Chapter 1
Ճեղք Ակադեմիայում
ԱՊՐԻԼ
«Զվարթնոցի փայլուն սալիկների վրա պտտվում են TUMI 19 Degree Worldwide Trip ճամպրուկի փոքրիկ սև ակերը 🏷️$1,295։
Հագուստը smart casual է, վերևից ներքև ամբողջությամբ սև գույնի.
կիսաթև պոլո շապիկը՝ Loro Piana 🏷️$1,050
շալվարը՝ Isaia 🏷️$1,350
բոթասները՝ NikeCourt Air Zoom Vapor Pro 2 🏷️$80
թենիսի պայուսակը՝ Hermès Canvas Black Chevrons 🏷️$4,200
ժամացույցը՝ Vacheron Constantin Fiftysix day-date 🏷️$33,400
արևային ակնոցը՝ Persol PO0714 🏷️$440։
Դուրս գալով օդանավակայանից, նա իր օգնականի հետ մոտենում է մոխրագույն (Nardo Grey) Audi RS 5 մեքենային 🏷️$100,000։
Օգնականը բացում է մեքենայի բեռնախցիկը, ճամպրուկը տեղավորում այնտեղ ու հանձնում մեքենայի բանալին։ Նա առանց շտապելու նստում է ղեկին։
ԱԿՍԵԼ ԲԱՏՐԻԿԵԱՆԸ ժամանեց Հայաստան։»
Հեռախոսս մի կողմ եմ դնում։ Ակսելի ժամանման լուրը արդեն տարածվել ա սոցցանցերում՝ Facebook, Instagram, TikTok… համացանցում պտտվում են նրա լուսանկարները, վիդեոները ու տարբեր նկարագրություններ. որոշները արդեն հաշվել են նրա հագուկապի արժեքը, մյուսները՝ գեղարվեստորեն նկարագրում են նրա արտաքինը՝ «սլացիկ, բարձրահասակ, թիկնեղ»։ Մի մասն էլ փորձում ա վերլուծել նրա տրամադրությունը. «քայլում է արագ, լայն ծնոտը՝ խիստ սեղմած, դեմքին ժպիտ չկա»։
Այս իրարանցումը պատահական չի.
Ակսել Բատրիկեանը միակ մարզիկն ա Հայաստանից, որ թենիսի մեջ միջազգային համբավ ունի։ Նա հորական կողմից Վարդ-Պատրիկյանների տոհմից ա. սրանք hարուստ ազնվականներ էին Կովկասի փոխարքայության մեջ։ Ակսելի հոր՝ Պարույր Բատրիկեանի ունեցվածքը Ֆորբսը գնահատում ա 1.2 միլիարդ դոլարի։
Ակսելը ծնվել ա Հայաստանում, բայց երկու տարեկանից տեղափոխվել Անգլիա։ Նրա ընտանիքի այցելությունները հայրենիք կտրուկ դադարել են նրա վեց տարեկանը լրանալուց հետո։ Այդ պահից սկսած նրա կյանքը ամառ-ձմեռ ընթացել ա Եվրոպայի լավագույն թենիսի ակադեմիաներում, հիմնականում՝ Լոնդոն-Փարիզ գծի վրա, ու արդեն տասնհինգ տարեկանից նա հաղթանակներ ա արձանագրել խոշորագույն պատանեկան մրցաշարերում։
Իսկ երբ քսանմեկ տարեկանում Ակսելը հասավ Wimbledon-ի քառորդ եզրափակիչ, աշխարհը նրան նկատեց։ Սա, իհարկե, նրա կարիերայի վերելքն էր, որից հետո Ակսելը հնարավորություն ստացավ համագործակցելու մարզչական նոր թիմի հետ, իսկ նրա սպորտային գործակալը դարձավ հայտնի Մատէյ Դվոժակը։
Ակսելը նոր թիմով, սկսել էր ջանադրաբար պատրաստվել US Open-ին, բայց մարզումների ժամանակ ծնկի միջային համակողմնային կապանի վնասվածք ստացավ։ Նրանք ստիպված դիմեցին վիրահատության, բայց վիրահատությունը ձախողված ելք ունեցավ, Ակսելին ընդմիշտ զրկելով պրոֆեսիոնալ սպորտի պատմության մեջ իր անունը թողնելու հնարավորությունից։
Թենիսը լքելու նրա պաշտոնական հայտարարությունը համացանցում տարածեցին Անգլիական բազում սպորտային լրատվամիջոցներ։ Նույն օրը հայկական լրատվամիջոցները ևս ողողվեցին նույն պատմությամբ։ Իսկ ես դրա մասին տեղեկացա կորտերում լաց լինող իմ տարեկից աղջիկներից։ Ասեցին, որ ես քարանձավաբնակ եմ, իսկ ես պարզապես առավոտները համացանց չեմ մտնում։
Բացառությամբ այսօր։
Այսօր բացառիկ օր ա։ Այսօր նոր մարզչիս հետ իմ առաջին մարզումն ա։
Տասներկու օր առաջ փոստի աշխատակիցը մեր տան դռան զանգը սեղմեց՝ կանաչ զարդանախշերով սպիտակ ծրարը ձեռքին. նամակը Թենիսի Ակադեմիայից էր։ Ներսում՝ մեկ էջ։ Այն շատ բան չէր ասում, միայն՝ որ ինձ նոր մարզիչ էին նշանակել. «նորընդունակ մասնագետ Ակսել Բատրիկեանը», ոնց գրված էր նամակի մեջ։
«Ակսել Բատրիկեանը»։
Ես նրա անունը կարդացի երկու անգամ։ Մեկ անգամ՝ որ ծանուցվեմ, երկրորդ անգամ՝ որ հավատամ։ Ակսելը մարզի՞չ։ Նույն Ակսելը, որի անունը տարիներ շարունակ հանդերձարանում լսում եմ աղջիկների բերանից դուրս ելնող շշնջոցով՝ ասես կախարդանք։ Նույն Ակսելը, որը անցյալ տարի անհետացավ խաղադաշտից ու թվում էր, թե մենք նրան ընդամենը երևակայել էինք։
Նամակը զգուշորեն դրեցի ծրարի մեջ ու անբացատրելի ուրախության մի ալիք ողողեց մարմինս։ Բայց նույն վայրկյանին ուսերս ձգվեցին ու վեր թռան։ Այդ օրվանից, լարվածությամբ ու կասկածամտորեն սկսեցի ուշադրություն դարձնել աղջիկների խոսակցություններին, փնտրելով վստահեցնող ինչ-որ բան։ Բայց համոզիչ ոչինչ չգտա։ Պարզապես քաղցրավենիքի պես շնորհավորանքներ էին բաժանվում այն մարզիկներին, որոնք, ինձ պես, նշանակվել էին նրա խմբում։ Ոչ մի խոսք նրա մարզչական պատրաստվածության մասին։ Միայն հոգեթրթիռ սպասում՝ թե նա շուտով այստեղ կլինի, մեզանում՝ Ակադեմիայում։
Թենիսի Ակադեմիան փակ ամրոց ա, որի դարպասները բացվում են Հայաստանի ամենահարուստ ընտանիքների ժառանգների առաջ միայն։
Դարպասներից դուրս կայանատեղին ա, ուր միշտ շարվում են թանկարժեք ու հիմնականում սև մեքենաներ։ Կայանատեղում, դարպասների ձախ թևին կից, 8 մ ձգվող, սպիտակ ծածկով մի տաղավար կա, որտեղ ակադեմիայի սաներին սպասելիս նստում են այդ նույն մեքենաներից անշտապ դուրս ելնող վարորդները։ Տաղավարի օդում մշտապես պտտվում են վերնախավի ամենաթարմ նորությունները։
Նեֆրիտի հարուստ կանաչ երանգ ունեցող դարպասը հյուրընկալ չի ցածր խավից դուրս եկած մեկի հանդեպ, որն անկարող ա շքեղ մեքենայով դրա հպարտ թևերին ողջույն տալ։ Ես Ակադեմիայում հայտնվեցի աննկատ ու անձայն, կարելի ա ասել՝ դրա դեղձագույն պատի ճեղքից։
Ես այնտեղ հայտնվեցի շնորհիվ մեկ ճակատագրական հաղթանակի՝ չորս տարի առաջ Արարատի մրցաշարում տասնչորս տարեկան Ապրիլը հաղթեց վարկանշային աղյուսակը գլխավորող տասնհինգ տարեկան Էվելինին։ Այս անհավանական հաղթանակը Հայաստանի միակ ու ամենաբաղձալի թենիսի ակադեմիայում ինձ համար չորս տարվա կրթաթոշակ վաստակեց. թենիսի վերնախավային աշխարհում ես ունեցա իմ աներևույթ տեղը։
Գրեթե չորս տարիների ընթացքում այստեղ ինձ ոչ ոք չտեսավ։ Մատների վրա կարելի ա հաշվել այն մարդկանց, որոնք ինձ հետ իսկապես խոսել են. մարզիչս՝ Սեդան, ֆիթնեսի մարզիչ Գուրգենը, մարզասրահի մարզիչ Անահիտը, ճաշարանի աշխատողներ Աշխենն ու Հովոն, և տնօրենը՝ միայն մեկ անգամ, ընդունելության օրը։
Իմ զբաղեցրած փխրուն այս տեղն ինձ տրվել էր սպառման ժամկետով, որը լրանում ա այս տարի հուլիսի 30-ին։ Բայց կա մի ուրիշ՝ ավելի կարևոր ժամկետ. կրթաթոշակիս ժամկետի լրանալուց ուղիղ երկու շաբաթ առաջ, անցկացվելու ա հանրապետության գլխավոր իրադարձությունը թենիսում՝ ամենամյա Ազգային առաջնությունը։ Այս տարի այն առանձնահատուկ ա լինելու. հաղթողին Թենիսի ֆեդերացիան կուղարկի Անգլիա՝ պատանիների մրցաշարի։ Մարզիկների համար սա միջազգային ասպարեզ դուրս գալու լավ հնարավորություն ա, բայց ինձ համար՝ թենիսը շարունակելու միակ միջոցը։ Թենիսում իմ ճակատագիրը կախված ա Ազգայինում իմ հաղթանակից. ընդամենը 3 ամսից ես կամ ձեռք կբերեմ դեպի Անգլիա ուղետոմս, կամ իմ առաջ ընդմիշտ կփակվեն այս և մյուս բոլոր ակադեմիաների դարպասները։
Այս տարի, միակ գաղափարը, որ ներսումս տագնապ էր առաջացնում ու պարբերաբար ինձ արթնացնում գիշերը ուղիղ երեքին՝ Ազգայինում պարտվելն էր։ Բայց ահա առաջին անգամ իմ ուղեղ սողոսկեց ամենատարօրինակ մի նոր գաղափար՝ Ակսել անունով, ու առավոտյան պատրաստվելու ամբողջ ընթացքում գալարվում ա մտքիս խորշերում։
Նրան հանդիպելու ոգևորությանը զուգահեռ, ստամոքսիս մեջ գնալով մեծանում ա վախը. թվում ա թե շուտով կուռեմ կդառնամ փքան ձուկ։ Առավոտյան նրա ժամանման շուրջ առաջացած աղմուկը նրան ինչ-որ աստղային մթնոլորտ հաղորդեց, որը առաջ ինձ չէր երևացել։ Պարզվում ա՝ բոլոր կորտերի բոլոր աղջիկները երազում են հանդիպել նրան։ Միայն հիմա են միտքս գալիս դրվագները, թե ոնց էին աղջիկներն իրար ուղարկում Ակսելի ֆոտոները միջազգային խաղերից, հրճվում նրա հմայիչ տեսքով, փսփսում ու ծիծաղում հանդերձարաններում։ Իսկ այսօր, այդ նույն խայտացող աղջիկները, նրա ժամանման լուրը տարածում են սոցցանցերում ու իմ մեջ գցում անհանգստության ցեցը։
Ինչևէ, պետք ա մոռանալ Ակսելի ազդեցիկ ֆոտոները, փայլուն, բայց ընդմիշտ կիսատ կարիերան, ու պատրաստվել Ակադեմիայում նրա հետ իմ առաջին մարզմանը։
Այս մարզումից շատ բան ա կախված։ Առաջին տպավորությունը կարևոր ա, որովհետև մարզիկ-մարզիչ տանդեմի ստեղծումն ընկած ա յուրաքանչյուր թենիսիստի առաջընթացի հիմքում։ Ես դեռ սովորելու շատ բան ունեմ ու առանց իրական առաջընթացի Ազգայինում իմ հաղթանակն անհնար կլինի։ Իսկ ո՞վ, եթե ոչ Ակսելը գիտի առաջընթացի ու հաղթանակների մասին։
Պայուսակս գցում եմ ուսիս, ուղղում եմ գլխարկս։ «Երազելիս լինել անկաշկանդ, գործելիս՝ անվախ»՝ մամայի խոսքերն ամուր պահում եմ մտքիս մեջ, ասես թալիսման։
Երեք ամսից տեղի կունենա իմ կյանքի գլխավոր մրցաշարը, ու այսօրվանից սկսվում ա հետհաշվարկը։
Առաջնությունում հաղթանակով վերջապես կապացուցեմ, որ Ակադեմիայում իմ տեղը թեպետ աննկատ, բայց արժանի ու վաստակված էր։ Ու թեև ընդունում եմ, որ անհավասարությունը մարդկային կացության հիմքում ընկած ա ընդմիշտ, իմ համոզմունքն անփոփոխ ա՝ հավասար հնարավորության արժանի են բոլորը։
Հիմա ես ունեմ մեր հասարակության ամենահարուստ ընտանիքների երեխաներին հավասար հնարավորություն՝ մարզվելու և ապացուցելու, որ արժանի եմ մեկնել Անգլիա։