1. ՄՆԱՔ ԲԱՐՈՎ

Chapter 1

I

— Դե՜, կենտրոնի՛ դեպուտատ. առա՛ջ: Անհրաժեշտ է շտապել, եթե ցանկանում ենք մյուսների հետ միասին հասնել ճաշասեղանին: Ցատկի՛ր, մարկիզ, այն կողմից, այդպես լա՛վ է: Դուք ակոսներն անցնում եք իսկական եղջերուի նման: Այս խոսքերն արտասանեց մի որսորդ, որը նստած Իլ-Ադամի անտառի եզրին, հանդարտորեն վերջացնում էր Հավանայի իր սիգարը, սպասելով ընկերոջը, որն անկասկած, երկար ժամանակ անտառի մացառուտներում մոլորվել էր: Նրա մոտ կանգնած չորս հևացող շները նույնպես նայում էին այն անձնավորությանը, որին ուղղված էին այդ խոսքերը:

Որպեսզի հասկանալի լինի, թե որքան ծաղրական էին ընդհատումներով կրկնվող այս ակնարկությունները, պետք է ասել, որ մյուս որսորդը հաստլիկ ու կարճահասակ մարդ էր, որի ցցուն փորը ցույց էր տալիս իսկական մինիստրական գիրություն: Այնպես որ նա հազիվ էր կարողանում մեծաքայլ անցնել նոր հնձված ընդարձակ արտի ակոսների միջով, որի ծղոտները սաստիկ խանգարում էին նրան քայլելիս: Բացի այդ, ի լրումն նրա տանջանքների, արևի շողերը շեշտակի զարնվելով նրա դեմքին, այնտեղ հավաքում էին քրտինքի խոշոր կաթիլներ և հավասարակշռությունը պահելու համար, նա երբեմն դեպի ետ և երբեմն դեպի առաջ էր թեքվում, այդպիսով նմանվելով ուժգնորեն ցնցվող կառքի:

Այդ մեկն էր այն օրերից, որոնք սեպտեմբեր ամսվա ընթացքում արևադարձային տապով արագացնում են խաղողների հասունանալը: Եղանակը փոթորիկ էր գուշակում։ Թեև կապույտի բազմաթիվ մեծ տարածություններ հորիզոնում դեռևս բաժանում էին խոշոր սև ամպերը, այնուամենայնիվ, երևում էր, թե ինչպես շառագույն ամպերը սոսկալի արագությամբ առաջանում էին և գորշավուն թեթև մի վարագույր էին փռում արևմուտքից արևելք: Քամին օդի բարձր ոլորտներում էր շարժվում, և մթնոլորտը դեպի հովիտներն էր մղում գետնի կիզիչ գոլորշիները: Որսորդն անցնում էր ձորակով, որը շրջապատված էր բարձր ծառերով, որոնք օդից զրկում էին այն և որտեղ հնոցի ջերմություն էր զգացվում: Հրատոչոր և լուռ անտառը, կարծես թե ծարավ էր: Թռչունները և միջատները համր էին, և ծառերի կատարները հազիվ էին խոնարհվում:

Նրանք, որոնք հիշում են 1819 թվականի ամառը, անշուշտ պիտի կարեկցեին տեսնելով տվայտանքները խեղճ աստիճանավորի, որը քրտնաթոր ուզում էր հասնել իրեն ծաղրող ընկերոջը: Վերջինս, ծխելով իր սիգարը, արևի դիրքից հաշվել էր, որ երեկոյան մոտավորապես ժամը հինգը կլիներ:

— Ո՞ր սատանայի ծոցն ենք ընկել,— ասաց հաստլիկ որսորդը, սրբելով ճակատը և հենվելով բացատի մի ծառին, գրեթե իր ընկերոջ դիմաց, որովհետև զգում էր, որ իրենց բաժանող փոսի վրայից ցատկելու ուժ չունի այլևս:

— Ի՞նձ եք հարցնում,— ծիծաղելով պատասխանեց զառիվայրը պսակող բարձր ու դեղնած խոտերի մեջ պառկած որսորդը:

— Երդվո՛ւմ եմ սուրբ Հյուբերով,— բացականչեց նա իր սիգարի մնացորդը նետելով փոսի մեջ,— որ ուրիշ անգամ երբեք ռիսկ չեմ անի անծանոթ վայրում մի դատավորի հետ թափառել, մինչև անգամ եթե նա լինի կոլեջի իմ վաղեմի ընկերը:

— Բայց, Ֆիլի՛պ, ուրեմն դուք այլևս ֆրանսերեն չեք հասկանում: Անկասկած դուք ձեր խելքը թողել եք Սիբիրում,— պատասխանեց հաստլիկ մարդը՝ ցավագնորեն կոմիկ մի հայացք գցելով հարյուր քայլ հեռվում գտնվող ուղեցույց սյան վրա:

— Հասկանում եմ,— պատասխանեց Ֆիլիպը, որը հանկարծ ոտքի կանգնեց, վերցրեց իր հրացանը, մի ոստյունով սլացավ դաշտ և ուղղվեց դեպի ուղեցույց սյունը:

— Այս կողմով, դ՚Ալբոն, այս կողմով, կիսադարձ դեպի ձախ,— ձայն տվեց նա իր ուղեկցին, ժեստով ցույց տալով նրան մի լայն և սալահատակված ճանապարհ:— Բայեի ճանապարհն է դեպի Իլ-Ադամ,— հարեց նա,— այս ուղղությամբ մենք կգտնենք Կասանի ճամփան, որը պետք է ճյուղավորվի Իլ-Ադամի1 ճանապարհին:

— Այդ ճիշտ է, գնդապե՛տ,— ասաց դ’Ալբոնը, գլխին դնելով գլխարկը, որով նա հովհարում էր երեսը:

— Դե՜, ուրեմն, առա՛ջ, իմ հարգարժա՛ն խորհրդական,— պատասխանեց գնդապետը սուլելով շներին, որոնք, ինչպես երևում էր, արդեն նրան ավելի շատ էին հնազանդվում, քան դատավորին, որին պատկանում էին:

— Գիտե՞ք, պարոն մարկիզ,— հեգնորեն վրա բերեց ծաղրասեր զինվորականը,— որ դեռևս երկու մղոնից ավելի ունենք անցնելու: Հեռվում երևացող գյուղը Բայենը պետք է լինի:

— Աստվա՜ծ իմ,— գոչեց մարկիզ դ՚Ալբոնը,— գնացե՛ք Կասան, եթե այդ կարող է ձեզ հաճելի լինել, սակայն դուք կգնաք մենակ: Իսկ ես կնախընտրեմ սպասել այստեղ, հակառակ մոտալուտ փոթորկի, մինչև որ դուք ինձ համար մի ձի ուղարկեք դղյակից: Դուք ինձ ձեռ առիք, Սյուսի՛։ Կասանից չհեռանալով, մենք ավելի հաջող և լավ որս կանեինք ինձ ծանոթ վայրերում: Մինչդեռ, ահա այսպես, զվարճանալու փոխարեն, առավոտյան ժամը չորսից սկսած, քերծեի նման վազեցրիք ինձ, և մենք այժմ նախաճաշելու համար միայն երկու բաժակ կաթ ունենք: Ա՜հ, եթե երբեք մի օր դատական ատյանում դատ ունենաք, ես այնպես կանեմ, որ դուք այն կորցնեք, թեկուզ հարյուր անգամ իրավացի լինեք...

Եվ որսորդը վհատված նստեց ճանապարհի սահմանաքարերից մեկի վրա, որ գտնվում էր ուղեցույց սյան տակ, մի կողմը դրեց իր հրացանը, դատարկ որսապարկը ու երկար հառաչանք արձակեց:

— Ֆրանսիա՛, ահա քո դեպուտատները,— գոչեց գնդապետ Ֆիլիպ դը Սյուսին ծիծաղելով:— Ա՜հ, իմ խեղճ դ՚Ալբոն, եթե դուք էլ ինձ պես վեց տարի գտնվեի՜ք Սիբիրի խորքերում...— նա չվերջացրեց, աչքերը բարձրացրեց դեպի երկինք, որպես թե իր դժբախտությունները գաղտնիք լինեին իր և աստծո միջև:

— Դե՜, քայլեցե՛ք,— ավելացրեց նա,— եթե այսպես նստած մնաք, կորած եք:

— Ի՞նչ եք ուզում, Ֆիլիպ, սա շատ հին սովորություն է դատավորի մոտ: Պատիվս վկա, ես սաստիկ ուժասպառ եմ եղել, գոնե մի նապաստակ սպանեի:

Երկու որսորդները բավականին հազվագյուտ հակադրություն էին ներկայացնում: Դատավորը քառասուներկու տարեկան էր, բայց երեսունից ավելի չէր երևում: Մինչդեռ զինվորականը երեսուն տարեկան էր, բայց առնվազն քառասուն տարեկանի տեսք ուներ: Նրանք, երկուսն էլ, զարդարված էին շքանշանի կարմիր վարդաձև ժապավենով, շքանշան, որ տրվում է «Պատվո լեգեոնի» ասպետներին:

Գնդապետի գլխարկի տակից խույս էին տալիս անծեղի փետուրի նման սպիտակախառն սև մազափնջեր: Խարտյաշ, գանգուր և գեղեցիկ մազերի խոպոպները պճնում էին դատավորի քունքերը։ Մեկը բարձրահասակ էր, չոր, նիհար, ջղուտ, և սպիտակ դեմքի խորշոմները մատնում էին սարսափելի կրքեր, կամ ահավոր վշտեր ու դժբախտություններ: Մյուսը՝ էպիկուրյանին արժանի զվարթություն և առողջությունից փայլող դեմք ուներ: Երկուսն էլ կիզվել ու սևացել էին արևից: Շեկ կաշվից երկար սռնապանները կրում էին անցած բոլոր ճահճուտների խանդակների հետքերը:

— Գնա՛նք,— գոչեց պարոն դը Սյուսին,— առա՛ջ: Մի ժամ քայլելուց հետո կլինենք Կասանում, մի ճոխ սեղանի շուրջը:

— Երևի դուք երբեք չեք սիրել,— պատասխանեց խորհրդականը, խղճալիորեն կոմիկ մի արտահայտությամբ,— և նույնքան անգութ եք, որքան պատժական օրենսգրքի 304-րդ հոդվածը:

Ֆիլիպ դը Սյուսին ուժգնորեն ցնցվեց: Նրա լայն ճակատը ծածկվեց կնճիռներով, իսկ դեմքը դարձավ այնքան մուգ, ինչպես մթին էր երկինքն այդ պահին: Թեև դառն ու ահավոր մի հիշողություն կնճռոտեց նրա դիմագծերը, բայց չարտասվեց: Ուժեղ շատ մարդկանց նման նա գիտեր իր հույզերը ետ մղել դեպի սրտի խորքը, և գուցե գտնում էր, ինչպես շատ անբիծ բնավորություններ, որ անհամեստություն կլիներ իր վշտերը քողազերծել, երբ մարդկային ոչ մի խոսք չի կարող վերարտադրել դրանց խորությունը, և երբ վախենում ես այն մարդկանց ծաղրից, որոնք չեն ուզում դրանք հասկանալ:

Պարոն դ՚Ալբոնը մեկն էր այն նրբին հոգիներից, որոնք գուշակում են վշտերը և խորապես զգում այն հուզումը, որ ակամա հարուցել են որևէ անտակտությամբ: Նա հարգեց իր բարեկամի լռությունը, վեր կացավ, մոռացավ իր հոգնածությունը, լռությամբ հետևեց նրան, վշտացած այն բանի համար, որ անզգուշորեն հպել էր մի վերքի, որը հավանաբար դեռ չէր սպիացել:

— Մի օր, բարեկա՛մ, — ասաց նրան Ֆիլիպը, սեղմելով նրա ձեռքը և սրտամորմոք նայվածքով շնորհակալություն հայտնելով անխոս զղջման համար,— մի օր, ես քեզ կպատմեմ իմ կյանքի պատմությունը, այսօր չեմ կարող:

Նրանք շարունակեցին լռությամբ քայլել: Երբ թվաց, թե գնդապետի վիշտը փարատվել է, խորհրդականը դարձյալ զգաց իր հոգնածությունը, և ավելի բնազդով, քան թե գիտակցական ցանկությամբ, նրա հոգնաբեկ աչքերը սկսեցին խուզարկել անտառի խորքերը: Նա զննեց ծառերի կատարները, քննեց ծառուղիները, հուսալով գտնել այնտեղ մի ապաստարան, որտեղ կարելի լիներ հյուրընկալվել: Հասնելով մի քառուղու, նրան թվաց, որ ծառերի միջից բարձրանում է թեթև մի ծուխ: Կանգ առավ, նայեց մեծ ուշադրությամբ և թավուտի միջև տեսավ մի քանի սոճիների կանաչ և մուգ ճյուղերը:

— Տո՜ւն, տո՜ւն,— բացականչեց նա մի այնպիսի ուրախությամբ, ինչպես նավաստին կգոչեր՝ «Ցամա՜ք, ցամա՜ք»:

Հետո արագորեն նետվեց բավական խիտ մացառուտի միջով, իսկ գնդապետը, որը խորասուզվել էր խորունկ մտորումների մեջ, մեքենաբար հետևեց նրան:

— Ես գերադասում եմ այստեղ գտնել ձվածեղ, տնական հաց և մի աթոռ, քան թե գնալ Կասան2՝ փնտրելու փափուկ դիվաններ, գետնասունկ ու Բորդոյի գինի:

Խանդավառ այդ բացականչությունը դուրս պրծավ խորհրդականից, երբ նա հեռվում, անտառի բազմառատ կոճղերի արանքից տեսավ սպիտակավուն մի պատ:

— Ա՜հ, ա՜հ, կարծես թե սա մի հին վանատուն է,— նորից բացականչեց մարկիզ դ’Ալբոնը, հասնելով մի հնաձև սև վանդակորմի, որտեղից նա կարողացավ տեսնել բավական ընդարձակ պուրակի մեջ մի շենք, այնպիսի ոճով կառուցված, որ հին ժամանակ հատուկ էր վանական հուշարձաններին:

— Այդ անպիտան աբեղաները ինչպես լա՜վ գիտեն հարմարավետ վայրեր ընտրել։

Այս նոր բացականչությունն արտահայտությունն էր այն զարմանքի, որ դատավորին պատճառում էր նրա աչքերի առջև բացվող այդ բանաստեղծական մենաստանը: Տունը գտնվում էր զառիվայրի կեսին, լեռան լանջին, իսկ գագաթում՝ Ներվիլ գյուղն էր: Անտառի դարավոր ու մեծ կաղնիները այս բնակության շուրջը ընդարձակ մի շրջանակ էին կազմում և իսկական մենաստան էին դարձնում այն: Բուն շենքը, մի ժամանակ աբեղաների հատկացված՝ արևահայաց դիրք ուներ, իսկ պուրակը՝ մոտավորապես քառասուն արպան տարածություն: Տան մերձակայքում տարածվում էր կանաչ, գեղեցիկ մի մարգագետին, խիստ վարպետությամբ բաժանված վճիտ առվակներով և շնորհալիորեն ու առանց առերևույթ արվեստականության դասավորված ավազաններով: Այստեղ ու այնտեղ բարձրանում էին վայելչաձև, սաղարթախիտ, կանաչ ծառեր: Ահա ճարտարորեն պատրաստված քարանձավներ, միաձույլ ճեմելիքներ, որոնք իրենց ավերված աստիճաններով ու ժանգոտած բազրիքներով յուրահատուկ տեսք էին տալիս այս վայրի Թեբայիտին:

Արվեստն այնտեղ վայելչագեղորեն միացրել էր իր կառուցումները բնության ամենագեղատեսիլ կերտումների հետ: Թվում էր, թե մարդկային կրքերը պետք է մահանային այս հսկայական ծառերի ստորոտում, որոնք արգելում էին աշխարհի աղմուկների մերձեցումն այս ապաստարանին, ինչպես այնտեղ մեղմում էին արևի կիզիչ ճառագայթները:

— «Ի՜նչ անկարգություն»,— շշնջաց պարոն դ՚Ալբոնը, վայելելով այն մթին տպավորությունը, որ ստացվում էր այդ ավերակների պեյզաժից, որն ասես անեծքով էր դրոշմված: Դա նմանվում էր մարդկանց կողմից լքված աղետալի մի վայրի: Բաղեղն ամենուրեք տարածել էր իր փարթամ ճյուղերն ու իր ճոխ ծածկույթը: Դարչնագույն, դեղին, կարմիր և կանաչ մամուռները փռել էին իրենց ռոմանտիկ երանգները ծառերի, նստարանների, տանիքների և քարերի վրա: Որդնոտած պատուհանները մաշվել էին անձրևից և քանդվել՝ ժամանակի ընթացքում:

Պատշգամբները ջարդված էին, ճեմելիքները քանդված: Մի քանի վանդակափեղկեր կանգնել էին միայն իրենց ծխնիներից մեկի վրա: Իրարից անջատված դռները չէին կարող այլևս դիմադրել որևէ հարձակողի: Անխնամ թողնված պտղատու ծառերի ճյուղերը տարածվում էին հեռու, առանց բերք տալու: Ծառուղիներում աճել էին բարձր խոտեր:

Այս բոլոր բեկորները թողնում էին զմայլելի մի բանաստեղծության տպավորություն և անրջային պատկերացումներ հարուցում դիտողի հոգու մեջ: Բանաստեղծը այնտեղ խորասուզված կմնար երկարատև մելամաղձոտության մեջ, հիանալով այդպիսի ներդաշնակ անկարգության վրա, այդ ավերածության վրա, որ զուրկ չէր գրավչությունից: Այդ պահին արևի մի քանի ճառագայթներ երևացին ամպերի ճեղքվածքից, հազարավոր գույների ցայտքերով լուսավորեցին կիսավայրենի այս տեսարանը: Գորշ կղմինդրները փայլփլեցին, քարաքոսերը շողացին, ֆանտաստիկ ստվերներ շարժվեցին մարգերի վրա, ծառերի տակ, մեռած գույները կենդանացան, սուր հակադրությունները բախվեցին, տերևները լույսի մեջ անջատվեցին: Հանկարծ լույսն անհետացավ: Այս բնանկարը, որ թվում էր, թե խոսել էր, լռեց և կրկին դարձավ մթին կամ ավելի շուտ մեղմ, ինչպես աշնանային վերջալույսի ամենամեղմ գունավորումը:

«Սա «Քնած արքայադստեր» պալատն է,— ասաց դատավորը յուրովի, որը հիմա այդ տունը դիտում էր կալվածատիրոջ աչքերով:— Ո՞ւմ կարող է պատկանել արդյոք այս: Տխմարություն կլիներ այսպիսի գեղեցիկ կալվածքում չբնակվելը»:

Վանդակորմի աջ կողմում տնկված ընկուզենու տակից իսկույն սլացավ մի կին և անաղմուկ անցավ խորհրդականի առջևից այնքան արագ, որքան ամպի ստվերը: Այս տեսիլը զարմանքից համր դարձրեց նրան:

— Հը՞, դ’Ալբոն, ի՞նչ պատահեց,— հարցրեց գնդապետը:

— Շփում եմ աչքերս, իմանալու համար արթուն եմ, թե քնած,— պատասխանեց խորհրդականը, մոտենալով վանդակորմին, ուրվականը նորից տեսնելու ջանքով:

— Հավանաբար նա այդ թզենու տակն է,— ասաց նա, ցույց տալով Ֆիլիպին վանդակորմի ձախ կողմում պատից վեր բարձրացած ծառի տերևները:

— Ո՞վ:

— Է՜հ, ի՞նչ իմանամ,— պատասխանեց դ’Ալբոնը։— Այնտեղից իմ առաջ հայտնվեց տարօրինակ մի կին,— ավելացրեց նա, ցածրաձայն:— Ինձ այնպես թվաց, թե նա ավելի պատկանում է ստվերների աշխարհին, քան թե կենդանի աշխարհին: Նա այնքան ճկուն, այնքան թեթևաշարժ, այնքան նրբանյութ էր, որ թափանցիկ պետք է եղած լիներ: Դեմքը սպիտակ էր կաթի նման: Հագուստները, աչքերն ու մազերը սև էին։ Նա նայեց ինձ անցնելիս, և թեև ես վախկոտ չեմ, այնուամենայնիվ նրա անշարժ և ցուրտ նայվածքը արյունս սառեցրեց երակներիս մեջ:

— Գեղեցի՞կ էր նա,— հարցրեց Ֆիլիպը:

— Չգիտեմ: Դեմքի վրա միայն աչքերը տեսա:

— Գրո՛ղը տանի Կասանի ճաշը,— գոչեց գնդապետը,— մնանք այստեղ: Երեխայական անդիմադրելի ցանկություն եմ զգում մտնելու այս արտառոց կալվածքի ներսը: Տեսանո՞ւմ ես լուսամուտների կարմիր գույնով ներկված շրջանակները և դռների ու փեղկերի վրա գծված կարմիր զարդագծերը։ Չե՞ս կարծում, որ դա սատանայի բնակարանը եղած լինի: Գուցե նա այդ ժառանգել է աբեղաներից: Դե՛, վազենք այդ սև ու սպիտակ կնոջ հետևից: Հառա՛ջ,— գոչեց գնդապետը շինծու զվարթությամբ:

Այդ պահին երկու որսորդները լսեցին որոգայթում բռնված թռչունի ճիչին շատ նման մի ճիչ: Նրանք ականջ դրին:

Չորացած թփերի տերևների շրշյունն արձագանքեց լռության մեջ, ինչպես հուզված ալիքի մրմունջը, սակայն ինչքան էլ լարեցին իրենց լսողությունը նոր ձայներ լսելու համար, գետինը մնաց լուռ ու թաքցրեց անծանոթուհու քայլերի գաղտնիքը, եթե իրոք նա քայլել էր:

— Սա ինչ-որ արտասովոր է,— գոչեց Ֆիլիպը հետևելով պուրակի պատերը եզերող ուրվագծին:

Շուտով երկու բարեկամները հասան անտառի մի արահետի, որը տանում էր դեպի Շովրի գյուղը: Այս ճամփով բարձրանալով դեպի Փարիզի ճանապարհը, նրանք իրենց գտան մի մեծ վանդակորմի առաջ և այն ժամանակ տեսան այդ խորհրդավոր բնակության գլխավոր ֆասադը: Այս կողմում ավերածությունը հասել էր իր ծայրահեղ աստիճանին: Բնակարանի պատերը ակոսված էին անհամար ճեղքվածքներով: Կղմինդրների և թերթաքարերի կտորները կուտակված էին գետնի վրա, իսկ քանդված տանիքները մատնում էին կատարյալ անհոգություն: Ծառերի տակ ընկած պտուղները փտում էին և հավաքող չկար:

Մարգագետնում մի կով հանդարտորեն արածում էր և կոխոտում ածուների ծաղիկները: Մինչդեռ մի այծ ճարակում էր կանաչ խաղողները և որթատունկի տերևալից ճյուղը:

— Այստեղ ամեն ինչ ներդաշնակ է և կարծես թե անկարգությունը մի տեսակ կազմակերպված է,— ասաց գնդապետը քաշելով մի զանգի շղթան, սակայն զանգն առանց լեզվակի էր... Երկու որսորդները լսեցին միայն ժանգոտած մի զսպանակի բացառիկորեն սուր ճռնչոցը: Թեև վանդակորմի մոտ պատի մեջ բացված փոքրիկ դուռը շատ էր ավերված, այնուամենայնիվ դիմադրեց բանալու կամ խորտակելու փորձերին:

— Օ՜հ, օ՜հ, այս բոլորը շատ հետաքրքրական են դառնում,— ասաց Ֆիլիպն իր ուղեկցին:

— Եթե դատավոր չլինեի,— պատասխանեց պարոն դ’Ալբոնը,— պիտի կասկածեի, որ այդ սևազգեստ կինը անպայման վհուկ է:

Հազիվ թե նա ավարտել էր իր խոսքերը, երբ կովը հանդարտորեն եկավ վանդակորմի մոտ և ներկայացրեց իր տաք դունչը, կարծես թե նա անդիմադրելի պահանջ էր զգում մարդկային արարածներ տեսնելու:

Այդ ժամանակ մի կին, եթե կարելի է այս անունը տալ անբացատրելի մի էակի, որը վեր կացավ թփերի տակից, քաշեց կովի պարանից: Այդ կինը գլխին կրում էր կարմիր թաշկինակ, որի տակից դուրս էին թափվում նրա խարտյաշ և խճճված մազերի փնջերը: Վիզը բաց էր: Հագել էր կոշտ բրդից, սևով ու սպիտակով խառն գծավոր կարճ մի շրջազգեստ, որը թույլ էր տալիս տեսնել նրա սրունքները: Կարելի էր ենթադրել, որ նա պատկանում էր Կուպերի3 նկարագրած կարմրամորթների մի ցեղախումբի, որովհետև վիզը և մերկ թևերը կարծես կղմինդրի գույնով էին ներկված: Բանականության ոչ մի նշույլ չէր կենդանացնում նրա տափակ դեմքը: Կապտավուն աչքերն անփայլ էին ու ջերմությունից զուրկ: Ցանցառ, սպիտակ մի քանի մազաթելեր հոնքերի տեղ էին բռնում: Վերջապես բերանը ծռված էր այնպես, որ երևան էր հանում վատ շարված ատամները, բայց նույնքան սպիտակ, որքան շան ատամները:

— Օհո՜, կի՜ն,— բացականչեց պարոն դը Սյուսին:

Կինը դանդաղորեն հասավ մինչև վանդակադուռը, անմիտ արտահայտությամբ ակնապիշ դիտելով երկու որսորդներին, որոնց տեսքից ցավագին և հարկադրյալ ժպիտ հայտնվեց նրա դեմքին:

— Որտե՞ղ ենք գտնվում: Ի՞նչ տուն է այս: Ո՞ւմն է նա: Ո՞վ եք դուք: Դուք այստեղի՞ց եք...

Այս և մի շարք այլ հարցերին, որ երկու բարեկամները ուղղեցին նրան, նա պատասխանեց միայն կոկորդային մի քրթմնջյունով, որ թվում էր թե, ավելի պատկանում էր անասունի, քան մարդկային արարածի:

— Չե՞ք տեսնում, որ նա խուլ ու համր է,— ասաց դատավորը:

— Բոնզոմ,— ասաց գեղջկուհին:

— Ա՜հ, իրավացի է նա: Սա Բոնզոմ հին վանքն է,— ասաց պարոն դ’Ալբոնը:

Հարցերը վերսկսվեցին: Սակայն կամակոր ու քմահաճ երեխայի նման, գեղջկուհին կարմրեց, խաղաց իր փայտյա մաշիկի հետ, ոլորեց նորից արածացող կովի պարանը, նայեց երկու որսորդներին, զննեց նրանց հագուստի բոլոր մասերը, նվնվաց, փնթփնթաց, սակայն չխոսեց:

— Քո անո՞ւնը,— հարցրեց Ֆիլիպը, սևեռուն դիտելով նրան այնպես, ասես ուզում էր նրան կախարդել:

— Ժնևիև,— պատասխանեց կինը ապուշ ծիծաղով:

— Մինչև հիմա, կովը ամենախելացի արարածն է, որ մենք տեսնում ենք այստեղ,— բացականչեց դատավորը:— Հիմա ես կկրակեմ, որպեսզի մարդիկ հավաքվեն:

Եվ այն րոպեին, երբ մարկիզ դ’Ալբոնը բռնեց հրացանը, գնդապետը արագ մի շարժումով կանգնեցրեց նրան և մատով ցույց տվեց այն անծանոթուհուն, որն այնքան ուժգնորեն շարժել էր նրանց հետաքրքրությունը: Այդ կինը, ասես թաղվել էր խոր մտածությունների մեջ և դանդաղ ու համրաքայլ գալիս էր բավական հեռու գտնվող մի ծառուղով, այնպես որ երկու բարեկամները ժամանակ ունեցան լավ զննելու նրան: Նա հագել էր սև սատինից շատ մաշված մի շրջազգեստ: Երկար մազերը բազմաթիվ խոպոպներով թափվում էին ճակատի վրա, ուսերի շուրջը, իջնում էին մեջքից ավելի ներքև և ծառայում էին նրան որպես շալ: Ըստ երևույթին վարժված լինելով այդպիսի անկարգության, հազվադեպորեն նա քունքերից հեռացնում էր այդ թափվող վարսերը, սակայն այդ վարսերը քունքերից հեռացնելու համար էլ նա հանկարծ շարժում էր իր գլուխը և երկու անգամ չէր կրկնում միևնույն շարժումը՝ ճակատն ու աչքերը այդ թանձր քողից ազատելու համար: Բացի այդ, նրա շարժումը, կենդանու շարժման նման, ուներ այն հիանալի մեքենական արագությունը, որը հրաշք կարող էր թվալ կնոջ համար:

Երկու որսորդները մեծ զարմանքով տեսան, որ նա ցատկեց խնձորենու մի ճյուղի վրա և թռչունի թեթևությամբ կառչեց նրանից: Նա ծառից պոկեց մրգերը, կերավ դրանք, ապա ընկավ գետին մի այնպիսի շնորհալի թուլությամբ, որով կարելի է հիանալ սկյուռների մոտ: Նրա անդամներն ունեին մի այնպիսի առաձգականություն, որ նրա ամենափոքր շարժումները զերծ էին պահում մինչև իսկ որևէ նեղումից կամ ճիգից: Նա խաղաց կանաչ մարգի վրա, թավալվեց այնտեղ, ինչպես կաներ մի երեխա, հետո հանկարծ ձեռքերն ու ոտքերը գցեց դեպի առաջ և մնաց խոտի վրա տարածված այնպիսի ինքնալքումով, շնորհալիությամբ, բնականությամբ, որ նման էր արևի ճառագայթների տակ նիրհող էգ կատվի: Երբ հեռվում ամպրոպը որոտաց, նա հանկարծակի շրջվեց և չորեքթաթ կանգնեց, օտարականի գալը լսող շան հրաշալի ճարպկությամբ: Այդ արտառոց դիրքի շնորհիվ նրա սև վարսերը հանկարծ բաժանվեցին երկու լայն մազակապերի, որոնք նորից ընկան գլխի յուրաքանչյուր կողմը և այս բացառիկ տեսարանի հանդիսատեսներին թույլատրեցին հիանալ նրա ուսերով, որոնց մորթի սպիտակությունը փայլեց մարգագետնի մարգարտածաղիկների նման, և պարանոցով, որի կատարելությունը հնարավորություն էր տալիս կռահելու նրա մարմնի մյուս մասերը:

Հանկարծ նա մի ցավագին ճիչ արձակեց և ոտքի կանգնեց: Նրա շարժումները միմյանց հաջորդում էին այնքան շնորհալի, կատարվում էին այնքան թեթևակի, որ կարծես մարդկային արարած չլիներ, այլ մեկն այն օդանուշներից, որոնք հռչակված են Օսիանի4 երգերում: Նա գնաց դեպի ավազաններից մեկը, թեթևորեն ցնցեց իր ոտքերից մեկը, կոշիկից ազատվելու համար և թվաց, որ հաճույք է զգում ալաբաստրի պես սպիտակ ոտքը թաթախելով աղբյուրի մեջ, անտարակույս հիանալով այնտեղ իր առաջացրած ծփանքներով, որոնք ակնեղենների էին նմանվում: Հետո նա ծնրադրեց ավազանի եզերքին ու երեխայի նման զվարճացավ իր երկար հյուսքերը այնտեղ մխրճելով ու հանկարծ դուրս քաշելով, որպեսզի տեսնի շիթ առ շիթ թափվող ջուրը, որով ծանրաբեռնված էին դրանք: Ցերեկվա արևի ճառագայթները անցնելով կաթկթող ջրերի միջով՝ մարգարտյա մանյակներ էին կազմում:

— Այդ կինը խենթ է,— բացականչեց խորհրդականը:

Հանկարծ թնդաց Ժնևիևի արձակած խռպոտ ճիչը, որը կարծես ուղղված էր անծանոթուհուն: Վերջինս փութով ուղղվեց, ետ մղեց մազերը դեմքի երկու կողմերից: Այդ ժամանակ գնդապետն ու մարկիզ դ’Ալբոնը որոշակի կարողացան տեսնել այդ կնոջ դիմագծերը: Կինը նկատելով երկու բարեկամներին, մի քանի ոստյունով ու եղնիկի թեթևաշարժությամբ վազեց դեպի վանդակադուռը:

— Մնա՜ք բարով,— ասաց նա, ներդաշնակ ու մեղմ ձայնով, սակայն այդ մրմունջը, որին այնքան անհամբերությամբ սպասում էին որսորդները, չբացահայտեց նվազագույն մի զգացում կամ հուշ:

Այդ կնոջ աչքերի երկար թարթիչները, խիտ ու սև հոնքերը, կարմրության ամենափոքր երանգից զուրկ մորթի շլացուցիչ սպիտակությունը հիացրին պարոն դ’Ալբոնին: Փոքրիկ և կապույտ երակներն էին միայն, որ հայտնում էին նրա սպիտակ գույնը: Երբ խորհրդականը դարձավ դեպի իր բարեկամը, այդ օտարոտի կնոջ իրեն ներշնչած զարմանքը հաղորդելու, նրան տեսավ մեռածի պես խոտի վրա փռված: Պարոն դ’Ալբոնը կրակեց օդի մեջ, որպեսզի մարդկանց կանչի և բղավեց. «օգնությո՜ւն», փորձելով այնուամենայնիվ, ոտքի կանգնեցնել գնդապետին: Անծանոթուհին, որ անշարժ կանգնել էր, այդ պայթյունի աղմուկի վրա, վիրավոր կենդանու նման սոսկումի ճիչ արձակեց ու փախավ սլացող նետի արագությամբ, պտտվեց մարգագետնի վրա, խորունկ զարհուրանքի նշաններ ցույց տալով: Պարոն դ'Ալբոնը Իլ-Ադամի ճանապարհի վրա քառանիվ մի կառքի թավալումը լսեց և իր թաշկինակը շարժելով, խնդրեց զբոսնողների օգնությունը: Շուտով կառքն ուղղվեց դեպի Բոնզոմ, և մարկիզ դ’Ալբոնը ճանաչեց պարոն և տիկին դը Գրանվիլներին, իր հարևաններին, որոնք շտապեցին իջնել կառքից և այն տրամադրեցին դատավորին: Բարեբախտաբար տիկին դը Գրանվիլը իր վրա ուներ հոտոտելու աղերի մի սրվակ, որից շնչել տվին պարոն դը Սյուսիին: Երբ գնդապետը բացեց աչքերը, նայեց դեպի այն մարգագետինը, որտեղ անծանոթուհին դեռ շարունակում էր ճչալ ու վազել և արձակեց անորոշ մի բացականչություն, որը բացահայտում էր սոսկալի մի զգացում: Հետո նա նորից փակեց աչքերը այնպիսի շարժումով, կարծես խնդրելով իր բարեկամին հեռացնել իրեն այդ սրտաճմլիկ տեսարանից: Պարոն և տիկին դը Գրանվիլները սիրով տրամադրեցին իրենց կառքը խորհրդականին, ազնվաբար հայտնելով նրան, որ իրենք ոտքով են ցանկանում շարունակել իրենց զբոսանքը:

— Ո՞վ է այդ կինը,— հարցրեց դատավորը, ցույց տալով անծանոթուհուն:

— Ենթադրում են, որ եկել է Մուլենից,— պատասխանեց պարոն դը Գրանվիլը:

— Նա կոչվում է կոմսուհի դը Վանդիեր, ասում են, որ խելագար է, սակայն քանի որ նա միայն երկու ամիս է, ինչ այստեղ է գտնվում, չեմ կարող ձեզ երաշխավորել այդ ասեկոսեների ճշմարտության համար:

Պարոն դ'Ալբոնը շնորհակալություն հայտնեց դը Գրանվիլ զույգին և մեկնեց Կասան:

— Նա ինքն է,— բացականչեց Ֆիլիպը, երբ գիտակցությունը տեղը եկավ:

— Ո՞վ,— հարցրեց դ’Ալբոնը:

— Ստեֆանին... Ա՜հ, մեռած և կենդանի, կենդանի և խենթ... կարծեցի, թե մեռնելու եմ:

Դատավորը խոհեմ մարդ էր, նա իսկույն հասկացավ լրջությունը այն տագնապի, որին մատնված էր իր բարեկամը, ուստի զգուշացավ հարցեր տալուց, կամ նրան գրգռելուց, սակայն անհամբերությամբ ցանկանում էր ժամ առաջ հասնել դղյակ, որովհետև գնդապետի լուրջ դրությունը և նրա բոլոր դիմագծերում տեղի ունեցած փոփոխությունը սաստիկ վախ էին ներշնչում, թե մի գուցե կոմսուհին իր սարսափելի հիվանդությունը հաղորդել է Ֆիլիպին: Հենց որ կառքը հասավ Իլ-Ադամի ծառուղուն, դ'Ալբոնը սպասավորին ուղարկեց ավանի բժշկի մոտ, այնպես որ, երբ գնդապետը պառկեց, բժիշկն արդեն գտնվում էր նրա մոտ:

— Եթե,— ասաց բժիշկը,— պարոն գնդապետը համարյա սոված չլիներ, անտարակույս կմեռներ: Հոգնությունը փրկել է նրան:

Մատնանշելով, թե նախնական ինչ նախազգուշություններ պետք է ձեռք առնել, բժիշկը դուրս եկավ, որպեսզի անձամբ ամոքիչ դեղաջուր պատրաստի:

Հաջորդ առավոտ պարոն դը Մյուսիի վիճակն ավելի լավ էր, սակայն բժիշկը ուզեց անձամբ հսկել հիվանդին:

— Ես, պարո՛ն մարկիզ, պետք է խոստովանեմ,— ասաց բժիշկը պարոն դ’Ալբոնին,— որ վախենում եմ ուղեղային կաթվածից: Պարոն դը Սյուսին շատ ուժեղ ցնցում է ստացել: Նրա մեջ դեռևս շատ ուժեղ են կրքերը, սակայն նրա մոտ առաջին հարվածը վճռական է: Վաղը, հավանաբար, վտանգն անցած կլինի:

Բժիշկն իսկապես չսխալվեց, և հաջորդ օրը թույլատրեց դատավորին տեսնվել իր բարեկամի հետ:

— Թանկագին դ’Ալբոն,— ասաց Ֆիլիպը սեղմելով նրա ձեռքը,— քեզնից մի ծառայություն եմ սպասում: Անմիջապես գնա՛ Բոնզոմ: Տեղեկացի՛ր ամեն ինչ մեր տեսած կնոջ վերաբերյալ և շտապ վերադարձի՛ր, որովհետև ես անհամբերությամբ րոպեները պիտի հաշվեմ:

Պարոն դ'Ալբոնը անմիջապես ցատկեց ձիու վրա և սրարշավ մեկնեց մինչև նախկին աբբայարանը: Հասնելով այնտեղ, նա վանդակադռան առաջ նկատեց նիհար, բայց բարյացակամ դեմքով մարդու, որը դատավորի այն հարցին, թե այդ ավերակ տանն է բնակվում, դրական պատասխան տվեց:

— Է՜հ, ի՛նչ, պարոն,— բացականչեց անծանոթը,— այդ դո՞ւք էիք, որ արձակեցիք հրացանի ճակատագրական կրակոցը: Քիչ էր մնում սպանեիք իմ խեղճ հիվանդին:

— Բայց, պարոն, ես օդի մեջ կրակեցի:

— Դուք ավելի փոքր չարիք կհասցնեիք կոմսուհուն, եթե ուղղակի նրան խփեիք:

— Լա՜վ ուրեմն, միմյանց մեղադրելու բան չունենք, որովհետև ձեր կոմսուհու տեսքը քիչ էր մնում սպաներ իմ բարեկամին, պարոն դը Մյուսիին:

— Ի՜նչ, բարոն Ֆիլիպ դը Սյուսի՞ն էր այդ,— ապշահար գոչեց բժիշկը ձեռները միացնելով:— Նա եղե՞լ է Ռուսաստանում, Բերեզինայի գետանցումի՞ն5:

— Այո՛,— պատասխանեց դ’Ալբոնը,— նա այնտեղ գերի ընկնելով կազակների ձեռքը, տարվել է Սիբիր, որտեղից տասնմեկ ամիս առաջ է վերադարձել:

— Մտե՛ք ուրեմն, պարո՛ն,— ասաց անծանոթը և առաջնորդեց նրան բնակարանի ներքնահարկի մի հյուրասրահ, որտեղ ամեն ինչ կրում էր քմահաճ ավերածության ակնհայտ դրոշմ:

Թանկարժեք հախճապակյա անոթներ ջարդված էին ճոճանակավոր ժամացույցի կողքին, որի վանդակը խնայված էր: Պատուհանների առաջ մետաքսահյուս ծանր վարագույրները պատռտված էին, մինչդեռ երկպատիկ մուսլին վարագույրները մնացել էին անվթար:

— Տեսնո՞ւմ եք,— ասաց նա պարոն դ'Ալբոնին՝ հյուրասրահից ներս մտնելիս,— տեսնո՞ւմ եք այս ավերածությունը, որ կատարել է այդ սքանչելի էակը, որին եմ նվիրել ես ինձ: Նա իմ եղբոր աղջիկն է, հակառակ իմ հմտության անզորության, այնուամենայնիվ հույս ունեմ մի գեղեցիկ օր նրան վերադարձնել իր կորցրած բանականությունը, փորձելով մի այնպիսի մեթոդ, որը դժբախտաբար միայն հարուստ մարդկանց է թույլատրված հետևել:

Հետո, մենության մեջ ապրող բոլոր մարդկանց նման, վերածնվող վշտի մատնված, նա երկարորեն պատմեց հետևյալ դեպքերը, որի պատմությունը համակարգվեց և թեթևացավ բազմաթիվ շեղումներից, որ արեցին և՛ պատմողը, և՛ խորհրդականը:

1812 թվականի նոյեմբերի 28-ին մարշալ Վիկտորը6 երեկոյան ժամը իննի մոտերը, լքելով Ստուդիանկայի7 բարձունքները, որը պաշտպանել էր ամբողջ օրը, այնտեղ թողեց մի հազար մարդ, որոնք պետք է մինչև վերջին րոպեն պաշտպանեին Բերեզինայի վրա կառուցված երկու կամուրջները, որ մինչ այդ դեռ մնում էին:

Այդ արիերգարդը ճգնում էր փրկել սառնամանիքից ընդարմացած ետ մնացող զինվորների զարհուրելի բազմությանը, որը համառորեն հրաժարվում էր թողնել բանակի գումակը:

Այս վեհանձն զորագնդի հերոսությունն անօգուտ էր: Զինվորները մասսայականորեն խռնվում էին Բերեզինայի եզերքին, գետանցի մոտ: Դժբախտաբար այդտեղ գտնվում էին մեծ քանակությամբ կառքեր, պարենասայլեր, ամեն տեսակ շարժական գույք, որ բանակը ստիպված էր լքել՝ նոյեմբերի 27—28-ի օրերին, գետանցը կատարելու միջոցին: Այս դժբախտները, անհուսալի հարստությունների ժառանգորդները, ցրտից անբանացած՝ բնակվում էին դատարկված բացօթյա ռազմաճամբարներում, ջարդում էին բանակի նյութեղենը հյուղակներ կառուցելու համար, վառում էին այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքները, կոտորում էին ձիերին՝ սնվելու համար, պոկում էին կառքերի կտավները՝ ծածկվելու համար, և քնում՝ փոխանակ շարունակելու իրենց ճանապարհը և գիշերվա ընթացքում հանդարտորեն անցնելու այդ Բերեզինան, որն անհավատալի մի ճակատագրականությամբ, արդեն այնքան աղետալի էր դարձել բանակի համար: Այդ խեղճ զինվորների անզգայությունը միայն նրանք կարող են հասկանալ, որոնք անցել են այդ ձյունե լայնածավալ անապատների միջով, առանց խմելիքի, բացի ձյունից, առանց անկողնի, առանց այլ հեռանկարի, բացի անսահման հորիզոնից, առանց ուրիշ սննդի, բացի ձյունից, կամ սառած մի քանի ճակնդեղից, մի քանի բուռ ալյուրից, կամ ձիու մսից:

Այդ դժբախտները մահանալով քաղցածությունից, ծարավից, հոգնածությունից կամ անքնությունից, հասնում էին ավազուտ գետափը, որտեղ գտնում էին փայտ, կրակ, ուտելեղեն, լքված անհաշիվ ռազմական սարքեր, բացօթյա ռազմաճամբարներ և վերջապես հանպատրաստից ստեղծված մի ամբողջ քաղաք: Ստուդիանկա գյուղը ամբողջությամբ տեղահանված էր, բաժան-բաժան արված և բարձունքներից փոխադրված էր դաշտի մեջ: Ինչքան էլ տխուր ու վտանգավոր լիներ այս բնակավայրը, նրա թշվառություններն ու վտանգները, այնուամենայնիվ, հաճելի էին այդ մարդկանց համար, որոնք իրենց առաջ ոչինչ չէին տեսնում, բացի Ռուսաստանի ահավոր և ամայի տափաստաններից: Վերջապես մի ընդարձակ հիվանդանոց էր դա, որը հազիվ քսան ժամ միայն գոյություն ունեցավ: Կյանքից հոգնածությունը կամ անսպասելի հանգստության զգացումը այդ զանգվածի մեջ միայն մի մտածում էր հարուցում՝ հանգստանալ: Թեև ռուսական ձախ թևի հրետանին անդադրում ռմբակոծում էր այդ զանգվածին, որն անծայրածիր ձյան տարածության մեջ գծագրվում էր որպես երբեմն սև, երբեմն բոցավառ մի մեծ բիծ, անխոնջ արկերը թվում էին մի ավելորդ անհանգստություն այս թմրած ամբոխին, փոթորկի մի շանթ, որն արհամարհում էր ամեն մարդ, որովհետև հարվածելու էր միայն մահամերձներին, հիվանդներին կամ գուցե արդեն վաղուց մեռածներին: Ետ մնացող զինվորները ամեն րոպե խմբերով հասնում էին: Այս մի տեսակ շարժուն դիակները իսկույն բաժանվում էին և գնում՝ խարույկից խարույկ՝ մի տեղ մուրալու: Հետո, ավելի հաճախ, վտարվածները նորից էին միանում, բռնի ուժով ստանալու այն հյուրընկալությունը, որ իրենց մերժվել էր: Մնալով խուլ՝ մի քանի սպաների ազդանշանող ձայնին, որոնք մահ էին գուշակում հաջորդ օրվա համար, մարդիկ իզուր վատնում էին իրենց վերջին արիությունը, որն անհրաժեշտ էր գետանցումին, մի գիշերվա ապաստարան կառուցելու, հաճախ կորստաբեր մի կերակուր ճարելու վրա: Այդ մահը՝ որն սպասում էր նրանց, այլևս չարիք չէր թվում, քանի որ կարող էին գեթ մի ժամ քնել: Նրանք չարիք անունը տալիս էին միայն քաղցին, ծարավին ու ցրտին: Երբ այլևս չգտնվեց ո՛չ փայտ, ո՛չ կրակ, ո՛չ կտավ, շղթայազերծվեց մի քստմնելի մարտ՝ ամեն ինչից զուրկ նորեկների և այն հարուստների միջև, որոնք գոնե մի ապաստան ունեին: Բայց վերջապես եղավ մի պահ, երբ ռուսներից հետապնդված մարդիկ այլևս որպես ռազմաճամբար ունեին միայն ձյունը, որի վրա էլ քնեցին նրանք, այլևս չզարթնելու համար:

Անզգալիորեն, գրեթե անէացած մարդկային այս զանգվածը դարձավ այնքան խուլ, այնքան անմիտ կամ գուցե այնքան երջանիկ, որ Վիտգենշտեյնի8 հրամանատարության տակ հարձակվող քսան հազար ռուսներին հերոսաբար դիմադրող մարշալ Վիկտորն ստիպված եղավ բռնի ուժով ճանապարհ բանալ մարդկային այդ անտառի միջով, որպեսզի կարողանա դեպի Բերեզինան հասցնել այն հինգ հազար քաջերին, որոնց տանում էր կայսրին: Այդ դժբախտները թողնում էին, որ իրենց ճզմեն, տրորեն, միայն թե չշարժվեն: Մեռնում էին լռությամբ, ժպտալով իրենց հանգչող խարույկներին և առանց մտածելու Ֆրանսիայի մասին...

Երեկոյան ժամը 10-ին միայն, մարշալ Վիկտորը գետի մյուս կողմն էր գտնվում: Զանբեն տանող կամուրջներն անցնելուց առաջ նա գեներալ Էրլեյին9 վստահեց Ստուդիանկայի վերջապահ զորամասի բախտն ու ճակատագիրը: Այդ գեներալն ազատարարն էր բոլոր նրանց, ովքեր վերապրեցին Բերեզինայի աղետից հետո: Այդ մեծ գեներալը, որին հետևում էր արիասիրտ մի սպա, մոտավորապես գիշերվա կեսին, լքեց կամրջի մոտ զբաղեցրած իր փոքրիկ հյուղակը և սկսեց դիտել այն տեսարանը, որ ներկայացնում էր Բերեզինայի ափին, Բորիսովից մինչև Ստուդիանկա տանող ճանապարհի միջև տարածվող ճամբարը: Ռուսական թնդանոթները դադարել էին որոտալուց: Անհամար խարույկներ, որոնք այդ ձյան կույտի միջում արդեն դժգունում էին և աղոտ առկայծումով այս ու այնտեղ լուսավորում էին դեմքեր, որոնք մարդկային ոչինչ չունեին այլևս: Այնտեղ գտնվում էին Եվրոպայի զանազան ազգություններից երեսուն հազար դժբախտներ, որոնց Նապոլեոնը նետել էր Ռուսաստանի վրա և նրանք այժմ անասնական անհոգությամբ խաղում էին իրենց կյանքի հետ:

— Փրկե՛նք այս բոլորին,— ասաց գեներալը սպային:— Վաղը առավոտ ռուսները կտիրեն Ստուդիանկային: Հետևաբար այն պահին, երբ նրանք հայտնվեն, պետք կլինի այրել կամուրջը, այսպես ուրեմն, արիություն, բարեկա՛մս: Ասա՛ գեներալ Ֆուրնիեին, որ հազիվ ժամանակ ունի լքելու իր դիրքը, ճամփա բանալու այս մարդկանց միջով և անցնելու կամուրջը: Եվ, երբ նա կշարժվի, կհետևես նրան: Մի քանի քաջառողջ մարդկանց օգնությամբ անխնա կայրես բոլոր բացօթյա ռազմաճամբարները, փոխադրական բոլոր միջոցները՝ պարենասարերը, կառքերը և ամեն ինչ: Կամուրջի վրա քշիր բոլոր այդ մարդկանց: Հարկադրի՛ր բոլորին, ովքեր դեռ ուժ ունեն քայլելու, ապաստանել մյուս ափում: Այժմ մեր վերջին ապավենը հրդեհն է: Եթե Բերթիեն10 ինձ թույլատրեր ոչնչացնել այս անիծյալ փոխադրական սարքերը՝ այս գետը իմ կամրջազորայիններից բացի ոչ ոքի չէր կլանի, այն հիսուն անձնազոհ հերոսները, որոնք փրկեցին բանակը և որոնց մոռանալու են...

Գեներալը ձեռքը տարավ ճակատին և մնաց լուռ:

Նա զգում էր, որ Լեհաստանը պիտի լիներ իր գերեզմանը, և ոչ մի ձայն պիտի չբարձրանար ի նպաստ այդ վեհ ու գերազնիվ մարդկանց, որոնք մնացին ջրի մեջ, Բերեզինայի ջրի մեջ, այդտեղ կամուրջների հենակները տեղավորելու համար: Նրանցից մեկն է միայն ողջ մնացել, կամ ավելի ճիշտ կլիներ ասել, տառապում է մի գյուղում մոռացված ու անծանոթ: Համհարզը մեկնեց: Բայց հազիվ թե այս վեհանձն սպան հարյուր քայլ էր միայն հեռացել դեպի Ստուդիանկա, երբ գեներալ Էրլեն զարթեցրեց իր հիվանդ կամրջազորայինների մեծ մասը և սկսեց իր մարդասիրական գործը, այրելով կամրջի շուրջը հաստատված բացօթյա ռազմաճամբարները, և այդպիսով ստիպելով իրեն շրջապատող քնած մարդկանց, որ անցնեն Բերեզինան:

Այդ ժամանակ համհարզը, ոչ առանց դժվարության հասավ այն միակ փայտե տնակին, որը դեռևս կանգուն էր մնացել Ստուդիանկայում:

— Այս բարակում շա՞տ մարդիկ կան, ընկե՛ր,— հարցրեց նա մի մարդու, որին նկատեց դրսում:

— Ճարպիկ զինվոր կլինեիք, եթե կարողանաք մտնել այնտեղ,— պատասխանեց սպան, առանց շուռ գալու, շարունակելով իր թրով քանդել տան տախտակները:

— Այդ դո՞ւք եք, Ֆիլիպ,— ասաց համհարզը, ձայնից ճանաչելով իր բարեկամներից մեկին:

— Այո՛, ...Ա՜հ, ա՜հ, այդ դո՞ւ ես բարեկամս,— պատասխանեց պարոն դը Մյուսին, նայելով համհարզին, որն ինչպես ինքը, հազիվ քսաներեք տարեկան էր:— Ես կարծում էի, որ դու արդեն այս նզովյալ գետի մյուս ափումն ես: Ի՛նչ է, չլինի՞ թե մեր աղանդների համար գաթա ու քաղցրեղեն ես բերել: Այդ դեպքում լավ կընդունվես,— ավելացրեց նա, պոկելով փայտի կեղևը, որը որպես կեր՝ տալիս էր ձիուն:

— Ես փնտրում եմ ձեր հրամանատարին, գեներալ Էրլեյի կողմից նախազգուշացնելու համար նրան, որ պետք է նահանջել Զամբենի վրայով: Դուք հազիվ թե ժամանակ ունենաք կտրել անցնելու դիակների այս մասսան, որը ես շուտով հրդեհելու եմ, որպեսզի ստիպեմ նրանց քայլել...

— Դու ինձ գրեթե ջերմացնում ես. քո հայտնած այդ նորությունը քրտնեցնում է ինձ: Երկու բարեկամ ունեմ, որոնց պետք է փրկեմ: Նրանց համար եմ խնամում ձիս և չեմ ուտում նրան: Ի դե՛պ, շնո՜րհ արա՛, մի կտոր չոր հաց չունե՞ս: Ահա երեսուն ժամ է, որ ոչինչ չեմ դրել բերանս, թեև կռվել եմ կատաղածի նման, որպեսզի անվթար պահեմ այն մի քիչ ջերմությունն ու կորովը, որ մնում են ինձ:

— Խե՜ղճ Ֆիլիպ, ոչի՛նչ... ոչի՛նչ... Սակայն ձեր գեներալն այնտե՞ղ է...

— Մի՛ փորձիր մտնել: Այս հարդանոցում մեր վիրավորներն են: Բարձրացի՛ր մի քիչ ավելի վեր, աջիդ վրա կհանդիպես մի տեսակ խոզանոցի, գեներալն այնտեղ է: Մնաս բարով, իմ քաջ: Եթե երբեք մի օր պարենք Փարիզի մի պարկետի վրա... Նա չավարտեց իր խոսքը, քամին այդ միջոցին փչեց մի այնպիսի ուժգնությամբ, որ համհարզը չսառչելու համար սկսեց քայլել, իսկ մայոր Ֆիլիպի շրթները սառեցին: Շուտով լռություն տիրեց: Այն ընդհատվում էր միայն այդ տնակից լսվող հեծեծանքներով, և այն խուլ աղմուկով, որ պարոն դը Սյուսիի ձին էր հանում քաղցածությունից ու մոլեգնությունից՝ կրծոտելով սառած կեղևները ծառերի, որոնցով կառուցված էր տնակը: Մայորը իր թուրը տեղավորեց պատյանի մեջ, հանկարծ բռնեց թանկագին կենդանու սանձը, կենդանի, որին կարողացել էր մինչ այդ անվտանգ պահել, և հակառակ նրա դիմադրությանը, պոկեց նրան իր ողորմելի կերից, որը ձիու համար համադամ էր:

— Ճանապարհ ընկնենք, Բիշե՛տ, ճանապա՛րհ: Միայն դու ես, անուշիկս, որ կարող ես փրկել Ստեֆանիին: Գնա՛, դրանից հետո մեզ կթույլատրվի հանգստանալ, մեռնել անկասկած:

Ֆիլիպը, փաթաթված իր մուշտակով, որին նա պարտական էր իր գոյությունն ու կորովը, սկսեց արագորեն վազել, ոտները խփելով կարծրացած ձյանը, իր ջերմությունը վառ պահելու համար: Հազիվ թե մայորը մի հինգ հարյուր քայլ էր ընթացել, երբ նկատեց մի ահագին խարույկ այնտեղ, որտեղ առավոտից մի ծեր զինվորի հսկողության տակ թողել էր կառքը: Մի սոսկալի մտատանջություն համակեց նրան: Բոլոր նրանց նման, որոնք այդ խուճապահար փախուստի ընթացքում համակվեցին մի հզոր զգացումով, նա իր մեջ գտավ այնպիսի ուժեր իր բարեկամներին օգնելու, որ երբեք չպիտի ունենար իր անձի փրկության համար: Նա շուտով հասավ հողից կազմված մի խորշի, որի խորքում արկերից ապահովել էր մի դեռատի կնոջ՝ իր մանկության ընկերուհուն:

Comments