Chapter 3
Գ
Այս անցքից հետո Վարդուհին այլևս չայցելեց յուր ընկերուհուն և աշխատում էր մոռանալ Մարությանին: Թեպետ նա բոլորովին հակառակ համոզմունք ուներ այդ երիտասարդի վերաբերությամբ և հավատում էր, որ նա ոչինչով չի զանազանվիլ արդի նյութապաշտ երիտասարդներից, մանավանդ երբ գործը ամուսնության վերաբերեր և հատկապես Լազարյանների հարուստ աղջկան, նա ավելի կգնահատեր, քան իրեն, այսուամենայնիվ փափագում էր իմանալ, թե արդյոք նա յուր մասին տածե՞լ էր երբևիցե մի քնքուշ զգացմունք, կամ գուշակե՞լ էր, որ ինքը սիրում է նրան:
«Ո՞վ գիտե. գուցե հենց նա ինքն էլ սիրում էր ինձ, բայց հարմարություն չունեցավ ինձ յուր սիրտը բանալու,— երազում էր երբեմն ինքն իրեն Վարդուհին,— և եթե արդարև նա սիրում լիներ ինձ, և եթե այս բանը ես մի կերպ կարողանայի իմանալ օ՜, ես ուշադրություն չէի ո՛չ օտարների բամբասանքին, և ո՛չ իմ ընկերուհու սպառնալիքներին, ես ինքս կերթայի պտրտելու նրան հենց յուր տան կասեի նրան՛ Տիրա՛ն, սիրում եմ քեզ, Տիրան, ես խելագարված եմ քեզմով... Եվ նա, օ՜հ, եթե մի անգամ լսեի նրա բերանից... հենց մի խոսք, հենց մի բառ, որ նա սիրում է ինձ, ես իսկույն կփարվեի նրա վզով. կսեխմեի նրան իմ կուրծքի վերա, և այսպես կպահեի իմ գրկում երկա՜ր շա՜տ երկար... և այնուհետև, օ՜հ, ինչպե՜ս մենք երջանիկ կլինեիք, ինչպե՜ս կփափագեի, որ բոլոր աշխարհն իմանար, որ մենք երջանիկ ենք...»: Այս և սրա նման գողտր երազներով շատ անգամ Վարդուհին փայփայում էր իրեն, բայց և հակառակ տխուր գուշակությունները անպակաս էին նրա գլխում:
Մի օր, երբ նա ըստ սովորականին, նստած յուր սիրելի պատուհանում, զբաղված էր նմանօրինակ մտածմունքներով, հանկարծ հայտնեցի նրան, որ պարոն Մարությանը ցանկանում է յուր հետ տեսնվիլ: Խեղճ օրիորդ քիչ մնաց, որ պատուհանից գետին չգլորվեր, նա շտապեց ընդունարանը ու հրամայեց աղախնին ներս հրավիրելու: Բայց մինչև երիտասարդի գալը ինչե՜ր չանցան նրա գլխից։ Նա հավատաց իսկույն յուր երազներին և կարծում էր, որ Մարությանը երկար ժամանակ յուր տեսությունից զրկված լինելով, վերջապես վճռել էր իրենց տունը գալու։ Եվ հենց որ դահլիճի մեջ նրա ոտնաձայնը լսվեցավ, խեղճ աղջկա սիրտը սկսեց անհանգստությամբ բաբախել։ Վերջապես սիրելի երիտասարդը ներս մտավ։ Վարդուհին կորցրեց յուր քաջությունը, շփոթվեցավ և քիչ էր մնում, որ մի հիմար շարժմունքով չմատներ յուր սրտի բոլոր հուզմունքը։
Բայց շուտով գիտակցության գալով նա կարողացավ զսպել իրեն և միայն երիտասարդի հետ ձեռք սեղմելու ժամանակ զգաց, որ յուր ձեռքը դողաց․․․
Ձեր երկար բացակայությամբ դուք պատժեցիք ինձ, օրիորդ,— սկսավ խոսել Մարությանը,— Վերջին օրերս ես մտադիր էի մի խոստովանություն անել ձեզ, հուսալով, որ դրանով կօգնեի իմ սրտի անդորրությանը, դժբախտաբար դուք հենց այդ օրերում զրկեցիք ինձ ձեր տեսակցություններից։ Ավելի տանել չկարողանալով ձեր բացակայությունը, ես վճռեցի ուղղակի գալ այստեղ, և ձեր առաջ բանալ իմ սիրտը։ Միայն չգիտեմ, դուք իրավունք կտաք ինձ վստահանալ ձեր բարեսրտության վերա։
Վարդուհին յուր ականջներին չէր հավատում. նա քիչ էր մնում, որ ուրախությունից խելագարվեր։ Եվ իրավ, էլ ուրիշ ի՞նչ էր մնում նրան, եթե ոչ հաստատապես կարծել, որ Մարությանը սիրում է իրեն և որ նրա բոլոր խոսքերը մի նախերգանք էին այդ սիրո խոստովանության համար։
Եթե մի խոստովանանք ունիք, կարող եք վստահանալ ինձ վերա,— պատասխանեց Վարդուհին ժպտալով և շառագունելով։
Այո՛, և՛ խոստովանանք, և՛ խնդիր, բայց առաջ խոստացեք, օրիորդ, որ դուք կկարեկցեք ինձ և կկատարեք իմ խնդիրը։
Հավատացեք, որ ես նույնպես զգայուն եմ, որքան և դուք, իսկ ձեր խնդիրը կատարել կարողանալու համար, ես գործ կդնեմ իմ բոլոր ուժը։
Այժմ ես ձեզ կբանամ իմ սիրտը: Գիտե՞ք, օրիորդ. ա՛յն օրից ի վեր, երբ ես առաջին անգամ ոտք դրի Լազարյանների տունը և ծանոթացա ձեզ և ձեր ընկերուհու հետ, օրիորդ Աննան ինձ գրեթե դյութել էր: Այն օրից սկսած ես մի րոպե անգամ նրան չեմ մոռանում…
Վարդուհին իսկույն հիասթափվեցավ և նրա երեսի շառագույնը փոխվեց դալկության: Նա տեսավ, որ Մարությանի սիրո խոստովանությունն ուրիշին էր վերաբերվում իսկ իրեն միայն մնում էր հուսախաբությունը... Այսուամենայնիվ նա աշխատեց ծածկել յուր ներքին ալեկոծությունը և կեղծում էր, իբր թե շատ հետաքրքրությամբ լսում էր յուր խոսակցին:
Երիտասարդը երևի ոչինչ փոփոխություն չնկատեց նրա վերա և շարունակում էր.
Առաջին անգամները ես աշխատում էի զգույշ լինել և չգրավվիլ նրանով, որովհետև ճանաչում էի իմ և նրա ծնողաց անհավասարության չափը, բայց իմ աշակերտուհու հայացքներն ավելի զորեղ էին, նրա կրակոտ աչքերը հաղթեցին իմ հաստատակամությանը և ես իմ բուռն զգացմունքներին դիմադրել չկարողանալով՝ թույլ տվի, որ նրանք իմ անզոր իմացությունը կառավարեն…
Եվ այսպես, ես սկսա սիրել նրան և իմ սերը աճում էր վայրկյաններով: Քանի-քանի անգամ ես որոշեցի իմ մեջ հայտնել նրան իմ զգացմունքը, բանալ նրան այս դժբախտ սիրտը խոստովանել, որ ես սիրում և պաշտում եմ նրան, բայց յուրաքանչյուր անգամին ես կորցնում էի իմ քաջությունը: Վերջապես ես որոշեցի գոնե ձեզ, ինչպես իմ հարազատ քրոջս, բանալ իմ սիրտը և խնդրել ձեր աջակցությունը այս գործում: Եվ երբ հակառակ սովորականին այսքան օր շարունակ ձեզ տեսնել չկարողացա, այնտեղ, ինքս ահա՛ եկա այստեղ աղաչելու ձեզ օրիորդ, որ խղճաք ինձ վերա, հայտնեք ձեր ընկերուհուն իմ խոստովանությունը և ազատեք ինձ տարտամ դրությունից: Եթե նա ինձ չի արհամարհում, եթե նա կարող է բաժանել իմ զգացմունքները, թող ձեր միջոցով հայտնել ինձ յուր կամքը, ես պատրաստ եմ ամեն ինչ զոհելու, միայն թե ազատորեն նրան սիրել և նրանից սիրվել կարողանամ: Իսկ եթե իմ առաջարկությունը նա հանդգնություն է համարում, խնդրում եմ ձեզ, օրիորդ, որ դուք ինքներդ անկեղծաբար հայտնեք ինձ այդ և հավատացեք, որ ես այնուհետև բավական ուժ կունենամ իմ զգացմունքները հաղթահարելու: Ու որ վիճակված է դժբախտ լինել, նա պիտի հնազանդվի յուր ճակատագրին:
Ինչ դժոխային տանջարան ավելի անողոք կերպով կարող էր կեղեքել մի մարդու հոգին, քան այս խոստովանությունը թշվառ Վարդուհու սիրտը: Այդ երիտասարդը, որին նա սիրել և գողտր զգացումներով փայփայել էր յուր սրտու. այժմ յուր առջև նստած, ուրիշի սիրո խոստովանությունն է անում: Ադամանդյա սիրտը միայն կարող է դիմանալ բախտի այդ տեսակ խաղերին։ Իսկ մի աղջիկ, որի սիրտը հավասարապես թույլ է և՛ սիրելու, և՛ նախանձելու մեջ, յուր խելքն անգամ կկորցներ այդպիսի տխուր զուգադիպության ժամանակ։
Բայց Վարդուհին միայն մի փոքր տատանվեցավ, իսկ հետո սկսավ սառնասրտությամբ լսել Մարությանին մինչև սրա ամենավերջին խոսքը։ Երբ երիտասարդը ավարտեց, նա ծանրությամբ պատասխանեց․
—Որովհետև դուք արդեն խոստովանեցիք ինձ ձեր սրտի գաղտնիքը, ես էլ ուրեմն կհայտնեմ ձեզ իմ ընկերուհու խոստովանությունը։ Նա ձեզ սիրում է, չգիտեմ ի՞նչ չափով և որքա՞ն, բայց գիտեմ, որ նա ձեզ իրեն փեսացու է ընտրել և ձեզ յուր ապագայի ամուսինն է անվանում։
Մարությանը հանկարծ վեր թռավ յուր աթոռից, ինչպես մի աղքատ, որը հանկարծ մի մեծ հարստության է հանդիպել, և ուրախությունից քիչ էր մնում, որ Վարդուհու ոտքերին չփաթաթվեր։
Օրիորդ, դուք ինձ խելագարեցնելու չափ ուրախացնում եք, կրկնեք ձեր ավետիքը, աղաչում եմ․ ես ցանկանում եմ, որ նա ճիշտ լինի։ Օ՜, դուք չգիտեք, թե ես ո՜րքան եմ սիրում նրան․․․
Կարող եք կատարելապես վստահ լինել իմ խոսքերի ճշմարտության վերա․ ինչ որ ես ասացի ձեզ, դրանք օրիորդ Աննայից լսածներս են։
Մարությանն ուրախությունից չէր կարողանում խոսել, նա կարծես այլևս երկրի վերա չէր ապրում, և փոխվել էր իմանալյաց երջանիկ աշխարհը… Բայց երբ մի փոքր սթափվեցավ, հարցրեց Վարդուհուն.
Ուրեմն առանց քաշվելու կարո՞ղ եմ այս խոստովանությունն անել իրեն` օրիորդին։
Անկասկած, քանի որ նա ինքն է առաջինը խոստովանել, որ ձեզ սիրում է։
Իսկ նրա ծնողները, օրիորդ, կհամաձայնե՞ն արդյոք Աննայի ձեռը տալ ինձ։
Այդ հարցին պատասխանելը արդեն իմ կարողությունից վեր է։ Այդ մասին ինքն օրիորդը կարող է ավելի ճիշտ պատասխան տալ ձեզ։
Մարությանին այլևս երկարելու ոչինչ չէր մնում. նա վեր կացավ տեղից, անկեղծ և սրտեռանդ շնորհակալություն արավ Վարդուհուն յուր տված տեղեկությունների համար և դուրս գնաց ամենաուրախ տրամադրության մեջ։
Վարդուհին մնաց միայնակ, տխուր և հուսահատ։
«Երեկ այս ժամանակ ես դեռ հույսերով խաբում էի ինձ,— ինքն իրեն մտածում էր նա,— գուցե Տիրանը ինձ սիրում է, գուցե մենք դեռ երջանիկ կլինենք, երազում էի ես, իսկ այսօր, ավա՜ղ, այդ մխիթարությունն էլ խլեցին ինձանից… Այժմ էլ ոչինչ չէ մնում ինձ, բացի մի տխուր հիասթափություն իմ գողտրիկ և սիրապատար երազներից… Բայց ի՞նչ, մի՞թե ես իրավունք ունեի սպասել այդ երիտասարդից, որ նա սիրեր ինձ, չէ՞ որ նա գիտեր, որ ես հարուստ չեմ, որ ես օժիտ չունիմ… իսկ սիրտը ո՞վ է քննում, ո՞վ է գնահատում նրան։ Թող աղջիկը փող բերե յուր փեսացուին և նրա հետ էլ թեկուզ մի երկաթե սիրտ, հոգ չէ, ամուսնությունը դարձյալ երջանիկ կլինի, բավական է, որ շռայլելու ցանկությունը չխեղդվի...
Այս և սրա նման մտածմունքներ երկար ժամանակ տանջում էին Վարդուհուն, մինչև որ մայրը ընդունարան մտավ Մարությանի այցելության պատճառն իմանալու։ Մինչև այդ, Վարդուհին յուր սիրո արկածներից ոչինչ յուր մորը չէր հայտնել, բայց այս անգամ արդեն ամեն բան բացավ և մանրամասն պատմեց։— Քո տխրությունն իզուր է,— ասաց նրան մայրը,— Մարությանը որքան էլ որ զարգացած և նշանավոր լինի, և Աննա որքան էլ սիրահարված չլինի նրա վերա, դարձյալ Աննայի ծնողները նրան աղջիկ չեն տալ, հանգիստ եղիր, նա վերջ ի վերջո էլի կմնա քեզ համար։ —Ինձ համա՞ր․ բնավ․ վերջ ի վերջո մնացողներ ինձ համար հարկավոր չեն։ —Ինչո՞ւ, չէ՞ որ դու նրան սիրում ես, զարմացած հարցրեց մայրը։ —Ես նրան սիրում էի մինչև այժմ և գուցե հենց մի քանի ժամ սրանից առաջ, բայց այս րոպեին ես նրան արհամարհում եմ։
Մայրը աղջկա խոսքերից ոչինչ չհասկացավ․ բացատրություն էլ չպահանջեց։ Իսկ այնուհետև այլևս երկար ժամանակ Մարությանի մասին խոսք ու զրույց չեղավ նրանց տանը։