1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 2

Երկրորդ գլուխ - Առաջին արկածները ծովում

Դեռ նոր էր մեր նավը դուրս եկել Համբերի գետաբերանից, երբ հյուսիսից սկսեց պաղ քամի փչել։ Երկինքը ծածկվեց ամպերով։ Ամենաուժեղ օրորումներ սկսվեցին։

Ես դեռ երբեք ծովի վրա չէի եղել և սկսեցի շատ վատ զգալ ինձ։ Գլուխս պտտվում էր, ոտքերս՝ դողում, քիչ էր մնում վայր ընկնեի։ Ամեն անգամ, երբ մի խոշոր ալիք էր գալլիս նավի վրա, ինձ թվում էր, թե հիմա պիտի խեղդվենք։ Ամեն անգամ, երբ նավը իջնում էր ալիքի բարձր կատարից, ես կարծում էի, թե այլևս երբեք նա չի բարձրանա։

Հազար անգամ երդվեցի, որ եթե ողջ մնամ, եթե իմ ոտքը նորից ամուր գետնի վրա դնեմ, իսկույն կվերադառնամ տուն՝ հորս մոտ, և ամբողջ կյանքումս այլևս երբեք նավի տախտակամած չեմ բարձրանա։

Բայց այս խելացի մտքերն ինձ պաշարել էին միայն այն ժամանակ, քանի դեռ փոթորիկը մոլեգնում էր։

Քամին դադարեց, ալիքները հանդարտվեցին, և ես թեթևություն զգացի։ Կամաց֊կամաց սկսեցի ծովին վարժվել։ Ճիշտ է, ծովային հիվանդությունից դեռ բոլորովին չէի ազատվել, սակայն օրվա վերջում եղանակը պարզեց, քամին բոլորովին դադարեց և սկսվեց մի սքանչելի երեկո։ Արևը մայր մտնելիս ոչ մի կտոր ամպ չկար։ Լիակատար խաղաղ եղանակին հանդարտ ծովը արեգակի ճառագայթներով ոսկեզօծված այնպիսի մի հիասքանչ պատկեր էր ներկայացնում, որպիսին դեռ երբեք չէի տեսել։

Ամբողջ գիշեր ես քնեցի խոր քնով։ Մյուս օրը արևը ծագեց նույնքան ջինջ ու պայծառ։ Իմ ծովային հիվանդությունից հետք անգամ չէր մնացել։ Ես իսկույն հանգստացա, տրամադրությունս բարձրացավ և զարմանքով դիտում էի ծովը, որը դեռ երեկ թվում էր դաժան ու ահեղ, իսկ այսօր այնքա՜ն հեզ էր ու սիրալիր։

Մեկ էլ, կարծես դիտմամբ, ինձ է մոտենում ընկերս, որը հրապուրել էր իր հետ ճանապարհորդելու, մեջքիս խփում է ու ասում․

Հը՛, ինչպե՞ս ես զգում քեզ, Բոբ։ Գրազ եմ գալիս, որ վախեցել ես։ Խոստովանիր․ երեկ շա՞տ վախեցար, երբ մի փոքրիկ քամի փչեց։

― Փոքրիկ քամի՞։ Լա՜վ փոքրիկ քամի էր։ Այդ հո կատաղի փոթորիկ էր։ Ես այդպիսի զարհուրելի փոթորիկ պատկերացնել անգամ չէի կարող։

― Փոթորի՞կ։ Ախ, դու հիմա՜ր։ Քո կարծիքով դա փոթորի՞կ էր։ Ո՛չ, դատարկ բան էր։ Դե, ասենք դու նորեկ ես ծովի վրա․ զարմանալի չէ, որ վախեցել ես… Ավելի լավ է, գնանք ու հրամայենք մեզ համար փունջ եփեն, մի֊մի բաժակ գինի խմենք և փոթորիկը կմոռանանք։ Տես, ի՜նչ պարզ օր է։ Սքանչելի եղանակ է, չէ՞։

Կարճ ասած՝ գործն այնպիսի գարշելի ընթացք ստացավ, ինչպես բոլոր ծովայինների համար․ փունջը եփեցին, ես այնքան խմեցի, որ հարբեցի և գինու մեջ խեղդեցի իմ բոլոր խոստումներն ու երդումները, իմ բոլոր մտքերը՝ անհապաղ տուն վերադառնալու մասին։ Հենց որ ծովը հանդարտվեց, ես դադարեցի վախենալ, թե ալիքները կուլ կտան ինձ, և իսկույն մոռացության տվի իմ բոլոր բարի մտադրությունները։

Վեցերորդ օրը մենք հասանք Յարմուտի խարսխակայանը։ Փոթորկից հետո հանդիպակաց քամի էր փչում, այնպես որ մենք շատ դանդաղ էինք առաջ շարժվում։ Յարմուտում մենք ստիպված եղանք խարիսխ գցել։ Յոթ թե ութ օր մենք կանգնած սպասում էինք, որ համընթաց քամի փչի։

Այդ ժամանակամիջոցում Նյուկասլից շատ նավեր եկան խարսխակայան։ Ասենք՝ մենք այդքան երկար չէինք կանգնի և մակընթացության հետ գետը կմտնեինք, բայց քամին ավելի ու ավելի էր սաստկանում, իսկ մի հինգ օրից հետո սկսեց փչել ամբողջ ուժով։

Քանի որ մեր նավի խարիսխներն ու խարսխաճոպաններն ամուր էին, մեր նավաստիներն ամենփոքր անհանգստուցյուն անգամ չէին ցույց տալիս։ Նրանք հավատացած էին, որ իրենց նավին ոչ մի վտանգ չի սպառնում և, նավաստիների սովորության համաձայն, իրենց ամբողջ ազատ ժամանակը նվիրում էին զվարճությունների ու խաղերի։ Սակայն իններորդ օրը լուսադեմին քամին ավելի սաստկացավ և շուտով զարհուրելի փոթորիկ սկսվեց։ Նույնիսկ փորձված նավաստիները խիստ վախենում էին։ Ես մի քանի անգամ լսեցի, թե ինչպես մեր նավապետը նավախուց մտնելիս կամ այնտեղից դուրս գալիս իմ կողքով անցնելիս կիսաձայն մրմնջաց․ «Կորած ենք։ Մենք կորած ենք։ Վերջացավ»։ Բայց և այնպես նա գլուխը չէր կորցնում, ուշադիր հետևում էր նավաստիների աշխատանքին և բոլոր միջոցները ձեռք էր առնում իր նավը փրկելու համար։

Հանկարծ մեկն աղաղակեց, որ մեզանից ոչ հեռու կանգնած նավն ընկղմվեց։

Էլի երկու նավ խարիսխներից պոկվեցին ու քշվեցին բաց ծովը։ Ի՞նչ էր սպասում նրանց։ Մրրիկը պոկել էր նրանց բոլոր կայմերը։

Երեկոյան ղեկապետը և բոցմանը եկան նավապետի մոտ և հայտարարեցին, որ նավը փրկելու համար անհրաժեշտ է առաջակայմը կտրել։

― Ոչ մի րոպե հապաղել չի կարելի, ― ասացին նրանք։ ― Հրամայեցեք, և մենք կկտրենք։

― Մի քիչ էլ սպասենք, ― ասաց նավապետը, ― գուցե փոթորիկը հանդարտվի։

Նա բոլորովին չէր ուզում կայմը կտրել, բայց բոցմանն սկսեց ապացուցել, որ եթե կայմը չկտրվի, նավը ծովի հատակը կիջնի, և նավապետն ակամա համաձայնեց։

Բայց երբ առաջակայմը կտրեցին, գլխավոր կայմն սկսեց այնպես ուժեղ օրորվել և նավը ճոճել, որ հարկ եղավ այն ևս կտրել։

Վրա հասավ գիծերը, և հանկարծ նավաստիներից մեկը նավամբար իջնելով աղաղակեց, թե ջուրն սկսել է լցվել նավի մեջ։ Մի ուրիշ նավաստի ուղարկեցին նավամբար, և նա զեկուցեց, որ ջուրն արդեն չորս ոտնաչափ բարձրացել է։

Այն ժամանակ նավապետը հրամայեց․

― Դու՛րս քաշել ջուրը։ Բոլորդ ջրհան պոմպերի մոտ։

Երբ ես այդ հրամանը լսեցի, սիրտս սարսափից կծկվեց․ ինձ թվաց, թե մեռնում եմ, և մեջքիս վրա ընկա թախտին։ Բայց նավաստիները հրեցին ինձ և պահանջեցին, որ գլուխ չպահեմ։

― Բավական է ինչքան անգործ մնացիր, ժամանակն է, որ դու էլ աշխատես, ― ասացին նրանք։

Ճար չկար․ ես մոտեցա ջրհան պոմպին և ջանասիրությամբ սկսեցի ջուր քաշել։

Այդ ժամանակ մանր բեռնատար նավերը, չկարողանալով քամուն դիմադրել, խարիսխները քաշեցին և բաց ծով դուրս եկան։

Նավապետը հրամայեց թնդանոթ կրակել և նրանց հասկացնել, որ մենք մահացու վտանգի մեջ ենք գտնվում։ Թնդանոթների համազարկը լսելով՝ ես կարծեցի, թե մեր նավը փշրվեց։ Այնպես վախեցա, որ անզգայացա։ Բայց այդ ժամանակ յուրաքանչյուրն իր սեփական կյանքի փրկության մասին էր հոգում, և ինձ վրա նույնիսկ ուշադրություն չդարձրին։ Ոչ ոք չհետաքրքրվեց իմանալու, թե ինչ է պատահել ինձ։ Նավաստիներից մեկը իմ տեղը կանգնեց ջրհան պոմպի մոտ և ինձ ոտքով մի կողմ հրեց։ Բոլորը հավատացած էին, թե ես արդեն մեռած եմ։ Այդպես ես շատ երկար պառկած մնացի։

Ուշքի գալուց հետո ես նորից գործի անցա։ Նավաստիներն աշխատում էին անդադրում, բայց նավամբարում ջուրն ավելի ու ավելի էր բարձրանում։

Ակներև էր, որ նավը խորտակվելու է։ Ճիշտ է, փոթորիկն սկսել էր քիչ֊քիչ մեղմանալ, սակայն մեզ համար ամենափոքր հնարավորություն անգամ չկար ջրի երեսին մնալու, մինչև որ նավահանգիստ կմտնեինք։ Դրա համար էլ նավապետը չէր դադարում թնդանոթները կրակել, հուսալով, թե մի որևէ նավ մեզ կփրկի կործանումից։

Վերջապես մեզ ամենամոտիկ փոքրիկ նավը սիրտ արավ մակույկ իջեցնել, որպեսզի մեզ օգնության հասնի։ Մակույկն ամեն րոպե կարող էր շուռ գալ, բայց շարունակ մոտենում էր մեզ։ Ավա՜ղ, մենք մակույկ նստել չէինք կարող, որովհետև նա մեր նավին կառչելու ոչ մի հնարավորություն չուներ, թեև մարդիկ թիավարում էին ամբողջ ուժով, մեր փրկության համար վտանգելով իրենց կյանքը։ Մենք մի ճոպան նետեցինք նրանց։ Երկար ժամանակ նրանց չէր հաջողվում այդ ճոպանը բռնել, որովհետև փոթորիկը մի կողմ էր քշում։ Սակայն, բարեբախտաբար, խիզախներից մեկը ճարպկություն ցուցաբերեց և բազմաթիվ անհաջող փորձերից հետո վերջապես կարողացավ ճոպանի ծայրը բռնել։ Այդ ժամանակ մենք մակույկը քաշեցինք մեր նավախելի տակ և բոլորս, մինչև վերջին մարդը, իջանք դրա մեջ։ Այն է, ուզում էինք հասնել նրանց նավին, բայց ալիքներին դիմադրել չկարողացանք, իսկ ալիքները մեզ քշում էին դեպի ափ։ Բանից դուրս եկավ, որ հենց միայն այդ ուղղությամբ կարելի է թիավարել։

Դեռ քառորդ ժամ էլ չանցած՝ մեր նավն սկսեց ընկղմվել։

Մեր մակույկն այս ու այն կողմը նետող ալիքներն այնքան բարձր էին, որ նրանց պատճառով մենք ափերը չէինք տեսնում։ Միայն մի շատ կարճ ակնթարթ, երբ մեր մակույկը նետվում էր ալիքների կատարը, կարողանում էինք տեսնել, որ ափին մեծ բազմություն է հավաքվել, մարդիկ ետ ու առաջ էին վազվզում՝ պատրաստվելով օգնություն ցույց տալ մեզ, հենց որ կմոտենանաք ափին։ Բայց մենք շատ դանդաղ էինք շարժվում դեպի ափը։

Միայն երեկոյան դեմ մեզ հաջողվեց ցամաք դուրս գալ, այն էլ մեծագույն դժվարությամբ։

Մենք ստիպված եղանք Յարմուտ գնալ ոտքով։ Այնտեղ մեզ գրկաբաց ընդունելություն էր սպասում․ քաղաքի բնակիչները, որոնք արդեն գիտեին մեր դժբախտության մասին, մեզ լավ բնակարաններ հատկացրին, հյուրասիրեցին հիանալի ճաշով և փող տվին, որպեսզի մենք կարողանանք հասնել Լոնդոն կամ Գուլլ։

Գուլլում ապրում էին իմ ծնողները, և իհարկե, ես պետք է վերադառնայի նրանց մոտ։ Նրանք կներեին իմ ինքնակամ փախուստը, և մենք բոլորս այնքա՜ն երջանիկ կլինեինք։

Բայց չար բախտը ինձ մղում էր դեպի նոր ծովային արկածների, թեև առողջ դատողուցյան ձայնն ինձ ասում էր, որ ծովում ինձ սպասում են նոր փորձանքներ ու տառապանքներ։ Ճանապարհորդության իմ անմիտ կիրքը չէր մեղմացել, և ես նորից սկսեցի մտածել այն մասին, թե ինչպես ընկնեմ մի նավ և ծովով շրջեմ ամբողջ աշխարհը։

Իմ ընկերը (որի հորը պատկանում էր խորտակված նավը) այժմ շատ տխուր էր ու մռայլ․ տեղի ունեցած աղետը ճնշում էր նրան։ Նա ինձ ծանոթացրեց իր հոր հետ, որը նույնպես չէր դադարում վշտանալ խորտակված նավի համար։ Ծերունին խստությամբ նայեց ինձ վրա և ասաց․

― Երիտասա՛րդ, դուք այլևս երբեք չպետք է ծով դուրս գաք։ Շուտ վերադարձեք տուն և հաշտվեք ձեր ծնողների հետ։ Նա, ով հոր կամքին հակառակ է ճանապարհորդում, բախտ ունենալ չի կարող։

Ես զգում էի, որ նա իրավացի է, և առարկել չկարողացա։ Բայց և այնպես տուն չվերադարձա, որովհետև տանջալից չափով ամոթ էի համարում մերձավորներիս աչքին երևալ։ Ինձ թվում էր, թե մեր բոլոր հարևանները կսկսեն ծաղրել ինձ, որ իմ անհաջողությունները ծիծաղի առարկա կդարձնեն ինձ մեր բոլոր բարեկամների ու ծանոթների համար, ուստի երկար տատանումներից հետո ես գնացի ոչ թե Գուլլ, այլ՝ Լոնդոն։

Comments