1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 15

Տասնհինգերորդ գլուխ - Ռոբինզոնը ընտելացնում է վայրի այծերին

Կղզում գտնվելուս տասնմեկերորդ տարին, երբ իմ վառոդն սկսեց նվազել, սկսեցի լրջորեն մտածել, թե ի՛նչ միջոցով կենդանի այծեր բռնեմ։ Ամենից ավելի ցանկանում էի բռնել մայր այծ՝ իր ուլիկներով։

Սկզբում ծուղակներ էի սարքում, և հաճախ այծերն ընկնում էին դրանց մեջ։ Բայց դրանից օգուտ չէր լինում, այծերը դրված խայծը ուտում էին, ապա պարանները կտրտում էին և հանգիստ հեռանում։ Դժբախտաբար երկաթալար չունեի և ստիպված էի լինում ծուղակներ շինել պարաններից։

Երբ որսի այս ձևը չհաջողվեց, որոշեցի փորձել փոսերը։ Իմանալով, թե այծերը ամենից ավելի հաճախ որտեղ են արածում՝ այնտեղ երեք խոր֊խոր փոսեր փորեցի, ծածկեցի իմ պատրաստած հյուսվածքով և յուրաքանչյուրի վրա մի խտիտ բրնձի ու գարու հասկեր դրի։ Շուտով համոզվեցի, որ այծերն այցելում են այդտեղ․ հասկերը անհետանում էին, և շուրջը այծերի ոտնահետքեր էին երևում։ Այն ժամանակ իսկական թակարդ սարքեցի և հենց հետևյալ օրը փոսերից մեկում գտա մի խոշոր պառավ այծ, իսկ մյուսում՝ երեք ուլ, մեկը արու, երկուսը՝ էգ։

Պառավ այծին ազատ արձակեցի, որովհետև չգիտեի ինչ անեմ։ Նա այնպես վայրենի էր ու չար, որ ողջ֊ողջ նրան բռնել չէր կարելի (վախենում էի փոսը մտնել), իսկ սպանելու կարիք չկար։ Հենց որ փոսի բերանը բաց արի, նա դուրս նետվեց և ամբողջ ուժով սկսեց փախչել։

Հետագայում ես առիթ ունեցա համոզվելու, որ քաղցը հնազանդեցնում է նույնիսկ առյուծներին։ Բայց այն ժամանակ այդ բանը չգիտեի։ Եթե այծին երեք֊չորս օր քաղցած պահեի, իսկ հետո նրան ջուր ու մի քիչ հասկ բերեի, ուլիկների պես կհնազանդվեր ինձ։

Ընդհանրապես այծերը շատ խելացի են ու հնազանդ։ Եթե նրանց հետ լավ վարվես, ընտելացնելը դժվար չի լինի։

Սակայն, կրկնում եմ, այն ժամանակ այդ բանը չգիտեի։ Այծը բաց թողնելուց հետո մոտեցա այն փոսին, որտեղ ուլիկներն էին նստած։ Երեքին էլ մեկ֊մեկ դուրս բերի, պարանով կապեցի և մեծ դժվարությամբ քարշ տվի տուն։

Բավական երկար ժամանակ չէի կարողանում նրանց ստիպել, որ բան ուտեն։ Բացի մոր կաթից նրանք ուրիշ ուտելիք չգիտեին։ Բայց երբ կարգին քաղցածացան, մի քանի հյութալի հասկ դրեցի նրանց առաջ և քիչ֊քիչ սկսեցին ուտել։ Շուտով այս ուլիկները բոլորովին ընտելացան ինձ և ձեռնասուն դարձան։

Դրանից հետո սկսեցի այծեր բազմացնել։ Ուզում էի, որ մի ամբողջ հոտ ունենամ, որովհետև դա միակ միջոցն էր ինձ մսով ապահովելու այն ժամանակ, երբ իմ վառոդն ու կոտորակը սպառված կլինեն։

Մեկ ու կես տարուց հետո արդեն ունեի տասներկու այծ, հաշված նաև ուլերը, իսկ էլի մի երկու տարուց հետո իմ այծերի թիվը հասավ քառասուներեքի։ Ժամանակի ընթացքում հինգ տեղ արոտ ցանկապատեցի, բայց այդ բոլոր արոտներն էլ դարպասով կապված էին միմյանց, որպեսզի կարելի լինի այծերի հոտը մի արոտից քշել մյուսը։

Այժմ արդեն այծի մսի ու կաթի անսպառ պաշար ունեի։ Ճիշտն ասած՝ երբ սկսեցի այծեր պահել, կաթի մասին չէի էլ մտածում։ Հետագայում միայն սկսեցի կթել դրանց։

Կարծում եմ ամենամռայլ մարդն էլ չէր կարող ժպիտը պահել, եթե տեսներ ինձ իմ ընտանիքի հետ ճաշի սեղան նստած։ Սեղանի գխին նստում էի ես, որ կղզու թագավորն ու տիրականն էի, իմ բոլոր հպատակների կյանքի լիիշխան տերն ու տնօրենը․ ես կարող էի մահապատիժ տալ ու ներում շնորհել, ազատություն տալ և ազատազրկել, և իմ հպատակների մեջ ոչ մի խռովարար չկար։

Պետք էր տեսնել, թե ինչպիսի արքայական շքեղությամբ էի ճաշում ես՝ շրջապատված իմ մերձավորներով։ Միայն Պոլին, որպես սիրելի անձ, իրավունք ուներ ինձ հետ խոսելու։ Շունը, որ վաղուց արդեն ծերացել էր և զառամությունից ապուշ կտրել, միշտ նստում էր իր տիրակալի աջ կողմը, իսկ երկու կողմերը նստում էին կատուները և ուտելիք սպասում իմ սեփական ձեռքից։ Իմ ձեռքով ուտելիք տալը համարվում էր արքայական հատուկ ողորմության նշան։

Դրանք այն կատուները չէին, որ բերել էի նավից։ Մի քանիսը վաղուց էին սատկել, և ես իմ ձեռքով թաղել էի տանից ոչ հեռու։ Բայց դրանցից մեկը կղզում եղած ժամանակ ծնել էր։ Ձագերից մի զույգ պահել էի ինձ մոտ, և դրանք ընտանի էին դարձել, իսկ մյուսները փախել էին անտառ և վայրենացել։ Վերջ ի վերջո կղզու վրա այդ կատուներն այնքան բազմացան, որ դրանցից ազատվել չէր լինում․ մտնում էին իմ պահեստը և ուտելիքներս փախցնում։ Դրանք ինձանից ձեռ քաշեցին միայն այն ժամանակ, երբ մի երկու֊երեքի գնդակահարեցի։

Կրկնում եմ, ես ապրում էի իսկական թագավորի պես, ոչ մի բանի կարիք չունեի։ Իմ շուրջը միշտ էլ հնազանդ պալատականների մի ամբողջ խումբ կար, միայն մարդիկ էին պակասում։ Իդեպ, ինչպես ընթերցողը կտեսնի, շուտով հասավ այն ժամանակը, երբ իմ տիրապետության մեջ նույնիսկ չափից ավելի շատ մարդիկ երևան եկան։

Թեպետ հաստատ որոշել էի այլևս երբեք վտանգավոր ծովային ճանապարհորդություն չկատարել, բայց և այնպես շատ էի ուզում մակույկ ունենալ, թեկուզ ափի մոտերքը նավարկելու համար։ Ես հաճախ էի մտածում, թե ինչպես իմ նավակը փոխադրեմ կղզու այն ափը, որտեղ իմ քարանձավն էր։ Բայց հասկանալով, որ դա դժվար իրագործելի մտադրություն է, ամեն անգամ ինձ հանգստացնում էի նրանով, որ առանց մակույկի էլ լավ է ինձ համար։

Սակայն, ինքս էլ չգիտեմ ինչու, շարունակ ձգտում էի դեպի այն սարը, որի գագաթը ես բարձրացա իմ վերջին ուղևորության ժամանակ։ Ուզում էի մի անգամ էլ այնտեղից նայել, թե ինչպիսի գծագրություն ունեն կղզու ափերը և դեպի ուր է ուղղվում ծովային հոսանքը։ Վերջ ի վերջո չդիմացա և ճանապարհ ընկա, այս անգամ ոտքով, ափի երկարությամբ։

Եթե մեզ մոտ, Անգլիայում մի մարդ լույս ընկներ այնպիսի հագուստով, որպիսին ես ունեի այն ժամանակ, հավատացնում եմ, բոլոր անցորդները սարսափով դես ու դեն կփախչեին, կամ ծիծաղից կթուլանային։ Ասենք հաճախ ինքս էլ ինձ վրա նայելով ակամայից ժպտում էի, երևակայելով, թե ինչպես կքայլեի հայրենի Յորքշիրում, ունենալով այդպիսի շքախումբ և այդպիսի արտաքին։

Իմ գլխին տնկված էր այծի մորթուց կարված մի սրածայր, տձև փափախ՝ մինչև մեջքս իջնող ծոծրակակալով, որն իմ վիզը ծածկում էր արևից, իսկ անձրևի ժամանակ չէր թողնում, որ ջուրը լցվի օձիքիս մեջ։ Տաք կլիմայում չկա ավելի վնասակար բան, քան հագուստի տակից մերկ մարմնի վրա թափվող անձրևը։

Այնուհետև իմ հագին կար նույնպես այծի մորթուց կարված երկար բաճկոն, որ իջնում էր համարյա մինչև ծնկներս։ Շալվարս կարված էր շատ պառավ այծի մորթուց, որի մազերն այնքան երկար էին, որ ոտքերս ծածկում էին մինչև սրունքներս։ Գուլպաներ բոլորովին չունեի, կոշիկների փոխարեն պատրաստել էի, ― չգիտեմ ինչպես անվանեմ, ― երկարաճիտ կոշիկների նման մի բան, որոնց կապերը ամրացվում էին կողքից։ Այդ ոտնամանը, իդեպ, նաև իմ ամբողջ հագուստը, ամենաբարբարոսական տեսքն ուներ։

Բաճկոնիս վրայից կապում էի այծի մորթուց շինված, մազերը մաքրած գոտի, որի երկու կողմերից օղեր էի արել ոչ թե թրի ու դաշյունի, այլ սղոցի ու կացնի համար։

Բացի դրանից ուսիս էլ կաշվե փոկեր ունեի կապած, որոնցից նույնպես օղեր էի ամրացրել, սակայն մի քիչ ավելի նեղ։ Դրանցից ես կապում էի երկու պայուսակ, այնպես որ ձախ ձեռքիս տակ լինի։ Այդ պայուսակներից մեկի մեջ վառոդ էի պահում, մյուսում՝ կոտորակ։ Իմ մեջքին կախված էր մի զամբյուղ, ուսիս՝ հրացանը, իսկ գլխավերևս՝ մորթե ահագին հովանոցը։ Այդ հովանոցը շատ անճոռնի էր, սակայն, թերևս իմ ճանապարհորդական իրերից ամենաանհրաժեշտն էր։ Հովանոցից ավելի կարևորն ինձ համար միայն հրացանն էր։

Դեմքի գույնով ես նեգրի ավելի քիչ էի նման, քան կարելի էր սպասել, նկատի ունենալով, որ ապրում էի հասարակածից ոչ հեռու և արևայրուքից չէի վախենում։ Սկզբում մորուք թողի։ Շատ երկար մորուք աճեց։ Հետո մորուքս խուզեցի, թողնելով միայն բեղեր, որոնք շատ երկար էին, նման թուրքական բեղերի։ Դրանք այնքան սարսափելի երկարել էին, որ Անգլիայում անցորդներին կվախեցնեին։

Բայց այս ամենը հիշատակում եմ ի միջի այլոց․ կղզում ո՛վ պիտի հիանար իմ դեմքով կամ կազմվածքով․ միևնույն չէ՞ր թե ինչպիսի արտաքին ունեի։ Այս ամենի մասին պատմեցի միայն նրա համար, որ խոսք բացվեց, և այլևս չեմ երկարացնի։

Comments