Chapter 7
Է
Անծանոթ պառավը, որ բոլոր ժամանակը ներկա էր այդ դրամատիկական հանդեսին, պրիստավի գնալեն հետո, ինքն էլ հեռացավ։ Մարիամը ճանաչեց նրան։ Դա այն կինն էր, որ քանի շաբաթ առաջ օրիորդի հետ խոսել էր բաղնիքների ճանապարհին...
Բոշայի և պրիստավի երևույթը որքան ցավալի ներգործություն ունեցավ խեղճ Քեթևանի տնակի վրա, այնքան ուրախություն ազդեց պառավի սրտին։ «Դրանից հետո կընդունես իմ ասածը, Քեթևան...», մտածում էր նա, շարունակելով յուր ճանապարհը։
Երկար այնպես գնում էր նա, մինչև անցավ մի մեծ փողոցից, որի միակ ծայրում շինվում էր հոյակապ տուն։ Պարոն Ք...— կարճլիկ, ուռած մարդը, փաթաթված բաբորի և սամույրի մեջ,— կանգնած էր այնտեղ։ Նա զանազան պատվերներ էր տալիս վարպետներին և գործավորներին, որոնք շինում էին այդ տունը։ Նա մի ձեռքում բռնած ուներ բաղդադի աղլուխ, որով ստեպ-ստեպ սրբում էր յուր քիթը, մյուս ձեռքում կրում էր մի գավազան, որի գլխին ամրացրած էր երկաթյա սրածայր մուրճ. կարծես այդ նրա համար էր, որ այն մուրճով ծակե ամեն մինի գլուխն, որոնք կհամարձակվեին նրան որևիցե ընդդիմություն գործել։ Բայց ամեն անցնող նրան գլուխ էր տալիս, բարևում էր. ամենքը նրա առջև թեքվում էին. երևի թե այդ մարդի մեջ կար մի բան, որ երկրպագելի Էր,— այո՛, նա հարուստ էր...։
Վերջացնելով յուր խոսակցությունը, հարուստն իջավ մեծ գետի ափը, այնտեղ մի ընդարձակ ավազուտ գետին նույնպես պատկանում էր նրան։ Պարոն Ք... յուր մտքի մեջ գծում էր զանազան ծրագրներ՝ այնտեղ ևս մի բան շինել տալու։ Պառավը տեսնելով նա միայնակ է, մոտեցավ։
— Հը՛, Կատո, տեսա՞ր,— եղավ հարստի առաջին խոսքը։
— Էս րոպեիս էնտեղից եմ գալիս,— ասաց Կատոն։ Այդպես էր պառավի անունը։
— Ի՞նչ շինեցիր։
— Շա՛տ ասեցի, շա՛տ խոսեցի, բայց գլուխ չէ գալիս․․․
— Ասացի՞ր, որ հարյուր մանեթ եմ տալիս։
— Ես իմ կողմից մեկ հարյուր էլ ավելցրի, շատ ուրիշ բաներ էլ խոստացա... էլի ռազի չկացավ...
Պարոն Ք... վրդովվեցավ. առաջին անգամն էր, որ նա նկատեց արծաթի անզորությունը։ Նրա կարծիքով արծաթն ուներ յուր մեջ այնպիսի մի ուժ, որով բոլոր տիեզերքը մարդ կարող էր յուր ուզածին պես պտույտ տալ։
— Դու աղջկան տեսա՞ր,— շարունակեց նա յուր հարցմունքը: — Տեսա, բայց աղջիկը դեռ երեխա է, ոչինչ չէ հասկանում։
— Նրան ավելի շուտ կարելի է խաբել...
— Նա էնպեսներից չէ...
— Ուրեմն գլուխ գալու բան չէ՞ — հարցրուց պարոն Ք..․ հուսահատ կերպով։
Կատոն չուզեց նրան բացասական պատասխան տալ, միայն մանրամասնաբար պատմեց Բոշայի և պրիստավի անցքը։ Պարոն Ք...ի երեսի վրա շողաց վայրենի ուրախության լույսը և նա մի առանձին հրճվանոք խոսեց.
— Կատո, քո արևը գիտենա, էդ լա՜վ է էլի, շատ լավ է էլի... հիմա բանը գլուխ կգա... դու մեկ էլ գնա, երկու անգամ էլ գնա, մինչև սարքես... էդ քո փեշակն է, գիտե՛ս էլի, քեզ խոմ խրատ տալ չի ըլի... քո պատիվն էլ խոմ ես չեմ մոռանա, երկու թուման էլ քեզ եմ տալիս, տե՛ս, էս գլխեմեն։
Եվ նա հանեց յուր թղթապահի միջից երկու կարմիր տասը մանեթանոց և տվեց պառավին։ Բայց Կատոն, ճանաչելով Քեթևանի երկաթի բնավորությունը, բոլորովին վստահություն չուներ դեպի յուր նպատակի հաջողությունը, այդ պատճառով նա հարցրուց պարոն Ք...ից.
— Հենց է՞ն աղջիկը պիտի ըլի։
—Հենց էն... մի անգամ տեսա լվացք էր տանում, խելքս գնաց...
— Թո՛ղ մի ուրիշը ճարեմ։
— Չէ՛, հենց է՛ն...
— Մի քիչ դժար է։
Պարոն Ք... բարկացավ.— Ի՞նչ ես սարսաղ խոսում։
Կատոն ոչինչ չպատասխանեց, միայն խոստացավ, որ նրա կամքը կկատարե։ Վերջացնելով յուր խոսակցությունը կուսանենգը սկսեց գնալ դեպի յուր տուն։ Նրա հետքից բերում էին յուր կառքը։ Նա անցավ մի օտարազգի ժամատան դռնից, որի մոտ դրած էր փոքրիկ աստվածածնա պատկեր։ Նա կանգնեց, գդակը վերցրեց և երեսը խաչակնքելով՝ երկար աղոթում էր նրա առջև։ ճանապարհից անցնողները ջերմեռանդությամբ խոսում էին նրա վրա։ «Ինչ բարեպաշտ մարդ է», ասում էին ամենքը։
Ճանապարհին մոտ եկան նրան մի քանի մարդիկ, որոնց մինն ասաց. — Ա՛ղա ջան, մի մեռած մշեցու համար փող ենք հավաքում, որ թաղենք, մի քանի կոպեկ շնորհեցեք։
Պարոն Ք... ձեռքը տարավ գրպանը, նայեց, ասելով.
— Աստված վկա է, որ հետս փող չունեմ, թե չէ կտայի. խե՜ղճ մշեցի, աստված ողորմի իր հոգուն։
Մարդիկը հեռացան, բայց նույն րոպեին նրա գրպանը լի էր արծաթով։ Նա նստեց կառքը, չիցե թե կրկին այդպիսի մարդերին հանդիպե։ Քանի րոպեից հետո նա հասավ յուր տուն, այնտեղ, ուր ծեծվել էր Սանդրոն։ Դռները բացվեցան։ Նա անցավ փառավոր սրահակների միջից, որոնց հատակը պատած էր կարմիր մահուդով։ Աջ ու ձախ շարված՝ լիմոնի, նարինջի ծառերը, հազվագյուտ ծաղիկները՝ տալիս էին այդ սրահակներին մշտականաչ ճեմելիքների ձև։ Եվ իրավ, տարվա այն եղանակին այնտեղ թագավորում էր գարունքը։
«Աղան եկա՜վ...»— սարսափելի՞ մի լուր, որ հեռագրական արագությամբ մի րոպեում շքեղազարդ դահլիճներից հասավ մինչև խոհանոցի ծառաներին ու ախոռատան վերջին սպասավորին։ Ամեն տեղ տիրեց գերեզմանական լռություն։ «Աղայի» երևույթն ուներ յուր մեջ այնպիսի մի մեծ զորություն, որ խեղդում էր, փշրում էր և ճնշում էր ամեն մի կենդանություն ունեցող ուժ։
նա անցավ դահլիճը։ Խորասանի ամենաթանկագին խալիները ծածկում էին այդ փառավոր բնակարանի հատակը։ Քիշմիրի ամենագեղեցիկ շալերը կազմում էին նրա վարագույրները։ Շռայլությունը թագավորում էր այնտեղ յուր բոլոր ճոխությամբ։ Մետալների ազնիվ տեսակները— ոսկի, արծաթ, պղինձ, և հանքերի հարստությունը — ֆարֆոր, բյուրեղ և թանկագին փայտերը՝ ներկայացնում էին արհեստի և ճարտարության գեղեցիկ արդյունքներ, որոնք կացուցանում էին նրա կահ-կարասիքը։ Պատերի վրա ոսկի շրջանակներից նայում էին պատկերներ — գեղարվեստի ընտի՛ր գործ։ Այդ տեսարանը հիանալի՜ էր․ նրանց թվում մի անկյունում նկարվում էր մի այլ պատկեր, նրա մաշված և տխուր դեմքը, սառն որպես մարմարիոն, ներկայացնում էր վաղուց թառամած գեղեցկության արձանը... Շիջած աչքերի մեջ դեռ պլպլում էին վշտահար սրտի և հուսահատության կայծերը... Նրա գունատ շրթունքը շարժվեցան... չարագուշակ հազը դուրս պրծավ մաշված կուրծքից... — Դա կենդանի մարմին էր։
Տեսնելով «աղայի» գալուստը, նա շարժվեցավ յուր տեղից և նրա դեմքն ընդունեց խիստ երկչոտ և ցավակցական արտահայտություն։— Այդ թշվառը «աղայի» կինն էր...
«Աղան» մի արհամարհական հայացք ձգեց նրա վրա և անփույթ կերպով անցավ յուր մենարանը։
«Ախ, աստված...», հոգվոց հանեց խեղճ կինը և լռեց։
Տխրության ամպերը կրկին անցան տիկնոջ դեմքի վրա, նա կրկին նստեց յուր տեղը և անշարժ մնաց քարե արձանի նման։