1. Միայնակ Զբոսնողի Անրջանքները. Ժան-Ժակ Ռուսո

Chapter 2

ԵՐԿՐՈՐԴ ԶԲՈՍԱՆՔ

Այսպիսով, մտադրվելով նկարագրել հոգուս վիճակը ամենատարօրինակ մի դրության մեջ, որում երբևէ կարող է հայտնվել մահկանացուն, ես չեմ տեսնում մեկ այլ, ավելի պարզ ու հավատարիմ միջոց այդ մտադրությունն իրագործելու, քան մանրամասն հաշվետվություն կազմելը իմ միայնակ զբոսանքների ու այն անրջանքների մասին, որոնցով լցված են դրանք, երբ ես լիակատար ազատություն եմ տալիս մտքերիս և թույլատրում, որ դրանք հոսեն անարգել ու անկաշկանդ: Մենակության ու խորհրդածության այդ ժամերը միակն են ամբողջ օրվա ընթացքում, երբ ես միանգամայն հարազատ եմ ինքս ինձ, պատկանում եմ ինձ, միմիայն ինձ, և իսկապես, կարող եմ ասել, որ այնպիսին եմ, ինչպիսին բնությունը ստեղծել է ինձ:

Շուտով զգացի, որ շատ էի հապաղել այդ մտադրությունն իրագործելու համար: Իմ երևակայությունը, որն արդեն այնքան էլ աշխույժ չէ, ինչպես առաջ, այլևս չի բոցավառվում` հայելով որևէ երևույթ. ես այլևս չեմ արբում երազանքի զառանցանքով, այսուհետև ավելի շատ հիշողություններ, քան ստեղծագործություն կա այն բանի մեջ, որ դա հարուցում է. բոլոր հոգեկան ուժերս համակվել են ինչ‐որ գաղջ ուժասպառությամբ. կյանքի ոգին աստիճանաբար հանգում է իմ մեջ, հոգիս արդեն դժվարությամբ է վեր սլանում իր հնամաշ պատյանից: Ու եթե չլիներ հույսը` հասնելու համար այն դրությանը, որին ձգտում եմ, զգալով, որ դրա իրավունքն ունեմ, ես պիտի ապրեի լոկ հիշողություններով: Եվ ահա, ինքս ինձ հայելու համար` մայրամուտիս նախաշեմին, ես ստիպված եմ վերադառնալու ետ, գոնե մի քանի տարով, այն ժամանակներին, երբ կորցնելով որևէ հույս այս աշխարհում ու այլևս չգտնելով սնունդ` սրտիս համար, այս երկրի վրա, ես, քիչ առ քիչ, վարժվում էի սնելու այն իր սեփական նյութով, փնտրել‐գտնելու նրա ակունքը իմ մեջ:

Այդ ակունքը, որի մասին ես գլխի ընկա չափազանց ուշ, այնքան անսպառ դուրս եկավ, որ շուտով վարձահատույց եղավ ինձ ամեն ինչի համար: Ինքս իմ մեջ խորասուզվելու սովորությունը հանգեցրեց այն բանին, որ ես, ի վերջո, կորցրեցի իմ տառապանքների զգացողությունը, և անգամ, գրեթե հիշողությունն այդ մասին: Այդպես, ես սեփական փորձով հասկացա, որ իսկական երջանկության ակունքը հենց մեր մեջ է, և որ, մարդիկ կարողություն չունեն իսկապես դժբախտացնելու նրան, ով ուզում է երջանիկ լինել: Արդեն չորս, թե հինգ տարի է, ինչ ես բավականություն եմ ստանում այն ներքին ուրախություններից, որոնք սիրող ու քնքուշ հոգիները գտնում են հայեցողության մեջ: Զբոսնելով մենակ` ես երբեմն հիացմունք եմ ապրում, զմայլանք, և այդ ուրախության համար ես պարտական եմ իմ հետապնդողներին: Առանց նրանց՝ ես երբեք չպիտի գտնեի ու չպիտի իմանայի այն գանձերի մասին, որոնք կրում եմ իմ մեջ: Բայց ինչպե՞ս կազմել այդքան շատ հարստությունների ճշգրիտ հաշվեմատյանը: Ու երբ, հիշոությանս մեջ վերածնվում էին այդքան նրբակերտ անրջանքներ, դրանք նկարագրելու փոխարեն, ես դարձյալ ընկնում էի դրանց մեջ: Այդ հոգեվիճակը, որ վերածնվում է հիշողության միջոցով, անճանաչելի է դառնում, երբ լրիվ դադարում ես այն զգալուց:

Ես այդ զգացողությունն ունենում էի զբոսանքներիս ժամանակ, որ հետևեցին իմ Խոստովանությունների շարունակությունը գրելու որոշմանը, հատկապես այն մեկի, որի մասին հիմա կպատմեմ, երբ անսպասելի դիպվածը ընդհատեց մտքերիս հոսքն ու դրանց մեկ այլ ուղղություն հաղորդեց առժամանակ:

1776 թվականի հոկտեբերի 24‐ի հինգշաբթի օրը, ես անցա ճեմափողոցներով մինչև Կանաչ ծառուղին, այնտեղով բարձրացա Մենիլմոնտանի բարձունքն ու այնտեղից՝ խաղողի այգու և մարգագետինների միջով գալարվող արահետներով, հասա մինչև Շարոնն` կտրել‐անցնելով այդ երկու գյուղերը բաժանող լուսառատ տարածությունը. հետո գնացի մեկ այլ ուղղությամբ, որպեսզի վերադառնայի այդ նույն մարգագետիններով, մեկ այլ ճանապարհով: Դրանցով անցնելով` ես հաճույքի ու հետաքրքրասիրության զգացում էի ապրում, որ միշտ հարուցում է իմ մեջ գեղատեսիլ վայրը. երբեմն կանգ էի առնում, որպեսզի, մի պահ, նայեի բույսերին: Ես նկատեցի երկուսը նույն տեսակից, որ հազվադեպ էին հանդիպել ինձ Փարիզի ծայրամասերում, իսկ այդ տեղանքում բազմաթիվ էին: Դրանցից մեկը` lepicris hieracioտdes‐ը, բաղադրյալների ընտանիքից էր, մյուսը` lebuplevrum falcatum–ը, հովհարաձևների ընտանիքից: Այդ հայտնագործությունն ինձ ուրախացրեց ու երկար ժամանակ զբաղեցրեց միտքս ու դրդեց հայտնագործելու մի բույս՝ էլ ավելի հազվադեպ հանդիպող, հատկապես բարձր տեղանքներում, այն է` cerastium aquaticum‐ը, որը ես, չնայած այդ օրը ինձ պատահած դիպվածին, գտա ինձ մոտ գտնվող գրքի մեջ ու տեղադրեցի իմ բուսարանում:

Իսկ հետո, մանրամասն ուսումնասիրելով մի քանի այլ բույսեր` դեռևս ծաղկունքի մեջ, որոնք տեսնելն ու դասակարգելը մշտապես հաճելի է ինձ համար, չնայած դրանք ինձ լավ ծանոթ էին, ես հետզհետե թողեցի այդ փոքրիկ դիտարկումները, որպեսզի տրվեմ ոչ պակաս հաճելի, բայց ավելի հուզիչ պատկերի տպավորությանն` իր ամբողջության մեջ: Խաղողի բերքահավաքից մի քանի օր առաջ, քաղաքից եկած զբոսնողներ այլևս չկային, գյուղացիները ևս, թողել էին դաշտերը մինչև ձմեռային աշխատանքները: Տեղանքը` դեռևս կանաչ ու զվարթ, բայց արդեն մասամբ` տերևազուրկ ու գրեթե անձուկ, ամենուր միայնության ու վերահաս ձմռան տեսարան էր ներկայացնում: Այն հարուցում էր քնքշության ու թախծի խառը զգացում, որ չափազանց շատ էր հիշեցնում տարիքս ու ճակատագիրս, որպեսզի չկատարեի այդ համեմատությունը: Ես տեսնում էի ինձ՝ անմեղ ու ոչ երջանիկ կյանքի դարավանդին. հոգիս, որը լի էր կենդանի զգացումներով, ու բանականությունս, որը դեռևս զարդարված էր ինչ‐որ ծաղիկներով, սակայն թառամել էր տխրությունից ու չորացել դառնությունից: Մենակ ու բոլորի կողմից լքված` ես զգում էի ձմռան մոտենալը, առաջին սառնամանիքները, ու արդեն, իմ սպառվող երևակայությունը մենակությունս չէր բնակեցնում սրտիս ուզած էակներով: Ես ինքս ինձ ասում էի. «Ի՞նչ եմ արել ես այստեղ` երկրի վրա»: Ես ստեղծվել եմ կյանքի համար, բայց մեռնում եմ`այն չճանաչելով: Բայց գոնե, դրա մեջ չկա իմ մեղքը, և իմ կյանքի արարչին ես կմատուցեմ եթե ոչ` բարի գործեր, որ ինձ չթողեցին, որ անեմ, ապա գոնե, չիրականացած բարի ցանկությունների, սուրբ, բայց անարդյունք մնացած զգացմունքների տուրքը, և համբերությունս` մարդկանց տածած արհամարհանքի փորձության մեջ: Այդ խորհրդածությունները մեղմացնում էին ինձ, վերածնում էին հիշողությանս մեջ հոգուս զեղումները, որոնք զգացել էի պատանությանս տարիներին ու հասուն տարիքում, այն բանից հետո, երբ ինձ օտարեցին մարդկանց հասարակությունից, ու երկարատև առանձնության ընթացքում, ուր ես ստիպված եմ ավարտել իմ օրերը: Ներքուստ, ես ուրախությամբ էի վերադառնում իմ բոլոր հոգեհարազատ կապվածություններին, այնքա՜ն քնքուշ, բայց այնքա՜ն կույր զգացմունքներիս, ոչ թե տխուր, այլ մխիթարական այն պատկերներին, որոնցով իմ հոգին սնվում էր արդեն մի քանի տարի շարունակ. ես պատրաստվում էի հիշել դրանք բավական պարզորոշ ձևով, որպեսզի նկարագրեի բավականությամբ, գրեթե հավասար` այն բավականությանը, որով, մի ժամանակ, տրվում էի դրանց: Ողջ ետճաշյա ժամանակս անցկացնում էի այդ խաղաղավետ խորհրդածությունների մեջ, ու արդեն ետ էի դառնում` շատ գոհ անցկացրածս օրվանից, երբ հանկարծ, իմ այդ անրջանքներից ինձ կտրեց մի դիպված, որի մասին պիտի պատմեմ:

Մոտ ժամը վեցին ես գտնվում էի Մենիլմոնտանի դարավանդի վրա, գրեթե Գալան‐Ժարդինյեի դիմաց, երբ, ինչ‐որ մարդիկ, որ գնում էին առջևից, հանկարծ արագորեն հեռացան, ու ես տեսա, որ իմ վրա է սուրում մի մեծ դանիական շուն, որը, սլանալով մի կառքի առջևից, ինձ տեսնելով՝ անգամ ժամանակ չունեցավ արգելակելու իր վազքը կամ մի կողմ թեքվելու: Ես որոշեցի, որ տապալվելուց խուսափելու միակ միջոցը բարձր թռչելն էր, այն հաշվարկով, որ շունն անցներ իմ տակով այն պահին, երբ ես օդի մեջ կլինեի: Այդ միտքը փայլատակեց իմ մեջ կայծակից էլ արագ, բայց ես ժամանակ չունեցա ոչ երկար մտածելու, ոչ էլ այն իրագործելու, մինչ փորձանքը վրա կհասներ: Ես չզգացի ոչ հարված, ոչ էլ՝ անկումս, և ոչինչ, որը հետևեց դրան, մինչև այն պահը, երբ նորից գիտակցության եկա:

Գրեթե արդեն մթնել էր, երբ ուշքի եկա: Ես տեսա, որ գտնվում եմ երեք‐չորս երիտասարդ տարիքի մարդկանց ձեռքերի վրա, որոնք էլ պատմեցին ինձ, թե ինչ էր տեղի ունեցել: Շունը, չարգելակելով իր կատաղի սլացքը, նետվել էր վրաս ու իր ծանր մարմնի տակ ես գլխիվայր տապալվել էի. վերին ծնոտս` ճզմվելով մարմնիս ծանրության տակ` խփվել էր խորդուբորդ խճուղուն, և հարվածը եղել էր շատ ուժգին, քանզի տեղի էր ունեցել դարավանդի վրա, այնպես որ, գլուխս հայտնվել էր ոտքերիցս ներքև:

Կառքը, որի առջևից վազել էր շունը, սլանում էր նրա ետևից ու կարող էր ինձ տակովն անել, եթե կառապանը չկարողանար ակնթարթորեն կագնեցնել ձիերին: Ահա, թե ինչ իմացա ես նրանցից, ովքեր ինձ ոտքի հանեցին ու դեռևս պահում էին ինձ, երբ ուշքի եկա: Վիճակը, որի մեջ գտնվում էի այդ ժամանակ, չափից դուրս անսովոր էր, որպեսզի այն չնկարագրեմ այստեղ:

Գիշերը վրա էր հասնում: Ես տեսա երկինքը, մի քանի աստղեր ու կանաչ բուսականություն: Այդ առաջին տպավորությունը հրաշալի էր: Միայն դա էր ստիպում, որ ինձ կենդանի զգամ: Այդ պահին ես վերադառնում էի կյանքի, ու ինձ թվում էր, թե իմ թեթև գոյությամբ լցնում էի բոլոր այն առարկաները, որոնք հայում էի: Ամբողջովին կլանված այդ ակնթարթով՝ ես ոչինչ չէի հիշում. ես չունեի իմ անձի մասին ոչ մի հստակ զգացում, ոչ էլ՝ փոքր ինչ պատկերացում այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել. Չգիտեի, թե ով էի ես, որտեղ էի գտնվում. չէի զգում ոչ ցավ, ոչ վախ, ոչ անհանգստություն: Ես արյունահոսում էի, բայց դրան նայում էի այնպես, ասես` նայեի առվակի, անգամ չմտահոգվելով, թե այդ արյունն իմն էր, թե ոչ: Իմ ողջ գոյությունը զարմանահրաշ խաղաղավետության մեջ էր, ու ամեն անգամ, երբ հիշում եմ իմ այդ վիճակը, չեմ կարողանում դրան հավասարազոր մի բան գտնել իմ բոլոր զգացած հաճույքներից:

Ինձ հարցրին, թե որտեղ եմ ապրում, ես չկարողացա դա ասել: Հարցրեցի, թե որտեղ եմ ես, ինձ պատասխանեցին. Օտ Բորնում: Դա նույնն էր, թե ասեին. Ատլաս լեռան վրա: Ես ստիպված էի մեկը մյուսի ետևից հարցեր տալ այն վայրի, քաղաքի ու թաղամասի մասին, ուր գտնվում էի: Ու դա էլ ինձ անբավարար թվաց, որպեսզի գիտակցության գայի: Միայն վերադառնալով նույն ճանապարհով` փորձանքի տեղից մինչև ճեմափողոց, վերջապես հիշեցի, թե որտեղ եմ ապրում և թե ինչ է անունս: Ինձ անծանոթ մի պարոն, ով այնքան բարեգութ գտնվեց, որ մի քիչ ուղեկցեց ինձ` իմանալով, որ ապրում եմ այդքան հեռու, ինձ խորհուրդ տվեց Տամպլի մոտ մի կառք նստել, որն ինձ կտաներ տուն: Ես կարող էի միանգամայն ինքնուրույն քայլել, առանց որևէ դժվարության, չզգալով ոչ ցավ, ոչ որևէ անդամիս վիրավոր լինելը, թեև շարունակում էի առատորեն արյուն թքել: Սակայն սրթսրթում էի սառցե դողերոցքի մեջ, որի պատճառով վնասված ատամներս կափկափում էին: Հասնելով Տամպլ` ես մտածեցի, որ քանի որ գնում եմ առանց դժվարության, ավելի լավ է ճանապարհս շարունակեմ ոտքով, քան թե կառքի մեջ ենթարկվեմ մրսելուց մեռնելու վտանգին: Այդպես անցա մի կես լյո, որը Տամպլը բաժանում էր Պլատրիեր փողոցից, քայլելով թեթևորեն, շրջանցելով խոչընդոտները, կառքերը, ընտրելով ճանապարհն ու առաջ ընթանալով այնպես, ինչպես դա կանեի, եթե լրիվ առողջ վիճակում լինեի: Գալիս եմ, բացում եմ դրսի դռան կողպեքը, բարձրանում եմ մութ աստիճաններով, վերջապես հասնում եմ կացարանս`այլ փորձանքների չհանդիպելով, բացի ընկնելուց ու դրա հետևանքներից, որոնց լրջության մասին այդ ժամանակ չէի էլ մտածում:

Կնոջս ճչոցներից, երբ ինձ տեսավ, ես հասկացա, որ դրությունս ավելի վատն էր, քան ես էի կարծում: Ես գիշերն անցկացրի`դեռևս անտեղյակ մնալով գլխիս եկած փորձանքից ու չզգալով այն: Ահա, թե ինչ հայտնաբերեցի ու զգացի հաջորդ օրը. վերին շրթունքս ճեղքված էր ներսից, միչև քիթս. արտաքինից մաշկն այն պաշտպանել էր ու խանգարել, որ լրիվ ճեղքվի. վերևի չորս ատամներս շարժվում էին. դեմքիս մի մասը`վերին ծնոտիս մոտ, սոսկալիորեն ուռել էր ու մեռուկացել. աջ ձեռքիս բութ մատը, պարզվեց, դուրս էր ընկել և ուռել, ձախ ձեռքիս միջնամատը ճխլվել էր, ձախ ձեռքս դուրս էր ընկել, ձախ ծունկս սոսկալիորեն ուռած էր, և ուժգին, տանջալի ցավը չէր թողնում, որ այն մինչև վերջ ծալվեր: Սակայն, այդ ամենով հանդերձ, ոչ մի կոտրվածք, անգամ ատամներս էին իրենց տեղում, մի բախտաբերություն, որը նման էր հրաշքի`այդպիսի անկումից հետո:

Ահա ինձ հետ կատարված պատահարի ճշգրիտ նկարագրությունը: Մի քանի օրվա ընթացքում այդ պատմությունը տարածվեց Փարիզով մեկ, այնքան փոփոխված, աղճատված տեսքով, որ դրա մեջ ոչինչ չէր կարելի ճիշտ համարել: Ես պիտի նախօրոք կանխատեսեի այդ կերպափոխությունը. բայց դրան միացան այնքան անհեթեթ մանրամասներ, այնքան մութ ասեկոսեներ ու ակնարկներ ուղեկցեցին դրան, ու ինձ մեկնաբանում էին այնպիսի զավեշտի հասնող հանելուկային ձևով, որ այդ ամբողջ խորհրդավորությունն ինձ գցեց անհանգստության մեջ: Ես միշտ ատել եմ մութ բաները, դրանք ինձ ներշնչում են բնածին ու ակամա սոսկանք, որը չէր նվազեցնում նաև այն խավարը, որն ինձ շրջապատում էր ահա արդեն քանի տարի: Բոլոր տարօրինակությունների շարքում, որ զարմացնում էին ինձ նաև այդ ժամանակ, ես կնշեմ միայն մեկը, բայց այն արդեն բավական է, որպեսզի կարելի լինի դատել նաև մնացածների մասին:

Պարոն Լընուարը`ոստիկանության գեներալ Լեյտենանտը, որի հետ ես երբեք որևէ գործով չէի առնչվել, ուղարկեց իր քարտուղարին իմ առողջական վիճակի մասին տեղեկանալու ու ինձ փոխանցելու իր ծառայությունները մատուցելու վճռականությունը, որոնք տվյալ հանգամանքներում ինձ թվացին ոչ այնքան անհրաժեշտ իմ առողջացման համար: Սակայն նրա քարտուղարը շատ ջերմեռանդորեն պնդում էր, որ օգտվեի այդ առաջարկությունից, և անգամ, ասաց ինձ, որ եթե ես չեմ վստահում անձամբ իրեն, ապա կարող եմ ուղղակիորեն գրել պարոն Լընուարին: Նրա մեծ ջանադրությունից ու խորհրդավոր տեսքից ես հասկացա, որ այդ բոլորի մեջ թաքնված էր ինչ‐որ հանելուկ, որը ես զուր փորձում էի լուծել: Դա ավելի, քան բավարար էր, որպեսզի երկյուղ պատճառեր ինձ, հատկապես այդ ջղագրգիռ վիճակում, որի մեջ ինձ գցել էր ինձ հետ կատարվածն ու դրան հաջորդած տենդը: Ես անում էի հազար ու մի անհանգստացնող ու տխուր ենթադրություններ, և կատարում մեկնաբանություններ` շուրջս կատարվող ամեն ինչի մասին, որ, ավելի շուտ, տենդագին զառանցանք էր, քան թե սառնասիրտ վերլուծություն մի մարդու կողմից, ով այլևս ոչնչով չի հետաքրքրվում:

Մեկ ուրիշ միջադեպ վերջնականապես խաթարեց իմ անդորրը: Տիկին դ’Օրմուան, չէի կարողանում կռահել, թե ինչու, արդեն մի քանի տարի էր, ինչ որոնում էր ինձ: Սիրալիր փոքրիկ նվերները, հաճախակի, աննպատակ ու ոչ հաճելի այցելությունները բավականին պարզորոշ ինձ ցույց էին տալիս, որ այդ ամենի մեջ ինչ‐որ թաքուն նպատակ կար, բայց չէի կարողանում գտնել, թե հատկապես ինչ նպատակ: Նա հաղորդեց ինձ, որ պատրաստվում էր վեպ գրել, որպեսզի հետո այն ներկայացներ թագուհուն: Ես նրան ասացի, թե ինչ էի մտածում կին գրողների մասին: Նա հայտարարեց, որ դրանով ինքն ուզում էր վերականգնել իր դրությունը, որի համար իրեն անհրաժեշտ էր հովանավորություն: Դրան ես ոչինչ չունեի պատասխանելու: Ավելի ուշ, նա պատմեց, որ չկարողանալով հանդիպել թագուհուն, որոշել էր իր գիրքը հանձնել հասարակայնության դատին: Հարցը նրան խորհուրդներ տալու մեջ չէր, քանի որ ինքը դրանք ինձնից այլևս չէր խնդրում, և ոչ էլ պիտի հետևեր դրանց: Դրանից առաջ նա ցանկանում էր կանխավ ցույց տալ ինձ ձեռագիրը, բայց ես խնդրեցի դա չանել, ու նա չարեց դա:

Մի գեղեցիկ օր, իմ առողջացման ընթացքում, ես ստացա նրանից այդ գիրքն արդեն պատրաստի վիճակում, անգամ` կազմված, ու դրա նախաբանում տեսա գովաբանություններ իմ հասցեին, այնքան անճոռնի ու շողոքորթ, որ ես տհաճություն զգացի: Կոպիտ քծնանքը, որ նկատվում էր դրանց մեջ, ոչ մի կապ չուներ բարեմտության հետ: Դրանում սիրտս չէր կարող սխալվել:

Դրանից մի քանի օր հետո, տիկին դ’Օրմուան այցելեց ինձ իր դստեր հետ: Նա ինձ ասաց, թե իր գիրքը մեծ աղմուկ էր հանել մի նոթագրության պատճառով, որը ես հազիվ, թե նկատել էի` վեպը թռուցիկ աչքի անցկացնելիս: Ես այն վերընթերցեցի տիկին դ’Օրմուայի մեկնումից հետո, զննեցի, որ տեսնեի, թե ինչպես էր գրված, ու ինձ թվաց, թե հայտնաբերեցի նրա այցելությունների, շողոքորթումների, իր գրքի նախաբանում իմ հանդեպ կոպիտ քծնանքի նպատակը: Ես որոշեցի, որ այդ ամենն ուղղված էր հասարակությանն այն միտքը ներշնչելուն, թե իբր, այդ նոթագրությունն ինձ էր պատկանում, և ուրեմն, ինձ պիտի վերագրվեր նաև այն ամբողջ հանդիմանանքը, որը կարող էր ուղղվել հեղինակի դեմ` նման բան տպագրելու համար:

Ես ոչ մի հնար չունեի վերջ դնելու այդ աղմուկին ու տպավորությանը, որ այն կարող էր ստեղծել: Ինձնից կախված էր միայն մի բան` բանի տեղ չդնել այդ խոսակցությունները և չհանդուրժել տիկին դ’Օրմուայի ու իր դստեր ցուցադրական ու զուր այցելությունները: Ահա այն երկտողը, որը ես այդ նպատակով գրեցի այդ տիկնոջը.«Քանի որ Ռուսոն գրողներ չի ընդունում իր տանը, նա շնորհակալություն է հայտնում տիկին դ’Օրմուային ուշադրության համար և խնդրում է այլևս պատիվ չանել նրան իր այցելություններով»:

Նա ինձ պատասխանեց ձևականորեն պատշաճ մի նամակով, սակայն, այնպես ձևակերպված, ինչպես լինում էր միշտ` ինձ ուղղված գրություններում: Ես դաշույնը դաժանորեն խրել էի նրա զգայուն սրտի մեջ: Ես նրա նամակի տոնայնությունից պիտի կարծեի, որ իմ հանդեպ տածելով այդքան ջերմ ու անկեղծ զգացմունք` նա չէր դիմանա այդ բաժանմանը: Այդպես է, որ ուղղամտությունն ու ամեն բանում անկեղծությունը դառնում են աշխարհի սոսկալի հանցագործությունները, և իմ ժամանակակիցներին ես թվալու էի չար ու դաժան, եթե անգամ, ըստ իրենց, ուրիշ հանցագործություն կատարած չլինեի, բացի այն բանից, որ այդքան ստախոս ու նենգամիտ չէի, որքան իրենք:

Ես արդեն մի քանի անգամ դուրս էի եկել ման գալու, և անգամ` բավական հաճախ, զբոսնում էի Թյուիլրիում: Դատելով այն զարմանքից, որ շատերն արտահայտում էին ինձ հանդիպելիս, հասկացա, որ անձիս վերաբերյալ շրջանառվում էր էլի ինչ‐որ բան, որի մասին ես տեղյակ չէի: Ի վերջո, իմացա, որ հասարակության մեջ այն լուրն էր պտտվում, թե իբր, ես մեռել էի ընկնելուս պատճառով. այդ լուրն այնքան արագ էր տարածում գտնում, այնքան խորապես արմատավորվում, որ ավելի, քան երկու շաբաթ այն բանից հետո, երբ դա հասավ ինձ, անգամ իրենք՝թագավորն ու թագուհին, խոսում էին այդ մասին` որպես շատ հավաստի մի բանի: Ինչպես ինձ հարկ էին համարել տեղեկացնել, Ավինյոնի տեղեկատուն հաղորդելով այդ երջանիկ լուրը` բաց չէր թողել առիթը՝ իր լուման ներդնելու այդ վիրավորանքների ու ստորացումների մեջ, որոնցով պատրաստվում էին իմ մահվանից հետո պատվել հիշատակս` դրանցից դամբանաճառ կազմելով:

Դրան հավելվեց էլ ավելի տարօրինակ մի հանգամանք, որի մասին տեղեկացա լոկ պատահաբար ու չէի կարողանում դրա վերաբերյալ իմանալ որևէ մանրամասն: Պարզվում է, արդեն սկսվել էր բաժանորդագրությունը այն ձեռագրերի տպագրության, որ պիտի հայտնաբերեին ինձ մոտ: Դրանից ես հասկացա, որ պատրաստ պահել են գրվածքների մի ժողովածու, որը դիտավորյալ հորինել են այն բանի համար, որ, երբ ես մեռնեմ, դրանք իմ գրվածքները հայտարարեն: Մտածել, թե իսկապես իմ մոտ հայտնաբերված ձեռագրերից որևէ մեկը կարող էին տպագրել առանց աղճատելու, հիմարություն կլիներ, մի բան, որը չէր կարող խելքը գլխին մարդու մտքովն անցնել, և իմ տասնհինգամյա փորձը դրանից ինձ շատ լավ ապահովագրել էր:

Այս դիտարկումները, որ արվել էին մեկ առ մեկ, որ հետևում էին մեկը մյուսին և ուղեկցվում շատ ուրիշ, ոչ պակաս զարմանալի դիտարկումներով, նորից սոսկանքով պատեցին իմ երևակայությունը, մինչդեռ ես կարծում էի, թե այն խամրել էր առհավետ: Ու այդ խավարը, որ անդադար խտանում էր իմ շուրջ, վերածնեց ամբողջ վախը, որը այն, բնականաբար, ներշնչում էր ինձ: Ես գլուխ էի կոտրում`հազար ու մի կռահումներ անելով, փորձելով հասկանալ գաղտնիքներ, որոնք սակայն, անվերծանելի էին մնում ինձ համար: Այդքան շատ հանելուկները գալիս էին հաստատելու իմ նախկին եզրահանգումները: Իմ անձի ճակատագիրն ու համբավը վերջնականորեն որոշված են ներկա ողջ սերդնի միաձայն համաձայնությամբ: Որքան ջանքեր էլ գործադրեմ, չեմ կարողանա խուսափել դրանից, քանի որ, ինձ համար լրիվ անհնար է գալիք սերունդներին փոխանցել որևէ բան այլ կերպ, քան իմ ժամանակակիցների ձեռքերով, այսինքն` այն մարդկանց, ովքեր շահագրգռված են, որպեսզի այդ ամենը վերացնեն:

Բայց, այս անգամ, ես ավելի հեռուն գնացի: Այսպես ասած`ճակատագրի բերումով, այդքան անսպասելի հանգամանքների կուտակումը, իմ բոլոր դաժան թշնամիների հակառակություններն անձիս դեմ, բոլոր նրանց, ովքեր տնօրինում են պետական գործեր, ովքեր ուղղություն են տալիս հասարակական կարծիքին, բոլոր դիրք ունեցող մարդկանց, կշիռ ունեցող անձանց, որ ասես դիտավորյալ ընտրվել էին մասնակցելու ընդհանուր դավադրությանը նրանց միջոցով, որոնք թշնամություն էին սերմանում իմ դեմ, այդ ընդհանուր պայմանավորվածությունը չափից դուրս անսովոր է, որպեսզի զուտ պատահական լինի: Լոկ մեկը, որ հրաժարվեր դրան մասնակից լինելուց, որևէ մի իրադարձություն, որը հակասեր դրան, որևէ պատահական հանգամանքն իսկ, բավական կլիներ, որպեսզի այդ պայմանավորվածությունը հօդս ցնդեր: Սակայն, բոլոր կամքերը, բոլոր հանգամանքների դասավորությունը, բոլոր համընկնումները, ինչպես և բոլոր վայրիվերումները, միայն նպաստում էին մարդկային մտադրությանը. ու այդքան ցնցող, հրաշքի նմանվող համագործակցությունը տեղ չի թողնում կասկածելու, որ դրա լիակատար հաղթանակն արդեն գրված էր ճակատագրերի գրքում: Բազմաթիվ առանձին դիտարկումները, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, այն աստիճան են ինձ համոզում այդ մտքի ճշմարտացիության մեջ, որ ես չեմ կարող այսուհետև չմտածել, որ դա մարդկային բանականության համար անթափանցելի երկնային գաղտնիքներից մեկն է, մի բան, որը, մինչ այդ, ես համարում էի լոկ մարդկային չարության արդյունք:

Այդ միտքն ինձ ոչ միայն տանջալի չի թվում և տակնուվրա չի անում սիրտս, այլև մխիթարում է ինձ, հանգստացնում և օգնում է համակերպվելու: Ես այդքան հեռու չեմ գնում, ինչպես երանելի Օգոստինոսը, ով, եթե դատապարտված լիներ հավիտենական տանջանքերի, պիտի մխիթարվեր այն մտքից, թե այդպիսին է աստվածային կամքը: Սակայն, իմ հնազանդությունը բխում է մի աղբյուրից, որը, ճիշտ է, պակաս անշահա խնդիր է, բայց պակաս մաքուր չէ, ու իմ կարծիքով` պակաս արժանի չէ այն կատարյալ Էակին, ում ես երկրպագում եմ: Աստված արդար է. Նա ուզում է, որ ես տառապեմ, ու այնպես է անում, որ ես անմեղ լինեմ: Ահ՛ա իմ վստահության հիմքը: Իմ սիրտն ու իմ բանականությունն ինձ պնդում են, որ այն ինձ չի խաբի: Դե ուրեմն, մարդիկ ու ճակատագիրը թո՛ղ անեն իրենց գործը: Սովորե՛նք անտրտունջ տառապել: Ամեն ինչ, ի վերջո, իր տեղը կընկնի, ու վաղ թե ուշ, իմ հերթն էլ կգա:

Comments