1. ԹԵՆԻՍԻ ԱԿԱԴԵՄԻԱ Կողմերի Տեղափոխություն

Chapter 6

Entrecôte

ԱԿՍԵԼ

Ապրիլ, Կարինե, Դանիել, Արաստ՝ իմ մարզիկները։ 

Դանիելն ու Արաստը զույգ եղբայրներ՝ Օրիոն բանկի հիմնադիր-տնօրենի տղաները; Կարինեն՝ Երևանում ամենամեծ շինարարական ընկերության՝ Կամուրջի տնօրենի աղջիկը, ու Ապրիլը` կրթաթոշակով մարզիկ։  

Քանի որ օրվա վերջին պարապմունքն այսօր նրանց մոտ խմբային ա, ես լիովին ազատ եմ տնօրինել երեկոն, որն ինձ համար արդեն կազմակերպված ա՝ ընտանեկան ընթրիք։  

Մտնում եմ Երևանի իմ բնակարանը, որը հինգ անգամ փոքր ա Լոնդոնի բնակարանից, ինչը նշանակում ա ավելի քիչ չօգտագործված սենյակներ։ Բնակարանը գնվեց ընդամենը երկու շաբաթ առաջ, հորս միջնորդությամբ՝ իմ նույն աշակերտ Կարինեի հոր ընկերությունից, Օրիոն բանկն էլ կատարեց գույքային գործարքները։ Ի՜նչ հարմարություն։ 

Իմ ողջ կյանքում, որ կողմ գլուխս թեքել եմ տեսել եմ դեմքեր, որոնք անտեսանելի ցանցով կապված են եղել իրար։ Յուրաքանչյուր երես, յուրաքանչյուր անուն կարճ կամ երկար, ուղիղ կամ բազմահանգույց թելով վերջում միշտ կապվում էր հորս։ Ուր էլ շրջվեի, զգում էի նրա ներկայությունը, որքան էլ հեռանայի՝ մագնիսի պես հետ էի ձգվում դեպի նա։ Դպրոցի իմ ընկերները հորս գործընկերների տղաներն էին, իմ առաջին ընկերուհին՝ հորս ընկերության ավագ բաժնետիրոջ աղջիկը։ Իմ բոլոր ուսուցիչները, մարզիչները, այս կամ այն ձևով տեղավորվում էին նույն ցանցի մեջ, մինչև Դվոժակի թիմը կապնվեց ինձ հետ… 

Տաք ցնցուղը թուլացնում ա մկաններս, թեպետ մտքերս դեռ կառչում են այրող հիշողություններից։ Մտքի այս տրամաշրջումն ինձ մոտ դարձել ա արարողության պես մի բան՝ ընտանեկան հազվադեպ ընթրիքներից առաջ։ Երկու բան որից խուսափել չեմ կարող՝ հիշողություններն ու ընտանեկան ընթրիքները։ Ընթրիքները, սակայն, մինչ օրս անհաճախ էին՝ ամբողջ ընտանիքի նույն քաղաքում հայտնվելը սակավ էր պատահում։ Բայց հիմա, երբ ես ու քույրս բնակվելու ենք եկել նույն քաղաք՝ քույրս արդեն երեք ամիս, վախենում եմ, որ ընթրիքները կբազմանան։ 

Սպիտակ վերնաշապիկ, մուգ կապույտ կոստյում։ Առանց փողկապի։ Ճարմանդներ, ժամացույց, շագանակագույն Օքսֆորդ կոշիկներ։ Պատրաստ եմ մտնել վիշապների գուբը։ 

***

Սեղանի գլխին նստած ա հայրս։ Նրա աջ կողմից՝ Անահիտն ու Հովհաննեսը։ Անահիտի դիմաց մայրս ա, իսկ մորս կողքը՝ ես։ Անահիտի դարչնագույն մազափունջը շրջանակել ա նրա փոքր ինչ ներս քաշված այտը, նրա դեմքը նիհարել ու երկարավուն տեսք ա ընդունել։

Նախուտեստի ու ապուրի շուրջ ընթացան բարեհամբույր խոսակցություններ. մորս Իտալիա վերջին ճամփորդության, Հովհաննեսի դպրոցի, Անահիտի նոր հոբիի, հորս ընկերության մեծ հաղթած գործի, ինչպես նաև Հայաստանի առաջին թենիսի ակադեմիայի առնչությամբ։

— Հստակեցնենք, Ակսել, ի՞նչ ա քո ծրագիրը հայկական այդ մրցաշարից հետո,— հորս հարցը ինձ հետ ա շպրտում նախորդ տարիներ. դեպի այն նույն խոսակցությունը, որը ես միշտ փորձել եմ շրջանցել։ 

Հայրս երբեք ուրախ չէր թենիսով զբաղվելու իմ որոշմամբ՝ դեռ դպրոցից նա ինձ տանում էր իր ընկերության ժողովներին, ու քիչ-քիչ ինձանից կերտում էր իր իրավաբանական ընկերության գործընկերոջը։ Իսկ արդեն ավագ դպրոցի վերջին տարիներին, համալսարանի ընտրության շրջանում, մրցաշարերին պատրաստվելու օգտին իրավաբանական կրթությունից հրաժարվելու իմ որոշումը հայրս մեկնաբանեց իբրև հարված մեջքից։ «Ի՞նչ ա քո ծրագիրը», նա հարցնում ա հիմա, վստահ, որ մարզչական գործը պարզապես ինչ-որ անցողիկ շրջան ա, կարծես իմ կյանքը սևագիր գլուխների մի շարք ա, որը նա կարող ա վերաշարադրել, վերջապես շտկել՝ տանելով իր նախահոգածությամբ։ 

— Քանի որ Ազգայինում իմ աշակերտը կհաղթի, ուրեմն իմ ծրագիրը նրա հետ Անգլիա մեկնելը կլինի,— պատասխանում եմ մեր ընտանիքին հատուկ հանդարտությամբ։

Հորս մի ունքը վեր ա ցցվում՝ 

— Անգլիա՝ մարզչի կարգավիճակո՞ւմ,— սկսում ա հայրս, ու նույն պահին Անահիտի սպասավորները մտնում են ճաշասենյակ։ Մատուցում են entrecôte՝ խորոված ծնեբեկով ու խոտաբույսերով կարագով։  

Հայրս, սակայն չի նահանջում. 

— Հստակեցնենք ուրեմն, Անգլիայում մարզիչ լինելը կյանքի քո մեծագույն նպատա՞կը դարձավ։

— Իմ մեծագույն նպատակը անդառնալիորեն անհասանելի ա,— շարունակում եմ նույն խաղաղությամբ։ 

Սենյակն արդեն լցվեց մսի բույրով ու համեմված այս միջավայրում ինչ-որ շիկացած մթնոլորտ ստեղծվեց։ Սպասավորները սենյակից դուրս եկան։ 

Մայրս մաքրում ա կոկորդը, որը մեղմ ու ստուգված նշան ա, որ հայրս հանդարտի։

Նախ հայրս, և արդեն նրանից հետո բոլորս, պատառաքաղը խրում ենք սթեյքի մեջ ու համտեսում առաջին կտորը։ Հորս մեծ ու ոլորուն բեղը մի փոքր ներկվում ա մսի արյամբ։ Կտորե անձեռոցիկով երկու հստակ շարժմամբ բերանը մաքրելուց անմիջապես հետո հայրս իմիջիայլոց արտաբերում ա.

— Սեպտեմբերին Թոնի Բրաունը այցելելու ա մեր գրասենյակ։ Լավ կլինի Լոնդոնում լինես և քեզ ծանոթացնեմ։ 

Թոնի Բրաունը լիապես համապատասխանում ա Batrikian & Partners ընկերության կատարյալ հաճախորդի բնութագրին՝ միլիարդատեր՝ մի շարք գալիք բազմամիլիոնանոց բարդ դատավարություններով։ Բրաունի պորտֆոլիոն ներառում ա ընկերություններ անշարժ գույքի, էներգիայի ու տեխնոլոգիաների ոլորտում։ Նա վերջերս հայտնվել ա մի շարք բարձր մակարդակի իրավական վեճերի մեջ՝ կորպորատիվ միավորումների, արտոնագրերի խախտման և բնապահպանական կանոնակարգերի հետ կապված:

Բրաունը հիմա բնակվում ա ԱՄՆ-ում։ Հավանաբար սեպտեմբերին Լոնդոնում կայցելի մի քանի ամենահեղինակավոր իրավաբանական ընկերությունները, որ որոշի, թե դրանցից որ մեկն իրեն կներկայացնի դատավարություններում։ Եթե նա ընտրի հորս ընկերությունը ապա դրանով կամրապնդի ընկերության հեղինակությունը բարձր մակարդակի կորպորատիվ դատական գործերում ու դռներ կբացի նույնքան և ավելի հեղինակավոր հաճախորդների առաջ:

Բրաունի հետ ինձ ծանոթացնելու հորս մտահղացման դրդապատճառն ինձ համար բյուրեղյա պարզություն ունի։ Այն միտված ա իմ մտածողության մեջ բարձրակարգ հաճախորդների կարևորությունը արմատավորելուն։ Ինչու ոչ՝ ուսուցանելուն հզոր, ազդեցիկ մարդկանց կառավարելու արժեքը: Հերթական քայլը՝ ինձ դեպի կորպորատիվ իրավունքի աշխարհ մղելու և ապահովելու, որ ընտանեկան ընկերությունը մնա անխախտ և վերահսկի հարուստ էլիտայի իրավական գործերը:

— Սեպտեմբերը դեռ հեռու ա, հայրիկ, կտեսնենք,— միակ բանը, որ կարողանում եմ արտաբերել առանց թշնամական երանգի։ 

— Հաշվի առնելով հանդիպման կարևորությունը՝ բաց թողնելը խելամիտ չի լինի, տղաս,— հայրս հակադարձում ա ընդգծված կոշտությամբ։

Սա թարգմանաբար նշանակում ա՝ ավելի լավ ա այսօրվանից հաշվի նստես այն մտքի հետ, որ ներկա ես լինելու հանդիպմանը։ 

Հաջորդեց ծանր լռություն։ Օդը լցվեց դանակ-պատառաքաղի սուր կտկտոցով, մոռացված ճշմարտություններով, չասված վրդովմունքներով։ 

Մայրս ու քույրս փոխանակում են մի քանի արագ հայացք ու մայրս շփոթված ժպիտով հայտարարում ա.

— Միքայելը փաստաթղթերը հանձնել ա Ալբերտի փաստաբանին ու գործն արդեն ընթացքի մեջ ա։

Օրվա երկրորդ հիասթափությունը կանգնեց կոկորդումս։ Հազում եմ։ Գինու երկու մեծ կում ու կերակրափողս ազատվում ա մսի չծամված կտորից։ Նորից սկսում եմ շնչել։ Հարյուր հիսուն փաունդ արժողությամբ գինին վերջապես ծառայեց բարի գործի։ 

Նայում եմ քրոջս՝ Անահիտը անվրդով ա, ասես ինքը «Անահիտը» չի, «Միքայելը»՝ իր մանրախնդիր փաստաբանը, իսկ «Ալբերտը»՝ ամուսինը։

Նայում եմ հորս, փորձելով շորթել անհամաձայնության նրբագույն մի նշան։ Բայց նրա անտարբեր դեմքը հայտնում ա, որ տեղեկությունը նրա համար հնացած ա։ 

Հովհաննեսը սթեյքի մի մեծ կտոր բրդում ա բերանը ու մսի հյութը ծորում ա նրա շուրթի անկյունով։ Հայացքով ցույց եմ տալիս երեխային, քույրս գլուխը տարուբերում ա։ Հովհաննեսը տեղյակ չի ամուսնալուծության նորությունից։ 

Ըստ Անահիտի՝ բաժանության պատճառը Ալբերտի անկայուն վարքն ա։

Ես չեմ հավատում դրան։ Իմ կարծիքով՝ ամուսնալուծությունը սկսվեց էն օրվանից, երբ Նաջարյանները սնանկացան։

Արդեն վեց ամիս Անահիտը առաջ ա բերում ամուսնալուծության հարցը, իսկ մայրս փորձում ա մեղմել նրա բուռն էմոցիաները։ Բայց «Ալբերտը դարձել ա անկառավարելի ու վտանգավոր», ու Անահիտը այլևս չի ցանկանում հանդուրժել նրա փոփոխական տրամադրությունները։ Անահիտի պատճառաբանությունների մեջ ինչ-որ բան համոզիչ չի, բայց դրա մասին խորը մտածելու ժամանակ մինչև հիմա չեմ ունեցել, քանի որ այս ամբողջ պատմությունը սկսվեց, երբ ինքս խրթին իրավիճակում էի՝ մի ոտքով միշտ հիվանդանոցում։

— Չե՞ս շտապում,— զգուշորեն փորձում եմ քրոջս։

— Ակսել, արդեն կես տարի ուշացրել եմ,— համառում ա Անահիտը։ 

— Հայաստանո՞ւմ ա,— հարցնում եմ։

— Դեռ Քեմբրիջում ա։ Երկու շաբաթից պիտի ժամանի,— հայտնում ա քույրս։

— Երկու շաբաթից պապան գալու ա,— հանկարծ ակտիվանում ա Հովհաննեսը ուրախ աչքերով։ 

Սիրտս ճմլվում ա։ Հովհաննեսը հոր հետ շատ մոտ ա։ Նրանց այդ առողջ կապը ինձ միշտ ինչ-որ կերպ սփոփել ա։
Նաջարիանների միակ զավակը՝ Ալբերտն ինքը մեծացել ա հոգատար ու իր կյանքում միշտ ներկա հոր հետ, ու նա այդ օրինակը հեշտորեն մարմնավորեց իբրև ծնող։

Նրա հայրը մահացավ իրենց իրավաբանական ընկերության սնանկացումից ընդամենը չորս ամիս առաջ։
Այդ կորուստը, իսկ հետո էլ սնանկությունը, ծանր նստեցին նրա վրա։ Վարկատուների, գործընկերների ու սնանկացած ընկերության հաշիվները մանրամասն զննող աուդիտորների հետ հանդիպումների արանքում Ալբերտը ներսում բարձրացող զգացմունքների ալիքը խլացնում էր իրեն հայտնի միակ ձևով՝ խմելով։

Բայց մեր վերջին հանդիպումների ժամանակ Ալբերտը հեռու էր Անահիտի նկարած անկայուն ու վտանգավոր պատկերից, ինչն էլ սրտումս կասկած ա հարուցում Անահիտի շարժառիթների ազնվության վերաբերյալ։

Comments