Chapter 2
Նախաբան
Մեր պատմությունը շատ վաղուց էր սկսվել՝ դեռ մինչ մեր ծնվելը։ Ամեն ինչ կանխորոշված էր հենց սկզբից։ Սկիզբը միշտ էլ մարդու ծնունդից առաջ է լինում․ ստեղծվում է ամեն ինչ՝ հույզեր, զգացմունքներ, ցասում, սեր, դավաճանություն, շահամոլություն։ Իսկ հետո ստեղծվում է մարդը՝ այն մեկը, ով պիտի պատասխան տա այն ամենի համար, ինչն իրենից առաջ է եղել։ Մասնավորապես որտեղից ինքն է սերում։ Մենք չենք որոշում՝ ինչպես ապրել, մենք չենք որոշում՝ երբ ապրել, ամեն ինչ որոշվում է նախօրոք։
Մայրս ու հայրս մի խճճված պատմության հերոսներ են։ Հերոսներ․․․ միշտ չէ, որ այս բառը լավի մասին նկարագրության նախապատրաստում է։ Արդյոք հերոսները նրա՞նք են, ովքեր հայրենիքն են պաշտպանում թշնամուց կամ նրանք, ովքեր իրենց կյանքում անհատական լուրջ արդյունքների են հասնում, թե՞ նրանք, ովքեր այդպես էլ ոչնչի չեն հասնում ու դրանից չարանում են դիմացինի հանդեպ, կամ գողերը, մարդասպանները, դավաճանները, հանցագործները․․․ Ո՛չ: Մենք բոլորս ենք հերոսներ, մարդն է հերոսը, իր կյանքի հերոսը, իր սեփական թատրոնի հերոսը։ Լա՞վ հերոս է, թե՞ վատ։ Հերոս է և վերջ։ Չէ՞ որ ոչինչ չի լինում բացարձակ ձևով։ Չէ՞ որ եթե մի բան կա, ուրեմն այն կա և վերջ։ Պետք է ընդունել իրականությունը՝ համընդհանուր իրականությունը։
Ծնողներիս պատմությունը ուզում եմ սկսել մի փոքր ավելի խորը կետից։ Մի կետից, որի մասին իրականում չեմ ուզում հիշել, բայց ինձ խոստացել եմ, որ սա վերջին անգամն է։ Մի բան, որ ես ինձ ամեն գիշեր էի խոստանում՝ կնոջս համբուրելու, բարի գիշեր մաղթելու և, հերթական ամենածայրահեղ անքուն գիշերվա հետևանքով, արդեն կախվածության վերածված, քնաբերի չափաբաժինն ընդունելու միջև եղած ժամանակահատվածում․ միջինում երեք ժամ։ Հենց այդքան էր ինձ հարկավոր ամեն գիշեր նույն որոշումը կայացնելու համար։ Երեք ժամ, որի անունն է միայն «երեք ժամ», իսկ ինչե՜ր կան դրա հետևում․․․ միայն ինձ է հայտնի և միայն ես կարող եմ զգալ։ Այդ պատճառով չեմ պատրաստվում բացատրել, կյանքիս մի մասը դարձած, այդ սոսկալի ժամերի խորհրդավորությունը։
Երբեմն ինձ թվում է՝ աշխարհում կատարվող ամենավատ բաները բոլոր մեղավորներին տանջում են գիշերը, ու հենց երեք ժամ, մինչև քնաբերի կործանիչ չափաբաժինը մթագնում է ուղեղը։ Եվ սկսում ես կարծել, թե երազում հանգիստ ու արդար աշխարհում ես լինելու։ Բանն այն է, որ երազն էլ հիմնված է հենց միայն մեր աշխարհի վրա։ Այդ մտքի վրա հիմնվելով ես միայն ընկալում՝ ելք չկա։