Chapter 2
Դ-Ե
Դ
Մենք լսում էինք, քարացած, շեփորի ձայնը դժնի,
Որ վերից, բլուրի գագաթից, հնչում էր ամեհի թափով,-
Երբ ահա ներքևից, անտառից, ողողւած ցոլքերով լուսնի,
Սկսեց ելնել ու հոսել դէպի մեզ - հսկայ մի թափոր:
Շարժւում էր թափորը՝ լուսնի սպիտակ լոյսով ողողւած,
Ահագին, ինչպէս մարդկային վիթխարի մի գետ, կամ հեղեղ.
Ձիերի խրխինջ, բառաչիւն, մարդկային հեկեկանք ու լաց,
Զէնքերի շաչիւն, թմբուկներ, կրակներ կարմիր ու դեղին,-
Այս ամէնը խառնըւած իրար, գալիս էր դանդաղ դէպի մեզ,
Կամ դէպի բլուրն էր գնում՝ անսալով շեփորի ձայնին:-
Քաշւեցինք զգոյշ մենք մի կողմ, որ յորձանքը մեզ չճզմէ,
Կամ չնչին տաշեղի նման մեզ յանկարծ իր հետ չտանի:
Մօտենում էր թափորը դանդաղ, հոսում էր հանդարտ ու ահեղ,
Հեղեղի նման յորդանում՝ բերելով աղմուկ ու հառաչ,
Ցնծութեան ճիչեր խելագար, զառանցանք ու վիշտ խելահեղ,
Ոսկորի ու մսի մխրճանք, երկաթի շռինդ ու շառաչ:
Մօտեցաւ թափորն ահա մեզ և դանդաղ սկսեց անցնել
Մեր չռած աչքերի առաջով, երազի նման մի դժնի:-
Մենք նայում էինք քարացած, սարսափով անհուն ու անծիր,
Ողողւած սպիտակ լոյսով այն ահից դալկացած լուսնի:
Գալիս էր ամէնից առաջ վիթխարի հասակով մի մարդ՝
Չոր, բարակ, հսկայ ճակատով, բեղերը սափրած, բայց կլոր
Մօրուքով, ինչպէս քահանայ, հայացքով խոնարհ ու հանդարտ,
Իր գունատ, մահատիպ շրթերով մի ինչ-որ աղօթք երգելով:
Մազերին եղեամ էր ցանել մառախուղը կարծես Հիւսիսի,
Որ շողում էր ալեզարդ գլխին, ինչպէս սառը, օտար լոյսի փայլ.
Նա տխուր շարական էր երգում Աստծոյ որդի Յիսուսին,
Բայց բառերը խառնում էր իրար՝ յորդելով անհարթ մի բարբառ:
Իր բարակ, ոսկրոտ մատներով նա բռնել էր մի գանձարան.
Աջհամբոյր են փոքրիկ ժամերում հաւաքում նման ամանով.
Թիթեղեայ էր փոքրիկ գանձարանը,- և ձեռքով գրւած էր վրան՝
«Քաղաքական անօթ»:
Սկիհի նման սրբազան գանձարանն այդ բարձր պահած՝
Երբ անցաւ առաջով նա մեր - մենք տեսանք զարմանքով անծիր,
Որ ճախրում է անօթի վրայ, աղաւնու կերպարանք առած,
Սուրբ հոգու նման - մի փոքրիկ երկգլխանի արծիւ:
Այդ անօթը բարձր պահած՝ նա անցաւ քայլերով դանդաղ,
Անմռունչ, ինչպէս քահանայ, որ գանձ է հաւաքում ժամում,-
Եւ դէմքը նրա սպիտակ, և սկիհը նրա այդ - անդարձ
Դրոշմւած մնաց իմ հոգում - այնքա՜ն էր պատկերն այդ անհուն:
Գալիս էր ապա անտառի եզերքին մեր տեսած այն ծերուկ
Վարդապետը կամ քերթողն այն հզօր՝ մօրուքով մերկութիւնը ծածկած.-
Նստած է կմախքի վրայ նա մի մերկ, երերուն ձիու,
Որ քայլում էր ճօճւելով, ինչպէս ձիերն են քայլում ծերացած:
Իր ձիու կմախքէ վզին արծաթեայ տաւիղն իր դրած՝
Խփում էր մատներով նա չոր ու երգում ռազմական մի երգ,
Եւ նրա ետևից մի քանի երգիչներ, հրելով իրար,
Արշաւում էին՝ նրա պէս նստոտած կմախքէ ձիեր:
Բայց նրանք տաւիղի փոխարէն ոսկորներ ունէին ձեռներին,
Որ թափով խփելով իրար՝ աղմկում էին կատաղի.-
Նրանցից մէկն էր միայն, որ ունէր իսկական սրինգ,
Եւ սրինգը ձայներ էր հանում չափազանց տխուր ու աղի:-
Պատանի՛ էր դա մի դալկահար, արցունքով լեցուն աչքերով,
Եւ ձայնը նրա սրինգի նման էր ողբի ու լացի.
Նւագում էր իր խեղճ սրինգով նա տաղեր վշտի ու սիրոյ,
Խառնելով այլոց աղմուկին իր ձայնը՝ մի քիչ կանացի:-
Այս գունատ պատանու կողքին արշաւում էր այլ մի քերթող,
Նրանից աւելի տարեց, փառահեղ ճակատով և ճաղատ.
Նա տաւիղ ունէր արծաթէ և շեփոր պղնձէ - ու հերթով
Նւագում էր կամ սիրոյ տաղեր, կամ հնչում ռազմի աղաղակ:
Եւ այսպէս՝ խառնելով իրար ռազմաշունչ, ամպագոռ տաղեր
Եւ սիրոյ տխուր նւագներ - անցնում էր խումբը նոցա,-
Եւ հնչում էր նւագն այդ խմբի - թաղումի նման դառնաղետ,
Լցնելով սրտերը յաւէտ - դառնութեան անկոբար ու ցաւ :
Երգեցիկ այդ խմբից յետոյ գալիս էր մի սև դիակառք,
Որ քաշում էին մարդակերպ, չորեքթաթ դևեր կամ ձիեր.
Դրւած էր այդ կառքի վրայ ոսկեզօծ, շքեղ մի դագաղ,
Եւ նստած էր դագաղի վրայ մի գաճաճ՝ դէմքով դէպի ետ:
Նախ այնպէս մեզ թւաց, թէ նա, դագաղի մարդն այդ գաճաճ,
Կրում է իր մարմնի վրայ՝ վիթխարի գլուխներ երկու,
Բայց կառքը երբ քիչ մօտեցաւ և կանգնեց մի պահ մեր առաջ -
Մենք տեսանք դագաղի վրայ - վիթխարի մի գլուխ և մի կուզ:
Այդ կուզն էր, որ ետ էր նայում, իսկ գլուխը նայում էր առաջ,
Կոնաձև բլուրը դէպի, դէպի լոյսը նրա գագաթի:-
Իր խրոխտ, արծւային քթին ակնոցներ ուներ նա դրած
Եւ խորունկ կնճիռներ ուներ սպիտակ ու նեղ ճակատին:-
Նա ո՛չ թէ նստած էր ոսկեայ դագաղի վրայ, այլ մի մեծ
Չղջիկի, կամ բուի նման՝ թառել էր կարծես չորեքթաթ:-
Նա կառքի անհարթ շարժումից կշռւում էր մերթ առաջ, մերթ ետ,
Եւ մերթ կուզն էր բարձրանում վերև, մերթ գլուխը՝ մի փոքր հերթափ:
Բայց այդպէս չորեքթաթ կռացած՝ ձեռքերով նա իր ահագին
Պահել էր վիթխարի մի թերթ, կամ դրօշ՝ շինւած թիթեղից.
Թիթեղէ դրօշի վրայ նկարւած էր մի արջ թագակիր,
Որ թաթի երկաթեայ խաչով կոտրում էր մահիկ մի դեղին:
Անախորժ ճռինչ հանելով ընթանում էր կառքը դանդաղ,
Երգեցիկ խմբի ետևից, անսալով ձայնին շեփորի,-
Իսկ կառքի երկու կողքերից, քայլերով ծանր ու հանդարտ,
Ընթանում էին անտառում մեր տեսած այրերը նորից:-
Առաջինը՝ անտառում վառած խարոյկի պահապանն էր այն հեք,
Որ ձեռքին, դրօշի փոխարէն, կրում էր վիթխարի մի փուքս.
Փչելով փուքսն իր հսկայ՝ նա փորձում էր կրակներ հանել,
Բայց հանում էր ձայներ խռպոտած, տխրագին տնքոց ու հոգոց:
Իսկ միւսը - նրա օգնական ռազմաշունչ այն գուսանն էր, որ
Շանթեր էր աչքերից թափում, բարկութեան հուրեր ու կայծեր.-
Իր ձեռքին բռնած նա ունէր պղնձեայ ահագին մի շեփոր,
Բայց շեփորը չէր շեփորում, այլ տխուր կաղկանձում էր կարծես:
Գնում էր նրանց ետևից կիսամերկ այրերի մի խումբ.
Կմախքներ էին՝ զգեցած զանազան լաթեր ու շորեր.
Մէկը խաչ էր իր կրծքին կրում, մի ուրիշը՝ դեղնած ծաղկեփունջ,
Որ նաւթի բուրմունք էր հանում՝ չափազանց սուր ու զօրեղ:
Մի կմախք տանում էր մէջքին մազութի երկաթեայ աման,
Մի ուրիշը՝ հսկայ մի հաշվիչ, որ նման էր փայտեայ քնարի.
Մի կմախք, շալակին դրած, մի դոյլ էր տանում իր համար,
Մի ուրիշը պահել էր գլխին ոսկեզօծ նժար վիթխարի:
Հազիւ էր այս խումբը անցել, երբ ահա երևաց ջահակիր,
Սևասքեմ այրերի մի խումբ, որ գալիս էր՝ երգելով շարական.
Քայլում էր այդ խմբի մէջտեղում, կապտաւուն ծիրանի հագին,
Մի փարթամ մօրուքով վարդապետ, մի նժդեհ, մօտ վաթսուն տարեկան:
Նա կրծքին կրում էր մի աստղ, որ ցոլում էր ինչպէս ադամանդ,
Մի խաչ էր շողշողում փորին, որ ցոլքեր էր ցրում բիւրեղէ.-
Իր հուժկու ձեռքերով, իբրև դարերից մնացած աւանդ,
Բռնել էր պարթև ծերունին և տանում էր թղթէ մի շերեփ:
Թափորի առջևից տարվող այն փոքրիկ սկիհի նման
Այս շերեփը և´ս ուներ հովանի մի ոգի անլոյծ.-
Արծաթեայ արծւի փոխարէն այս թղթի շերեփի վրայ
Նստել էր, իբրև հովանի, պղնձեայ բաշով մի առիւծ:
Երգելով տխուր շարական, սևասև զգեստներ հագած,
Քայլում էր շքախումբը նրա՝ կրելով ջահեր մահատիպ,
Եւ թղթէ շերեփը ձեռքին ընթանում էր նա համրաքայլ,
Անընդհատ, ձայնով անայլայլ, կրկնելով մոգական մի թիւ:-
Մինչ անցնում էր թափորն այս այսպէս - ետևից յորդում էր արդէն
Անընդհատ աճող, ծաւալւող, լեռնացող մի ծով կամ հեղեղ.
Աճում էր աղմուկն աւելի, խտանում ու դառնում էր տարբեր,
Մօտենում էր խորշակ մի կարծես՝ խառնելով ազգեր ու ցեղեր:
Դղիրդի նման հեռաւոր մօտենում էր աղմուկ նախ մի խուլ,
Երկիր էր կարծես ընթանում՝ հեղեղով արւած տեղահան.
Անտառ էր կարծես ճարճատում, հրդեհւած երկիր էր մխում՝
Սփռելով բարբարոս մի բոյր, հանելով ճիչեր երկնահաս:
Ձիերի դոփիւն, զէնքերի չարագոյժ շառաչ, մարդկային
Հեկեկանք, օգնութեան ճիչեր, շների կաղկանձ յուսահատ.-
Մոտենում էր այսպէս հեռւից արշաւանքը Արեան և Մահի,
Եւ նայում էինք մենք՝ ահից կարկամած, շնչներս պահած:
Իսկ դէմից, բլրի գագաթից, կանչում էր շեփորն անընդհատ,
Շեփորում էր մահու տագնապով՝ կոչելով նոցա հանդեսի,-
Եւ հոսում էին դէպի նա ամբոխները այդ տեղահան՝
Դեպի լյառն էին շտապում՝ Մահու ու Արեան մի ծեսի...
Ե
Հռինդով, լացով, աղմուկով, թնդալով մօտենում էր մեզ
Գլխաւոր օղակն այդ ահեղ, հեղեղի նման թափորի.
Ջահակիր թափորից յետոյ, այրերից յետոյ սևազգեստ -
Զրահակիր բանակ էր դա մեծ, որ կռվի էր արշաւում նորից:
Վիթխարի մի նժոյգ նստած՝ ընթանում էր երթի առաջից
Հոլաձև մարդն այն ահեղ՝ ծածանած մի սև դրօշակ.
Խրխնջում էր նժոյգը նրա, բայց նման էր հիւանդ բառաչի
Խրխնջոցը նրա նժոյգի, որ քայլում էր դանդաղ և ուժատ:
Գլուխը՝ հագցրած ոտին՝ նայում էր շանթող աչքերով
Նժոյգի ոտների մօտից, ճոճվելով մերթ ետ, մերթ առաջ.
Վառւում էր լապտերի նման, կապտաւուն ժլատ մի հրով,
Շլինքին դրւած մեքենան, հանելով տնքոց ու հառաչ:
Իսկ նրա ետևից, իր նման նժոյգներ նստած և ձիեր,
Արշաւ ում էր նրա շքախումբը՝ կազմելով ստւար մի բանակ.
Ձիերի վրայ նստոտած կմախքներ էին ու դիեր՝
Ձեռներին սուսեր, զրահներ, հնամեայ զէնքեր ու դանակ:
Ընթանում էր մէկը՝ կմախքէ նժոյգի վրայ ընկըղմած,
Անգլուխ, մի ոտը կտրած, ձեռքերը կապած կռնակին,
Բայց կապած ձեռքերի արանքում մի դաշոյն ունէր նա պահած
Եւ փորձում էր նա դաշոյնով խողխողել նժոյգն իր տակի:
Հետևեալը... նիհար նժոյգի ոսկորէ նստուկին նստած
Խեղդամահ էր՝ լեղակի պէս կապոյտ իր լեզուն բերանից կախած.
Իր մռայլ պետի ետևից արշաւում էր քայլքով նա վստահ,
Գնում էր կարծես անվեհեր՝ ելնելու կրկի՛ն կախաղան:-
Միւսի իրանն էր միայն երևում, լոկ այդ, և մէկ էլ -
Մեջտեղից կոտրած մի սրունք, էլ ոչի՛նչ. արշաւ ում էր այդպէս.
Իսկ ո՞վ էր արդեօք այն մէկի ողնաշարը մէջտեղից թեքել -
Եւ դարձել էր նա հարցական նշանի նման մի պատկեր...
Ձիերից շատերի վրայ, մարդկային թէկուզ հաշմանդամ
Կմախքի կամ մարմնի փոխարէն - պարզապէս բազմել էին սեգ
Զըրահներ կամ սրեր ժանգոտած, մի դաշոյն կամ փամփուշտ անգամ,
Մի ամբողջ նժոյգի վրայ - մի փամփուշտ կամ հին հրազէն...
Այդ նժոյգ նստած հաշմանդամ այրերից շատերը սակայն
Ձիերի գաւակին կապած, իբրև բեռ վսեմ կամ պարծանք -
Աւարներ էին տանում - այն փառաւոր մարտերում հաւաքած՝
Մխրճած գանգեր, սրունքներ՝ սրբելուց պսպղուն դարձած:-
Այս լեզուն կտրած, կուրացած, խեղդամահ ասպետը ահա
Շարել է նժոյգի սանձին - մխրճած մատների մասեր.
Մի ուրիշը կրում էր ձեռքին կոնքերից շինած մի վահան,
Մի ասպետ փաթաթել էր մէջքին մի տրցակ կանացի մազեր:
Անցնում են, անցնում են անվերջ, գնում են շարքերով անծիր,
Կմախքե նժոյգներ նստած, զրահներ հագած մահաշունչ.
Հնձվորներ են կարծես, որ դանդաղ դառնում են Եղեռնի հնձից,
Մանգաղի ու բահի փոխարէն հրազէն առած ու դաշոյն:
Բայց ահա այդ կոյր, յօշոտւած, հաշմանդամ շքերթի միջում
Արշաւում է՝ նստած տախտակէ ձողերից շինած մի նժոյգ -
Սևահեր, թխադէմ մի այր, որ կրակ ու բոց է շնչում,
Մի ձեռքին քնար ոսկելար, միւսին՝ հրազէն մի զոյգ:
Մի փոքրիկ մօրուք նա ուներ, գալարուն սևասև մազեր,
Ծածկել էր թաւիշէ գլխարկ, և ուներ փողկապ փառահեղ,
Բայց նստուկը մերկ էր նրա, հանել էր զգեստներն ասես,
Որ տեսքը լինի երևի սրբազան իր դերին վայել:-
Իր խրոխտ դէմքին հակառակ, հակառակ առնական տեսքին՝
Երգում էր կերկերուն ձայնով նա քաղցրիկ, լորձունքոտ երգեր.-
Մենք լսում էինք զարմացած, նայելով առնական կրծքին,
Երբ տեսանք, որ նստուկը նրա բարձրանում ու իջնում է ներքև:
Փողային գործիք նվագող վարպետի այտերի նման
Ուռչում էր նստուկը նրա և իջնում, կրկին ու կրկին,-
Տեսնելով հրաշքն այս ցնցող - ա՜հ, մենք նո՛ր հասկացանք նրա
Ինքնագոհ ժպիտը - և խուլ, կաղկանձող թախիծը երգի...
«- Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն»,- երգում էր նստուկով նա իր,
Խառնելով կանչին այդ - մահու հառաչանք, ատամի կրճտոց,-
Անտառից բարձրանում էր այնինչ աղաղակ ամեհի ու խոր,
Եւ երկինք էր հասնում այնտեղից տագնապով բարձրացող մի բոց:
Անտառից, խարոյկի պէս մեծ, շառայլ էր նետում դէպի վեր
Կարմրաւուն, արնագոյն մի բոց՝ այրելով յօնքերը լուսնի,
Եւ լսւում էին այնտեղից սուլոցներ, օգնութեան ճիչեր,
Ծառերի ճարճատիւն, հեկեկանք, քրքիջներ վայրի ու դժնի:
Եւ որքան գնում - աւ ելի ահեղ էր դառնում անտառից
Բարձրացող աղմուկն ահաւոր, հեկեկանքը՝ աստղերին հասնող.
Ցերեկի պէս լոյս էր արդէն անտառից բարձրացող հրից,
Իսկ թափորը ձգւում էր էլի, ողողւած շառայլով այդ նոր:
Թափորի մի ծայրը արդէն հասել էր բլրի գագաթին,
Որտեղից հնչում էր, կանչում այն շեփորը - անվե՜րջ, անընդհա՛տ,-
Եւ անցնում էին մեր դէմից, դեռ անցնում էին մահատիպ,
Գոսնելի ասպետներ ու այրեր, կազմելով խռիւ մի ընթացք:
Մենք վաղուց արդէն, նայելով թափորի ընթացքին այդ յորդ,
Էլ չէինք ջոկում իրարից այրերին շարեշար անցնող.-
Դժւար էր արդէն տարբերել նորերին՝ դէմքերից նախորդ,
Ընդհանուր մի գետ էր անցնում մեր դէմից արդէն, կամ մի ծով:
Դժւար էր արդէն տարբերել նրանցից մէկին միւսից,
Զրահներն էին շատացել թերևս, կամ ձիերն էին ծեր.
Միևնո՛յն կերպարանքն էր արդէն բոլորինը, բոլորի՛ ուսից
Կախւած էր զէ՛նքը միևնոյն,- և արդէն չկային անձեր:
Բայց յանկարծ ամբոխի մէջ այդ, յորձանքում այդ բութ ու անդէմ,
Բարբարոս թափորում այդ մթին, որ նման էր արդէն կոշմարի -
Մենք տեսանք կերպարանք երկու,- և պատեց մեզ վիշտ մի անդեղ,
Եւ կարծես վերացանք մենք մի պահ այդ արեան ու տենդի աշխարհից:
Գնում էր թափորի միջից մի արձան կարծես մարմարէ.
Հասակը բարձր. քարէ աչքերում թախիծ ու կորով.
Իր քարէ շրթերով նա անկապ մի երգ էր փորձում բարբառել,
Երևում էր, որ Մա՛հն էր տեսել և Սարսափը նա իր աչքերով:-
Եղկելի էր որքան նստուկով նվագող քերթողն այն - այնքան
Յարգանք էր ներշնչում սրա կերպարանքը ամբողջ նայողին.
Իր կյանքում տեսած սարսափից նա դարձել էր արդէն խելագար,
Եւ ահից յանկարծ քարացել՝ կորցըրած թէ՛ յոյս, թէ՛ ուղի:
Նա ո՛չ թէ ինքն էր քայլում, այլ երթի ընթացքով տարւած՝
Շարժւում էր, ինչպէս մեքենայ, ենթակայ յորձանքի ուժին.
Երբեմն ցնցում էր նրան անյաղորդ, ներքին մի հարւած -
Նա կանգնում էր մի պահ քարացած և նայում՝ լուսնոտի պէս ուշիմ:
Եւ քայլում էր կրկին մարմարեայ արձանի պէս ուղիղ ու անթեք,
Նայելով ուղի՛ղ իր առջև՝ կոյրերն են ինչպէս միշտ նայում.
Ձեռքերը խաւարին մէկնած՝ անսահման Եղեռնի հանդէպ
Շշնջում էր սարսափի բառեր և կրկնում մեռած մի անուն...
Նա հո՜ղ էր հայցում՝ խաւարին կարկառած ձեռքով իր քարէ,
Եւ լո՜ւյս էր հայցում խաւարից՝ իբրև դեղ աչքերին իր կոյր,-
Եւ մահու պէս գունատ շրթերով շշնջում էր բառեր մարմարէ,
Երազում էր խոնջենք ու արև և սիրոյ աղբիւրներ մաքուր:
Բայց վսեմ այդ խոհից յանկարծ դառնալով ուրիշ մի խոհի՝
Նա թակում էր գլուխն իր թափով, սկսում էր մարմինը ցնցել -
Եւ մաքուր, անբիծ շրթերից թորում էր լորձունք ամեհի,
Եւ դէմքի վրայ այդ պահին նկարւում էին ալ բծեր...
Գնում էր նրա հետ մէկտեղ, համրաքայլ, քերթող մի ուրիշ.
Շինւած էր կարծես նա մոմից, և դէմքը, որպէս մագաղաթ.
Նրա ձայնը ելնում էր կարծես ժայռերում փորած ջրհորից՝
Ե´ւ մաքուր, և´ ջինջ էր այնքան, ինչպէս ցողը՝ դաշտերում շաղած:-
Բայց մոմէ այդ գունատ գուսանի թղթի պէս ճերմակ շրթերից
Յորդում էր երգը յանկարծ - ամպրոպի, որոտի՛ պէս թափով...
Եւ ո՞վ էր տվել այդքան ուժ, այդքան թափ ու շնորհ վերին
Այդ մոմե դէմքով գուսանին - և նետել նման մի թափոր...
Նա և´ս, սարսափից քարացած այն քարե գուսանի նման,
Քայլում էր՝ հորձանքով տարւած՝ իր աւագ ընկերոջ կողքին,
Եւ դէմքը նրա մոմեղեն, սփրթնած, գունատ, ինչպէս մահ,
Մերթ ընդ մերթ բոցւում էր, կարծես մի ուրի՛շ արևի շողքից:
Արծաթէ ափսէի վրայ նա տանում էր բոցավառ մի սիրտ,
Որ բոսոր ցոլքեր էր ցանում խաւարում այն սիրտ կեղեքող,
Եւ զուլալ, արծաթեայ ձայնով երգում էր արևի մասին,
Իր գիւղի՜ արևի մասին, որ մորթել էին ցերեկով...
Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,
Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը արդար,-
Բայց փոխւում էր երգը յանկարծ և դառնում աղաղակ ոխի,
Եւ մոմէ շրթերով քերթողի - սկսում էր նա նզովք կարդալ:
Պահերին այդ դէմքը նրա դառնում էր դժնի, արիւնռուշտ,
Խռպոցի էր փոխւում ու ճիչի նրա ձայնը պայծառ ու մաքուր,-
Սևանում էր սիրտը մի պահ, դառնալով անհուր ու անուժ,
Եւ քարէ ընկերոջ նման՝ քայլում էր նա էլ՝ ինչպէս կոյր:-
«- Ո՛վ տխուր ու խեղճ գուսաննե՛ր, նոխազնե՛ր, կեանքի բարբարոս,-
Բարբառեց Վարպետը յանկարծ՝ դառնալով նոցա ստւերին.
- Դուք կոչւած էիք լինելու Լոյսի ու Խնդութեա՛ն փարոս,
Բայց սրտերը ձեր բոցավառ այն Ստի՛ն ողջակէզ բերիք»:
Եւ նա ցոյց տւեց հեռւում, բլուրի գագաթին վառւող
Այն կրակը դժնի ու դեղին, որ վառւում էր անհուն տագնապով,-
Եւ ապա, դառնալով կրկին բարբարոս յորձանքով տարւող
Այրերին այն՝ ասաց իր սրտի բովանդա՛կ տխրութեամբ ու թափով.
«- Դուք կարո՜ղ էիք Քերթութեան և Մտքի լուսէ պարտէզում
Ճաշակել Ոգո՛ւ խնդութիւն՝ սնւելով խոհով ու բանիւ,-
Եւ երթում այս մութ ու դաժան կա՞յ արդեօք աւելի՛ մեծ զոհ,
Քան հանճարը ձեր բոցավառ՝ մատուցած այս պի՛ղծ սեղանին»...
Եւ լռեց Վարպետը մռայլ, առաջին և վերջին անգամ
Մեր ամբողջ երթի ընթացքում շրթունքները իր բանալով,-
Մինչ մռայլ թափորին ձուլւած, ոտքերով բոբիկ, արնաքամ
Հեռացան գուսաններն այն վսեմ՝ խելագար խնդալով ու լալով...