1. Քեզ ապրելու վերջին հատիկը

Chapter 6

1։1

-Որովհետև դու պիտի ինձ վարդեր նվիրեիր ու սիրո մասին սովորական խոսքեր ասեիր: Բայց մեզ կապողն էս գրողի տարած երիցուկներն են ու քո լռությունը:

Մոտենում է սեղանին ու սկսում է ուսումնասիրել երիցուկներով թափանցիկ ծաղկամանը: 

-Չե՞ս կարծում, որ նրանց ջուրը փոխելու ժամանակն է: 

-Չէ՛, Ջիյոնա՛, չի՛ կարելի: Կթառամեն ախր: Երիցուկների ջուրը փոխել չի կարելի: 

Սեղանից վերցնում է ծխախոտի տուփն ու սկսում հաշվել հատիկները, լավ է, որ այս անգամ հատիկները շատ են: Տուփից մի հատիկ է վերցնում ու վառում: Քայլում եմ դեպի Ջիյոնն ու ուղղում ծխախոտի հոտով վերնաշապիկի օձիքը:

-Ես էլ եմ երիցուկների նման, իսկ դու… դե… կարող ես ջուրը լինել: Ինչքան էլ, որ կեղտոտ լինես, բույրդ տարածվի սենյակներով ու անտանելի լինես, միևնույն է, եթե ինձ հեռու տանեն քեզնից, կթառամեմ: 

-Շատ լուսավոր տուն ունես, հոգնեցնող է: 

Մոտենում է պատուհանին ու փակում վարագույրները, անջատում է լույսն ու նստում բազմոցին: Ինչի՞ս է պետք լույսը, եթե Ջիյոնը կողքիս է: Նա մթության մեջ լույս է, այն կարմիր լույսը, երբ մթության մեջ ծխախոտի ծուխը ներս քաշելիս վառվում է: 

Պատրաստվում է հաջորդ ծխախոտը վառել: 

-Ջիյո՛ն, բավական է: 

Կրակայրիչը դնում է ձեռքերիս մեջ: Չէ՛, չի հրաժարվում ծխելուց, պարզապես ցանկանում է, որ ես վառեմ: Այդպես կարող ենք գոնե խաբել, որ սիրում ենք իրար: 

-Ջիյո՛ն`: 

Ջիյոնը երբեք չի արձագանքում, երբ իր անունն ես տալիս: Կարող ես ուղղակի նստել կողքին ու պատմել թաքուն պահած երազանքներդ, միևնույն է չի լսի, լսելու դեպքում էլ կձևացնի, թե ոչինչ էլ չի եղել: 

-Ես միշտ վառում եմ քո ծխախոտները, դու միշտ վառում ես ուրիշներինը: Դա է մեր իրար սիրելու տարբերությունը: 

-Միայն դա՞: 

-Մեկ էլ այն, որ ես ատում եմ սուրճը: 

-Վե՞րջ: 

Մոտենում եմ սեղանին ու մի կտոր նարինջ վերցնում: 

-Գիտե՞ս, Յո՛ն, երեկվա նարինջներ վաճառող տղան գեղեցիկ էր: Չի արձագանքում, իր համար աշխարհի բոլոր նարինջներ վաճառող մարդիկ էլ նույնն են, չէ՞ որ կարևորը նարինջն է, ոչ թե վաճառողը: 

-Նա բոլորովին քեզ նման չէր, շեկ մազեր ուներ: 

-Ու կապույտ աչքեր, չէ՞: 

Ձեքիցս վերցնում է նարինջն ու շարունակում ուտել: 

-Չգիտեմ: Աչքերին չնայեցի: 

-Հաստատ կապույտ կլինեն: 

Ու լռում ենք: Ո՛չ ինձ է հետաքրքիր նարինջներ վաճառող տղայի աչքերը, ո՛չ էլ Ջիյոնին: Ուրիշներին քննարկելը մեր մասին չխոսելու լավագույն տարբերակն է: Ու Ջիյոնը երբեք էլ չի հասկանա, որ ինձ համար ոչ թե աչքերի գույնն էր կարևոր, այլ քաղցր նարինջները: 

Մոտենում է, նստում կողքիս, ձեռքով հետ տանում կարմիր մազերս:

-Ջիյո՛ն, ցավեցնում ես: 

Բաց է թողնում երիցուկ հիշեցնող ականջօղերս ու կանգնում:

-Քեզ որտեղի՞ց այս ականջօղերը: 

-Մի կին է նվիրել, գիտե՞ս նա էլ կարմիր մազեր ուներ: 

Լռում է, քայլում է դեպի պատուհանը, բացում է պատուհանն ու սկսում նայել ժամացույցի տկտկոցի նման նյարդայնացնող այս քաղաքին: Մոտենում եմ, բայց համարձակությունս հերիքում է միայն կողքին կանգնել: Ջիյոնը սիրում է անձրևոտ եղանակները, իր նման մռայլ են ու զզվելի: Նայում է անձրևից փախչող մարդկանց ու ժպտում: Պարզապես իմ ու այս քաղաքի մարդկանց տարբերությունն այն է, որ ես չեմ կարող փախչել Ջիյոնի անձրևներից, Ջիյոնի անձրևները հորդառատ են, անձրևանոց ունենալու դեպքում էլ միևնույն է ուսերդ թրջվում են: 

-Ջիյո՛ն: 

Պտտվում է: Դադարել է աչքերիս մեջ նայել, գուցե իր համարձակությունն էլ երբեմն չի հերիքում, բայց չէ՞ որ նա Ջիյոնն է, նրա մոտ ցանկությունը միշտ գերազանցում է համարձակությանը, եթե չի ցանկանում նայել աչքերիս ուրեմն չի նայում: Եթե Ջիյոնին հարցնեին, թե ի՞նչ գույն են աչքերս, երևի կպատասխաներ, որ չգիտի կամ էլ «Ի՞նչ կարևոր են…»: Նա ինձ նման չի մտածում, երբեք Ջիյոնի մտքով չի անցնի, որ աչքերս սրճագույն են: Գնում է խոհանոց սկսում է դարակներում սուրճ փնտրել: 

-Ամենաբարձր դարակում է, Ջիյոնա՛: 

Բացում է դարակն ու վստահ եմ մտածում է, թե ինչու՞ է սուրճն ամենավերևի դարակում: Ինչի՞ս է պետք սուրճը ինձ հարմար վայրում պահել, միևնույն է չեմ օգտագործում: 

Վերցնում է իր սև բաժակն ու սկսում դարակում ինչ-որ բան փնտրել:

-Որտե՞ղ է բաժակդ: 

-Ինչի՞դ է պետք: 

-Քեզ համար սուրճ պիտի սարքեմ: 

-Ջիյո՛ն, ես ատում եմ սուրճի համը: 

Դարակից վերցնում է սպիտակ բաժակն ու մեջը մի գդալ սուրճ լցնում:

-Յո՛ն, ի՞նչ ես անում: 

Մեկնում է ինձ սուրճի բաժակն ու նստում աթոռին։ 

Սուրճի հոտն արդեն անտանելի է ինձ համար, ախր սա էլ հո Ջիյոնի բույրը չի, որ շնչելու դեպքում էլ ավելի խենթանաս նրա համար։ 

Ձեռքերով գրկում եմ բաժակն ու ինքս ինձ համոզում, որ հանուն Ջիյոնի ցանկության նույնիսկ այս սուրճը կարող եմ խմել։ 

Նստում եմ Ջիյոնի դիմաց։ Աչքերի փայլը կորել է, մազերն առաջվա նման չեն փակում աչքերը, ինչ-որ բան փոխվել է։ 

Վառում է ծխախոտն ու սկսում մեծ կումերով դատարկել սուրճի բաժակը։ Սուրճ խմելու առաջին փորձը ձախողում եմ։ Չեմ խմում։ Երանի Ջիյոնի դեպքում էլ այսպես լիներ։

Չսիրեի… 

-Յո՛ն։ 

Կանգնում է, թեյնիկը դնում է գազօջախին։ Կանգնում եմ ու մոտենում նրան։

-Մեր մեջ երբեք ոչինչ չի փոխվում։ Ես հոգնել եմ, Ջիյոնա՛։ Քո սառը հայացքից շունչս արդեն կտրվում է, անտանելի ես։ Քեզ հետ կապված ամեն բան զզվելի է դարձել։ Ես խեղդվում եմ, Յոնա՛։ Ինչու՞ ես լռում։ Խոսի՛ր։ Հոգնել եմ քո լռությունից։ 

-Ի՞նչ ես ուզում, որ ասեմ։ 

-Ասա՛, որ չես սիրում ինձ։ Դե՛, ասա՛։ Ի՞նչ ես կանգնել։ 

Ձայնիս տոների բարձրանալուն զուգահեռ արցունքներս շատանում են։

-Մի՞թե այդ սեր կոչվածը քեզ համար այդքան կարևոր է։ 

-Իսկ ի՞նչն է կարևոր։ Ես խեղդվում եմ, Ջիյոնա՛, կախվել ես ինձնից ու թույլ չես տալիս շնչել։ Ես գնում եմ։ 

-Սա քո տունն է։ 

Նրա սառը տոնն ավելի է բորբոքում իրավիճակը։ 

-Քո կյանքից եմ գնում։ 

-Չմոռանաս իրերդ էլ վերցնել։ 

-Ի՞նչ ես ուզում ինձնից։ 

-Դու ես այս պատերազմը սկսել։ Դու ես առաջինը սիրահարվել։ Պայմանավորվել էինք, չէ՞, որ չենք սիրելու իրար։ 

-Դու… Ջիյո՛ն… դու ախր այնքան իդեալական ես։ Քեզ համար հեշտ է ինձ չսիրել։ 

Ձայնս իջեցնում եմ, նստում եմ աթոռին ու սկսում մատներով խաղալ դեռ ինձ սպասող սուրճի բաժակի հետ։ 

-Քեզ համար հեշտ է ինձ չսիրելը։ Սիրելու դեպքում էլ դա երկար չի տևի։ Մոտենում է, ձեռքը դնում է այտիս, սկսում է ուղիղ աչքերիս մեջ նայել։

-Դու սիրո մասին սխալ պատկերացումներ ունես։ 

Էլ ավելի է մոտենում ու թեյնիկը խախտում է լռությունը։ Հետ է քաշվում, անջատում է գազօջախն ու գնում հյուրասենյակ։ 

Գնում եմ ու նստում կողքին։ 

-Յո՛ն, իսկ եթե կինդ չսիրի փակ վարագույրնե՞ր։ 

-Ես դրանք միշտ բաց կպահեմ։ 

-Երևի կինդ համարձակ կլինի, նրա համար քեզ սիրելն ավելի կարևոր կլինի, քան զուսպ լինելը։ Քո կինը ես չեմ լինի։

 

Վառում է ծխախոտը, հենվում է բազմոցին, փակում է աչքերն ու ես մոռանում եմ նրա բոլոր թերությունների մասին, բայց եթե համարձակությունս հերիքեր կասեի, որ քեզ այս մուգ կանաչ վերնաշապիկը չի սազում։ Կասեի, որ սև հագուստն իդեալական է քեզ համար ու որ աչքերիդ հետ սազում է։ Եթե համարձակությունս հերիքեր հետ կտանեի մազերդ ու կհամբուրեի ճակատդ։ 

Եթե համարձակությունս հերիքեր ձեռքիցդ կվերցնեի էս գրողի տարած ծխախոտն ու տեղն իմ ձեռքը կդնեի։ 

-Կպատմե՞ս ականջօղերիդ պատմությունը։

-Մի կին է նվիրել, գիտե՞ս, կարմիր մազեր ուներ։ Հիշում եմ, առաջին անգամ երբ հանդիպեցինք մազերը մինչև գոտկատեղ էին հասնում, ալիքավոր էին ու կապված սպիտակ ժապավենով։ Կապույտ շրջազգեստով էր, որը ծածկում էր ծնկները, սպիտակ վերնաշապիկ էր հագին ու սպիտակ կոշիկներ։

-Ու արծաթագույն պայուսակ ուներ, չէ՞։ 

-Որտեղի՞ց գիտես։ Յո՛ն, խոսի՛ր։ 

-Ուղղակի երբեմն դու էլ ես այդպես հագնվում, մտածեցի, որ հաստատ արծաթագույն պայուսակ կունենա։ 

-Պարզ է։ 

-Իսկ ի՞նչ եղավ այդ կնոջ հետ։ 

-Գաղափար չունեմ, միայն գիտեմ, որ նա հոգնել էր, Յո՛ն։ Աչքերը չէին փայլում։

Նայում եմ Ջիյոնին ու ամուր գրկում։ Իհարկե զարմանում է, չէ՞ որ համարձակությունս միշտ միայն կողքին կանգնելուն է հերիքել։

-Ջիյոնա՛, չեմ ուզում, որ լքես ինձ։ Ես խոստանում եմ վարագույրներս միշտ փակ պահել, դարակում երբեք չվերջացող սուրճ ունենալ ու միշտ սիրել քեզ։ -Խնդիրը հենց վերջին նախադասության մեջ է։ Միշտ սիրել քեզ…

-Դու նախկինում հոգեբուժ ես եղել, Յո՛ն։ Դա նշանակում է մարդկանց հոգիներ բուժել։ Ուրեմն, ինչու՞ իմ հոգին էլ չես բուժում։ 

-Գիտե՞ս, հոգեբուժարանում մարդիկ կային, որ այսպես էլ չէին բուժվում։ Նրանց ստեղծած աշխարհն ավելի ուժեղ էր, քան ցանկացած բուժում։ Դու էլ ես այսպիսին։ 

Բռնում է ձեռքս, նայում է աչքերիս. 

-Քեզ երբևէ ասե՞լ եմ, որ աչքերդ սրճագույն են։ 

Նորից հաղթում է։ 

Կյանքի դեպքում հեշտ է, երբ ծնվում ենք հաշիվը դառնում է 1։0 օգուտ կյանքի։ Պետք է այնպես ապրենք, որ մահանալուց առաջ հաշիվը հավասարվի` 1։1, այլապես, մահանալուց առաջ 2։0 կլինի։ Ու մենք կպարտվենք կյանքին։ Ջիյոնի դեպքում այս օրենքը չի գործում, նա միշտ է հաղթում։ Հաշիվը կորցնում ես ու հասկանում, որ դու միայն մեկ միավոր ունես այս կյանքում, դա դու ինքդ ես, իսկ Ջիյոնը բազմաթիվ միավորներ։ Մեր դեպքում 1։1 հաշիվը վտանգավոր կլիներ։ Ավելի լավ է զիջել Ջիյոնին բոլոր հնարավոր միավորներն ու հասկանալ, որ պարտվել ես, քան պայքարել Ջիյոնի《ես》-ի դեմ։ Որովհետև տվյալ դեպքում Ջիյոնի մոտ 《ես》է, իսկ քեզ մոտ 《նա》։

Comments