Chapter 4
4
Երբ որ Արեգը մոտեցավ բարձր աշտարակին՝ հետզհետե երևացին և ուրիշ շատ տներ, և նրա առջև բացվեց մի մեծ քաղաք։ Մոտեցավ քաղաքադռանը, տեսավ մի քանի մարդիկ կանգնած, հարցրեց նրանց.
— Տղե՛րք, ի՞նչ քաղաք է սա, և որտե՞ղ են իջնում օտարականները։
Մարդիկը ձայն չհանեցին։
— Ձե՛զ եմ ասում, տղե՛րք, չե՞ք հասկանում։
Ձայն չկա։
«Երևի խուլ են»,— մտածեց Արեգը և գնաց ձեռը դիպցրեց նրանց։
— Ո՜վ երկինք,— բացականչեց Արեգը,— այս ի՞նչ եմ տեսնում. այս ի՜նչ հիանալի արձաններ են, իսկ ես կարծեցի, թե ուղիղ մարդիկ են։ Այս ինչքա՜ն ճարտար քանդակագործ է եղել սրանց շինողը…
Արեգը, կարծելով, թե իր տեսածներն ուղիղ շինովի արձաններ են, ներս մտավ քաղաքը, և նրա առջևը բացվեցին նորանոր տեսարաններ, բոլորն էլ քարեղեն։
Ահագին շուկա, կարգին խանութներ, թե՛ կրպակ, թե՛ տուն, թե՛ կատու, թե՛ շուն, ուտելիք ու հագնելիք, գեղեցիկ գորգեր և ուրիշ զարդեր… բոլորը, բոլորը քարացած։ Ո՛չ ծուխ, ո՛չ կրակ, ո՛չ ձայն, ո՛չ շունչ… կյանքի հետք ու նշույլ չկա…
— Ես հիմա՜ հասկացա. սա՛ է Աղավնի աղջկա ասած քարե քաղաքը,— ասաց Արեգը և սկսեց շրջել քաղաքի մեջ, ուր ամեն մի քայլափոխում մի նոր տեսարանի էր հանդիպում։
Մի տեղ մի խումբ մարդիկ կանգնած՝ որպես թե իրար հետ խոսում են. մեկի դեմքը բարկացած է և բերանը բաց, կարծես մյուսին հայհոյում լինի. մեկը ծիծաղում է, մյուսը լաց է լինում. մի կին, երեխան գրկած, ողորմություն է ուզում. մի տեղ հարսանիքի հանդես է իր ամեն սարք ու կարգով. հարսին տանում են փեսայի տուն։ Մեկ խոսքով՝ եթե շարժման մեջ եղած մի քաղաք մի վայրկյանում տեղնուտեղը քարանա, ինչ պատկեր կստանա, ահա՛ այդպիսի մի պատկեր էր ներկայացնում քարացած քաղաքը։ Մրգավաճառը միրգը քաշել է և կիսով չափ ածել առնողի զամբյուղը, մինչև մյուս կեսն ածելը քարացել են՝ ինքն էլ, կշեռքն էլ, առնողն էլ, միրգն էլ. ահա՛ այսչափ արագ էր եղել քարանալը։
— Խե՜ղճ մարդիկ,— ասաց Արեգը,— հող դառնալու էլ չեք արժանացել, այլ՝ դառել եք ծախու ապրանք։ Ճշմարիտ, եթե մեկը այս անթիվ արձանները կարողանար տանել հեռու աշխարհքներ վաճառելու՝ անչափ հարստություն կդիզեր։ Ահա՛ այն նորապսակ աղջկա արձանին, ով գիտե, իր քաշովը մեկ ոսկի կտային։ Բայց ի՜նչ եմ մտածում ես էլ. այս թշվառությունն աշկարա տեսնողն էլ ի՜նչ կարող է հարստության վրա մտածել։ Ահա՛ հարստություն՝ մեր առջև պատկերացած իր իսկական կերպարանքով… Ա՜խ, երանի՛ թե՝ սրանցից մեկը լեզվավորվեր և ինձ պատմեր իրանց գլխի անցքը։ Արի՛ մեկ բղավեմ, ինչ կլինի՝ կլինի։
— Ո՛վ քաղաքացի՜ք… ինչո՞ւ եք քարացե՜լ…— կանչեց Արեգը։
— Քարացե՜լ…— արձագանք տվին բոլոր քարերը։
— Ք…ա՜…ր,— հանկարծ մի նոր ձայն լսվեցավ։
— Ահա ձայն լսեցի,— ասաց Արեգը և մեկ էլ բղավեց.— Ո՞վ կաք կենդանի՜…
— Ե…ե՜…ս,— պատասխանեց ձայնը։
Արեգը որոշ կերպով լսեց, թե որտեղի՛ց է գալիս ձայնը, գնաց դեպի այն կողմը։ Մի գեղեցիկ ապարանք էր, առջևն ընդարձակ պարտեզ, բոլորն էլ քարացած։ Մի փոքրիկ ծաղկոցում նա գտավ մի քարացած մարդու կենդանի գլուխ։
— Ո՞վ ես դու, ո՛վ մարդ,— հարցրեց Արեգը։
— Ջո՜ւր… ջո՜ւր…— պատասխանեց գլուխը, հազիվ կարողանալով խոսել։
— Ջո՞ւր ես ուզում։
— Ջո՜ւր… ջո՜ւր… տո՜ւր… տո՜ւր…
— Հայրի՛կ, ձեր քաղաքի ջուրն էլ է քարացել, ջուր չկա։
— Մի՜… մի՜… կա՜թ… կա՜թ…
— Մի կաթիլ ջուրը քեզ ի՞նչ կօգնե. քո ծարավը մի կարաս ջրով չի հագենալ։ Ես ունիմ ինձ մոտ մի քանի կաթիլ ջուր, եթե կբավականանաս՝ չեմ խնայիլ քեզանից։
— Հա՜… հա՜… հա՜…
Արեգը հանեց անմահական ջրի շիշը և նրանից մի քանի կաթիլ կաթեցրեց կիսարձանի բերանը։ Կենդանի գլուխը ոչ միայն կատարելապես զովացավ, այլև զգաց մի վերակենդանության ցնցում իր բոլոր մարմնի մեջ և սկսեց պարզապես ասել.
Դու բարի՛ հրեշտակ,
Որտեղի՞ց եկար,
Փախի՛ր, հեռացի՛ր
Մի առ ժամանակ.
Բայց ո՛չ, սպասի՛ր,
Ես էլ եմ գալիս…
Այո՛, գալիս եմ,
Նայի՛ր, մեկ նայի՛ր…
Կիսարձանը կենդանացավ և սկսեց քայլել, առաջ մի փոքր դանդաղ, հետո ավելի շուտ-շուտ, և սկսեց փախչիլ՝ իր հետևից կանչելով Արեգին.
— Փախի՛ր, փախի՛ր, որդիս, ե՛կ իմ հետևիցս, մեզ հարկավոր է թաքչիլ. հիմա ուր որ է՝ պիտի գա քարացնող պառավ հրեշը։ Արի՛, արի՛, մտնենք իմ ապարանքը, գոնե քեզ չգտնե։
Արեգը մնացել էր շփոթված, չէր իմանում, թե ի՛նչ աներ, բայց վերջը հետևեց փախչող մարդուն։ Ձին քաշեց ներս, վարի հարկումը մի մութ անկյունում կապեց, իսկ ինքը վերև բարձրացավ այն մարդու մոտ։
— Ես չեմ հասկանում, թե՝ այդ ի՛նչ հրեշ է, որից այդքան վախենում ես դու,— ասաց Արեգը։
— Այդ հրեշը մի պառավ է, որդի՛, նա՛ է քարացրել մեր քաղաքը. ամեն օր այս ժամանակին գալիս է նայում և զվարճանում իր չարության վրա. հիմա ուր որ է` պիտի գա, և եթե մեզ տեսնի կենդանի՝ իսկույն կքարացնե։
— Հիմա հասկացա։ Բայց ինչպե՞ս է եղել, որ քեզ բոլորովին չէր քարացրել։
— Ավելի տանջելու համար։ Ես այս քաղաքի թագավորն եմ. ինձ կասեն Անդաս թագավոր։ Քավթառ հրեշը գլուխս կենդանի թողեց, ասելով.— Աչքերդ բաց եմ թողնում, Անդա՛ս, որ տեսնես քո թագավորության ոչնչությունը իմ զորության, իմ ուժի առջև։
— Ինչո՞ւմն է նրա զորությունը, կամ ինչո՞վ է նա ուժեղ, չգիտե՞ք։
— Նրա զորությունը իր գավազանների մեջն է։ Նրա գավազանները մահ են սփռում ամեն տեղ։ Նա մի գործիք է չար ոգիների ձեռքում և նրանցով է անում, ինչ որ անում է։ Կամ, ո՞վ գիտե, գուցե հենց ինքը մի չար ոգի է՝ պառավի կերպարանք առած։
— Ի՞նչ ես կարծում, եթե դրա ձեռքից խլենք իր գավազանները…
— Բայց ինչպե՞ս կարելի է մոտենալ նրան. միայն բարի ոգիքը կարող են այդպիսի բան անել կամ այնպիսի մի մարդ, որ բարի ոգիների պաշտպանությունը իր կողմն ունի։
— Ինձ թվում է, որ բարի ոգիները կպաշտպանեն մեզ,— ասաց Արեգը և պատմեց Աղավնի աղջկա հետ հանդիպելը, նրա արածն ու ասածը…
— Օ՜… եթե այդպես է, ապա ուրեմն՝ դու մի բարի ոգի ես, երկնքից ուղարկված,— բացականչեց թագավորը։— Ես կարող եմ այժմ համարձակ դուրս գալ նրա առաջը, իսկ դու ինձ մոտ թաք կկենաս, և երբ հարձակվի ինձ վրա՝ դու իսկույն կբռնես նրան և զինաթափ կանես։ Ահա՛, ահա՛ երևում է նա. տե՛ս, ամպերի մեջ, խնոցու վրա հեծած, օձե մտրակը ձեռին գալիս է։
— Տեսնում եմ, տեսնում… դու սիրտդ պի՛նդ պահիր, չվախենա՛ս, ես նրա հոգին կհանեմ։
Այս ասելով իջան պարտեզ։ Արեգը թաք կացավ մի քարացած ծերունու քամակում։
Պառավը վայր իջավ թագավորի դիմացը, ձեռքն առավ իր երեք գավազաններից մեկը և սպառնալով ասաց.
Այս ի՞նչ եմ տեսնո՜ւմ,
Այստեղ ո՞վ եկա՜վ,
Այս կյանքն, այս հոգին
Սորան ո՞վ տվավ։
Հասե՛ք, ոգինե՜ր,
Հասե՛ք, շո՛ւտ հասեք,
Ձեր խեղճ պառավին
Եկե՛ք, օգնեցե՛ք։
Իսկ դու, գավազա՜ն,
Ինչպե՜ս ես զարկել,
Որ սա նորմեկանց
Ոտքի է կանգնել։
Հապա՜, գավազա՛ն,
Հապա՜ մեկ տեսնենք,
Քո զորությունը
Մեկ այժմ էլ փորձենք։
Գավազանը ձեռին հարձակվում էր պառավը, որ զարկեր թագավորին, ասելով՝
Քա՜ր էիր, Անդա՜ս,
Էլի քար դառնա՜ս.
այս միջոցին Արեգը բռնեց նրա մազերից և այնպես գետին փռեց, որ պառավը կիսաշունչ եղավ։ Թագավորը, որ առանց ուղիղ քարանալու, այլ միայն երկյուղից մնացել էր քարացած, նոր սրտապնդվեց և մոտեցավ պառավին։ Գավազանները խլեցին և պառավի ձեռք ու ոտքը կապեցին։
— Հիմա ի՞նչ պատժով պատժենք քեզ, գարշելի՛ պառավ,— ասաց թագավորը։
Պառավը պատասխանեց.
Ինչ պատիժ կուզեք, մե՜կ է ինձ համար,
Թող ձեր պատիժը ձե՜զ լինի հարմար։
Բայց այդ դու չէիր, Անդա՛ս թագավոր,
Այլ՝ տղայացած աղջի՜կ զորավոր…
Գրվա՜ծ է արդեն իմ ճակատագրում
Եվ ոգիների մատենագրում,
Թե՝ երբ մի աղջիկ կըդառնա տղա՜,
Քո թշվառ կյանքին նա՛ վախճան կըտա։
— Օ՜… եթե այդպես է՝ ես պատրաստ եմ,— ասաց Արեգը,— միայն՝ դու պետք է առաջ կենդանացնես այս քաղաքը։
— Թող այդպե՛ս լինի, թող կենդանանա՛,
Թող ամեն մեկը իր գործի՛ն կենա.
Ուրիշ չարություն շատ ունիմ արած,
Թող Բելիարը[5] նրանցով շատանա…
Ամպե՛ր, գոռացե՛ք,
Կայծակնե՛ր, զարկե՛ք,
Աղբյո՛ւրք, բխեցե՛ք,
Գետե՛ր, վազեցե՛ք։
Մարդ և անասուն,
Գազան և թռչուն,
Հասա՛վ ձեր ժամը,
Հիմա վե՛ր կացեք…
Պառավն իր խոսքը ավարտած-չավարտած՝ խորին լռությունը հանկարծ դղրդաց. քաղաքը մտքի արագությամբ կենդանացավ։ Ամենքն էլ այնպես շարունակեցին իրանց կիսատ թողած գործերը, որ կարծես ո՛չ քարացած են եղել երբևիցե, ո՛չ բան։ Աքաղաղը, որ իր կանչի կիսումն էր քարացել՝ մյուս կեսը հիմա ավարտեց. զուռնաչին, որ զուռնան բերանումն էր քարացել՝ շարունակեց ածելը. պար եկողն էլ, որ ձեռքերը բարձրացրած էր մնացել՝ շարունակեց իր պարը. խոհարարը շարունակեց մսի քափը քաշելը, և բոլորն այսպես… Ոչ մի մարդ, բացի թագավորից, չիմացավ, որ ինքը երբևիցե քարացած է եղել։
— Հիմա ի՞նչ անենք այս չար պառավին,— ասաց թագավորը։
— Գավազանները ձգենք ծովը,— պատասխանեց Արեգը,— իսկ պառավին թողնենք երթա, սրա զորությունը վերացած է այսուհետև։
Պառավը չուզեց կենդանի մնալ և ասաց նրանց.
— Ինձ է՜լ, ինձ է՜լ ծովը ձգեցեք,
Այնտեղից մոտ է Սանդարամետը[6],
Մահացու կյանքից ինձ ազատեցե՛ք,
Թող ինձ ընդունի Սատանապետը։
Լրացավ արդեն մի հազար տարին,
Որ ես գործիք եմ մեծ Բելիարի,
Միշտ չա՜ր գործեցի, չիմացա բարին,
Թող այժմ նորա կամքը կատարի։
Դեռ պառավն իր խոսքը չէր ավարտել, որ թագավորի մեծ վեզիրն ու սպարապետը եկան և, խոր գլուխ տալով թագավորին, ասացին.
— Տե՛ր արքա, բոլոր զորքը պատրաստ է, քո մեծության հրամանին ենք սպասում։
— Ինչո՞ւ համար եք պատրաստել զորքը,— հարցրեց թագավորը զարմանալով։
— Մենք կատարեցինք քո հրամանը. թշնամու զորքը մոտենում է, պետք է նրա առաջքն առնել։
— Սպասեցե՛ք, սպասեցե՛ք… այո՛, այո՛, ես հիմա հիշում եմ… այդ մեզանից ուղի՜ղ քառասուն տարի առաջ էր, ինչ որ ասում եք. մեր քարանալու օրն էր… թշնամու զորքերը եկան և, մեզ քարացած գտնելով, սարսափած փախան…
Վեզիրն ու սպարապետը իրար երես նայեցին և շշնջացին միմյանց.
— Թագավորը խելագարվել է… Այո՛, այո՛, զարմանալի՜ փոփոխություն, երեկ չէ՞ր, որ մոտն էինք. մեկ օրվա մեջ ծերացել է…
— Տեսնո՞ւմ եք դուք այս պառավին,— ասաց թագավորը,— սա՛ է մեր քաղաքի քարացնողը։ Քառասո՜ւն տարի շարունակ սա մեր քաղաքը քարացրած պահեց…
Վեզիրն ու սպարապետը, թագավորին գլուխ տալով, համաձայնություն ցույց տվին, որ իբր թե հավատում են նրա ասածին, բայց իրար հետ շշնջալով՝ «հաստա՛տ խելագարված է սա», ասացին։
— Եթե սա չլիներ,— շարունակեց թագավորը, ցույց տալով Արեգին,— եթե սա չլիներ՝ մենք հավիտյան քարացած կմնայինք։ Սա որ մի հրաշքով աղջկանից տղա էր դառել, և աղավնի դարձող աղջկանից անմահական ջուր էր ձեռք բերել, պատահմամբ ասեմ, թե Երկնքի տնօրենությունով, եկավ և ինձ կենդանություն տվավ իր ջրով, այս չար պառավին էլ բռնեց ու զինաթափ արավ։ Այժմ այս պառավին ձե՛զ եմ հանձնում. տարե՛ք սրան ծովը ձգեցեք… ահա՛ այս գավազանները ևս ծովը ձգեցեք…
Վեզիրն ու սպարապետը դարձյալ սկսեցին շշնջալ՝ դեպի մի կողմ քաշվելով։
— Հաստա՛տ, հաստա՛տ խելագարվել է,— պնդեց վեզիրը։
— Դրան ի՜նչ կասկած,— կրկնեց սպարապետը։— «Սա՛, ասում է, աղջիկ է եղել, տղա է դառել, մի աղջիկ էլ աղավնի է դառել, ինքն էլ անմահական ջուր է խմել, իսկ մենք՝ որպես թե քառասուն տարի է, որ քարացած ենք եղել…»։ Խելքը գլխին մարդը մի՞թե այդպիսի բաներ կխոսի։
Այս մարդոց կասկածը շատ բնական էր։ Վեզիրը քարանալուց առաջ ճաշի էր նստած և գդալը ձեռին բերանը տանելիս քարացել էր, իսկ այսօր գդալը տարել էր բերանը և իր ճաշը վերջացրել, եկել։ Սպարապետը, ոտքի մեկը ձիու ասպանդակումը դրած՝ հեծնել ուզելիս էր քարացել, և այսօր էր ոտը մյուս կողմն անց կացրել և հեծնել ձին ու եկել. էլ ուրեմն, ինչպե՞ս կարող էին երևակայել, որ երբևիցե քարացած են եղել։
— Գիտես ինչ կա, թագավո՛ր,— ասաց Արեգը ծածուկ։— Այս մարդիկը քո խոսքերին չեն հավատում և քեզ խելագար են համարում։ Այս շատ վտանգավոր բան է. կարող են քեզ ճշմարիտ խելագար համարել և թագավորությունից զրկել։ Հիմա դու սպասիր, տես՝ ես ինչ եմ անում, և ի՛նձ հետևիր։— Հետո, դառնալով վեզիրին ու սպարապետին, ասաց.
Եկե՜ք, պարոններ, եկե՜ք,
Մի՛ կասկածեք բնավին,
Տեսե՛ք՝ ինչպե՜ս եմ պատժում
Այս անըզգամ պառավին։
Այս ասելուց հետո, կախարդական գավազաններից մեկը ձեռին, մոտեցավ պառավին և ասաց.
Հրամանով
Բելիարի,
Ուրիելի,
Սադայելի[7]՝
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՛ր…
Ասաց ու զարկեց գավազանը։ Պառավը դառավ մի քած[8] էշ և սկսեց խառանչել[9]…
— Ա՜յ քեզ բան,— բացականչեց Արեգը,— երևի այս գավազաններից ամեն մեկը մի ջոկ զորություն ունի, կամ գուցե իմ անեծքս էր իշավարի, և պառավն իր խառանչյունով ծիծաղում է ինձ վրա։ Փորձենք երկրորդ գավազանը։
Սադայելի ահեղ սրով,
Տարտարոսի[10] մեծ զնդանով,
Քեզ զարկում եմ, անիծում եմ,
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՜ր…
Պառավը դարձավ մի սև ագռավ և ուզեց թռչիլ, բայց ոտները կապած էին, չկարողացավ…
— Սպասեցե՛ք, երրորդ գավազանը փորձենք։
Առավ երրորդ գավազանը և սկսեց ավելի թունդ անիծել՝ կարծելով, թե իր անեծքի թուլությունիցն է, որ պառավը քար չի դառնում։
Քարեկարկո՜ւտ,
Արյունանձրև՜,
Մե՜գ, մառախո՜ւղ,
Թանձր մռա՜յլ,
Խիտ աղջամո՜ւղջ,
Թունդ երկրաշա՜րժ,
Մահտարաժա՜մ[11],
Որո՜տ, կայծա՜կ,
Հրդե՜հ, կրա՜կ,
Նավթահեղե՛ղ
Դժոխային
Թափվի գլխիդ,
Ո՛վ սև ագռավ,
Դահի՛ճ պառավ…
Քեզ զարկում եմ
Չա՛ր մահակով,
Դագանակո՜վ,
Որոտմունքի
Թո՛ւնդ մտրակով,
Կայծակների
Ահե՛ղ զարկով,
Անեծքս ա՛ռ,
Դարձի՜ր լեռ քար…
Ասաց ու զարկեց գավազանը, և պառավը դարձավ մի դաժանատեսիլ քարե արձան։ Հետո, դառնալով վեզիրին ու սպարապետին, ասաց Արեգը.
Հիմա ամառն է, բայց դուք չըգիտեք.
Այս շոգ կրակին մուշտակ եք հագել.
Ձմեռն է եղել, երբ քարացել եք,
Էնդուր[12] եք հիմա այդ ձևով եկել։
Մա՛րդ ուղարկեցեք մի ուրիշ քաղաք,
Որ գնա բերե ձեր տարեթիվը,
Նրանով կիմանաք ձեր գլխի անցքը,
Կուղղեք ձեր այժմյան սխալ հաշիվը։
Եթե ոչ՝ ես ձեզ էշեր կըշինեմ,
Կամ սև ագռավներ՝ երթաք կռկռաք,
Որ այնուհետև ձեր թագավորը
Ինչ որ ձեզ ասե՝ իսկույն հավատաք…
— Օ՜… ես հիմա հավատո՛ւմ եմ, հավատո՛ւմ,— ասաց վեզիրը,— այս բոլորը աչքովս տեսնելուց հետո՝ էլ չե՛մ կարող չհավատալ… Ճշմարիտ որ ձմեռն է եղել, իսկ հիմա… ամառն է… այո՛, ամառն է…
— Ես էլ եմ հավատում, ես էլ… ես չեմ ուզում ո՛չ էշ և ո՛չ ագռավ դառնալ, իսկ քարանալու ախորժակ բնավ չունիմ… իրա՛վ, ի՜նչ շոգ է այսօր, քիչ է մնում, որ այրվիմ…
— Տե՛ր արքա, ճաշը պատրաստ է, թագուհին ձեզ է սպասում,— ասաց մի պալատական՝ խոր գլուխ տալով թագավորին։
— Երթա՛նք, երթա՛նք, մի կտոր հաց ուտենք,— ասաց թագավորը։— Ահա՛ քառասուն տարի է, որ պատառ չեմ դրել բերանս, բայց, ուղիղն ասեմ, չեմ էլ քաղցել։ Միայն ծարավս շատ էր տանջում ինձ երբեմն, և ավելի ևս սաստկացավ, երբ լսեցի Արեգի ձայնը։ Երևի իմ ծարավիլն էլ Երկնքի կամքովն էր, նրանով պիտի գտնեի իմ փրկությունը… Երթա՛նք, երթա՛նք, մի կտոր հաց ուտենք…
Անդաս թագավորը լավ կշտացրեց թե՛ Արեգին և թե՛ նրա Բազիկին։ Արեգին պահեց թագավորը մինչև քսան օր. այդ քսան օրվան մեջ շատ թագավորներից դեսպաններ եկան և շնորհավորեցին Անդասի և նրա քաղաքի վերակենդանությունը։ Նույն քաղաքից հազարավոր մարդիկ կային հեռավոր երկիրներ գնացած, որոնք իրանց քաղաքին պատահած պատուհասից վախենալով՝ չէին վերադառնում. այժմ եկան ավելի բազմացած թվով, որդոց և թոռանց տերեր դարձած, մինչդեռ քաղաքի աճելությունը, քարանալու պատճառով, դադարել էր։
Նորեկները, իմանալով, որ Արեգն է այն բարի հրեշտակը, որ հաղթել է չարին և կյանք տարածել չարի մահ սփռած տեղը՝ նրան աստվածավայել պատիվներ տվին ճոխ խնջույքներով։ Թագավորն ինքը մի մեծ խնջույք տվավ, ուր ներկա էին հազարավոր անձինք։ Ինքն էր բոլոր զվարճություններին ընթացք տվողը, ինքն էր առաջարկում կենաց թասերը։ Երբ Արեգի կենաց բաժակը ձեռքն առավ, սկսեց խոսիլ թագավորը և ասաց.
— Ի՜նչ էինք երեկ և ի՜նչ ենք այսօր.
Դո՛ւ պատասխանիր, Անդա՛ս թագավոր.
— Քա՜ր էինք երեկ, քա՜ր անշունչ, կանգուն,
Իսկ այսօր՝ մարդիկ, կենդանի, շարժուն…
Ի՜նչ հեշտ պատասխան… բայց ո՞վ կըմբռնե,
Ո՞վ կըզգա, թե ի՜նչ սոսկալի բան է
Շարունակ տանջվիլ քա՜-ռա՜-սո՜ւն տարի,
Փշալի՜ց ձեռքում մի անգութ չարի…
Եվ ահա այդ խիստ, չա՜ր կապանքներից,
Անխորտակելի այդ շղթաներից
Մեզ ազատում է մի չքնաղ ոգի,
Ամեն տեղ սփռում և՛ կյանք, և՛ հոգի…
Ո՞վ էր այդ Քաջը, այդ Առաքինին.
Ահավասիկ Նա՝ Արեգ պատանին.
Սա՛ է, որ սրբեց իմ սուգն ու լացը.
Խմե՜նք Արեգի անգին կենացը…
Թագավորի այս առաջարկության վրա հազարավոր ձայներ, միասին «կեցցե՜ Արեգը» գոչելով, թնդացրին ամբողջ ապարանքը։ Աշըղներն էլ, որ թագավորի ակնարկելուն էին սպասում, խմբովին հնչեցրին հիսնաղի քնարները[13] և երգեցին միաձայն.
Արի՛, բյուլբյո՛ւլ, ուրախացի՛ր,
Քո վարդն ահա՛ բացվել է.
Վերադարձի՛ր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է։
Արեգն իջավ Երկնքիցը,
Ամենայն տեղ կյանք սփռեց,
Քարերն ամեն հոգի առան,
Քո կարմիր վարդն էլ բացվեց։
Արի՛, բյուլբյո՛ւլ, ուրախացի՛ր,
Քո վարդուհին բացվել է.
Արի երգի՛ր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է…
Արեգը մեկ Արեգակ է,
Քաջ պատանու կերպ առած,
Սա բարի է, առաքինի,
Արևի պես ողորմած։
Արի՛, բյուլբյո՛ւլ, ուրախացի՛ր,
Քո վարդուհին բացվել է.
Արի երգի՛ր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է…
Աշըղները դեռ երկար կշարունակեին Արեգին գովասանել, եթե Արեգը, համեստությունից ստիպված, չընդհատեր նրանց իր հետևյալ պատասխանական ճառով.
Ես մի թույլ էակ, չնչին արարած,
Չգիտեմ արդյոք ի՞նչ ունիմ արած,
Որ ինձ տալիս եք այսքան փառք, պատիվ,
Այսքան գորովանք, մաղթանք անհաշիվ.
Ի՞նչ գտավ արդյոք Երկինքն ինձանում,
Ես այդ չգիտեմ և չեմ իմանում,
Որ ցույց է տալիս այսչափ սեր և գութ,
Հարթում է առջևս ամեն խոչ ու խութ.
Առյուծն իմ առջև քծնում է շան պես,
Վիշապը դառնում մի վախկոտ մողես,
Աղբյուր է բխում ապառաժ տեղում,
Դարավոր ճահիճն առաջիս ցամքում…
Եթե բոլորը, ինչ որ տեսել եմ,
Այժմ մի առ մի ձեր առջև պատմեմ,
Կըտեսնեք, որ սա մի բախտ է միայն
Եվ շնորհք Երկնի միջամտության…
Ուստի մենք Նրա՛ն և միայն Նրա՛ն
Պիտի համարենք պաշտելու արժան.
Նա՛ վերացրեց չարի զորություն,
Նորա՛ն պիտի տանք փառք և գոհություն…
* * *
Չնայած Արեգի համեստությանը՝ քաղաքացիք նրան դյուցազանց կարգը ձգեցին, որ երախտապարտ չմնան Երկնքի առջև։ Եվ ահա՛ ինչպես։ Տեսան, որ պառավի սոսկալի արձանից վախենում են բոլոր երեխաները և շատ մեծեր էլ՝ նրան տարան ծովը նետեցին։ Նա ընկավ ուղղակի դժոխքի վրա և իր ուժգին զարկովը ամբողջ դժոխքը իր միջի չար ոգիների անթիվ լեգեոններովը[14] մի հազար մղոն[15] էլ ցած գլորեց… Դրանից հետո հավաքվեցան քաղաքի բոլոր ճարտարապետներն ու նկարիչները, քաշեցին Արեգի պատկերը՝ Բազիկի վրա հենած. նրա ձևով շինեցին մի ոսկեձույլ արձան։ Այդ արձանը կանգնեցրին քաղաքի կենտրոնում եղած մեծ պարտեզումը, որ զբոսավայր էր ամենի համար, մանավանդ՝ երեխայոց, որոնք այնուհետև միշտ նրա չորս կողմումն էին խաղում և վրան նայելով՝ զմայլում։ Արեգը չտեսավ իր արձանը. նա այդ ժամանակ արդեն գնացել էր։ Նա երազումը տեսավ, որ Նունուֆարը վերջին շնչումն է, շտապեց վերադառնալ, որ գուցե կարողանա օգնություն հասցնել։