Chapter 1
1
Թէ ո՛րտեղից եւ ի՛նչպէս Յովնաթանը սովորել էր քանդակել՝ բոլորի համար մնաց գաղտնիք, բայց Յովնաթանը երկար էր աշխատել, բոլորից գաղտնի, յափշտակութեամբ եւ ներքին անիմանալի մղումով։
Նա տեսել էր եկեղեցում Քրիստոսի խաչելութեան արձանը, տեսել էր հրեշտակների արձաններ թեւերով եւ սեռի, փոքրիկ, վարդի կոկոնի նման թարմ նշաններով, տեսել էր նաեւ լերան քաղաքի հին ամրոցում կոտրտւած արձաններ, երբեմն գլուխներ՝ առանց մարմնի, երբեմն մարմիններ՝ առանց գլխի, որոնք բոլորն էլ հաւաքւած էին մի մութ սենեակում։ Կային արձաններ եւ ամրոցի պատերի եւ պարիսպների վրայ, բարձր, էլի կոտրտւած, աղճատւած վիճակում։
Եւ ամէն անգամ, երբ Յովնաթանը տեսել էր այդ բեկորները, նրա մանկական հոգին խայտացել էր խորը ուրախութեամբ, այդ խայտանքին յաջորդել էր ներքին, թաքուն մի դող, որն սկիզբն էր ստեղծագործութեան եւ որին բոլորովին անծանօթ էր նրա գիտակցութիւնը։
Եւ բրուտանոցում,բոլորից բացարձակապէս գաղտնի, Յովնաթանը շինել էր ձեռքեր, գլուխներ, ոտքեր, փոքր, շատ փոքր մեծութեամբ եւ չէր համարձակել ցոյց տալ հօրը կամ հօրը եղբայրներին, մինչեւ անգամ ցոյց չէր տւել պապին, որն իրեն այնքան սիրում էր, որն իրեն անպայման կը քաջալերէր անսահման չափով։ Բաց ի մարմնի այս մասերից՝ նա կաւից սարքել էր մի փոքրիկ սայլ, ճիշդ նման իրենց սայլին՝ զոյգ եգներով։ Յովնաթանը քանդակել էր նաեւ զանազան տեսակի պտուղներ, տերեւներ, քանդակել էր Քրիստոսը խաչի վրայ։ Եւ ահա պատանի Յովնաթանը, ցնցւած պապի մահւամբ, տոգորւած նրան անմահացնելու բուռն տենչով, յանդգնեց քանդակել եւ նրա կիսանդրին։
Պապի կիսանդրից յետոյ՝ Յովնաթանն սկսեց զբաղւել արձաններ շինելով այլեւս համարձակօրէն։
Նա չէր տեսել ո՛չ մի վարպետի ձեռք, նա չէր լսել ո՛չ մի վարպետի հրահանգ։ Նա մինչեւ անգամ կարծում էր, որ ո՛չ ոք աշխարհում կաւից արձաններ չէր շինել, այլ շինել էին ուղղակի քարից կամ բրոնզից եւ որ կաւից արձաններ քանդակելու գիւտը բացարձակապէս պատկանում էր իրեն, որովհետեւ նա չէր տեսել արձանի ստեղծման ո՛չ մի պրոցես։ Ահա քարտաշն էլ շիրմաքարը ձեւաւորեց ուղիղ քարից։
Անվերջ քանդակելով՝ Յովնաթանն ըմբռնեց մարմնի ձեւերը, հասարակ աչքերով աննշմարելի խորութիւնները, բարձունքները եւ ծաւալները։
Պապի կիսանդրիից յետոյ՝ հայրն սկսեց ուշի ուշով հետեւել որդու աշխատանքներին, նրա ամենափոքրիկ փորձերը խորը հրճւանքով էին լցնում նրան, բայց միաժամանակ մտածում էր․ «Յովնաթանը եղաւ տասն եւ ութը տարեկան, ես եւ եղբայրներս յոգնած ենք, լաւ կը լինէր Յովնաթանն անցնէր չարքի գլուխը, շինէր կուժեր, թասեր, գաւեր եւ փարչեր»։
Մտածում էր Երեմիան, բայց ոչինչ չէր ասում Յովնաթանին, թողնելով, որ նա անի, ինչ սիրտը կʼուզի։ «Դեռ ուժ կայ ոսկորներիս մէջ, դեռեւս կարող եմ աշխատել», — ասում էր նա։
Բայց հօրեղբայրները, որոնց որդիները կաւն էին տրորում բոբիկ ոտներով, հնոցն էին վառում, աւազաններից կաւն էին բարձրացնում սայլերը, մէջքերով աղիւսները կրում՝ բողոքում էին, որ Յովնաթանը դատարկ բաներով է զբաղւում եւ չի աշխատում, որովհետեւ բրուտանոցը եւ ողջ բրուտային առեւտուրը պատկանում էր բոլորին։
— Երեմիա — ասում էին եղբայրները, — որդիդ անպէտք է, գլուխ շինելը ո՞ւմ փորը կը կշտացնի, աշխատել է հարկաւոր, թո՛ղ անցնի չարխի գլուխը։
Երեմիան չէր կարող ասել, որ Յովնաթանը անկարող է աշխատելու չարխի վրայ, որովհետեւ նա երբեմն պտտեցնում էր պապի չարխը եւ հիանալի անօթներ շինում։
Երբ բողոքները շատացան, եւ երբ Յովնաթանը տեսաւ հօրը խեղճացած այդ բողոքներից՝ անցաւ պապի չարխի գլուխը եւ նրա մատների տակ լպրծուն կաւն ստացաւ սքանչելի ձեւեր։ Նրա շինած անօթները բոլորովին այլ ձեւ ունէին միւսների շինածներից, նրա անօթներից իւրաքանչիւրն էլ տարբերւում էին միւսից, նա չէր կրկնում ո՛չ մի ձեւ, բայց երկար չէր տեւում, ձանձրանում էր, թողնում չարխը, քաշւում բրուտանոցի հեռաւոր մի անկիւնը եւ սկսում կառուցել մի զայրացած բռունցք, որ ցցւում էր դուրս կաւի քաոսային զանգւածից, մի կռացած եւ յոգնած մէջք, մի գլուխ, եւայլն։
Նրա կերտած գլուխները նման էին իր գլխին, որովհետեւ գլխի ձեւը վերցնում էր նա միայն իր գլխից, որը դիտում էր մի կոտրած հայելուց։
Քանի Յովնաթանի շինած անօթները յարգ էին ստանում շուկայում, հօրեղբայրներն այնքան բարձրացնում էին բողոքը եւ պահանդում էին, որ Յովնաթանը չարխի վրայ ոչ թէ պատահաբար աշխատի, այլ արեւածագից մինչեւ արեւամուտը։
Բողոքում էին եւ հօրեղբօրորդիները։
— Յովնաթանը վերի արտի ցորե՞ն է, ի՞նչ է, մենք էշ ենք, իսկ նա ձի՞ է, ի՞նչ է։
Բողոքները դառնում էին անտանելի, մանաւանդ երբ սկսւում էր քաղաքում կառուցումների շրջանը։
— Աղիւս են ուզում, Երեմիա, — ասում էր եղբայրներից մէկը, — իսկ Յովնաթանը չի աշխատում, աւելի լաւ է իրարից բաժանւենք, մենք՝ մերը, դուք՝ ձերը, եղբայրն էլի եղբայր։
Երեմիան բռնում էր Յովնաթանի գլուխը, աչքերը ձգում նրա աչքերի կապոյտ լճակի մէջ եւ ասում․
— Յովնաթա՛ն, որդի՛, աղիւս են պահանջում։
Եւ Յովնաթանը, յուսահատ եւ տխուր, վերցնում էր փայտէ նախնական քառակուսի շրջանակը, բոբիկանում եւ արեւածագից մինչեւ արեւամայր աղիւս թափում։
Երեկոյեան երբ բոլորը ուտում էին թանէ սպասը եւ վեր կենում, պառկում, քնում, Յովնաթանը, կտուրի վրայ պառկած իրիկնային հովից զովացած անկողնում, աչքերը յառում էր պաղպաջուն երկնքից կաթող աստղերին, աչքերը լցւում էին արցունքով։
Մայրը մօտենում էր որդուն, տեսնում նրա արցունքը, շոյում էր գլուխը եւ հարցնում․
— Յովնաթա՛ն, մատա՜ղ, ինչո՞ւ ես լաց լինում։
Յովնաթանը պատասխանում էր, ինչպէս հինգ տարեկան մանուկը․
— Ես աղիւս չեմ թափի։
— Հայրդ ծեր է, որդի, նրան պարտական ես օգնել։
Յովնաթանը նայում էր իր երիտասարդ մօրը լուռ եւ տխուր։
Եւ մայրը շփոթում էր կապոյտ աչքերի արցունքը կապոյտ երկնքի աստղի հետ։
Սառչում էին արցունքները, ինչպէս մարած աստղերը, քունն իջնում էր Յովնաթանի յոգնած մարմնի վրայ, մայրը հեռանում էր, համբուրելով արեւից եփած նրա ճակատը։
Առաւօտեան Յովնաթանը վեր էր թռչում անկողնուց, երբ դեռ լուսաստղն էր շողում երկնքում, ինչպէս մարգարիտը փիրուզեայ ֆոնի վրայ, վազում էր բրուտանոց եւ սկսում էր սեփական աշխատանքը։
Կաւի զովութիւնը խնդութեամբ էր վառում նրա արիւնը։
Հայրը գալիս էր բրուտանովց, մօտենում Յովնաթանին եւ դիտում նրա աշխատանքը։ Ահա մի ձեռք, որ դուրս էր ցցւել կաւի մութ զանգւածից, երկու երեք անգամ աւելի խոշոր, քան բնական մեծութիւնը՝ ուռած երակներով։ Հայրը կարդում էր այդ ձեռքի վրայ կէս դարու չափ ֆիզիքական աշխատանք կատարող մի մարդու ողջ կենսագրութիւնը, պատկերացնում էր քամուց եւ արեւից այրած նրա ճակատը, կոպտացած եւ կռացած նրա մէջքը։ Հայրը գլուխն օրօրում էր ներքին հրճւանքով եւ միաժամանակ խորը տարակուսանքով, նա զգում էր, որ որդու աշխատանքը մի բան է, բայց ի՞նչ բան է, չէր կարողանում ասել։ Մի ժպիտ, հեզասահ առւակի նման գալիս, տարածւում էր նրա դէմքի վրայ եւ ինչ որ լուսաւոր մի ալիք հոսում էր, նոյնպէս հեզասահ առւակի նման, նրա հոգու մթութեան մէջ։
Բայց երբ բրուտանոց էին լցւում հօրեղբայրներն ու հօրեղբօրորդիները եւ խոժոռ նայւածքներ էին նետում Յովնաթանին, նա շորով փաթաթում էր աշխատանքը, թողնում, մօտենում պապի չարխին, որ այլեւս իրեն էր պատկանում։ Չարխը դառնում էր աշխոյժ, Յովնաթանի մատների տակ կաւն ստանում էր նորանոր եւ ապշեցուցիչ ձեւեր։
Բայց Յովնաթանին այրում էր մարմնի ձեւերի այլազան գաղտնիքները։ Գիշերները նա մտնում էր բրուտանոցը։ Ոչ ոք չկար։ Բայց Յովնաթանին թւում էր, որ շնչում է կաւը։ Մերկանում էր, վառում մոմը եւ մոմի օրօրուն լոյսով դիտում իր մարմինը եւ տեսնում էր, որ մարմնի ոչ մի կէտը չի սառչում, այլ անվերջ փոփոխւում է, խորութիւնների եւ բարձրութիւնների անհուն մի ելեւէջ, բայց երբ միեւնոյն մոմի լոյսով դիտում էր իր ձեւակերպած մարմնի մի մասը, գտնում էր, որ գոյութիւն չունի կենդանի մարմինը, ինքը ձեւաւորել էր մարմնի ընդհանուր երեւոյթը։
Երիտասարդ բրուտը, որ ձգտում էր քանդակագործ դառնալու, ո՛չ մի գաղափար չունէր մոդելի մասին, բայց զգում էր, որ եթէ մէկը լինի եւ նրանից վերցնի մարմնի ձեւերը՝ աւելի ճիշդ կը լինի։ Մարմնի մասերը նա քանդակում էր իր մարմնից՝ հայելու մէջ նայելով եւ Յովնաթանն զգում էր, որ դա բաւարար չէր։