Chapter 8
Ը
Մենարանը, որ կացուցանում էր պարոն Ք...ի առանձնասենյակը, հանդիսացնում էր յուր մեջ հազվագյուտ հնությունների մի մեծ հավաքածու։ Պարսկաստանից, Տաճկաստանից և Հնդկաստանից կային այնտեղ բոլոր այն բաները, որոնք կարող էին գրգռել զարմացք և հիացում:
Այդ պարոնն ինքը ոչ միայն հնագետ չէր, այլ մի առանձին սեր չուներ դեպի հնությունները։ Բայց ի՞նչ նպատակով կազմել էր մի այդպիսի փառավոր մուզեում։
Պարոն Ք... ձեռքերը քամակին դարսած անցուդարձ էր անում յուր մենարանի մեջ, երբ սենեկասպաս ծառաներից մինը ծանուցում արավ, թե գեներալ Ն... գալիս է։ Այդ լուրը հայտնի կերպով ուրախություն պատճառեց նրան, որովհետև իսկույն նշմարվեցան նրա դեմքի վրա գոհունակության նշույլներ։ «Լավ էլավ»... ասաց նա յուր մտքի մեջ և վազեց դեպի դուռը։ Նա գտավ յուր հյուրին, երբ նա նոր էր ներս մտնում տան դռնից։ Նա հազարումեկ փաղաքշական խոսքերով դիմավորեց «նորին պայծառափայլությանը», նրա խոսքերի մեջ արտահայտվում էին կեղծ-բարեկամական շողքորթություններ և մինչև անգամ ստորաքարշ-ստրկական խոնարհություն։ Պարոնը շատ թեքուն էր և առաձգական, երբ հարկավոր էր մինին գրավել...
Նա մտավ յուր այցելուի թևքերի տակ, վեր բարձրացրուց սանդուղքներից և առաջնորդեց մինչև յուր մենարանը։
Գեներալը մի մարդ էր բարձր հասակով, մսուտ երեսով և խորամանկ — պաշտոնական աչքերով։ Մտնելով պարոն Ք...ի մենարանը, նա աչք ածեց յուր չորեքկողմը և մի առանձին համակրությամբ ասաց.— Այո՛, գեղեցի՜կ է... — Բոլորը փեշքեշ է ձերդ պայծառափայլությանը,— պատասխանեց պարոն Ք․․․ ասիական քաղաքավարությամբ։
Գեներալ Ն... ժպտաց նրա խոսքի վրա և սկսեց մի առ մի զննել մենարանի հնությունները։ «Այո՜, գեղեցիկ է, ճշմարիտ, շատ գեղեցի՜կ», կրկնում էր նա անդադար։
Պարոն Ք․․․ սկսեց ցույց տալ նրան այն բաները, որոնց մասին ինքը փոքր ի շատե տեղեկություն ուներ։ Սենյակի մեկ ճակատի պատի վրա մեխած էր մի ահագին արու առյուծի մորթի, որի վրա ամրացուցած էր կովկասյան եղջերվի գլուխ յուր երկայն ճյուղավոր եղջյուրներով, որոնցից կարգավ քարշ էր տված հնադարյան զենքեր՝ պողովատի զրահ, երկաթե վահան, սաղավարտ և թևնոցներ, կեռ ասիական սուր, նետերով լի կապարճ՝ զարդարած սիրամարգի փետուրներով. աղեղ, երկայն նիզակ՝ Դամասկոսի եղեգնից, գլուխը զարդարած սև փետուրներից հյուսած մի մեծ փնջով և այլն։
— Դրանք երևելի Նադիր-Շահի զենքերն են,— ցույց տվեց պարոն Ք...։
— Նադիր-Շահի զենքե՞րը,— կոչեց գեներալը զարմանալով,— այդ հազվագյուտ բան է։
Նա առավ վահանը և սկսեց նրա վրա նայել։— Ի՞նչ են նշանակում այս ոսկյա նշանագրերը։
— Դրանք ղորանից առած աղոթքներ են, գեներալ, որոնք շահին պահպանում էին թշնամու հարվածներից, իսկ մյուսները կախարդական թելիսմներ են․ դրանք չէին թողում, որ չար ոգիները մոտենային թագավորին․
— Տե՛ս, ի՜նչ խորամանկ են պարսիկները․․․
— Միևնույն բաները կան և սաղավարտի վրա, նայեցե՛ք, գեներալ,— ասաց պարոն Ք... տալով նրան պողովատի սաղավարտը յուր նիզակի նման բիզ գլխով։
— Ուրեմն այս սաղավարտն անխոցելի էր պահում նրան։
— Իհարկե, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց պարոն Ք... լի սնոտիապաշտությամբ.— նայեցե՛ք այս թրին։
— Հրաշալի՜ բան է, — ասաց նա, սուրը յուր արծաթե պատյանից դուրս քաշելով,— այս ոսկյա տառերը երևի մի բան են նշանակում,— ցույց տվավ նա սրի վրա։
— Այդտեղ թագավորի անունն է դրած ու նրա մեծ հաղթությունները:
— Ո՜րքան սպանած կլինի Նադիր-Շահն այս թրով... Շահի զենքերից նրանք անցան այլ հնությունների։
Մի վագրի մորթու վրա, նույնպես եղջերվի գլխից քարշ էին ընկած հնդկական ֆակիրի գործիքներ։
— Դրանք ի՞նչ հրեշավոր բաներ են,— հարցրուց գեներալը ծիծաղելով։
— Դրանք դերվիշի պարագայք են. ահա՛ նրա գդակը և քամարը արձանագրված զանազան նշանագրներով. այդ նրա եղջերափողն է. այդ ընծու մորթով ծածկվում է նա. ահա՛ տապարը և քաշքուլը, վերջինը շինված է հնդկա-ընկուզից․ տեսե՛ք, գեներալ, ի՛նչ սիրուն քանդակներ ունի, դրանք բոլորը արաբական տառեր են. Ֆրիդովսի երգերի ամենագեղեցիկ տողերից քանդակած է նրա վրա։
Նրանք զննեցին զանազան ասիական ազգերի երաժշտական գործիքները՝ սկսյալ Թիֆլիսի զուռնայից մինչև Շիրազի սանթուրը և տեսան զանազան ասիական ամաններ և անոթներ, որոնք մի ժամանակ զարդարում էին մեծ իշխանների սեղանները։ Երբ նորին պայծառափայլությունը հագեցրել էր յուր հարցասիրությունը, նստեց փառավոր բազկաթոռի վրա, պարոն Ք...ն դրեց նրա առջև Հավանայի թանկագին սիգարներ, որոնք լցրած էին ջայլամի ձվի մեջ քանդակած գեղեցիկ նկարներով, որ կանգնած էր արծաթե ոտիկների վրա։
— Այդ ևս սիրուն բան է, — ասաց գեներալը նայելով սիգարների ամանին.— երևի այդ բոլորը շատ փող արժե ձեզ։
— Շա՛տ, խիստ շա՛տ... — մի առանձին հանգով պատասխանեց պարոն Ք...
Բայց նա, կամենալով իշխան Ն...ի ուշադրությունը գրավել իրան ավելի կարևոր առարկայի վրա, փոխեց խոսակցության ձևը.
— Ձերդ պայծառափայլությունը երկա՞ր կմնա մեր քաղաքում։
— Մի ամիս միայն, բայց ես տանջվում եմ կացարանի մասին ինձ ձանձրացրուց այդ հյուրանոցը. ասում են այս քաղաքում նրանից լավը չկա։
— Ողորմություն արեք, գեներալ, ի՞նչպես կարելի է այստեղ հյուրանոցում ապրել, եթե ձերդ պայծառափայլությունը շնորհ կանե, ես ունեմ գեղեցիկ կահյալ տուն բոլոր սարք ու կարգով։
— Դուք նրան վարձո՞վ եք տալիս։
— Ո՛չ, դուք կարող եք այնտեղ բնակվել, որպես ձեր սեփական տան մեջ. այնտեղ դուք կգտնեք ամեն ինչ, որ ձեզ հարկավոր կլինի, մինչև անգամ...— Վերջին խոսքը պարոն Ք... մոտ գնաց և ասաց գեներալի ականջին։
— Խա՜... խա՜... խա՜... ողորմությո՜ւն արեք,— արձակեց գեներալը խիստ ուրախ ծիծաղ.— այս ալևոր մազերին ի՞նչ կսազի ձեր ասածը... մեր դարն անցավ, ես և դուք ալևորներ ենք, թո՛ղ երիտասարդները մտածեն դրա վրա...
— Գիտե՞ք, գեներալ, մենք հայերեն մի առած ունենք, թե՝ «պառավ ձին էլ գարի կուտի»։
— Խա՜... խա՜... խա՜... ի՞նչպես, ի՞նչպես, մեկ էլ ասեք։
Պարոն Ք... կրկնեց միևնույն առածը։
— Այդ հիանալի՜ խոսք է, կնշանակե՝ մենք էլ հետ չպիաի մնանք անուշ գարիից...
Վերջին զվարճախոսությունը պատճառեց իշխան Ն...ի մեջ մեծ ուրախություն. նրանք երկար սրախոսում էին, ծիծաղում էին, մինչև պարոն Ք... հարմար միջոց գտնելով խոսակցությունը դարձրեց յուր նպատակներին մոտ առարկաների վրա։ Նրանք սկսեցին խոսել զանազան բաներից և կապալներից։ Եվ գեներալը արեց նրան մի քանի խոստմունքներ...
Իսկ պարոն Ք... մտածում էր յուր պատվելի հյուրին մի բան ընծայել յուր հնություններից։ Այդ իսկ նպատակով կազմած Էր այդ թանկագին հավաքածուն։
— Եթե ձերդ պայծառափայլությունը կբարեհաճեր ինձ ավելի բախտավորել, ընտրեցեք, խնդրեմ, իմ հնություններից մի բան, որպես բարեկամական հիշատակ ձեզ հետ Պետերբուրգ տանելու:
— Ողորմություն արեք,— պատասխանեց գեներալը,— հնությունների վրա միայն կարելի է նայել և զվարճանալ։
— Ես խնդրում եմ...
Գեներալը բարեհաճեց ընդունել Նադիր-Շահի զենքերը։ Պարոն Ք... մինչև գետին խոնարհելով, շնորհակալություն հայտնեց և առաջնորդեց յուր պայծառափայլ հյուրին մինչև դուռը։
Երբ պարոն Ք... յուր սրտի ամենազվարճալի տրամադրության մեջ, որպես մի մարդ, որ յուր որսն արդեն ծուղակի մեջն էր գցել,— դառնում էր դեպի յուր մենարանը, սրահակի անկյունումը երևաց մի երկչոտ կերպարանք․ նա յուր դողդոջուն մարմինը մի երկու քայլ առաջ տարավ, և պարոն Ք..ին դիմավորելով ասաց.
— Աղա ջա՜ն։
— Ի՞նչ է,— գոռաց «աղան»։
— Իմ... իմ... ամսականը։ — Սուպովնիկը կոտրեցիր, հերիք չէ՞, որ ամսական էլ ես ուզում։
— Աստված է վկա, ա՛ղա ջան, ես չեմ կոտրել։
— Բաս սատանան կոտրե՞ց։
— Ես ի՛նչ գիտեմ, ա՛ղա ջան։
— Կորի՛ր։
— Մեր երկիրը պետք է գնամ, քրեհի փող չունեմ, աստծու խաթրու իմ ամսականը մի՛ կտրի։
— Կորի՛ր, ասում եմ քեզ։
Խեղճ պատանին յուր արտասուքով լի աչքերը դեպի երկինք բարձրացրեց և սառած մնաց յուր տեղը։