Chapter 1
Untitled chapter
ՄՈՒՏՔ
Քերթութեան ոլորապտոյտ ճանապարհներով
Անհանգըրւան անցած տարիներ երկարաձիգ,
Սիրտս կիզած բազում արևների հրով,
Խուսափելով ընդմիշտ երգերից դիւրածին,
Ահա զգում եմ ինձ կրկի՛ն անօգնական,
Ահաւորւած, ինչպէս բարձր լերան առջև -
Որի ոլորտներով կրկի՛ն պիտի գնամ,
Եւ չգիտեմ՝ ընկնե՞մ պիտի արդեօք, թէ՞ վաստակած հանգչեմ...
Արդ՝ մանուկ եմ ես նորից, և´ անուժ, և´ դողահար,
Անհամարձակ, ինչպէս աշակերտ, ուժերիս ու գրչիս անվստահ,-
Լեզւիս վրայ կսկիծ, և´ ջերմութիւն, և´ վահր՝
Աչքերս յառել եմ անցեալին՝ ապագայի նժոյգը նստած:-
Ձե՛զ եմ յառել աչքերըս, ո՜վ անցեալի վսեմ քերթողահայրե՛ր,
Գագաթնե՛ր Մտքի ու Հանճարի և Քերթութեան պետե՛ր,-
Քե՛զ, անյոյզ, մարմարեայ Հոմերո՛ս, որ երգել ես հերոսների մահը,
Սակայն խաղա՜ղ սրտով, մի մանկական հեքիաթ իբրև թէ:-
Եւ քե՛զ, լատինական փառքի հռչակը աւետող
Ո՜վ դիւցազնական և բարբարոս Վիրգի՛լ,
Որ ընթացել ես թէև հելլեն հանճարների սրբագործած հետքով,
Սակայն ինքնահուն է եղել պղընձեայ արշաւանքը երգիդ:
Եւ քե՛զ, արեգակնական հանճար, շռայլօրէն փարթամ Ֆիրդովսի՜,
Բազմաբղէտ, ինչպէս Արևելքը, գանձերով ու արկածներով հարուստ,
Որ հանճարիդ այնքա՜ն անայլայլ և իմաստուն լոյսով
Ներբողել ես շահերի սխրութիւնները սին, իբրև ուղի անմեռ, որ տրւում է վերուստ...
Սակայն բոլորդ միասին թւում էք ահաւասիկ
Ապագայով լեցուն աչքերիս, որ անցյալին եմ յառել ահալի,-
Ո՜վ դուք, զառամեալ մանկութեան յիշատակներ վսեմ,-
Այնքա՜ն թոթովախօս ու միամիտ...
Ձեր երգը միամիտ մանկութեան և ոգու երջանիկ անգիտութեան,
Եւ կարծեցեալ փառքի, և ճորտութեան դժնի,
Բայց և հանճարափայլ պարգևն էր՝ մեզ տրւած
Հի՜ն դարերի տքնութիւնից ազնիւ:-
Այլև ներբողել է ձեր երգը հերոսութիւն ու փայլ,
Խիզախների վսեմ արշաւանք և այրերի դաշինք,
Նշել է քերթութեան լուսազարդ ճանապարհ,
Փառք անմահական՝ բազմած մարմարիոնեայ նժոյգների բաշին:-
Բայց անցեալը այն, այն ուղին, այն ճանապարհը չարչարանաց,
Որին ես ահաւասիկ ուզում եմ մօտենալ -
Չէ՛ լեառ հերոսութեան, կամ վեհութեան ուղի, կամ փառքի ճանապարհ,
Կամ իմաստութեան պարտէզ, կամ ոգորում ոգու, կամ տքնութիւն անահ...
Եւ այն տեսիլը, որ՝ տարիներից յառնած՝
Ծառացել է ահա իմ վարանոտ ու զարհուրեալ հայացքների դէմ -
Ո՛չ փառքի գագաթ է խոստանում, ո՛չ Քերթութեան Պառնաս,
Ո՛չ անգամ փողփողեալ տողերի անմրցելի հանդէս:-
Այդ տեսիլը դժնի է և ժանտաժանտ, անփայլ է և գոսնական,
Եւ զարհուրելի է, ինչպէս զառանցանք, և անիմաստ է յաւէտ,-
Ո՜վ անցեալի պայծառ քերթողներ, ձեր երգը հերոսական
Թող դարերի՛ն մնայ ձեր հեռաւոր, ձեր օրերի՛ն անէ:-
Ձեր մարմարիոնեայ և դաշն դէմքերի փոխարէն,
Իբրև վարպետ միակ, իբրև անկաշառ մարգարէ -
Ահաւասիկ յառնում է մռայլ միջնադարից
Եւ կանգնում է դէմս, ո՜վ տառապեալ հանճար, քո կերպարանքը քարէ:-
Անցեալի արնակարմիր տեսիլներից շշմած հայացքներիս հանդեպ,
Որ ուղեցոյց են հայցում, և´ առաջնորդ արդար, և´ կորովի հանճար -
Պատկերելու համար Անցեալի խաւարից յառնած զարհուրանքը -
Դժոխքի դժնի մշուշից բարձրանում է ահա քո դէմքը բազմաչարչար...
Զարհուրանքի սովոր աչքերով, որ խորն են ու գերող,
Դու նայում ես ահա ոգուս խորքը, երկա՜ր նայում ես ոգուս խորքը,-
Եւ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,
Ինչպէս Վիրգիլը լուսաւոր, որ ցոյց տւեց մի օր քեզ երկնային դժոխքը:-
Ահաւասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ ու վարպետ,
Քերթութեան թոթովախոս մանուկ և այր բազմավաստակ,
Մեր խոհերով, մեր կեանքով, մեր երգերով անհունօրէն տարբեր,
Բայց և հարազատ ու արնակից, Իբրև միևնո՛ւյն մարդկութեան երկու տարբեր հասակ:-
Ընկնում ենք քեզ հետ միասին մենք ճանապարհ երկար,
Եւ մեր առջև ահա իր յորձանքն է ձգում արնափրփուր մի գետ,
Որ բաժանում է դժնի անցեալից այս լուսաւոր ներկան,-
Եւ մենք նստում ենք Մտածումի նաւը, որ նաւարկենք քեզ հետ:-
Գնում ենք ահաւասիկ քեզ հետ Քերթութեան ու Խոհի դժվար ճանապարհով
Դեպի ափը դէմի՝ ամէ՛ն յոյս ու հաւատ թողնելով այս ափին,
Եւ Մտածումս ահա, որպէս մշտնջական ու կորովի Քարոն,
Նաւարկում է դէպի Անցեալը, դէպի Անցեալը դառն, Դէպի ափը Մահվան ու Սարսափի...
Ա
Մենք ափ ենք ելնում միասին և նայում ենք մեր շուրջը մի պահ.-
Լռութիւն է, մռայլ մառախուղ, իսկ վերից գունատ մի մահիկ
Իր մեռեալ լոյսի հետ մէկտեղ տարածում է տխրութիւն ու ահ
Այդ անծիր եզերքի վրայ անսահման Սոսկումի ու Մահի:
Քայլում ենք, իրարու բռնած, քայլերով տարտամ, երերուն,
Անուղի, ինչպէս մոլորւած երկու կոյր կամ անօգ մանուկ:
Միևնո՛ւյն մառախուղն է բռնել թէ՛ մօտիկը մեր, թէ՛ հեռուն,
Միևնո՛ւյն լռութիւնն անհուն:
Խտանում է մեր դէմ մառախուղը.- ժայռեր են կարծես ու քարեր
Պարսպի նման բարձրացել և բռնել ճանապարհն անդարձ:-
Մոտենում ենք մենք ժայռերին - և տեսնում ենք վիթխարի ծառեր,
Եւ մտնում ենք ահա խաւարով ու ահով լեցուն մի անտառ:-
Ծառերի միջով վիթխարի գնում ենք դանդաղ մենք առաջ,
Կանգնում ենք, ականջ ենք դնում լռութեան մէջ երկար ու երկար,-
Եւ ահա հնչում է մթին անտառի խորքից մի հառաչ.-
Այդ ե՞րգ է արդեօք, հեկեկա՞նք, թէ՞ տրտունջ՝ քնարով երգած:-
Լսւում է ապա մօտիկից մի հանդարտ, դանդաղ ոտնաձայն.
Մոտենում է մէկը. դէպի մե՛զ, դէպի մե՛զ է գալիս ահա նա.
Եւ ահա - ծառերի ետևից ելնում է մի այր գլխաբաց.-
Վարդապե՞տ է նա, մուրացի՞կ, թէ՞ գեղջուկ, աղքատ քահանայ:-
Լուսնի սառ լոյսերով ողողւած՝ մօտենում է նա երերուն
Քայլերով, կանգնում է մեր դէմ,- ուրվական է կարծես նա ցաւի.-
Փոքրիկ է. նիհար. կիսամերկ. ճակատին պսակ է կրում,
Եւ ձեռքին բռնած նա ունի մի հսկայ արծաթեայ տաւիղ:
Հասնում է մօրուքն սպիտակ մինչև սրունքները նրա՝
Սպիտակ սաւանի նման ծածկելով մերկութիւնը ծերի.
Հայացքով տխուր ու անօգ նայում է նա լուռ մեր վրայ,
Եւ ապա, դառնալով Վարպետին, նա ասում է ձայնով մտերիմ.
«- Վարպե՛տ, օ՜հ, ես է՛լ քեզ նման մի գիշեր աշխարհից անցայ,
Ապրեցի, իբրև վանական, հայրենի եզերքում քո ծովի.
Բայց չքնաղ հայրենիքը քո - ինձ համար հայրենիք չդարձաւ ,
Եւ ծովը ձեր այն ծիծաղկուն,- չբուժեց իմ սիրտը ցաւից:
Աշխարհում շաչող հողմերից այն կղզում ապաստան գտած,
Զգեցած սևասև սքեմ՝ ես տաւիղը սակայն սիրեցի.
Եւ տաւիղը շեփոր դարձըրած՝ քերթութեան պարտէզը մտայ,
Որ կորած հայրենիքս երգեմ և անցեալը նրա հրածին:-
Երգեցի ես ձայնով առնական ամրոցներն ու բերդերը հայոց,
Ոստանները հայոց արքայից, պալատները նոցա փառահեղ.
Երգեցի Կարմիր Ավարայրը, Մասիսը՝ աստղերին հայող,
Ձգտելով հին փառքը հայոց սրտերում անմար միշտ պահել:
Քնարով մարտի կոչեցի ես նոցա՝ յանուն անցեալի,
Կոչեցի ելնել վերստին, թոթափել փոշին բարբարոս,-
Կոչեցի արժանի լինել մեր նախնեաց փառքին պանծալի՝
Վառելով ջահերն անցեալի, իբրև նո՜ր փրկութեան փարոս:-
Եւ երգս իզուր չհնչեց:- Հայրենի եզերքից քո լուրթ
Թռչելով, իբրև հրաւէր, դէպի հայրենիքն իմ հեռու -
Նա ոտքի հանեց քաջարի այրերի անմահ մի սերունդ,
Որ ելաւ գերութեան փոշուց հայրենեաց համար կռւելու:-
Եւ թէև քէնով բարբարոս փորձեցին նոքա, դարաւոր
Ոսոխները հայոց աշխարհի, մեզ արեա՛մբ ողողել կրկին,-
Բայց վսեմ մեր երթը եղաւ անցեալի փայլո՛վ փառաւոր,
Եւ խաղա՜ղ սրտով ես մեռայ՝ մինչև մահ քնարը ձեռքիս» :-
Ասաց - և խփեց քնարին նա մոմէ մատներով դեղին,
Աչքերում ամեհի մի հուր, մօրուքով մերկութիւնը ծածկած,-
Եւ ձայնը նրա քնարի, որ նման էր ձայնին թիթեղի,
Հնչում էր, ինչպէս մի հիւանդ, մահամերձ ընկած մանկան լաց:
Եւ տաւիղն հնչելով հեռացաւ , խարխափով մտաւ նա նորից
Անտառի խորքը խաւար, ուր տիրում էր տագնապ ու հառաչ:-
Մենք երկար լսեցինք նրա քնարի հառաչքը խորին,
Մինչ սուզւեց, լռեց նա հեռւում... Եւ անձայն անցանք մենք առաջ:-
Բ
Գնում ենք մենք ահա կրկին անտառով այդ մութ ու խաւար,
Ծառերի ճիւղերն անտերև քսւում են դէմքերին մերթ մեր,
Եւ թւում է մեզ, թէ նոքա չորացած մատներ են նիհար,
Եւ թւում են ծառերն անտառի - սարսափից քարացած դէմքեր:
Գնում ենք անտառով երկար, և ինչքան խորն ենք մտնում -
Լցւում է անտառը այնքան հառաչի ու լացի ձայներով,
Մանուկներ են կարծես զառանցում, ծերեր են հռնդում մթնում,
Սերունդներ են կարծես կարկառում բազուկներ գրկող ու գերող:
Բայց ահա երևում է հեռուն՝ տագնապով թարթող մի կրակ,
Թարթում է նա մերթ խաւարում, ու կրկին տագնապով մարում:
Մենք քայլում ենք նրա ուղղութեամբ, մօտենում ենք ահա մենք նրան
Եւ տեսնում ենք արդէն մոխրացած, համարեայ հանգած մի խարոյկ:
Խարոյկի շուրջը թափւած՝ մենք տեսնում ենք զէնքեր, ոսկորներ,
Մարդկային գանգեր, հնօրեայ զրահներ, մի հին հրացան:-
Եւ տեսնում ենք ապա, այլայլւած հայացքով նայում ենք երբ վեր -
Ծառերի ճիւղքերից կախւած կմախքներ՝ տապից չորացած:
Այս դժնի պատկերից սարսած՝ ուզում ենք արդէն կիսամար
Այդ խարոյկը թողնել ու գնալ, ընթանալ կրկին, երբ յանկարծ,
Ծառերի ետևից ելնելով՝ երևում է կիսամերկ մի մարդ՝
Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ:
Գաճաճ է կարծես՝ հրաշքով անտառի խաւարից ելած.
Աչքերը շանթեր են թափում, ցայտում են կայծակներ ու կիրք.
Վիթխարի գլուխը կարծես տնկած է ուսերի վրայ.
Ակնոցներ ունի նա դրած և ձեռքին բռնել է մի գիրք:
Նայում է շանթող աչքերով նա մի պահ աչքերի տակից,
Նստում է ապա կիսամար խարոյկի մոխիրի վրայ,
Եւ հսկայ մի գնդի նման ցնցելով գլուխը ահագին՝
Ասում է ձայնով կանացի՝ ցուցամատը ճակատին դրած.
«- Այս խարոյկը ե՛ս վառեցի աշխարհում ձեռքերով իմ թոյլ,
Եւ տասնեակ տարիներ բորբոքւած՝ նա ցրեց շողեր ու կայծեր,-
Իմ ամբողջ կեանքում կռացած՝ փչեցի ես անխոնջ ու անդուլ,
Որ երբե՛ք, երբե՛ք չմարի նրա հուրը - և յա՛ր առկայծէ:
Եւ եկան, տասնեակ տարիներ սերունդնե՜ր եկան բորբոքւած,
Այրեցին սրտերը թափուր աշխարհում վառած իմ հրով,-
Հայրենի երկրի խաւարում սփռեցին հուր ցնորք ու կայծ.
Այստեղի՛ց զրահներ առած գնացին Ֆարհատն ու Կարօն:-
Ես վրէ՛ժը կեանքում երգեցի թշնամու հանդէպ հնօրեայ.
Իմ քնարը, գրիչն իմ հատու - սրբազան մրրի՛կ սերմանեց,-
Բայց նստած եմ կրկի՛ն ահա ես խարոյկիս մոխիրի վրայ -
Եւ շրթերս թորում են հիմա նախատի՛նք միայն ու անէծք»...
Վեր թռաւ յուզւած նա տեղից, շպրտեց գիրքը մի կողմ,
Կռացաւ խարոյկի վրայ և կրկին սկսեց փչել.-
Ելնում էր շունչը կրծքից մի խռպոտ, փայտեայ աղմուկով,
Եւ խարոյկը չէր բորբոքում... Եւ կանգնեց նա ոտքի ու գոչեց.
«- Բարձրացի՛ր, ելի՛ր խաւարից, ո՜վ ռազմի երգերի գուսան,
Հնչեցրո՛ւ քնարդ կրկին, թող ձայնը նրա շառաչե՛.-
Թող մարտի՛ նա կոչե կրկին բանակները մեր սրբազան,
Ե´ւ զէնքերը թող որոտան, և´ ռազմի սրերը թող շաչեն» :-
Այսպէս նա կանչեց,- և ահա, անտառի խորքից ելնելով,
Մոտեցաւ մեզ մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիւ.
Վիթխարի ճակատ նա ուներ. հայացքը խրոխտ ու խելօք.
Իր ձեռքի պղնձեայ շեփորով շեփորեց նա պայքար ու կռիւ:
Բայց շեփորը՝ ռազմի ամպագոռ շառաչուն երգի փոխարէն՝
Արձակեց խռպոտ մի հառաչ, որ նման էր քամու կաղկանձի.
Բայց նրանց մեռեալ աչքերում ամեհի հուրեր նա վառեց,
Եւ գաճաճն սկսեց պարել - խելագար, խնդութեամբ անծիր...
Քարացած՝ մենք նայում էինք վիթխարի գլխով այդ մարդուն,
Որ վայրի մի պար էր պարում կաղկանձող նւագի ներքոյ,
Իսկ վերից, խաւարի միջից, պահակի նման մշտարթուն,
Զառամեալ լուսինն էր նայում՝ հմայւած պարով ու երգով:-
Իսկ ծառի ճիւղերից կախած կմախքները այն չորացած,
Շարժելով ծնօտներն իրենց՝ սկսեցին ամեհի կափկափել,-
Եւ լուսինը, ի վերուստ տրւած իր ժպիտը անդարձ մոռացած,
Սկսեց քրքջալ և վերից մեր գլխին պաղ մոխիր թափել...
Գ
Մենք թողինք պարող գաճաճին և ռազմի շեփորով մարդուն,
Եւ կրկին դանդաղ քայլերով քայլեցինք անտառի միջով,-
Երբ թնդաց յանկարծ անտառում մի երկինք հասնող դղրդիւն,
Եւ անտառը լցւեց ծայրէծայր բարձրաձայն լացով ու ճիչով:
Սարսափած՝ վազեցինք մենք առաջ ծառերի միջով անտառի,
Անպաշտպան կրծքերս նրանց ճիւղքերի հարւածին բացած,-
Եւ այդպէս երկար վազելով - դուրս եկանք յանկարծ անտառից,
Եւ փռւեց աչքերիս առջև - ամայի, ընդարձակ մի բացատ:
Ողողւած կարմրաւուն լոյսով - ձգւում էր բացատն ընդարձակ,
Ամայի, ինչպէս անապատ, անպտուղ, քարքարոտ ու լուռ:-
Այդ մռայլ բացատի մէջտեղում, հրաշքի նման բարձրացած,
Ցցւել էր ժայռերից կերտած մի կարմիր, կոնաձև բլուր:
Մենք նայում էինք բլուրին՝ աչքներս սարսափից չռած,
Այնտեղից ռազմի մի շեփոր կանչում էր խրոխտ ու առոյգ.
Վառւում էր բլուրի գլխին բարձրաբերձ բոցով մի կրակ,
Թւում էր, թէ վառել են այնտեղ մի հսկայ տօնական խարոյկ:-
Ոլորուն մի ուղի էր տանում բացատով դէպ բլուրն այդ թեք,
Քայլեցինք ուղիով այդ ոլոր,- և ահա, բլուրին չհասած,
Հանդիպեց, կտրեց մեր ուղին մի ինչ-որ կերպարանք անդէմ,
Մի, կարծես դժոխքից ելած, անսահման դժնի արարած:
Դա մա՞րդ էր, ուրո՞ւ, թէ մի դև՞,- դժւար էր որոշել իսկոյն:-
Նման էր հսկայ մորեխի, շարժւում էր թռիչքով թեթև,
Մնում էր մի պահ իր տեղում - և յանկարծ թռիչք էր անում,
Կարճ, հատու, ինչպէս դաշտերում մորե՛խն է թռչում տեղից տեղ:
Այդպիսի թռիչքով հատու ծառացաւ երբ նա մեր առաջ -
Սկզբում տեսանք մենք միայն ոսկորի և մսի մի կոյտ.
Կարծես մէկը առել էր մի խուրձ ոսկորներ և խառնել էր իրար,
Իսկ յետոյ - իրարու կապել, խառնելով ազդրեր ու գլուխ:
Երբ մի քիչ երկար նայեցինք ոսկորի ու մսի այդ կոյտին -
Տեսանք, որ կմախք է դա մի՝ գլխի տեղ՝ երկաթեայ մեքենայ,
Ձեռքերը տեղերից պոկած, գլուխը հագցրած ոտին,
Իսկ սրտի փոխարէն - կրծքում պողպատեայ զսպանակ դրած:
Ներքևից, ձախ ոտի մօտից, գլուխը նայում էր վերև՝
Աչքերից շանթեր թափելով, ատամները քսելով իրար.
Աջ ոտի մատներով մի պահ նա գունատ ճակատը քերեց -
Եւ այսպէս նա խօսեց՝ ներքևից ցասումով նայելով մեր վրայ.
«- Ո՜վ դուք, որ մտել եք ահա այս մռայլ անտառը Ահի,-
Նայեցէ՛ք հատեալ կմախքիս և գլխիս՝ պոկւած իր տեղից.-
Աշխարհում որոճում էի ես խոհեր կռւի ու մահի
Եւ գլխի փոխարէն ունէի մեքենա՝յ շինւած թիթեղից:-
Ես սրտի փոխարէն ունէի իմ կրծքում պողպատ զսպանակ,
Անծանօթ էր կեանքում ինձ համար ամենայն վարանում ու ահ.
Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մե՛ծ մի բանակ
Եւ մեր սև դրօշի վրայ գրեցի «Հայրենիք կամ Մահ»:
Գնացին նոքա, այդ արի զինվորները, Երկիրն Աւետեաց,
Տիրում էր այնտեղ բռնութիւն, և´ ոճիր, և´ կեանք անազատ.
Գնացին նոքա՝ սրբելու մեր դէմքից նախատինք ու լաց,
Բայց երկիրն արեամբ ողողեց տագնապած Արքան այն գազան:
Հանելով բարբարոս հորդաներ - նա քանդեց մեր շէները բոլոր,
Մեր մանկանց արեա՛մբ արբեցաւ ՝ թաքնըւած որջում արքունի,-
Եւ ահա, վրէժով լցւած, դժոխքի հանճարին դիմելով,
Ուխտեցի ըմպել մի բաժակ բռնակալ Արքայի արիւնից:
Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ մեքենայ,
Բայց, դժբախտ փորձի ժամանակ, Արքայից հեռու նա պայթեց,-
Եւ խփեց - խորտակեց նա ինձ... Իսկ Արքան կենդանի մնաց,
Եւ, իբրև դևի տրիտուր, նախճիրներ նիւթեց ու ջարդեր...
Եւ մնա՜ց նա կենդանի... Կենդանի՜ նա մնաց... Վա՛յ ինձ...
Աշխարհից հեռացայ ես այսպէս՝ իմ ուխտը թողած անկատար...
Եւ ո՛չ մի կաթիլ չխմած արիւնից այն Հրեշ-Արքայի՝
Ես կեանքից ընդմիշտ հեռացայ... Եւ չունե՜մ հանգիստ ու դադար»...
Ասաց - կափկափեց կրկին ատամները թափով մի ահեղ,
Աչքերից շանթեր արձակեց,- և յանկարծ թռչելով տեղից,
Սկսեց թպրտալ օդում, թռչկոտել, ճչալ ու վայել,
Լցնելով բացատն աղմուկով ոսկորի և շաչող թիթեղի:-
Թռչկոտում էր նա խելահեղ, կատաղի դառնութեամբ վայում,
Դառնում էր օդում, ինչպէս հոլ, և ճիչեր արձակում ցաւի,-
Մենք դիտում էինք քարացած, սարսափած աչքերով նայում,
Երբ յանկարծ մօտեցան նրան երկու այր՝ դէմքերով կաւիճ:
Բուսնելով կարծես խաւարից՝ մօտեցան նրան երկու այր,
Երկու մարդ սևազգեստ, մռայլ, կրծքերին պղնձեայ նշան.
Կմախքներ էին՝ զգեցած զգեստներ մթին ու մռայլ,
Ձեռքերին ոսկորներ բռնած, ինչպէս գոռ մարտի դրօշակ:
Ելնելով կարծես խաւարից՝ մօտեցան նրանք այն հոլին,
Որ ցատկում ու դառնում էր օդում և ճիչեր արձակում ահեղ,-
Եւ մէկը նրանցից, որ ուներ հայացքներ՝ մռայլ փայլով լի -
Սկսեց ձեռքերով օդում, նրա շուրջը շարժումներ անել:
Հիպնոսող բժիշկն է ինչպէս ներազդող շարժումներ անում՝
Հիւանդի առջև շարժելով պսպղուն մի գունդ կամ բիւրեղ -
Նա շարժում էր այդպէս մի ոսկոր, կրկնելով անհայտ մի անուն,
Յօնքերի տակից ցայտելով կրակներ կարմիր ու հուրեր:
«Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն»,- ձայնում էր կանչով շառաչուն,
Ձեռները կարօտով օդում հոլաձև մարդուն տարածած,
«Խա՜ն Բա՜ն ո՜տ, Խա՜ն Բա՜ն ո՜տ, Բա՜ն ո՜տ»,- ձայնակցում էր նրա հառաչին
Ուղեկիցը նրա՝ ամեհի էքստազում ինչպէս վերացած:
Այդ մռայլ կանչերի ներքո հոլատիպ մարդը քիչ-քիչ
Սկսեց թուլանալ, հանդարտել,- և ահա ընկաւ ուժասպառ.
Ցնցւում էր մի քանի վայրկեան իր գլուխը միայն ահագին,
Բայց նա էլ հանդարտւեց ահա... Եւ տիրեց լռութիւն անբառ:-
Մենք նայում էինք քարացած պատկերին այդ մութ ու հոռի
Եւ ուզում էինք հեռանալ, ընթանալ բացատով կրկին,
Երբ հնչեց բլուրի գլխից հռինդը ռազմի շեփորի,
Եւ լսւեց աղմուկ, ոտնաձայն - ներքևից, անտառի խորքից:
Լսելով ձայնը շեփորի - վեր թռաւ տեղից հոլաձև
Այն կմախքը կամ մարդը կրկին՝ ճակատին արնաթոր վէրքեր,-
Մի քանի վայրկեան քարացած, ականջը շեփորին, նա լսեց,-
Եւ քամու նման սրընթաց - երեքով սլացան ներքև:
Շռինդը ռազմի շեփորի թնդում ու կանչում էր մինչդեռ,
Ձայնում էր բլուրի գլխից, ինչպէս կոչ, երթի աղաղակ,-
Եւ լսւում էին ներքևից, անտառից - ճիչեր ու կանչեր,
Հաւաքւում էր կարծես անտառում և երթի էր ելնում մի բանակ:
Վերևից, բլուրի գլխից հնչում էր շեփորը, կանչում,
Տագնապով, ինչպէս ահազանգ,- և ձայնին նրա զուգահեռ՝
Լսւում էր հառաչ, ոտնաձայն, մի զանգ էր հեռուն ղողանջում,
Եւ վառւում էին անտառում բազմաթիւ կրակներ ու ջահեր...