1. Անասնաֆերմա

Chapter 4

ԳԼՈՒԽ 4

Պիտի տեսնեիք, թե ինչպե՜ս էին նրանք քրտնաջան աշխատում խոտը հնձելու համար։ Սակայն նրանց ջանքերը լիովին վարձատրվեցին, որովհետեւ խոտհունձն ավելի հաջող ընթացավ, քան ակնկալվում էր։

Դժվարություններ կային՝ չէ՞ որ գործիքները նախատեսված էին մարդու համար, ոչ թե անասունների, եւ այն փաստը, որ նրանցից ոչ մեկն ի վիճակի չէր կանգնել՝ հետեւի ոտքերի վրա, մեծ թերություն էր ներկայացնում։ Բայց խոզերն այնքան խելացի էին, որ ամեն դժվարությունից գտնում էին համապատասխան ելքը։ Ինչ վերաբերում է ձիերին, ապա նրանք ճանաչում էին դաշտի ամեն մի թիզը, եւ, փաստորեն, հնձելու ու դիզելու գործն ավելի լավ գիտեին, քան երբեւէ կկարողանային Ջոնզն ու իր մարդիկ։ Խոզերը որոշակի աշխատանք չէին կատարում, բայց վերահսկում ու ղեկավարում էին մնացածներին։ Նրանց հարուստ գիտելիքներով հանդերձ միանգամայն բնական էր, որ հենց իրենք պիտի ստանձնեին ղեկավարությունը։ Դմբուզն ու Երեքնուկը լծվում էին հնձանին (լկամի կամ սանձերի կարիք, ի՜նչ խոսք, այդ օրերին չէր զգացվում) ու դոփում դաշտով մեկ։ Նրանց հետեւից քայլում էր խոզերից մեկն ու ըստ հանգամանքների բացականչում «Ընկեր, չո՛շ», կամ «Ընկեր, հո՛»։ Անասուններից ամեն մեկը, անգամ ամենից նվաստները, օգնում էին խոտը հնձելուն ու դիզելուն։ Նույնիսկ բադերն ու հավերը ամբողջ օրն արեւի տակ դես ու դեն էին անում, կտուցներում ծղոտներ կրելով։ Ի վերջո նրանք խոտհունձն ավարտեցին Ջոնզի եւ իր մարդկանց սովորական ժամկետից երկու օրով շուտ։ Դեռ ավելին՝ կուտակված հարդն ամենաշատն էր ֆերմայի ամբողջ պատմության ընթացքում։ Ոչինչ չէր կորել՝ հավերն ու բադերն իրենց կտուցներով ու սուր աչքերով հավաքել էին վերջին ծղոտն անգամ։ Անասուններից ոչ մեկը կես բերան անգամ չէր յուրացրել։

Ամբողջ ամառ ֆերմայի աշխատանքներն ընթանում էին ժամացույցի ճշտությամբ։ Անասունները երջանիկ էին իրենց երբեւէ երեւակայած հնարավորից առավել։ Ամեն կերակուր սուր հաճույքի աղբյուր էր՝ այժմ, երբ ամբողջ ուտելիքն իսկապես իրենցն էր, սեփական աշխատանքի արդյունքը, եւ ոչ թե բաշխվում էր տիրոջ դժկամ ձեռքով։ Պորտաբույծ ու անպետք մարդկանց վերանալու հետ նաեւ ավելացել էր սննդի քանակը։ Ազատ ժամանակը նույնպես շատացել էր, չնայած անասուններն այդ հարցում դեռեւս անփորձ էին։ Ավելի ուշ, բերքահավաքին, անասունները բազմաթիվ դժվարությունների առնչվեցին, օրինակ ստիպված եղան հացահատիկը սմբակներով ծեծել եւ թեփն անջատել փչելով, քանի որ ֆերմայում կալսիչ չկար, բայց խոզերն իրենց խելքով եւ Դմբուզն ամեհի մկաններով ամեն անգամ փրկում էին իրադրությունը։ Բոլորը զմայլվում էին Դմբուզի վրա։ Նա լավ աշխատող էր նույնիսկ Ջոնզի ժամանակներում, իսկ այժմ կարծես երեք ձի դարձած լիներ՝ պատահում էին օրեր, երբ ֆերմայի ամբողջ աշխատանքը նրա ամուր ուսերին էր։ Առավոտից երեկո նա քաշում էր ու ձգում, միշտ հայտնվելով այնտեղ, ուր աշխատանքն ամենից ծանրն էր։ Նա պայմանավորվել էր աքլորներից մեկի հետ, որ վերջինս իրեն արթնացնի մնացածներից կես ժամ շուտ, եւ այդ ընթացքում կամավոր որեւէ պիտանի գործ էր անում, նախքան առօրյա աշխատանքները սկսելը։ Ցանկացած հարցի, ամեն դժվարության նա պատասխանում էր մի նախադասությամբ․ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ», դարձնելով այն իր անձնական նշանաբանը։

Ամեն մեկն աշխատում էր ուժերի ներածին չափ։ Հավերն ու բադերը, օրինակ, բերքահավաքի ընթացքում թափված հատիկները հավաքելով, հինգ բուշել ցորեն խնայեցին։ Ոչ ոք չէր գողանում, ոչ ոք իր բաժնի վրա չէր փնթփնթում։ Հին կյանքի համար բնական գզվռտոցն ու նախանձը համարյա վերացել էին։ Գլուխ պահողներ չկային կամ գրեթե չկային։ Ճիշտ է, Մոլլին լուսաբացին արթնանում էր դժվարությամբ, իսկ աշխատանքից հեռանում էր սովորականից շուտ, պատրվակ բռնելով սմբակի միջի քարը։ Կատվի վարքագիծը նույնպես յուրօրինակ էր։ Շուտով նկատեցին, որ գործ լինելու դեպքում նրան ոչ մի կերպ գտնել չէր լինում։ Կատուն ժամերով չքվում էր, սակայն միշտ, կարծես ոչինչ չի եղել, հայտնվում էր ճաշի կամ հանգստի ժամերին, երբ ամեն ինչ արդեն արված էր լինում։ Բայց նա միշտ անթերի պատճառաբանություններ էր ներկայացնում եւ այնքան սիրալիր էր մռլտում, որ նրա մտադրությունների ազնվությունը կասկածի տակ առնել հնարավոր չէր։ Ծեր Բենիամինը, ավանակը, թվում էր, թե Ապստամբության օրերից ամենեւին չէր փոխվել։ Նա աշխատում էր նույն համառ դանդաղկոտությամբ, ինչ եւ Ջոնզի ժամանակ, առանց գլուխ պահելու, բայց եւ առանց ավելորդ խանդավառության։ Ապստամբության եւ նրա արդյունքների մասին նա ոչ մի կարծիք չէր հայտնում։ Երբ հարցնում էին, թե արդյո՞ք նա ավելի երջանիկ չէ հիմա, երբ Ջոնզը չկա, նա սոսկ ասում էր․ «Էշերը շատ երկար են ապրում։ Ձեզանից ոչ մեկը դեռ սատկած էշ տեսած չկա»։ Բոլորը ստիպված էին բավարարվել այդ առեղծվածային պատասխանով։

Կիրակի օրերն աշխատանք չկար։ Նախաճաշը մեկ ժամով ուշ էր լինում, որից հետո սկսվում էր անխտիր ամեն շաբաթ անցկացվող արարողությունը։ Սկզբում բարձրացվում էր դրոշը։ Գոմի պահասենյակում Ձնագնդին գտել էր միստր Ջոնզի հին կանաչ սփռոցը եւ վրան սպիտակ ներկով կճղակ ու պոզ էր նկարել։ Ամեն կիրակի առավոտ դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվում էր տան հետեւի պարտեզում։ Դրոշի կանաչ գույնը, բացատրում էր Ձնագնդին, մարմնավորում է Անգլիայի արոտները, իսկ կճղակն ու պոզը խորհրդանշում են ապագա Անասնական Հանրապետությունը, որը պիտի հաստատվեր մարդկային ցեղի վերջնական տապալումից հետո։ Դրոշի արարողությունից հետո բոլոր անասունները լցվում էին մեծ ամբարը ընդհանուր հավաքի, որը կոչվում էր Միտինգ։ Այստեղ պլանավորվում էր գալիք շաբաթվա աշխատանքը, առաջարկվում եւ քննարկվում էին բանաձեւերը։ Բանաձեւերը միշտ խոզերն էին առաջ քաշում։ Մյուս անասունները հասկացել էին քվեարկելու էությունը, բայց իրենք երբեք բանաձեւ հորինել չէին կարողանում։ Քննարկումների ընթացքում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում էին Ձնագնդին ու Նապոլեոնը։ Ստացվել էր այնպես, որ այս երկուսը երբեք համաձայնության չէին գալիս՝ եթե մեկը մի առաջարկ էր անում, մյուսն անպայման դրան հակադրվում էր։ Երբ որոշվեց (որին ինքնին ոչ ոք չէր կարող հակադրվել) բոստանի հետեւի փոքրիկ ցանկապատած տարածքը հատկացնել որպես տարիքն առած անասունների հանգստավայր, անգամ այդ դեպքում փոթորկոտ բանավեճ բռնվեց անասունների տարբեր դասերի հանգստի անցնելու ճշգրիտ տարիքների շուրջ։ Միտինգները միշտ ավարտվում էին «Անգլիայի գազանները» երգով, եւ օրվա մնացած մասը նվիրվում էր հանգստին։

Պահասենյակը խոզերն առանձնացրին որպես սեփական շտաբ։ Այստեղ նրանք երեկոները տնից բերված գրքերով ուսումնասիրում էին դարբնություն, փայտամշակում, եւ այլ անհրաժեշտ արհեստներ։ Ձնագնդին նաեւ զբաղվում էր մյուս անասուններին կազմակերպելով իր այսպես կոչված Անասնական Կոմիտեների մեջ, երբեք չհոգնելով այդ աշխատանքից։ Նա կազմեց Ձվաստեղծ Կոմիտե հավերի համար, Մաքուր Պոչերի Միություն կովերի համար, Վայրի Ընկերների Վերապատրաստման Կոմիտե (վերջինիս նպատակն առնետներին ու նապաստակներին ընտելացնելն էր), Առավել Ճերմակ Բրդի Կոմիտե ոչխարների համար եւ նման շատ ուրիշներ, չհաշված գրել֊կարդալու դասընթացները։ Ընդհանուր առմամբ, սակայն, այդ նախաձեռնությունները հաջողությամբ չպսակվեցին։ Վայրի ընկերներին ընտելացնելու փորձը ձախողվեց հենց սկզբից։ Նրանք իրենց շարունակում էին առաջվա պես պահել, պարզարես օգտվելով կոմիտեի առատաձեռնությունից։ Կատուն անդամագրվեց Վերապատրաստման Կոմիտեին եւ որոշ ժամանակ ակտիվ աշխատանք էր ծավալել։ Նրան տեսել էին կտուրին նստած ծիծեռնակների հետ, բացատրական աշխատանք տանելիս։ Նա պատմում էր, որ բոլոր կենդանիներն արդեն ընկերներ են, եւ որպես ապացույց ցանկացած ծիծեռնակ կարող է գալ ու հանգիստ թառել թեկուզ իր թաթին։ Ծիծեռնակները նախընտրում էին չմոտենալ։

Ինչեւէ, գրել կարդալու դասընթացները մեծ հաջողություն էին վայելում։ Աշնան դեմ համարյա բոլոր անասուններն արդեն քիչ թե շատ գրագետ էին։

Ինչ վերաբերում է խոզերին, ապա նրանք կատարելապես տիրապետում էին գրագիտությանը։ Շները նույնպես բավական լավ էին կարդում, բայց Յոթ Պատվիրաններից բացի ուրիշ ոչ մի ընթերցանությամբ չէին հետաքրքրվում։ Մյուրիել այծը շներից փոքր֊ինչ լավ էր կարդում եւ երբեմն երեկոյան մյուսների համար կարդում էր աղբարկղում գտած լրագրերի պատառները։ Բենիամինը խոզերից պակաս գրագետ չէր, սակայն երբեք չէր բանեցնում իր իմացությունը։ Որքանով որ ինքը գիտի, ասում էր նա, կարդալու արժանի ոչ մի բան չկա։ Երեքնուկն ամբողջ այբուբենը սովորել էր, բայց բառեր կազմել չէր կարողանում։ Դմբուզը Դ տառից այն կողմ չէր անցնում։ Նա փոշու մեջ իր խոշոր սմբակով գծում էր Ա, Բ, Գ, Դ, ապա, ականջները ցցած՝ հայացքը հառում այդ տառերին, երբեմն թափ տալով բաշը, ամբողջ ուժով ջանալով ու չկարողանալով վերհիշել, թե ինչ է գալիս հետո։ Թեպետ մի քանի անգամ նրան իսկապես հաջողվել էր սովորել Ե, Զ, Է, Թ֊ն, բայց նա միշտ հայտնաբերում էր, որ այդ դեպքում արդեն չի հիշում Ա, Բ, Գ, եւ Դ֊ն։ Վերջապես նա որոշեց բավարարվել առաջին չորս տառով եւ օրը մեկ֊երկու անգամ դրանք գրում էր, որ հիշողությունը թարմացնի։ Մոլլին հրաժարվեց սովորել իր անունը գրելու համար պահանջվող հինգ տառից ավելին։ Նա փոքրիկ ճյուղերից խնամքով շարում էր անունը, ապա ծաղիկներով զարդարում ու զմայլվելով պտտվում շուրջը։

Ֆերմայի մնացած անասուններից ոչ մեկը չկարողացավ Ա տառից այն կողմ անցնել։ Պարզվեց նաեւ, որ առավել բթամիտ անասունները, ինչպես, օրինակ, ոչխարները, հավերն ու բադերը, ի վիճակի չէին Յոթ Պատվիրաններն անգիր անել։ Երկար խորհրդակցություններից հետո Ձնագնդին ազդարարեց, որ Յոթ Պատվիրանները, փաստորեն, կարելի էր հանգեցնել մի ասույթի, մասնավորապես․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ»։ Այդ ասույթը, ասաց նա, պարունակում է Անասնիզմի հիմնարար սկզբունքը։ Դրան կատարելապես տիրապետողն արդեն ապահով է մարդկային ազդեցություններից։ Սկզբում թռչուններն առարկում էին, քանի որ նրանց թվաց, թե իրենք նույնպես երկու ոտք ունեն, սակայն Ձնագնդին նրանց ապացուցեց, որ դա այդպես չէ։

— Թռչնի թեւը, ընկերներ,— ասաց նա,— շարժման եւ ոչ թե գործառության օրգան է։ Այդպիսով առկա են բոլոր հիմքերը այն ոտք համարելու։ Մարդու որոշիչ հատկանիշը ձեռքն է, չարիք գործելու նրա հարմարանքը։

Թռչունները Ձնագնդու ասածից բան չհասկացան, բայց բացատրությունն ընդունեցին, եւ բոլոր բթամիտ անասունները սկսեցին անգիր անել նոր ասույթը։ ՉՈՐՍ ՈՏՔ ԼԱՎ, ԵՐԿՈՒ ՈՏՔ ՎԱՏ գրվեց ամբարի պատին, Յոթ Պատվիրանների վերեւում եւ ավելի խոշոր տառերով։ Անգիր անելով, ոչխարները խիստ սկսում էին մկկալ․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ, չորս ոտք լավ, երկու ոտք վատ» եւ այդպես շարունակ, երբեք չհոգնելով։

Նապոլեոնը Ձնագնդու կոմիտեներով չէր հետաքրքրվում։ Նա ասաց, որ մատաղ սերնդի դաստիարակությունը շատ ավելի կարեւոր խնդիր է, քան այն, ինչ կարելի է անել արդեն հասունացածների համար։ Այնպես պատահեց, որ բերքահավաքից անմիջապես հետո Զանգակն ու Ջեսին ցնկնեցին, երկուսը միային ինը ժիր քոթոթ բերելով։ Ծծից կտրելուց անմիջապես հետո Նապոլեոնը մայրերից նրանց անջատեց, ասելով, որ նրանց դաստիարակության համար ինքն է պատասխանատու։ Նա քոթոթներին տարավ աղավնատուն, ուր կարելի էր հասնել միայն պահասենյակից բարձրացող սանդուղքով, եւ այնտեղ նրանց պահեց այնպիսի մեկուսացման մեջ, որ շուտով ֆերման նրանց գոյության մասին մոռացավ։

Կաթի անհայտանալու առեղծվածը որոշ ժամանակ անց պարզվեց։ Այն ամեն օր ավելացնում էին խոզերի լափին։ Վաղահաս խնձորներն արդեն լցվել էին, եւ պարտեզի խոտին ցիրուցան էին եղել քամուց թափված պտուղները։ Անասունները բնականաբար ենթադրեցին, որ դրանք կբաժանվեն իրենց միջեւ, սակայն մի օր հրահանգ ստացվեց թափված խնձորները հավաքել եւ տեղափոխել պահասենյակ խոզերի համար։ Այստեղ մնացած անասուններից ոմանք մրթմրթացին, բայց ապարդյուն։ Տվյալ կետում խոզերը ոչ մի տարաձայնություն չունեին, անգամ Ձնագնդին ու Նապոլեոնն էին համերաշխ։ Զռանին ուղարկեցին մնացածներին անհրաժեշտ բացատրությունները տալու։

— Ընկերներ,— բացականչեց նա,— հուսով եմ, որ դուք չեք կարծում, թե մենք, խոզերս, այդ անում ենք եսասիրության ու արտոնվածության ոգով դրդված։ Մեզանից շատերն իրականում չեն սիրում կաթը եւ խնձորները։ Ես ինքս դրանք չեմ հավանում։ Դրանք վերցնելիս մեր միակ մտահոգությունը մեր առողջության ապահովումն է։ Կաթը եւ խնձորները (դա ապացուցված է գիտության կողմից, ընկերներ) պարունակում են խոզերի բարեկեցության համար վճռականապես անհրաժեշտ նյութեր։ Մենք, խոզերս, մտքի աշխատավորներ ենք։ Ֆերմայի կազմակերպչական եւ վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Մենք գիշեր֊ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ՛, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները։ Գիտե՞ք, թե ինչ կլիներ, եթե խոզերը թերանային իրենց պարտականություններում։ Ջոնզը կվերադառնար։ Այո՛, Ջոնզը կվերադառնար։ Անշուշտ, ընկերներ,— համարյա պաղատագին վնգստաց Զռանը, պոչը շարժելով,— ձեր մեջ, իհարկե, չկա մեկը, որը ցանկանար Ջոնզի վերադարձը։

Եթե կար մի բան, որում անասունները միանգամայն վստահ էին, դա այն էր, որ Ջոնզի վերադարձը ոչ ոք չի ուզում։ Երբ հարցը դրվեց այդ կտրվածքով, նրանք այլեւս ասելիք չունեին։ Խոզերի առողջությունը հոգալու անհրաժեշտությունը չափից ավելի ակնհայտ էր։ Եվ այդպիսով, առանց հետագա վիճաբանության որոշվեց, որ կաթը եւ քամուց թափված խնձորները (ինչպես նաեւ հասուն խնձորների հիմնական բերքը) առանձնացվելու են միայն խոզերի համար։

ԳԼՈՒԽ 4

Աշնան դեմ Անասնաֆերմայի դեպքերի լուրը տարածվեց երկրով մեկ։ Ամեն օր Նապոլեոնն ու Ձնագնդին աղավնիների երամներ էին ուղարկում, որոնց հանձնարարված էր մերվել հարեւան ֆերմաների անասուններին, պատմել նրանց Ապստամբության մասին եւ սովորեցնել «Անգլիայի գազանների» մեղեդին։

Այդ ընթացքի մեծ մասը միստր Ջոնզը անց էր կացնում Վիլինգդոնի Կարմիր Առյուծ գինետանը, լսել ցանկացողներին գանգատվելով զարհուրելի անարդարությունից, որի պատճառով սեփական ֆերմայից վռնդվել էր անբան կենդանիների ոհմակի կողմից։ Մնացած ֆերմերները սկզբունքորեն նրան համակրում էին, բայց տակավին առանձնապես մեծ աջակցություն չդրսեւորեցին։ Հոգու խորքում ամեն մեկը միտք էր անում, թե ինչպես մի ձեւ գտնի Ջոնզի դժբախտությունից օգուտ քաղելու։ Բարեբախտաբար Անասնաֆերմային կից երկու տնտեսությունների տերերը վաղուց ի վեր գժտված էին։ Դրանցից մեկը, Ֆոքսվուդը, մի խոշոր, բարձիթողի վիճակում գտնվող հնաոճ ագարակ էր՝ մեծ մասն անտառապատ, անխնամ արոտներով ու խարխուլ ցանկապատերով։ Դրա տեր միստր Փիլքինգտոնն անհոգ մի ֆերմեր էր, որն իր ժամանակի մեծ մասը նվիրում էր որսորդությանն ու ձկնորսությանը։ Մյուս ֆերման, որ կոչվում էր Փինչֆիլդ, ավելի փոքր էր եւ ավելի բարվոք։ Դրա տերը, միստր Ֆրեդրիքը, ճարպիկ ու կամակոր մի մարդ էր, որը անվերջ խառնված էր դատական գործերի մեջ եւ առուծախի անգերազանցելի գիտակ էր համարվում։ Այդ երկուսն այն աստիճան իրար հետ չունեին, որ համաձայնության չէին գա անգամ հանուն իրենց ընդհանուր շահերի պաշտպանության։

Բայց եւ այնպես Անասնաֆերմայի ապստամբությունը երկուսին էլ հիմնովին վախեցրել էր, եւ նրանք աշխատում էին սեփական անասուններին զերծ պահել այդ մասին չափից շատ բան իմանալուց։ Սկզբում նրանք ծաղրուծանակի ենթարկեցին այն գաղափարը, թե անասուններն իրենք են տնտեսություն վարելու։ Այդ ամենը մի երկու ամիս էլ չի տեւի, ասում էին նրանք։ Նրանք լուր տարածեցին Մենըր ֆերմայի անասունների մասին («Անասնաֆերմա» անունը չհանդուրժելով, նրանք շարունակում էին այն կոչել «Մենըր ֆերմա»), թե իբր վերջիններս անընդհատ գզվռտոցների մեջ են եւ ուր որ է սովամահ են լինելու։ Որոշ ժամանակ անց, երբ անասուններն ակներեւաբար սովամահ չեղան, Ֆրեդրիքն ու Փիլքինգտոնն իրենց երգը փոխեցին ու սկսեցին պատմել Անասնաֆերմայում տիրող սոսկալի այլասերության մասին։ Պարզվեց, որ անասուններն այնտեղ զբաղվում էին կանիբալիզմով, շիկացած պայտերով իրար էին խոշտանգում եւ էգերից օգտվում էին ընդհանուր հիմունքներով։ Ահա թե ինչ է դուրս գալիս Բնության օրենքների դեմ ապստամբելուց, ասում էին Ֆրեդրիքն ու Փիլքինգտոնը։

Ինչեւէ, այդ պատմություններին մինչեւ վերջ ոչ ոք չէր հավատում։ Շարունակում էին անորոշ ու աղավաղված լուրեր տարածել հեքիաթային մի ֆերմայի մասին, որտեղից մարդիկ արտաքսված էին եւ ուր անասուններն իրենք էին իրենց գլխի տերը։ Այդ տարում ամբողջ երկրամասով մեկ խռովարարության ալիք անցավ։ Նախկինում միշտ հեզ ցուլերը հանկարծ կատաղում էին, ոչխարները փլում էին ցանկապատերն ու սրբում երիցուկի դաշտերը, կովերը դույլը շուռ էին տալիս, որսաձիերը մեխվում էին խոչընդոտների առջեւ, տերերին թամբից շպրտելով։ Եվ ամենակարեւորը՝ «Անգլիայի գազանների» մեղեդին եւ անգամ բառերը ամենուր հայտնի էին դարձել։ Այն տարածվել էր ապշեցուցիչ արագությամբ։ Մարդիկ ակնարող էին զսպել իրենց կատաղությունն այդ երգը լսելիս, սակայն ձեւացնում էին, թե այն պարզապես ծիծաղելի է։ Անհասկանալի է, ասում էին նրանք, թե ինչպես նույնիսկ անասունները, կարող են իրենց թույլ տալ երգել նման անարժան ոչնչությունը։ Այդ անելիս բռնված անասունները տեղնուտեղը մտրակահարվում էին։ Բայց եւ այնպես այդ երգն անպարտելի էր։ Կեռնեխներն այն ծլվլում էին թփուտներում, աղավնիները սուլում էին ծփիների վրա, այն լսվում էր դարբնոցների աղմուկի մեջ եւ եկեղեցական զանգերի ղողանջում։ Մարդկանց սիրտն այդ երգից ծածուկ դող էր ընկնում՝ նրանք լսում էին իրենց կործանման մարգարեությունը։

Հոկտեմբերի սկզբին, երբ հացահատիկն արդեն հավաքված ու կապված էր, իսկ որոշ մասը՝ նաեւ կալսված, աղավնիների ծայր աստիճան հուզված մի երամ վայրէջք կատարեց Անասնաֆերմայի բակում։ Ջոնզն ու իր աշխատավորները եւ նրանց հետ ֆոքսվուդից ու Փինչֆիլդից մի տասնյակ մարդիկ ներս էին անցել հնգահեծան դարպասից ու այժմ առաջնորդվում էին ֆերմայի կողմը։

Բոլորը զինված էին փայտերով, բացի Ջոնզից, որ, հրացանը ձեռքին, քայլում էր առջեւից։ Կասկած չկար, որ նրանք մտադիր էին ֆերման հետ գրավել։

Այդ ամենը վաղուց էր ակնկալվում, եւ անհրաժեշտ պատրաստություններն արված էին։ Ձնագնդին, որն ուսումնասիրել էր Հուլիոս Կեսարի արշավների մասին տանը հայտնաբերված հին գիրքը, դարձավ պաշտպանական միջոցառումների պատասխանատուն։ Նա շտապ հրահանգներ արձակեց, եւ երկու րոպե չանցած ամեն անասուն արդեն իր տեղում էր։

Երբ մարդիկ մոտեցան ֆերմայի շինություններին, Ձնագնդին նախաձեռնեց առաջին գրոհը։ Բոլոր երեսունչորս աղավնիները սկսեցին դես ու դեն անել մարդկանց գլխավերեւում եւ նրանց վրա ծրտել, մինչ թփերում թաքնված սագերը դուրս պրծան ու սկսեցին քինոտ կտցել մարդկանց սրունքները։ Բայց եւ այնպես դա ընդամենը թեթեւ մի ընդհարում էր իրարանցում ստեղծելու նպատակով, եւ մարդիկ սագերին հեշտությամբ քշեցին փայտերով։ Այժմ Ձնագնդին մարտի կոչեց երկրորդ շարասյունը։ Մյուրիելը, Բենիամինը եւ ոչխարները Ձնագնդու գլխավորությամբ նետվեցին առաջ եւ սկսեցին չորս կողմից պոզահարել ու հարվածել մարդկանց, մինչ Բենիամինը նրանց սմբակներով հետեւանց քացի էր տալիս։ Սակայն այս անգամ էլ փայտերով ու նալած կոշիկներով մարդիկ ավելի ուժեղ դուրս եկան, եւ, Ձնագնդու կտրուկ վնգստոցին ենթարկվելով, որը նահանջի նշան էր, անասունները շուռ եկան ու փախան ֆերմայի բակը։

Մարդիկ ցնծագին աղաղակներ արձակեցին։ Նրանց թվաց, թե թշնամին տեղի է տալիս, եւ նրանք անկանոն նետվեցին առաջ։ Դա հենց այն էր, ինչ նախատեսել էր Ձնագնդին։ Հենց որ մարդիկ խորացան բակում, գոմում դարան մտած երեք ձիերը, երեք կովերը եւ մնացած խոզերը հանկարծակի դուրս պրծան եւ կտրեցին նահանջի ճանապարհը։ Ձնագնդին հարձակման նշան տվեց եւ ինքը նետվեց Ջոնզի վրա։ Ջոնզը բարձրացրեց հրացանն ու կրակեց։ Կոտորակը Ձնագնդու մեջքին արյունոտ գծեր քաշեց, սպանելով ոչխարներից մեկին։ Մի պահ անգամ չվարանելով, Ձնագնդին իր վեց փթանոց իրանով նետվեց Ջոնզի ոտքերին։ Վերջինս տապալվեց թրիքի կույտի մեջ, հրացանը վար գցելով։ Սակայն ամենից սարսռազդու տեսարանը ներկայացնում էր Դմբուզը՝ հետեւի ոտքերին բարձրացած, նա իսկական հովատակի պես հարվածների տարափ էր հասցնում իր սմբակներով։ Առաջին իսկ հարվածը հասավ ֆոքսվուդցի մի ջահեիլ գանգին, նրան անկենդան փռելով ցեխին։ Այդ տեսնելուն պես մարդկանցից ոմանք, փայտերը գցելով, փորձեցին փախչել։ Նրանք խուճապի մատնվեցին, եւ կենդանիները սկսեցին բակով մեկ հետապնդել նրանց։ Նրանք խփում էին, կծում, քացի տալիս, ոտնահարում։ Ֆերմայում չմնաց ոչ մի անասուն, որն իր վրեժը յուրովի ձեւով չհաներ։ Նույնիսկ կատուն՝ կտուրից անսպասելիորեն ցատկեց մեկի ուսերին ու ճանկերը մխրճեց նրա վիզը, որից վերջինս սկսեց սոսկալի աղաղակել։ Հարմար պահ ընտրելով, մարդիկ բակից դուրս պրծան ու նետվեցին դեպի ճանապարհը։ Այդպիսով, ներխուժումից հինգ րոպե չանցած, նրանք իրենց եկած ճամփով մատնվեցին անփառունակ նահանջի, մինչ սագերի երամը, հետեւից ընկած, փշշացնում էր ու կտցում նրանց սրունքները։

Բոլոր մարդիկ գնացին, բացի մեկից։ Բակի խորքում Դմբուզը փորձում էր սմբակով շուռ տալ երեսնիվար ցեխի մեջ փռված ջահելին։ Տղան չէր շարժվում։

— Նա մեռած է։— Ափսոսանքով ասաց Դմբուզը։— Ես այդ անելու մտադրություն չունեի։ Ես մոռացել էի, որ սմբակներս պայտած են։ Հավատացեք, դա դիտմամբ չեմ արել։

— Ոչ մի ավելորդ գթասրտություն, ընկեր։— Բացականչեց Ձնագնդին, որի վերքերից արյուն էր կաթում։։— Պատերազմը պատերազմ է։ Լավագույն մարդը մեռած մարդն է։

— Ես չեմ ուզում ուրիշին կյանքից զրկել։ Անգամ՝ մարդուն։— Կրկնեց Դմբուզը, աչքերը թաց։

— Մոլլին ի՞նչ եղավ։— Բացականչեց ինչ֊որ մեկը։

Մոլլին չկար։ Մի պահ բոլորն իրար անցան այն վախից, թե մարդիկ կարող էին նրան վնասած կամ փախցրած լինել։ Սակայն վերջում նրան գտան գոմում թաքնված, գլուխը թաղած մսուրի մեջ։ Նա փախուստի էր դիմել կրակոցից անմիջապես հետո։ Իսկ երբ վերադարձան նրան փնտրելու գնացած մյուս անասունները, պարզվեց, որ բակի տղան, որը, փաստորեն, միայն շշմած էր, արդեն ուշքի է եկել ու թողել֊փախել։

Բոլոր անասունները ծայր աստիճան գրգռված էին, ամեն մեկը բարձրաձայն վերապատմում էր ճակատամարտին ցուցաբերած իր մասնակցությունը։ Տեղնուտեղը հանպատրաստից ծագեց հաղթանակին նվիրված տոնակատարություն։ Բարձրացնելով դրոշը, բոլորը մի քանի անգամ երգեցին «Անգլիայի գազանները», ապա կատարվեց զոհված ոչխարի հանդիսավոր թաղումը։ Գերեզմանին ալոճենու թուփ տնկեցին։ Ձնագնդին փոքրիկ ճառ արտասանեց, շեշտելով, որ բոլոր կենդանիները հարկ եղած դեպքում պետք է պատրաստ լինեն կյանքերը զոհել հանուն Անասնաֆերմայի։

Անասունները միաձայն որոշում ընդունեցին սահմանել մարտական շքանշան՝ «Հերոս Անասուն, Առաջին Կարգի», եւ իսկույն եւեթ դրանով պարգեւատրեցին Ձնագնդուն ու Դմբուզին։ Շքանշանը պղնձե մի մեդալ էր (պահասենյակում գտած հին թամբերի զարդերից), որը հարկ էր կրել տոն եւ կիրակի օրերին։ Սահմանվեց նաեւ երկրորդ կարգի «Հերոս Անասուն», որով հետմահու պարգեւատրվեց զոհված ոչխարը։

Ապա երկար քննարկում ծավալվեց այն հարցի շուրջ, թե ինչպես կոչել ճակատամարտը։ Վերջիվերջո այն կոչվեց Գոմի ճակատամարտ՝ դարանի պատվին։ Միստր Ջոնզն իր հրացանը թողել էր ցեխի մեջ, հայտնի էր նաեւ, որ տանը փամփուշտների պաշար կա։ Որոշվեց հրացանը թնդանոթի պես ամրացնել դրոշի տակ եւ տարին երկու անգամ կրակոց արձակել՝ հոկտեմբերի տասներկուսին, Գոմի ճակատամարտի օրը, եւ հունիսի քսանչորսին, Ապստամբության հոբելյանին։

Comments