Chapter 5
Ե
Բայց Աննայի համար օրըստօրե զգալի էր դառնում Վարդուհու վերաբերմամբ յուր գործած հանցանքը: Նա չէր կարողանում մոռանալ, որ յուր միակ և մտերիմ ընկերուհուն նա անպատվությամբ հեռացրել է յուր տանից: Եվ այժմ, երբ ինքը արդեն երջանիկ էր համարում իրեն Մարությանի սիրուն արժանացած լինելովն, մյուս կողմից էլ կարևոր էր համարում սփոփել յուր զրկված ընկերուհուն: Այդ պատճառով որոշեց անձամբ այցելել նրան և ներողություն խնդրել յուր պատճառած վիրավորանքի համար:
Առաջին անգամ երբ նրանք հանդիպեցան միմյանց. ամեն գժտություն մոռացած էին, երկուսն էլ մի անգամ վազեցին և ջերմ սիրով գրկեցին իրար, ինչպես երկար ժամանակով միմյանցից հեռացած հարազատներ:
Այդքան սիրալիր ընդունելություն ես չէի սպասում քեզանից, Վարդո, և սպասելու էլ իրավունք չունեի,— առաջին անգամ խոսեց օրիորդ Աննան,— ես այնքան կոպիտ կերպով վարվեցա քեզ հետ ին տան մեջ, որ էլ քո ներողության արժանանալու հյուս չունեի, թեպետ քեզանից ներողություն խնդրելու համար եմ եկել:
Անցյալից ես ոչինչ չեմ հիշում, հոգյակս, և ցանկանում եմ, որ դու էլ ոչինչ չհիշեցնես, մենք մի օր անկեղծ ու մտերիմ ընկերուհիներ էինք, այսօր էլ նույնն ենք: — Դու ինձ հիացնում ես քո բարեսրտությամբ, Վարդո, բայց մյուս կողմից էլ տանջում ես, որովհետև իմ հանցանքի կնիքը անջնջելի է։
Ինչի՞ մասին է քո խոսքը,— պարզասրտությամբ հարցրեց Վարդուհին։
Դու ամեն բան գիտես,— երկյուղած ժպիտով պատասխանեց Աննան։
Ես ոչինչ չգիտեմ։
Ուրեմն դու ներո՞ւմ ես, որ սիրում եմ Տիրանին։
—Օ՜ դրա մասին բնավ մի մտածիր․ Տիրանը միայն քեզ է պատկանում, որովհետև նա միայն քեզ է սիրում։
—Եվ դու դժգոհ չե՞ս նրա այդ զգացմունքից։
—Երդվում եմ նրանով, ինչ որ սուրբ է ինձ համար, որ այն օրից սկսած, որ նա խոստովանեց ինձ յուր դեպի քեզ ունեցած սերը, ես այլևս նրա մասին չեն մտածում։ Եթե դուք անկեղծությամբ սիրում եք միմյանց, այդ ինձ ուրախացնում է. ես ցանկանում եմ, որ դուք բախտավոր լինեք։
—Դու հրեշտակի չափ բարի ես, Վարդո, արի, ես կամենում եմ քեզ համբուրել,— ոգևորված բացականչեց Աննան և ջերմությամբ սեղմեց ընկերուհուն յուր գրկում։
Այսպես երկու բարեկամուհիները նորեն հաշտվեցան միմյանց հետ։