Chapter 2
Chapter 2
Ալմոնդը որոշեց քայլել այն ուղղությամբ, ուր նայում էին աչքերը արթնանալու պահին։ Արևը սովորականից թեժ էր․ այնքան մոտ, որ թվում էր՝ գլխավերևում մի հսկայական, կիզիչ ջահ է կախված։ Նա չէր հաշվում ոչ ժամանակը, ոչ ճանապարհը, բայց արդեն տասը ժամից ավելի էր, ինչ քայլում էր կամրջով, իսկ ցամաքի ոչ մի նշույլ դեռ չէր երևում։ Դա ստիպեց նրան կասկածել ցամաքի գոյությանը․ կարծես հողի վրա ապրած լինելը ընդամենը իր երևակայության արդյունքն էր, իսկ անծայրածիր կամրջով քայլելը՝ իր ամբողջ կյանքի իմաստը, որից հեռանալու կարիք չկար։
— Միգուցե պետք չէ՞ հեռանալ․․․ Արդյո՞ք ինչ-որ բան կզգամ կամրջի վերջին հասնելիս։ Մյուս կողմից՝ միգուցե ես դեպի սկի՞զբն եմ գնում։ Կամ միգուցե այս կամուրջն ընդհանրապես վերջ չունի՞, ու ես հենց վերջնակետում եմ արթնացել։
Չնայած այս բոլոր մտքերին նրան դուր էր գալիս, ուղղակի քայլել, առանց ոչ մի տեղ շտապելու ու իմանալու թե ում մոտ է գնում։
Եվս մի քանի ժամ քայլելուց հետո Ալմոնդը սկսեց սաստիկ մրսել։ Դա սովորական ցուրտ չէր․ նա հստակ զգում էր, թե ինչպես է սառը օդը ամեն մի շունչ քաշելիս ներխուժում իր մարմնի մեջ։ Սառնությունը դանդաղ սահում էր կոկորդով, անցնում կրծքավանդակով ու հերթով փաթաթվում ներքին օրգաններին՝ սառեցնելով դրանցից յուրաքանչյուրը։ Սիրտը, թոքերը, ստամոքսը ասես մեկ առ մեկ սառույցով պատվեին։ Ձեռքերի ու ոտքերի ոսկորներն այնքան էին փայտացել, որ ամեն մի շարժումն անհնարին էր դառնում։ բացի այդ զարմանալուն այն էր, որ Ալմոնդը քաղցի զգացում չէր զգում։ Նա շարժվում էր առաջ իսկ քամին ուժեղ հարվածներ էր տալիս նրա դեմքին, մինչև, որ ցած չընկավ և չուշաթափվեց: