Chapter 4
Կորտ առաջին
ԱՊՐԻԼ
Թևնոցով բացում եմ դարպասը։ Սիրտս կոկորդումս քայլում եմ ներս։ Շրջանցում եմ շենքն ու քայլում դեպի կորտերը, բայց ոտքերս դանդաղում են։
«Երկու հատ ձախ նոր աջ, Արե՛գ։ Այ սե՛նց»,— հեռվից հազիվ լսվող ձայնը լցվում ա ականջներս ու մարմինս սկսում ա արձակվել պինդ կապից՝ շունչ առ շունչ։ Անհնար ա չճանաչել նրա խռպոտ ձայնը։ Արդեն չորս տարի, ակադեմիայում, Սեդան ինձ վրա գոռում, ջղայնանում, ինձ հորդորում, հանձնարարում, ոգևորում, գովում, ուղղում ու ուղղորդում էր հենց այս կոպիտ ձայնով։
Դեռ երկու օր առաջ Սեդան այս նույն ժամին Արեգի փոխարեն ինձ հետ էր պարապում։ Բայց Ակսելի գալով Սեդային տվեցին 12-16 տարեկանների խումբը։ Ազգային մրցաշարին ընդառաջ Ակադեմիան հրավիրեց երկու նոր մարզիչ՝ Ակսելին ու Արամին, 16-18 տարեկաններիս բաժանեց երկու խմբի ու յուրաքանչյուրը հանձնեց մի մարզչի։ Արամն Ակադեմիա մտավ արդեն տարվա սկզբից, բայց Ակսելը դատական ինչ-որ պատճառներով ժամանեց ուշացմամբ։ Խոսում են, թե Ակսելը այնքան ա սիրում թենիսը, որ այն լրիվ թողնել չկարողացավ ու որոշեց զբաղվել մարզչական գործով։
16-18 տարեկանների խմբում մարզիկներս 10 հոգի ենք, վեցս՝ աղջիկ, և չորս տղա։ Կես տարին մեկ Ակադեմիան նոր հոսք ա բացում, տարիքային 4 խմբերի համար, յուրաքանչյուր խմբում ընդամենը 6-10 տեղ. այս տեղերը Հայաստանի լավագույն խաղացողների համար են. կրտսեր մարզիկներ ամենալուսավոր ապագայի խոստումով։
Մեկ շաբաթ առաջ Ակադեմիան ինձ իմեյլ ուղարկեց թարմացված մարզացուցակս.
7:00 - 9:00 — Անհատական մարզում (կորտ #1)
9:00 - 10:00 — Նախաճաշ
10:00 - 12:00 — Ֆիթնես / մարզասրահ / հոգեբանական վարժություններ
12:00 — Ճաշ
18:00 - 19:00 — Խորացված / խմբային մարզում (կորտ #1/#5)
19:00 - 19:30 — Վերականգնողական
Այս չորս տարվա մեջ ինձ երբեք չէր վիճակվել պարապել առաջին կորտում։ Ու թեպետ իմ ոչ պոպուլյար կարծիքով կորտի թվից խաղը չի փոխվում, այս լուռ տեղաշարժի մեջ չէի կարող չնկատել նոր մարզչի հետ եկած դիրքի բարձրացումը։
Շարունակում եմ ճանապարհս ավելի վստահ քայլերով՝ ուղիղ դեպի առաջին կորտ։ Երբ անցնում եմ շենքից տեսադաշտս ամբողջովին բացվում ա։ Նույն պահին գամվում եմ տեղումս։ Այնտեղ, կորտի մուտքի առաջ, ինձ թիկունքով կանգնած ա բարձրահասակ ու թիկնեղ մի երիտասարդ։ Նրա շորտերից բացվում են մկանոտ ազդրերը՝ ուրվագծված միայն հին հունական քանդակներին հատուկ նրբագեղությամբ։
Նա ամբողջությամբ սպիտակ հագուստով ա՝ գլխարկից մինչև բոթասները. ի՜նչ կոնտրաստ առավոտյան հրապարակած նկարներից։
Հավանաբար ներկայությունս զգալով, նա անսպասելիորեն թեքվում ա իմ կողմ ու սիրտս կրծքավանդակից ընկնում ա ստամոքսիս մեջ։ Թեպետ ոտքերս սոսնձվել են սալիկներին, իմ մեջ եղած ամբողջ ուժը գործադրում ու շարժվում եմ առաջ։ Մոտենում եմ նրան ու 2 մ հեռավորության վրա կանգնում։ Լաջվարդ. նրա աչքերը խոցող հայացքով սևեռված են վրաս, ու միակ միտքն այս պահին, որը դանդաղորեն ծամում եմ այն ա, որ առավոտ տարածված նկարների մեջ, սև ակնոցի տակից չէր երևում նրա աչքերի մուգ կապույտը։ Նա ձախ ունքը վեր ա քաշել, ատամները՝ սեղմել, ընդգծելով մկանոտ ծնոտը։ Գիտակցում եմ, որ մինչև հիմա չեմ ներկայացել, իսկ շուրթերս անկախ ինձանից արձակում են.
— Ակսե՜լ։
Շտապ ուղղում եմ ինքս ինձ.
— Ակսել Բատրիկեան, հաճելի ա Ձեզ հետ ծանոթանալ։ Ես Ապրիլն եմ,— լսում եմ սեփական դողոդոջուն ձայնս ու ուզում եմ թաքնվել կավավազի կարմիր շերտերի տակ։
— Ուրախ եմ, Ապրիլ,—առանց ուրախության նշույլի արտաբերում ա Ակսելը,— սկսենք պարապմունքը։
Նա ձեռքը պարզում ա դեպի կորտը ու ես ներս եմ մտնում նրա կտրող հայացքի սառնությունը թիկունքիս զգալով։ Միայն նոր նկատում եմ, որ մեր կողքը՝ երկրորդ կորտում, տաքացման մարզանք են անում Արամն ու Էվելինը։ Պարանոցովս սառը դող ա անցնում։ Էվելինին Ակադեմիայում տարին երևի քսան անգամ եմ տեսնում ու ոչ ավել, քանի որ նա Հայաստան ա ժամանում միայն Ազգային մրցաշարին մասնակցելու համար, իսկ Ակադեմիայում մարզվում ա ընդամենը մոտ երեք շաբաթ։ Մեր հանդիպումները, որոնց մեծ մասում Էվելինը ինձ արհամարհում ա, սովորաբար տեղի են ունենում Ակադեմիայի հանդերձարանում, ճամփուղիների վրա կամ էլ մրցաշարի կորտում։
Եթե Էվելինը Հայասատանում ա մրցաշարից երեք ամիս առաջ, ուրեմն Արամը մարզչական հմտությամբ չի զիջում նրա օտարերկրացի մարզիչներին։
Ակսելը երկու կոն ա բերում ու տեղադրում կողքի գծի երկայնքով՝ իրարից 10 մետր հեռավորության վրա։ Ակսելից ձախ՝ 1 և Էվելինից աջ՝ 9 մ տարածության վրա կանգնած, դանդաղ կուլ եմ տալիս թուքս։ Ինձ զգում եմ թակարդված։
— Սկսենք տաքանալ։ Կսկսես կորտի մի կողմից մյուսը վազելով։
Նա շարունակում ա մանրամասնորեն բացատրել, թե ինչ ենք անելու առաջին 10 րոպեն։ Հետո հավելում.
— Պարզապես կակտիվացնենք ոտքերդ։ Ընթացքում կուղղորդեմ քեզ, ոտքերի արագ աշխատանքի վարժություններ կտամ։ Աշխատի ոտքերիդ վրա թեթև մնալ ու հավասարակշռությունդ կայուն պահի։
Ես գլխով եմ անում։
Դեռ երկրորդ րոպեն չանցած ինձ մոտ տպավորություն ա, որ մենք ֆիթնեսի պարապմունք ենք անում։
Նա պահանջում ա, որ ավելի արագ շարժվեմ, ավելի բարձր հարվածեմ ոտքերով, ավելի խորը նստեմ, իսկ ես փորձում եմ ամեն վարժություն հասցնել կատարելության՝ արագ սպառելով էներգիայիս մեծ մասը, փորձելով չմտածել գալիքի մասին։
Մինչ մենք ավարտում ենք այն, ինչ պետք ա լիներ «պարզապես ոտքերի ակտիվացում», ոտքերս արդեն այրվում են: Կարևորը նա դժգոհ չի, ճիշտ հակառակը՝ զվարթ հրահանգում ա.
— Լա՛վ, Ապրիլ։ Արի՛ տեսնենք աջից հարվածդ ո՞նց ա։ Կենտրոնացի ուղեկցման վրա. սահուն ու զգալով առաջ բաց։ Առանց շտապելու։ Պատրա՞ստ ես։
— Պատրա՛ստ եմ,— կորտը մաքրում եմ կոներից ու ձեռքս եմ առնում ռակետս։
Ակսելը մատուցման գոտում ա, գնդակների զամբյուղից մի քանի քայլ ձախ ու ձեռքով ցույց ա տալիս հետևի գիծը։ Քայլում եմ գծի մոտ, ու գիտակցում, որ տաքացումից հետո դեռ շունչս լրիվ չեմ վերականգնել։
Ակսելն ուշադիր նայում ա իմ կողմ ու նետում առաջին գնդակը։ Օդում թափահարում եմ ռակետն ու հարվածում։ Գնդակը լավ արագությամբ անցնում ա ցանցը։
Ուղիղ երեք վայրկյան լռություն։ Սովորաբար նման ուժով հարվածից հետո հաջորդում էր Սեդայի «շա՛տ լավ ա» բղավոցը։ Ակսելը գրպանից հանում ա երկրորդ գնդակը ու դիտողություն անում.
— Շատ շուտ ես բացում ուսերդ, ոտքերով կողք գնա, որ հարվածդ ճիշտ անկյան տակ լինի։ Դաստակդ էլ շատ ես լարում, հարվածի ժամանակ ազատ թող: Հիմա ուժի մասին չենք մտածում։
Սեղմում եմ շուրթերս, գլխով անում։ Տեղավորվում եմ։
Դեղին գնդակը սուրում ա դեպի ինձ։ Հարվածում եմ։ Այս անգամ գնդակը դուրս ա անցնում գծից։ Ակսելի դեմքը սրվում ա։
— Ապրի՛լ, վերահսկի հարվածդ։ Ուղղակի խփում ես։
— Լավ, կներես,— նորից տեղավորվում եմ դիրքում։
Երրորդ գնդակը կպնում ա ցանցին ու լուռ «չէ-չէ-չէ»-իս տակ տխուր ընկնում գետնին։
— Ասեցի շուտ չթեքվես,— նշում ա փխրուն հանդարտությամբ, բայց հետո.
— Նույնիսկ ոտքերդ ճիշտ չես դնում: Հարվածելուց առաջ պետք ա հավասարակշռված լինես,— նրա ձայնի մեջ զսպված զայրույթ ա մտնում։
— Չէի ուզում, կներես—
— Ներողություն մի խնդրի, ուղղի՛,— կտրում ա Ակսելը։
Դժգոհությունները չեն դադարում։ Ոտքերս ուղղում եմ՝ դաստակս ձիգ ա, դաստակս թուլացնում եմ՝ չափից ազատ ա, ռակետի անկյունն էլ՝ սխալ… Զգում եմ, որ արդեն իններորդ հարվածից հետո Ակսելի համբերությունը սպառվում ա։
Նա ինձ նայում ա ապուշ կտրած՝ ասես կասկածի, թե ես առաջին օրն եմ ձեռքս ռակետ վերցրել։ Նա պարբերաբար աջ ու ձախ ա նայում, երևի սպասելով, որ ինչ-որ մեկը պիտի հայտնվի ու ասի, որ սա կատակ էր։ Բոլոր մկաններս լարվել են՝ ծնոտից մինչև ոտնաթաթեր։
— Մկաններով չէ՛, Ապրիլ՝ ուղեղով։ Լարերի հետ շփումն ուշացնում ես, դաստակդ լարված ա։ Միանգամից ռակետդ կողք ես թեքում, իսկ պիտի առաջ ուղեկցելով կողք տանես։
— Կներես—
— Կներեսով ոչինչ չե՛ս ուղղի,— բղավում ա Ակսելը,— կենտրոնացի՛։
Դեպի ինձ հրթիռի պես թռչում ա հերթական գնդակն ու արդեն բոլոր հրահանգները մոռացած, ռակետս շարժում եմ պաշտպանական ինչ-որ հարվածով։ Հպման ժամանակ ճայթյունի ձայն եմ լսում։
Գնդակը հազիվ անցնում ա ցանցի վրայով ու թույլ ընկնում կորտի մյուս կողմում:
Շփոթված, ռակետս դանդաղ բարձրացնում եմ, որ զննեմ։ Լարերը կտրվել են։ Մեջտեղի հատվածում։
Աչքերիս չեմ հավատում։ Մարզման հենց առաջին օրը։
— Իհարկե։ Անիմաստ շատ ուժ, զրո կառավարում,— կորտի մյուս կողմից դժգոհում ա մռայլ ձայնը։
Ակսելը ձեռքերը խաչած ու աչքերը նեղացրած ուշադիր ինձ ա հետևում։ Իսկ ես սևեռված հետևում եմ նրան՝ փորձելով սառացնել ժամանակը, որ այս ահավոր պահը էլ ավելի չբարդանա։
Նա ջղային շարժումով ձեռքը պարզում ա դեպի պայուսակս.
— Ռակետը իրա ոտքով քեզ մոտ չի՛ գա։
Չեմ ուզում նրան հայտնել դրա մասին…, բայց իմ լռությունը նրան տեսանելիորեն զայրացնում ա։ Վստահ եմ, որ պատասխանս նրան ավելի ա բորբոքելու։ Չնայած ջանքերիս, ժամանակը չի սառում ու ես ստիպված եմ խոսել։
— Պայուսակիս մեջ երկրորդ ռակետ չկա,— գրեթե շշուկով հայտնում եմ վերջապես։
Ակսելն աչքերը չռում ա, իսկ նրա շուրթերը թեթև ձգվում են վերև՝ իմ պատասխանը նրա մոտ զզվանք առաջացրեց։
Հետո նրա բերանը բացվում ա, բայց հերթական կշտամբանքի փոխարեն բարձր հոգոց ա դուրս ելնում։ Աչքերը փակում ա, երկու մատով բռնում քթի միջնապատը ու գլուխը տարուբերում հուսալքության ծանր շարժմամբ։
— Ինչ ասեմ,— կտրող սառնությամբ լցնում ա կորտի օդը,— պարապմունքն ուրեմն համարենք ավարտված։
Շրջվում ու սկսում ա գնդակները հավաքել։