Chapter 1
I
Այնպես է ստացվել, որ ոսկեխույզների կյանքից վերցված ամեն մի պատմություն,— իսկ դա շատ ավելի ճշմարտապատում է, քան կարող է թվալ,— անպայման պետք է անհաջողության պատմություն լինի: Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք նայում իրերին: Քինկ Միտչելին և Հուտչինու Բիլլին, օրինակ, «անհաջողություն» բառը շատ մեղմ կթվար: Իսկ այն, որ նրանք շատ որոշակի կարծիք ունեին այդ մասին, հայտնի է ամբողջ Յուքոնում:
1896 թվականի աշնանը երկու ընկերներ դուրս եկան Յուքոնի արևելյան ափը և մամռապատ գաղտնարանից դուրս քաշեցին կանադական նեղ բայդարկան: Նրանց տեսքը այնքան էլ գրավիչ չէր: Նրանք, նիհար, տանջված ու ճղճղված, վերադառնում էին հետախուզական աշխատանքներում մի ամբողջ ամառ, կիսաքաղց ու զրկանքներով լի ամառ անցկացնելուց հետո: Նրանց վերևում դզզում էին մոծակների պարսերը, լուսապսակի պես բոլորելով գլուխները: Նրանց դեմքերը ծածկված էին երկնագույն կավի հաստ շերտով: Նրանք պատրաստ պահել էին մեկական գունդ հում կավ, թարմ կտորներ կպցնելով այն տեղերին, որտեղ կավը, չորանալով, թափվում էր: Ձայնի մեջ լսվող ջղագրգռությունն ու դժգոհությունը, և հետո էլ չափից դուրս կտրուկ շարժումները խոսում էին անհանգիստ գիշերների և թևավոր հորդաների դեմ մղված ապարդյուն պայքարի մասին:
Ջրի հոսանքը իր մեջ առավ նավակի քիթը, և այն կտրվեց ափից:
— Այս մոծակներն ինձ գերեզման կիջեցնեն,— հառաչեց Քինկ Միտչելը:
— Մի՛ վհատվիր, երիտասարդ, արդեն գրեթե հասել ենք,— պատասխանեց Հուտչինու Բիլլը շինծու կայտառությամբ, որից նրա ձայնը էլ ավելի շատ գերեզմանային երանգ ստացավ։— Քառասուն րոպե հետո կհասնենք Քառասուներորդ Մղոնին, և այն ժամանակ․․․ Էհ, գրո՛ղը տանի:
Մի ձեռքով թիակը բռնած, նա մյուսով շրմփացրեց վզին և, թունդ հայհոյելով, մի կտոր խոնավ կավ դրեց նոր կծածի վրա: Քինկ Միտչելը ծիծաղելու տրամադրություն չուներ: Ընկերոջը նայելով, նա վիզը պատեց կավի հաստ շերտով:
Նրանք նավարկեցին գետահունի լայնքով, իսկ այնուհետև նավակը շրջեցին և, հեշտությամբ շարժելով թիակները, գնացին հոսանքով ներքև, արևմտյան ափի երկարությամբ: Քառասուն րոպե հետո նրանք շրջանցեցին կղզյակը և լողացին՝ ձախ նավեզրով գրեթե քսվելով ափին: Հանկարծ նրանց առջև կանգնեց Քառասուներորդ Մղոն ավանը: Շտկվելով և թիակները թողնելով, նրանք դիտում էին իրենց աչքերի առջև բացված տեսարանը: Նավակը թողած հոսանքի կամքին, նրանք երկար և ուշադիր նայեցին: Նրանց դեմքերն արտահայտում էին տարակուսանք, որը աստիճանաբար սարսափի էր փոխարկվում: Գյուղի վերևում ոչ մի ծվեն ծուխ չկար, իսկ չէ որ այդտեղ մի քանի հարյուր փայտաշեն տնակ էր կանգնած: Ոչ թափով փայտի մեջ խրվող կացնի զնգոց, ոչ սղոցի խզխզոց, ոչ մուրճի հարված: Խանութի մոտ՝ ոչ շներ, ոչ մարդիկ, որոնք սովորաբար ուզածդ ժամին թրև էին գալիս այստեղ: Ափին ոչ մի շոգենավ, ոչ մի նավակ, ոչ մի լաստ: Ոչ մի նավ գետի վրա, գյուղում կյանքի ոչ մի նշան:
— Կարծես Գաբրիել հրեշտակապետն է իր փողը փչել այստեղ, իսկ ես ու դու էլ ուշացել ենք ներկայանալ,— նկատեց Հուտչինու Բիլլը:
Նա այնքան անտարբեր ասաց, կարծես ոչ մի արտասովոր բան չկար նրանում, ինչ նրանք տեսան: Իսկ Քինկ Միտչելը նրան պատասխանեց նույն տոնով, կարծես նա էլ բոլորովին չէր շփոթվել:
— Այո, բոլորն էլ բապտիստ են դարձել, վերցրել են նավակներն ու որոշել են ահեղ դատաստանի գնալ գետով, ասաց նա, արձագանքելով ընկերոջ կատակին:
— Իմ ծերուկը բապտիստ էր,— շարունակեց Հուտչինու Բիլլը,— և հավատացնում էր, թե ջրով այնտեղ գնալը քառասուն հազար մղոնով ավելի մոտիկ է, քան ցամաքով գնալը:
Սակայն կատակի ժամանակ չէր: Նրանք ափ հասան, դուրս եկան նավակից ու բարձրացան զառիթափը: Երբ հայտնվեցին ամայի փողոցներում, սարսռեցին: Ավանի վերևում հաշտ ու խաղաղ շողում էր արևը, թեթև քամին դրոշակաձողի պարանն էր թափահարում «Կալեդոնիա» սրճարանի փակ դռան առջև: Դզզում էին մոծակները, երգում լուսահավքերը, ուտելիք որոնելով ոստոստում էին սոված ճնճղուկները: Շուրջը մարդկային կյանքի նշույլ անգամ չկար:
— Սարսափելի ծարավ եմ,— ասաց Հուտչինու Բիլլը, ակամայից ձայնն իջեցնելով ու դարձնելով խռպոտ շշնջյուն։
Նրա ընկերը միայն լուռ գլխով արեց, կարծես վախենալով իր սեփական ձայնը լսել այդ անդորրության մեջ: Այսպես քայլում էին նրանք տագնապալի լռության մեջ և հանկարծ կանգնեցին կրնկի վրա բաց մի դռան առջև: Նրա վերևում ամբողջ պատի երկարությամբ ձգված էր կոշտ ու կոպիտ ներկված ցուցանակը՝ «Մոնթե-Կարլո» մակագրությամբ։ Իսկ դռան մոտ, լայնեզր գլխարկը աչքերին քաշած, աթոռի թիկնակին հենված նստել էր ինչ-որ մի մարդ ու տաքանում էր արևի տակ: Դա մի ծերունի էր: Ալեխառն երկար մազերը և մորուքը նահապետական տեսք էին տալիս նրան:
— Ախր սա ծերուկ Ջիմ Քամինգզն է: Երևում է նա էլ է ահեղ դատաստանից ուշացել,— ասաց Քինկ Միտչելը:
— Չեմ լսել. երևում է Գաբրիել հրեշտակապետն է իր փողը փչել,— ավելացրեց Հուտչինու Բիլլը:— Հե՜յ, Ջիմ: Արթնացի՛ր,— ձայն տվեց նա ծերունուն:
Սա մի ոտքի վրա հենվելով, վեր կացավ տեղից և, քնաթաթախ աչքերը թարթելով, մեքենաբար փնթփնթաց.
— Ի՞նչ կհրամայեք լցնել, տղե՛րք, ի՞նչ լցնել:
Նրանք ծերունու հետևից մտան տուն ու կանգնեցին երկար վաճառասեղանի մոտ, որի հետևում սովորաբար կես դյուժին ճարպիկ բուֆետապաններ հազիվ էին հասցնում սպասարկել այցելուներին: Միշտ այնքան աշխույժ և աղմկալի մեծ սրահում տխուր, գերեզմանային լռություն էր տիրում: Ոչ զառերն էին կտկտում, ոչ էլ ոսկրե գնդիկներն էին թեթև սվսվոցով գլորվում: Պտուտախաղի ու փարավոնի սեղանները ծածկված էին շորով և գերեզմանաքարեր էին թվում: Հարևան սենյակից, պարասրահից, կանացի ուրախ ձայներ չէին լսվում:
Ծերուկ Ջիմ Քամինգզը, դողդոջուն ձեռքերով բաժակը վերցնելով, սրբեց այն, իսկ Քինկ Միտչելը իր անվան ու ազգանվան առաջին տառերը գծեց փոշոտ վաճառասեղանի վրա:
— Իսկ որտե՞ղ են աղջիկները,— շինծու ուրախ ձայնով հարցրեց Հուտչինու Բիլլը:
— Գնացել են,— պատասխանեց ծեր բուֆետապանը: Նրա ձայնը նույնքան ծեր էր, որքան և ինքը, և նույնքան դողդոջուն ու անվստահ, որքան նրա ձեռքերը:
— Որտե՞ղ են Բիդուելն ու Բարլոուն:
— Գնացել են:
— Իսկ Սիութուոթեր Չարլի՞ն:
— Գնացել է:
— Իսկ նրա քո՞ւյրը:
— Նույնպես:
— Լավ, իսկ քո աղջիկ Սալլին ու իր երեխա՞ն:
— Գնացել են, բոլորն էլ գնացել են…
Ծերունին տխրությամբ գլուխն օրորեց և ցրվածությունից սկսեց վերադասավորել փոշեպատ շշերը:
— Ախր ո՞ւր են կորել դրանք, գրողը տանի,— վերջապես պայթեց Քինկ Միտչելը:— Չլինի՞ ժանտախտն է նրանց քշել այստեղից:
— Ուրեմն դուք ոչինչ չգիտե՞ք:— Ծերունին կամացուկ ծիծաղեց:— Բոլորը գնացել են Դոուսոն…
— Այդ ի՞նչ Դոուսոն է,— հարցրեց Բիլլը:— Գետակ է, բնակավա՞յր, թե՞ ինչ-որ մի նոր գինետուն:
— Մի՞թե դուք Դոուսոնի մասին չեք լսել:— Ծերունին նորից ծիծաղեց։— Ախր դա մի ամբողջ քաղաք է, մեր Քառասուներորդից էլ մեծ: Այո, սը՛ր, Քառասուներորդ Մղոնից էլ մեծ:
— Արդեն ութերորդ տարին է քարշ եմ գալիս այս տեղերում,— հատ-հատ խոսեց Բիլլը,— բայց, խոստովանում եմ, առաջին անգամ եմ այդպիսի քաղաքի անուն լսում: Գիտես ինչ, մի բաժակ էլ վիսկի լցրու: Ես, աստված վկա, պարզապես շշմել եմ քո նորություններից: Օրինակ, որտե՞ղ է գտնվում այդ Դոուսոնը:
— Հենց Քլոնդայկի գետաբերանի մոտ, հարթավայրում,— բացատրեց ծերուկ Բիլլը:— Իսկ դուք ամբողջ ամառը որտե՞ղ եք եղել:
— Քի՞չ տեղ կա լինելու,— նեղացած փնչացրեց Քինկ Միտչելը:— Այնտեղ, որտեղ մենք ենք եղել, մոծակների պատճառով այնքան մութն է, որ եթե ուզենաս արևին նայել, իմանալ, թե ժամը քանիսն է, ստիպված ես փայտդ վերև բարձրացնել ու խառնել: Ճի՞շտ եմ ասում, Բիլլ:
— Ճիշտ է, ճիշտ,— հաստատեց Բիլլը:— Ի դեպ, հենց այդ Դոուսոնի մասին, Ջիմ, պատմիր, թե ինչ բան է դա:
— Գետակ է, անունը Բոնանզա. ամեն մի վաքին մի ունցիա ոսկի, իսկ երակին դեռ չեն հասել:
— Իսկ ո՞վ է գտել այդ հանքը:
— Կարմակը:
Այս անունը լսելիս ընկերները ծայրահեղ ափսոսանք արտահայտող հայացքներ փոխանակեցին և բազմանշանակալից աչքով արեցին իրար:
— Սիվաշ Ջո՜րջը,— փնչացրեց Հուտչինու Բիլլը:
— Որը հնդկուհու հե՞տ էր կապվել,— արհամարհանքով քմծիծաղեց Քինկ Միտչելը:
— Պատկերացնում եմ, թե նա ինչ կարող էր գտնել: Մի բան, որի համար չարժե մոքասիններ մաշել:
— Ես էլ եմ այդպես կարծում,— ասաց Քինկը։— Չտեսնված ծույլ է. իր համար սաղմոն էլ չի բռնի: Իզուր չէ, որ նա բարեկամացել է հնդկացիների հետ: Երևի նրա կեղտոտ փեսան էլ,— անունը Սկուքում Ջիմ է, ի՛նչ է,— նա՞ էլ է այնտեղ գնացել:
Ծեր բուֆետապանը գլխով արեց:
— Դե իհարկե, այնտեղ է նետվել ամբողջ Քառասուներորդը, բացի ինձնից ու մի երկու-երեք հաշմանդամներից:
— Եվ հարբեցողներից,— ավելացրեց Քինկ Միտչելը:
— Օ՜, ոչ,— խիստ առարկեց ծերուկը:
— Երբեք չեմ հավատա, որ ծերուկ Հոնքինսը նրանց հետ գնացած լինի:
— Մի բաժակ վիսկի եմ առնում, թե նա այստեղ չէ,— բարձրաձայն ու վստահ ասաց Բիլլը:
Ծերուկ Ջիմի դեմքը պայծառացավ:
— Եվ տանո՛ւլ տվեցիր, Բիլլ: Վիսկին առնում ես:
— Իսկ ինչպե՞ս է այդ պառավ սպունգին հաջողվել դուրս գալ Քառասուներորդ Մղոնից,— հարցրեց Միտչելը:
— Ահա թե ինչպես. կապկպեցին ու գցեցին նավակի մեջ,— բացատրեց ծերուկ Ջիմը:— Մտան ուղղակի այստեղ, նրան դուրս քաշեցին անկյունում դրված այս բազմոցի միջից, և մի երեք հարբածների էլ դուրս բերեցին դաշնամուրի տակից: Բան եմ ասում, ամբողջ ավանն է դուրս եկել Յուքոն ու գնացել դեպի Դոուսոն, ասես սատանա էր հետևներից ընկել: Կանայք, երեխաները, ծծկերները՝ բոլորը: Ինձ մոտ է գալիս Բիդուելը և ասում. «Դու, ասում է, Ջիմ, աչքդ «Մոնթե-Կարլոյի» վրա պահիր, իսկ ես գնացի»: Իսկ ես նրան ասում եմ. «Իսկ Բարլոուն որտե՞ղ է»: «Գնացել է, ասում է, ես էլ եմ գնում: Վիսկու պաշար եմ վերցնում.— և հայդա՛ նրա հետևից»: Ասաց և ինչքան ոտքերումն ուժ կար՝ վազեց դեպի նավակը, կատաղածի պես գործի դրեց դարձաձողանը, նույնիսկ ինձնից չհարցրեց էլ՝ համաձայն եմ, թե չէ: Եվ ահա նստած եմ այստեղ: Չորրորդ օրն է ոչ ոքի համար վիսկի չեմ լցրել: Դուք առաջինն եք:
Ընկերները իրար նայեցին:
— Սատանան տանի իմ կոճակները,— բացականչեց Հուտչինու Բիլլը:— Ամեն անգամ հենց որ ապուր են բաժանում, ես ու դու գդալի փոխարեն պատառաքաղով ենք գալիս:
— Այո՛, Բիլլ, մարդ պարզապես թևաթափ է լինում,— հաստատեց Քինկ Միտչելը:— Ծույլերի, հարբեցողների և դատարկապորտների ուխտագնացություն է:
— Եվ սքվոյի սիրահարների,— ավելացրեց Բիլլը:
— Ամբողջ ընկերությունում մի կարգին գործ անող չկա: Կարգին գործ անողները, ինչպիսին ես ու դու ենք,— շարունակեց նա խրատական տոնով,— բոլորը քրտինք մտած աշխատում են Կեչու գետակում: Իսկ Դոուսոն գնացած այդ ամբողջ խաժամուժի մեջ ոչ մի իսկական գործ անող չկա: Եվ ահա թե ինչ կասեմ՝ ես մի քայլ անգամ չեմ անի այդ Կարմակի հայտնաբերածի համար: Մինչև այդտեղի ոսկու երեսը չտեսնեմ՝ տեղիցս շարժվողը չեմ:
— Այդ է, որ կա,— համաձայնեց Միտչելը:— Արի մի-մի բաժակ էլ խմենք:
Իրենց որոշման կենացը խմելով, նրանք նավակը ափ հանեցին, իրերը փոխադրեցին իրենց տնակը և սկսեցին ճաշ եփել: Սակայն աստիճանաբար անհանգստությունը տիրեց նրանց: Նրանք սովորել էին անապատային տարածությունների լռությանը, բայց ավանում տիրող գերեզմանային լռությունը նյարդայնացնում էր: Նրանք հանկարծ նկատում էին, որ լարել են լսողությունը՝ հույս ունենալով ծանոթ ձայներ լսել, սպասելով, ինչպես Բիլլը արտահայտվեց, որ «ուր որ է, ինչ-որ բան կաղմկի, բայց ոչինչ չի աղմկում»: Նրանք նորից ամայի փողոցներով հասան մինչև «Մոնթե Կարլո», նորից մի-մի բաժակ խմեցին և գնացին նավահանգիստ, որտեղ միայն ջուրն էր ճողփում, զարնվելով ափին, և մեկ էլ երբեմն-երբեմն, թեփուկները արևի տակ փայլեցնելով, սաղմոնն էր դուրս թռչում գետից:
Խանութի առջև ստվերի մեջ նստելով, նրանք զրույցի բռնվեցին հիվանդ խանութպանի հետ. սա հաճախ արյուն էր թքում և այդ իսկ պատճառով էլ չէր համարձակվել գնալ մյուսների հետ: Բիլլը և Քինկը նրան ասացին, որ մտադիր են ամռան լարված աշխատանքից հետո նստել տանն ու հանգստանալ: Նրանք կասկածելի համառությամբ ծերունուն նկարագրում էին պարապ կյանքի հմայքները, չգիտես՝ կամենալով նրան համոզել իրենց մտադրության անկեղծության մեջ, թե վիճաբանության մեջ քաշել նրան: Բայց խանութպանը միանգամայն անտարբերությամբ էր լսում նրանց: Նա անընդհատ խոսքը շուռ էր տալիս Քլոնդայկում հայտնաբերված նոր ոսկու հանքի վրա, և նրանք ոչ մի կերպ չէին կարողանում ծերուկին շեղել այդ թեմայից: Նա որևէ ուրիշ բանի մասին չէր կարող ոչ խոսել, ոչ էլ մտածել: Վերջապես, Հուտչինու Բիլլը չհամբերեց ու վեր թռավ տեղից:
— Գրողը տանի ձեր այդ Դոուսոնը,— սրտնեղած ճչաց նա:
— Այդ է, որ կա,— պաշտպանեց նրան Քինկ Միտչելը, հանկարծ աշխուժանալով:— Ձեզ որ լսենք՝ ապա դա իրոք որ իսկական գործ է և ոչ թե դեղնակտուց նորեկների ու ամեն տեսակ դատարկապորտների սովորական արշավ:
Այդ պահին մի երկար, նեղ նավակ երևաց գետի վրա, որը լողում էր հենց ափի մոտով, հոսանքին հակառակ: Նրա մեջ երեք մարդ կար կանգնած, որոնք երկար դարձաձողանների օգնությամբ հաղթահարում էին ջրի արագ հոսքը:
— Սյորքլից են գալիս,— ասաց խանութպանը:— Իսկ ես նրանց կեսօրից շուտ չէի սպասում: Չէ որ Քառասուներորդը հարյուր յոթանասուն մղոնով ավելի մոտ է Դոուսոնին... Տեսնում ես, ի՛նչ քաջն են, անտեղի ժամանակ չեն վատնում:
— Իսկ մենք հանգիստ կնստենք ու կնայենք, թե նրանք ինչպես են աշխատում,— ինքնագոհ ասաց Բիլլը:
Նա իր խոսքը դեռ չէր ավարտել, երբ հայտնվեց երկրորդ նավակը, իսկ նրա հետևից, փոքր հեռավորության վրա, ևս երկուսը: Այդ ժամանակ առաջին նավակը հավասարվեց ափին նստած մարդկանց: Ուղևորները, պատասխանելով ողջույններին, շարունակում էին շարժել դարձաձողանները, և որքան էլ որ դանդաղ էր առաջ գնում նրանց նավակը, այնուամենայնիվ կես ժամ անց աչքից չքացավ:
Իսկ նոր նավակները շարունակում էին գալ իրար հետևից, անվերջ շարանով: Բիլլը և Քինկը հարաճուն անհանգստությամբ հետևում էին նրանց: Նրանք թաքուն կերպով քննախույզ հայացքներ էին նետում իրար վրա, և երբ նրանց աչքերը հանդիպում էին, շփոթված փախցնում էին: Վերջապես նրանք ուղիղ իրար նայեցին:
Քինկը բերանը բացեց և ուզեց ինչ-որ բան ասել, բայց հանկարծ խոսելու ունակությունը կորցրեց, և այդպես էլ մնաց բերանը բաց՝ աչքերը ընկերոջը հառած:
— Ես էլ եմ այդպես կարծում,— ասաց Բիլլը:
Շփոթված ժպտալով, լուռ համաձայնությամբ նրանք վեր կացան ու գնացին: Նրանք աստիճանաբար արագացնում էին քայլերը, այնպես, որ երբ տնակին էին մոտենում, գրեթե վազում էին:
— Այսպես թե այնպես՝ ժողովուրդը շատ է... Ոչ մի րոպե չի կարելի կորցնել,— շուտասելուկի պես վրա տվեց Քինկը, մի ձեռքով բանկայով թթուն իջեցնելով ճաշամանի մեջ՝ բակլան եփելու համար, իսկ մյուսով վերցնելով թավան և սրճամանը:
— Դե իհարկե...— լսվեց Բիլլի խուլ ձայնը տաք շորերով լիքը պարկից, որի մեջ նա թաղվել էր մինչև ուսերը։— Հա, սոդան չմոռանաս, Քինկ, թարեքի վրա է, վառարանի մոտի անկյունում:
Կես ժամ անց, նրանք արդեն նավակը ջուրն էին իջեցնում և բեռնում՝ մարդկային թուլության և վարակիչ «ոսկու տենդի» վերաբերյալ խանութպանի ծաղրալից շաղակրատանքների ներքո: Սակայն երբ Բիլլը և Քինկը երկար դարձաձողանները ջուրն իջեցրին և, դրանցով գետի հատակին հենվելով, սկսեցին նավակը հրել ջրի հոսանքն ի վեր, խանութպանը ձայն տվեց նրանց հետևից.
— Բարի վերադարձ, տղե՜րք: Հաջողություն եմ ցանկանում: Հա, չմոռանաք մի երկու հողակտոր էլ ինձ համար սյունանշել...
Սրանք եռանդուն գլխով արեցին, խղճահարություն զգալով այս մարդու նկատմամբ, որը ճակատագրի կամքով հարկադրված էր մնալ:
Քինկը և Բիլլը այնպես էին քայլում, որ քրտինքը հեղեղի պես թափվում էր նրանց վրայից: Սուրբ գրքի՝ Հեռավոր Հյուսիսում ուղղված ու լրացված տարբերակի համաձայն, հաջողությունը բաժին էր ընկնում արագոտներին, հայտարքը` ուժեղներին, իսկ նրանց աշխատանքի պտուղը, որպես հանքերի վարձակալման վճար՝ թագավորական գանձարանին: Քինկը և Բիլլը պատկանում էին արագոտների և ուժեղների դասին: Նրանք արահետով առաջ էին շարժվում արագ, լայն-լայն քայլերով, որով և հուսահատության էին մատնում երկու նորեկներին, որոնք իզուր փորձում էին հասնել նրանց հետևից: Հետևում, մինչև Դոուսոն (որտեղից գործավորները, նավակները թողած, ոտքով էին առաջ գնում) ձգվում էին սյորքլյան առաջավոր խմբերը: Դեռևս գետի վրա Քինկին և Բիլլին հաջողվեց առաջ անցնել բոլոր նավակներից․ դոուսոնյան գետախորշին հասնելով, նրանք իրենց նավիրանի չափով առաջ անցան առաջին նավակից, իսկ հետո, ցամաքում, շատ հեռու թողեցին նրա ուղևորներին:
— Օհո՜: Փոշու ամպ է բարձրանում, և ուրիշ ոչինչ չի երևում,— ծիծաղեց Հուտչինու Բիլլը, ճակատից սրբելով աղի քրտինքը և նայելով անցած ճանապարհին:
Ծառերի հետևից արահետ դուրս եկան երեք տղամարդիկ: Նրանց հետևից կրնկակոխ գալիս էին ևս երկուսը, իսկ որոշ հեռավորության վրա երևացին մի տղամարդ և մի կին:
— Դե մի՛ դանդաղիր, Քինկ: Թափով գնա:
Բիլլը քայլերն արագացրեց. Միտչելը ետ նայեց, այս անգամ արդեն ավելի հանգիստ:
— Գրողը տանի, համա թե սլանում են:
— Իսկ սա արդեն իրենն առել է,— ասաց Բիլլը, մատնացույց անելով ճամփեզրը:
Այնտեղ, ծանր շնչելով, հոգնատանջ մի մարդ էր պառկել մեջքի վրա: Նրա դեմքը սարսափելի էր, արյունով լցված աչքերը ծածկվել էին ապակե շղարշով. թվում էր, թե նա վերջին շնչումն է:
— Չեչակո է,— փնչացրեց Քինկ Միտչելը, և այդ բառի մեջ արտահայտվեց վետերանի ամբողջ արհամարհանքը նորեկի նկատմամբ, որը հանքերը գնալիս, բլիթ թխելու համար արհեստական թթխմոր է վերցնում հետը, չգոհանալով սոդայով:
Ոսկեխույզների սովորույթներին հավատարիմ գործընկերները որոշեցին առաջին հողամասից ներքև գնալ գետի հոսանքով և հայտարքը ավելի հեռվում անել: Սակայն ծառի վրա «Ստորին 81-րդ» նշանը տեսնելով, որ նշանակում էր՝ գտնված առաջին ցրոնքից ամբողջ ութ մղոն ներքև, մտքները փոխեցին: Նրանք այդ ութ մղոնն անցան երկու ժամում: Սպանիչ, չլսված բան է այդպիսի ծանր ճանապարհի համար: Ճամփին ուժասպառ ընկած տասնյակ մարդիկ էին հանդիպում: Նրանք հասան առաջին հողամասին, որը «Գտնվածք» էր կոչվում: Բայց այստեղ էլ նրանց չհաջողվեց որևէ հաստատ բան իմանալ վերին հոսանքի մասին: Կարմակի փեսան՝ Հնդկացի Սկուքում Ջիմը, մի թեթև լսել էր, թե իբր գետակը երեք մղոն երկարության վրա ամբողջությամբ բաժանված է արդեն: Իսկ երբ Քինկը և Բիլլը գետի հոսանքն ի վեր ութերորդ մղոնի վրա ընկած 79-րդ վերին հողամասի սահմանները ցույց տվող նշանները տեսան, ցած բերեցին իրենց ուսապարկերը և նստեցին ծխելու: Նրանց բոլոր ջանքերն իզուր անցան: Բոնանզան գրավված էր ամբողջությամբ՝ գետաբերանից մինչև ակունքը:
— Մի ողջ տեղ չեն թողել,— գանգատվում էր Բիլլը երեկոյան, երբ նրանք, «Գտնվածքի» մոտ վերադառնալով, Կարմակի տնակում ապուխտ էին տապակում և սուրճ եփում վառարանի վրա։— Բլուրներն ինչ է՝ այն էլ են բաժանել:
— Իսկ դուք այ այն ջրափոսը փորձեցեք,— հաջորդ առավոտյան նրանց առաջարկեց Կարմակը:
«Այն ջրափոսը» մի լայն գետակ էր, որը Բոնանզայի մեջ էր թափվում «Վերին 7-րդ» հողամասի մոտ: Ընկերները խորհուրդը լսեցին հանքերի վետերանների վեհ արհամարհանքով դեպի այն մարդը, որը հնդկուհու հետ էր կապվել, և այդ խորհրդին հետևելու փոխարեն, ամբողջ օրն անցկացրին Ադամի գետակի վրա, որը, նրանց կարծիքով, ավելի շատ բան էր խոստանում: Բայց թե այստեղ էլ նույն պատմությունը կրկնվեց. հայտարքները ձգվում էին մինչև հորիզոն:
Կարմակը երեք օր համառորեն կրկնեց իր խորհուրդը, և նրանք էլ երեք օր արհամարհանքով վերաբերվեցին նրան: Սակայն չորրորդ օրը, քանի որ ուրիշ բան չէր մնում անել, նրանք որոշեցին զննել «այն ջրափոսը»: Նրանք գիտեին, որ այդտեղի համար հայտարք չկար գրեթե, բայց թե իրենք էլ այնտեղ հայտարքի սյուն տնկելու ոչ մի ցանկություն չունեին։ Նրանք այնտեղ գնացին, որպեսզի միայն հանգստացնեն իրենց ջղագրգռությունը: Այդ ժամանակ նրանք արդեն անհուսալի, ցինիկ կասկածամտության իշխանության տակ էին: Նրանք ծաղրում ու ծանակում էին բացարձակապես ամեն ինչ, կռվի բռնվելով իրենց պատահած գրեթե ամեն մի նորեկ չեչակոյի հետ:
Քսաներեք համարի վրա հայտարքները վերջացան: Դրանից այն կողմ հոսանքն ի վեր գետակն ազատ էր:
— Իշայծյամի արոտավա՜յր,— փնչացրեց Քինկ Միտչելը։
Բայց Բիլլը հանդիսավոր կերպով հինգ հարյուր ոտք չափեց ափի երկարությամբ և ծառերի վրա փորվածքներ արեց՝ հողամասի սահմանները նշանագծելու համար: Մոմարկղի տախտակի վրա գրեց և ամրացրեց հողամասի կենտրոնում գտնվող ծառի վրա:
ՍՈՒՅՆ ԻՇԱՅԾՅԱՄԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Է ՏՐՎՈՒՄ
ԴԵՂՆԱԿՏՈՒՑ ՉԵՉԱԿՈՆԵՐԻՆ ՈՒ ՇՎԵԴՆԵՐԻՆ
Բիլլ Ռեյդեր
Քինկը մակագրությունը կարդաց և հավանություն տվեց։
— Ես էլ ճիշտ այդպես էի մտածում: Թերևս, ես էլ կստորագրեմ:
Եվ հայտարարության տակ հայտնվեց Չարլզ Միտչելի ստորագրությունը:
Այդ օրը մեծ թվով խստադեմ ոսկեխույզներ ժպտացին, տեսնելով հանքային սրամտության այդ նմուշը. այն շատ դուր եկավ նրանց։
— Հը՞, ինչպե՞ս է այն ջրափոսը,— հարցրեց Կարմակը, երբ նրանք ճամբար վերադարձան:
— Կորչի ջրափոսը,— պատասխանեց Հուտչինու Բիլլը:— Ես ու Քինկը որոշել ենք գնալ Ոսկու Հանքը գտնելու: Մի քիչ կհանգստանանք ու ճամփա կընկնենք:
«Ոսկու հանք» էին անվանում լեգենդային գետակը, ոսկի որոնողի երազանքը. ասում էին, թե իբր այնտեղ՝ գետակի հատակին ոսկու այնպիսի հաստ շերտ կա, որ ստիպված ես խճաքարի ողողումը փողրակների մեջ կատարել: Սակայն կարճատև դադարքի ժամանակ, որ գործընկերները իրենց թույլ տվեցին անել ճանապարհ ընկնելուց առաջ, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը նրանց ստիպեց որոշ չափով փոխել իրենց պլանները: Դա ծանոթությունն էր շվեդ Անս Հենդերսոնի հետ:
Անս Հենդերսոնը ամռանը վարձակալությամբ աշխատել էր Միլլերի հանքում, որը Վաթսուներորդ Մղոնից այն կողմ է ընկած. ամռան վերջին նա, ի թիվս հարյուրավոր ուրիշ անտուն թափառաշրջիկների, որոնք ոսկու տենդով էին բռնված, հասավ Բոնանզայի ափերը: Դա մի բարձրահասակ, չոր ու ցամաք տղամարդ էր՝ նախնադարյան մարդու նման երկար ձեռքերով: Աշխատանքից կոշտուկներով պատած նրա ափերը երկու խոր ափսեների էին նման: Շարժումները հանդարտ էին, խոսակցությունը դանդաղ, և երկնագույն աչքերում, որոնք նույնքան բաց գույնի էին, որքան և ծղոտագույն մազերը, թվում էր, թե երկնային երազանքն էր ննջում, և ոչ ոք չգիտեր, թե ինչ երազանք էր դա. ավելի քիչ գիտեր հենց ինքը: Նա, հավանաբար, երազողի տպավորություն էր գործում իր չափազանց, կարելի է ասել, անհեթեթ միամտության պատճառով: Համենայն դեպս այսպիսին էր հասարակ մարդկանց կարծիքը նրա մասին, իսկ Քինկ Միտչելը և Հուտչինու Բիլլը հենց այդպիսիների շարքին էլ պատկանում էին:
Ընկերները ամբողջ օրը հյուր եղան սրա-նրա մոտ ու բամբասեցին, իսկ երեկոյան հավաքվեցին մեծ վրանում, որտեղ «Մոնթե Կարլոն» էր ժամանակավորապես տեղավորվել: Ոսկեխույզներն այստեղ հանգիստ էին տալիս իրենց հոգնած ոսկորներին՝ բաժակը մեկ դոլարով գարշելի վիսկին գլուխները քաշելով: Քանի որ միակ վալյուտան ոսկու ավազն էր, իսկ այն միշտ «ի միջի այլոց» էին կշռում, ապա մի բաժակ վիսկին նույնիսկ մի դոլարից էլ թանկ էր նստում: Բիլլը և Քինկը չէին խմում: Այս չափավորությունը գլխավորապես բացատրվում էր նրանով, որ դեպի կշեռքը կատարվող բազմաթիվ էքսկուրսիաներն արդեն նրանց առանց այն էլ լղարած տոպրակի ուժից վեր էին:
— Գիտես ինչ, Բիլլ, թվում է, թե ինձ հաջողվել է մի չեչակո ձեռք գցել և մի պարկ ալյուր առնել նրանից,— ուրախ հայտարարեց Միտչելը:
Բիլլը ուրախացավ: Ուտելիք ճարելը հեշտ չէր, իսկ նրանք քիչ պաշար ունեին դեպի Ոսկու Հանքը կատարելիք արշավի համար:
— Ալյուրի ֆունտը մի դոլարով է վաճառվում,— պատասխանեց նա։— Հետաքրքիր է, թե ինչ հնարքով ես վճարելու դրա համար:
— Շատ հասարակ ձևով. մեր հողամասի կեսը կզիջեմ:
— Ո՞ր հողամասի,— զարմացավ Բիլլը և անմիջապես հիշելով այն հողամասը, որն իրենք «չեչակոներին ու շվեդներին» էին տրամադրել, ծոր տվեց,— հա-ա՜…
— Իսկ ես ժլատություն չէի անի,— ավելացրեց նա։— Ամբողջ հողամասն էլ տուր. թող իմանա, թե որքան բարի ենք մենք:
Քինկը գլուխն օրորեց…
— Այդ դեպքում նա, թերևս, էլ ավելի կվախենա և ետ կկանգնի: Ես նրան հավատացրել եմ, թե իբր մեր հողամասը հարուստ հողամաս է համարվում, և մենք կեսը զիջում ենք սոսկ այն բանի համար, որ ուտելիքի պաշարի խիստ կարիք ունենք: Իսկ երբ մենք վերջնականապես համաձայնության կգանք, այն ժամանակ կարելի է այդ ամբողջ գանձարանը նրան նվիրել:
— Տես որ դրանից առաջ ուրիշները չճանկեն նրան,— առարկեց Բիլլը: Հողամասը մի պարկ ալյուրով փոխելու միտքը, այնուամենայնիվ, դուր եկավ նրան:
— Չէ, չէ, ոչ ոք էլ հողամասը չի զբաղեցրել,— հավատացրեց Քինկը։— Այն հաշվի է առնված քսանչորս համարի տակ: Չեչակոները ամեն ինչ լուրջ են ընդունել և սկսել են սյունանշել այն տեղից, որտեղ մեր հողամասն է վերջանում: Արդեն բլուրներն էլ են բարձրացել: Ես այստեղ մի երիտասարդի հետ եմ խոսել. նա նոր է այնտեղից վերադարձել, հազիվ է ոտքերը քարշ տալիս:
Այդ պահին նրանք առաջին անգամ լսեցին Անս Հենդերսոնի դանդաղ, հատ-հատ խոսակցությունը:
— Այդ տեղն ինձ դուր է գալիս,— ասում էր նա բուֆետապանին:— Ուզում եմ հայտարք ներկայացնել:
Գործընկերները իրար նայեցին, և զարմացած ու շնորհակալ շվեդը մի քանի րոպե վիսկի էր խմում երկու անծանոթների հետ, որոնց սրտի համար խորթ էր ամեն մի թուլություն: Բայց որքան էլ որ ամուր էին նրանց սրտերը, այնուամենայնիվ շվեդի գլուխը ավելի ամուր դուրս եկավ: Ոսկե ավազով տոպրակը, Քինկ Միտչելի հոգատար հայացքի ուղեկցությամբ, արդեն մի քանի ուղերթ էր կատարել դեպի կշեռքը, սակայն Անս Հենդերսոնի լեզուն ոչ մի կերպ չէր բացվում: Նրա աչքերում, որ երկնագույն էին, ինչպես ծովը ամռան օրերին, առկայծում էր վերերկրային երազանքը. սակայն ոչ թե վիսկին, որ նա կուլ էր տալիս այնքան զարմանալի ճարպկությամբ, այլ ոսկու, փորձնական ողողումների վերաբերյալ պատմություններն էին վառել այդ կրակը: Գործընկերները հուսահատվելու վրա էին, բայց ուրախ ու զվարթ էին պահում իրենց:
— Դու, բարեկամս, մի՛ քաշվիր,— բխկալով ասաց Բիլլը և թմփթմփացրեց Անս Հենդերսոնի ուսը:— Էլի խմիր: Մենք այսօր Քինկի ծննդյան օրն ենք նշում: Սա իմ ընկեր Քինկն է, Քինկ Միտչելը: Իսկ քո անունն ի՞նչ է:
Շվեդը պատասխանեց, և Բիլլի ձեռքը թափով իջավ Քինկի ուսին, որը շփոթված ժպտում էր, ինչպես վայել է տոնախմբության պատճառին: Անս Հենդերսոնը զվարթացավ և ամբողջ երեկոյի ընթացքում առաջին անգամ մեկական բաժակ վիսկի լցնել տվեց երկուսի համար: Ավելի ուշ, երբ դերերը փոխվեցին, զգույշ և խնայող շվեդը արտասովոր առատաձեռնություն ցուցաբերեց: Տոպրակը, որից նա վճարեց հյուրասիրելու համար, բավական պատկառելի տեսք ուներ: «Թերևս մի ութ հարյուր դոլար կկշռի» — մտքում հաշվեց Քինկը, մի ագահ հայացք գցելով տոպրակի վրա: Դրանից ոգևորված, նա մի հարմար պահ գտավ և դեմ առ դեմ խոսեց Բիդուելի՝ խանութի ու գարշելի վիսկիի տիրոջ հետ:
— Լսիր, Բիդուել,— ասաց նա այն բարեկամական վստահությամբ, որով մի վետերանը դիմում է մյուսին,— մեկ երկու օրով մի հիսուն դոլար լցրու տոպրակիս մեջ, իսկ մենք՝ ես ու Բիլլը, պարտքի տակ չենք մնա:
Տոպրակի ուղերթները դեպի կշեռքը հաճախակի դարձան, և Քինկի լույս աշխարհ գալու առիթով տոնախմբությունը է՛լ ավելի աշխուժացավ: Քինկը ուրախությունից սկսեց Հենրի Բիչերի վերաբերյալ ոսկի որոնողների ավանդական երգը երգել, բայց սխալվեց և, շփոթությունը թաքցնելու համար, նորից հյուրասիրեց բոլորին: Նույնիսկ Բիդուելը մեծարեց նորածնին, մի երկու անգամ հյուրասիրելով ներկա գտնվողներին. Բիլլը և Քինկն արդեն բավականաչափ քեֆով էին, մինչդեռ Անս Հենդերսոնի կոպերը նոր էին սկսել ծանրանալ և նոր էր կամաց-կամաց բացվում լեզուն:
Բիլլը զգացվել էր և ավելի ու ավելի անկեղծ էր դառնում: Նա իր բոլոր թշվառություններն ու վշտերը պատմեց կրպակի տիրոջը, ընդհանրապես ամբողջ աշխարհին և մասնավորապես Անս Հենդերսոնին: Այդ դերի համար նա նույնիսկ դերասանական տաղանդի կարիք չզգաց: Գարշելի վիսկին իր գործն անում էր: Նա խղճահարությամբ համակվեց իր ու Քինկի նկատմամբ և երբ սկսեց պատմել, թե ինչպես իրենք մթերքի պակասության պատճառով ստիպված են իրենց խիստ արժեքավոր հողամասի կեսը ծախել, լաց եղավ՝ անկեղծ արցունք թափելով: Քինկն ինքը, նրան լսելով, հուզվում էր:
— Իսկ ինչքա՞ն եք մտադիր վերցնել,— հարցրեց Անս Հենդերսոնը, և ագահության կրակը բռնկվեց նրա աչքերում:
Բիլլն ու Քինկը հարցը չլսեցին և Հենդերսոնին ստիպեցին կրկնել: Նրանք ակնհայտորեն խուսափում էին պատասխանից: Շվեդը ավելի ու ավելի էր տաքանում: Օրորվելով ամբողջ մարմնով, ձեռքերով վաճառասեղանը բռնած, նա ագահորեն լսում էր յուրաքանչյուր բառը, որ մի կողմ քաշված փոխանակում էին նրանք, վիճելով ու խորհրդակցելով կեղծ շշնջյունով՝ ընդհանրապես վաճառե՞ն հողամասը, թե ոչ, և ի՞նչ գին ուզեն դրա համար:
— Երկու հարյուր... հիսուն,— վերջապես հայտարարեց Բիլլը:— Միայն մենք կարծում ենք, որ թերևս, չարժե հողամասը վաճառել:
— Եվ, գրողը տանի, ճիշտ եք մտածում, եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ,— պաշտպանեց նրան Բիդուելը:
— Այդ է, որ կա,— ավելացրեց Քինկը։— Մենք բարեգործական ընկերություն չենք, որ ունեցվածքներս աջ ու ձախ բաժանենք. ով ուզում է թող գա՝ շվեդներ, սպիտակամորթներ, բոլորը:
— Կարծում եմ՝ էլի կխմենք,— ասաց Անս Հենդերսոնը բխկալով և խելամտորեն ընդհատելով գործարար խոսակցությունը, այն հաշվով, որպեսզի ավելի հարմար առիթով վերսկսի:
Ահա այդ ժամանակ էր, որ բարենպաստ պահը մոտեցնելու նպատակով գործի դրվեց նրա տոպրակը, գնալ-գալով նրա գրպանի ու կշեռքի միջև: Քինկը և Բիլլը համառում էին, բայց վերջ ի վերջո սկսեցին զիջել նրա հորդորանքներին: Որոշ զսպվածություն ցուցաբերելու հերթը հասավ շվեդին: Խիստ օրորվելով և չընկնելու համար Բիդուելից բռնելով, նա հարցրեց.
— Ինչ եք կարծում, սրանց հետ, այս մարդկանց հետ կարելի՞ է գործ բռնել:
— Ի՜նչ խոսք,— կրքոտությամբ պատասխանեց Բիդուելը:— Հարյուր տարի է ճանաչում եմ նրանց: Հուսալի տղաներ են: Երբ նրանք հողամասը վաճառում են, ուրեմն վաճառում են: Սրանք նրանցից չեն, որ անտեղի առևտուր են անում:
— Ես ուզում եմ գնել,— հայտարարեց Անս Հենդերսոնը երկու ընկերներին, անհաստատ քայլերով մոտենալով նրանց:
Բայց այդ ժամանակ նա արդեն ամբողջովին երազանքի իշխանության տակ էր և պահանջ դրեց՝ բոլորը կամ ոչինչ: Հուտչինու Բիլլը իրոք վշտացավ: Նա հայհոյանքների մի ամբողջ տարափ տեղաց չեչակոների ու շվեդների խոզային ագահության առթիվ. իր ճառի շարունակության մեջ նա մի քանի անգամ գլուխը կախ գցեց և անհասկանալի թոթովեց: Սակայն, Քինկից կամ Բիդուելից մի հարված ստանալով, նա ուշքի էր գալիս և հայհոյանքների ու անեծքների մի նոր տարափ տեղում:
Այդ ամբողջ ժամանակ Անս Հենդերսոնը մնում էր անվրդով։ Քինկի ամեն մի նոր հարձակման հետ հողամասի արժեքը բարձրանում էր շվեդի աչքում: Այն, որ տերերը այդքան ակնհայտ կերպով չէին ցանկանում հողամասը զիջել, միայն մի բան կարող էր նշանակել, և նա խիստ թեթևություն զգաց, երբ Հուտչինու Բիլլը բարձրաձայն խռմփոցով գլորվեց հատակին և կարելի էր բանակցել նրա ավելի մեղմաբարո գործընկերոջ հետ:
Քինկ Միտչելը համակերպվող մարդ դուրս եկավ, թեև թվաբանության մեջ մի փոքր կաղում էր: Աղի արցունք թափելով, նա համաձայնում էր կամ հողամասի կեսը ծախել երկու հարյուր հիսուն դոլարով կամ ամբողջը՝ յոթ հարյուր հիսունով: Իզուր էին Անս Հենդերսոնը և Բիդուելը փորձում ցրել կոտորակներով գործողությունների վերաբերյալ նրա սխալ պատկերացումները: Քինկը լաց ու կոծ էր անում, արցունքներով ողողելով վաճառասեղանն ու զրուցակցի ուսերը, բայց ոչինչ չսասանեց նրա հաստատ համոզմունքը, որ եթե կեսը երկու հարյուր հիսուն դոլար արժե, ապա երկու կեսը պետք է երեք անգամ ավելի թանկ լինի:
Վերջապես,— և պետք է ասել, որ նույնիսկ Բիդուելը միայն աղոտ կերպով էր հիշում, թե ինչով վերջացավ այդ գիշերը,— կնքվեց մի պայմանագիր, որի համաձայն Բիլլ Ռեյդերը և Չարլզ Միտչելը հրաժարվում էին այն հողամասի նկատմամբ բոլոր իրավունքներից, որը «24-րդ Էլդորադո» անունն է կրում: Այսպես սկսեց կոչվել գետակը ինչ-որ մի լավատես չեչակոյի թեթև ձեռքով:
Երբ Քինկը ստորագրեց պայմանագիրը, երեքով սկսեցին քաշքշել Բիլլին: Նա երկար ժամանակ, գրիչը ձեռքին, օրորվում էր փաստաթղթի վրա, և նրա ամեն մի շարժումի հետ Անս Հենդերսոնի աչքերում կամ բռնկում, կամ հանգչում էր կախարդական երազանքը: Երբ վերջապես թանկարժեք ստորագրությունը վավերացրեց պայմանագիրը, և ավազը մի տոպրակից մյուսն անցավ, նա լիաթոք շնչեց ու ձգվեց սեղանի տակ, ուր և բարեպաշտի քնով քնեց մինչև առավոտ:
Բացվեց մռայլ ու ցուրտ օրը. շվեդն արթնացավ վատ տրամադրությամբ: Նրա ձեռքը բնազդորեն մեկնվեց դեպի հետևի գրպանը՝ ստուգելու, թե արդյո՞ք չի անհետացել ավազով տոպրակը: Տոպրակը կասկածելիորեն լղարիկ էր: Շվեդի գլխում խլրտացին անցած գիշերվա հիշողությունները: Խռպոտ ձայների աղմուկը վերջապես արթնացրեց նրան: Աչքերը բացելով, նա դուրս նայեց սեղանի տակից: Ինչ-որ երկու ոսկեխույզ զրուցում էին իրար հետ: Նրանք բոլորից շուտ էին արթնացել, և հնարավոր է, որ չէին քնել ճանապարհին անցկացրած գիշերից հետո: Նրանք բարձրաձայն իրենց զայրույթն էին հայտնում Էլդորադո գետակի միանգամայն անպետք լինելու առթիվ: Ավելի ու ավելի հուզվելով, Անս Հենդերսոնն սկսեց գրպանները քրքրել և դուրս քաշեց «24-րդ Էլդորադո» հողամասի պայմանագիրը:
Իսկ մի տասը րոպե հետո ինչ-որ մեկն սկսեց քաշքշել Հուտչինու Բիլլին և Քինկ Միտչելին, որոնք վերմակների մեջ փաթաթված, քնել էին: Նրանց գլխավերևում կանգնել էր խելագար աչքերով շվեդը և նրանց աչքն էր խոթում ծուռ ու մուռ գրոտված ու վրան մի քանի տեղ թանաք թափած մի թղթակտոր:
— Ուզում եմ փողերս ետ վերցնել,— փնթփնթում էր նա։— Ուզում եմ ետ վերցնել:
Նրա աչքերում արցունքներ էին փայլում, հեկեկանքը խեղդում էր կոկորդը: Նա չոքել էր այդ երկուսի առջև, համոզում էր նրանց, աղաչում, իսկ արցունքներն անընդհատ գլորվում էին նրա այտերն ի վար: Բիլլն ու Քինկը չէին ծիծաղում. նրանք այնքան էլ անխիղճ մարդիկ չէին:
— Կյանքումս առաջին անգամ եմ պատահում մարդու, որը իր խոսքը ետ է վերցնում և գործարք կնքելուց հետո նվնվում,— ասաց Բիլլը:— Եվ պետք է ասեմ, որ դա նույնիսկ ինչ-որ տարօրինակ է:
— Այդ է, որ կա,— ասաց Քինկ Միտչելը:— Հանքերում հողամաս գնելը հավասար է ձի գնելուն. ետ վերադարձնել չես կարող:
Նրանց զարմանքը միանգամայն անկեղծ էր: Նրանք երբեք իրենց թույլ չէին տա նվնվալ արդեն կնքված գործարքի առթիվ, ուստի և չէին կարող ներել մեկ ուրիշի այդպիսի փոքրոգությունը։
— Խե՜ղճ չեչակո,— փնթփնթաց Հուտչինու Բիլլը, նայելով Անս Հենդերսոնի հետևից, որը վհատված հեռացավ:
— Բայց չէ որ մենք Ոսկու Հանքին դեռ չենք հասել,— ուրախ հիշեցրեց Քինկ Միտչելը:
Նույն օրը երեկոյան, Անս Հենդերսոնի ոսկով առասպելական գին վճարելով ալյուրի և ապուխտի համար, նրանք բլրաշարքով գնացին Քլոնդայկի և Հնդկական գետի միջև ընկած գետակների ուղղությամբ:
Իսկ երեք ամիս հետո, ձնաբքի թունդ պահին, երկու հոգի վերադառնում էին նույն բլրաշարքով և ընկան դեպի «24-րդ Էլդորադո» հողամասը տանող արահետը: Նրանք բոլորովին պատահականորեն ընկան այստեղ: Նրանց մտքով էլ չէր անցնում գտնել իրենց հին հայտարքը: Ձնաբքի պատճառով ոչ մի բան տեսնել հնարավոր չէր, և միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն կանգնած էին իրենց նախկին հողամասում, բուքը փոքր-ինչ հանդարտվեց, ու նրանք տեսան այն հանված հողակույտը, որի վրա փայտե ճախարակ էր դրված: Ինչ-որ մեկը պտտեցնում էր ճախարակը: Նրանք տեսան, թե ինչպես նա բարձրացրեց խճաքարով լցված դույլը և շուռ տվեց հանված հողաշերտի վրա: Նրանք տեսան նաև մեկ ուրիշ մարդու, որը խճաքարով էր լցնում վաքը: Այդ մարդը աղոտ կերպով հիշեցնում էր ինչ-որ մեկին: Նա երկար ձեռքեր ուներ և ծղոտի գույնի մազեր: Բայց հենց որ նրանք սկսեցին մոտենալ այդ մարդուն, սա շրջվեց, վերցրեց վաքը և սրընթաց ներս վազեց տնակ: Նրա հապճեպությունը հասկանալի էր: Նրա գլխին գլխարկ չկար, իսկ ձյան փաթիլները ներս էին ընկնում նրա օձիքից: Բիլլը և Քինկը վազեցին նրա հետևից և մտան տնակ: Մարդը չոքել էր վառարանի մոտ և ջրով լիքը տաշտակի մեջ ողողում էր վաքը:
Նա լսեց, որ ինչ-որ մեկը ներս մտավ, բայց շատ էր զբաղված և նրանց վրա ուշադրություն չդարձրեց: Նրանք կանգնել էին հետևում ու նայում էին նրա ուսի վրայով: Մարդը շրջագիծ կազմող ճարպիկ շարժումով թափահարում էր վաքը, ժամանակ առ ժամանակ կանգ առնելով, որպեսզի մատներով հանի խճաքարի ամենախոշոր կտորները: Տակառի ջուրը պղտոր էր, և նրանք չէին կարող տեսնել, թե ինչ կար վաքի մեջ: Բայց մարդը հանկարծ մի կտրուկ շարժումով վաքը դուրս քաշեց և տակառի ջուրը թափեց: Խնոցու յուղի նման դեղին թանձրուք երևաց հատակին: Հուտչինու Բիլլը թուքը կուլ տվեց: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ փորձնական ողողումը այդքան ոսկի կարող էր տալ...
— Որսը վատ չէ, բարեկամ,— ասաց նա խռպոտ ձայնով։— Քո կարծիքով՝ ինչքա՞ն կլինի այստեղ:
Անս Հենդերսոնը, առանց գլուխը բարձրացնելու, պատասխանեց.
— Կարծում եմ, մի հիսուն ունցիա կլինի:
— Նշանակում է՝ դու չափազանց հարուստ ես:
Հափշտակված խճաքարի մանրագույն հատիկները հանելով ու դեռևս գլուխը կախ, Անս Հենդերսոնը պատասխանեց.
— Կարծում եմ մի հինգ հարյուր հազար կունենամ:
— Օհո՜,— ասաց Հուտչինու Բիլլը, և նրա ձայնի մեջ ակնածանք կար:
— Այդ է, որ կա, Բիլլ. օհո՜,— ասաց Քինկ Միտչելը:
Նրանք կամացուկ դուրս եկան տնակից ու դուռը ծածկեցին։