Chapter 11
ԺԱ
Կառքը քանի մի ժամ հանդարտ կերպով գնում էր կոկած քարուղիի վրա։ Մարիամը նրա զվարճությունով զմայլված՝ ամենևին չէր զգում ճանապարհի երկարությունը։ Վերջապես նրանք հասան մի գեղեցիկ այգիի դռանը, որ գտնվում էր քաղաքից դուրս, մեծ գետի ափի մոտ։ Կատոն ներս տարավ օրիորդին այգի և նրանք մտան մի փառավոր տուն, որ էր այգետիրոջ ամառանոցը։ Այդ հոյակապ շինվածքի սենյակներից մինը միայն լուսավորված էր նույն պահուն, ուր պառավը ներս տարավ Մարիամին։
Պարոն Ք... միայնակ անցուդարձ էր անում սենյակի մեջ։ Տեսնելով եկվորներին, նա մի կրիտիկական հայացք ձգեց օրիորդի երեսին.— Ի՜նչ շատ ուշացար, Կատո,— հարցրուց նա պառավից, և մոտենալով նրա ականջին ասաց.— հազար թուման արժե...
Պառավն ընդունեց խիստ ինքնաբավական դեմք, որպես մի մարդ, որ գոհ էր յուր հաջողությամբ, ոչինչ չպատասխանեց, այն նրա խորամանկ երեսի վրա երևաց լի չարախնդությամբ մի դիվական ժպիտ։
Մարիամը, մի անկյունում կանգնած, լուռ և երկչոտ դեմքով նայում էր նրանց վրա, երբ պարոն Ք... գնաց նստեց կիսաթախտի վրա և հրավիրեց յուր մոտ օրիորդին։
Օրիորդի թշերն ամոթից կարմրել, վարդի գույն էին ստացել։— Ե՛կ, մի ամաչիր, կանչում էր նրան պարոն Ք...
— Գնա՜, մի ամաչիր, բոթում էր նրան Կատոն։
Օրիորդը մի քայլ անդամ չարեց;
Պարոն Ք... տեսնելով, որ նա չէր համարձակվում յուր մոտ գալ, մոտեցավ օրիորդին, բռնեց նրա ձեռից և տարավ կիսաթախտի վրա, ուր ինքն առաջ նստած էր։
— Ի՜նչ լավ աղջիկ ես,— ասաց նա շոյելով Մարիամի սիրուն մազերը և ավելի մոտենալով նրան։
Օրիորդը բոլոր մարմնով դողում էր։
— Այժմ դու կարող ես գնալ, Կատո,— ասաց պարոն Ք... պառավին։
Երբ Կատոն պատրաստվում էր դուրս գնալ, Մարիամը վազեց նրա մոտ, բռնեց պառավի փեշից, ասելով.
— Չէ՛, դու մի՛ գնա։
— Ես չեմ գնալու, Մարիամ,— պատասխանեց պառավը նրան հանգստացնելով.— ես գնում եմ մեկէլ օթախից քեզ համար միրգ բերեմ։
— Չեմ ուզում միրգը, ինձ տա՜ր մեր տուն։
— Հիմա ուշ է,— ասաց նրան պարոն Ք... կրկին մոտենալով.— էս գիշեր մնա՛ էստեղ, առավոտը Կատոն քեզ կտանե։
— Չէ՛, չեմ կարա մնալ, մերս հիվանդ է, հիմա թո՛ղ տանե, — ասում էր Մարիամը աչքերը լցված արտասուքով։
— Դե՛ լավ, էստեղ սպասի՛ր, գնամ ֆայտոնը կանչեմ, որ քեզ տանե,— ասաց Կատոն և դուրս վազեց։
Օրիորդն շտապեց նրան հետևել, դուռն արդեն կողպված էր դրսից...
Անցան մի քանի րոպեներ... դա՛ռն — դրամատիկական րոպենե՜ր... Անցավ քառորդ ժամ։
Հանկարծ սենյակի լուսամուտներից մինը շառաչմամբ բացվեցավ և մի մարմին գլորվեցավ ներքև։
Չե՜մ ուզի... չե՜մ ուզի...», օդի մեջ լսելի եղավ մի ձայն և շուտով լռեց... Այդ խեղճ Մարիամի ձայնն էր։ Մի քանի օրից հետո նույն այգիի կողքից հոսող մեծ գետի միջից ձկնորսը դուրս քաշեց մի սիրուն աղջկա մարմին։ Բարի ձկնորսն առեց դիակը յուր ուսին, տանում էր դեպի յուր խրճիթը, որ պատանե ու թաղե նրան, երբ տեսավ աղքատների մի փոքրիկ խումբ բերում էին յուր առջև մի դագաղ։
— Վա՜յ դեդի, վա՜յ դեդի,— հառաչում էր մի պատանի յուր ձեռքերով քարշ ընկած դագաղի կողքից։
— Սանդրո՛, հերի՛ք լաս,— մխիթարում էր նրան Կեկելը։
Դա Քեթևանի դագաղն էր։
Նրանք տեսան դիակը ձկնորսի ուսին։
— Մարիա՛մ...— բոռաց Նիկոլը և գրկեց դիակը։
— Ա՜խ, սիրեկան...— ձայն տվեց Կեկելը և մարեցավ։