1. Անմեղ վաճառք

Chapter 3

Գ

Գիշերը մութն էր և ցուրտ։ Ձյունն սկսել էր նորից մաղել։ Քամին սաստիկ փչում էր և ձյունի հոսանքը զարկելով խրճթի թղթով պատած լուսամուտներին, սարսափելի ձայներ էր հանում։

Խրճթի մի անկյունում, պատումը փորած վառարանի մեջ, աղոտ-կանաչագույն լուսով պլպլում էին փայտի մի քանի կտորներ, որոնց լույսը թույլ կերպով ծավալվում էր այդ մռայլոտ բնակարանի մեջ։ Երբեմն քամին շվացնելով ներս էր վազում վառարանի ծակից և խեղդող ծխով լցնում էր փոքրիկ սենյակը։

Մարիամը — այդպես կոչում էին օրիորդին — լուռ նստած դասարանի կողքին, խոնավ գետնի վրա, կարում էր մի բան։ Հոգնած և վիրավորված Սանդրոն, հոր հին վերարկուն գլխին քաշած, մրափում էր։ Նրանից հեռու, տախտի վրա, կարկատած վերմակի տակից` լսելի էր լինում խորին տքտքոց և երբեմն ծանր հառաչանք։ — Այդ Մարիամի հիվանդ մոր ձայնն էր, որ տանջվում էր լուր ցավերի մեջ... Բացի այդ երեք անբախտներից, խրճթի բնակիչների թվում գտնվում էին փոքրիկ Ցուցան, որ սիրուն գլուխը յուր առջևի թաթիկների վրա դրած, կծկվել էր մի անկյունում և ​կարծես դժգոհում էր ցրտի սաստկության վրա, այլև մի քանի հատ հավեր, որոնք իրանց կչկչոցով երբեմն ընդհատում էին տնակի մեռելային լռությունը։

Այդ աղքատ գերդաստանը պատկանում էր խարազ Օվանեսին, որ յուր կենդանության ժամանակ հազիվ կարողանում էր հոգալ ընտանիքի ապրուստը։ Նա մեռավ վերջին խոլերայից, թողնելով յուր որդիքը դառն աղքատության մեջ։ Չքավորությունը շուտով ստիպեց նրա այրիին վաճառել տնից այն բոլոր բաները, որոնք կարող էին որևիցե գին բերել։ Նրանք ևս շուտով սպառվեցին, այնուհետև նրանց վիճակն եղավ անտանելի։

Քեթևանը — այդպես էր Մարիամի մոր անունը— չէր կարողանում գործել, որովհետև նա մի տկար կին էր։ Ամուսնու մահվան կսկիծը բոլորովին մաշեց նրան, այնուհետև նա չէր կարողանում բաժանվել հիվանդության մահճից։

Սանդրոյին տվել էին աշկերտ կոշկակար Սիմոնի մոտ յուր հոր արհեստը սովորելու։ Տան հոգսը մնացել էր Մարիամի վրա: Խեղճ աղջիկն ամբողջ օրը հանգստություն չուներ։ Նա խնամք էր տանում հիվանդ մորը, լվանում էր, կարկատում էր յուր և եղբոր հագուստը։ Իսկ պարապ ժամերում նա գնում էր իրանց դրացի լվացարար Կեկելի մոտ, այնտեղ աշխատում էր, օրական մի քանի շայի փող ստանալով, որոնցով գնում էին ցամաք հաց և երբեմն մի կտոր միս, որ Մարիամն եփում էր հիվանդի համար: Գիշերները նույնպես օրիորդը հանգիստ չէր քնում։ Դրացիքը նրան տալիս էին կարելու մի բան, որի համար փոքրիշատե վճարում էին։

Այն գիշերը Մարիամը նստած կարում էր մի արխալուղ, երբ լսեց դռան թխկոցը։— Ո՞վ ես,— ձայն տվեց նա։

— Ես եմ,— լսելի եղավ դռան ետքից։

— Ա՛խ, Նիկոլ, դո՞ւն ես,— ասաց օրիորդը, ճանաչելով ծանոթ ձայնը և իսկույն վազեց բաց արավ դուռը։

Եկվորը լվացարար Կեկելի որդին էր, մի առողջ պատանյակ բավականին ուղիղ կազմվածքով և վայելուչ դեմքով։ Նա բերեց մի ամանի մեջ կերակուր, որի վրա դրած էր մի կտոր հաց, և տվեց Մարիամին, ասելով՝

— Մերս ուղարկեց։

— Գնա՛ տաքացիր, Նիկոլ, դու մրսել ես,— ասաց նրան օրիորդը և կերակուրը տարավ մոր մոտ։— Մայրիկ, տաք կերակուր է, մի փոքր խմի ջրիցը, դու էսօր ոչինչ չես կերել: ​

Հիվանդն առեց գդալը և դողդոջուն ձեռքով սկսեց ուտել։ Մարիամը բռնած ուներ մոր առջև կերակուրի ամանը։ Երբ նա վերջացրուց, օրիորդը տեսավ, որ կերակուրից բավականին մնացել էր։ Նա զարթեցրուց եղբորը, մտածելով, թե նա քաղցած էր քնած։ Սանդրոն՝ աչքերը ճմռելով բարձրացրուց գլուխը, նրա ուրախության չափ չկար, երբ տեսավ յուր առջև տաք կերակուրը։

— Բա՛ դու չե՞ս ուտելու,— հարցրուց Նիկոլը։

— Ես իշտահ չունեմ...— պատասխանեց Մարիամը

— Տո, ջուր կտրած, լսելի եղավ հիվանդի ձայնը, ի՞նչու ես մաշում քեզ, դու էլ որ հիվանդանաս, մեզ ո՞վ պիտի պահե...:

Օրիորդը ոչինչ չպատասխանեց։ Հիվանդը խորին կերպով ա՜խ քաշեց և թուլացած գլուխը թողեց բարձի վրա։ Մարիամը նստած էր վառարանի մոտ, նրա հանդեպ նստել էր Նիկոլը։ Սանդրոն դեռ վայելում էր յուր ընթրիքը։ Փոքրիկ Ցուցան, պոչը շարժելով, փաղաքշաբար պտուտ էր գալիս նրա շուրջը։ Պատանին ձգեց նրան մի կտոր ոսկոր, շնիկը գոհունակությամբ առեց անուշ պատառը, հեռացավ դեպի յուր նվիրական անկյունը և սկսեց յուր մանրիկ ատամներով կրծոտել նրան։

Մի քանի րոպեից հետո լսելի եղավ հիվանդի խռմփոցը։

— Նա քնեց,— ասաց Մարիամը, և յուր տեղից վեր կենալով, մոտեցավ մորը, ծածկեց նրան ամեն կողմից, որ չմրսե, և կրկին վերադարձավ յուր առաջին տեղը։

Վառարանի մեջ հազիվ պլպլում էին մի քանի կիսավառ ածուխներ։ Խրճթի խավարը հետզհետե թանձրանում էր։ Մարիամն ավելցրուց մի քանի կտոր փայտ, կրակը բորբոքվեց և սենյակի տխուր պատկերները կրկին նկարվել սկսան նրա աղոտ լուսով։

— Դու ո՞ւր էիր, Նիկոլ,— ընդհատեց Մարիամը նրանց մեջ տիրող լռությունը։

— Բազարումն էի, Մաշո,— պատասխանեց Նիկոլը,— մեկ մարդից մի սնդուկ լիմոն ունեի առած, աշխատում էի ծախեմ, որ փողը տամ։

— Հետո տվեցի՞ր։

— Տվի. թե չէի տվել, վա՜յ իմ հալին, կոտը կընկնեի, գիտե՞ս։

— Մի սնդուկ լիմոնո՞վ։

— Բա՛ ի՞նչքանով, իմ թանխեն ընդամենը հինգ մանեթ է։

— Շա՜տ փող ես ունեցի, Նիկոլ, հինգ մանե՜թ...— զարմանալով կրկնեց Մարիամը։ ​

— Էս ճակտիս քրտինքովն եմ աշխատի,— ասաց պատանին՝ ձեռքը տանելով դեպի գլուխը։

Մի քաղցր ժպիտ բաց արավ երկու սիրուն փոսիկներ Մարիամի ամեն մի թշի վրա։

— Ինչպե՞ս ես ծախում, Նիկոլ, լիմոնը,— հարցրուց նա։

— Լցնում եմ մի զամբյուղի մեջ, թևքիցս քաշ եմ տալիս ու էնպես սկսում եմ պտիտ ածել փողոցներում, «լիմոն առեք, հա՛յ լավ լիմոն, սիրո՜ւն լիմոն․․․»։ Էդպես բղավում եմ ու բղավում...

Վերջին խոսքերն այնպիսի մի բարձր ձայնով եղանակեց ուրախ պատանին, որ հավերն սկսեցին անհանգիստ կերպով կչկչալ, փոքրիկ Ցուցան, որ նույն ժամուն թաքնվել էր տախտի տակ, դուրս պրծավ և յուր սուր մետալական ձայնով մի քանի անգամ հեծկլտաց, և Սանդրոն, հետևելով Նիկոլի եղանակին, կրկնեց նրա խոսքերն այնպիսի մի հանգով, որ ավելի շփոթ պատճառեց:

Խրճթի տխուր լռությունն ընդունեց մի առանձին կենդանություն։

— Քա՛, էդ ի՞նչ արիր, Նիկոլ, խոմ գիժ չե՞ս,— ասաց Մարիամը մի կողմից ծիծաղելով, մյուս կողմից կշտամբելով պատանուն։

— Բա ի՞նչ անեմ, լիմոնը էդպես են ծախում,— խոսեց պատանին ավելի կատակելով։

— Դե՛ սուս, դե՛ սուս, հազիվ լսելի ձայնով շշնջաց օրիորդը, մատները Նիկոլի բերնին դնելով։— Սո՜ւս, թե չէ մերս կզարթնի

— Հիմա խելոք կկենամ, տե՛ս ինչպես սուս կացա։

Պատանին ընդունեց ավելի ծանր կերպարանք, բայց միևնույն ծանրության մեջ կար ծաղրածության բոլոր ձևերը, որով Մարիամը չէր կարող առանց ժպտելու նայել նրա երեսին։

Վառարանի մեջ կրակն սկսել էր ավելի բորբոքվել։ Մարիամի գունատ թշերն ստացել էին վարդի գույն։ Կրակի լույսը տվել էր նրա դեմքին խիստ գրավիչ հրապույրներ։

— Ի՛նչ սիրուն ես էս գիշեր, Մաշո,— ասաց նրան Նիկոլը մի առանձին համակրությամբ նայելով օրիորդի երեսին։

— Էհ, սիրունությունն ի՞նչ սազ կգա ինձ...— պատասխանեց օրիորդը տխրությամբ։

— Չէ՛, աստված վկա, սիրունացել ես, տե՛ս,— և Նիկոլը տվեց նրա ձեռքը մի կոտրած հայելու կտոր, որ նա առավ պատուհանից։

Մարիամը նայեց հայելուն, տեսավ, իրավ որ բավականին ​կարմրել էր։— Կրակի տաքությունիցն է,— պատասխանեց նա համեստությամբ։

— Դրանից հետո ես շատ փայտ կբերեմ, որ վառես, տաքանաս ու միշտ էդպես սիրուն դառնաս...— վրա բերեց պատանին ուրախությամբ։

— Էհ... թա՛ք մերս լավանա, ես ուրիշ բան չեմ ուզում։

Այդպես պատանին և պատանեկուհին, նստած վառարանի մոտ, երկար խոսում էին և զվարճանում, երբ գիշերն աննկատելի կերպով անցնում էր։ Մինչև աքաղաղը երեք անգամ թևքերը թափ տվեց, երգելով յուր սովորական երգը։ Նիկոլը, տեսնելով որ Մարիամը նիրհում էր, ինքն էլ գնաց իրանց տուն քնելու։

Comments