Chapter 2
2
Երբ որ Արեգնազանը ներկայացավ թագավորին և հայտնեց, որ ինքը Արմանի որդին է, թագավորը շատ ուրախացավ։
— Ես այնպես էի կարծում,— ասաց թագավորը,— որ մեր Արմանը հասած տղա չունի։ Անունդ ի՞նչ է, տղա՛ս։
— Տերությանդ ծառա՝ Արեգ։
— Արե՜գ… շա՛տ լավ անուն է և քեզ բոլորովին հարմար։ Ուրա՛խ կաց, տղա՜ս, քեզ այստեղ լավ կպահեն։ Եթե մի նեղություն, մի կարիք ունենաս՝ ինձ հայտնիր։ Վաղը պիտի որսի երթանք, դու էլ կգաս ինձ հետ։
Թագավորը մինուճար մի աղջիկ ուներ, Նունուֆար անունով։ Այնքան գեղեցիկ էր Նունուֆարը, որ արեգակին ասում էր՝ «Դու մի՛ դուրս գա, ե՛ս եմ դուրս գալու»։
Երբ որ թագավորը խոսում էր Արեգնազանի հետ՝ Նունուֆարը վարագույրի հետևից թաքուն նայում էր նրա վրա և զմայլում։
«Սա իսկ և իսկ այն պատկերն է, որին քանի անգամ տեսել եմ ես երազումս»,— ասում էր Նունուֆարն ինքն իրան…
Մյուս առավոտը որսական փողերը հնչեցին։
Հազարից ավելի ձիավոր դուրս եկան, բոլորն էլ զինավորված լայնակամար նետաղեղներով, երկայնակոթ նիզակներով և այլ զենքերով։ Իրանց հետ ունեին բազմաթիվ գամփռներ, բարակներ[2], բազեներ… Մի խոսքով՝ որսի ամեն պատրաստությունով։
Անցան գնացին, հասան մի լայնատարած դաշտ, չորս կողմից ահագին անտառներով շրջապատված։ Որսական շներով անտառներից դուրս փախցրին բոլոր էրեներին[3] դեպի դաշտ, շղթայաձև շրջապատեցին ամբողջ դաշտը և, բոլոր որսերին կալմեջ արած, սկսեցին անխնա կոտորել։
Արեգնազանը թագավորի մոտից չէր հեռանում և նրանից էլ քիչ չէր կոտորում։ Որսասպանության այս թունդ միջոցին թագավորը մի եղջերվի հետևից ձին չափ գցելիս, ինչպես պատահեց, վայր ընկավ ձիուցը, թեև անվնաս, միայն ձին խրտնեց, փախավ, թագավորը մնաց հետիոտն և իսկույն ընկավ մի արջի առաջ։ Արջը հետևի ոտների վրա կանգնեց, բերանը բաց արավ և հենց որ ուզում էր թագավորին իր գիրկն առնել, ջարդել՝ Արեգնազանը մի ակնթարթի մեջ նետի պես սլացավ իր ձիով և թրի մի հարվածով կես արավ արջի գլուխը և վայր գլորեց ամեհի գազանին։ Թագավորն ազատվեցավ, և Արեգը դարձավ նույն օրվա հերոսը։
— Ա՜յ քեզ բախտ… ինչո՞ւ ե՛ս չէի մոտիկ թագավորին…— ասում էին որսորդներից շատերը…
Թագավորին սույն օրվա պատահած դեպքի լուրը շուտով քաղաք հասավ, և պատանի որսորդի արած քաջության համբավը մի րոպեում տարածվեց ամբողջ քաղաքի մեջ։
Տեսնելու բան էր, թե ինչպիսի՛ աղաղակ էին բարձրացնում քաղաքացիք որսորդների վերադարձին։
— Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ քաջ Արեգը,— գոռում էին միաբերան և երգում.
Ո՞վ է ազատել մեր թագավորին
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…
Մեր քաջ Արեգը, սիրուն պատանին.
Նա՛ է ազատել արջի ճանկերից,
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…
Երկայն նիզակը բերանն է կոխել,
Գլուխը թրով մեջտեղից կիսել,
Ամեհի գազանին գետին կործանել,
Մեր թագավորին անվնաս պահել
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից։
Արեգն է սիրուն արեգակի պես,
Նոր է դուրս եկել որսական հանդես,
Արջի գլուխը արավ երկու կես,
Մեր թագավորին ազատեց այսպես
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…
Արեգն է դյուցազն, քաջ ու անվեհեր,
Կեցցե՜ հավիտյան, կեցցե՜ շատ օրեր.
Եթե նա այսօր այնտեղ չլիներ՝
Մեր թագավորին էլ ո՞վ կազատեր
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից։
Արեգնազանը, այս ցույցերը տեսնելով, ասում էր ինքն իրան.
— Ա՜խ, ի՜նչ լավ բան է տղա լինելը. երանի՛ ես ճշմարիտ տղա լինեի։ Աղջիկը որտեղի՞ց կարող էր այս պատվին արժանանալ…
— Դու այսօր ցույց տվիր ինձ քո շնորհքդ, Արե՛գ,— ասաց թագավորը,— այսուհետև դու ինձնից անբաժան կմնաս։ Ապրի՛ս, տղա՛ս, ապրի՛ս։ Դու մի հազվագյուտ էակ ես. գեղեցկության և ջահելության հետ շատ հաշտ չէ քաջությունը, բայց Երկինքն ուզեցել է քեզ մի բացառություն համարել։ Վաղը դու մեր ձիաներից կընտրես քեզ համար ամենալավը, իմ զենք ու զրահներից՝ ամենից ընտիրները։ Դու ժամանակով դյուցազանց կարգը կընկնիս, և հենց այժմ էլ մի փոքրիկ դյուցազն ես…
Թագավորը շատ ուրախ էր, որ մի փոքրիկ դյուցազն է գտել, բայց Նունուֆարի ուրախությունը սահմանից անց էր կացել։
— Սրան Երկինքն է ուղարկել ինձ համար,— ասում էր Նունուֆարը ինքն իրան,— բանն այնպես է գնում, ինչպես որ պետք էր ցանկանալ։ Բայց ես ե՞րբ պիտի տեսնեմ նրան երես առ երես, կամ նա ինձ ե՞րբ պիտի տեսնի։ Ա՜խ, ինչքա՜ն ցանկանում եմ, որ հենց ա՛յս րոպեիս նա իմ մոտս լինի, մենք միասին կխոսինք, ես նրան կասեմ… նա ինձ կասե… Եվ ինչո՞ւ չկանչել, ինչո՞ւ չխոսել։ Հայրս նրան որդու պես է սիրում, որովհետև իր բարեկամի որդին է. նա ազատ ել ու մուտ ունի բոլոր պալատում։ Այո՛, այո՛, պետք է կանչել։ Է՜յ, ո՜վ կաք այդտեղ,— կանչեց Նունուֆարը, և ներս մտավ մի աղախին։
— Այս րոպեիս կերթաս Արեգի մոտ և կասես, որ գա ինձ մոտ. ասա՝ «Ե՛կ, ինձ տես»…
Աղախինը գնաց և կանչեց Արեգին։
— Չեմ կարող գալ,— պատասխանեց Արեգը։
— Ինչո՞ւ չեք կարող, պարո՛ն. նա հրամայել է,— պնդեց աղախինը։
— Ես նրա մոտ գործ չունիմ, հասկանո՞ւմ ես…
— Պարո՛ն, նա ասում է. «Ե՛կ, ինձ տես»… հասկանո՞ւմ ես…
— Գնա՛ ասա. «Ո՛չ կգամ և ո՛չ կտեսնեմ քեզ»…
Աղախինը գնաց։
Նունուֆարը, Արեգի մերժումը լսելով՝ այնպես սառավ ու տաքացավ, այնպես կարմրեց ու սփրթնեց փոփոխակի, որ աղախինը, այդ տեսնելով՝ սարսափի մեջ ընկավ։
Նունուֆարի սիրտն ուզում էր տրաքիլ, գլխի սկավառակն ուզում էր բարձրանալ։ Նա անդադար այս ու այն կողմն էր ընկնում, մե՛րթ դուռն էր բաց անում, մե՛րթ պատուհանը. նրա սենյակը դարձավ մի հնոց և նրան այրում, խորովում էր։
— Մերժո՜ւմ… արհամարհա՜նք… ի՜նձ, ի՜նձ, ո՜հ, գլուխս, գլուխս տրաքում է, տրաքում…
Աղախինը, տեսնելով իր տիրուհու անսահման սրտնեղությունը, վստահացավ ասել.
— Տիրուհի՛, ես զարմանում եմ, որ դու մի այդպիսի դատարկ բանի համար սիրտդ շուռ ես բերում։ Նա գուցե սաստիկ ամաչում է, և դրա համար է, որ չեկավ։ Երբ որ լսեց, որ դու կանչում ես իրան, ամոթից կարմրեց, վարդ կտրեց և ինչքա՜ն գեղեցիկ էր…
— Ասա՛, ասա՛, խոսիր, շարունակիր… ես չլսեցի քո բոլոր ասածները… Ո՜հ, որքա՜ն ստոր եմ ես հիմա նրա աչքումը, որքա՜ն ստոր… Բայց նա սխալվում է, այնպես չէ՞. նա սխալվում է…
Նունուֆարը, երկար ժամանակ հոգեպես տանջվելով, թուլացավ և ընկավ անկողին։ Թագավորին իմաց տվին. նա գնաց տեսավ, բժիշկներ կանչեց. հավաքվեցան բոլոր բժիշկները, հույս տվին թագավորին, թե՝ հիվանդությունը վտանգավոր չէ և շուտով կբժշկեն, բայց դրա հակառակ, քանի գնաց՝ Նունուֆարի տկարությունը վտանգավոր դարձավ. բժիշկները հուսահատվեցան և ուղղակի հայտնեցին, որ չեն կարողանում իմանալ ոչ ցավի պատճառը և ո՛չ նրա բժշկելու հնարը։
Շատ տխրեց թագավորը։ Նունուֆարը նրա միակ զավակն էր, միակ մխիթարությունը, իր թագավորության միակ ժառանգուհին։ Ամբողջ պալատը և համարյա ամբողջ քաղաքը տխրության մեջ ընկավ։ Արեգնազանն էր միայն անտարբեր մնացողը։ Նրա հոգը չէր ամենևին, և չէր էլ երևակայում, որ ի՛նքն է նրա տխրության միակ պատճառը:
Նունուֆարին փոքրիշատե սփոփողը և ուրախ տրամադրություն տվողը թագավորի ծաղրածուն էր, իսկ նրա վրա հսկողն ու խնամք տանողը վեզիրի կինն էր:
Վեզիրի այրի կինը մի հասած տղա ուներ։ Նա կարծում էր, որ թագավորին արժանավոր փեսացու միայն իր տղան կարող է լինել և ոչ մի ուրիշը։ Այս պատճառով նա գիշեր-ցերեկ չէր հեռանում Նունուֆարի մոտից. աշխատում էր նրան առողջացնել և միևնույն ժամանակ նրա սերը գրավել։
— Տիրուհի՛, ի՞նչ կտաս, որ ես քեզ բժշկեմ,— ասաց մեկ երեկո ծաղրածուն։
— Ի՞նչ պիտի տամ, հիմա՛ր, եթե մի հնար գիտես՝ էլ ո՞ր օրվան համար ես պահում։
— Այդ լավ ասացիր. ինձ պես հիմարին ո՞վ բան կտա. ուրիշ բան է, եթե ես մի հիմար բժիշկ լինեի։ Սպասի՛ր, ես պիտի տեսնեմ՝ քո խելքդ գլխո՞ւմդ է, թե՞ քեզանից խռովել է, գնացել է ուրիշի գլուխ մտել։
— Այդ ինչպե՞ս պիտի իմանաս։
— Ա՛յ ինչպես։ Եթե տասնից երկու պակսեցնես՝ կարո՞ղ ես էլի նորմեկանց տասը շինել։
— Ինչո՞ւ չէ. տասնից կպակսեցնենք երկու, կդառնա ութ. ութի վրա երկու կավելացնենք, կդառնա էլի տասը։
— Այդ ինչպե՞ս կարելի է. տասնից որ երկու գջլես[4], էլ ինչպե՞ս կարող ես կպցնել նրան։ Հիմա որ քո մի կուռը կտրենք, մեկ էլ նորմեկանց տեղը դնենք, կկպչի՞…
— Այդպես չէ, հիմա՛ր։ Եթե դու ունենաս տասը խնձոր, նրանցից երկուսն ուտես՝ տեղը չի՞ մնալ ութ։ Հիմա այս տիկինը, որ քեզ երկու խնձոր տա, կավելցնես մնացած ութի վրա, էլի կունենաս տասը խնձոր։
— Հա՜, հիմա հասկացա։ Ուրեմն՝ դու այնպես ես հաշվում, որ կերած խնձորների տեղը կարելի է ուրիշ խնձորներ դնել։
— Իհա՛րկե, կարելի է։
— Իսկ ես այնպես էի կարծում, թե՝ կերածը կերած է, կորածը՝ կորած, մեռածը՝ մեռած. էլ դրանք ետ չեն դառնալ։ Ուրեմն, այս տիկինն ինչո՞ւ է մեկ մնացել։ Սա մեկ մարդ ուներ, մեռավ. առաջ սա և իր մարդը երկու էին. հիմա եթե սրա վրա ուրիշ մեկ մարդ ավելացնենք՝ խոմ էլի կդառնա՞ երկու։ Բայց առաջվան մեկը վեզիր էր, ողորմի՛ իրան, խելոք մարդ էր կարծվում, երկրորդ մեկը թող լինի մեկ հիմար կարծվող ծաղրածու։ Այս հանգամանքը խոմ մեր հաշվին չի՞ դիպչիլ. տիկինը, որ հիմա մեկով պակաս է՝ առաջվա պես կդառնա երկու…
— Դու իմ հոգսը մի՛ քաշիր, հիմա՛ր,— ասաց տիկինը.— դեղ գիտես՝ քո տիրուհուդ համար արա. թող ես մեկ մնամ…
— Տիկի՛ն, իմ տիրուհին մեկ է, սրան ուրիշ մեկ չի պակսիլ, բայց ուզում է երկու դառնա։ Ես հիմա մտածում եմ, որ սրա համար մի այնպիսի «մեկ» գտնեմ, որ եթե սրա վրա ավելացնենք՝ դառնա էլի մեր առաջվան Նունուֆարը։
Ծաղրածուն մատը ճակատին դրավ և մի փոքր մտածելուց հետո բացականչեց.— Գտա՜, գտա՜…— Եվ սկսեց երգել.
Մե՛կ — րե՛գ, մեր Արեգ,
Չո՛րս — մո՛րս, գնաց որս.
Վե՛ց — նե՛ց, ըսպանեց
Մի արջիկ, մի աղջիկ…
Ես հաշվեցի և գտա
Մեր պալատում մի տղա,
Նրան տեսնող աղջիկը
Խելքը հացով կուլ կըտա։
Ես հիմար եմ, միշտ հիմար,
Ինձ ո՞վ կասի, թե՝ գտար
Իմ սիրելի տիրուհու
Ցավի համար դեղ ու ճար։
Յարալլալի, շարալլալի,
Հայդե՛, հիմա՛ր, դո՛ւրս արի…
Երգեց հիմարը և, մի քանի ոստյուններ անելով, դուրս փախավ…
Վեզիրի կինը «մատը կծեց» և ընկավ մտատանջության մեջ։ «Ես հիմա հասկացա ամեն բան,— ասաց իր մտքումը։— Հիմարն իմ հաշիվը տակնուվրա արավ։ Շա՜տ լավ. քո Արեգին մի այնպիսի տեղ ուղարկեմ, որ գնալն ըլի, գալը չըլի»…
— Մեր հիմարն այնքան հիմար չէ, ինչքան կարծվում է,— ասաց տիկինը Նունուֆարին։
— Այո՛, բայց այս անգամ շատ հիմարացավ,— պատասխանեց Նունուֆարը։
Մյուս առավոտը ամենից կանուխ վեզիրի կինը գնաց թագավորի մոտ։
— Ի՞նչ կա, ինչպե՞ս է աղջկանս առողջությունը,— հարցրեց թագավորը։
— Էլի այնպես է, տե՛ր թագավոր, ինչպես տեսել ես. բայց ես եկել եմ քեզ մի ուրախառիթ լուր հաղորդելու։
— Ի՞նչ լուր, ասա՛ շուտով, գուցե իմ աղջկանն է վերաբերում. ուրիշ ո՛չ մի լուր ինձ չի կարող ուրախացնել։
— Այո՛, այո՛։ Այս գիշեր երազումս երևաց մեր թագուհին և ասաց ինձ, որ Նունուֆարի միակ դեղը «անմահական ջուրն է»։
— Ան-մա-հա-կան ջո՜ւր…— բացականչեց թագավորը,— բայց ո՞վ կարող է բերել այդ անմահական ջուրը, որի միայն անունն ենք լսած, իսկ իրան չենք տեսած։
— Ես հարցրի այդ մասին թագուհուն, և նա ասաց, որ միայն Արե՛գը կարող է բերել…
— Արեգը… լա՛վ, ես կուղարկեմ Արեգին, թող երթա իր բախտը փորձե…
Թագավորը կանչեց Արեգին և առաջարկեց նրան գնալ անմահական ջրի։
— Գնա՜, տղա՛ս, եթե կարողանաս այդ ջրից բերել և իմ աղջկանս առողջացնել՝ ես նրան քեզ կտամ և նրա հետ իմ թագավորությունը։
— Այդ խոստումն էլ որ չլինի, տե՛ր արքա, ես պատրաստ եմ հնազանդիլ քո հրամանին,— ասաց Արեգը,— դու ինձ ասա միայն՝ որտե՞ղ է գտնվում այդ անմահական ջուրը։
— Նրա տեղն ո՞վ կիմանա, որդի՛։ Նա մի առանձին պարգև է, մի առանձին ողորմություն և շնորհք, որ բարի ոգիները միայն իրանց ընտրածին են տալիս։ Թեպետ լսած ենք, թե՝ նա մի աղբյուր է, թե՝ նրա վրա հսկում են աներևույթ ոգիները, որ նա երբեմն բխում և երբեմն անհայտանում է, բայց այդ ո՞վ գիտե։ Դու երեսդ կդարձնես դեպի արևելք, կընկնես երկրե երկիր, աշխարհքե աշխարհք, ամեն տեղ հարցուփորձ կանես, կա՛մ կգտնես, կա՛մ չես գտնիլ. այդ քո ճակատագրից, քո բախտիցն է կախված. բայց ինչ էլ որ լինի՝ հաջողություն թե անհաջողություն, դու շատ բան կտեսնես և շատ բան կսովորես։ Իմ գանձարանը բաց է քեզ համար. որքան կարող ես՝ հետդ ոսկի և ակնեղեն վերցրու. շատ տեղ հարկավոր կգա…