Chapter 2
Բ
Անցավ երկու ամիս: Այդ բոլոր ժամանակ պարոն Մարությանը կանոնավորապես այցելում էր Լազարյանների տունը և դասախոսում էր Աննային: Վերջինս յուր կողմից ոչ մի աշխատանք չէր խնայում յուր վարժապետի ասած դասերը յուրացնելու համար: Թատրոնի մեջ արդեն խոսում էին, որ օրիորդ Լազարյանը Թիֆլիսի բոլոր հայուհիների մեջ ամենալավ հայագետը և հայախոսն է:
Այդ շատ բնական է,— նկատում էր նախանձոտ աղջիկներից մինը հեգնությամբ,— քանի որ վարժապետը միևնույն ժամանակ և օրիորդի սիրահարն է, ի՞նչպես կարելի է որ ուրիշ լինի: Մինը եռանդով կդասախոսե, մյուսն էլ եռանդով կսովորե:
Սխալվում եք. պարոն Մարությանը Անիչկի սիրահարը չէ. այլ Վարդուհի Սամվելյանի, նրա ընկերուհու,— պատասխանում էր Լազարյանների մի բամբասասեր դրացուհին,— ես ամեն օր մեր պատուհանից դիտում եմ։ Հենց որ Մարությանը գալիս է Անիչկին դասախոսելու․ նրա ետևից մտնում է Վարդուհին իբրև թե յուր ընկերուհուն այցելելու համար․ բայց իսկապես Լազարյանների տունը նրա և Մարությանի ժամադրության տեղն է։
Այս և սրա նման շատ բաներ խոսվում ու լսվում էին բամբասասեր կանանց հասարակության մեջ, բայց թե ո՞րքան ճշմարտություն կար այս բոլորի մեջ, դեռ ոչ ոք հաստատապես չգիտեր։
Մի կյուրակե առավոտ, երբ խայտաճամուկ հասարակությունը խռնված էր քաղաքային այգու ճեմելիքների մեջ․ երկու բարեկամուհի օրիորդները՝ Վարդուհին և Աննան հանդիպեցան միմյանց, յուրաքանչյուրը յուր մոր հետ։ Վերջիններս ուրախությամբ իրար մոտեցան, ողջունեցին և խիստ բարեկամաբար միմյանց ձեռքն էին սեղմում, երկու օրիորդների մեջ, ընդհակառակը, մի ինչ-որ անսովոր փոփոխություն էր նկատվում։ Օրիորդ Լազարյանը շատ սառնությամբ ընդունեց ընկերուհու ողջույնը և բոլոր զբոսանքի ժամանակ լուռ մնաց։ Այս հանգամանքը միայն Վարդուհին էր նկատում և խիստ զարմանում։ Ինքը՝ օրիորդը, որքան մտածում էր, նրան անհաճո մի բան արած չուներ, կամ որևէ մի վարմունքով վիրավորած չէր։ Ինչո՞ւ պետք է յուր ընկերուհին այդքան սառը լիներ դեպի ինքը, այս միտքը նրան անհանգստացնում էր։
Զբոսանքից վերադառնալուց ետ, նույն օրը ետ Վարդուհին շտապեց ընկերուհու մոտ նրանից բացատրություն պահանջելու յուր օտարոտի վարմունքի համար, որովհետև նա Աննային շատ էր սիրում և չէր կամենում, որ իրենց բարեկամությունը մի որևէ իրեն անծանոթ գժտությամբ խախտվի։
Դու քո վարմունքով խոսացնել ես տալիս մարդկանց թե՛ իմ և թե՛ քո վերա,— պատասխանեց Աննան ընկերուհուն։ — Մենք բարեկամներ էինք, ճշմարիտ է, նույնիսկ պարոն Մարությանին ճանաչելուց առաջ, և այդ ժամանակները դու ինձ այցելում էիր հազիվ շաբաթը մի անգամ։ Իսկ այն օրից սկսած, երբ Մարությանը հաճախում է մեզ մոտ, դու գրեթե չորս օրը նրա հետ մեր տանն ես լինում: Դրանով դու առիթ ես տալիս, որ ուրիշները բամբասեն մեզ հազար ու մի տգեղ պատմություններ հյուսեն մեզ համար…
Ի՞նչ պատմություններ են հյուսում, օրինակ,—հարցրեց Վարդուհին,— պատմի՛ր ինձ գոնե մեկը:
Ա՛յ, օրինակ, ասում են, որ դու սիրում ես նրան, որ մեր տունը ձեր սիրակցությունների ժամադրության տեղն է. որ ես ձեր սիրակցական հարաբերությունների միջնորդն եմ և այլն, և այլն: Այս բոլորը թե՛ մեր տան և թե՛ մասնավորապես ինձ համար անպատվաբեր լուրեր են. ես սաստիկ վիրավորված եմ. պետք է անպատճառ վերացնել մեջտեղի այդ խոսքը ու զրույցների շարժառիթը:
Ուրեմն ե՞ս եմ քո կարծիքով այդ բոլորի մեջ հանցավոր,— հարցրեց Վարդուհին:
Անկասկած:
Ի՞նչ կկամենայիր, որ ես անեի քեզ գոհացնելու համար:
Ինձ հարկավոր չէ, պետք է խոսող բերանները լռեցնել:
Իսկ դրանց լռեցնելո՞ւ համար…
Պետք է դադարես միառժամանակ մեզ մոտ հաճախելու:
Վարդուհին լռեց և մի քանի րոպե ընկավ մտածության մեջ: Հետո աչքերը բարձրացնելով ուղղեց յուր հայացքը ընկերուհու անհանգիստ դեմքին և հարցրեց.
Անկեղծ եղի՛ր ինձ հետ: Անիչկա՛, ինչպես անկեղծ էիր մինչև այսօր, խոսողները լռեցնելու համա՞ր ես կամենում, որ ես չհաճախեմ քեզ մոտ, թե քո սրտի իսկական ցանկությունն է այդ:
Խոսողները լռեցնելու համար միայն:
Անկեղծ սրտո՞վ ես խոսում:
Բոլորովին անկեղծ:
Շատ լավ, ուրեմն ես դեռ կարող եմ խոստովանել քեզ իմ սրտի գաղտնիքը:
Գաղտնի՞քը, մի՞թե դու գաղտնիք ունիս և մինչև այժմ ծածկել ես քո ընկերուհուց,— խորամանկությամբ հարցրեց Աննան:
Այո՛, Անիչկա, հոգյակս, հասարակությունը չի խաբվում, խոսողները չեն ստում, ես սիրում եմ Տիրանին…
Աննայի դեմքը մռայլվեցավ. Վարդուհու խոստովանությունը կայծակի մի հատված էր նրա համար:
Վերջապես դու այդ խոստովանեցիր, Վարդո՛, բայց ես վաղուց էի գուշակում քո հանցավոր դիտավորությունը,- դառնությամբ նկատեց նա ընկերուհուն, դու ի չարն ես գործ դրել իմ տան բարեկամությունը և այդ պատիվ չէ բերում քեզ:
Ինչո՞վ եմ ես հանցանք գործել կամ դավաճանել ձեր տան բարեկամությունը- վրդովված հարցրեց Վարդուհին:
Նրանով, որ դու հափշտակում ես ինձանից իմ սիրած անձը, և այն էլ իմ մտան մեջ, գաղտնի, գողունի..
Վարդուհին հասկացավ, որ յուր ընկերուհին յուր հակառակորդն էր, բայց սխալն ուղղելու էլ ճանապարհ չկար:
Տիրանի մասի՞ն է քո խոսքը,— մեղմությամբ հարցրեց նա:
Այո, նրան ես եմ սիրում և ես պիտի սիրեմ, իսկ դու նրան պիտի մոռանաս:
Վարդուհին ժպտաց յուր ընկերուհու պարզության վերա:
Նրան մոռանա՞լ, և դու կարծում ես, թե կարելի է այդպես հեշտությամբ սրտի զգացմունքներին հրամայել:
Կարելի է, թե ոչ, այդ ես չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ դու պիտի մոռանաս նրան, որովհետև նա իմ ընտրած փեսացուն, իմ ապագա ամուսինն է։
Քո փեսացո՞ւն, քո ամուսի՞նը և դու կատակ չե՞ս անում։
Բնավ։
Իսկ քո ծնողները, իսկ Մարությանը, մի՞թե նրանք արդեն տվին իրենց համաձայնությունը,— անհանգստությամբ հարցրեց Վարդուհին, կարծելով թե սա արդեն վերջացած գործ է։ —Ես նրան համաձայնության պետք չունիմ,— վճռաբար պատասխանեց Աննան:
Վարդուհին հանգստությամբ շունչ քաշեց և ապա հեգնությամբ նկատեց:
Այո, ես մոռացել էի. չէ՞ որ դու նոր վարդապետություն էիր քարոզում. երևի իմ խորհուրդը չես մոռացել և առաջին օրինակը, ինչպես խոստացար, քեզանից ես տալիս: Ուրեմն շնորհավորում եմ:— Այս ասելով նա բարձրացավ տեղից և մի նետող հայացք ձգելով յուր պարզամիտ ընկերուհու վերա, ասաց. «Ես կատարում եմ քո ցանկությունը, Անիչկա, և հեռանում եմ քեզանից, բարեմաղթելով քեզ հաստատակամություն քո ընտրության մեջ. իսկ ես կաշխատեմ մոռանալ Մարությանին, քանի որ նա քո ընտրած փեսացուն է: Ինչ վերաբերում է մեր բարեկամությանը, մենք նրան կշարունակենք, երբ դու արդեն ամուսնացած կլինես, իսկ մինչև այն ես չեմ խանգարիլ ձեր տեսակցությունները…»: Այս ասելով նա դուրս գնաց:
Վարդուհու որոշումը մի ներքին ուրախություն պատճառեց Աննային, որովհետև նրանով նա ազատվում էր յուր վտանգավոր հակառակորդից, մանավանդ որ ճանաչում էր Վարդուհու ինքնասիրության չափը և գիտեր, որ նա այլևս հետամուտ չէր լինիլ Մարությանին:
Թեպետ Աննայի ծնողները մեծ հարստության և հայտնի անվան տեր էին քաղաքում, իսկ ինքը՝ օրիորդը շատ հարուստ օժիտ ուներ և այս բավական էր մի աղջկան՝ մեր ժամանակի ամենալավ փեսաներին յուր ետևից քարշ տալու համար, այսուամենայնիվ օրիորդ Աննան վախենում էր կարողությամբ և անունով իրենից ստոր Վարդուհուց, որովհետև վերջինս գերազանցում էր նրան յուր գեղեցկությամբ: Օրիորդ Լազարյանն այնքան միամիտ չէր, որ չգիտենար, թե դեռ գտնվում են աշխարհում հիմարներ, որոնք գնահատում են գեղեցկությունը և գերադասում են նրան հարստությունից, և որ Մարությանը կարող է այդ հիմարներից մինը լինել: Եվ ահա՛ հենց այս տեսակետից կարևոր էր, որ Մարությանը այլևս չտեսներ Վարդուհուն: Աննայի այդ ցանկությունը կատարված էր: