1. ԹԵՆԻՍԻ ԱԿԱԴԵՄԻԱ Կողմերի Տեղափոխություն

Chapter 8

Որսորդ

ԱՊՐԻԼ

— Ավելի շատ պտտացրու, Ապրի՛լ,— գոռում ա Ակսելը, ու ականջներս զնգում են առավոտից միայն հանդիմանություն լսելուց,—ու ոտքերդ օգտագործի։ 

Դիրքավորվում եմ նոր մատուցման համար։ 

Երկրորդ կորտում ինչպես միշտ պարապում են Արամն ու Էվելինը։ Փորձում եմ չմտածել, որ Ակսելի ձայնը հասնում ա նաև նրանց։ Ամբողջ կենտրոնացումս ուղղված ա մարմինս թուլացնելուն ու մատուցումն ավելի ազատ դարձնելուն։ 

Ակսելը փոխում ա հարվածիս տեխնիկան, ինչը նշանակում ա արդեն բնազդային դարձած շարժումներին հակառակ գնալ ու վերստեղծել տեխնիկան հիմքից։ 

Ուժը պիտի գա ոտքերիցս, ոչ թէ ձեռքից՝ կրկնում եմ Ակսելի բանաձևը ու հիշում, որ մի փոքր ավել ծալեմ ծնկներս։ 

Գնդակը նետում եմ վեր։ Հարվա՛ծ…

— Նորի՛ց,— հրահանգում ա Ակսելը։ 

Ասես ժամացույցի մեխանիզմ լինի՝ նկատում ա սխալը, ուղղում, անցնում առաջ։ 

Բայց էս սառնության մեջ մի անթաքույց զգացմունք կա, մի շատ հատուկ վերաբերմունք. իրողությունը նրան չի վայելում։ Սա տասը քայլ հետ ա նրանից ինչի համար ինքն այստեղ ա։ Ասես յուրաքանչյուր ուղղում նրան ստիպում ա ինձ հետ միասին վերադառնալ սկզբնակետ ու լուռ նվաստանալ։ 

«Սկսում ենք զրոյից». սա էր Ակսելի բարևը էսօր առավոտ։

— Նորի՛ց,— հրահանգում ա Ակսելը։ Նորից ու նորից, ամեն անգամ, երբ մատուցմանս ինչ-որ մաս թերանում ա։ 

Բայց արդեն վաթսուներորդ մատուցումից հետո նա այլևս չի բացատրում՝ ոնց, քանի որ ես անգիր գիտեմ՝ 

«ավելի բարձր նետի՛»,  «չես օգտագործում ոտքերդ», «մի՛ սեղմի ռակետը», նրա անողորմ ձայնը անվերջ պտտվող սկավառակի պես հնչում ա ականջներիս մեջ։ 

Մենք հասանք հաղորդակցության մեկ բառանոց փուլին՝ «նորից»… 

Սպիտակ գլխարկն էնքան ներքև ա քաշած աչքերին, որ դեմքի մեծ մասը մնացել ա հովհարի ստվերի տակ։ Ես նրան գրեթե չեմ տեսնում, իսկ նա տեսնում ա իմ ամեն սխալը։ Բայց ինչքան շատ եմ փորձում գոհացնել մարզչիս, էնքան մտովի հեռանում եմ կորտից։ 

Վերջապես Ակսելը ընդմիջում հայտարարեց ու ես փլվեցի նստարանին։ Դեմքիցս թափվող քրտինքը հովից սառում ա մաշկիս։ Փորձում եմ վերականգնել շնչառությունս ու նկատում, որ կորտով մեկ ցրված գնդակներն արդեն նորից զամբյուղի մեջ են։ Ակսելը՝ պատրաստ սկսել հաջորդ վարժությունը։ 

—Հիմա կաշխատենք ձախ հարվածիդ վրա,—ասում ա Ակսելն ու ես ներքուստ հառաչում եմ։ 

Ոտքերս այրվում են, բայց կանգնում եմ։ Հետևի գծին մոտենալուն պես միտքս լցվում ա ձախողած մատուցումներիս պատկերներով։

***

Պարապմունքը նորից ավարտվեց իմ ու Ակսելի փոխադարձ հակակրանքով։ 

Նա ինձ կանչեց երեկոյան անհատական մարզման՝ խմբայինի փոխարեն։

Սովորաբար երեկոյի խմբայինները անցկացնում ա Արամը, եթե իհարկե նույն օրը իր խաղացողներից մեկի հետ անհատական չի նշանակել։

Մարզիչները երեկոյան անհատականները նշանակում են, երբ առավոտյան պարապմունքից հղկելու շատ բան ա մնում։ Երեկոն նախատեսված ա տեխնիկական թերությունները շտկելու, վատ սովորությունները վերացնելու համար։ Հիմնականում նույն վարժությունների անվերջ կրկնություն ա, մինչև շարժումը վերջապես ճիշտ նստի։

Իսկ խմբայինի ժամանակ բոլորս նույն վարժությունն ենք անում, ու ավելի նուրբ թերությունների վրա չենք աշխատում։ Քանի որ Ակսելը գոհ չէր առավոտյան պարապմունքից, ուրեմն մենք նորից կհանդիպենք այս երեկո։ Այսինքն՝ առավոտվա վարժություններից ոչ մեկը դեռ ավարտված չի։ Ու դատելով այսօրվա մարզումից՝ երեկոյան ինձ սպասվում ա երկար ցուցակ։

Տաք ջուրը հոսում ա թիկունքիս վրայով, ու լարվածությունը քիչ-քիչ հալվում ա։ Աչքերս բացում եմ՝ ոտնաթաթերս կարմրավուն ջրի մեջ են։ Ոտքիս մատների վրա պլաստիրներ կային, բոլորը պոկվել են։ Վերքերը բացվել և ուրախ ներկում են ջուրը։ Ես ցավ չեմ զգում։ Ոտնաթաթերս արդեն վաղուց անզգայացել են ու չեն բողոքում իմ ընտրած սպորտից։ 

Ցավն էս պահին ուրիշ տեղ ա. միջնամատիս ու մատնեմատիս ծալքերում միսը բացվել ա, ու ամեն անգամ, երբ ժապավենը քանդում եմ մռմռոցն անտանելի ա։ Հիմա էլ, տաք ջրի տակ, մատներս ծակծկում են այնպես, որ մարմնիս մնացած հատվածներն ուղղակի չեմ զգում։

Ցնցուղից հետո, արագ հագնում եմ դպրոցական համազգեստս։ Առավոտյան մարզումներն ավարտված են. 7-9-ը` անհատական, 10-12-ը` հոգեբանական պատրաստում։ Սրանց արանքում հանգստի ու նախաճաշի ժամը ես հաճախ օգտագործում եմ գիշերը չհասցրած տնայիններս ավարտելու համար։ 

Այսօրվա հոգեբանական մարզումը կատարյալ ձախողում էր։ Նունեն՝ մարզիչը, այնքան էր մտահոգվել, որ խնդրեց պարապմունքից հետո ինձ հետ խոսել։ Ասեց՝ երբեք չէր տեսել ինձ էդքան ցրված։

Միտքս ինձ չէր ենթարկվում։ Ամեն առանձին վարժություն սկսվում էր մտքերս ներկա պահ վերադարձնելու փորձով... ու ավարտվում Ակսելի կոպիտ ձայնով կամ հեգնող հայացքով.

տեսանելիացումը՝ ձախողում,

դրական մտածողությունը՝ ձախողում, 

ուշադրության վերահսկումը ՝ ձախողում,

նպատակների սահմանումն ու մտավոր դիմացկունությունը՝ ձախողում,

հանդարտումն ու ինքնազննումը՝ միանշանակ ձախողում։

Չեմ հիշում, վերջին անգամ երբ էր որևէ մեկն ինձ վրա այսքան անկառավարելի ազդեցություն ունեցել։ 

Ես դեռ փոքրուց իմ մեջ վարժեցրել եմ վիրավորանքները մի ականջով լսելու մյուսով բաց թողնելու արվեստը։ Կորտերում ինձ միշտ հիշեցրել են, որ ծնողներս սպասարկման ոլորտում են աշխատում, հագուստս մաշված ա, իսկ ես աշխարհ չեմ տեսել։

Սա ինձ սովորեցրել էր համբերել, դիմակայել, հաղթել։

Վստահ էի, որ արդեն ամբողջովին կոփված եմ։ 

Բայց Ակսելի ճնշումները սիրում են ինձ հետ երկար մնալ։ Միգուցե պատճառն էն ա, որ նրա յուրաքանչյուր քննադատությունն ապացուցելի ա։ Ամեն անգամ, երբ մատնացույց ա անում սխալս, հաջորդ իսկ վայրկյանին ինքս էլ եմ նկատում այն։ Միգուցե խաղիս յուրաքանչյուր թերությունը բացահայտելով նա ավելի ա հիմնավորում էն դատավճիռը, որը վաղուց կախված ա գլխավերևումս։

Հանդերձարանից դուրս եմ գալիս։ 

Ակադեմիայի միջանցքի մի ծայրում մարզիկների հանդերձարաններն են, իսկ դեպի ելք՝ մարզիչներինը։ Ելքի ձախ կողմից մի ուրիշ դուռ տանում ա դեպի ավելի մեկուսի հատված, ուր մարզիչների ու տնօրենի գրասենյակներն են։ Իսկ ելքից աջ՝ սպասասրահն ա, որտեղ Ակադեմիայի անդամները հիմնականում ուժասպառ փռվում են մարզումների արանքում, կամ անջատում են միտքը՝ հեռախոսների մեջ գամված։

Միջանցքի պատի ամբողջ երկայնքով փակցված են մեծ թենիսիստների պաստառներ ու մոտիվացնող խոսքեր։ Ինչքան էլ մաքրողները լվանան ու օդափոխեն, միջանցքի օդում միշտ պտտվում ա սպորտային ժապավենի ու քրտինքի թույլ հոտը։ 

Քանի որ ճաշի ժամ ա, Ակադեմիայի ճաշարանն ու բացօթյա տաղավարը լցված են աղմուկով, խոսակցություններով ու տաք ուտելիքի հոտով։ Ես ճաշի ընդմիջումն օգտագործում եմ գերարագ ցնցուղ ընդունելու ու դպրոց հասնելու համար։ 

Մինչ Ակադեմիայի ժողովուրդը նստած ճաշում ու վերականգնվում ա առավոտվա մարզումներից հետո, ես նետի պես սլանում եմ միջանցքով, որ չուշանամ ավտոբուսից։ Ի տարբերություն մյուս մարզիկների ես տնային ուսուցման կամ մասնավոր դասերի հնարավորություն չունեմ։ Դպրոցի իմ հերթափոխը սկսվում ա ուղիղ ժամը 12։30-ին։ 

Կողպվող պահարանի դռան անսպասելի շրխկոցը կանգնեցնում ա ինձ։ 

Պահարանները մարզիչներինն են՝ ամրացված միջանցքի պատին՝ նրանց հանդերձարանին կից։ Քանի որ միջանցքի պատի մյուս կեսը պատուհաններ չունի, այն հիմնականում մնում ա ստվերի մեջ։ Միջանցքի մութ կողմից ինչ-որ մեկը շտապելով մոտենում ա ինձ։ Ես լսում եմ ոտնաձայները, բայց չեմ տեսնում նրան։ Շուտով նրա ողջ մարմինը հայտնվում ա լույսի մեջ։ 

Արամը։  

Արամի քայլերն այնքան արագ են, որ չեմ հասցնում երկու անգամ թարթել ու նա հայտնվում ա ինձանից քառասուն սանտիմետրի վրա։ Երկու քայլ հետ եմ գնում, նա երկու քայլ առաջ ա գալիս։ Առաջարկում ա մատուցումս ուղղելու համար առանձին պարապել երեկոյան։ Այս առաջարկն ինձ ամաչեցնում ա՝ նախ որովհետև գիտակցում եմ, որ Արամն ու Էվելինը լսում են Ակսելի բոլոր նկատողությունները։ 

Շփոթությունից չգիտեմ ինչ ասել ու պարզապես նայում եմ, թե ոնց ա արևի ուղիղ լույսը նրա կարճ մազերին ոսկե փայլ տվել։

— Ապրիլ ի՞նչ եղավ, լեզուդ կուլ գնա՞ց,— կատակում ա Արամը։

— Շնորհակալ եմ Արամ, բայց կարիք չկա,—պատասխանում եմ հազիվ լսելի ձայնով։ 

Արամը նայում ա ձեռքերիս։ 

— Եթե մատուցման ժամանակ ձեռքերդ նույնքան լարված են, զարմանալի չի, ինչի ա Ակսելը դժգոհ։

«Ակսելը դժգոհ ա»։ Այս արտահայտությունը խայթում ա ինձ ու ես ինձանից անկախ ծռմռում եմ քիթս։ 

Արամը բռնում ա դաստակիցս ու ուղիղ աչքերիս մեջ նայելով ցածրաձայն ինչ-որ բան բացատրում։ Մարմինս քարանում ա։ Նրա ձայնը ականջներիս չի հասնում։ Եթե Արամը կես քայլ էլ անի նրա շուրթերը դիպչելու են իմ շուրթերին։ 

Դաստակս փախցնում եմ նրա ձեռքից ու երկու քայլ հետ գնում։  

— Ես ինքս գլուխ կհանեմ։ Շնորհակալ եմ,— դուրս ա թռնում բերանիցս այնպիսի անճարակությամբ, ասես կյանքում առաջին անգամ խոսեմ։ 

Արամը մեկ ու կես քայլ առաջ ա գալիս՝

— Վստա՞հ ես, որ գլուխ կհանես։

Նրա աչքերի մեջ նշմարում եմ նույն հեգնանքն ինչ Ակսելի։ Թուքս կուլ եմ տալիս, դանդաղորեն հասկանալով իրողությունը։

Արամը փակել ա ճանապարհս, ու ես չեմ կարողանում շնչել։ Գլխումս ակնթարթորեն ձևավորվում ա գործողությունների հաջորդականությունը՝ հետևի ոտքիս վրա պտտվեմ այնքան, որ ծունկս արագ և ուժեղ բարձրացնեմ վերև ու հարվածեմ նրա աճուկին։ Արամը վայր կընկնի, ես կհասցնեմ դուրս վազել մինչև նա անգամ վեր կկանա։

Comments