Chapter 9
Թ
Քսան տարի առաջ Կ... քաղաքի հետ ընկած փողոցներից մինի մեջ պարոն Ք... և յուր եղբայրն ունեին փոքրիկ խանութ, նրա դուռը միշտ բաց էր լինում ոչ միայն հասարակ օրերում, այլև տոներին, երբ սովորաբար այդ քաղաքի բազարը կողպվում էր։ Խանութպանները նախ գնում էին եկեղեցի, ապա դեպի այգիները դիմելով՝ այնտեղ անձնատուր էին լինում զանազան զվարճությունների: Չէ կարելի որոշ անուն տալ, թե ի՛նչ վաճառքների խանութ էր այդ։ նա նմանում էր մեծ ճանապարհների վրա իջևանի մոտ գտնված մի գինետան, ուր հաճախորդը կարող է գտնել ամեն բան, ինչ որ նրան պետք էր։ Այնտեղ կային ասիական գործվածքների զանազան տեսակներ, որպիսի են՝ կտավ, շիլա, չիթ, ղադար և այլն։ Այնտեղ կային՝ սկսյալ ըմպելիքներից, ձկնեղեններից, մինչև մոմ, լոբի, սոխ, թեյ, շաքար և ճանճերից կեղտոտված կոնֆետներ, որոնց կաղանդի տոներին միայն մայրերին սիրեկան մանչերը, մի քանի կոպեկ ստանալով, կգնեին և ուրախ-ուրախ վազ կտային իրանց ընկերների նախանձը գրգռելու։
Երկու եղբայրներն այնքան սերտ կերպով կապված էին իրանց խանութին, որ ավագ եղբայրն առավոտից մինչև կեսգիշեր կարծես մեխած էր յուր դախլին: Իսկ կրտսեր եղբայրն անդադար շարժողության մեջ էր. նա կամ ապրանք էր դարսում, կամ նրանց փոշին էր սրբում, կամ խանութի դռան առաջն էր ավլում, ջուր սրսկում, որ հով լինի։
Խանութը գտնվում էր քաղաքի այն թաղումը, որի բնակիչները չէին վայելում բախտի առանձին բարիքները, և կարելի է ասել, որ նրանք մեծ մասամբ աղքատներ էին։ Չնայելով դրան, նրանց առևտուրը բավականին լավ էր գնում, մանավանդ որ խանութպանները հավատարմություն ունեին դեպի իրանց մուշտարքը և շատ անգամ վաճառքը թողնում էին անվճար։ Իսկ այդ կրեդիտն էժան չէր նստում գնողներին, որովհետև նրանց սարսափելի կերպով ծանրաբեռնում էին ոչ միայն ապրանքի գների մեջ, այլև տոկոսների մեջ, որ բազմապատկում էին պարտամուրհակ առնելու միջոցին։— Այդ մի ընդհանուր կանոն է ասիական մանրավաճառության մեջ։ Այդ եղանակով իրանց գործը վարելու հետևանքն այն եղավ, որ շատ չտևեց պարոն Ք…ի դախլը լցվեցավ զանազան պարտամուրհակներով և նրանց թվում ավելացան արծաթի և ոսկու բաներ, որոնք դրված էին նրանց մոտ որպես գրավներ։ Այդ այն ժամանակն էր, երբ մարդիկ նահապետական պարզամտությամբ մտածում էին, թե փողի պարտքը մարդու հոգու պարտքն է, եթե այս կյանքումը չվճարվի, մյուս կյանքում սատանաները նրա մարմնի մսից կկտրեն և պարտատիրոջը կտան։ Նրանք ունենալով մի այդպիսի պարզամիտ, միևնույն ժամանակ բարոյականության մաքրության պահպանած ամբոխի հետ առևտուր, շատ հազիվ էր պատահում, որ կորուստ ունենային իրանը ապառիկների մեջ։
Քանի տարի նրանց առևտուրն այդպես շարունակվելուց հետո նրանք բաց արին մի նոր խանութ բազարի ամենալավ մասումը, ուր նրանց ապրանքի թվում այժմ չէր գտնվում շիլա, կտավ և ո՛չ սոխ կամ կոնֆետ, այլ ամբողջ խանութը լցված էր մանուֆակտուրայի ընտիր տեսակներով։— Այդ մի քայլ էր, որով նրանք ոտք դրեցին հարստության մի որոշյալ աստիճանի վրա։
Շատ չանցավ, երկու եղբայրներն այնպես ընդարձակեցին իրանց առևտրական շրջանը, որ փոխանակ երկրորդական ձեռքերից գնելու իրանց վաճառքը, սկսան ուղղակի հարաբերություն ունենալ Մոսկվայի ֆաբրիկաների և նշանավոր առևտրական տների հետ։ Իրանց գործավարության մեջ նրանք այնքան ճիշտ էին, որ շուտով ստացան մեծ վարկ, որով գրավեցին մոսկվացիների համարումը դեպի իրանց հավատարմությունը։ Այդ առիթ տվեց նրանց մեծ գումարների ապրանք գնել անվճար, վեց ամիս, մի տարի, կամ ավելի ժամանակներով։ Չնայելով, որ նրանց գործը միշտ հաջողակ էր դնում, հայտնի չէ ի՛նչ հրաշքով նրանց մեծամեծ խանութների ապրանքները հանկարծ անհետացան, և նրանք դադարեցրին իրանց առևտուրը․․․ Մենք չենք ուզում մտնել այդ երեվույթի խորին գաղտնիքների մեջ և ոչ նրա պատճառները քննելու նպատակ ունենք, միայն կասենք, որ ավագ եղբայրը՝ պարոն Ք... դիմեց դեպի Մոսկվա, հայտնեց պարտատերերին իրանց դժբախտությունը, և մեկ ռուբլու փոխարեն 20 կոպեկ վճարելով, ազատեց յուր պարտամուրհակները։ Այդ անցքն եղավ այնպես աննկատելի կերպով, որ նրանց քաղաքացիք ոչինչ չհասկացան, որովհետև այնտեղ նրանք պարտքեր չունեին։
Եվ քսան տարի չէ անցկենում, յուր խանութում պղպեղ և լոբին կոնֆետի հետ ծախող մանրավաճառի քսակից միլիոնների ձայներ են լսվում...
Այժմ դառնանք դեպի այն թշվառ արարածը, որին մենք թողեցինք դահլիճի անկյունում։ Դա պարոն Ք․..ի անբախտ օրերի մտերիմ ընկերուհին էր, որի հետ ամենայն համբերությամբ տարել էր նա աղքատության ծանր լուծը. Չնայելով որ այժմ նա մի քանի երեխաների մայր էր, չնայելով որ այժմ նա մի հարուստ տանտիկին էր, այսուամենայնիվ նա յուր բոլոր ճոխությունների մեջ չէր գտնում ոչինչ երջանկություն։ Նրա ամուսինն այն մարդերից մինն էր, որոնց համար ռամկորեն ասում են՝ «դուրսը—քահանա, ներսը— սատանա»։ Եվ իրավ, այդ մարդն ընտանեկան շրջանից դուրս հեզ էր որպես գառնուկ, իսկ յուր տան մեջ — վայրենի որպես գազան։
Տիկին Նատալիան — այդպես էր նրա անունը — այն կնիկներից մինն էր, որի թե բարոյական ազնիվ հատկությունները և թե մարմնական վայելչությունքը տալիս էին նրան իրավունք ոիրելի լինել ամենին։ Նրա դեմքը գեղեցիկ էր և դուրեկան, նա սրտով բարի էր որպես հրեշտակ։ Ոչ ոք նրանից չէր նեղացած, ամեն ծանոթները սիրում էին և հարգում էին նրան։ Միակ մարդր, որին ատելի էր նա, էր նրա ամուսինը։ Այդ ատելությունն սկսվեց այն օրից, քանի նրա ամուսինն ավելի և ավելի բարձրանում էր յուր հարստության աստիճանները, և քանի նրա արծաթն առիթ էր տալիս նրան ավելի խրվել յուր մոլությունների մեջ։ Զարմանալի է, որ նախախնամությունն ըստ մեծի մասին տալիս է այդ բռնակալներին համբերող կանայք։ Իսկ այդ համբերությունը խիստ թանկ արժեց տիկին Նատալիային. նրա մարմնական զորությունները օրըստօրե սպառվում էին և նա զգում էր, որ արագ քայլերով մոտենում է գերեզմանին...
Ամուսնու արհամարհական սառնասրտությամբ նրա մոտից անցնելը, երբ նա նստած էր դահլճի անկյունում, այնպիսի մի սպանողական տպավորություն գործեց նրա վրա, որ տիկինն այլևս չկարողացավ զսպել իրան և արտասուքն ակամա կերպով սկսավ գլորվիլ նրա գունատ թշերի վրա։ Երկար այնպես նստած էր նա այդ խռովության մեջ, հետո վեր կացավ յուր տեղից, կամենում էր դեպի պատշգամբն անցնել, մի փոքր ցրվելու սրտի ամբոխմունքը, երբ սրահակի մեջ հանդիպեց նրան նույն ծառան, որ պարոն Ք․․․ից ամսական էր պահանջում։
— Ի՞նչու ես կանգնած,— հարցրուց տիկինը։
— Իմ ամսականը..․ աղջիկ-պարո՛ն, աղան չտվեց։
Այդ խոսքերի միջոցին խեղճ պատանին այնպիսի մի ցավակցական դեմք ձևացրուց, որ իսկույն շարժեց տիկնոջ խղճմտանքը։
— Ա՛ռ,— տվեց տիկինը տասն ռուբլիանոց արծաթ։
Երբ ծառան կամենում էր յուր շնորհակալությունը հայտնել, — հեռացի՛ր, թող չտեսնե քեզ,— ասաց տիկինը և անցավ դեպի պատշգամբը։
Ծառան, մի քանի անգամ գլուխ տալով, հեռացավ։