1. Յովնաթան որդի Երեմիայի

Chapter 4

4

Յաջորդ առաւօտեան՝ Յովնաթանը բռնեց Մարգարիտի ձեռքը եւ նրանք գնացին վերի աւազանը, տեսնելու պապի, հօր եւ մօր գերեզմանները։

Մինչեւ գերեզմանները՝ Յովնաթանը հարցրեց Մարգարիտին․

— Ի՞նչ եղան հօրեղբայրները։

— Հօրեղբայրները մեռան, ինչպէս հայրիկը․ — որդիները դեռ աղիւս են թափում․ տե՛ս այն հնոցի ծուխը, նրանց հնոցն է, որ վառւում է, իսկ մենք օտարականներ ենք գրեթէ, երբեմն հանդիպում եմ մէկն ու մէկին փողոցում եւ բարեւում։

— Հօրեղբայրներն ինձանով չհետաքրքրւեցի՞ն երբ եւ իցէ։

— Յիշում եմ, մի անգամ մեծ հօրեղբայրն հարցրեց՝ ի՞նչ լուր անպէտք տղայից, չպատասխանեցի։

Յովնաթանը ցաւագին ժպտաց։

Հասան վերի աւազանը։

Յովնաթանը վարդեր դրեց շիրմաքարի վրայ, նայեց իր քանդակած եւ թրծած պապի արձանին, որ փշրւելով աւելի էր այլանդակւել․ ծիծաղեց հոգում եւ բարձրացաւ աւազանի թմբի վրայ։ Աւազանում ջուր չկար, յատակում առաւօտեան արեւի շողերի տակ փայլուն էին ազնւագոյն կաւի հետ խառն զանակները։ Յովնաթանը նայեց նորից այդ կաւին եւ նրա հոգին դողաց ստեղծագործութեան աննախընթաց տենչով, իսկ Մարգարիտը, կանգնած կողքին, յիշում էր այն օրը, երբ ինքը լողանում էր, եւ Յովնաթանը տեսաւ իրեն․ յիշում էր այն օրւայ ջրի զովութիւնը եւ զգում էր ջրի կաթիլները, որ կաթում էին ծամերից՝ կրծքի եւ ուսերի վրայ։

Նրանք իջան թմբից ներքեւ, Յովնաթանը նստեց պապի շիրմաքարի վրայ եւ խօսեց այսպէս․

— Դու պատւիրեցիր մեզ, որ մենք, պա՛պ, չբաժանւենք այս կաւից․ ես բաժանւեցի, բայց կրծքիս վրայ միշտ կրելով այս կաւից մի ափ․ նա խփում էր իմ կրծքին եւ ես միշտ սարսռում էի նրա ջերմութիւնից․ ահա վերադարել եմ պա՛պ, այս կաւի կարօտով․ իմ էութիւնը վառւում է այժմ այս կաւի բոյրով, այս կաւի անիմանալի եւ անքննելի ջերմութեամբ։ Պա՛պ, ես կուրծք տւի աշխարհի երկաթեայ հողմերին, ապրեցի կեանքի բոլոր յուզումները, իջայ կեանքի յատակը, լսեցի ամենից աղեխարշ կանչը կեանքի, ապրեցի եւ վերապրեցի մարդկութեան ողբերգութիւնն ու կատակերգութիւնը։ Պա՛պ, մարդկութեան ազնւագոյն մեծամասնութիւնը տառապում է թշւառութիւնից։ Աշխարհի խորագոյն ողբերգութիւնը ո՛չ թէ մահն է, այլ կեանքի թշւառութւնը։ Եւ թշւառութիւնը ծնեցնում է ազնւագոյն ատելութիւնը, զրահապատում է հոգին, դարձնում է մարդուն ըմբոստ եւ դիւցազն։ Ես լսեցի, որ թշւառութիւնը բարձրացել է եւ այս հին երկրում։

Յովնաթանն այլեւս չշարունակեց, որովհետեւ նրա կապոյտ աչքերը լցւեցին արցունքով։

Մարգարիտը բռնեց նրա ձեռքը եւ ցոյց տւեց նրան քաղաք տանող արահետը։

Արահետը եզերւած էր բարձր խոտերով, մասրենիների թփերով եւ վայրի դեղին վարդերով։ Նրանք քայլեցին այդ արահետով լուռ ու մտախոհ։

Յանկարծ հարցրեց Մարգարիտը․

— Ո՞րտեղ էիր ապրում այսքան երկար տարիներ եւ ի՞նչ էիր անում։

Յովնաթանը, նստելով մի քարի եւ նստեցնելով Մարգարիտին իր կողքին, ասաց․

— Ես ապրում էի արեւմտեան մի երկրում։ Այդ երկիրը, երկայնավիզ կօշիկի նման, նխրջւած է կապոյտ եւ մեծ եւ հին մի ծովում։ Այդ երկրում ծաղկում են լիմոնն ու նարինջը, աճում է ձիթենին, աճում է եւ հալւէծառը եւ խաղողի ողկոյզը կախւում է որթատնկից, ինչպէս ստինքն աղջկայ հասակից․ քաղցրանում է հնդկաթուզը, բարձրանում եւ պտուղ է տալիս արմաւենին, ինչպէս արաբական աշխարհում․ բամբակի կնգուղն օրօրւում է հարաւի տաք քամուց, կարմրում է նուռը, ինչպէս արիւնալի շրթունքը, իսկ երկրի հիւսիսային լեռներում մթնում են կաղնու եւ մշտագալար մայրիների անտառները։ Հիւսիսային բարեխառն գօտու մէջ երկարած այդ հին երկիրն օժտւած է արեւադարձային հարուստ բուսականութեամբ։ Կանայք ունեն աչքեր, ինչպէս երկրի լիմոնը, աչքեր, ինչպէս ծովը, աչքեր, ինչպէս երկրի ձիթապտուղը եւ ծամեր, ինչպէս նարինջը եւ ծամեր, ինչպէս ածուխը․ հասակ ունեն նրանք, ինչպէս սօսին, եւ մարմինները ճկուն են, ինչպէս ծովի ալիքները։ Ծովի վրայ գոնդոլներն են սահում, եւ գոնդոլների կուրծքն ուռչում է երգով, երկիրն ամբողջ երգ է եւ ծափ։

Եւ արեւադարձային այդ երկրում կառուցւած են մարմարեայ քաղաքներ։

Ես ապրում էի մարմարեայ այդ քաղաքներից մէկում։ Հին քաղաք է դա, աւելի հին, քան մեր ամենահին մագաղաթը։ Այդ քաղաքի իւրաքանչիւր մարմարէ բեկորը կապւած է առասպելական էպիքական դարերի հետ։ Երբ քամին վազում է ծովից եւ բերում է նոր, թարմագոյն օրերի բուրումը եւ խառնւում հին քարերի բոյրին՝ կեանքը դառնում է զգլխիչ մի երազ, աստղերն իջնում են ծովը եւ երկիրը, հին այդ երկիրը, թրթռում է ծովի եւ երկնքի միջեւ, եբրեւ մի մեծ քնար եւ իւրաքանչիւր թուփ, իւրաքանչիւր քար եւ խոտի իւրաքանչիւր շիւղ շնդում է ու երգում, ինչպէս մարդկային սիրտը։

Իսկ այդ սքանչելի երկրի յատակում հոսում է թշւառութիւնը։ Մարդկային քաղցը, զարհուրելի եւ ահաւոր, գալարում է բազմութիւններ, բազմութիւններ հին ու նոր սերունդի, որոնք այնքան գեղեցկօրէն եւ այնքան հոյակապօրէն կառուցին մարմարեայ քաղաքները։ Երկրի ընդերքում, խուլ տնքոցով, դովում է մարդկային զրկանքը։ Եւ այդ խուլ տնքոցը շուտով, շուտով կը վերածւի ծովի ահարկու մռնչիւնի, եւ աշխատաւոր, ստեղծարար, բայց զրկւած մարդիկ կը բարձրանան յատակից, ինչպէս կիկլոնը եւ ինչպէս հողմերից որոտացող ծառերը։

Երկիրը մարմարներով են ծաղկեցրել մարդկութեան այդ բազմութիւնները։

Այդ երկրում է ապրել աշխարհի եւ բոլոր ժամանակների մեծագոյն քանդակագործը։

Ես իմ աչքերով տեսայ նրա արձանները, իմ այս ձեռքերով շօշափեցի նրա մարմարները, որոնք դարեր շնչում են եւ աւելի կենդանի են, քան այժմ այդ երկրում ապրող մարդիկը։ Տեսայ, իմ այս աչքերով, արձանն այն ծերունու, որ, ինչպէս հին, առասպելապատում մատեաններն են հաղորդել, խօսել է Աստծոյ հետ, այրող աւազներից բարձրացող լերան կատարին։ Աստւած խօսել է, ըստ առասպելապատում մատեանների, ամպրոպի միջոցով, այն ծերունուն, որ ջրվէժի նման թափւող միրուք ունի, եւ որը ազատել է իր ժողովուրդը բռնակալութիւնից, քաղցից եւ անապատի արհաւիրքից։

Ես երկրպագեցի հին այդ վարպետին եւ վարպետներին եւ սովորեցի նրանց արւեստը։ Ես որոշեցի վերադառնալ եւ քանդակել մեր կաւոր եւ մեր սպիտակ քարով։

Յովնաթանը լռեց։

Մարգարիտը հարցրեց․

— Յովնաթա՛ն, մե՞ծ է թշւառութիւնն այնտեղ։

— Այո՛, թշւառութիւնը ծովի չափ եւ ծովը թշւառութեան չափ։

— Իսկ ինչո՞ւ երկիրն այդքան գեղեցիկ է եւ թշւառութիւնը շատ։

— Այդ նրանից է, քո՛յր, որ կան իշխողներ եւ իշխւողներ։

Տիրեց լռութիւն։

Երգում էր անհուն դաշտի ոզոխը, օրօրում էր վայրի վարդը, իսկ խոտը՝ ծփում։

Յովնաթանը եւ Մարգարիտը հասան տուն, երբ արեւի մեծ նարինջը թեքւում էր սարի յետեւը եւ մուգ կապոյտը բարձրանում էր երկրից։

Ծառերի տակ առւակներ էին նւագում, իսկ ծառերի վրայ թափւում էին իրիկնային զանգակի լուսաւոր փշուրները։

Comments