1. Հարճը

Chapter 1

Ա

Գարնանամուտ երեկո մ'իր պալատին մեջ մարմար,

Բակուր, Սյունյաց Նահապետ, շքեղ հանդես մը կու տար,

Երբ Ուղևոր մը հանկարծ մըրըրկարշավ կը հասնի

Լուսնկափայլ ճամբայեն` մեծ դըրան քով արքենի:

Ձին կը հևա, ու բերնին փըրփուրն` հողմեն միշտ խլված`

Կը թըրջե թամբն համորեն, ասպանդակներն ոսկեմած:

Հեռուներեն ան կու գա, զայս կը մատնե թե՛ փոշին,

Որ դիզվեր է խավերուն մեջ թիկնոցին թավիշին,

Թե՛ նըժույգին վըրնջյունն աստեղացունց մաքրությամբ`

Որ կը խընդրե ախոռին գոլուտ հանգիստը անթամբ:

Բակուր այդ հյուրն իր անձեն և անունեն կը ճանչնա.

Բագրատունին Տըրդատն է, հըզոր իշխան ու փեսա

Տիրան հայոց արքային, որ կը փախչի Մարաստան.

Կը փախչ ան` զի կինն իր, Տիրանի դուստրն աննըման,

Գանակոծեր է խըստիվ, պալատեն դուրս արտաքսեր,

Խուզելով, իբր անարգանք, անոր խարտյաշ գանգուրներ:

–«Տրդա՛տ,– կ'ըսե Նահապետն,– այս գիշեր քուկդ է իմ տուն.

Մարաց աշխարհն հեռու է, և դու անշուշտ պարտասուն.

Մըտի՛ր սրահը տոնին, թող իրարու դեմ փըշրին

Մեր բաժակներն, ու մեր սերը մըկըրտե թող գինին»:

Եվ կոչունքի կը բազմի Բագրատունին վտարանդի

Աջ կողմը ճիշտ Բակուրին` որ իր կարգին կը նըստի

Գահի մը վրա` որուն լայն թիկնատեղն է քանդակված

Բագոսը` եզ մ'որթերով պըսակելու ըզբաղած:

Սեղանի շուրջը արդեն Մեծամեծերն հայկազուն

Դեմ հանդիման բազմեր են, բայց ո՛չ իրենց մեծանուն

Աստիճանին համեմատ, այլ սուրերու մեծության;

Հոն են ճորտերը Սյունյաց գավառներուն երկտասան,

Լերան ազատ զավակներ, միշտ զրահի մեջ կուրծքերնին`

Որոնք հըզոր կումբի պես ջահերու տակ կը փայլին:

Հոն կան նաև բըդեշխներ, ազատանին քաջարի`

Որ կը պատմեն թե ի՛նչպես կ'որսան վարազը վայրի

Ազնըվատոհմ սեպուհներ ոսկեճարմանդ խլաներով

Գինվո բաժակ ի ձեռին կը ծիծաղին կես գինով:

Պալատին մեջ ծով մը կա ծիծաղներու և լույսի`

Որ գաղջորեն ծուփ առ ծուփ դռներեն դուրս կը հոսի:

Կոչնականները զարմիկ պատերն ի վար կախեր են

Որսի գալար շեփորներն ու վահաններն ոսկեղեն.

Եվ նիզակները, դեռ թաց վարազներու արյունով,

Տըրձակ տըրձակ կը հանգչին հըսկայափեղկ դըրան քով:

Լայնակոնք սըրահը քըսան սյուներով է կառուցված`

Որոնց վըրա կը շողան քըսան ջահեր դեմ դիմաց.

Եվ այն քըսան սյուներուն մեջեն քըսան գերիներ

Կը բերեն թանկ սաներուն վըրա` խորոված երեներ`

Որոնց շոգին քըմապարար կը բարձրանա ոլորուն

Ջահերուն շուրջը կազմելով խըլատեռեր ծըփծըփուն:

Ըսպասներն ալ սեղանին մեծարժեք են. և կարծես

Արծաթազօծ դըգալներն ու դանակները նույնպես

Փողփողումին տակ լույսին փայլակներ են աղմըկոտ`

Որ կը ծըփան դիպակյա նըվարտանին վրա փութկոտ:

Ծաղկակալներ են դըրված երկայնքեն ի վեր սեղանին,

Որոնցմե եղկ բուրումներ շուրջը արբշիռ կը սըփռին.

Ծաղիկներուն ընդմեջեն, քըրքիջներուն հետ թըրթռուն,

Կը նըշմարվին ըսպիտակ ակռաներն հյուր ճորտերուն.

Եվ գինիին թանձըր հոտն և խահերուն գոլորշին

Վեր բարձրացած` կը սքողեն կատաղությունն այդ ճաշին:

Կու գա համեղ գերերին` որով Սյունիքն է առատ,

Զոր եփեր են տատրակի սըրտիկներով անարատ:

–«Աղավնիի սիրտ ուտենք,– կը կոչե ճորտը Բալի,–

Որ ունենանք վագրի լյարդ»:– «Ես այդ մասին ավելի,–

Կը կատակե հանկարծ մին,– կընտըրեմ սիրտը՛ կընոջ»:

Ծիծաղելով այն ատեն կից վերնատունը ամբողջ

Կ'ալեկոծի, ուր ժողվված հայ տիկիններ բազմական

Կ'ընեին նույն խըրախճանքները նույն շուքով տոնական:

Այն ատեն ներս կը մտնեն երկու ջուխտակ գերիներ

Կրելով երկու լախտ վարազ սաներու վրա ոսկեհեռ.

Եվ ուրիշներ նույն թիվով` իրենց ուսին վրա ունին

Ըսկուտեղները նուռին, սափորները հորդ գինիին.

Հաղթանա՜կն է այս խրախին: Հեղեղ մ'հանկարծ վարդերու,

Իբրև ամեն տիկին արձակեր սիրտն իր աղու,

Վերնատունեն կը տեղան կոչնականաց վրա գինով:

Քանի մ'ասպետ կը կոփեն վահանն իրենց աշտեով:

Աղավնիներ ավասիկ կամարին տակ կը ճախրեն,

Եվ ծայրն իրենց թևերուն մըխըրճելով ծուլորեն

Շատըրվանին մեջ` որ լույս կ'ողբա բակին առընթեր,

Կու գան իրենց թռիչներեն վար անձրևել մարգրիտներ:

Ու վարդ, տատրակ հոն խառնված հեղեղներով ճաճանչի

Կ'ստեղծեն դրախտ մ'ուր կարմիր հեշտության նուռը կ'աճի:

Մատըռվակներ ավասիկ կարապնավիզ սափորով

Բաժակներուն մեջ գինին կ'հեղուն դեմքով մ'անխըռով:

Բագրատունին այն ատեն, կորովաբիբ Տըրդատես,

Դաշխուրանն իր վեր կ'առնու, և.–«Ասպետնե՛ր,– կ'ըսե,– ես

Վանատուրին սերմնահորդ, և տըռփածոց Աստղիկին,

Անոր` որ հուրն է արու, անոր` որ հողն հեշտագին

Կ'ըմպեմ ի փառս: Անոնց տռիփն ու համբույրները հավետ

Այգիներուն մեջ ձեր թող ծավալանան ծաղկավետ»:

–«Ձեր Թագավոր աներոջ,– կ'ըսե Բակուր,– սուրբ կյանքին

Ըմպենք որ մեզ կը պահե խաղաղության մեջ հեշտին»:

–«Թագավորի՜ն, որ կ'հանգչի,– աղաղակեց ճորտ մ'հանկարծ,–

Ձյուներուն մեջ Մասիսի»: Այս հայտնությունն հեղակարծ

Ներկաները ապշեցուց:–«Մեռա՞վ Արքան մեր հայոց…»:

–«Արդ իր դիակը կ'իշխե հավերժանիստ սառին ծոց:

Գուժկան մ'երեկ ագռավի երագությամբ հոս հասավ,

Պատմեց թե ի՛նչպես Տիրան խեղդըված է բըքազրավ:

Կ'ըսեն թե թագը միայն ձյուներեն դուրս է մնացած,

Որուն վըրա կը շողա դեռ հայ արևը Մասյաց»:

Շըրջան ըրավ սև լուրն այս պալատին մեջ բովանդակ

Գինեփըրփուր բաժակե մ'ավելի և՛ըս արագ,

Որ միմիայն արբեցուց բերկրանքներով անպատում

Տըրդատի սիրտն` որ մինչև արքային մահն էր սըրտում:

–«Խըմե՜նք,– ըսավ,– ու տոնենք Արշակունի գահերուն

Թավալումներն անդունդի և մեղկանքի մեջ փըցուն»:

Եվ հազիվ հազ շըրթներուն դըրավ գավաթն հրահոսան`

Վերնատան մեջ աչքերն իր զույգ մ'աչքերու դիպեցան:

Կին մը իրեն կը նայեր, կը զգար սըրտին մեջ շըմոր.

Իր կազմին վրա կ'հիանար, առնագեղ, խրոխտ ու հըզոր,

Հըզոր` վիզովն առյուծի և բիբերով աստղահեռ`

Որոնց բոցեն այրելու համար անգամ մ'իսկ բավ էր

Որ անոնց մեջ հանդըգներ առնաբաղձ կին մը նայիլ:

Հըզոր` մարտիկ գըլուխով, լայնշի լանջքով անարգիլ

Որ ճոշանին մեջ կ'ուռեր կոհակի պես փըրփրազեղ.

Հըզոր` թիկնով մեծադիր, բազուկներով առնագեղ`

Որոնց միջեն կը սիրեն կիներն իբր օ՛ձ գեղածալ

Բյուր ձևերով գալարվիլ ու ծըվարիլ ու տաքնալ:

Վերնատան կինը սարսռաց: Տըրդատ մեկ ձեռքը հենած

Սեղանին վրա, մյուսով տաշտը բերնին գըլխիբաց,

Անոր կապույտ աչքերուն հառած աչքերն իր մըթին

Խըմեց երկա՜ր– փըրփուրեն մինչև մըրուրն– իր գինին:

Հետո ծոցեն դուրս քաշեց խուրձ մը դեղձան մազերու

Մութ ամպեն դուրս մացառվող ճաճանչներու պես աղու.

Եվ անով իր գինիոտ բերանն աղեկ մը սըրբեց…

Անոնք մազերն էին իր գոռոզ կընոջ` զոր բրածեծ

Ըրավ ու ա՛յսպես ահա ծաղրեց այն էգն անուղղա,

Եվ ապշեցուց ամենքն այդ իր անսովոր գործին վրա:

Հազիվ Տըրդատ սեղանին դըրավ գավաթը թափուր`

Լույսերու հոծ ծովուն մեջ թնդաց սըրահն ընդհանուր.

–«Վարձա՜կն ահա, տեղ բացեք, վարձա՜կը, վարդ տեղացեք.

Մազերուն մեջ, ոտքին տակ մարգարիտինե՜ր լեցուցեք» :

Սանդուխներեն վերնատան վար կ'իջներ կին մը խաժակ.

Կը թըռվռային գըլխուն շուրջ աղավնիներ ըսպիտակ:

Ճաճանչավուխտ քողին մեջ աստըղ մ'էր ան` որուն մեծ

Աչքերուն մեջ սևեռուն Տըրդատ գինին իր խըմեց:

Այդ ժամանակ սրահ մըտան հինգ ծերունի գուսաններ,

Ուսերուն վրա վիժանուտ գանգուրներով լուսահեր.

Ոլորակեց տավիղն հեշտ, փանդիռն հնչեց փառակոչ,

Նըման արծաթ կարկուտի երգ ջաղբեց դա՛փը դողդոջ.

Եվ յոթնաղի քընարին որովայնին մեջ տոսախ

Նըվագի ծով մ'ըսկըսավ մըրըրկոտիլ աղեբախ:

Հետո հանկարծ միացած բոլոր լարերն իրարու

Պանծացուցին անգամ մ'ալ փառքերը հին դարերու,

Երգը հըզոր դիքերուն, Դիցուհիի ոսկեմայր,

Երգն աստղահմա քուրմերուն` որոնք բագնին վրա մարմար

Վըզան օձեր այրեցին բոցերուն հետ ծառացող.

Երգն` ասպետի մը զարմիկ, դյուցազներու զինաշող,

Որոնք նըման կայծակի տեգերն` իրենց պիրկ ձեռքին`

Փաղանգներուն կազմը կուռ արյունառուշտ ճեղքեցին.

Հընչեցուցին երգերն հուսկ մեհենական պարերու,

Սերն հայկազուն կույսերուն և հարճերուն գինարբու`

Որոնք այգվույն զովալից հովանիին տակ պառկած

Լույս ծոցն իրենց կը թողուն սեպուհներուն համար բաց:

Կոչնականները համուռ դեպ գուսանները դարձան,

Որոնց մեջտեղ ըսկըսած էր պարել կին մը դեղձան:

Վարձակն էր ան, Նազենիկ, նազելագեղ անունով:

Հասակն ամբողջ կը թըրթռար բարտիի պես հողմախռով.

Դաշներգը իր ջիղերուն դաշներգին հետ լարերուն

Կը միանար, կը սըփռեր համանըվագ մ'հարաճուն:

Յոթն հարճերն հերքը խարտյաշ մատվըներով նախանձոտ

Արաբական յուղի մեջ օծաներ են քաղցրահոտ.

Եվ գըլխուն շուրջը պըսակ մը վարդերու հյուսեր են`

Որոնք եթե ճըզմըվին անշուշտ արյուն կը ծորեն:

Կը շողշողան ունկերուն ծայրը օղեր փողփողէջ

Աստղերու նման ցոլալով անրակներուն փոսին մեջ.

Արմունկեն վեր աջ բազուկը կը խածներ սեղմորեն

Նուրբ մարգրիտով հելուզված ապարանջան մ'ոսկեղեն.

Իսկ վիզեն վար մինչև ծայրն ըստինքներուն սևապտուկ

Կը բոլորվի վառ մանյակ մը լույսերով հեղեղուկ:

Եվ այնքան նուրբ է զառքաշեն` որ կը բըղխե դեպի դուրս

Ազդըրներուն գաղջություն և կաթնագույնը սընդուս.

Մուճակներուն մեջ խարտեշ կաղապարված ոտքերն ա՛լ

Դռույթ տալով կը սկըսին հատակին վրա պար դառնալ:

Կոչնականները լըռիկ հիացումով քարացած,

Մարմնակարկառ, ապշոպյալ, աչուներով լայնաբաց,

Կը դիտեն զինք: Նազենիկ նախ կ'օրորե մեղմորեն

Ալապաստրե ուսերուն վըրա գըլուխն հըրեղեն`

Ներկաներուն շըրջելով զույգ մը աչքերը աղվոր`

Ուր կ'ընկղմի մարդ հեշտին, բայց դուրս կ'ելլե վիրավոր:

Վեր կը վերցնե հոլանի բազուկներն իր հուլորեն

Լայնշի քողին կապուտակ խաղաղության ընդմեջեն

Զույգ մը տոսախ բամբիռները մատերուն մեջ ճարտար

Հանկարծակի կը հընչեն, կ'ըլլան պարին կառավար:

Մարմինն ընդհուպ կը զոփա, կու տան ոտքերը դըռույթ,

Եվ ան իր իսկ շարժումին անդունդին մեջ հորձանուտ

Կարծես վայրկյան մը այլևըս աչքերե կ'անհետի`

Ինչպես երկնի մեջ կորսվող լուսադայլայլ մեղեդի:

Օ՜, այդ մեծ պարն հեթանոս` որ Աստղիկի կը ձոնեն,

Գեղեցկության այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն.

Օ՜, այդ իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին`

Որոնց մեջ կաթն իսկ կ'եռա հուզումներեն սաստկագին.

Օ՜, թևերն իր լուսածղի` օձերու պես պարարակ

Կարծես երկար կրթըված կախարդ սրինգով ներդաշնակ.

Եվ զիստերն իր արսռագեղ, գեր երաստանը շամբույշ.

Եվ բոլորին իբր առանցք մեջքն ուռիին պես քընքույշ`

Որուն շուրջ մարդ պիտ' ուզեր բազեղի նման փաթթըվիլ,

Եվ վերջապես հյութասպառ բաղեղի նման թառամիլ:

Բամբիռներն իր կը հընչեն ձեռքերուն մեջ սաստկորեն

Իբրև օրենք մարմինին բյուր ձևերուն հոյաշեն.

Բամբիռնե՜րն իր կը հընչեն, ու անոնց երգը բյուրեղ

Կը քաղցրանա մեղրի պես ջահերուն տակ լուսազեղ.

Եղունգներով հինայված մատերեն վար աղածրի`

Դաշնակություն մ'հրաշալից մազերուն մեջ կը ծորի:

Բամբիռներն իր կը հընչեն, այնքան ճարտար` որ կարծես

Անոր ձեռքերն Ապողոն թաթախեր է տարփակեզ

Սըրտին մեջ իր տավիղին: Գործիքին ձայնը կերկեր

Կը զեղու սրահն` ուր շատոնց գուսաններն ա՛լ չեն նվագեր:

Կոհակներուն մեջ լոգցող աղկիոնին հանգունակ

Ան կը լողա մատերուն երգերուն մեջ ներդաշնակ`

Որոնց ի լուր տատրակներ ահա կու գան խառնըվիլ

Ցանցին մեջ իր մազերուն, իր մազերուն հիատեսիլ`

Որոնք, ալիք առ ալիք, կ'երթան սըփռիլ ման ի ման

Ասպետներուն գըլխուն վրա արշալույսի մը նըման:

Կոչնականները գինվո մեջ թաթախված, տըռփագին,

Բոլորը լուռ, սալացած` ըզմայլանքեն գեղեցկին

Կը դիտեն մրրիկն այդ կընոջ գանգուրներուն մետաքսե:

Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜:

Երբոր ետև կը թեքի` կուրծքին վըրա հոյաշեն

Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսըռալեն.

Եվ վարսերն իր վիժանուտ, ուսերն ի վար հոսելով,

Կ'երթան փըփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով.

Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜…

Հոգվույն մեջ` ծով, շուրջը` լույս, ան Կիպերյան Աստղիկն է`

Որ իր չորս կողմն հավաքած աղավնիները լուսեղ

Փորձեր կ'ընե թըռչելու ինքն ալ անոնց հետ մեկտեղ,

Եվ հևհևուն, ծիծաղկոտ, վարդի մը պես բըռնըկած,

Վերջին թափով կը սուզի կապույտին մեջ վերասլաց

Թողլով որ քողն ամպերեն հորձանապտույտ իյնա վար

Տիոնիսյան բագնին վրա, գինիին մեջ հըրավառ:

Ա՛յսպես պարեց վարձակն ալ, մինչև որ քողն հոգիին

Հոն թաթախեց դիրտին մեջ ամեն մարդու բաժակին:

Ա՛լ հոգնած էր ու քըտնած, կ'ուռեր ծոցն իր լուսեղեն,

Երբոր վերջին ճախրին մեջ Տրդատ բըռնեց բազուկեն

Եվ ծունկին վրա նըստեցուց, գգվեց գըլուխն ոսկեհեր:

Վարսերն ի վար շիթ առ շիթ կը ծորեին քըրտինքներ.

Ձեռքերուն մեջ դեռ տենդոտ, Բագրատունվույն ճոշին վրա

Կը դողային բամբիռներն իր մարմնույն պես դյուրազգա:

Տըրդատ մատերը անոր համբուրելով մի առ մի

Եվ շամբշելով անոր հետ զերդ սեղեխներ վաղեմի.

–«Նահապե՛տ, ո՞վ է,– ըսավ,– վարձակը այս լուսաստինք:

Եթե Աստղիկ երկնի մեջ Վահագնի մ'օր հանձներ զինք,

Ու կաթիլները սերմին ըլլային նույնիսկ աստղեր`

Դարձյալ այսքան չըքնաղ ծնունդ մը երբեք չէր բողբոջեր:

Այս կինն ինձ տուր, եթե չէ օրեն` որ մենք ընենք վեճ.

Արշալույսին թող մեկնիմ արշալույսն այս գրկիս մեջ»:

Բազմականներն ըսկըսան նախանձահույզ քըրքըջալ.

Բակուր ծածուկ մախանքե մ'ակռաներն իր ձյունափայլ

Սեղմեց. և նուռ մ'որ ձեռքին մեջ բըռնած էր այն ատեն,

Ըսկըծանքեն ըսկըսավ ճըմլել: Ըսավ.–«Իշխա՛ն քաջազեն,

Վըրաց երկրեն, ուր կիները կը ծաղկին վարդի պես,

Զայն նիզակովս եմ շահեր, մարտիկներու ընդդեմ վես

Մղելով երկար պայքարներ: Այժըմ ներե որ ըսեմ`

Թե իմ հարճս է, և չ'ըլլար քեզ աղախին մը նըսեմ:

Եթե կ'ուզես` որ մեր զույգ բաժակներն այս մըտերիմ

Հազիվ թափուր գինիե, չլեցվին արյամբ ոխերիմ`

Թո՛ղ զայն, իշխա՛ն»: Բնավ չանսաց Բագրատունին սըրարբած

Սեղանեն վեր բարձրացուց դաշխուրանն իր գինեմած

Ու ձեռքովն իսկ զայն խմցուց, ծունկին վըրա, վարձակին`

Որ կը ժըպտեր ըմպելու ատեն ժըպտով մ'հեշտագին:

Իր գողտըրիկ բերանին երկու կողմեն ընդհոլով`

Թափեցավ քիչ մը գինին ու ծոցն ի վար սահելով`

Գընաց լճակի պես կարմիր ժողվիլ պորտին մեջ անհայտ:

Երբ դեռ բոսոր էին կզակն ու շըրթունքները, Տըրդատ

Զանոնք առած բերանին մեջ համբուրեց կըտղանքով`

Զվարթ հեղուկին մնացորդն ըսպունգի պես ծըծելով:

Լըռեց սրահը համուռ: Բոլոր դարձած Բակուրին

Կը նայեին, որ կը լմեր դեռ նուռը մեջն ագուռին:

Ամեն մարդ հոն թափվելիք արյան մը հոտը կը զգար…

Նահապետն ա՛լ վեր ցատկեց տեղեն իբրև քանասար.

Գնաց որ հարճն ազատե, ջախջախե գըլուխն Ասպետին`

Որ կինն իր տան մեջ կը լլկեր` իբր իր ողկույզն իր տաշտին:

Այս որ տեսավ Տըդատես վարազացավ ու խոպաց.

Հրեղեն սյունի մ'էր նըման, դահլիճին մեջ` վերամբարձ.

Կոպիճներուն մեջ աչքերն ըսկըսան ժիր թավալիլ

Մերթ ծովուն խորն ընկլուզվող գունդերու պես հրատեսիլ:

Ձախ թևով հարճը գըրկեց, հետո–«Հա՜, հա՜,– քըրքըջաց,–

Էգ վագրին հոտն ըմբոշխնել արու վագրի՜ն է տըրված»:

Եվ միշտ ժայռի պես կանգուն, շընչելով բոց աչքերեն,

Հուժկու ձեռքով սեղանին վրայե խըլեց, իբրև զեն,

Մեծաքանդակ ըսկուտեղ մ'ամբողջ պղնձով կուռ ձուլված,

Գազանացավ, փըփըրեցավ, շամբշոտացավ ու մըխաց.

Եվ ուղղակի արձակեց զայն Բակուրի ճակատին…

Վերնատան մեջ ահեղ ճիչ մ'արձակեց տան տիրուհին,

Ճորտ ու սեպուհ բոլորն ալ դուրս պուղեցան զահանդած.

Որոնց բազուկն էր միշտ վատ` երբ հոգին էր սըրարբած:

Սակայն կարծես մըրգակալն այն վրիպեցավ հըրաշքով,

Եվ Բակուրի լոկ մեկ ունկն արյունառուշտ խլելով`

Գընաց բաղխիլ դիմացի մարմար սյունին մեծադղորդ

Թոթափելով անկե վար կուճեր, կայծե լուսահորդ:

Ոմանք սատար փութացին Նահապետին կարեվեր`

Որուն խըլված ականջեն, ճըմլված քունքեն կը հոսեր

Հոն գինիի սափորին մեջ արյունն իր թըխագույն,

Այն ժամանակ Նազենիկ սարսափահար, հանկարծույն,

Փաթաթվելով Տըրդատի պարանոցին` ողոգեց.

–«Այս հարկին տակ, ո՛վ ասպետ, ա՛լ բաժինս է գան ու ծեծ.

Դուն որ գիտցար զիս վտանգել, ազատե արդ շուտափույթ,

Երբ ես հոժար խըմեցի ձեռքեդ գինին քու սիրույդ`

Հարկ է ասկե վերջ խըմեմ Բակուրի թույնն ոխության.

Դուն հոս արյուն թափեցիր, և պիտի ե՛ս քավեմ զայն:

Զիս հեռացուր այս երկրեն, եթե չէ գործ մ'արքենի

Որ ասպետի մը վրիպած հարվածը կին մ'ընդունի»:

Ու ավելի ցած ձայնով հարեց.–«Ես քեզ կը սպասեմ

Արշալույսին` որ մոտ է: Մեծ դրան քով արեգդեմ

Կա թուզի ծառ մը` որուն սաղարթներուն ընդմեջե

Պատուհանիս ճրագն առկայծ ճամբորդներն հար կը տեսնեն:

Հոն կը սպասեմ ես քեզի վարդենիի մը նման,

Որ կոկոններն իր բանա պիտի կուրծքիդ վրա տիտան»:

–«Ձիուս առջի խըրխինջին պատրաստ եղիր, Նազենի՛կ,

Դեռ ճրագդ արփվույն շառայլեն չընըվաղած` կը մեկնինք»:

Ըսավ Տրդատ: Թուրը մերկ միշտ ափին մեջ շողարծարծ,

Տալով կամա երևույթը մեկնումի մը անդարձ,

Գընաց թամբեց երիվարն ու խավարին մեջ, անտես,

Անհետացավ քառատրոփ, փայլակնացայտ ամպի պես:

Կոչնականներն ահաբեկ, կոչնականներն հիազարհուր,

Գինո՜վ ու վա՜տ, մի առ մի պարպեցին սրահն ընդհանուր.

Լոկ կույր գուսան մ'երգին մեջ անվերադարձ տեսլացած`

Դեռ լռության մեջ կը նվագեր սյունի մը հաղթ կռթընած:

Comments