Chapter 1
1
Շատ հին ժամանակ, երբ աշխարհքս լիքն էր հրաշքներով, և երբ բարի ու չար ոգիները անընդհատ պատերազմ էին մղում իրար դեմ, ահա՛ այդ ժամանակ Մասիսի ստորոտում կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով։
Արմանն ուներ երեք զավակ՝ մորից որբ մնացած։ Նրանցից երկուսն աղջիկ էին՝ մինը քան զմյուսը գեղեցիկ, իսկ երրորդը՝ ավելի ևս չքնաղ և չնաշխարհիկ, միայն բարի ոգիները նրա ինչ լինելը թաքցրել էին հողեղեններից։ Այդպես էին կամեցել բարի ոգիները իրանց համար հայտնի նպատակով, և մի ուրիշ ժամանակով, երբ որ ժամանակը լրանար, այնուհետև նա կա՛մ աղջիկ և կա՛մ տղա պիտի դառնար։ Բայց Արմանը նրան չէր որոշում աղջիկներից, և երեքին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։ «Թող սա էլ աղջիկ համարվի,— ասաց նա,— մինչև բարի ոգիների կամքը կատարվի»,— և անունն էլ դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան։
Արեգնազանը մեծացավ աղջկա պես. և թեպետ հավատացած էր, որ ինքն աղջիկ է և աղջիկներից էլ՝ ամենից գեղեցիկը, բայց ատելով ատում էր աղջկան վայել բաները։ Նա չէր սիրում բուրդ գզել, թել մանել, կար ու գործ անել և, դրա հակառակ, երբ մի լավ ձի կամ մի զենք էր տեսնում՝ խելքը գնում էր։ Մայր չուներ, որ նրան ստիպեր, տնարարություն սովորեցներ, իսկ հայրը, կարծես գիտությամբ, ոչ միայն այդ մասին ոչինչ հոգս չէր անում, այլև նրան իր հետ որսի էր տանում և ձի հեծնել ու զենք գործածել էր սովորեցնում։
Այսպես անցավ մի ժամանակ. մեկ օր Արմանը կանչեց իր զավակներին և ասաց.
— Ես ծառայում էի մեր բարի թագավորին, և նա ինձ շատ սիրում էր։ Ահա՛ այս դաշտերն ու անտառները, այս սարերն ու ձորերը, որ հիմա մեր ձեռին են, բոլորը թագավորն է ընծայել ինձ իմ հավատարիմ ծառայությանս համար։ Երբ որ ձեր մայրը վախճանվեց՝ սաստիկ տխրություն եկավ վրաս։ Վեր առա ձեզ, քաշվեցի այս խաղաղ վայրերը և, տխրությունս փարատելու համար, գլուխս որսորդության տվի։ Դուք հիմա մեծացել եք, իսկ ես՝ ծերացել։ Դուք այստեղ մեծանում եք, ինչպես վայրի եղջերուները։ Ի՞նչ կլինի ձեր վերջը, եթե այստեղ մնաք. իհա՛րկե, շատ վատ։ Ապագա թշվառությունից ձեզ ազատելու համար ես մտածել եմ, որ ձեզանից մեկին, տղայի հագուստով, ուղարկեմ թագավորի մոտ ծառայելու։ Թագավորը սիրով կընդունի և իմ տեղը ժամանակով նրան կտա։ Այդպիսով, ձեզանից մեկը կարող է մյուսներիդ էլ տանել իր մոտ։ Հիմա ո՞րդ կուզենաք գնալ։
— Ե՛ս կերթամ, հայրի՛կ,— ասաց մեծ աղջիկը։
— Ես էլ, հայրի՛կ, ես էլ,— մեջ ընկավ միջնակը։
Արեգնազանը լուռ էր։
— Իսկ դու, Նազանի՛կ, դու չե՞ս կամենալ,— հարցրեց հայրը Արեգնազանին. կարծես ուզում էր, որ գնացողը նա՛ լիներ անպատճառ։
— Ինչո՞ւ չէ, հայրի՛կ. բայց երբ որ իմ մեծ քույրն ուզում է, ես ինչո՞ւ արգելք լինիմ նրան։
— Այստեղ արգելքի բան չկա, հոգի՛ս. ինձ համար դուք երեքդ էլ մեկ եք, միայն՝ դեռ չգիտեմ, թե՝ ձեզանից ո՞րն ավելի հարմար կլինի։
— Ես ամենից հարմարն եմ, հայրի՛կ,— ասաց մեծը,— որովհետև ես ամենից մեծն եմ։
— Շա՛տ լավ, բայց ես առանց պայմանի ոչ մեկիդ չեմ ուղարկելու։ Եթե դու կամենում ես՝ կերթաս, ուրեմն, կփոխես հագուստդ, կընտրես զենք ու զրահ, և առավոտը շատ վաղ քո ձին կհեծնես, կերթաս որսորդության. եթե դատարկ չվերադառնաս, քեզ կուղարկեմ թագավորի մոտ։
Մյուս առավոտուն մեծ աղջիկը, ինչպես պատվիրել էր հայրը, ճանապարհ ընկավ դեպի դաշտ՝ մի բան որսալու համար։ Երբ որ մտավ մի խոր ձորի մեջ և ուզում էր անցնել մյուս կողմը, նրա առաջը կտրեց մի դիմակավորված ձիավոր՝ ոտից մինչև գլուխ զինավորված։ Աղջիկը նրան որ տեսավ՝ այնպես վախեցավ, որ քիչ մնաց լեզուն կապվի. սաստիկ երկյուղից մնաց կաշկանդված, փախչիլ անգամ չկարողացավ։ Ձիավորը մոտեցավ նրան ու ասաց.
— Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Ո՞ւր ես գնում այդպես մենակ.
Ինչո՞ւ փափուկ անկողնիցդ
Դուրս ես եկել անժամանակ։
Աղջիկը պատասխանեց կմկմալով.
— Ես… ես… գնում եմ…
Ոչ… ոչ… չեմ գնում…
Հա… հա… պիտի գնամ…
Ի՞նչ երեսով ետ դառնամ…
Ձիավորն ասաց սպառնալով.
— Դու գնո՞ւմ ես, ո՞ւր ես գնում,
Ո՞ւր ես փախչում դու ձեր գեղից.
Ե՛տ դառ իսկույն, թե չես ուզում,
Որ գլուխդ թռչի տեղից…
Այս ասելով ձիավորը հանեց թուրը և բարձրացրեց, որ զարկե աղջկանը, բայց նա բղավեց.
— Վա՜յ, վա՜յ, մի՛ զարկիր, մի՛ զարկիր, ես աղջիկ եմ, ես աղջիկ եմ, ահա՛, ահա՛, ետ եմ դառնում։
— Որ աղջիկ ես, ուրեմն՝ գնա ձեր տուն, ձեր հավերին կուտ տուր։ Տղամարդի հագուստ ունենալը բավական չէ, պետք է տղամարդի սիրտ էլ ունենալ։ Էլի լավ էր, որ ինձ պատահեցար և ո՛չ մի ուրիշին,— ասաց ձիավորը և անհայտացավ։
Աղջիկը դողդողալով վերադարձավ տուն։
— Է՜… ո՞ւր է բերած որսդ,— հարցրեց հայրը,— ինչո՞ւ այդպես շուտ վերադարձար։
— Ճանապարհին ջերմս բռնեց, հայրի՛կ, գլուխս ցավում է,— պատասխանեց աղջիկը։
Մյուս օրը միջնակին ուղարկեց։ Նա էլ մեծին պատահած փորձանքին հանդիպեց. նրա պես վախեցած վերադարձավ տուն։
Երրորդ օրը Արեգնազանին ուղարկեց։ Նրան ևս հանդիպեց միևնույն ձիավորը և ասաց.
— Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Ո՞ւր ես գնում այդպես մենակ.
Ինչո՞ւ փափուկ անկողնիցդ
Դուրս ես եկել անժամանակ։
Արեգնազանը պատասխանեց բարկանալով.
— Քեզ ի՞նչ, թե ես ո՛ւր եմ գնում.
Ուր գնում եմ, այդ ե՛ս գիտեմ.
Ես չեմ գնում, որ քեզ նման՝
Խաղաղ մարդոց ճամփեն կտրեմ։
— Ուրեմն, ես ավազա՞կ եմ.
Դո՞ւ ես ասում ինձ այդ բանը.
Այս րոպեիս դու կստանաս
Քո այդ խոսքիդ պատասխանը։
— Այո՛, թե դու ավազակ ես,
Ցույց է տալիս քո դիմակը.
Բայց թե՝ ինչպե՛ս տղամարդ ես,
Այդ թող տեսնե իմ նիզակը…
Այս ասելով Արեգնազանը հարձակվեց նրա վրա, ասելով.
— Դե՛ն ձգիր դիմակդ, տեսնեմ՝ դու ի՞նչ մարդ ես, եթե ոչ՝ այս րոպեիս կթռցնեմ գլուխդ։
Ձիավորն ընդդիմացավ, վահանով պաշտպանվեց և թրով հարձակվեց Արեգնազանի վրա։ Արեգնազանը նույնպես պաշտպանվում էր վահանով և հարձակվում թրով։ Մի ժամ շարունակ տևեց նրանց կռիվը, և ոչ մեկը չկարողացավ զարկել մյուսին. զարկերը վահաններին էին դիպչում։ Միայն Արեգնազանը հետզհետե զորանում էր, իսկ նրա հակառակորդը՝ թուլանում։ Վերջը Արեգնազանը մի ճարպիկ ոստյունով թռավ իր ձիուցը, հակառակորդի փողպատից[1] բռնելով վայր գլորեց ձիուց և հենց այն է՝ ուզում էր, որ մի հարվածով գլուխը թռցներ, նա իսկույն վեր առավ դիմակը…
— Ա՜խ, հայրի՛կ, հայրի՛կ,— բացականչեց Արեգնազանը.— այս ի՞նչ փորձանքի մեջ էիր գցում դու ինձ… եթե մի փոքր ուշ վեր առնեիր դիմակդ՝ ինձ հայրասպան պիտի շինեիր։
Հայրը մոտը նստեցրեց Արեգնազանին և նրա վրան նայելուց չէր կշտանում։ Մի փոքր շունչ առնելուց հետո ասաց.
— Ապրի՛ս, ապրի՛ս, Արեգնազան,
Ծլիս, ծաղկիս, զորանաս,
Հիմա գիտեմ, որ իմ տեղը
Դո՛ւ անպատճառ կստանաս։
Իզուր չեմ քեզ սովորեցրել
Զենք ու զրահ գործածել.
Ի՛նքըդ գիտես, որ ամենքից
Քե՛զ եմ սիրել առավել։
Թող սա՛ լինի, ասացի ես,
Արու զավակ ինձ համար,
Սրա անվախ, անահ սիրտը
Քաջ տղամարդի է հարմար։
Էլ աղջիկ չես այսուհետև,
Չմոռանա՛ս այդ բնավ.
Դու աշխատիր, որ ստանաս
Բարի անուն, մեծ համբավ։
Արքայական ապարանքը
Մի մեծ բույն է փորձության.
Եթե սխալ մի քայլ անես՝
Դու կորած ես հավիտյան։
Այժմ գնա՛, դու իմ հոգյա՛կ,
Օրհնությունս քեզ հետ տար,
Եղի՛ր բարի, մեծահոգի,
Եղի՛ր անմեղ ու արդար…