1. Լիթ-Լիթի ամուսնությունը

Chapter 1

I

Երբ Ջոն Ֆոքսը եկավ այն երկրամասը, որտեղ վիսկին սառչում է և գրեթե ամբողջ տարին կարծր վիճակում մնում այնպես, որ կարելի է որպես պրեսպապյե օգտագործել, նա չէր ճնշվում այն իդեալների ու պատրանքների ծանրությունից, որոնք փոքրուց կյանքին սթափ նայելու չվարժված որոշ արկածախնդիրների սովորաբար խանգարում են հաջողության հասնել: Նա, որ ծնվել ու մեծացել էր հեռավոր Արևմուտքում, թեև ոչ նրբանկատ, բայց առողջ միտք ուներ, գործարար էր և ի միջի այլոց էր նայում իրերին, մի բան, որը Կանադայում անմիջապես ապահովեց նրա հաջողությունը մի նոր ասպարեզում: Նա իր գործունեությունն սկսեց որպես Հուդզոնի ծոցի Ընկերության շարքային ծառայող, որը ուղեկցորդների հետ հավասար գործում է թիակներով և ապրանքը սեփական մեջքով փոխադրում գետամիջյան քարշավայրերով, բայց թե շատ շուտով առաջ քաշվեց և առևտրական ղեկավար դարձավ Անջելա ֆորտում:

Նա ի միջի այլոց էր նայում իրերին, այդ իսկ պատճառով էլ կին առավ տեղական ցեղից, և քանի որ այդ ամուսնությունը իսկապես երջանիկ եղավ, ապա զերծ էր մշտական անհանգստությունից ու չգոհացված ցանկությունից, մի բան, որը թունավորում էր ուրիշ, ավելին հասկացող տղամարդկանց գոյությունը, խանգարում նրանց աշխատելուն և վերջ ի վերջո իսկական դժոխք դարձնում նրանց կյանքը: Նա միանգամայն գոհ էր իր բախտից, ջանասիրաբար ծառայում էր Ընկերությանը և որոշ ժամանակ անց արդեն լավ համարում ուներ:

Երբ նրա կինը մեռավ, ցեղը պահանջեց հանգուցյալի դիակը և թաղեց տեղի սովորության համաձայն՝ թիթեղե արկղի մեջ, ծառի կատարին:

Այդ կինը երկու որդի պարգևեց Ֆոքսին, և երբ Ընկերությունը բարձրացրեց սրա պաշտոնը, սա տղաների հետ գնաց ավելի հեռու, Հյուսիսարևմտյան Տերիտորիայի անսահման տարածությունները՝ դեպի Մեղսաժայռը, որտեղ նրան մի նոր պաշտոն էր սպասում ավելի կարևոր ասպարեզում՝ մորթեղենի առևտրում: Նա մի քանի տխուր ու միայնակ ամիսներ անցկացրեց այստեղ, բացահայտ զզվանքով նայելով հնդկացի աղջիկներին, որոնք բոլորովին էլ աչքի չէին ընկնում գեղեցկությամբ, և միշտ անհանգստանալով մեծացող որդիների համար, որոնք մայրական փաղաքշանքի ու հոգատարության կարիք էին զգում: Եվ հանկարծ նա տեսավ Լիթ-Լիթին:

— Լիթ-Լիթը... դե ինչ ասեմ... դե Լիթ-Լիթն է, էլի:— Սովորաբար սրանով էլ ավարտվում էին նրա անհույս փորձերը, որոնց նպատակն էր նկարագրելով կնոջը ներկայացնել իր ավագ գործակատար Ալեքսանդր Մաք Լինին:

Մաք Լինի մեջ դեռևս ուժեղ էր նրա շոտլանդական խառնվածքը. Ջոն Ֆոքսի արտահայտությամբ «նա դեռ ծծկեր էր», ուստի և ոչ մի կերպ չէր կարող հաշտվել հնդկացի կին առնելու սովորության հետ: Սակայն նրան չէր վշտացնի, եթե կառավարիչը կործաներ իր անմահ հոգին, առավել ևս, որ ինքն էլ վախենում էր չդիմանալ Լիթ-Լիթի վտանգավոր թովչանքներին, և, եթե այդ աղջիկը ամուսնանար կառավարչի հետ, ապա ինքը մռայլ գոհունակություն կզգար, քանի որ դա փրկում էր իր սեփական հոգին:

Զարմանալի չէ, որ շոտլանդացու խստաշունչ հոգին պատրաստ էր հալվելու Լիթ-Լիթի աչքերի այրող կրակից: Սա լավիկն էր՝ սլացիկ, ճկուն, բոլորովին նման չէր սառը, անկիրք դեմքով ֆլեգմատիկ հնդկուհիներին: «Լիթ-Լիթ»— դեռ մանուկ հասակում նրան այսպես էին կոչել այն բանի համար, որ նա հանգիստ նստել չգիտեր թևածում էր թիթեռնիկի պես, թեթև, ուրախ բնավորության համար, այն բանի համար, որ նա այնքան ծիծաղկոտ էր, այնքան անհոգ վազվզում էր ու թռչկոտում:

Լիթ-Լիթը մետիսուհու և տեղական ցեղի հռչակավոր առաջնորդ Սնիթշեյնի դուստրն էր: Եվ ահա, կամենալով ամուսնության բանակցություններ սկսել, մի անգամ ամռանը, իբր պատահաբար, հենց նրա մոտ եկավ Ջոն Ֆոքսը։ Նա և առաջնորդը նստել էին մլակներին փախցնելու համար վիգվամի առջև վառված խարույկի մոտ և հանդարտ զրուցում էին աշխարհում ամեն ինչի մասին, համենայն դեպս, այն ամենի մասին, ինչ վերաբերում էր հյուսիսային երկրներին,— մի խոսքով, հարսանիքից բացի՝ ամեն ինչի մասին: Ջոն Ֆոքսը եկել էր միայն նրա համար, որ ամուսնության բանակցություններ վարեր: Սնիթշեյնը այդ գիտեր, և Ջոն Ֆոքսն էլ գիտեր, որ նա գիտե, սակայն, այնուամենայնիվ, ամուսնության մասին է, որ համառորեն ոչ մի բառ չէին ասում: Դա բանակցություն վարելու՝ հնդկացիների խորամանկ հմտության նշան է համարվում։ Իսկ իրականում դա պարզապես միամտություն է։

Ժամեր անցան, իսկ Ֆոքսն ու Սնիթշեյնը վառում էին ծխամորճ ծխամորճի հետևից և հիանալի խաղացված պարզամտությամբ իրար նայում:

Օրվա մեջ անտարբեր տեսքով նրանց մոտով անցան Մաք Լինը և մյուս գործակատարը՝ Մաք Թեյվիշը. նրանք դեպի գետն էին գնում: Երբ մի ժամ անց նրանք վերադառնում էին, Ֆոքսն ու Սնիթշեյնը քաղաքավարի վիճում էին այն վառոդի և ապուխտի քանակի ու որակի մասին, որ Ընկերությունը տալիս է մորթեղենի դիմաց: Մինչդեռ Լիթ-Լիթը, կռահելով ֆակտորիայի կառավարչի շնորհ բերելու պատճառը, հետևի պատի տակով խցկվել էր վիգվամ և, մի փոքր ետ քաշելով մուտքը ծածկող մորթին, ճեղքից նայում էր խարույկի մոտ վիճողներին: Նա շառագունել էր, աչքերը փայլում էին, ամբողջովին համակվել էր հպարտությամբ. չէ որ նրան ընտրել էր կառավարիչն ինքը (հյուսիսային երկրամասերում նա առաջին դեմքն է աստծուց հետո), և Լիթ-Լիթը վառվում էր զուտ կանացի հետաքրքրությամբ, նա շտապում էր ինչպես հարկն է տնտղել նրան: Կառավարչի դեմքը արևից, ճամբարային խարույկներից և վատ եղանակից դարձել էր կարմրապղնձագույն, գրեթե այնպիսին, ինչպիսին իր հոր դեմքն էր, և ինքը նրանց մոտ սպիտակադեմ էր թվում: Դա հաճելի էր, բայց ինչքա՜ն ավելի հաճելի էր, որ նա այդքան խոշորամարմին էր և ուժեղ, միայն թե հսկայական սև մորուքը մի փոքր վախեցնում էր նրան. ախր դա շատ անսովոր էր:

Լիթ-Լիթը շատ ջահել էր և բոլորովին չգիտեր, թե ինչպիսին են նրանք, այդ տղամարդիկ: Նա տասնյոթ անգամ էր տեսել, թե ինչպես էր արևը գլորվել հարավ ու պահվել հորիզոնի հետևում և տասնյոթ անգամ վերադարձել էր, և յուրաքանչյուր օր այն ավելի ու ավելի երկար էր մնացել երկնքում, մինչև որ վերջապես գիշերը բոլորովին նահանջել էր նրա առջև: Սնիթշեյնը այդ բոլոր տարիներին խանդոտությամբ պահպանում էր աղջկան, երկրպագուներին մոտ չէր թողնում նրան, արհամարհանքով էր լսում նրա ձեռքը խնդրող երիտասարդ որսորդներին ու բոլորին մերժում էր, ասես թե իրոք աղջիկը գին չուներ: Ծեր առաջնորդը համակված էր շահամոլությամբ: Լիթ-Լիթը նրա կապիտալն էր: Եվ այնքան նշանակալից մի կապիտալ, որ նա հույս ուներ ոչ թե ինչ-որ խղճուկ տոկոսներ ստանալ, այլ անհամար և անվերջանալի մի շահույթ:

Լիթ-Լիթը մեծացել էր գրեթե ինչպես վանքում, որքան այդ հնարավոր է հնդկական ավանում, և այժմ աղջկական տագնապալի հետաքրքրությամբ նայում էր իր համար եկած տղամարդուն, ամուսնուն, որն իրեն կսովորեցնի այն ամենը, ինչ ինքը դեռ չգիտե, իր տիրակալին, որի խոսքը իր համար օրենք կդառնա, ով ուղղություն կտա և կհրամայի իրեն մինչև իր կյանքի վերջին օրերը:

Նա վիգվամից դուրս էր նայում կարմրած, հուզված, մտածելով իրեն սպասող բախտի մասին, բայց ժամանակն անցնում էր, իսկ կառավարիչն ու հայրը նույն հանդիսավորությամբ զրուցում էին ամեն ինչի մասին, միայն թե ոչ հարսանիքի. և հիասթափությունը պատեց աղջկան: Օրը երեկո էր դառնում, արևը ավելի ու ավելի էր ցածրանում, և ամեն ինչից երևում էր, որ կառավարիչը պատրաստվում է հեռանալու։ Ահա նա շրջվեց և այն է՝ ուզում էր գնալ. Լիթ-Լիթի սիրտը տեղահան եղավ, բայց նույն պահին էլ խնդությունից թռվռաց, որովհետև նա կանգ առավ և գլուխը շրջելով ասաց.

— Հա, ի դեպ, Սնիթշեյն, ինձ մի կին է հարկավոր, որ սպիտակեղենս լվանա և հագուստս կարկատի:

Սնիթշեյնը ինչ-որ բան փնթփնթաց և առաջարկեց Վանիդանիին՝ մի անատամ պառավի:

— Ո՛չ, ո՛չ,— ընդդիմացավ Ֆոքսը:— Ինձ տանտիկին է հարկավոր: Ես վերջին ժամանակներս այդ մասին մտածում եմ, իսկ հիմա մտքովս անցավ, որ դու, գուցե, նկատի ունեցած կլինես որևէ մեկին:

Սնիթշեյնը ակնհայտ հետաքրքրություն ցուցաբերեց, և կառավարիչը նորից մոտեցավ նրան, որպեսզի անփութորեն և իբրև ի միջի այլոց քննարկի անսպասելիորեն ծագած հարցը:

— Քաթուն,— առաջարկեց Սնիթշեյնը:

— Նա ծուռտիկ է,— առարկեց կառավարիչը:

— Լասքա՞ն:

— Նրա ոտներն անվի նման են: Երբ նա կանգնած է՝ նույնիսկ Քիպսը՝ քո ամենամեծ շունը, կարող է ոտքերի արանքով անցնել:

— Սինաթին,— անվրդով շարունակեց Սնիթշեյնը:

— Այդ էր պակաս,— կեղծ զայրույթով ճչաց Ջոն Ֆոքսը:— Քո կարծիքով ծերունի՞ եմ ես, ի՛նչ է, որ պառավների հետ ես ինձ ամուսնացնում: Ի՞նչ է, ատամներս թափվե՞լ են: Կա՞ղ եմ։ Կո՞ւյր եմ: Թե՞ աղքատի մեկն եմ, որ ոչ մի գեղեցիկ աղջիկ չուզենա ինձ վրա նայել: Գիտե՞ս, թե ով եմ ես: Ես կառավարիչ եմ, ես հարուստ եմ ու մեծ, ես ուժ եմ և իշխանություն, իմ խոսքը մարդկանց ստիպում է դողալ ու ենթարկվել:

Այս ամենը Սնիթշեյնի համար ոնց որ սրտին յուղ քսես. բայց նրա դեմքը մնում էր հանելուկային և անթափանցելի: Այնուամենայնիվ նա կառավարչին ստիպեց առաջին քայլն անել: Սնիթշեյնի ուղեղում, որը շատ պարզ կառուցվածք ուներ, միանգամից միայն մի միտք էր տեղավորվում, ուստի նա ավելի համառորեն էր ձգտում իր ասածին, քան Ջոն Ֆոքսը: Քանի որ ինչքան էլ պարզունակ լիներ Ջոն Ֆոքսը, այնուամենայնիվ նա բավականաչափ բարդ էր, և միաժամանակ մի քանի գաղափարներ կարող էին աղոտ կերպով երևալ նրա մտավոր հայացքի առջև, իսկ այս հանգամանքը նրան խանգարում էր նույնպիսի համառությամբ ու հետևողականությամբ ձգտելու որևէ բանի, ինչպես առաջնորդը:

Սնիթշեյնը իր ցեղակցուհիների անուններն էր տալիս իրար հետևից, և Ջոն Ֆոքսը իրար հետևից անհապաղ մերժում էր, ամեն անգամ բացատրելով, թե ինչու այդ կինը իրեն դուր չի գալիս: Վերջապես այդ բոլորը նրան ձանձրացրեց, և նա նորից ուզում էր իր տան ճամփան բռնել: Սնիթշեյնը հետևում էր նրան, չփորձելով ետ պահել, բայց Ֆոքսը ի վերջո այնպես էլ չգնաց:

— Լսիր,— ասաց նա:— Ախր մենք երկուսս էլ մոռացել ենք Լիթ-Լիթին: Գուցե նա ինձ հարմա՞ր է:

Սնիթշեյնի մռայլ դեմքը չշարժվեց, բայց հոգու խորքում նա ցնծաց մինչև ականջները: Այ, դա արդեն հաղթանակ է: Մի րոպե ևս, և նա կտար Լիթ-Լիթի անունը, բայց... կառավարիչն ինքը առաջին քայլն արեց:

Սակայն առաջնորդը ոչինչ չէր ուզում ասել Լիթ-Լիթի մասին, մինչև որ սպիտակամորթին չստիպեր հաջորդ քայլն անել:

— Ի՛նչ արած,— բարձրաձայն մտածում էր կառավարիչը:— Ստուգել կարելի է միայն մի ձևով՝ փորձել: Այսպես ուրեմն,— շարունակեց նա ձայնն ավելի բարձրացնելով,— ես Լիթ-Լիթի համար կտամ տասը վերմակ և երեք ֆունտ ծխախոտ, հիանալի ծխախոտ:

Բայց Սնիթշեյնը գլուխը տարուբերեց, և դա ակնհայտորեն նշանակում էր, թե աշխարհի բոլոր վերմակներն ու ամբողջ ծխախոտը չեն կարողանա հատուցել Լիթ-Լիթի՝ ամեն տեսակ առաքինությունների մարմնացման կորուստը: Իսկ երբ վերջապես Ֆոքսը պահանջեց գինն ասել, նա սառնասրտորեն հայտարարեց, թե իրեն հարկավոր են հինգ հարյուր վերմակ, տասը հրացան, հիսուն ֆունտ ծխախոտ, քսան կտոր կումաշ, տասը շիշ ռոմ, երաժշտական արկղիկ, իսկ դրանից բացի՝ կառավարչի բարյացակամությունը և, իհարկե, տեղ նրա օջախի մոտ:

Ֆոքսին, կարծես, հարվածեցին, ուստի և վերմակների թիվը անհապաղ կրճատվեց՝ հասնելով երկու հարյուրի, որից հետո առաջնորդը հրաժարվեց օջախի մոտ տեղ ունենալուց՝ սպիտակամորթ տղամարդկանց և բնության դուստրերի ամուսնության դեպքում չլսված պայմանից: Եվս երեք ժամ սակարկելուց հետո նրանք վերջ ի վերջո համաձայնության եկան: Սնիթշեյնը Լիթ-Լիթի համար պետք է ստանար հարյուր վերմակ, հինգ ֆունտ ծխախոտ, երեք հրացան ու մի շիշ ռոմ, և իհարկե, ինքնին հասկանալի է, բարյացակամությունը, այսինքն՝ Ջոն Ֆոքսի կարծիքով, տասը վերմակով և մեկ հրացանով ավելի, քան արժեր աղջիկը: Եվ, տուն վերադառնալով կեսգիշերից բավական անց, հյուսիս-արևելքում իր տեղում կանգնած արևի պայծառ լույսի տակ, նա տխրությամբ մտածում էր, որ Սնիթշեյնը իրենից ավելի խորամանկ գտնվեց:

Սնիթշեյնը, հոգնած, սակայն տարած հաղթանակով հպարտ, ուզում էր պառկել, բայց այդ պահին տեսավ Լիթ-Լիթին, որը չէր հասցրել դուրս պրծնել վիգվամից:

— Դու ինքդ տեսար,— խրատական տոնով փնթփնթաց նա,— ինքդ լսեցիր: Այժմ դու գիտես, հայրդ իմաստուններից իմաստունն է: Ես ամենաշահավետ ամուսինն եմ գտել քեզ համար: Ինձ լսիր, արա այնպես, ինչպես կասեմ, գնա, երբ ես ասում եմ պետք է գնալ, վերադարձիր, երբ ես հրամայում եմ վերադառնալ, և մենք այդ սպիտակամորթ հիմարի միջոցով հարստություն կդիզենք, քանի որ նա նույնքան հիմար է, որքան մեծ է հասակով:

Հաջորդ օրը խանութը առևտուր չարեց: Կառավարիչը նախաճաշից առաջ մի շիշ վիսկի բացեց հուրախություն Մաք Լինի և Մաք Թեյվիչի, կրկնակի կեր տվեց շներին և իր լավագույն մոքասինները հագավ: Ֆակտորիայից ոչ հեռու փոտլաչի եռանդուն նախապատրաստություն էր տեղի ունենում: «Փոտլաչ» նշանակում է խնջույք, որն ավարտվում է նվերներ բաժանելով, և Ջոն Ֆոքսը ուզում էր Լիթ-Լիթի հետ իր ամուսնությունը նշանավորել չտեսնված փոտլաչով, որպեսզի փեսացուի առատաձեռնությունը չզիջեր հարսնացուի գեղեցկությանը: Երեկոյան կողմ ամբողջ ցեղը խնջույքի հավաքվեց։ Տղամարդիկ, կանայք, երեխաներն ու շները տրաքվելու չափ կերան: Առատաձեռն տերը ոչ ոքի չմոռացավ՝ ոչ կրակին մոտեցած ճանապարհորդներին, ոչ էլ իրենց ցեղից ետ մնացած որսորդներին:

Մորուքավոր ամուսինը լուռ, լաց լինելու պատրաստ Լիթ-Լիթին մատուցեց չթե նոր զգեստ, ճոխ զարդանկարված մոքասիններ, նրա սև մազերը ծածկեց մետաքսե վառ գլխաշորով, պարանոցի շուրջը փաթաթեց մի ծիրանագույն շարֆ, և ի հավելումն տվեց պղնձե ականջօղեր, մատանիներ, մի բուռ փայլուն զարդարանքներ և էժանագին ժամացույց: Սնիթշեյնը նվերները բաժանելու ժամանակ իրեն հազիվ էր զսպում․ վերջապես հարմար պահ գտնելով, աղջկան մի կողմ տարավ:

— Ոչ այս գիշեր, ոչ էլ հաջորդ գիշեր,— փնթփնթաց նա,— բայց մի ուրիշ գիշեր ես կգամ գետափ և ագռավի պես կկռավեմ, այն ժամանակ դու դուրս կգաս խոշոր ու հիմար ամուսնուդ անկողնուց և կգաս ինձ մոտ:

— Մի՛ վախենա,— հապճեպ շարունակեց նա, որովհետև մտածելով, թե ստիպված կլինի հրաժեշտ տալ նոր հիասքանչ կյանքին, Լիթ-Լիթի դեմքը երկարաձգվեց:— Հենց որ դու հեռանաս, քո խոշոր ու հիմար ամուսինը հեկեկալով կվազի իմ վիգվամը, և այն ժամանակ արդեն ինչ ուզում ես արա, լաց որքան կարող ես, գանգատվիր, թե իբրև սա քեզ դուր չի գալիս, քո ճաշակով չէ, և թե կառավարչի կին լինելը շատ ավելի դժվար է, քան ինքդ կարծում էիր, և թող նա նորից վերմակներ, ծխախոտ ու զանազան ուրիշ բաներ տա քո խեղճ ծերունի հորը: Ուրեմն հիշիր, գիշերը ես ագռավի պես կկռավեմ գետափին:

Լիթ-Լիթը գլխով արեց, որովհետև գիտեր, թե որքան վտանգավոր է հորը չլսելը, և հետո՝ չէ որ նա այնքան քիչ բան էր պահանջում իրենից՝ սոսկ կարճ ժամանակով բաժանվել Ֆոքսից, որը առաջվանից ավելի երջանիկ կլինի, երբ ինքը վերադառնա: Լիթ-Լիթը միացավ զվարճացողներին, և քանի որ արդեն կեսգիշերվան մոտ էր, Ֆոքսը կանչեց նրան և կատակների ու բարձրաձայն բացականչությունների տակ, որոնցում առանձնապես եռանդուն էին հարգարժան հնդկուհիները, տարավ ֆորտ:

Լիթ-Լիթը շատ շուտ հասկացավ, թե որքան լավ է ֆակտորիայի առաջին մարդու կին լինելը, նա այդպիսի կյանք չէր էլ երազել: Այժմ նա ստիպված չէր փայտ ու ջուր կրել, ծառայել փնթփնթացող ցեղակիցներին: Կյանքում առաջին անգամ կարելի էր պառկած մնալ անկողնում, մինչև նախաճաշ կմատուցեին: Եվ այն էլ ի՜նչ անկողնում՝ մաքուր, փափուկ, հարմար.— ո՛չ, ինքը դեռ երբեք չէր քնել այդպիսի անկողնում: Իսկ ուտելի՜քն ինչպիսին էր. սպիտակ հաց, խմորեղեն, ցորենի ալյուրից բլիթներ՝ օրական երեք անգամ, ամեն օր և այն էլ ինչքան սիրտդ ուզի: Այսպիսի առատությանը նույնիսկ դժվար է հավատալ:

Բացի դրանից, Ֆոքսը գիտեր բարի լինել: Նա արդեն մի կին թաղել էր և գիտեր, թե ինչպես կառավարեր տունը, միայն մեկ-մեկ էր սանձը ձգում, բայց դա էլ անում էր բավական լուրջ կերպով:

— Տանտիրուհին Լիթ-Լիթն է,— հարսանիքից հետո առավոտյան սեղանի շուրջը նստած հայտարարեց նա:— Ինչ որ նա ասի՝ այնպես էլ կլինի: Հասկացա՞ք:

Եվ Մաք Լինն ու Մաք Թեյվիշը հասկացան: Բացի դրանից, նրանք գիտեին, որ իրենց կառավարիչը ծանր ձեռք ունի:

Բայց Լիթ-Լիթը չէր շտապում օգտվելու իր դրության առավելությունից: Ամուսնու օրինակին հետևելով, նա իր վրա վերցրեց նրա անչափահաս որդիների հոգսը, անընդհատ հոգում էր նրանց մասին և միևնույն ժամանակ որոշ ազատություն տվեց նրանց, ինչպես ամուսինը՝ իրեն: Տղաները ամեն տեղ և ամեն մեկի մոտ գովում էին իրենց նոր մորը: Նրանց միացան Մաք Լինն ու Մաք Թեյվիշը, իսկ Ֆոքսը այնքան ժամանակ պարծեցավ ընտանեկան կյանքի պատճառած ուրախություններով, մինչև որ ջահել կնոջ առաքինությունների և ամուսնու գոհ լինելու վերաբերյալ պատմությունը դարձավ Մեղսաժայռի ու նրա շրջակայքի բոլոր բնակիչների սեփականությունը:

Այն ժամանակ Սնիթշեյնը, որը իրեն սպասող անթիվ, անհամար շահույթների մասին մտածելուց փոթորկվելով, ամբողջ գիշերներ չէր քնում, վճռեց, որ գործելու ժամանակն է: Հարսանիքից հետո տասներորդ գիշերը Լիթ-Լիթին արթնացրեց ագռավի կռռոցը, ու նա հասկացավ, որ Սնիթշեյնը իրեն է սպասում ափին: Երջանկությունից արբած Լիթ-Լիթը մոռացել էր պայմանը, և այժմ նա սարսափեց հորից, ճիշտ այնպես, ինչպես լինում էր մանուկ հասակում: Նա երկար ժամանակ մնաց պառկած, ամբողջովին դողալով. և՛ չէր ուզում գնալ, և՛ վախենում էր մնալ: Բայց Ֆոքսի բարությունը, միաժամանակ նաև երկաթե մկաններն ու քառակուսի ծնոտը վերջապես քաջություն տվեցին նրան, ու նա արհամարհեց հոր կանչը, և այդպես էլ Ֆոքսը երևի չիմացավ, թե այդ գիշեր ինչպիսի հաղթանակ տարավ ինքը:

Սակայն առավոտյան Լիթ-Լիթը վեր կացավ սարսափած և, տանը գործ անելիս, անընդհատ ցնցվում էր, մտածելով, թե ուր որ է հայրը կհայտնվի: Բայց ժամանակն անցնում էր, և նա կամաց-կամաց հանգստացավ: Ֆոքսը ինչ-որ մի դատարկ բանի համար հայհոյում էր Մաք Լինին ու Մաք Թեյվիշին, և նրա ձայնը օգնեց Լիթ-Լիթին սրտապնդվելու: Նա ամբողջ օրը աշխատում էր մոտիկ լինել ամուսնուն, և երբ տեսավ, թե ինչպես նա հսկայական մառանում հեշտությամբ, բմբուլե բարձերի պես վերցնում և տեղից տեղ է գցում ապրանքի հսկայական հակերը, վերջնականապես վճռեց չլսել հորը: Բացի դրանից, նա առաջին անգամ էր պահեստը մտել (իսկ Մեղսաժայռը մի քանի ավելի փոքր ֆակտորիաների մթերակայան էր), և այստեղ հավաքված անհամար հարստությունը ապշեցրել էր Լիթ-Լիթին:

Նա նայում էր այդ հարստությանը, իսկ նրա հայացքի առջև կանգնեց հայրական աղքատիկ վիգվամը, ու նրա բոլոր կասկածները անմիջապես փարատվեցին: Իր վճիռը հաստատելու համար նա խորթ տղային հարցրեց.

— Հայրիկը լա՞վն է:

Եվ տղան պատասխանեց, որ հորից լավը չկա աշխարհում: Այդ գիշեր նորից ագռավը կռավեց: Հաջորդ գիշեր նրա կռավոցը դարձավ ավելի բարձր, ավելի համառ: Ֆոքսը արթնացավ, անհանգիստ շուռումուռ եկավ անկողնում:

— Անիծյալ ագռավ,— հայհոյեց նա:

Եվ Լիթ-Լիթը կամացուկ գլուխը թաղեց բարձի մեջ:

Մի օր, վաղ առավոտյան, ֆակտորիայում չարագուշակ ստվերի պես հայտնվեց Սնիթշեյնը. նրան Վանիդանիի հետ միասին նախաճաշելու ուղարկեցին խոհանոց: Բայց թե ծերունին կտրականապես հրաժարվեց կնոջ հետ ճաշելուց և, մի փոքր սպասելով, գնաց փեսայի խանութը, որտեղ լավ առևտուր էր կատարվում: Նա լսել էր, որ աղջիկն անգին մարգարիտ է նրա համար, հետևաբար, ինքը էլի ծխախոտ, էլի վերմակներ և էլի հրացան, գլխավորապես հրացան ստանալու իրավունք ունի... Իրեն պարզապես խաբել են, շատ էժան են վճարել Լիթ-Լիթի համար, և այժմ ինքը եկել է արդարություն գտնելու: Բայց թե Ջոն Ֆոքսը ոչ ավելորդ վերմակ, ոչ էլ արդարություն չուներ: Այն ժամանակ Սնիթշեյնը հաղորդեց, որ Եռակի ճամփաբաժանի մոտ հանդիպել է մի առաքելականի, և սա ասել է, թե երկինքը հավանություն չի տալիս այդպիսի ամուսնություններին, և հոր պարտքն է պահանջել, որ դուստրը վերադառնա:

— Հիմա ես բարի քրիստոնյա եմ,— եզրափակեց Սնիթշեյնը իր ճառը,— և ուզում եմ, որ Լիթ-Լիթս դրախտ գնա:

Կառավարիչը հակիրճ ու որոշակի պատասխանեց իր աներոջը. նրան չուղարկեց երկնային արքայություն և, օգնելով այդ ճանապարհով առաջին քայլերն անելուն, բռնեց նրա օձիքից ու տնից դուրս արեց:

Բայց Սնիթշեյնը պտտվեց տան շուրջը, խոհանոցից անցավ հյուրասենյակ և այնտեղ հարձակվեց Լիթ-Լիթի վրա:

— Երևում է դու չափից դուրս խորն ես քնել գիշերը, երբ ես ձայն էի տալիս քեզ,— սկսեց նա սպառնալից նայելով աղջկան:

— Ոչ, ես քնած չէի, լսել եմ:— Նրա սիրտը ուժեղ բաբախում էր, նա շնչահեղձ էր լինում վախից, բայց թե համառորեն շարունակեց:— Ե՛վ անցած գիշեր ես չեմ քնել ու լսել եմ քեզ, և՛ նախանցյալ գիշեր էլ։

Եվ նույն պահին, վախենալով, չլինի թե խլեն իր մեծ երջանկությունը, Լիթ-Լիթը մի ոգեշունչ ճառ սկսեց կանանց դրության և իրավունքների մասին: Դա վաթսուներեքերորդ զուգահեռականից դեպի հյուսիս ընկած «նոր կնոջ» առաջին ելույթն էր:

Բայց նա իզուր էր ջանում. Սնիթշեյնը միջնադարյան խավարից դեռ դուրս չէր եկել:

— Այսօր ես նորից ագռավի պես կկռավեմ,— ասաց նա սպառնալով, երբ աղջիկը հազիվ էր լռել՝ շունչ քաշելու համար:

Այդ պահին ներս մտավ Ջոն Ֆոքսը և նորից աներոջը ցույց տվեց ոչ դեպի երկնային արքայություն տանող ճանապարհը:

Այդ գիշեր ագռավը ավելի համառորեն կռավեց, քան երբևէ: Լիթ-Լիթը, որ միշտ զգույշ էր քնում, լսում էր կռնչոցն ու ժպտում: Ջոն Ֆոքսը անհանգիստ շուռումուռ եկավ: Հետո նա արթնացավ և էլի ավելի անհանգիստ սկսեց շուռումուռ գալ: Նա փնթփնթում էր, փնչում, հայհոյում կիսաձայն ու բարձրաձայն և վերջապես վեր թռավ տեղից: Խարխափելով հասավ հյուրասենյակ, վերցրեց մանրագնդակով լցված և անհոգ Մաք Թեյվիշի կողմից այնտեղ մոռացված հրացանը:

Ֆոքսը գաղտագողի դուրս եկավ ֆակտորիայից ու շտապեց գետափ: Այլևս կռնչյուն չէր լսվում, և բարձր կանաչի մեջ պառկելով, Ֆոքսը սպասեց: Ծաղիկների հոտով հագեցած զեփյուռը պարուրեց նրան. ցերեկվա տապից հետո հողի շունչը գգվում էր ու հանգստացնում: Գիշերը օրորեց Ֆոքսին, նա ձեռքը դրեց գլխի տակ, սկզբում նիրհեց, այնուհետև խոր քնեց:

Իսկ նրանից հիսուն քայլ հեռավորության վրա, մեջքը նրան արած, գլուխը ծնկներին խոնարհած, քնած էր Սնիթշեյնը, նույնպես գիշերային անդորրից պարտված: Մի ժամ անց՝ նա արթնացավ և, նույնիսկ առանց գլուխը բարձրացնելու, խռպոտ, կոկորդային կռնչյունով խախտեց լռությունը:

Ֆոքսը արթնացավ ո՛չ անակնկալ կերպով, անմիջապես, ինչպես քաղաքակիրթ մարդն է արթնանում: Այլ ինչպես վայրենի. արթնության անցնելը սրընթաց էր ու ներդաշնակ: Նա գիշերվա աղոտ լույսի տակ կանաչի մեջ ինչ-որ մի սև բան տեսավ, բարձրացրեց հրացանը ու նշան բռնեց: Ագռավը նորից կռավեց, և նա ձգանը քաշեց: Ծղրիդների միօրինակ երգը, կաքավների ձայնակցումները անմիջապես դադարեցին, ընդհատվեց ու վախեցած լռության մեջ լռեց ագռավի կռինչը:

Ջոն Ֆոքսը առաջ նետվեց ու բռնեց իր զոհին: Կոշտ մազեր ընկան նրա ձեռքերի մեջ, և նա աստղերի լույսի տակ իրեն ծանոթ մի դեմք տեսավ: Նա գիտեր, թե մանրագնդակը ինչպես է ցրվում հիսուն քայլի վրա, և հասկացավ, որ Սնիթշեյնի ուսերին ու մեջքին ոչ մի առողջ տեղ չի մնացել: Եվ Սնիթշեյնը գիտեր, որ նա գիտե, բայց այդ մասին ոչ մի բառ չասվեց:

— Ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեց Ֆոքսը։— Հիմա պառաված ոսկորներին հանգիստ տալու իսկական ժամանակն է:

Մանրագնդակը այրում էր մաշկը, բայց սեփական արժանապատվության զգացումը չդավաճանեց Սնիթշեյնին:

— Ծեր ոսկորները հանգստանալ չեն կարող,— մռայլորեն պատասխանեց նա:— Ես իմ դուստր Լիթ-Լիթին եմ ողբում. աղջիկս ապրում է, բայց նա մեռած է, և նա ուղիղ ճանապարհով սպիտակ մարդու դժոխքը կգնա:

— Այսուհետև նրան ողբա այն ափին, որպեսզի ֆակտորիայում չլսվի,— ասաց Ջոն Ֆոքսը, կտրուկ շրջվելով,— թե չէ դու այնքան բարձրաձայն ես լաց լինում, որ չես թողնում մարդ քնի:

— Սիրտս կտոր-կտոր է լինում,— առարկեց Սնիթշեյնը,— և իմ օրերն ու գիշերները վշտից սևացել են:

— Սև են ագռավի պես,— ասաց Ջոն Ֆոքսը:

— Սև են ագռավի պես,— արձագանքեց Սնիթշեյնը:

Այդ օրից ի վեր գետափից ագռավի կռնչյուն չի լսվում: Լիթ-Լիթը օրեցօր ավելի ու ավելի գեղեցիկ, ավելի ու ավելի հարգարժան է դառնում և շատ երջանիկ է: Ջոն Ֆոքսի որդիները, որոնց մայրը ննջում է ծառի վրա, քույրեր ունեցան: Ծեր Սնիթշեյնը այլևս ֆակտորիայում չի երևում. նա ժամեր շարունակ ծերունական բարակ ձայնով անիծում է աշխարհի բոլոր երախտամոռ երեխաներին, հատկապես իր դուստր Լիթ-Լիթին: Առաջնորդի կյանքի վերջին տարիները մթագնված են այն գիտակցությամբ, որ իրեն խաբել են, և նույնիսկ Ջոն Ֆոքսն էլ դադարել է պնդելուց, թե իբր ինքը տասը վերմակ ու մի հրացան ավելի է տվել Լիթ-Լիթի համար:

Comments