Chapter 1
Chapter 1
Ու իմ միտքը երբեմն թափառողներից է, երբեմն՝ անտուններից, երբեմն էլ… բնակվողներից։ Այն ինձ լքում է՝ ինչպես մինուճար զավակը՝ մորը, ու հաճախ ապտակում՝ ինչպես դա անում են մեծ սխալ գործած երեխայի հետ։ Այն քաղցրահամ է՝ գինու պես մի բան։ Բայց դա քիչ է… Նաև հարբեցնող է, կործանող է, ավերող։ Երբեմն թվում է, թե ավելի լեցուն է ներսդ, երբեմն կարծելի է, թե որդերն են վխտում…Միտքն այն է, ինչ-որ կա, ու ինչ կա՝ ինքդ ես… Գուցե հենց դա է ամենամեծ խաբեությունը՝ մտածել, թե միտքը կարելի է բռնել, անվանել, տիրել։ Նա ազատ է՝ ինչպես քամին, որ չգիտես՝ ուր է փչելու հաջորդ պահին։ Իսկ դու նրա հետևից վազողն ես, ոչ թե տերը։ Բայց մի օր, երբ դադարես վազել, կտեսնես, որ նա էլ է կանգնել քո կողքին՝ շունչը կտրած, ասես ասելու՝ «Ահա, ես էլ եմ հոգնել քեզնից, ինչպես դու՝ ինձնից»։ Եվ այդ պահին, գուցե, առաջին անգամ իսկապես հանդիպեք իրար։