Chapter 2
Ե-Է
Ե
Թագուհին երբ որ իմացավ Վաչագանի վճռական խոսքը, թե՝ նա միայն Անահիտին կուզի և ուրիշ ոչ ոքի, հայտնեց թագավորին, որ իրանց որդին Հացիկ գյուղի նախրչու աղջկանն է հավանել, և պատմեց բոլորը, ինչ որ ինքը լսել էր։ Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ պալատի մեջ։ Բոլոր ծառաներն ու նաժիշտներն իմացան։ Մյուս օրը ամբողջ քաղաքը դղրդում էր այդ նոր համբավով։ Գյուղացիք ուրախացան, որ թագուհին իրանցից կլինի, և նրա օրով իրանք շատ բախտավոր կլինին։ Մեծ-մեծ իշխանները տխրեցան, թե՝ ինչո՞ւ թագավորի որդին ռամիկ նախրչուն իրանցից բարձր համարեց։ Վաճառականները ծիծաղում էին, թե՝ երևի թագավորի որդին խելքը կորցրել է, որ փոխանակ հարուստ օժիտով աղջիկ ուզելու՝ մի աղքատի աղջիկ է ուզում։ Պակաս չէին և սրախոս մարդիկ, որոնք այդ առիթով զանազան առասպելներ էին հնարում և պատմում սրան-նրան։
Ահա՛ թե ինչ էին ասում այդ սրախոսները.
— Բաբի՛կ, ասում են՝ մեր թագավորի որդին նախրչու աղջիկ է ուզում, լսե՞լ ես…
— Այդպես չէ, սիրելի՛ Սադոկ, դու սխալ ես լսել։ Այդ նախրչին իսկապես նախրչի չէ, այլ՝ թագավոր է, բայց որովհետև իր հպատակները բոլորն էլ անասուններ են, այդ պատճառով նրան նախրչի են ասում։ Հիմա մենք որ հիմար լինինք, մի՞թե դրա համար պետք է մեր թագավորին տավարած անվանեին։ Մեր թագավորի խնամացուն մի շատ իմաստուն թագավոր է. նա իմանում է բոլոր անասունների լեզուն, այդպես մեկ էլ Սողոմոն իմաստունն է եղել։
— Ի՜նչ ես ասում… մի՞թե անասուններն էլ ունին թագավոր։
— Ինչո՞ւ ես զարմանում։ Հապա չե՞ս լսել, որ ասում են՝ մորեխների թագավորը, օձերի թագավորը, մրջյունների թագավորը, մեղուների թագուհին։ Եվ մարդիկն էլ դեռ այն ժամանակն են սկսել թագավոր ունենալ, երբ նրանց խելքը անասունների խելքից բարձր չի եղել։
— Ես այդ գիտեմ, բայց չեմ լսած, որ տավարներն էլ ունենան թագավոր։ Մեկ էլ, որ ասենք՝ օձերի թագավորը օձ է, մորեխներինը՝ մորեխ, բայց տավարներինը մի՞թե մարդ է։
— Հապա մարդ որ չլիներ, էլ ինչպե՞ս աղջիկ կունենար, էլ ո՞ւմ կուզեր մեր թագավորի որդին, երևի մարդ է, որ աղջիկ ունի, և այն էլ՝ գիտե՞ս ինչպե՜ս աղջիկ. շատ գեղեցիկ և շատ իմաստուն։ Ասում են՝ այդ աղջիկը մարդու չի գնում, և դեռ հայտնի չէ, թե արդյոք մեր թագավորի որդուն կուզի՞, թե՞ ոչ։
— Ի՜նչ ես ասում։
— Հապա դու ի՞նչ ես կարծում…
Զ
Թագավորն ու թագուհին տեսան, որ չեն կարողանում Վաչագանի միտքը փոխել, մի երեկո խորհուրդ արին և վճռեցին, որ ընդունեն նրա ընտրությունը։
Թագավորն ինքը շատ բարի մարդ էր, նա սրտով հակառակ չէր ամենևին որդու ընտրությանը։ Նա մինչև անգամ ուրախ էլ էր, որ իր որդին բոլոր հպատակների վրա հավասար աչքով է նայում և մեկը մյուսից բարձր չի դասում։ Նա միայն վախենում էր, թե՝ միգուցե դրանով գոռոզ իշխաններին գրգռե իր դեմ։ Բայց երբ որ իմացավ, թե՝ գյուղացիք շատ ուրախ են այդ բանին, և Անահիտն էլ բարձր համբավ է ստացել նրանց մեջ, ի՛նքն սկսեց համոզել թագուհուն, որ հոժարի այդ բանին…
Մյուս օրը կանչեցին Վաղինակին, հայտնեցին իրանց հոժարությունը և, նրա հետ երկու պատվավոր և իշխան մարդ ևս դնելով, մեծամեծ ընծաներով ուղարկեցին Հացիկ՝ հարսնախոսության։
Երբ որ դրանք հասան նախրչի Առանի տունը՝ Առանը նրանց սիրով ընդունեց և շնորհավորեց նրանց գալը։ Անահիտը տանը չէր։ Հյուրերը նստեցին սրահումը՝ մի նոր գորգի վրա, որ Առանը փռեց իսկույն և ինքն էլ նստեց նրանց կշտին։
Խոսակցության նյութը ամենից առաջ դարձավ նոր գորգը, որ իր գեղեցիկ նախշերով, գույների պայծառությունով և գործվածքի նրբությունով գրավեց հյուրերի ուշադրությունը։
— Այս ի՜նչ հրաշալի գորգ է,— ասաց Վաղինակը,— տանտիկինդ կլինի գործած, անշուշտ։
— Ո՛չ, ես կին չունիմ, ահա հինգ տարի է, որ կինս վախճանվել է։ Այդ գորգը մեր Անահիտի գործածն է։ Բայց ինքը չի հավանում, ասում է՝ իմ ուզածիս պես դուրս չեկավ։ Մեկ նորը հինել է, ահա՛ այն ծածկված ոստայնն է, հույս ունի, որ այն պիտի իր ուզածի պես դուրս բերե։
— Մեր թագավորի պալատումն էլ չկա մի այսպիսի զարդ,— ասաց իշխաններից մինը, հետո դառնալով Առանին՝ ավելացրեց,— շատ ուրախ ենք, որ քո աղջիկն այսքան շնորհալի է։ Քո Անահիտի համբավը մինչև թագավորի ականջն է հասել։ Եվ ահա՛ մեզ ուղարկել է քեզ մոտ խնամախոսության։ Թագավորը կամենում է, որ քո Անահիտը տաս իր մինուճար որդուն՝ Վաչագանին, որ իր թագաժառանգն է։
Իշխանը, այս առաջարկությունն անելով՝ սպասում էր, թե Առանը կամ չի՛ հավատալ, կամ թե՝ սաստիկ ուրախանալուցը վեր կթռչի տեղիցը։ Բայց Առանը ո՛չ այս արավ և ո՛չ այն, այլ՝ գլուխը քաշ գցեց և սկսեց ցուցամատը գորգի նախշերով սահեցնել։ Նրան այդ մտածությունից հանեց Վաղինակը՝ ասելով.
— Ինչո՞ւ տխրեցիր, Առա՛ն եղբայր, մենք քեզ ուրախություն ենք բերել և ո՛չ տխրություն։ Մենք քո աղջիկը բռնի տանելու չենք։ Այդ կախված է քո միակ կամքից. եթե կուզես՝ կտաս, չես ուզիլ՝ չես տալ. մեզ հարկավոր է միայն, որ դու ուղիղն ասես, թե դու ինչպե՛ս կկամենաս՝ տա՞լ, թե՞ չտալ։
— Իմ պատվական հյուրեր,— պատասխանեց Առանը,— ես շատ շնորհակալ եմ, որ մեր տեր թագավորը իր ճոխ պալատի համար իր ծառայի աղքատիկ խրճիթից մի զարդ է ուզում տանել։ Գուցե այդպիսի մի զարդ, ինչպես ասացիք գորգի համար, չկա նրա պալատի մեջ, բայց ճշմարիտն ասում եմ ձեզ՝ իմ ձեռին չէ տալն ու չտալը։ Ահա կգա ինքը, իրան կհարցնեք. եթե կհոժարի, ես ոչինչ չունիմ ասելու։
Հենց այս խոսակցության ժամանակ եկավ Անահիտը, որ իրանց այգումն էր եղել, ձեռին մի զամբյուղ խաղողով, դեղձով և տանձ ու խնձորով լիքը։ Գլուխ տվավ հյուրերին, որոնց մասին իրան իմաց էին տվել, որ քաղաքից եկած իշխաններ են, և զամբյուղը ներս տանելով՝ միջի եղածը դարսեց մի նոր կլեկած մեծ սինու մեջ և բերավ դրավ հյուրերի առջև։ Ինքը գնաց իր ոստայնի մոտ, վեր առավ նրա երեսից սավանը և սկսեց շարունակել իր կիսատ թողած գործը։ Իշխաններն սկսեցին նայել, որ տեսնեն՝ ինչպե՞ս է գործում Անահիտը, և մնացին ապշած նրա արագաշարժ մատների ճարպիկության վրա։
— Անահի՛տ, ինչո՞ւ ես մենակ գործում,— հարցրեց Վաղինակը,— ես լսել եմ, որ դու աղջիկ աշակերտներ շատ ունիս։
— Այո՛, ունիմ մի քսան հոգի,— պատասխանեց Անահիտը,— բայց որովհետև հիմա այգեկութ է, արձակել եմ։ Այստեղ էլ լինին, չեմ բանեցնիլ սրա վրա։ Այս մեկ հատը ես մենակ պետք է գործեմ։
— Լսել եմ, որ դու քո աշակերտներին կարդալ էլ ես սովորեցնում։
— Այո՛, սովորեցնում եմ։ Հիմա մեզանում ամեն մարդ պարտական է կարդալ գիտենալ։ Այս վերջին օրերս էլի եկավ ծերունի Մեսրոպը և սաստիկ պատվեր տվավ, որ ամեն մարդ կարդալ սովորե, որ ամեն մարդ ի՛նքը կարդա Ավետարանը և հասկանա։ Հիմա մեր հովիվներն էլ գիտեն կարդալ և միմյանց սովորեցնում են իրանց հոտն արածացնելիս։ Այժմ եթե մեր անտառները պտտես՝ բոլոր հաստ ծառերի կեղևները գրոտած կտեսնես։ Անցյալ օրը ես մի ծառի վրա տասը տուն սաղմոս կարդացի։ Մեր բերդերի պարիսպները, ժայռերի ճակատները ածխագրերով լցրել են։ Մեկը Ավետարանից մի տուն գրում է կամ այնքան է գրում, ինչքան անգիր գիտե, հետո մյուսներն են շարունակում։ Ահա՛ այսպես սար ու ձոր լցվել է գրերով։
— Մեր մեջ ուսումն այդչափ տարածված չէ, ըստ որում՝ մերոնք ծույլ են, բայց ես հույս ունիմ, որ երբ քեզ տանենք մեր քաղաքը՝ դու մեր ծույլերին արիաջան կշինես։ Մի րոպե թող քո գործը, Անահի՛տ, և եկ այստեղ, քեզ բան ունինք ասելու։ Տե՛ս, ահա՝ քեզ համար ինչե՜ր է ուղարկել մեր թագավորը։
Վաղինակն այս ասելով՝ բաց արավ մի կապոց և նրա միջից հանեց ոսկի զարդարանքներ և մետաքսե հագուստներ։
Անահիտն այդ բաները տեսնելով՝ ամենևին չհափշտակվեց և չտեսի նման չզարմացավ, այլ՝ համեստ կերպով հարցրեց.
— Կարելի՞ է արդյոք իմանալ, թե այդ պատիվն ինչո՞ւ համար է արել ինձ թագավորը։
— Մեր թագավորի որդին՝ Վաչագանը, քեզ տեսել է աղբյուրին. դու նրան ջուր ես տվել, և նա քեզ շատ հավանել է։ Հիմա թագավորը մեզ ուղարկել է, որ քեզ նշանենք իր որդու վրա։ Ահա ա՛յս մատանի է, ա՛յս ապարանջան է, ա՛յս մանյակ է, սրանք կոճակներ են, մի խոսքով՝ քեզ համար են այս ամենն էլ։
— Ուրեմն, իմ տեսած որսորդը թագավորի որդի՞ն է եղել։
— Այո՛։
— Նա շատ լավ երիտասարդ էր։ Բայց արդյոք գիտե՞ մի որևիցե արհեստ։
— Նա թագավորի որդի է, Անահի՛տ, նրան ի՞նչ արհեստ է հարկավոր. ողջ աշխարհի տերը նա՛ է, ամենքն էլ նրա ծառաներն են։
— Գիտեմ, որ այդպես է, բայց ո՞վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ի՛նքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած։ Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր և թե՛ իշխան։
Այսպես որ ասաց Անահիտը՝ իշխանները մնացին իրար երեսի մտիկ տալիս։ Նայեցին Առանին, տեսան, որ նա շատ հավան է աղջկա ասածին։ Հետո դարձան Անահիտին ու կրկին հարցրին.
— Ուրեմն, դու թագավորի որդուն չպիտի ուզես միայն նրա համար, որ նա արհեստ չգիտե՞։
— Այո՛, և այս ամենը, ինչ որ բերել եք, ետ կտանեք և կասեք, որ ես իրան շատ հավանում եմ, միայն թող ներե ինձ, որ ես ուխտ եմ դրել՝ արհեստ չգիտցող մարդու չգնալ։ Եթե կամենում է, որ ես իր ամուսինը լինիմ, թող նախ և առաջ մի արհեստ սովորի։
Իշխանները տեսան, որ Անահիտը հաստատ է իր ասածին, էլ չստիպեցին։ Նույն գիշերը մնացին Առանի տանը։ Անահիտը նրանց լավ հյուրասիրություն ցույց տվավ և մի թագավորի հեքիաթ պատմեց, թե ինչպե՛ս նա շատ արհեստներ է սովորել, հետո իր ժողովրդին էլ սովորեցրել և դրանով իր երկիրը շատ հարստացրել։ Իշխանները, տեսնելով, որ ճշմարիտ է Անահիտի ասածը, ամաչում էին, որ իրանք ոչ մի արհեստ չգիտեն, միայն Վաղինակն սկսեց պարծանքով ասել, որ ինքը շատ լավ ոսկերչություն գիտե, թե ինքն այդ սովորել է թագավորի պալատական վարպետից։ Մյուս օրը վեր կացան, գնացին և ինչ որ տեսել, լսել էին՝ մի առ մի պատմեցին թագավորին։ Թագավորն ու թագուհին երբ լսեցին Անահիտի վճիռը, շատ ուրախացան՝ կարծելով, թե Վաչագանը չի ընդունիլ նրա առաջարկությունը և ձեռք կվերցնե նրանից. բայց երբ կանչեցին իրան և հայտնեցին՝ նա ասաց.
— Շատ ուղիղ է ասել Անահիտը. ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա, թագավորն էլ մարդ է, նա էլ պետք է գիտենա մի արհեստ։
— Ուրեմն, դու հոժա՞ր ես մի արհեստ սովորելու,— հարցրեց մայրը։
— Այո՛:
— Բայց ուղի՛ղն ասա, ինչո՞ւ համար ես ուզում սովորել. արհեստի կարևորությո՞ւնն զգալով, թե՞ Անահիտին արժանանալու համար։
— Երկուսն էլ… ինչո՞ւ թաքցնեմ,— պատասխանեց Վաչագանը և հեռացավ իսկույն, որ երեսի կարմրիլը ծածկե իր ծնողներից…
Թագավորը տեսավ, որ որդին հոժար է մի արհեստ սովորելու, խորհրդի կանչեց իշխաններից մի քանիսին, և նրանք միաձայն վճռեցին, թե՝ նրան վայելուչ արհեստը լավ դիպակ[7] գործելն է, որ չկա իրանց երկրի մեջ և հեռավոր երկիրներից են բերել տալիս շատ թանկ գնով։ Մարդիկ ուղարկեցին և խորին Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ բերել տվին Վաչագանի համար։ Մի տարվա մեջ Վաչագանն այնպես սովորեց դիպակ գործելը, որ իր ձեռքով նուրբ ոսկեթելից մի բաճկոնացու գործեց Անահիտի համար և Վաղինակի ձեռքով ուղարկեց նրան ընծա։
Անահիտը, ստանալով այդ ընծան, ասաց.
— Հիմա ոչինչ չունիմ ասելու.
Երբ կանճարանա,
Ջուլհակ կըդառնա։
Հայտնեցե՛ք թագավորի որդուն իմ հոժարությունը և իմ կողմից էլ իմ նոր գործած գորգը տարե՛ք նրան ընծա։
Վաղինակը վեր առավ գորգը և, ձին հեծնելով, շտապեց դեպի Բարդա, որ մի րոպե առաջ ավետե Վաչագանին Անահիտի հոժարությունը։
Սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել, և յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին։ Այդ հարսանիքը մի չտեսնված մեծ տոնակատարության պես եղավ բոլոր երկրի համար։ Գյուղացոց ուրախությանն էլ չափ չկար։ Նրանք ուրախանալու առիթներ շատ ունեին, նախ՝ որ շատ սիրում էին թագավորին և նրա որդուն. երկրորդ՝ որ Անահիտը նրանց մեջ մեծ համբավ էր ստացել, և նրա գթության վրա մեծ հույս ունեին. երրորդ՝ որ թագավորը հարսանիքի օրը հրաման էր հանել, որ երեք տարի ժամանակով գյուղացոց բոլոր հարկերը ընծայված լինին։ Եվ դրա համար էլ գյուղացիք երկար ժամանակ երգում էին.
Անահիտի հարսանիքին ոսկի արև փայլեցավ.
Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափվեցավ.
Մեր արտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցան.
Մեր հարկերը անհետացան, մեր ցավերը վերացան.
Շա՜տ ապրի Ոսկեծղին[8]՝
Մեր մայր թագուհին…
Է
Անահիտի փառավոր հարսանիքին ներկա չէր Վաղինակը։ Մեկ օր թագավորը նրան մի հանձնարարությունով ուղարկեց Պերոժ քաղաքը, որ շատ հեռու չէր Բարդայից, և այն գնալն էր, որ գնաց. էլ ետ չեկավ։ Շատ հարց ու խնդիր եղան, ման եկան, որոնեցին, բայց Վաղինակը կորավ ու կորավ։
Վաղինակին որոնելու գնացող մարդիկ լուր բերին թագավորին, թե՝ անհայտ եղած մարդիկ շատ կան, և ոչ ոքի հայտնի չէ, թե ինչպե՛ս են անհետանում այդ մարդիկը և ո՛ւր են կորչում։
Թագավորը կարծեց, թե՝ երևի ավազակ գերեվաճառներ կան, նրանք են գալիս գողանում և տանում Կովկասյան լեռներում բնակող բարբարոս ազգերի մեջ վաճառում։ Ճարպիկ լրտեսներ ուղարկեց այն երկրները, նրանք գնացին, գյուղեգյուղ, քաղաքեքաղաք ման եկան, բայց ոչ մի հետք չգտնելով՝ ետ դարձան հուսահատ։
Վաղինակի այդպես անհետ կորչիլը մեծ ցավ պատճառեց թագավորին։ Նա ցավում էր ոչ միայն նրա համար, որ նրան որդու պես էր սիրում, այլև՝ նրա համար, որ իր երկրի մեջ մի այդպիսի անսովոր բան էր պատահում, և ինքը չէր կարողանում հետքը գտնել։
Այս դեպքից հետո շատ չանցած՝ թագավորն ու թագուհին վախճանվեցան, խորին ծերության հասած։ Բոլոր երկիրը սուգ պահեց նրանց համար մինչև քառասուն օր։ Քառասուն օրից հետո հավաքվեցին բոլոր քաղաքացիք և Վաչագանին իր հոր տեղը նստեցրին։
Վաչագանը, իր նախնյաց գահը բարձրանալով, ուզեց իր երկիրը այնպես բարեկարգել, որ էլ ոչ մի հոգի ոչ մի բանից դժգոհ չլինի, ամենքն էլ ուրախ լինին, ամենքն էլ՝ բախտավոր։ Իր ամենամոտիկ խորհրդակիցը Անահիտն էր։ Առաջ նրա հետ էր խորհրդակցում միշտ և հետո ժողովրդից խելացի մարդկանց հրավիրում խորհրդի և նրանց հայտնում իր միտքը։ Բայց Անահիտը այսքանը բավական չհամարեց, և մեկ օր նրա հետ սկսեց այսպես խոսիլ.
— Տե՛ր իմ թագավոր, ես տեսնում եմ, որ դու քո երկրիդ մասին մանրամասն ու ստույգ տեղեկություններ չունիս։ Քո հրավիրած մարդիկը ամեն բան ուղիղը չեն ասում։ Նրանք քեզ միամտացնելու և ուրախացնելու համար ասում են՝ ամեն բան լավ է և կարգին, ամենքն էլ գոհ են իրանց վիճակից։ Ո՞վ գիտե, ինչե՜ր են լինում այս րոպեիս քո երկրիդ մեջ, որոնց մասին այդ մարդիկը ոչ մի տեղեկություն չեն տալիս քեզ։ Դու ժամանակ առ ժամանակ պետք է զանազան հագուստով ու կերպարանքով ման գաս երկրիդ մեջ, երբեմն աղքատի ձևով մուրացկանություն պետք է անես, երբեմն մշակի հագուստով պիտի երթաս նրանց հետ մշակություն անես, երբեմն՝ վաճառականություն, մի խոսքով՝ ամեն վիճակի մեջ էլ պետք է մտնես, որ ամեն վիճակի էլ մոտիկ ծանոթանաս։ Աստված ամենի համար էլ քեզանից հաշիվ է պահանջելու. դու նրա փոխանորդն ես քո երկրիդ վրա, պետք է ամենայն ինչ տեսնես, և ըստ այնմ քո անելիքդ անես։
— Դու շատ ճշմարիտ ես ասում, Անահի՛տ,— ասաց թագավորը։— Հանգուցյալ հայրս այդ սովորությունն ուներ, ինչ որ դու ասում ես. միայն ծերության ժամանակ է՛լ չէր կարողանում կատարել իր ուզածը։ Ես իմ որսորդության ժամանակ համարյա միևնույնն էի անում, բայց հիմա ինչպե՞ս անեմ. ես որ երթամ՝ ո՞վ կկառավարի իմ տեղս։
— Ես ի՛նքս կկառավարեմ, և այնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանալ, որ դու բացակա ես։
— Շա՛տ լավ. ես հենց վաղը կարող եմ ճանապարհ ընկնիլ։ Քսան օր ժամանակ եմ դնում, երբ որ քսան օրն անցնի, և ես չգամ՝ իմացի՛ր, որ ես կենդանի չեմ կամ մի փորձանքի մեջ եմ ընկել։