1. Ռեքվիեմ

Chapter 3

Մաս 1

Տարիներ առաջ նրանք ընկերներ էին։ Այդժամ շատ բաներ էին ուրիշ։

Հայկն ու Նարեկը ընկերություն էին անում «Գրական ակումբ»-ի տարիներից։ Դա մի ակումբ էր, նախատեսված գրքասերների համար, որտեղ ամեն ուրբաթ երեկո հավաքվում էին Երևանից տարբեր գրքասերներ և քննարկում էին իրենց կարդացած գրքերը։ Ակումբն, իհարկե, ուներ առանձնահատկություններ։ Սկզբում «Գրական ակումբ»-ում կարող էին հայտնվել, առանց բացառության, բոլոր գրքասերները, բայց նրանք պետք է կատարեին որոշակի պայմաններ ակումբում մնալու համար։ Այդ պայմաններն էին՝ ընտրել մի գիրք և բոլորով կարդալ այն մեկ շաբաթում՝ մինչև հաջորդ ուրբաթ, հետո քննարկել գիրքը գալիք ուրբաթ օրը։ Այնուհետև ընտրել հաջորդ գիրքը և պահել օրինաչափությունը, ընդ որում՝ առհասարակ կարևոր չէ, թե որքան զբաղված ես եղել այդ մեկ շաբաթում, կամ գիրքը որքան հաստ է՝ քանի էջ ունի, հեղինակը բա՞րդ է գրում, թե՞ պարզ։ Իսկ գրքերը կարող էին լինել ամենատարբեր ժանրերի և ժամանակաշրջանների։

Հայկը, լինելով հարազատների շրջանում հայտնի գրքասեր, ընդունվեց «Գրական ակումբ» և մոտակա ուրբաթ օրը գնաց առաջին քննարկմանը։ Այնտեղ ծանոթացավ Նարեկի հետ։ Նա մի հաղթանդամ, բարձրահասակ տղա էր, ժամանակակից սրտակերներին հատուկ արտաքինով ու տարօրինակ սովորություններով։

Ժամանակի ընթացքում նրանք մտերմացան ու տարիներ անց նրանց ընկերությունն արդեն կայուն էր։ Չնայած՝ ես չեմ հավատում դրան, չկա կայուն ընկերություն, չկա կայուն ինչ-որ բան, կյանքում միայն անկայունությունն է կայուն։ Կյանքը հենց կայուն անկայունություն է։ Ու դրանով էլ հետաքրքիր է։

Մի անգամ, երբ նրանք խոսում էին իրենց հոբբիներից, Նարեկն ասաց, որ հետաքրքրվում է հունարենով։

-Հունաստա՞ն ես ուզում մեկնել,- հարցական հայացքը նրան հառեց Հայկը։

-Չէ, ուղղակի սիրում եմ լեզուներ սովորել ու ավելի եմ ոգեշնչվում, երբ մտածում եմ՝ գուցե երբեք էլ չօգտագործեմ,- հեգնական ծիծաղով պատասխանեց Նարեկը։

Հայկին անիմաստ թվաց այդ գաղափարը։ Այնուամենայնիվ, Նարեկն ասաց, որ հաջորդ շաբաթվանից պիտի սկսի պարապմունքները։ Բայց Հայկը նրա այդ խոսքին էլ առանձնապես մեծ կարևորություն չտվեց։

Մի ուրբաթ օր, երբ նրանք նորից հանդիպեցին ակում-բում, Հայկն ասաց.

-Նա չքնաղ է, ես չեմ հավատում, որ իմ բախտն այդքան բերել է։

-Ու՞մ մասին ես խոսում։

-Կա մեկը։ Արդեն քանի գիշեր է՝ նրա մասին եմ մտածում,- հուսահատ ասաց Հայկը։

-Ո՞վ է նա, վաղու՞ց եք սկսել,- շփոթված արձագանքեց Նարեկը,- դե, այդ ձեր  հարաբերությունները։

-Ոչինչ էլ չենք սկսել, դեռ իրար կարգին չենք էլ ճանաչում, չգիտեմ՝ ինչպես մոտենամ,- տարակուսանքով ասաց Հայկը։

-Ես նրան ճանաչու՞մ եմ,- կտրուկ ասաց Նարեկը՝ սուր հայացք նետելով Հայկի դեմքի ոչ այնքան միանշանակ արտահայտությանը։

-Դե իհարկե ճանաչում ես՝ Սառան,- կարմրեց Հայկը այնպես, ասես ամոթալի մի բան բացահայտեց։

-Սառա՞ն, գրողը տանի, իրոք որ, դուք շատ հեշտ լեզու կգտնեք,- բացականչեց Նարեկը այնքան բարձր, որ թվաց՝ Սառան էլ լսեց,- ես վստահ եմ, ընկերս,- ասաց Նարեկը՝ թարթելով աչքերից միայն մեկը, ինչն անբնական թվաց Հայկին։

Սառան նույնպես «Գրական ակումբ»-ի անդամ էր՝ ամենաակտիվներից։ Վախենամ՝ Սառային նկարագրելիս կողմնակալ գտնվեմ, լավ կլինի՝ սահմանափակվեմ նրանով, որ նա անշուշտ շատ հմայիչ էր, դա բոլորը կարող էին փաստել։

«Գրական ակումբ»-ի մասնակիցները շատ էին հարգում միմյանց։ Թեկուզ միայն նրա համար, որ այդ ժամանակներում կարդացողներ շատ քիչ կային, իսկ նրանք գտել էին մարդկանց, որոնք կիսում էին իրենց գաղափարներն ու նախասիրությունները։ Այդ պատճառով իրական բարդություն չկար ծանոթանալու միմյանց հետ ու հետագա շփումն ապահովելու։

Հայկը կրթված տղա էր, լավ ընտանիքից, առանց վատ սովորությունների։ Այդ ամենի հետ մեկտեղ էլ սիրում էր Սառային, մնում էր՝ Սառան էլ սիրեր, իսկ Սառան փորձեց, նրան չխանգարեց անգամ այն փաստը, որ Հայկը տասը տարով մեծ էր իրենից։ Դա նրա համար աննորմալ չէր։ Ասում են՝ սերը տարիք չի հարցնում, բայց տասը տարվա դեպքում, գուցե, կարելի է մտածել, քանզի տարիքային տարբերությունը շատ է և եթե հիմա դա նշանակություն չունի, ապա հետո անխուսափելիորեն զգացնել կտա հարաբերություններում։

Հենց սրանից էր վախենում Հայկը՝ ապագայից, բայց, ի վերջո, որոշեց, որ ամեն ինչ իր ձեռքերում է։

Սառան էլ ամեն դեպքում փորձեց։

Comments