1. Անաստվածի պատարագը

Chapter 1

I

Մի բժիշկ, որին գիտությունը պարտական է բնախոսության վերաբերյալ մի արժեքավոր ու հիանալի թեորիա, դոկտոր Բիանշոնը, որը դեռ երիտասարդ հասակում ականավոր դարձավ լուսավորության կենտրոն հանդիսացող և եվրոպական բժիշկների կողմից հարգված՝ Փարիզյան բժշկական ֆակուլտետում, նախքան ներքին հիվանդություններով զբաղվելը, երկար ժամանակ վիրաբույժ էր: Իր ուսանողական տարիներին նրան ղեկավարում էր ֆրանսիական խոշորագույն վիրաբույժներից մեկը, հռչակավոր Դեպլենը, որը մետեորի պես փայլեց գիտության մեջ:

Նույնիսկ Դեպլենի թշնամիները խոստովանում էին, որ նա իր հետ գերեզման տարավ անփոխանցելի մի մեթոդ: Ինչպես հանճարեղ բոլոր մարդիկ, նա ժառանգորդներ չունեցավ, ամեն ինչ բերեց և տարավ իր հետ:

Վիրաբույժների փառքը նման է դերասանների փառքին: Նրանք գոյություն ունեն քանի դեռ ապրում են, և նրանց տաղանդը դժվար է գնահատել իրենց մահվանից հետո:

Դերասանները և վիրաբույժները, ինչպես նաև մեծ երգիչներն ու երաժիշտ-վիրտուոզները, որոնք իրենց կատարմամբ տասնապատկում են երաժշտության ուժը՝ նրանք րոպեի հերոսներ են: Դեպլենի ճակատագիրը ապացույց է ծառայում այդ վաղանցուկ հանճարների ընդհանուր բախտի համար: Նրա անունը, որ երեկ այդպես հռչակավոր էր, իսկ այսօր գրեթե մոռացված, դուրս չեկավ իր մասնագիտության սահմաններից: Մի՞թե արտակարգ հանգամանքներ չեն պահանջվում, որպեսզի մի գիտնականի անունը գիտությունից անցնի մարդկության ընդհանուր պատմության մեջ: Դեպլենը տիրապետում էր այն համայնապարփակ գիտելիքներին, որոնք մարդուն դարձնում են իր դարի արտահայտիչը կամ ֆիգուրը։

Դեպլենն ուներ գերմարդկային դիտողականություն, թափանցում էր հիվանդի և նրա հիվանդության մեջ բնածին կամ ձեռք բերովի հստակ, անմիջական ինտուիցիայով, որը թույլ էր տալիս նրան ընդգրկել անհատի հատուկ ախտաճանաչումները և ճիշտ որոշել պահը, ժամը, րոպեն, երբ պետք էր օպերացիա կատարել, հաշվի առնելով մթնոլորտային պայմանները և հիվանդի խառնվածքի յուրահատկությունները:

Բնության հետ այդպես համընթաց գնալու համար Դեպլենը արդյոք չէ՞ր ուսումնասիրել անդադրում յուրացումը այն տարրերի, որ մարդս քաղում է օդից ու հողից և դրանք մշակում՝ իրեն հատուկ եղանակով: Արդյոք նա չէ՞ր օգտվել դեդուկցիայի և անալոգիայի այն հզոր ուժից, որին էր պարտական Կյուվիեն իր հանճարը:

Ինչ էլ որ լինի, այս մարդը դարձավ մարդկային մարմնի բոլոր գաղտնիքների հավատարմատարը. կարդում էր այն, ըմբռնում նրան անցյալի և ապագայի մեջ՝ հենվելով ներկայի վրա:

Նա իր մեջ չէ՞ր մարմնավորում ամբողջ գիտությունը, ինչպես Հիպոկրատը, Գալենը, Արիստոտելը: Ստեղծե՞ց նա մի ամբողջ դպրոց, նրա առաջ բացե՞ց դեպի նոր աշխարհներ տանող ուղիներ: Ո՛չ: Չի կարելի ժխտել, որ մարդկային օրգանիզմի քիմիայի այդ արթուն դիտողը թափանցել էր մոգականության հին գիտության մեջ, այսինքն, ըմբռնում էր կենսական սկզբնավորությունը՝ նախքան նրա գոյացումը, տեսնում էր կյանքի ակունքները, այն կյանքը, որ դեռ կյանքը չէր, բայց որը իր նախապատրաստական աշխատանքով պայմանավորում է օրգանիզմի գոյությունը:

Սակայն, դժբախտաբար ամեն ինչ նրա մեջ անձնական բնույթի էր. էգոիզմը Դեպլենի կենդանության ժամանակ նրա մենության պատճառն էր, և այդ էգոիզմը սպանեց նրա հետմահու փառքը: Նրա շիրմի վրա չի կանգնած մի արձան, որ գալիք սերունդներին ազդարարեր այն գաղտնիքները, որոնք հայտնագործվել էին հանճարի ինքնազոհ որոնումներով:

Բայց, թերևս, Դեպլենի տաղանդը համապատասխանում էր իր համոզմունքներին, և դրա համար էլ մահկանացու էր: Դեպլենի համար երկրային մթնոլորտը մի շերտ էր, որն իր մեջ կյանք էր ծնում, երկիրը կճեպի մեջ եղող ձվի նման էր նկատում, և ահա նա, ի վիճակի չլինելով պատասխանելու, թե սկզբումն ի՛նչն է եղել, հավկի՞թը, թե՞ հավը, ժխտում էր և՛ աքաղաղը, և՛ հավկիթը: Նա չէր հավատում նախնական կենդանական աշխարհի ստեղծմանը և ո՛չ էլ մարդկային հոգու անմահությանը: Դեպլենը չէր տարակուսում, նա ժխտում էր: Դա, անկեղծ, իսկական աթեիզմ էր, որը հատուկ է շատ գիտնականների. դրանք հիանալի մարդիկ են, բայց աթեիստ են մինչև ուղն ու ծուծը, անաստվածներ, որոնք աթեիզմ են քարոզում նույն համոզվածությամբ, ինչպիսի համոզվածությամբ կրոնասեր մարդիկ այն մերժում են: Ուրիշ կերպ էլ չէր կարող լինել մի մարդու մոտ, որը դեռ երիտասարդ հասակից սովոր էր հերձել մարդուն՝ կենդանական աշխարհի այդ պսակին, նախքան նրա ծնունդը, կենդանության օրոք և մահվանից հետո. սովոր էր պրպտել նրա բոլոր օրգաններում և ոչ մի տեղ չէր գտնում այն միասնական հոգին, որն այնքան անհրաժեշտ էր կրոնական բոլոր ուսմունքների համար: Նա այնտեղ ճանաչեց երեք կենտրոն՝ ուղեղային, ներվային և շնչաարյունատար, որոնցից առաջին երկուսը մեկը մյուսին այնքան լավ են լրացնում, որ Դեպլենը իր կյանքի վերջին օրերին այն համոզմունքն ունեցավ, որ լսողության զգայարանը ամենևին էլ անհրաժեշտ չէր լսելու համար, և ոչ էլ տեսողության զգայարանը բացարձակապես հարկավոր՝ տեսնելու համար, և որ արեգակնային հյուսվածքը փոխարինում է դրանց: Դեպլենը այդպիսով մարդու մեջ գտավ երկյակ հոգի, որով հաստատեց իր աթեիստական հայացքները, թեպետ այդ փաստով նա ոչինչ չնախադատեց աստծո մասին: Ասում են, որ այդ մարդը մեռավ վերջնական անապաշխարության մեջ, որով մեռնում են, դժբախտաբար, շատ հանճարեղ մարդիկ, որոնց աստված թող թողություն տա:

Այնքան մեծ այս մարդու կյանքը սակայն շատ մանրություններ ուներ, եթե օգտագործենք նրա թշնամիների արտահայտությունը, թշնամիներ, որոնք ցանկանում էին նվազեցնել նրա փառքը, բայց ավելի ճիշտ, դրանք զուտ արտաքին կարգի հակասություններ էին: Նախանձոտներն ու բթամիտները երբեք չեն կարողանա հասկանալ այն մղումները, որոնցով գործում են ականավոր մտքերը. դրա համար հենց որ նրանք նկատում են մի քանի այդպիսի մակերևութային հակասություններ, անմիջապես կպչում են դրանց, նրանց հիման վրա մեղադրական ակտ կազմում, և ձգտում են անմիջապես դատապարտել մեղադրյալին: Եթե հետագայում հաջողությունը պսակում է ձեռնարկումները, ցույց տալով տակտիկան, որը հարձակման էր ենթարկվել, և ի հայտ է բերում համապատասխանություն՝ նպատակի ու միջոցների միջև, այնուամենայնիվ, զրպարտչական ավանգարդային հարձակումները անհետևանք չեն մնում: Այսպես, մեր օրերում, Նապոլեոնը իր ժամանակակիցների կողմից դատապարտվեց, երբ նա իր արծվի թևերը փռեց Անգլիայի վրա, բայց հարկավոր եղավ 1816 թվականը, որ պարզաբաներ 1804 թվականը և Բուլոնյան դեսանտային նավերը:

Դեպլենի մոտ գիտությունն ու փառքը անխոցելի լինելով, թշնամիները կառչում էին նրա տարօրինակ բնավորությանը, նրա նկարագրին: Մինչդեռ նա պարզապես ուներ այն հատկությունը, որին անգլիացիներն անվանում են excentricity*. երբեմն նա հագնվում էր տրագիկ Կրեբիլիոնի պերճությամբ, երբեմն բացահայտում էր տարօրինակ անտարբերություն զգեստի հարցերում, գնում էր երբեմն կառքով, երբեմն ոտքով: Մերթ կոպիտ, մերթ հեզահամբույր, առերևույթ դաժան և ագահ, սակայն ընդունակ՝ իր ամբողջ հարստությունը տրամադրելու իր աքսորական տիրակալներին, որոնք նրան պատիվ արին մի քանի օր ընդունելու նրա օգնությունը:

Ոչ մի մարդ չի հարուցել այդպիսի հակասական դատողություններ:

Թեպետ շքանշանի մի սև ժապավեն ձեռք բերելու համար, շքանշան, որի հետևից չպետք է ընկնեին բժիշկները, նա ընդունակ եղավ արքունիքում գրպանից գցել մի աղոթագիրք, բայց համոզված եղեք, որ կյանքում նա բոլորի վրա թաքուն ծիծաղում էր: Նա խորունկ արհամարհանք ուներ մարդկանց նկատմամբ, որոնց ուսումնասիրել էր վերևից և ներքևից, տեսել էր նրանց այնպես, ինչպես իրականում կային, ամենահանդիսավոր և ամենասովորական կենսական հանգամանքներում, իրենց ամենահանդիսավոր և ամենաչնչին գործողություններում:

Մեծ մարդու մոտ հաճախ առանձնահատկությունները միմյանց հետ համերաշխ են: Եթե այդ տիտաններից մեկն ավելի տաղանդ ունի, քան խելք, նա, այնուամենայնիվ, ավելի խելացի է նրանից, որի մասին պարզապես ասում են. «Խելացի մարդ է»: Հանճարեղությունը ենթադրում է ներքին տեսողություն. այդ տեսողությունը կարող է սահմանափակվել առանձին մասնագիտությամբ, բայց ո՛վ տեսնում է ծաղիկը, պետք է տեսնի նաև արևը:

Մի անգամ, իր փրկած մի դիվանագետի բերանից լսելով «Ինչպե՞ս է կայսրի առողջությունը» հարցումը, Դեպլենը պատասխանեց. «Պալատականը վերակենդանացավ, մարդն էլ կվերակենդանանա»: Նա՛, ով ընդունակ է նման խոսք ասել, ոչ միայն վիրաբույժ է ու բժիշկ, այլև ահռելիորեն սրամիտ մարդ:

Դեպլենի կյանքի մի շարք առեղծվածներից, որ դիտել են ժամանակակիցները, մենք ընտրեցինք ամենահետաքրքրականներից մեկը, որովհետև մեր պատմվածքի վերջում տրված է դրա լուծումը և կսրբի Դեպլենի հիշատակը մի քանի անհեթեթ մեղադրանքներից:

Հորաս Բիանշոնը նրա ամենասիրած ուսանողներից մեկն էր, որին նա սերտորեն կապվեց: Նախքան Օտել-Դիո հիվանդանոցում ասիստենտ-պրակտիկանտ լինելը, Հորաս Բիանշոնը ուսանող ժամանակ ապրում էր լատինական թաղամասում «Վոքեի տուն» անունը կրող ողորմելի մի պանսիոնում: Երիտասարդը այնտեղ կրեց ահավոր թշվառության սոսկալի հարվածները, բայց, ինչպես քուրայից, մեծ տաղանդները պետք է դուրս գան անաղարտ ու անեղծ, ինչպես ալմաստ քարերը, որոնք դիմանում են ամեն տեսակի հարվածի՝ առանց փշրվելու: Նրանք իրենց շղթայազերծված կրքերի կատաղորեն վառվող կրակում ձեռք են բերում ամենաանվթար ուղղամտությունը և փակելով իրենց խաբված ցանկասիրություններն անդադրում աշխատանքի սահմանների մեջ, կանխապես մասնակցում են այն մարտերին, որոնք հանճարի բաժինն են լինում:

Հորաս Բիանշոնը ուղղամիտ երիտասարդ էր, անընդունակ գործարքի մեջ մտնելու պատվո հարցերում. ֆրազների մարդ չէր, այլ գործողության մարդ, պատրաստ էր իր վերարկուն գրավ դնել իր բարեկամների համար, ինչպես նաև նրանց նվիրելու և՛ իր ժամանակը, և՛ իր անքուն գիշերները:

Վերջապես, նա մեկն էր այն բարեկամներից, որոնք չեն մտածում այն մասին, թե շատ են ստանում իրենց տվածի դիմաց, որովհետև համոզված են, որ իրենք իրենց հերթին ավելի են ստանալու, քան տալիս են: Հորասի բարեկամների մեծամասնությունը նրա նկատմամբ զգում էր այն խորունկ ու ներքին ակնածանքը, որ ներշնչում է ցուցամոլությունից զուրկ առաքինությունը. իսկ ոմանք վախենում էին նրա դատապարտումից: Իր արժանիքներն էլ նա ի հայտ էր բերում առանց ցուցամոլության: Նա հակում չուներ դեպի պուրիտանիզմը կամ քարոզչականությունը. երբ մի որևէ խորհուրդ էր տալիս, նա բաց էր թողնում թունդ խոսքեր, և առիթը ներկայանալիս, սիրում էր լավ խմել և ուտել: Ուրախ սեղանակից էր, զրահավոր զինվորից ավելի ծեքծեքուն չէր, ուղղախոս և անկեղծ, ոչ թե որպես ծովային, որովհետև հիմիկվա ծովայինները դիվանագետների նման խորամանկ են, այլ որպես մի լավ երիտասարդ մարդ, որը ոչինչ չունի թաքցնելու իր կյանքում, և առաջ էր գնում գլուխը բարձր պահած և ծիծղուն աչքերով: Որպեսզի բոլորն արտահայտենք մի բառով, նա շատ Օրեստների համար Պիլադն1 էր, չէ՞ որ մեր օրերում հնադարյան ֆուրիաների իրական մարմնացումը հանդիսանում են պարտատերերը:

Նա իր թշվառությունը տանում էր մի այնպիսի զվարթությամբ, որը գուցե քաջության հիմնական տարրերից մեկն է, և բոլոր նրանց նման, որոնք ոչինչ չունեն, քիչ պարտք էր անում: Ժուժկալ էր ուղտի նման, զգույշ՝ ինչպես եղջերուն, վճռական ու անհողդողդ, մանավանդ՝ իր համոզմունքների և վարքի մեջ: Բիանշոնի համար երջանիկ կյանքն սկսվեց այն օրից, երբ ականավոր վիրաբույժը հասկացավ նրա բարեմասնություններն ու թերությունները, որոնք կրկնակիորեն սիրելի ու թանկարժեք դարձրին դոկտոր Հորաս Բիանշոնին: Երբ որևէ կլինիկայի գլխավոր բժիշկն իր հսկողության տակ է վերցնում մի երիտասարդի, այլևս այդ երիտասարդի բախտն ապահովված է: Դեպլենը ոչ մի առիթ չէր բաց թողնում Բիանշոնին որպես իրեն օգնականի մեծահարուստ տները տանելու համար, որտեղ գրեթե միշտ մի լավ պարգև էր ընկնում ասիստենտ բժշկին. բացի այդ, նրա՝ այդ պրովինցիալ մարդու համար, բացվում էին փարիզյան կյանքի գաղտնիքները:

Դեպլենը իր կոնսուլտացիաների ժամանակ նրան պահում էր իր կաբինետում, օգտագործում էր նրան այնտեղ, հետո երբեմն նրան ուղարկում էր ուղեկցելու մի որևէ հարուստ հիվանդի հանքային ջրեր գնալու ժամանակ: Վերջապես նրա համար բարձր դասից կլիենտներ էր ապահովում:

Այս բոլորն ունեցավ այն արդյունքը, որ որոշ ժամանակ հետո վիրաբուժության Մուհամեդն ունեցավ իր Սեիդը2: Այդ երկու մարդիկ, որոնցից մեկը գտնվում էր մեծարանքների ու գիտելիքների կատարին, ուներ հսկայական հարստություն և մեծ փառք, մյուսը, համեստ օմեգա, զուրկ հարստությունից ու հռչակից, և որն առկայծում էր փարիզյան երկնակամարի վրա, դարձան մտերիմներ: Մեծ Դեպլենն ամեն ինչ ասում էր իր ասիստենտին: Բիանշոնը գիտեր, թե այսինչ կինը նստած էր եղել իր ուսուցչի կողքի աթոռին, կամ թե նրա կաբինետում դրված այն համբավավոր բազմոցի վրա, որի վրա էլ Դեպլենը քնում էր. Բիանշոնը գիտեր առյուծի և ցուլի այդ խառնվածքի գաղտնիքները, մի խառնվածք, որն աստիճանաբար չափազանց ընդարձակեց, լայնացրեց մեծ մարդու կուրծքը, և նրա մահվան պատճառը դարձավ, որովհետև Դեպլենը մեռավ սրտի լայնացումից:

Ասիստենտն ուսումնասիրեց անչափ բազմազբաղ այդ կյանքի տարօրինակությունները:

Մի անգամ Բիանշոնը հայտնեց Դեպլենին, որ Սեն-Ժակ թաղից մի աղքատ ջրկիր սոսկալիորեն հիվանդացել էր թշվառության և հոգնությունների հետևանքով, որովհետև այդ խեղճ օվեռնացին 1821 թվականի երկարատև ձմռանը սնվել էր միայն կարտոֆիլով: Այդ լսելիս՝ Դեպլենը թողեց իր բոլոր հիվանդներին և իր ձին տրաքացնելու վտանգին ենթարկելով, Բիանշոնի հետ մեկտեղ սլացավ այդ աղքատ մարդու տունը, անձամբ փոխադրել տվեց նրան այն հիվանդանոցը, որ հռչակավոր Դյուբուան էր հիմնել Սեն-Դընի արվարձանում: Նա անձամբ խնամեց այդ մարդուն, և երբ հիվանդն առողջացավ, նրան տվեց մի ձի և տակառ գնելու համար անհրաժեշտ գումարը: Այդ օվեռնացին աչքի ընկավ յուրօրինակ մի արարքով: Նրա բարեկամներից մեկը հիվանդացավ: Օվեռնացին նրան իսկույն բերեց իր բարերարի մոտ և ասաց նրան.

— Ես չէի ուզենա, որ նա մեկ ուրիշի մոտ գնար:

Չնայած իր խիստ բնավորությանը, Դեպլենը մեծ գոհունակությամբ սեղմեց ջրկիրի ձեռքը և ասաց նրան.

— Նրանց բոլորին ինձ մոտ բեր:

Նա Կանտալի3 այդ բնակչին ընդունեց Օտել-Դիո կլինիկան և նրա նկատմամբ մեծագույն հոգածություն ցուցաբերեց: Բիանշոնը բազմաթիվ անգամներ առիթ էր ունեցել նկատելու իր պետի մոտ հատուկ ուշադրություն և նախասիրություն օվեռնացիների, և առանձնապես ջրկիրների նկատմամբ, բայց որովհետև Դեպլենի համար իր աշխատանքը Օտել-Դիո կլինիկայում յուրահատուկ հպարտության առարկա էր հանդիսանում, ասիստենտը նրա վարմունքի մեջ ոչինչ անսովոր չէր նկատում:

Մի օր Սեն-Սյուլպիս հրապարակով անցնելիս՝ Բիանշոնը հանկարծ նկատեց իր ուսուցչին, որը առավոտվա ժամը իննի մոտերը մտնում էր եկեղեցի: Դեպլենը երբեք այդ ժամանակներում առանց իր երկանիվ կառքի ոչ մի քայլ չէր անում, այդ օրը ոտքով էր գնում և զգուշավորությամբ սահում էր դեպի եկեղեցի՝ Պտի-Լիոն փողոցի վրա գտնվող դռնից և այնպիսի ձևով, որ կարծես մի կասկածելի ու վատահամբավ տուն էր մտնում: Բնականաբար այդ բանը շարժեց ասիստենտի հետաքրքրությունը, որը մոտիկից ծանոթ էր իր ուսուցչի հայացքներին որպես կաբանիստի4, դիվայնորեն համառ (հենց այդպիսի ուրվագծմամբ, որը, ըստ երևույթին Ռաբլեի մոտ նշանակում է դիվայնության ամենաբարձր աստիճան):

Բիանշոնը ինքն էլ անցավ Սեն-Սյուլպիս եկեղեցին և քիչ չզարմացավ, տեսնելով մեծ Դեպլենին, հրեշտակների նկատմամբ անողոք այդ աթեիստին, հրեշտակներ, որոնք նշտարի հարվածներին բնավ չեն ենթարկվում, որոնք չեն կարող ունենալ ո՛չ ֆիստուլա, և ոչ էլ գաստրիտ:

Վերջապես, այս խիզախ ծաղրարարը խոնարհաբար ծնրադրել էր, և ո՞ւր... աստվածամոր խորանի առաջ, որտեղ պատարագ էր լսում: Ապա նա վեր կացավ, վճարեց արարողության և աղքատների համար, մնալով լուրջ, ինչպես մի վիրահատության ժամանակ:

«Անտարակույս նա չի եկել սուրբ կույսի ծննդաբերության հարակից հարցեր պարզելու,— մտածեց Բիանշոնը, որի զարմանքն անսահման էր:— Եթե նրան տեսնեի սուրբ հաղորդության տոնի ժամանակ ամպհովանու ծոպերից մեկը բռնելիս, դա միայն ծիծաղելի կլիներ: Սակայն այս ժամին, մենակ, եկեղեցու մեջ, առանց վկայի, արդարև մտածելու բան է»:

Բիանշոնը չուզեց, որ ուրիշները կարծեն, թե ինքը հետևում է Օտել-Դիո կլինիկայի գլխավոր վիրաբույժին, ուստի հեռացավ:

Դիպվածաբար, Դեպլենը այդ նույն օրն իսկ Բիանշոնին հրավիրեց միասին ճաշելու, իր բնակարանից դուրս, մի ռեստորանում: Աղանդերի միջոցին Բիանշոնը հմուտ նախապատրաստություններով սկսեց խոսել պատարագի մասին, այն որակելով խեղկատակություն ու զավեշտ:

— Մի զավեշտ սակայն, որը շատ ավելի արյուն արժեց քրիստոնեությանը, քան Նապոլեոնի մղած բոլոր ճակատամարտերը միասին վերցրած և Բրուսեի5 բոլոր տզրուկները,— ասաց Դեպլենը:— Պատարագը պապական մի հնարք է, որը վեցերորդ դարից առաջ չի եղել, և որը հիմնել են՝ «այս է մարմինն իմ»-ի վրա: Արյան որքա՜ն հեղեղներ են թափվել սուրբ հաղորդության տոնը հաստատելու համար, որի հիմնումով պապական գահը ցանկացավ ապահովել իր հաղթանակը հաղորդության իրական գոյափոխության վեճում՝ ընդդեմ հերետիկոսների, որոնք երեք դար շարունակ խռովեցին եկեղեցին: Տուլուզի կոմսի և ալբիգոյանների պատերազմներն այդ խռովության շարունակություններն են: Վալդենսներն ու ալբիգոյանները մերժում էին ընդունել այդ նորամուծությունը:

Այնուհետև Դեպլենը ազատություն տվեց աթեիստի իր սրամտությանը, դա վոլտերյան կատակախոսության մի մակընթացություն էր, ավելի ճիշտ ասած, «Ցիտատորի»6 նողկալի մի նմանություն:

«Բա՜հ,— մտածեց Բիանշոնը.— ո՞ւր է առավոտվա իմ ջերմեռանդը»:

Նա լռություն պահեց, որովհետև սկսեց կասկածել, թե իրոք տեսել էր Դեպլենին Սեն-Սյուլպիս եկեղեցում:

Դեպլենը չէր ստի Բիանշոնին, նրանք, երկուսն էլ իրար շատ լավ էին ճանաչում, խիստ լուրջ հարցերի շուրջը մտքերի փոխանակություն էին ունեցել, քննարկել էին զանազան սիստեմներ de rerum natura-ի7 մասին, խորաչափելով և անդամահատելով անհավատության դանակներով և սկալպելներով:

Անցավ երեք ամիս, և Բիանշոնը չվերադարձավ այդ միջադեպին, թեպետ դա մնաց դրոշմված իր հիշողության մեջ: Այդ նույն տարին, մի անգամ, Օդել-Դիոյի կլինիկայի բժիշկներից մեկը, Բիանշոնի ներկայությամբ, ասաց Դեպլենին.

— Իմ թանկագին ուսուցիչ, ինչի՞ համար էիք գնում Սեն-Սյուլպիս եկեղեցին:

— Գնացի տեսնելու մի քահանայի, որը ծնկոսկրի թարախակալ բորբոքում ունի,— պատասխանեց Դեպլենը: — Անգուլեմի դքսուհին պատիվ արեց դիմելով ինձ, որպեսզի ես ինձ վրա վերցնեմ քահանայի բուժումը:

Հարձակումը կանխվեց, բժիշկը բավարարվեց այդ պատասխանով, բայց ոչ Բիանշոնը:

«Ա՜հ, նա գնում է հիվանդ ծնկե՞ր տեսնելու եկեղեցում: Նա գնացել էր պատարագ լսելու»,— յուրովի ասաց ասիստենտը:

Բիանշոնը որոշեց այնուհետև հետևել Դեպլենին: Հիշեց այն օրը և այն ժամը, երբ նրան հանկարծակի էր բերել Սեն-Սյուպիս եկեղեցին մտնելիս և միտքը դրեց հաջորդ տարին նույն օրը և միևնույն ժամին դարձյալ լինել այնտեղ, որպեսզի ստուգի, թե Դեպլենին նորից կբռնի՞ եկեղեցում: Եթե Դեպլենը նորից իսկապես երևար, ապա եկեղեցի հաճախելու այդ պարբերականությունը հիմք կծառայեր տվյալ դեպքի գիտական ուսումնասիրության համար, որովհետև չէր կարող նման հակադրություն լինել այդպիսի մի մարդու մտածողության և գործի միջև:

Արդարև, հաջորդ տարին, որոշված օրը և որոշյալ ժամին, Բիանշոնը, որն այլևս Դեպլենի մոտ ասիստենտ չէր, նկատեց վիրաբույժի երկանիվ կառքը, որը կանգ առավ Տուռնոն և Պտի-Լիոն փողոցների անկյունում, որտեղից իր բարեկամը պատերի երկայնքով ճիզվիտական զգուշությամբ սղղալով, մտավ Սեն-Սյուլպիս եկեղեցին, որտեղ նա աստվածածնի խորանում դարձյալ պատարագ լսեց: Դա Դեպլենն էր անձամբ... Գլխավոր վիրաբույժը, հոգով աթեիստ, դիպվածի խաղով՝ ջերմեռանդ մարդ: Ինտրիգը խճճվում էր: Հռչակավոր գիտնականի այդ ջերմեռանդության հարատևությունը կնճռոտում էր ամեն ինչ: Երբ Դեպլենը մեկնեց, Բիանշոնը մոտեցավ լուսարարին, որն եկել էր խորանի կահույքը հավաքելու, և հարցրեց նրան, թե նոր հեռացող այդ պարոնը եկեղեցու սովորական այցելո՞ղ էր:

— Ահա տասներկու տարի է, ինչ ես գտնվում եմ այս եկեղեցում,— ասաց լուսարարը,— և այդ ժամանակից սկսած պարոն Դեպլենը տարին չորս անգամ գալիս է լսելու այս պատարագը, որը կատարվում է նրա պատվերով:

— Պատարա՞գ՝ պատվիրված Դեպլենի՞ կողմից.— ասաց Բիանշոնը հեռանալով:— Սա համազոր է անարատ հղության խորհրդավորությանը, մի բան, որը ամեն մի բժշկի կարող է անհավատ դարձնել:

Comments