դա, որի ստորոտից տարածվում էր ծառաշատ մեծ դաշտը. հորիզոնի վրա անտառ ու լեռներ, մի կողքին, լուսնի լույսի տակ՝ շողշողուն գետակը, հեռուն, մշուշի մեջ երևացող գետեզրի կրակներ և ապա մի խաղաղ լռություն՝ կանաչ արոտների վրա, ուր եկան նստելու զբոսնողները:

— Հոգնեցի ես,— ասաց տիկինը և նստեց:

— Արժեր կառք նստել և գետեզրը գնալ,— դիտել տվավ Վարդուհին:

Ոչ ոք չպատասխանեց: Ուսուցիչը տեղ բռնեց տիկնոջ կողքին և երբ պահ մի լուռ էին բոլորը, ասաց.

— Ես սպասում եմ, տիկին...

Տիկինը ցնցվեց, քիչ դաշտը դիտեց, թաշկինակով քրտինքը սրբեց, ճակատը զով զեփյուռին տվավ և ասաց.

— Գիտեմ, ես էլ խիստ խոսեցի: Բայց վաղուց է, որ իմ մեջ կուտակվում է մի այնպիսի զայրույթ, որ գոյանում է, երբ տեսնում եմ անդադար միմիայն խոսքի մարդիկ: Մարդիկ, որոնք սքանչելի կերպով խոսում են, դատում այս-այն խնդիրը, մարդիկ, որոնք իդեալիստ, անձնազոհ և այլն են միմիայն խոսքերով և որոնցից ոչ մեկը գործնականում այն չէ, ինչ որ խոսում է: Իմ կյանքում տասնյակ համալսարանականների, տասնյակ ուսում առած գրավիչ, համակրելի երիտասարդների եմ հանդիպել, որոնք սքանչելապես ոգևորությամբ խոսել են բարձր մտքերի մասին, իդեալի համար շքեղ խոսքեր են որոնել իրենց հիացումը և խանդը արտահայտելու, որոնք թշվառների դրության մասին խոսելիս՝ հուզվել են, իրենք իրենց հայտարարել նրանց պաշտպան, որոնք մեծ ընդունակություն են ցոլացրել իրենց դատողությունների մեջ, երբ խնդիրը վերաբերել է ընկճվածների դրությանը… Կարդացել են, նկատել, նկարագրել են սրտահույզ մանրամասնությամբ ամեն թշվառություն, հմուտ բժշկի մասնագիտությամբ պատկերացրել են վիշտը այնպես, որ ես մի ժամանակ գրեթե սիրահարվում էի նրանց վրա… Երբ դարմանի, գործելու մասին են ճառել, ոգևորել են, բորբոքվել, էքստազի հասել, ոսկյա երազներ, ցնորքներ պատկերացրել… Բայց, երբ այլևս ամեն նոր հանդիպածի ցույց են տվել իրենց, երբ շատ կրկնելուց իրենք էլ զզվել են և երբ մի նյութական հաջողության մեջ ընկած՝ ստամոքսնին են լցրել — այլևս մոռացել են, որ թշվառներ կան, որ իդեալներ գոյություն ունին. և մինչ իսկ իրենք, այո իրենք սկսել են զրկել, հարստահարել, գռփել ապա իրենք իրենց արդարացրել:

«Ես խոսել չգիտեմ, ներեցեք ինձ. չեմ կարողանում արտահայտել, թե ինչպես այդ բոլոր «խոսքով» իդեալիստները հանկարծ դառնում են ամենափչացած հարստահարողներ և ստամոքսը պարարելուց բացի, ուրիշ ոչինչ իդեալ չեն ունենում…

«Մեր քաղաքում, օրինակ, տասնյակներով կա. ձեզ կարող եմ անուններ իսկ տալ: Այդպիսինները, եթե խոսեցնեք, դեռ իդեալների մասին կճառեն, դեռ թշվառների համար կհառաչեն. բայց գործնական կյանքում՝ յուրաքանչյուր րոպե դրժում են իրենց ասածները… Զզվել եմ այլևս. այժմ ինձ վրա տպավորություն չեն թողնում բարձր մտքերի արտասանությունները. այժմ այլևս ծաղր է շարժում, երբ խոսում են անձնազոհության, իդեալների մասին… Այո, այդ խոսքերը ծաղրաշարժ են դարձել այլևս…

«Եվ հիրավի, ինչ անուն կտաք այն մարդուն, որ կանանց — մանավանդ գեղեցիկ կանանց — հասարակության մեջ կլարվի երկու ոտքերի վրա և տենդային ոգևորությամբ կճառի հավասարության մասին, իսկ կյանքի մեջ նա ավելի ճարպիկ լրբությամբ կզրկի բոլորին, կգոյացնի անարդարություններ… Հերիք է մեզ կերակրեք ձեր տեսական ասպետություններով. մենք շատ ենք լսել. գործնականում ցույց տվեք, որ դուք բոլորդ կարող եք «սիրել, սիրել և նվիրվել, սիրել ու «քարանալ»... Ցույց տվեք մեզ այդ. ճառերն ավելորդ է»...

Հետո հանկարծ լռեց և կարմրած՝ զգաց, որ շատ էր առաջ գնացել: Օրիորդներն իսկ զարմացած դիտում էին իրենց լռակյաց, ծածկամիտ և զգուշավոր համարված հարսին:

— Ես շատ եմ խոսում…— շարունակեց մեղմությամբ տիկին Սոնան՝ առանց ոչ ոքի նայելու,— դուք մի կարծեք, պ. Վահան, որ ձեզ էլ հաշվում եմ այդ խոսողների կարգում: Ես ձեզ դեռ չեմ ճանաչում, գործի մեջ չեմ տեսել… Բայց դուք լավ եք խոսում. ձեր ծայրահեղ դատողությունները իրենց սրությամբ՝ տպավորություն են թողնում… Բայց ես այս բոլորը ասացի, որովհետև այս րոպեիս դուրս եկանք այն տնից, ուր խաղասեղանի մոտ նստել են երեք համալսարանականներ, որոնք դեռ մի տարի սրանից առաջ՝ ձեզնից ավելի խիստ խոսքերով դատափետում էին խաղամոլներին և ոգևորությամբ ճառում իդեալների մասին… Այժմ տեսնում եք բոլորը ողորմելի մարդիկ են դարձել և նույն ոգևորությամբ ու տենդային հուզմամբ ողջունում են «բուբնու ասին», երբ նա երևան է գալիս…

Եվ լռեց: Պահ մի անշշուկ լռություն, մի հեռավոր լռություն տիրեց, որից հետո լսվեց մի հեռավոր խուլ դղրդյուն:

— Վերին գյուղից մի կառք է գալիս,— ասաց փոքր օրիորդը, որ միշտ նայում էր մոտակա գյուղի՝ բլրակի կողքով անցնող ճանապարհին:

Comments