1. Հին Տարվա Գիշեր

Chapter 2

II

Դեկտեմբերի 31֊ը և՛ սովորական օր էր կալանավորների համար, և՛ սովորական չէր։ Սովորական էր նրանով, որ նույնն էր ջրալի նախաճաշը, վատ թխված սև հացը։ Եվ սովորական չէր նրանով, որ այդ օրը ճամբարը պետք է ավարտեր իր թե՛ օրական, թե՛ շաբաթական, թե՝ ամսական և թե՛ տարեկան նորման։ Ուստի և բրիգադն աշխատանքն ավարտեց սովորականից ուշ։

Ինչպես ամեն երեկո, առաջինը անտառային նեղ ու ոլործուն ճանապարհի վրա հայտնվեց Իվան Ագատովը։ Նա շտապում էր՝ առանց խնայելու իր հիվանդ ոտքերը, որպեսզի գոնե ճանապարհի մի զգալի մասն անցներ ոչ թե մեն֊մենակ, այլ իր ետևում զգալով մարդկանց գոյությունը։ Բայց եթե աշխարհը ղեկավարվե նրա ցանկությամբ, նա հիմա կլիներ իր հարազատ Մոսկվայում և ոչ թե այստեղ՝ հազար ու մի քանի հարյուր կիլոմետր դրանից հեռու…

Բրիգադը, այդ օրը շատ ավելի ուշ ավարտած լինելով աշխատանքը, բնականաբար, ավելի էր շտապում վերադառնալ ճամբար, քան երբևէ։ Ուստի և, վերջին կալանավորն Իվան Ագատովի մոտով եկավ անցավ առաջ՝ ավելի շուտ, քան նա սպասում էր։ Այժմ նա մենակ էր երեկոյի թանձր մթության մեջ, շրջապատված խուլ անտառով։ Միայն ձյունն էր աղոտ սպիտակին տալիս ոտքերի տակ և ծառերն էին զգացվում մթության մեջ՝ որպես ավելի թանձր մթության ուղղահայաց զանգվածներ…

Դեկտեմբերի 31… Հին տարվա վերջին օրը… Հիմա Մոսկվայում…

Արցունքները գլորվում էին Իվան Ագատովի աչքերից, բայց չէին ընկնում նրա բուշլատի և կամ ոտքերի տակ փռված ձյան վրա, սառչում էին տեղնուտեղը։ Բայց նկարիչն ուշադրություն չէր էլ դարձնում սառնամանիքի վրա, այնքան տարված էր այլևս անվերադարձ իր հուշերով։ Հիմա Մոսկվայում…

Մի ինչ֊որ չգիտակցված տագնապ սթափեցրեց նրան, նա նայեց շուրջը։ Տագնապի ոչ մի պատճառ չկար, միայն թե ճանապարհը թվում էր սովորականից նեղ։ Նա շարունակեց քայլել։ Հիմա Մոսկվայում…

Բայց ճանապարհը ոչ միայն նեղ էր, այլև նոր։ Ձյունը հարթված ու ամրացված չէր շարունակական անցուդարձներից, այլ խառնոտված, փափուկ, և սեղմվում, ճռճռում էր նրա ոտքերի տակ։

Մի՞թե շեղվել է ճանապարհից…

Նկարիչը մտածում էր այդ մասին և շարունակում քայլել։ Ուրիշ ի՞նչ կարող էր անել նա՞ Ամեն մի ճանապարհ ունի իր վերջը, ամեն մի ճանապարհ հասցնում է ինչ֊որ տեղ։ Իսկ նրանց ճամբարին ենթակա տարածության վրա չկար մի այլ ճանապարհ։ Անկարելի էր մոլորվել…

Իվա Ագատովը մեծ զարմանքով դուրս եկավ անտառի մի բացատ։ Այդպիսի ոչ մի բան չկար ծառակտրման վայրից դեպի ճամբար ձգվող տասը կիլոմետրի վրա…

Նա արեց ևս մի քանի քայլ, հասկացավ, և սարսափը պատեց նրան։ Նա շեղվել է ճանապարհից, ընկել էր մի «բեղի» վրա և հասել վերջին օրերից մեկում կատարված ծառակտրման վայրը…

Իվան Ագատովը սարսափեց ոչ թե նրանից, որ կատարվել էր ինչ֊որ սարսափելի բան։ Կարելի էր վերադառնալ «բեղով» և նորից ընկնել ճանապարհի վրա։ Սարսափեց նրանից, որ այդ նեղ ճանապարհը՝ «բեղը» բերեց նրան մի տեղ, որտեղ ոչինչ չկար։ Ամենակուսական անտառն անգամ չի թողնում այնպիսի տպավորություն, ինչպես ցածրիկ կոճղերով լի դատարկ բացատը, որտեղ աշխատել են մարդիկ, իսկ այժմ ոչ ոք չկա ու չի լինի երբեք։

Որքան որ կարող էր իր հիվանդ ոտքերով, Իվան Ագատովը ետ վազեց այդ վայրից, այդ փակուղուց՝ նորից ընկնելու համար ճանապարհի վրա։ Հանգստանալով միայն այն ժամանակ, երբ ոտքերի տակ նորից զգաց ամրացած ձյունը։

Դեկտեմբերի 31֊ը… Ժամի քանի՞սն է արդյոք։ Շուտով կավարտվի հին տարին։ Հիմա Մոսկվայում…

Իր բամբակած գուլպաների և կեղևատրեխների ներբանների միջով Իվան Ագատովն զգաց, որ ոտքերի տակ այլևս ձյան պնդությունը չէ, այլ գետնի։ Չի կարող պատահել… Նա նայեց ներքև։ Իրոք, այնտեղ այլևս սպիտակին չէր տալիս ձյունը։ Ի՞նչպես կարող է պատահել…

Շարունակելով քայլել, նա մտածում էր։ Մի՞թե նորից շեղվել է ճանապարհից և այս անգամ մտել այնպիսի խիտ անտառ, որտեղ ձյան ոչ մի փաթիլ չի ընկել սաղարթների անթափանց ծածկոցից ներքև…

Իվան Ագատովը բարձրացրեց գլուխը, նայեց վերև։ Բայց մի՞թե կարելի էր մթությունից բացի մի այլ բան տեսնել այնտեղ…

Այս անգամ, սակայն, փոխանակ անհանգստանալու, Իվան Ագատովը նույնիսկ բավականություն զգաց։ Չտեսնել այդ ատելի ձյունը, գոնե մի քանի րոպեով…

Շուրջը դարձավ մի քիչ լուսավոր, կարծես հեռվում փայլող ուժեղ լույսի մի նոսր փոշի էր տարածվել այդտեղ օդի մեջ։ Թե՞ նկարչի աչքերն էին սկսել վարժվել մթությանը։ Նա նայեց ոտքերի տակ և տեսավ։ Իրոք, ձյուն չկար այնտեղ, կանգնած էր ցածրիկ խոտը և պառկած էր փշատերևների ու թերթատերևների շերտը…

Մի քանի քայլ հետո Իվան Ագատովի ոտքերը, ծնկներից հետ, խփվեցին ինչ֊որ չոր առարկայի։ Ցանկանալով շուրջանցել արգելքը, նա մի քայլ արեց դեպի ձախ, բայց նրա ոտքերը նորից հանդիպեցին արգելքին։ Արեց երկու քայլ՝ նույն արգելքը…

Զարմացած նկարիչը հանեց թաթմանը և ձեռքով շոշափեց արգելքը։ Չուգունե ֆիգուրավոր ցանկապատ էր՝ իր ծնկներից մի քիչ ցածր…

Նա չհավատաց իր ձեռքին, ապա նաև աչքերին։ Ի՞նչ գործ ունի չուգունե ֆիգուրավոր ցանկապատը խուլ տայգայում, մարդկային բնակավայրերից այնքան հեռու…

Նա անցավ ցանկապատի վրայով մյուս կողմ և ծայր աստիճան ապշությունը գամեց նրան իր տեղում։

Նա կանգնած էր ասֆալտի վրա…

Մոռանալով ամեն ինչ աշխարհում, Իվան Ագատովը վազեց այդ ասֆալտով։ Ո՞ւր է տալում նա… Բայց շուտով նրա ոտքերը նորից խփվեցին ինչ֊որ արգելքի և նա իր առջևում տեսավ չուգունե նույնպիսի մի ցանկապատ…

Ոչ, ոչ, այս անգամ նա չի անցնի դրա վրայով, ոչ մի դեպքում, ոչ մի գնով։ Ցանկապատից այս կողմ ասֆալտն է, իսկ այն կողմ՝ տայգան իր ձյունով ու սառնամանիքով, ծառակտրումով ու ճամբարով…

Իվան Ագատովը ետ մղվեց ցանկապատից և կանգ առավ։ Ո՞ւր գնալ… Տայգան և՛ աջումն է, և՛ ձախում…

Իսկ առջևո՞ւմ… Մի՞ թե այնտեղ էլ ցանկապատ է…

Իվան Ագատովը վախվխելով քայլեց։ Ո՛չ, ասֆալտը չէր ավարտվում։ Չէր ավարտվում, ո՛չ։ Գնում էր առաջ և առաջ՝ դառնալով շարունակ ավելի և ավելի տեսանելի։ Ահա սկսեց աղոտ փայլել դրա սև մակերեսը՝ կարծես էլեկտրական լույս էր անդրադարձել վրան…

Շրջապատը դարձավ ավելի տեսանելի։ Աջում և ձախում այժմ երևում էին ոչ միայն չուգունե ֆիգուրավոր ցածրիկ ցանկապատերը, այլև մայթերը։ Նկարիչը քայլում էր փողոցով, փողոցի մեջտեղով…

«Այս ի՞նչ բան է, այս ի՞նչ բան է…»— սկսեց մրմնջալ նա՝ շարունակելով քայլել։ Եթե քնած լիներ՝ դա անշուշտ երազ էր, եթե հիվանդ լիներ՝ զառանցանք։ Բայց հիվանդ էին նրա միայն ոտքերը, իսկ նա արթուն էր և քայլում էր ծառակտրման վայրից դեպի ճամբար։ Եվ ահա, ընկավ այս փողոցը։ Մի՞թե ճամբարին ենթակա այդ տարածության վրա կար փողոց, կար քաղաք…

Մի քանի րոպե էր, ինչ անհավատալի, անհեթեթ մի կասկած մտել էր Իվան Ագատովի սիրտը։ Այնքան անհավատալի և անհեթեթ, որ նա, առողջ բանականությամբ, չէր կարող մի վայրկյան անգամ հաշտվել դրա հետ։

Դա Մոսկվան էր…

Մոսկվան էր դա, Մոսկվան, Մոսկվան… Ինչո՞ւ խաբել իրեն, թե այդպես չէր։ Մոսկվան էր։ Իվան Ագատովը կարող էր մինչև իսկ ասել, թե որ փողոցն էր դա։ Լենինգրադսկի շոսե կոչվող փողոցը…

Հանդիպեցին չուգունե սյուներ՝ էլեկտրական լապտերներով։ Թե՞ դրանք վաղուց կային և միայն նոր նկատեց նկարիչը։ Օդում հստակորեն գծագրվեցին տրամվայի լարերը։ Ոտքերի տակ փայլում էին ռելսերը…

և տաք էր, շատ ավելի տաք, քան այնտեղ՝ հազար ու մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ, տայգայում…

Իվան Ագատովն սկսեց վազել։ Մոսկվան, իր հարազատ քաղաքը… Նա այլևս չէր մտածում կատարված հրաշքի բացատրության մասին։ Մի՞թե կարևորը բացատրությունն է և ոչ թե փաստն ինքը…

Նկարիչն սթափվեց։ Դիմացն այլևս ընդհանտվում են պուրակները փողոցի երկու կողմերում, սկսվում են շենքերը։ Իսկ նա գնում է կացինն ու սղոցն իր հետ…

Հանելով կացինը գոտկի ետևից և իջեցնելով սղոցն ուսից, նկարիչը մոտեցավ չուգունե ցանկապատին, նետեց այն կողմ, խոտի ու թփերի մեջ։ Այլևս չիջավ փողոցի մեջտեղը, սկսեց վազել մայթով։ Այժմ, երբ նա տեսնում էր, որ իր կողքինը տայգան չէր, այլ պուրակը՝ նստարաններով ու կրպակներով, դրա հարևանությունն այլևս սարսափելի չէր նրա համար։

Իվան Ագատովի շունչը կտրվում էր, բայց նա վազում էր, վազում, վազում, վախենալով, թե նորից խլելու են նրանից նրա Մոսկվան։ Նա ուշադրություն չէր դարձնում ոտքերի վրա։ Թե՞ դրանք այլևս չէին ցավում։ Մոսկվան… Իր քաղաքը… Այս ի՞նչ հրաշք է, այս ի՞նչ երջանկություն…

Երբ նա վազեց անցավ Բելոռուսական կայարանի մոտով, նրա ուղեղում կանգնած էր այլևս մի միտք․ րոպե առաջ հասնել տուն, տեսնել իր կնոջը, իր բնակարանը, աշխատանոցը, զանգ տալ ընկերներին ու բարեկամներին, հաղորդել, որ նա վերադարձել է, Նոր տարին դիմավորել նրանց հետ միասին…

Լավ էր, որ բոլոր մարդիկ զբաղված էին իրենց գործերով և ուշադրություն չէին դարձնում բուշլատ ու կեղևատրեխներ հագած տարօրինակ անցորդի վրա։ Բացվում էին ու դեռ չծածկված նորից էին բացվում խանութների դռները, մարդկանց հոսանքը մտնում էր այնտեղ ու դուրս գալիս կապոցներով, տոպրակներով, շշերով, զամբյուղներով… Շարունակ անցնում դառնում էին զվարթ մարդանցով լի ավտոբուսները, տրոլեյբուսները, մարդատար մեքենաները։ Բոլորն շտապում էին տուն։

Սկսեց գալ ձյունը՝ խոշոր փաթիլներով։ Ձյան հատիկները փայլում էին էլեկտրական լույսի տակ, կորչում էին մթության պատառների մեջ, ապա նորից հայտնվում մի փոքր ցածրում և նորից փայլում… Հին տարվա վերջին գիշերը…

Իվան Ագատովը կտրեց հրապարակը, մտավ Գորկու փողոցը և դադարելով վազելուց, քայլեց, թեև դարձչյալ արագ֊արագ։

Հասնելով Վասիլևսկի փողոցին, նա կանգ առավ, բռնեց սիրտը։ Այդ փողոցի անկյունային շենքում, հինգերորդ հարկում, նրա բնակարանն էր՝ լուսամուտները թե՛ բակի վրա և թե՛ Գորկու փողոցի…

Նկարիչը գտնվում էր հակադիր մայթերի վրա։ Նա նայեց վերև՝ տա՞նն էր արդյոք իր իկնը, լույս կա՞ր բնակարանում…

Բնակարանի երեք լուսամուտներն առատ լուսավորված էին…

Հուզումնքից նվազած, Իվան Ագատովը հենվեց պատին և սկսեց նայել։

Վարագույրների ետևից երևում էին սենյակով մեկ կախված թղթե գույնզգույն զարդաշղթաներ, մեջտեղում կախված էր իրեն այնքան ծանոթ ջահը՝ առատ լուսավորվելով տեսարանը։

Մի զույգ, պարելով, սահեց անցավ նախ մի, ապա երկրորդ լուսամուտի մոտով… Իվան Ագատովը հազարավոր մարդկանց միջից կճանաչեր նրանց։ Մեկն իր կինն էր, իսկ մյուսն իր քննիչը…

Ո՞ւմ էին ծառայում այդ քննիչները՝ աստծո՞ւն, թե սատանային։ Կարո՞ղ էին նրանք հավատալ իրենց ենթակա կալանավորների մեղավորությանը, երբ իրենք էին տեսնում նրանց անմեղությունը և իրենք էին ծեծի և այլ տանջանքների միջոցով նրանցից հնարում լրտեսներ, դիվերսանտներ, տեռորիստներ, շարքային հակահեղափոխականներ… Հավատո՞ւմ էին արդյոք, որ դա հարկավոր էր հեղափոխությանը։ Թե՞ հաստատել էին ուզում առաջնորդի այն խոսքերը, թե կապիտալիստական երկրներն իրար ուղարկում են լրտեսների, դիվերսանտների, տեռորիստների, իսկ մեզ մոտ՝ եռապատիկ ավելի։ Հաստատել, թե որքան հեռատես և մինչև անգամ թվաբանորեն ճիշտ էր եղել առաջնորդը…

Ինչպես էլ որ լիներ, այդ քննիչներից ոմանց հաջողվում էր հավատացնել ձերբակալվածների կանանցից ոմանց, որ նրանք մինչև հիմա օձի հետ են ապրել մի հարկի տակ և չեն իմացել այդ։ Այսինքն՝ ոմանք իմացել են և դրա համար էլ այժմ իրենց ամուսինների նման կրում են ճամբարների դառնությունները։ Բայց, անձամբ դուք, իհարկե, չեք իմացել…

Եվ տվյալ կինը, երախտապարտ մնալով իր հոգու փրկարարին, երբեմն տրվում էր նրան՝ թե՛ հոգով և թե՛ մարմնով…

Իվան Ազատովը չէր ենթադրում, թե դրանց թվին պատկանում էր նաև իր կինը։ Այժմ նա նայում էր վերև, ջահի ուժեղ լույսով լումավորված սենյակին, և արցունքները հոսում էին նրա աչքերից ու սառչում այտերի վրա։ Նա այլևս մուտք չուներ իր բնակարանը։ ոչ միայն նրա համար, որ քննիչն այնտեղ էր, այլև որ կնոջ հոգու մեջ էր, ավելի ճիշտ՝ գիտակցության մեջ…

«Մի ՛ հավատա դրան, Նա՛դյա, նա ստում է, ես անմեղ եմ»,— քիչ մնաց բղավեր Իվան Ագատովը, բայց կարողացավ զսպել իրեն։ Նա իրավունք չուներ ոչ միայն իր բնակարանի, այլև իր քաղաքի, իր Մոսկվայի վրա։ Նա քաղաքական կալանավոր էր՝ պատվից զրկված մարդ, նա ուզեցել էր ավերել ու սրբել աշխարհի երեսից այս ուրախ, այս երջանիկ Մոսկվան, որպեսզի դրա փոխարեն նորից տիրապետեր դարեր առաջ այդտեղ գոյություն ունեցած տայգան…

Իսկ ացունքները գլորվում ու գլորվում էին Իվան Ագատովի աչքերից…

Comments