1. Յովնաթան որդի Երեմիայի

Chapter 2

2

Յովնաթանը գնաց եւ ո՛չ մի լուր չեկաւ նրանից։

Մայրը երգ կապեց նրա վրայ, երգեց եւ լաց եղաւ։

Հայրը, ամէն պապի չարխի դատարկ տեսնելուն, թափեց արցունքներ ձեւաւորւած անօթների վրայ։

Մարգարիտն ամուսնացաւ եւ կորցրեց իր մարմնի վարդը։

Դաւիթը մեծացաւ, չսիրեց բրուտանոցի աշխատանքը եւ մտաւ առեւտրական ասպարէզ։

Եւ մի օր, երբ Երեմիան, չարխի վրայ նստած՝ մի փարչ էր ձեւաւորում, ձեռներն ու ոտները յանկարծ կանգ առան, ճգնեց, վերջին լարումով, շարունակել աշխատանքը, բայց չկարողացաւ, նրան գրկեցին, դրին սայլի վրայ եւ տարան տուն։

Տան շէմքից լսեց նա գանգրահեր եւ կապուտաչեայ որդու դժբախտ մօր լացը եւ երգը։

Պառկեցրին նրան անկողնում եւ Անդրէասի որդի Երեմիան, առանց ցնցումների, առանց մահւան սարսափի, փակեց աչքերը լռութեամբ եւ խաղաղութեամբ։

Նրան թաղեցին պապի կողքին։

Երեմիայի մահից մի տարի անց՝ մեռաւ Երեմիայի կինը, երբ մի երեկոյ, ըստ երկար ժամանակի սովորութեան, խունկ էր ծխում եւ երգում որդու վրայ կապած երգը։

Դաւիթը քաղաքում չէր, նա գնացել էր հարաւային երկրներ ապրանք բերելու։

Վերադարձին նա գտաւ ծնոներին հանգչած վերի աւազանի վերեւում, պապի կողքին։ Նա խաչ հանեց եւ մի քանի կաթիլ արցունք թափեց եւ յիշեց Յովնաթանին, որի կարօտը քայքայեց ծնողներին։

Դաւիթն այլեւս չուզեց մնալ այդ աշխարհում, վաճառեց ունեցւածքը, գաղթեց դէպի հարաւ, որովհետեւ այնտեղ նրան դիւթել էր մթին գոյնով մի բոցավառ աղջիկ։

Գնալիս համբուրեց իր մեծ քրոջը եւ ասաց․

— Գերեզմաններին լաւ մտի՛կ տուր։

Մարգարիտը հարցրեց նրան․

— Եթէ Յովնաթանը վերադառնայ, ի՞նչ ասեմ։

— Նա չի վերադառնայ, — պատասխանեց Դաւիթը յուսահատ։

— Նա կը վերադառնայ, — ասաց Մարգարիտը խորագոյն հաւատքով։

Եւ բաժանւեցին քոյր եւ եղբայր։

Երբ գարուններին բարձրանում էին հեղեղները՝ Մարգարիտը հոգածութեամբ հողը վրայ էր տալիս գերեզմանների կողքերին, որպէս զի հանգստարանները մնան անվրդով եւ չխռովւի նրանց տակ ննջող բրուտների յաւիտենական սաւառնումը։

Comments