1. ԹԵՆԻՍԻ ԱԿԱԴԵՄԻԱ Կողմերի Տեղափոխություն

Chapter 3

Առաջին հիասթափություն

ԱԿՍԵԼ

Գնդակների զամբյուղը ձեռքս, քայլում եմ դեպի առաջին կորտը, որտեղ և հինգ րոպեից պիտի սկսվի իմ առաջին պարապմունքը։ Կորտի մուտքի մոտ կանգնած ա Արամը՝ ռակետը հենած երկու կորտերը բաժանող ցանցի ձողին ու պատրաստ զրույցի երկրորդ փուլին։  

Նրանից իմանում եմ, որ ինքն Ակադեմիայում ա արդեն հունվարից։ 

— Լսել էի՝ դատական գործերի մեջ էիր, լավ ավարտվե՞ց,— նույն անհոգությունը դեմքին հետաքրքրվում ա նա։

— Կարևորը՝ ավարտվեց,— պատասխանում եմ։

Վաղաժամ ավարտված կարիերան ծնել էր մի շարք դատավարություններ, որոնք պահանջում էին իմ ֆիզիկական ներկայությունը։ Արդյունքում, իմ ժամանումը Հայաստան հետաձգվեց մինչև ապրիլ։ Բայց դատական մանրամասները մնացին ամպերի մյուս կողմում, երբ ինքնաթիռն իջավ Երևան: Այդ մեռած հիշողությունները կենդանացնելու ցանկություն չունեմ ու կասկածում եմ, որ անգամ դրանց ծանոթ լինելով Արամը կիմանար, թե ինչ անել դրանց հետ։

— Իսկ ես լսել եմ, որ Ակադեմիայում մի խոստումնաշատ աղջիկ կա՝ Էվելինը,— փոխում եմ թեման։

— Օ՛հ, Էվելինը մեր սերնդի Շարապովան ա. գժական մատուցումներով, ահավոր սիրուն, ու մրցակցից միշտ հինգ քայլ առաջ,— Արամի առանց այդ էլ լայն ժպիտը հասավ ականջներին։ 

— Իսկապե՞ս։

— Պավել Զաքարիի թոռն ա,— ավելի կամաց ու դեպի ականջս թեքվելով շարունակում ա Արամը։ 

— Պավել Զաքարի՞,— կրկնում եմ անունը դանդաղորեն, ասես այն կախված լինի թելից, որը քաշում եմ հիշողության խորքերից:

Արամը անհամբեր բռնում ա թելը.

— Հա, ՌուսԳազի Պավելը: Այլանդակ հարուստ են,— մի փոքր դադարից հետո Արամը հավելում ա,— Լսել եմ Կոտայքի կեսը իրանցն ա։

Ես գլխով եմ անում։ Իհարկե Կոտայքի կեսը նրանց չի պատկանում, բայց չեմ ուզում հիասթափեցնել Արամին։ Պավել Զաքարիի ու նրա ունեցվածքի մասին լսել եմ հորիցս։ Բայց մինչև կհասցնեի որևէ բան արտաբերել Արամը արագ հայացք գցեց դեպի ակադեմիայի շենքն ու նրա ունքերը վեր թռան։ Հետ եմ նայում.

կորտին ա մոտենում շիկահեր մի աղջիկ՝ գլուխը բարձր, կարճ կիսաշրջազգեստով, թենիսի պայուսակը աջ ուսին։ Նրա հագին visor գլխարկ ա, որը թույլ ա տալիս նրա գլխի գագաթից հյուսած երկար մազափնջին բարձրանալ ու հեշտորեն ընկնել ձախ ուսին։ 

Արամն ականջիս շշնջում ա. «Սատանայի անունը տուր և նա կհայտնվի»։

Աղջիկը անվրդով հայացքով ձեռքը արագ մեկնում ա ինձ ու ներկայանում խրոխտ, բայց քաղցր ձայնով.

— Էվելին։

Աղջիկների կրտսեր կատեգորիայի լավագույն մարզիկը Հայաստանից։ 

Ըստ Գանթալյանի՝ նա տարվա մեծ մասը մարզվում ա Բարսելոնայում ու բոլոր մարզիչները մեծ ապագա են նախանշում նրա համար։ 

Ըստ հորս՝ Նարեկ Զաքարին՝ Էվելինի հայրը, ծնվել ու կրթություն ա ստացել Մոսկվայում։ Այսօր նա RusEnergy միջազգային կոնգլոմերատի գործադիր տնօրենն ա։

Բայց նրանց ընտանիք հարստությունը մտել ա Էվելինի պապիկի սերնդից. ՌուսԳազի միջազգային գործառնությունների գծով նախկին տնօրեն ու Մոսկվայի մարզի նախկին քաղաքապետ Յուրի Ժուկովի մոտ ընկեր Պավել Զաքարին, նախ և առաջ հայտնի ա իննսունականներին Արևմուտքի հետ գազային գործարքների կնքման մեջ իր կենտրոնական դերակատարմամբ։ 

Բայց կային շշուկներ, որ նա նաև ներգրավվել էր այդ շրջանի առավել ծածուկ գործարքներում, մասնավորապես՝ Սիբիրում գազի արդյունահանման հետ կապված: Իսկ ենթադրվում ա, որ այդ գործարքների համար նրա թիկունքին ա կանգնել Սեվեռնիյ մաֆիան։ 

Մաֆիայի հետ նրա կապերի մասին ենթադրությունները տեղ են գտել նույնիսկ նրա կեսնագրության մասին պատմող մի գրքի մեջ, որը Զաքարին խիստ միջոցներով հանել տվեց շրջանառությունից։

Այսօր Պավել Զաքարին յոթանասունչորս տարեկան ա, ու միանգամայն հպարտ իր թոռնուհով` նույն աղջիկը, որը հենց նոր մտավ կորտ ու ինձ ողջունեց մի մեծ փայլով իր սրճագույն աչքերի մեջ։

— Ուրախ եմ, Էվելին։ Ես Ակսելն եմ,— բռնում եմ նրա ձեռքը։

— Իհա՛րկե,— արագ դուրս թռավ Էվելինի ժպտացող բերանից, ասես մենք վաղուցվա ծանոթներ լինեինք։ Նույն պահին նրա այտերը շիկնեցին հիացմունքը թաքցնելու անհաջող փորձից, բայց նա իրեն չկորցրեց ու հայացքն արագ նետեց ինձանից ձախ՝ 

— Բարի լույս, Արամ,— Էվելինը վայրկենապես վերականգնեց դեմքի անվրդով արտահայտությունը ու քայլեց դեպի երկրորդ կորտը։ Արամը վերցրեց իր ռակետը, ունքերը ևս մեկ անգամ բարձացնելով վրաս հայացք նետեց ու հետևեց Էվելինին։ Սա ինձ համար միանշանակ պարզ դարձրեց, որ Էվելինի մարզիչը ես չեմ։ Արամը հավանաբար որսաց իմ շփոթմունքն ու շրջվեց՝

— Լսել եմ քո թիմում ինչ-որ հուզիչ պատմության ու կրթաթոշակի դեպք կա։ 

Արամին հաճույք պատճառեց ինձ հանելուկի մեջ թողնելը, ու նա ատամնաշարը մերկացրած մտավ կորտ։ Թիկունքիս վրա հայացք զգալով նույն պահին շրջվեցի դեմքով դեպի շենքը։ Հեռվում կանգնած ինձ էր ուսումնասիրում շագանակագույն մազերով, սլացիկ մի աղջիկ։ Հայացքիս հանդիպելով մարզիկը կարծես պոկվեց տեսիլների աշխարհից ու անհավասար քայլվածքով սկսեց մոտենալ։ 

Նրա քայլերին համաչափ շատանում են ինձ երևացող գույները. շապիկը բրածո ա երեք տարի առաջվա հավաքածուից՝ երբեմնի աշխույժ էլեկտրական կապույտը արևից տեղ-տեղ գունաթափվել ա, կտորը՝ լվացքից լոճվել։ Սպիտակ հովարավոր գլխարկը սպունգի պես իր մեջ ա քաշել արևի ճառագայթներն ու մի փոքր դեղնել։ Բոթասները մոխրագույն-կապույտ են, կամ կարելի ա ասել այդպիսին են եղել ժամանակին, մինչև ավազից կարմիր առնելը։ Չարչարված այս կոշիկների ներբանները կարծես ամեն վայրկյան կարող են մասմասվել։ Մինչև ծնկերն իջնող գունատ վարդագույն կիսաշրջազգեստը համեմատաբար ամենաթարմ հագուստն ա այս անսամբլում։ 

— Ակսե՛լ…, Ակսել Բատրիկեան, հաճելի ա Ձեզ հետ ծանոթանալ։ Ես Ապրիլն եմ։

Ժամանեց օրվա իմ առաջին հիասթափությունը։ 

Comments