Chapter 5
V
Թաթուխը տուն տարավ նորածին լակոտները, որոնց աչքերը դեռ խփած էին, ու նրանց կերակրեց ոչխարի կաթով։ Այդ լակոտները մեծացան ու դառան իբրև ամենահավատարիմ շներ իր համար։
Թաթուխը նրանց մեկի անունը դրավ Զանգի, մյուսինը՝ Զրանգի։ Երբ որ մի տեղ էր գնում, տանում էր հետը, իսկ տանը եղած ժամանակ նրանց պահում էր շղթայակապ։
Սրա վրա անցավ տասը տարի կամ մի քիչ ավելի կամ պակաս, այդ Աստված գիտե. Թաթուխն ուզեց գնալ դեպի իր ծննդարանը, որ տեսնե՝ ի՞նչ վիճակի մեջ են այժմ իր ծնողները։ Իր այս միտքը հայտնեց իր նոր հորն ու մորը, նրանք էլ կամք տվին այն հուսով, որ շուտով կվերադառնա։ Թաթուխը մի աման կաթով լցրեց, դրեց թարեքին[5] և հորն ու մորն ասաց.
― Նայեցեք այս կաթին․ երբ որ տեսնեք՝ գույնը փոխել է, կարմրել է կամ սևացել, իմացեք, որ ես մի նեղության մեջ եմ, իսկույն կարձակեք իմ Զանգին ու Զրանգին, նրանք ինձ օգնության կհասնեն։
Թաթուխը գնաց և հասավ երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն շատ բարձրացել և ահագին կոկ ծառեր էին դառել։ Իջավ այդտեղ, փոքր-ինչ հանգստացավ և հետո գնաց իր ծննդարանը։ Ի՞նչ ծննդարան… էլ ո՛չ մի շունչ չկար կենդանի, ամբողջ գյուղը մնացել էր կանգուն, բայց մեջը բնակիչ չկար։ Թաթուխը ձիով էր գնում, հետն էլ մի խուրջին[6] ուներ՝ ճամփի պաշարով լիքը։ Ձին քշեց ուղղակի դեպի իրանց տուն և իջավ դռանը։ Մտավ ներս և, ո՜վ հրաշք, տեսավ՝ իր քույրը նստած իրանց օջախի առջև, և ուրիշ ոչ ոք։ Քույրը վեր կացավ, փաթաթվեց եղբոր շլնքին[7], ասելով.
― Դու բարո՜վ ես եկել, հազա՜ր բարով, իմ եղբայր, իմ աչքիս լույս, ո՞ւր էիր, ինչո՞ւ ուշացար այսքան։― Այս ասաց քույրը և շտապելով դուրս եկավ դուռը։
Տեսավ՝ ձին կապած, խուրջինը վրան։ Խուրջինն ամբողջ կուլ տվավ և ներս գնաց եղբոր մոտ ու հարցրեց.
― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, առանց խուրջինի՞ ես եկել։
― Այո՛,– պատասխանեց Թաթուխը և իսկույն հասկացավ, որ խուրջինը կուլ է տվել։
Քույրը մեկ էլ դուրս եկավ և ձիու մեկ ոտը կերավ ու ներս գալով հարցրեց.
― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, ձիդ երե՞ք ոտով ես բերել։
― Այո՛,― պատասխանեց Թաթուխը։
Քույրը դուրս գնաց և ձիու երկրորդ ոտն էլ կերավ ու ներս գալով հարցրեց.
― Եղբա՛յր ջան, քույրդ քեզ մատաղ, ձիդ երկո՞ւ ոտով ես բերել։
― Այո՛,― պատասխանեց եղբայրը։
Քույրն շտապով դուրս գնաց և երրորդ ոտը կերավ ու էլի ներս գալով հարցրեց.
― Եղբայր ջան, ձիդ մի՞ ոտով ես բերել։
― Այո՛,― ասաց Թաթուխը, որի սիրտն արդեն սկսել էր դողդողալ։ «Ձին ուտելուց հետո պիտի ինձ էլ ուտի․ ի՞նչ պիտի անեմ ես, ինչպե՞ս պիտի ազատվեմ»,― մտածում էր նա։
Քույրը դուրս գնաց, չորրորդ ոտն էլ կերավ, էլի ներս եկավ և հարցրեց.
― Եղբա՛յր ջան, ոտքո՞վ ես եկել։
― Այո՛, քույրիկ ջան, ոտքով եմ եկել, ոտքով էլ պիտի գնամ, բայց չգիտեմ՝ պիտի թողնե՞ս, թե՞ ոչ։
― Վո՜ւյ, քոռանամ ես, եղբա՛յր ջան, ինչպե՞ս կթողնեմ, ահա քանի տարի է աչքս քո ճանապարհին է, թե՝ երբ պիտի եղբայրս գա, որ սրտիս մեջ տեղ տամ նրան։ Ով գիտե քաղցած ես, սպասի՛ր, ես գնամ քեզ համար հաց բերեմ։
Քույրը դուրս գնաց թե չէ՝ տան անկյունից մի աքաղաղ դուրս եկավ և ասաց Թաթուխին.
― Ա՛յ տղա, քույրդ գնաց ատամները սրելու, որ գա քեզ ուտի, ճար ունես՝ տե՛ս։
― Ի՞նչ ճար անեմ, չգիտեմ,― ասաց տղան։
Աքաղաղն ասաց.
― Մուշտակդ հանիր, մեջը մոխրով լցրու, հերթիցը[8] կախ արա, ինքդ դուրս եկ, փախիր։ Նա կգա՝ կընկնի մուշտակիդ վրա, աչքերը մոխրով կլցվեն, մինչև նա աչքերը կմաքրե, դու բավական տեղ գնացած կլինիս։
Ինչպես ասաց աքաղաղը, տղան էլ այնպես արավ ու փախավ։ Աղջիկը եկավ, տեսավ՝ եղբայրը չկա, մուշտակն ընկավ աչքովը, կարծեց նա ինքն է՝ եղբայրը, գազանի պես վրա ընկավ, քրքրեց, մոխիրը թափվեց վրան և աչք ու բերան լցրեց։ Տեսավ որ խաբված է՝ սաստիկ կատաղեց, շուտով թափ տվավ մոխիրը, աչքերը սրբեց ու վազեց եղբոր հետևից։
Թաթուխը բավական հեռացել էր. ետ մտիկ տվավ, տեսավ՝ քույրն արդեն հասվեհաս է, ինքն էլ ջանք արավ, հասավ ծիրանի ծառերին և մագլցեց մեկի վրա։
Քույրը հասավ, փորձեց ինքն էլ բարձրանալ ծառը, չկարողացավ, սկսեց ատամներով կրծել ծառի բունը և այնքան կրծեց, որ բոլորովին կտրեց։ Կտրած ծառն ընկավ երկրորդ ծառի վրա, տղան էլ նույն ծառի ծայրին նստեց։ Աղջիկն սկսեց կրծել երկրորդ ծառը։ Սա էլ կոտրվեց, ընկավ երրորդ ծառի վրա։ Աղջիկն սկսեց կրծել երրորդ ծառը։
Այս միջոցին Թաթուխի հայրագիրն[9] ու մայրագիրը[10] նայեցին նշան դրած կաթին, տեսան, որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի-Զրանգին։ Մտերիմ գազաններն իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան, թե ո՛ր կողմն է գնացել և ի՛նչ ճամփով, հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը։ Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան։ Թաթուխը նրանց տեսավ թե չէ՝ կանչեց վերևից.
― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն կաթի։
Նրանք էլ այնպես հախռեցին[11] աղջկանը և այնպես կուլ տվին, որ միայն մի պուտ արյուն կաթեց մի տերևի վրա։
Տղան իջավ ծառիցը, Զանգի-Զրանգին փաթաթվեցին նրա ոտներին և կաղկանձելով հայտնեցին իրանց ուրախությունը տիրոջ ազատության համար։ Թաթուխն էլ նրանց գլխները շփեց և հայտնեց իր շնորհակալությունը։ Հետո արյունոտ տերևը վերցրեց, ծալեց, դրավ ծոցումը և ընկավ ճամփա։ Շատ գնացին թե քիչ՝ սրանք հանդիպեցին մի քարվանի։ Քարվանի տերը որ տեսավ Թաթուխի շները՝ շատ հավանեց և ասաց մտքումը. «Եթե այս առյուծանման շներն իմս լինին, էլ հարամուց երկյուղ չեմ ունենալ, հարյուր հարամի (քարվան կտրող ավազակ) էլ որ լինին, սրանք երկուսով ամենի պատասխանն էլ կտան»։
Հետո, դառնալով Թաթուխին, ասաց.
― Այ տղա, ե՛կ այդ շները տուր ինձ. քանի ջորի որ ուզես՝ իմ քարվանից վերցրո՛ւ իրանց բեռներով։
― Բոլոր քարվանդ էլ որ տաս, էլի չեմ տա,― ասաց Թաթուխը։
― Ուրեմն, դու քո երկու շանով ավելի՞ հարուստ ես, քան թե ես իմ ահագին քարվանով։
― Կարծեմ որ այդպես է,― պատասխանեց Թաթուխը։― Քո ահագին քարվանը քո կյանքը չի փրկիլ, դեռ կարող է քո մահվանդ էլ պատճառ լինել, որովհետև եթե հարամիքը գան՝ առաջ քեզ կսպանեն, հետո ապրանքդ կտանեն, իսկ իմ կյանքս ապահով է, քանի որ սրանք կան։ Ուզենամ՝ այս րոպեիս քո բոլոր քարվանդ ձեռիցդ կխլեմ սրանց օգնությամբ, բայց ես հարամի չեմ, որ այդպես անեմ։
Այսպես խոսելով բավական տեղ գնացին, հետո քարվանի տերն ասաց.
― Որովհետև շներդ ինձ չես տալիս ոչ մի գնով, ե՛կ ես քեզ մեկ հեշտ բան կասեմ, եթե իմանաս՝ իմ քարվանը քեզ, իսկ եթե ոչ՝ քո շներն ինձ։
Թաթուխն ասաց.
― Համաձայն եմ. ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ պիտի ասես։
― Ահա՛ տես իմ այս ձեռիս գավազանը․ եթե իմանաս, թե՝ սա ինչի՞ է, իմ քարվանը քեզ, իսկ եթե չիմանաս՝ քո շներն ինձ։
― Շատ բարի,― ասաց Թաթուխը և սկսեց իր գիտեցած բոլոր ծառերի անունը տալ, ասելով՝ հոնի է, զկռի է, սզնի է, բոխի է, աճարքի է, լորի է, թխկի է, տկողնի է, կաղնի է… և այսպես շատ ծառերի անուն տվավ, մինչև որ բոլոր գիտցածը հատավ, բայց ոչ մեկն էլ այն չէր։ ― Ուրեմն, շներն ի՛մն են,― ասաց քարվանի տերը,― կապիր դրանց և տուր ինձ։
― Սպասի՛ր, դեռ էլի մտածեմ,― ասաց Թաթուխը.― մի ծառի անուն գիտեմ, ահա՛ լեզվիս ծայրին է, բայց ուղիղ միտս չի գալիս, որ ասեմ․ ես հաստատ գիտեմ, որ ա՛յն պիտի լինի։
Այս միջոցին ծոցումը մի բան սկսեց ճրրալ ու վերջը որոշ ձայնով ասաց. ― Ճրրր… ճրրր ճա՛պկի[12], ճրր ճա՛պկի, ճա՛պկի։― Այս ասողը ծոցումը դրած արյունի կաթիլն էր։
― Գտա՜, գտա՜,― բացականչեց Թաթուխը և, գավազանից բռնելով, ասաց,― ճապկի է։
― Գտա՛ր,― ասաց քարվանի տերը,― քեզ արժանի է իմ քարվանը։
― Բոլոր քարվանդ ինձ հարկավոր չէ,― ասաց Թաթուխը,― ես մի հովիվ մարդ եմ, վաճառական չեմ. մի բեռը շորեղեն տուր, տանեմ ինձ համար աղջիկ ուզեմ, պսակվեմ, այդ էլ բավական է ինձ։
Քարվանի տերն ընտրեց ընտիր ճոթեղեն[13] և, ինչ զարդ ու զարդարանք որ պետք էր հարսի ու փեսայի համար, բարձեց մի ջորու վրա և տվավ Թաթուխին։
Մի քիչ որ հեռացավ Թաթուխը՝ տեսավ, որ ծոցումը մի բան է պրպտում։ Ձեռքը ներս տարավ, որ տեսնի՝ ի՞նչ է, և դուրս քաշեց մի ահագին օձ։ Արյունի կաթիլը դառել էր օձ և գլուխն արդեն հանել էր և մեկնել դեպի Թաթուխի բուկը։ Թաթուխը դեն շպրտեց այդ օձը, որ ամեն մի վայրկյանում հաստանում և երկարում էր, որ վիշապ դառնա, և ասաց իր շներին.
― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն չկաթի։
Շներն այսպես էլ արին և վիշապ աղջկա հետքը կտրեցին։
Թաթուխը հասավ տուն՝ ամեն բարիք բարձած ջորուն։ Իր համար աղջիկ ուզեց, պսակվեց։
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։