Chapter 5
Ե
Երեկո էր։ Արևը խոնարհվում էր դեպի յուր գիշերային մուտքը։ Ցուրտն սկսել էր սաստկանալ։ Փողոցների քարուղիները սառել էին արդեն, երբ Մարիամը, լվացքի ծանր կապոցը գլխին դրած, հետ էր դառնում բաղնիքներից։ Նրա հագուստի թրջված թքևերն փեշերքը սառել, տախտակի նման էին դարձել և սպիտակ դեմքը ցրտի սաստկությունից ստացել էր մուգ-կարմիր գույն, իսկ ամբողջ օրը լվացքի մեջ տրորված ձեռքերը բոլորովին լրջացել էին։ Նա հետ էր դառնում մի խումբ աղջիկների հետ, որոնց ամեն մինը բերում էր գլխի վրա յուր լվացքի կապոցը։
Նույն ժամուն մի պառավ կին, ոտքից գլուխ սև հագնված, ծածկված սպիտակ չարսավով, հետևում էր այդ ուրախ խմբին, որոնք քչքչալով, խոսելով և ծիծաղելով տուն էին դառնում։ Աղջիկները բոլորը համարյա թե խեղճ ընտանիքների զավակներ էին, որպես Մարիամը։ Նրանք օրական վարձով աշխատում էին լվացարարների համար։ Պառավն աչքը չէր հեռացնում նրանց խմբից, կարծես թե մի բան էր պտրում․ «էդ մինն ամենից լավն է...», ասաց նա յուր մտքի մեջ և ավելի մոտեցավ Մարիամին։
Երբ աղջիկները դուրս եկան բազարից, մտան մի խուլ փողոց, Մարիամը բավականին հետ մնաց յուր խմբից։
— Ո՞ւմ աղջիկն ես,— հարցրուց նրանից պառավը հազիվ լսելի ձայնով։
— Խարազ Օվանեսի աղջիկը։
— Հերդ կենում է՞։
— Չէ, մեռած է։
— Ապա ո՞վ ունես։
— Մեր ու մի պստիկ աղբեր։
— Ո՞ւմն է էդ լվացքը։
— Մեր հարևանինն է։
— Ինչո՞ւ ես դու լվանում։
— Նա ինձ փող է տալիս։ — Բաս մերդ աղքատ է՞։
— Նա հիվանդ է։
Պառավի նենգավոր դեմքի վրա վազեց ուրախության մի նշույլ, կարծես նա մոտենում էր յուր նպատակին։
— Ո՞րտեղ եք կենում,— շարունակեց նա յուր հարցմունքը:
— Ջհուդների գերեզմանատան մոտ։
— Ասեցիր Խարազ Օվանեսի աղջիկն ես, հա՞։
— Հա՛ ։
— Անունդ ի՞նչ է։
Մարիամը ձանձրացավ այդ բոլոր հարցմունքներից, փոխանակ ուղղակի պատասխանելու, ասաց.— Ի՞նչ պետք է քեզ իմ անունը։
— Էնպես հարցնում եմ, որդի, քո հերն իմ լավ բարեկամս էր, հոգին լուս դառնա, ի՛նչ լավ մարդ էր հերդ։— Եվ պառավը յուր դեմքն այնպես ձևացրուց, որպես թե օրիորդի հոր հիշատակը սաստիկ ցավեցրուց նրան:
— Անունս Մարիամ է,— պատասխանեց օրիորդը։
Պառավը հեռացավ։ Թեև նրա վերջին խոսքերը բավականին ճմլեցին օրիորդի սիրտը, այսուամենայնիվ նա խիստ անախորժ տպավորություն թողեց Մարիամի վրա, որ երևակայում էր, թե դեռ յուր աչքի առջևն է նրա սև սատանայի պես պատկերը։
Մարիամի ընկերուհիքը հետզհետե բաժանվեցան, մտնելով զանազան փողոցներ, նրա հետ մնացին մի քանիսը, որոնք յուր թաղեցիքն էին։
— Էդ կնիկը, որ քեզ հետ խոսում էր, Մաշո, շատ անգամ գալիս է բաղնիքները, ուր մենք լվացք ենք անում,— ասաց աղջիկներից մինը։
— Մի անգամ ես նրան տեսա Գ... ի կտավի ֆաբրիկումը, ուր շատ աղջիկների հետ մենք բանում էինք,— ասաց մյուսը։
— Նա էնպես գալիս է միշտ խոսեցնում է աղջիկներին, մարդ չէ իմանում, ի՞նչ է ուզում,— մեջ մտավ երրորդը։
— Է՜հ, հողեմ նրա գլուխը,— ասաց մի այլը։
— Սև սատանա է,— վրա բերեց հինգերորդը։
Այդպես նրանք խոսում էին, երբ հասան հրեից գերեզմանատանը և ամեն մինը բաժանվեցավ դեպի մի կողմ։ Բոլորովին մթնել էր, երբ Մարիամը մտավ Կեկելի տունը. նա համբարեց լվացքը և հանձնեց նրան։
— Շատ ապրես, ոչինչ պակաս չէ,— ասաց նրան Կեկելը։
— Նատոն միշտ գողանալ էր տալիս,— խոսեց Մարիամը։
— Սատկի Նատոն,— կրկնեց Կեկելը, միտ բերելով յուր առաջին լվացարար աղջկա հիմարությունները։
Մարիամը մտնելով իրանց խրճիթը, գտավ նրան բոլորովին անմխիթար դրության մեջ։ Մայրը դեռ սաստիկ վրդովմունքի մեջ էր Բոշայի պատճառով։ Սանդրոյի աչքերն ուռել էին շատ լացելեն։ Ցուցան, որպես երևում էր, յուր սրտի անախորժ տրամադրության մեջ էր, որովհետև նա յուր սովորության հարմար այս գիշեր չդիմավորեց յուր աղջիկ-պարոնին, և ո՛չ նրա շուրջը ցատկելով պաչպչեց Մարիամի հագուստի փեշերքը։ Հավերը կարծես նույնպես տխուր էին, որ իրանց ընկերներից երկուսը պակասել էր։ Իսկ սենյակը սառն էր, որպես գերեզման։
Սանդրոն պատմեց քրոջը Բոշայի անցքը։
— Ա՜խ, գրողը տանե նրան...— ասաց Մարիամը՝ սրբելով արտասուքը։
Օրիորդի առաջին հոգսն եղավ տաքացնել խրճիթը: Դժբախտաբար նրանց մի օր առաջ կտրած փայտը սպառվել էր։ Նորից կտրելու ուժ չկար օրիորդի վրա, որովհետև նա շատ հոգնած էր։ Սանդրոյից մի բան խնդրել անկարելի էր, որովհետև նա դեռ ողբում էր յուր աքաղաղի կորուստը։ Ի՞նչ պետք էր անել։ Քամին կրկին սկսել էր շվշվացնել․ երևում էր, որ դարձյալ մրրիկ պետք է լինի։ Օրիորդը դուրս եկավ խրճթից և գտավ Նիկոլին։
— Նիկոլ ջան,— խնդրեց նրան,— էդ գերանից մի կտոր կտրե, վառելու փետ չունենք։
Պատանին տեսնելով այդ գործողությունը երկար կտևե, ասաց.— Ես փետ կբերեմ։
— Դե՛, շուտ բեր, քո հոգուն մատաղ։
— Տե՛ս, ես էլ պիտի նստեմ կրակի մոտ ու մտիկ տամ քո երեսին, երբ դու կկարմրես...
— Հանաքի վա՞խտ է, Նիկոլ։
— Դու ավելի սիրուն ես լինում, երբ կրակի մոտն ես նստում։
— Էրնե՜կ քո գիժ գլխին...
Օրիորդի համբերությունը հատավ, ուզում էր գնալ Օսեփի տնից բերել սղոցը, որ ինքը փայտ պատրաստե։ Բայց Նիկոլն արգելեց նրան.
— Դե՛ լավ, հիմա խելոք կխոսեմ,— ասաց նա, և ձեռքով հեզիկ շփելով Մարիամի թշին, վազեց դեպի իրանց տուն, որ փայտ բերե։
Քառորդ ժամից հետո վառարանի մեջ կրակն արդեն պատրաստ էր։