Chapter 1
I
Այդ ժամանակ ընկերս՝ Շերլոկ Հոլմսը, տակավին չէր ապաքինվել հազար ութ հարյուր ութսունյոթ թվականին ստացած նյարդային գերհոգնածությունից։ Նիդերլանդա-Սումատրական ընկերության աղմուկ հանած պատմությունն ու բարոն Մոպերտիուսի վիթխարի խաբեությունը բավականաչափ թարմ է հասարակության հիշողության մեջ և չափազանց սերտորեն է կապված քաղաքականության ու ֆինանսների հետ, որպեսզի հնարավոր լինի պատմել այս նոթերում։ Սակայն դա անուղղակի պատճառ դարձավ մի արտակարգ և հանելուկային գործի, որը հնարավորություն տվեց ընկերոջս ցուցադրելու հանցագործության դեմ իր մղած մշտական պայքարի բազմաթիվ զենքերից մեկը ևս։
Ապրիլի տասնչորսին, ինչպես նշված է իմ գրառումներում, Լիոնից հեռագիր ստացա, որ Հոլմսը հիվանդ պառկած է «Դյուլոնժ» հյուրանոցում։ Մի օր չանցած արդեն այնտեղ էի՝ հյուրանոցի իր համարում, և թեթևացած համոզվեցի, որ սարսափելի ոչինչ չկա։ Սակայն երկու ամսից ավելի ձգձգված հետաքննությունը, որի ընթացքում Հոլմսն աշխատել էր օրական տասնհինգ ժամ, իսկ պատահել էր նաև՝ մի քանի օր անընդհատ, առանց հանգստանալու, քայքայել էր նրա երկաթյա օրգանիզմը։ Նյարդային ծայրահեղ լարվածությունից հետո փայլուն հաղթանակով պսակված աշխատանքը Հոլմսին չփրկեց ուժերի անկումից և այն ժամանակ, երբ նրա անունը թնդում էր ողջ Եվրոպայում, իսկ սենյակը բառացիորեն հեղեղված էր շնորհավորական հեռագրերով, նրան այնտեղ գտա դաժան մռայլության մեջ։ Նույնիսկ այն գիտակցությունը, որ ինքը հաջողության հասավ այնտեղ, ուր գլուխ չէին հանել երեք երկրների ոստիկանությունները, և մատների վրա խաղացրեց Եվրոպայի ամենաճարտար խաբեբային, չկարողացավ հաղթահարել Հոլմսին տիրող անտարբերությունը։
Երեք օր անց վերադարձանք Բեյքր-սթրիթ, բայց ընկերս ակնհայտորեն կարիք էր զգում իրադրության փոփոխության, ասենք, ինձ էլ էր գայթակղում այս գարնան օրերին մեկ-երկու շաբաթով գյուղ փախչելու միտքը։ Վաղեմի բարեկամս, գնդապետ Հեյթերը, որն Աֆղանստանում իմ մշտական խնամառուն էր, իսկ այժմ տուն էր վարձել Ռեյգեթ ոչ մեծ քաղաքի մոտերքում, Սուրեյ կոմսությունում, հաճախ էր ինձ հրավիրել հյուրընկալության։ Վերջին անգամ ասաց, որ ուրախ կլինի հյուրընկալել նաև ընկերոջս։ Խոսքս հեռվից սկսեցի, բայց երբ Հոլմսն իմացավ, որ մեզ հրավիրում են ամուրի կարգ ու կանոն վարողի տուն և իրեն ազատություն է տրվում, համաձայնեց ծրագրիս, և մեր՝ Լիոնից վերադառնալուց մեկ շաբաթ անց, գնդապետը մեզ ընդունեց իր տանը։ Հեյթերը շատ հաճելի մարդ էր, շրջագայել էր համարյա ողջ աշխարհում, և ինչպես սպասում էի, շուտով պարզվեց, որ նրա և Հոլմսի մոտ ընդհանուր շատ բաներ կան։
Մեր ժամանման օրը, երեկոյան ճաշից հետո, նստել էինք գնդապետի զինասենյակում․ Հոլմսը մեկնվել էր բազմոցին, իսկ ես ու Հեյթերը զննում էինք հրազենների ոչ մեծ հավաքածուն։
— Հա, ի դեպ, — ասաց մեր տանտերը, — ապահովության համար ատրճանակներից մեկը հետս վերև կտանեմ։
— Ապահովությա՞ն, — հարցրեց Հոլմսը։
— Վերջերս մեզ մոտ շրջապատը սարսափեցնող դեպք պատահեց։ Անցյալ երկուշաբթի կողոպտեցին այստեղի ամենահարուստ սկվայրներից մեկի՝ ծերուկ Էկտոնի տունը։ Քիչ վնաս են պատճառել, բայց մինչև այժմ գողերը ազատության մեջ են։
— Եվ ոչ մի հե՞տք, — հարցրեց Հոլմսը։
— Առայժմ՝ ոչ մի։ Բայց դա մանր գործ է։ Սովորական տեղական հանցագործություն, միստր Հոլմս, չափազանց աննշան, որպեսզի հետաքրքրի ձեզ մեծ աղմուկ հանած միջազգային այն գործից հետո։
Հոլմսը հաճոյախոսությանը պատասխանեց անտարբեր շարժումով, բայց ժպիտից երևում էր, որ շոյված է։
— Ուշագրավ ոչ մի բա՞ն։
— Իմ կարծիքով՝ ոչ մի բան։ Գողերը խուզարկել էին գրադարանը և իսկապես ավարը չարժեր նրանց կատարած աշխատանքին։ Սենյակում ամեն ինչ տակնուվրա էր արված․ սեղանի դարակները կոտրել էին, գրապահարանները խառնշտել և ընդամենը տարել էին Հոմերոսի մեկ հատոր թարգմանությունը, երկու ոսկեզօծ մոմակալ, փղոսկրյա ճնշածծանը, կաղնե փոքրիկ ծանրաչափը և մի կծիկ պարան։
— Ինչ զարմանալի հավաքածու, — բացականչեց նա։
Դե, գողերը, հավանաբար, հափշտակել են առաջին իսկ ձեռքի տակ ընկածը։
Հոլմսը «հըմ» արեց իր բազմոցից։
— Կոմսության ոստիկանությունը պետք է ինչ-որ հետևության գար, — ասաց նա։ — Չէ որ միանգամայն ակնառու է, որ…
Բայց ես նախազգուշաբար բարձրացրի մատս։
— Բարեկամս, դուք այստեղ եք եկել հանգստանալու։ Աստծո սիրուն, նոր առաջադրանք մի ստանձնեք, քանի ձեր նյարդերը չեն ամրացել։
Հոլմսը գնդապետին նայեց զավեշտական հնազանդությամբ և վեր քաշեց ուսերը, որից հետո զրույցն ընթացավ ավելի հանգիստ հունով։ Միայն թե ճակատագրին հաճո էր, որպեսզի ընկերոջս պահպանելու ողջ ջանքերն իզուր անցնեին, քանի որ հաջորդ առավոտյան այդ գործն այնպես ներխուժեց մեր կյանքը, որ հնարավոր չէր մի կողմ քաշվել և մեր գյուղ ժամանելը բոլորիս համար անսպասելի մի շրջադարձ եղավ։
Նստել էինք նախաճաշելու, երբ ծառայապետը մոռանալով քաղաքավարության կանոնները, սենյակ ներխուժեց և հևասպառ վրա տվեց։
— Նորություն լսե՞լ եք, սըր։ Կանինգեմներին պատահածը, սըր։
— Դարձյա՞լ գողություն, — բացականչեց գնդապետը, և սուրճի գավաթով նրա ձեռքը սառեց օդում։
— Սպանություն։
Գնդապետը սուլեց։
— Աստված իմ, — ասաց նա։ — Ո՞վ է սպանվածը։ Հաշտարար դատավո՞րը, թե՞ որդին։
— Ոչ նա, ոչ մյուսը, սըր։ Սպանված է կառապան Ուիլյամը։ Գնդակը կպել է ուղիղ սրտին։
— Ո՞վ է սպանել։
— Գողը, սըր։ Կառապանին սպանել է ու անհետացել։ Հասցրել է հասնել միայն պահասենյակի պատուհանին։ Այդտեղ Ուիլյամը նետվել է նրա վրա և փրկելով տիրոջ ունեցվածքը, կնքել իր մահկանացուն։
— Դա ե՞րբ է կատարվել։
— Երեկ, սըր, կեսգիշերին մոտ։
— Ա՜, այդ դեպքում այնտեղ կգնանք մի փոքր ուշ, — ասաց գնդապետը՝ անխռով ձեռնամուխ լինելով ընդհատված նախաճաշին։
— Կեղտոտ գործ է, — ավելացրեց նա, երբ ծառայապետը գնաց։ — Ծերուկ Կանինգեմը մեր շրջանի ամենաազդեցիկ սկվայրն է և հարգարժան մարդ։ Այս դեպքը կկոտրի նրան։ Ուիլյամը նրան ծառայում էր երկար տարիներ և լավ աշխատող էր։ Ակներև է, նույն սրիկաներն են, որ մտել էին Էկտոնի տուն։
— Եվ գողացել այն արտակարգ հետաքրքիր հավաքածո՞ւն։
— Այո։
— Հը՛մ։ Հնարավոր է պարզվի, որ այս գործը հոտած ձու էլ չարժե։ Այնուամենայնիվ, առաջին հայացքից մի քիչ տարօրինակ է, չէ՞։ Պետք էր սպասել, որ գավառում գործող ավազակախումբը պետք է փոխեր իր հարձակումների տեղը, ոչ թե մի քանի օրում երկու գողություն կատարեր իրար հարևան կալվածքներում։ Երեկ երեկոյան, երբ դուք խոսում էիք նախազգուշական միջոցների մասին, հիշում եմ, գլխումս մի միտք ծագեց, որ գողը կամ գողերը այս շրջանը ամենավերջում կընտրեին ողջ Անգլիայում, սրանից հետևում է, որ ես դեռ շատ բան պետք է սովորեմ։
— Կարծում եմ, նա տեղացիներից մեկը կլինի։ Հասկանալի է, որ նրան հրապուրել են հատկապես այս կալվածքները։ Այս շրջանում դրանք ամենախոշորներն են։
— Եվ ամենահարուստնե՞րը։
— Պետք է որ այդպես լինի։ Բայց Էկտոնն ու Կանինգեմներն արդեն մի քանի տարի է դատավեճ ունեն, որն, իմ կարծիքով, ծծել է երկուսի արյունը։ Ծերուկ Էկտոնն հայց է հարուցել Կանինգեմների ունեցվածքի կեսի համար, և փաստաբանները բավականին մեծ գումար են վաստակել այդ գործից։
— Եթե գողը տեղացի է, նրան որսալը մեծ ջանք չի պահանջի, — ասաց Հոլմսը հորանջելով։ — Մի անհանգստացեք, Ուոտսոն, ես չեմ պատրաստվում խառնվել։
— Տեսուչ Ֆորեսթերը, սըր, — ազդարարեց ծառայապետը՝ բացելով դուռը։
Սենյակ մտավ ոստիկանության խուզարկուն․ աշխույժ, առույգ, դեմքով արագաշարժ մի երիտասարդ։
— Բարի լույս, գնդապետ, — ասաց նա։ Հուսով եմ, չխանգարեցի, բայց մեզ հայտնի է դարձել, որ միստր Հոլմսը՝ Բեյքր-սթրիթից, այստեղ է գտնվում։
Գնդապետը ձեռքի շարժումով ցույց տվեց ընկերոջս, և տեսուչը գլուխ տվեց։
— Մենք մտածեցինք, որ հնարավոր է դուք ցանկանաք մասնակցել, միստր Հոլմս։
— Ճակատագիրը ձեր դեմ է, Ուոտսոն, — ծիծաղելով ասաց Հոլմսը։ — Մենք հենց այդ գործի մասին էինք զրուցում, երբ դուք եկաք, տեսուչ։ Գուցե մեզ մի քանի մանրամասների հե՞տ ծանոթացնեք։
Երբ նա աթոռին մեկնվեց ինձ ծանոթ դիրքով, հասկացա, որ իմ բոլոր հույսերն ի դերև ելան։
— Էկտոնի մոտ կատարված գողության գործում մեզ չհաջողվեց ոչ մի բանից կառչել։ Բայց այստեղ բավականին նյութ կա, որպեսզի սկսենք հետաքննությունը և, չենք կասկածում, որ երկու դեպքում էլ գործել է միևնույն անձը։ Գողին տեսել է…
— Ա՜…
— Այո, սըր։ Բայց երբ հնչել է դժբախտ Ուիլյամ Քերվանին սպանող կրակոցը, նա սուրացել է եղնիկից էլ արագ։ Միստր Կանինգեմը նրան տեսել է իր ննջասենյակի պատուհանից, իսկ Ալեք Կանինգեմը նրան տեսել է ետնամուտքի աստիճաններից։ Տագնապը բարձրացել է տասներկուսին քառորդ պակաս։ Միստր Կանինգեմը նոր էր պառկել քնելու, իսկ Ալեքը խալաթը հագին ծխամորճ էր ծխում։ Նրանք երկուսով լսել են, թե ինչպես է օգնություն կանչել կառապան Ուիլյամը, և միստր Ալեքը նետվել է ներքև տեսնելու, թե ինչ է պատահել։ Մուտքի դուռը բաց է եղել, և երբ նա աստիճաններով ներքև է սուրացել, տան առջև տեսել է իրար կառչած երկու մարդու։ Նրանցից մեկը կրակել է, մյուսը՝ ընկել, և մարդասպանը նետվել է ուղիղ այգի, ճարպկորեն սողոսկել է դալար ցանկապատից և անհետացել։ Միստր Կանինգեմը իր ննջասենյակի պատուհանից նկատել է, թե ինչպես է նա փողոց նետվել, բայց հենց այդ պահին էլ տեսադաշտից կորցրել է նրան։ Միստր Ալեքը մնացել է տեսնելու, թե հնարավոր չէ՞ արդյոք օգնել վիրավորին, և այդպիսով չարագործը հասցրել է թաքնվել։ Մեզ միայն հայտնի է, որ այդ մարդը միջահասակ է, ինչ-որ մուգ գույնի հագուստով։ Ձեռքի տակ ուրիշ տվյալներ չունենք, բայց մենք եռանդուն հետախուզություն ենք կատարում, և եթե հանցագործը տեղացի չէ, շուտով կհայտնաբերվի։
— Իսկ ի՞նչ էր այդտեղ անում այդ Ուիլյամը։ Մահից առաջ որևէ բան ասե՞լ է։
— Ոչ մի խոսք։ Ուիլյամն իր մոր հետ ապրում էր պահակատանը։ Նվիրված ծառա էր, և մենք ենթադրում ենք, որ նա տանն է մոտեցել՝ մտադրություն ունենալով ստուգել, ամեն ինչ կարգի՞ն է, թե ոչ։ Եվ դա հասկանալի է, Էկտոնի մոտ կատարված գողությունը բոլորին ստիպել է զգոն լինել։ Երևում է, կողոպտիչը հենց նոր է բացած եղել դուռը (փականքը կոտրած է), երբ Ուիլյամը նետվել է նրա վրա։
— Իսկ Ուիլյամը գնալուց առաջ մորը ոչինչ չի՞ ասել։
Մայրը շատ ծեր է և խուլ, մեզ ոչինչ չհաջողվեց իմանալ նրանից։ Վիշտը նրան համարյա զրկել է գիտակցությունից, բայց ենթադրում եմ, որ նա միշտ էլ մտազուրկ է եղել։ Սակայն մի շատ կարևոր հանցանշան կա։ Նայեք։
Նա իր նոթատետրից մի կտոր թուղթ հանեց և ծնկի վրա հարթեցրեց։
— Սա հայտնաբերվել է մեռած Ուիլյամի ձեռքում։ Սեղմված՝ բթամատի և ցուցամատի արանքում։ Սա երևի ինչ-որ գրության մաս է։ Ուշադրություն դարձրեք, որ այստեղ նշված ժամը ստույգ համընկնում է այն ժամին, երբ խեղճը հանդիպեց իր ճակատագրին։ Ոչ այն է, մարդասպանն է խլել նրանից, ոչ այն է՝ նա մարդասպանից։ Գրվածը մեզ այն մտքին է հանգեցնում, որ ինչ-որ մեկին ժամադրել են։
Հոլմսը վերցրեց թղթի կտորը, որի ճշգրիտ տեքստը բերում եմ ստորև․
«Տասներկուսին քառորդ պակաս կիմանաք այն, ինչ կարող է»…
— Եթե իրականում այդպես է, — շարունակեց տեսուչը, — ապա ծագում է միանգամայն հավանական ենթադրություն, որ այդ Ուիլյամ Քերվանը, չնայած իր ազնիվ համբավին, կարող էր գողի հետ միասին լինել։ Նրանք կարող էին հանդիպել պայմանավորված վայրում, երկուսով կոտրել դուռը, որից հետո նրանց միջև վեճ է ծագել։
— Այս փաստաթուղթը արտակարգ հետաքրքրություն է ներկայացնում, — ասաց Հոլմսը, համակ ուշադրությամբ զննելով թղթի կտորը, — գործն ավելի նուրբ է, քան կարծում էի։
Նա ձեռքով բռնեց գլուխը, իսկ տեսուչը ժպիտը դեմքին հետևում էր, թե ինչ ազդեցություն թողեց իր պատմածը լոնդոնյան հռչակավոր մասնագետի վրա։
— Ձեր վերջին դիտողությունը, — ասաց Հոլմսը մի փոքր անց, — թե կողոպտիչը գուցե պայմանավորված է եղել ծառայի հետ և այս գրությունը, ուր հանդիպում է նշանակված, ուղարկված է եղել մեկը մյուսին, սրամիտ է և ճշմարտանման։ Միայն թե այս փաստաթուղթը բացում է…
Նա դարձյալ գլուխն առավ ձեռքերի մեջ և մի քանի րոպե լուռ նստեց, ամբողջովին խորասուզվելով մտքերի մեջ։ Երբ բարձրացրեց դեմքը, զարմանքով տեսա, որ նրա այտերը շիկնել էին, իսկ աչքերը փայլում էին, ինչպես մինչ հիվանդությունն էր։ Նա ոտքի ելավ իր նախկին ողջ եռանդով լեցուն։
— Ահա թե ինչ, — հայտարարեց նա, — ես կցանկանայի թռուցիկ զննել սպանության վայրը։ Ձեր թույլտվությամբ, գնդապետ, ես կլքեմ ընկերոջս և ձեզ ու կգնամ տեսուչի հետ, որպեսզի ստուգեմ իմ ենթադրությունների ճշմարտացիությունը։ Կվերադառնամ կես ժամից։
Անցավ ժամ ու կես, տեսուչը վերադարձավ մենակ։
— Հոլմսը ետ ու առաջ է քայլում դաշտում, — ասաց նա, — ցանկանում է, որպեսզի չորսով գնանք կալվածքը։
— Միստր Կանինգեմի մո՞տ։
— Այո, սըր։
— Ինչու՞։
Տեսուչը թոթվեց ուսերը։
— Դա ինձ այնքան էլ պարզ չէ։ Բայց, մեր մեջ ասած, ինձ թվում է, որ միստր Հոլմսը հիվանդությունից հետո լիովին չի ապաքինվել։ Նա իրեն շատ տարօրինակ է պահում։ Ես կասեի՝ մի քիչ խանգարվել է։
— Կարծում եմ, չարժե անհանգստանալ, — ասացի ես։ — Բազմիցս համոզվել եմ, որ նրա խենթության մեջ մեթոդ կա։
— Ավելի շուտ, նրա մեթոդում խենթություն կա, — փնթփնթաց տեսուչը։ — Բայց նա այրվում է անհամբերությունից, և եթե դուք պատրաստ եք, գնդապետ, ավելի լավ է գնանք։
Հոլմսը գլխահակ, ձեռքերը գրպաններում, ետ ու առաջ էր քայլում դաշտում։
— Գործն ավելի հետաքրքիր է դառնում, Ուոտսոն, — ասաց նա, — մեր այցը գյուղ, անկասկած, հաջողվեց։ Ես հիանալի առավոտ անցկացրի։
— Ինչպես ենթադրում եմ, դուք եղել եք հանցագործության վայրո՞ւմ, — հարցրեց գնդապետը։
— Այո, մենք տեսուչի հետ մի փոքր հետախուզություն կատարեցինք։
— Հաջողությա՞մբ։
— Այո, մենք հետաքրքիր բաներ տեսանք։ Ճանապարհին ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Նախ և առաջ զննեցինք խեղճի դիակը։ Ինչպես ասում էին, նա իսկապես սպանվել է ատրճանակի հասցրած վերքից։
— Իսկ դուք կասկածո՞ւմ էիք։
— Ամեն ինչ պետք է ստուգել։ Մեր ստուգայցը անտեղի չէր։ Հետո զրուցեցինք միստր Կանինգեմի ու նրա որդու հետ, և նրանք կարողացան ստույգ ցույց տալ այն տեղը, որտեղ հանցագործը փախչելիս դուրս էր սողոսկել ցանկապատից։ Դա վերին աստիճանի հետաքրքիր էր։
— Անկասկած։
— Հետո մենք հանդիպեցինք խեղճ Ուիլյամի մորը։ Միայն թե նրանից ոչ մի օգուտ չստացանք․ Նա շատ ծեր է ու թույլ։
— Իսկ ի՞նչ արդյունք տվեց ձեր հետազոտությունը։
— Մենք եկանք այն համոզման, որ սա միանգամայն արտասովոր հանցագործություն է։ Հնարավոր է, մեր այժմյան այցը մի փոքր լույս սփռի դրա վրա։ Տեսուչ, ես ենթադրում եմ, մենք միաբան ենք այն հարցում, որ սպանվածի ձեռքում գտնված թղթի կտորը, որտեղ գրված է մահվան ստույգ ժամանակը, մեծ նշանակություն ունի։
— Դա պետք է գործի բանալին հանդիսանա, միստր Հոլմս։
— Եվ հանդիսանում է։ Ով էլ գրած լինի գրությունը, դա այն մարդն է, որ այդ ժամին անկողնուց հանել է Ուիլյամ Քերվանին։ Բայց ո՞ւր է երկտողը։
— Ես մանրամասն ստուգեցի գետինը և չգտա, — ասաց տեսուչը։
— Երկտողը խլել են Ուիլյամի ձեռքից։ Ինչու՞ այն այդքան անհրաժեշտ է եղել ինչ-որ մեկին։ Որովհետև դա նրան կմերկացներ։ Իսկ նա ի՞նչ պիտի աներ երկտողը։ Ամենայն հավանականությամբ, գրպանը դներ, չնկատելով, որ թղթի կտորը մնացել էր մեռածի սեղմված մատների արանքում։ Եթե մենք գտնենք գրության մնացած մասը ևս, շատ հեշտությամբ կբացահայտենք գործը։
— Այո, բայց ինչպե՞ս մտնենք հանցագործի գրպանը, եթե չենք գտել հանցագործին։
— Այո, դրա համար արժե գլուխ կոտրել։ Եվ հետո, ահա թե ինչ։ Այդ երկտողը ինչ-որ մեկը բերել է Ուիլյամին։ Իհարկե, ոչ գրողը․ նրա համար ավելի հեշտ կլիներ ամեն ինչ բանավոր հայտնել։ Ո՞վ է բերել երկտողը։ Թե՞ եկել է փոստով։
— Ես իմացել եմ, — ասաց տեսուչը, — որ երեկ երեկոյան Ուիլյամը փոստով նամակ է ստացել։ Նա ծրարը ոչնչացրել է։
— Գերազանց է, — բացականչեց Հոլմսը տեսուչի ուսին խփելով։ — Դուք արդեն հանդիպել եք փոստատարին։ Ձեզ հետ աշխատելը շատ հաճելի է։ Բայց ահա և պահակը, և եթե դուք մեզ հետ գաք, գնդապետ, ես ձեզ ցույց կտամ հանցագործության տեղը։
Մենք անցանք գեղեցիկ տնակի մոտով, ուր ապրել էր սպանված կառապանը, և գնացինք ծառուղիով, որը մեզ հասցրեց թագուհի Աննայի ժամանակների հիանալի մի շենքի մոտ, որի պատին փորագրված էր Մալպլակի օրոք տեղի ունեցած ճակատամարտի տարեթիվը։ Հետևելով Հոլմսին և տեսուչին, մենք անցանք շենքը և մոտեցանք անկյունային մուտքին, որն առանձնացված էր կենդանի ծաղիկների ցանկապատով և եզրապատել էր ճանապարհը։ Խոհանոց տանող դռան մոտ հերթապահում էր ոստիկանը։
— Լայն բացեք դուռը, սերժանտ, — հրամայեց Հոլմսը։ — Ահա այն աստիճաններին է կանգնած եղել երիտասարդ Կանինգեմը և այդտեղից է տեսել, հենց մեր կանգնած տեղում, երկու տղամարդու։ Ծերուկ Կանինգեմը նայել է այն պատուհանից՝ ձախից երկրորդը։ Նա ասում է, որ մարդասպանը փախել է, ա՛յ, այնտեղ։ Այն թփի ետևը։ Նույնը տեսել է և որդին։ Երկուսն էլ ցույց են տալիս նույն ուղղությունը։ Հետո միստր Ալեքը դուրս է վազել տնից և խոնարհվել վիրավորի վրա։ Հողը պինդ է, ինչպես տեսնում եք, ոչ մի հետք չի մնացել, որը կարող էր մեզ օգնել։