Chapter 5
Խորոված թառափ
ԱՊՐԻԼ
Շարժվում եմ դեպի նստարանը ու ոտքերս թուլանալով ինձ գցում են փայտի վրա։ Կոկորդումս զգուշորեն խեղդում եմ խռովությունների փքվող կծիկը, երբ հանկարծ զգում եմ, որ կողքի կորտում լռություն ա։ Գլուխս բարձրացնում եմ, աղաչելով, որ չհանդիպեմ Էվելինի հայացքին։ Կանաչ ցանցից այն կողմ Արամը ինձ ժպտում ա՝ ձեռքում թափահարելով ռակետը։
Արագ քայլում եմ դեպի երկրորդ կորտի մուտքն ու Արամը ռակետը գցում ա ձեռքիս մեջ։ Կոկորդս դեռ սեղմված, անկարող որևէ ձայն հնչեցնել, գլխով նրան շնորհակալություն եմ հայտնում։ Փորձում եմ չնայել ցանցից այն կողմ` Էվելինի կողմ ու արագ շրջվում եմ։
Մտնում եմ առաջին կորտ, նկատելով, որ Ակսելը աչքերն ա ֆռացնում։ Բայց այդ հայացքն ինձ կպնում ու ընկնում ա ավազին՝ նրա կողքով սլանում եմ կորտի մյուս կողմը, թույլ չտալով, որ նրա դժգոհությունն ինձ թևաթափ անի։ Չեմ կարող թույլ տալ, որ առաջին մարզումս սենց ավարտվի։
Դժոխային պարապմունքը շարունակվում ա։ Ես ունեմ մեկ ժամ ու երեսունհինգ րոպե Ակսելին ապացուցելու, որ Ազգային առաջնության գավաթն ինձ համար անհասանելի չի։
***
Տան դուռը բացում եմ հնարավորինս անձայն։ Խոհանոցից խորոված ձկան հոտ ա գալիս։ Խորոված թառա՞փ։ Թոքերս լցվում են ուրախության հոտով, որը սովորաբար տարին միայն մեկ անգամ եմ առնում. թառափը թանկ ա, ու ծնողներս ինձ համար թառափ են խորովում իմ ծննդյան օրը միայն։
Մկաններիս մղկտոցով ու հոգեպես մաշված, խույս տալու փոխարեն մտնում եմ խոհանոց, որտեղ ճոխ ընթրիքի սեղան են բացում մաման ու պապան։ Նրանց գոհ հայացքներն ուղղվում են ինձ՝ ոգևորված սպասելով իմ արձագանքին։ Թեպետ ափերով դեմքս փակելու ու լիաթոք լաց լինելու հնարավորության համար կհրաժարվեի անգամ խորոված թառափից, օրվա վերջին ուժերս հավաքելով սկսում եմ ժպտալ նրանց։
—
Ծանր մարզումից հետո տաք ու հյութեղ ձուկը դարմանեց ոչ միայն մարմինս այլև հոգիս։ Ձկան խավարտը խորոված կարտոֆիլ էր ու կաղամբով աղցան։ Այս սեղանը սակայն ինձ կռահել տվեց, որ ես ու ծնողներս իրարից առանձին նույն հույսն ենք ունեցել մեր ներսում՝ թե Ակսելն իմ կյանք մուտք ա գործում իբրև հաջողության հմայիլ։ Այս միտքը խորը տխրությամբ նստեց ստամոքսիս մեջ, իմ սիրած ձկան կողքին։
Նրանք գոնե ամեն օր չեն տեսնում Ակադեմիայի շվայտ ժողովրդին, նրանք գոնե կարող էին ինչ-որ տեղ հավատալ, որ շքեղության ու զեխության աշխարհից կարող էր դուրս գալ մարդասեր մի մարդ։ Իսկ ե՞ս։ Ինչքան հիմար պիտի լինեի, որ ամեն օր բախվելով ամբողջ Ակադեմիայի բազմադեմ հեգնանքին, դեռ ակնկալեի, թե Ակսելն ուրիշ էր լինելու։ Ու հիմա ստիպված էի ամեն տեսակ ստեղծարար միջոցներով խուսափել իմ կողմ նետվող այս ու այն հարցից, որոնք բոլորը «նոր մարզչի» մասին էին։
Դեպի ընթրիքի ավարտ մաման ու պապան ավելի լռակյաց էին, հավանաբար իմ խուսափական պատասխաններից կռահելով, որ մարզման առաջին օրն ինձ տոնելու առիթ չի տվել։ Նրանց զույգ աչքերը պարբերաբար սահում էին իմ վրայով ու հետո լուռ ինչ-որ երկխոսություն ունենում։ Պապան ժամանակ առ ժամանակ լիմոնադ էր ավելացնում։ Մի կտորը դեռ չավարտած մաման արդեն ձկան մյուս կտորն էր դնում ափսեիս մեջ։ Դա ինձ օգնում էր բերանս միշտ լիքը ու փակ պահել։
Երկուշաբթի պապայի հանգստյան միակ օրն ա։ Շաբաթվա մյուս օրերին նա մինչև ուշ գիշեր աշխատում ա ռեստորանում, ու երկուշաբթին արդեն վաղուց իմ ամենասիրած օրն ա դարձել, քանի որ երեքով ընթրիքի նստելը մեր ընտանիքում հնարավոր ա միայն երկուշաբթի։ Բայց այսօր…, այսօր լավ կլիներ երկուշաբթի չլիներ։ Այսօր լավ կլիներ ամոթով նստած լինել նրանցից գոնե մեկի կողքը միայն։
Հավելյալ զրույցից փախնելով՝ անմիջապես ընթրիքից հետո մտնում եմ իմ սենյակ ու սկսում զբաղվել տնայիններով։
Ծնողներս միշտ հաջողել են ստեղծել վստահության ու սիրո այնպիսի մթնոլորտ, որ նրանցից մինչ օրս գաղտնիք պահելու անհրաժեշտություն չեմ զգացել։ Արտաքին աշխարհի հրմշտոցներից ինձ պաշտպանող միակ տեղը դեռ մանկությունից իմ ընտանիքն էր։ Մենք երեքս իրար նեցուկ ենք ու այս պատերի ներսում ինձ սովորեցրել են, որ ես, նույնչափ արժանի եմ ավելի լավ կյանքի, որչափ ցանկապատ ապարանքների մեջ ապրողները, որ իմ առաջ հնարավորի ու անհնարի սահմանը գծում եմ ես ինքս։
Բայց այդուհանդերձ չգիտեմ ոնց նրանց հայտնել, որ իմ նոր մարզիչն ինձանից բառի ուղիղ իմաստով հակակրանք ա ապրում։ Ինչպե՞ս նկարագրել, որ Ակսելն ինձ դիմավորեց թերահավատորեն, իսկ ճանապարհեց՝ համոզված, որ ես ոչինչ եմ։
Ուղղակի ապավինելով նրանց հասկացողությանը, հուսով եմ, որ «նոր մարզչի» թեման արդեն փակվեց ու փորձում եմ կենտրոնանալ տետրիս դատարկ վանդակների վրա, երբ հանկարծ վանդակների գծերը սկսում են լղոզվել, դրանց կապույտ ներկը ցրվել։
Տասնչորս ժամ կալանքի տակ պահվելով ու դեռ ազատ չարձակված՝ արցունքներս դանդաղ կաթում են էջի վրա։