Chapter 2
II
Վերջապես Ֆարիզադայի եղբայրները վերադարձան որսատեղից և իրանց քրոջը չգտնելով հասմիկի հովանոցումը, ուր նա սովորություն ուներ սպասելու եղբայրների վերադարձին, նեղացան իրանց քրոջ այս անուշադրության համար և սկսեցին որոնել նրան այգումը։ Եվ տեսան ավազի վրա սառած, մարգարիտ դարձած նրա արցունքի կաթիլները և ասացին իրանք իրանց.
— Ավա՜ղ, ինչքա՜ն տխրած պիտի լինի մեր քույրը, բայց ի՞նչ առիթ է ունեցել տխրելու, որ այսքան լաց է եղել։
Եվ գնացին նրանք իրանց քրոջ հետքովը և գտան նրան արտասվելիս ծառաստանի խորքումը։ Վազեցին մոտը և փայփայեցին՝ աշխատելով ուրախացնել նրան։
Եվ ասացին նրան.
— Ո՜վ Ֆարիզադա, մեր սիրելի՛ քույր, ո՞ւր են քո ուրախության վարդերը և քո խնդության ոսկին։ Քույրի՛կ, պատասխանի՛ր։
— Ո՜վ իմ եղբայրնե՜ր…
Բացականչեց Ֆարիզադան և լռեց։ Նա ամաչեց շարունակել իր ասելիքը։ Այս առաջին անգամն էր, որ նա մի բան պիտի խնդրեր եղբայրներից. դժվարանում էր ասել, բայց նրանք ստիպեցին, որ ասե։
— Ո՛վ մեր սիրելի քույր,— ասացին եղբայրները,— այս ի՞նչ նոր զգացմունք է շփոթում քո հոգին. հայտնի՛ր մեզ քո վիշտը, եթե չես կասկածում մեր սիրո մեջ, որ ունենք դեպի քեզ։
Ֆարիզադան վճռեց վերջապես բանալ իր սիրտը և ասել նրանց.
— Ո՜վ իմ եղբայրներս, ես այլևս չեմ սիրում իմ այգիներս…
Եվ սկսեց լաց լինել, և մարգարտի հատիկներ թափվեցին նրա աչքերից։ Եղբայրներն ականջ դրին նրան լուռ, տխրելով մի այսպիսի հայտնությունից, իսկ նա շարունակեց.
— Ավա՜ղ, ես դադարեցի սիրել իմ այգիներս, որովհետև նրանցում չկա Խոսող Թռչունը, որ է՝ Հազարան Բուլբուլը, չկա Երգող Ծառը և ո՛չ Ոսկեցնցուղ Ջուրը։
Եվ հանկարծ այնպես ոգևորվեց Ֆարիզադան, որ առանց շունչ քաշելու պատմեց եղբայրներին բարի պառավի այցելությունը և նրա պատմածների մասին։
Եղբայրները, երբ որ լսեցին քրոջ ասածները՝ շատ զարմացան և ասացին նրան.
— Սիրելի՛ քույրիկ, դու հանգիստ կաց և աչքերդ հովացրու։ Մենք այդ բոլոր առարկաները կբերենք քեզ համար, թեկուզ նրանք գտնվելիս լինեն Կաֆ սարի անմատչելի գագաթին։ Միայն դու ասա՛, ո՞ր կողմերում պիտի որոնել նրանց։
Եվ Ֆարիզադան, որ սաստիկ կարմրել էր իր առաջին ցանկությունը հայտնելու համար, բացատրեց մի առ մի, ինչ որ լսել էր բարի պառավից նույն առարկաների տեղի մասին, և ավելացրեց.
— Ահա՛, այս է միայն իմ գիտցածս, սրանից ավելի ոչինչ չգիտեմ։
Եվ բացականչեցին երկու եղբայրները միասին.
— Քույրի՛կ, մենք կերթանք որոնելու։
Իսկ քույրը երկյուղից գոչեց.
— Ո՛չ, ո՛չ, մի՛ գնաք։
Ֆարիդը, որ մեծ եղբայրն էր, ասաց.
— Սիրելի՛ քույրիկ, քո ցանկությունը մեզ համար մեր աչքից և գլխից ավելի է թանկ։ Ե՛ս եմ մեծ եղբայրդ, ես էլ՝ առաջինն եմ պարտավոր ինձ վրա առնել դրա հոգսը։ Իմ ձիուս թամքը դեռ չի վերցված, և նա կտանի ինձ առանց հոգնելու մինչև Հնդկաստանի սահմանը, այնտեղ, ուր գտնվում են քո ասած երեք հրաշալիքները։ Եվ ես կբերեմ այդ բաները։
Եվ դառնալով եղբորը՝ Ֆարուզին, ասաց.
— Իսկ դու, սիրելի՛ եղբայր, կմնաս մեր քրոջ մոտ, որ նրան պահես։
Այս ասելուց հետո վազեց ձիու մոտ, ցատկեց վրան և, այնտեղից կռանալով՝ համբուրեց եղբորն ու քրոջը, որ արտասվալից աչքերով ասաց.
— Մի՛ գնար այդ վտանգավոր ճամփով, իջի՛ր ձիուցդ։ Ես չեմ ուզի տեսնել ո՛չ Խոսող Թռչունը, ո՛չ Երգող Ծառը և ո՛չ էլ Ոսկեցնցուղ Ջուրը, միայն թե՝ չբաժանվիմ քեզանից և կարոտդ չքաշեմ։
Բայց Ֆարիդը էլի մեկ անգամ համբուրեց նրան և ասաց.
— Սիրելի՛ քույրիկս, մի՛ վախենար, որովհետև իմ բացակայությունս երկար չի տևիլ, և Աստուծո օգնությունով՝ ինձ չի՛ պատահիլ ոչ մի դժբախտություն։ Բայց, այսուամենայնիվ, որպեսզի դու քեզ չտանջես անհանգստանալով, ես քեզ կտամ, ահա, իմ դանակը։
Եվ գոտկից հանեց այն դանակը, որի կոթը զարդարված էր քրոջ աչքերից առաջին անգամվա ընկած մարգարիտներով, տվավ նրան և ասաց.
— Այս դանակս քեզ տեղեկություն կտա իմ մասին։ Ժամանակ առ ժամանակ կհանես պատյանից և կնայես սայրին։ Եթե սայրը մաքուր լինի, ինչպես հիմա է, այդ նշան կլինի, որ ես ողջ-առողջ եմ, իսկ եթե դժգունացած՝ իմացած լինիս, որ ինձ մի դժբախտություն է պատահել. իսկ եթե արյուն կաթի բերանից՝ կարող ես հավատալ, որ ես չկամ այլևս։
Ասաց, և չկամենալով այլևս ոչինչ լսել՝ ձին չափ գցեց այն ճամփովը, որ տանում էր դեպի Հնդկաստան։
Եվ գնաց նա քսան օր և քսան գիշեր անապատ տեղերով։ Իր ճամփորդության երորդ օրը հասավ մի լեռան ստորոտ, ուր կար ճոխ արոտամարգ և նրանում մի հատիկ ծառ։ Ծառի տակին նստած էր շատ զառամած մի ծեր կրոնավոր։ Նրա երեսը ծածկվել էր երկար մազերի և խիտ ունքերի մեջ։ Մորուքը շատ երկայն էր և սպիտակ, ինչպես նոր գզած բուրդը։ Ձեռներն ու ոտները չափից դուրս նիհար էին։ Ձեռքի ու ոտի եղունգները՝ շատ երկարած։ Ձախ ձեռքով նա գցում էր տերողորմյան (համրիչը), իսկ աջը պահած էր անշարժ՝ ճակատի բարձրության հավասար։ Այդ ծերունին, անշուշտ, մի ճգնավոր էր՝ աշխարհից հեռացած, ով գիտե, որքան ժամանակ առաջ։
Եվ որովհետև սա առաջին պատահած մարդն էր քսաներորդ օրում՝ սրա համար արքայազն Ֆարիդը իջավ ձիուց և, կապը բռնած, մոտեցավ կրոնավորին և ասաց նրան.
— Ողջո՛ւյն քեզ, ո՜վ սուրբ մարդ։
Ծերունին պատասխանեց նույնպես ողջույնով, բայց նրա ձայնն այնպես էր խլացել խիտ ընչացքների[7] ու մորուքի մեջ, որ Ֆարիդը ոչինչ չհասկացավ։
Այդ ժամանակ Ֆարիդը մտածեց, թե. «Ինչպե՞ս անեմ, ուրեմն, որ ես հասկանամ սրա ասածը, չէ՞ որ սրա տված հրահանգով պիտի շարունակեմ իմ ճանապարհորդությունս»։ Այսպես մտմտալով՝ իր մախաղից[8] հանեց մի մկրատ և, մոտենալով ճգնավորին, ասաց.
— Ո՛վ պատվարժան քեռի, թույլ տուր ինձ մի քիչ խնամք տանել քեզ վրա, քանի որ ինքդ, ընկղմված լինելով սուրբ մտքերի մեջ, ժամանակ չունիս ուշք դարձնելու քեզ վրա։— Եվ տեսնելով, որ ծերունին հակառակ չէ, Ֆարիդը սկսեց կարգի գցել նրա մորուքը, բեղերը, ունքերը, եղունգները, խուզելով ու կտրատելով նրանց ավելորդ երկարությունը, որով երիտասարդացրեց ծերունուն մի քսան տարով։
Այս ծառայությունն անելուց հետո սափրիչների սովորությունով ասաց.
— Անո՜ւշ, անո՜ւշ, ցանկանամ զովություն և կենդանություն…
Երբ որ ծերունին թեթևացավ ավելորդ ծանրությունից՝ մեծ բավականություն զգաց և ժպիտ երևացրեց երեսին։ Եվ հետո էլ խոսեց մանկական ձայնից է՛լ ավելի պարզ ու մաքուր ձայնով և ասաց.
— Թող օրհնություն իջնի քեզ վրա, ո՛վ իմ որդի, այն բարեգործությանդ համար, որ ցույց տվիր զառամած ծերունուս։ Ով կուզի լինիս, ո՛վ առաքինի ճամփորդ, ես պատրաստ եմ օգնելու քեզ իմ փորձովս և խորհրդովս։
Ֆարիդն շտապեց պատասխանել.
— Ես եկել եմ հեռու կողմերից՝ որոնելու Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։ Կարող չե՞ք ասել արդյոք՝ որտե՛ղ կարող եմ գտնել։ Կամ ի՞նչ գիտեք դուք դրանց մասին։
Այս խոսքերի վրա հուզմունքից ծերունին վայր գցեց ձեռքից համրիչը և ոչինչ չպատասխանեց։
Ֆարիդը հարցրեց.
— Իմ բարի՛ քեռիս, ինչո՞ւ չեք խոսում։ Ես շտապում եմ, ձիս քրտնած է, կարող է մրսել։
Եվ կրոնավորը խոսեց վերջապես.
— Իհա՛րկե, որդիս, ես գիտեմ, թե՝ որտե՛ղ են գտնվում քո որոնած բաները, և ճանապարհն էլ գիտեմ։ Բայց ես, որդյա՛կ իմ, քեզանից այս լավությունը տեսնելուց հետո ինչպե՞ս խորհուրդ տամ, որ գնաս և զարհուրելի վտանգների ենթարկես քեզ։ Ավելի լավ կանես, որդի՛ս, որ շտապես վերադառնալու կրկին քո երկիրդ։ Քանի՜ քանիսն են գնացել այս ճամփով՝ քեզ պես քաջ երիտասարդներ, բայց ո՛չ մեկը նրանցից չի վերադարձել։
Ֆարիդը, այդ խոսքերից չվհատվելով, ասաց.
— Իմ բարի՛ քեռիս, դու միայն ցույց տուր ինձ իմ գնալիք ուղին, մնացածի մասին մի՛ անհանգստանար։ Աստված ինձ ձեռքեր է տվել, որոնք կարող են իրանց տիրոջը պաշտպանել։
Ծերունին, ձայնը երկարացնելով, հարցրեց.
— Քո ձեռքերն ինչպե՞ս կազատեն քեզ Աներևույթից, որ ոչ մի ձեռք չի ընկնում, իսկ ինքն ունի հազար անգամ հազար ձեռքեր, որոնք գործում են առանց տեսնվելու։
Ֆարիդը, գլխովը բացասելով, պատասխանեց.
— Պատվակա՛ն հայր։ Իմ ճակատագիրն ինձ հետ է կապված. եթե ես փախչեմ նրանից՝ նա կհետևի ինձ, իմ ստվերիս պես։ Ուրեմն, ասա՛ ինձ, որովհետև այդ քեզ հայտնի է, էլ ի՞նչ կարող եմ անել ես։ Քո խորհուրդով դու ինձ մեծ լավություն կանես։
Ծերունին, տեսնելով, որ երիտասարդը ետ չի կենալու իր մտադրությունից, ձեռքը գցեց իր գոտիկից կապած մախաղը (տոպրակը) և հանեց մի գրանիտե գնդակ։ Այս գնդակը տալով Ֆարիդին՝ ասաց.
— Ահա՛ այս գնդակը կտանի քեզ քո ուզած տեղը։ Հեծի՛ր ձիդ և նետի՛ր գնդակը առջևդ։ Նա կգլորվի առաջիդ, հետևից կքշես ձիդ։ Եվ ուր որ գնդակը կանգ կառնի՝ այնտեղ դու էլ կիջնես, ձիդ կկապես գնդակից, որ կմնա անշարժ մինչև քո վերադարձը։ Իսկ դու կբարձրանաս այն սարը, որի գագաթը երևում է և այստեղից։ Սարը բարձրանալիս դու ամեն կողմում կտեսնես խոշոր սև-սև քարեր և կլսես ձայներ։ Այդ ձայները չեն լինիլ հեղեղներից, քամիներից, անդունդներից, այլ՝ կլինին աներևույթ ձայներ։ Նրանք կգոռան այնպիսի խոսքեր, որոնցից մարդու արյունը կսառչի երակներումը։ Դու պետք է ուշ չդարձնես, պետք է չլսես այդ ձայները, իսկ եթե վախենաս և ետ նայես՝ դու կդառնաս այն սև քարերից մեկը, որոնցով լիքն է սարի վերելքը։ Իսկ եթե չես լսիլ նրանց՝ կբարձրանաս սարի գագաթը, այնտեղ կտեսնես մի վանդակ, միջին թառած Խոսող Թռչունը։ Եվ կասես նրան. «Ողջո՜ւյն քեզ, ո՛վ Հազարան Բուլբուլ։ Որտե՞ղ է Երգող Ծառը, որտե՞ղ է Ոսկեցնցուղ Ջուրը»։ Խոսող Թռչունը կպատասխանի քեզ. «Բարո՛վ ես եկել…»։
Այս բոլորն ասելուց հետո ծերունի կրոնավորը խոր շունչ քաշեց և դրանից հետո լռեց։
Ֆարիդը ծերունու խրատը լսելուց հետո ձին հեծավ և բոլոր ուժով առաջ նետեց գրանիտե գնդակը և ձին հետևիցը քշեց։ Գրանիտե կարմիր գնդակը գլորվում էր թռչկոտալով։ Կանգ չառնելով ոչ մի խոչ և խութի առջև՝ Ֆարիդի ձին, որ մի կայծակ էր բոլոր ձիերի միջին, հազիվ էր կարողանում գնդակին հետևել։ Այսպես սրարշավ գնացին գնդակն ու ձին, մինչև դիպան սարի առաջին ժայռին։ Այստեղ հանգիստ առավ գնդակը։
Ֆարիդն իջավ ձիուցը և սանձը կապեց գնդակից, ինչպես ասել էր ծերունին։ Ձին կանգ առավ այնտեղ մեխվածի պես, իսկ ինքը սկսեց բարձրանալ սարնիվեր։ Սկզբում ոչինչ չէր տեսնում, բայց քանի վերև գնաց, այնքան ավելացան գետնին փռված սև-սև քարերը։ Ֆարիդը չէր իմանում, որ դրանք իր նման երիտասարդներ են եղել և այդտեղ են քար դարձել մի աներևույթ զորության ազդեցությամբ։ Այդ քարերի մոտով բարձրանալիս հանկարծ մի այնպիսի ձայն լսեց, որի նմանը նա չէր լսած իր կյանքումը։ Առաջին գոչյունին հետևեցին այս ու այն կողմից զանազան աղաղակներ, որոնք նմանություն չունեին երկրային աղաղակներին։
Այդ գոռուն-գոչյունը, ինչպես ասել էր ծերունին, նման չէին անապատում փչող հողմերին, նման չէին անդունդներ թափվող ջրվեժներին, նման չէին սելավներից առաջացած, լեռների գագաթներից հոսող ջրհեղեղներին, որոնց և մեն մի կաթիլը և մեն մի ալիքը իր սեփական ձայնն ունի, և բոլորը լինում է բյուրավոր ձայների մի խառնուրդ։ Այդ ձայներն աներևույթ ձայներ էին։ Նրանցից շատերը հարցնում էին. «Ի՞նչ ես ուզում»։ Մյուսները. «Բռնեցե՛ք դրան։ Սպանեցե՛ք։ Գցեցե՛ք անդունդը»։ Շատերն էլ ծաղրում էին. «Հո՜, հո՜, հո՜… հո՜ւ, հո՜ւ, հո՜ւ…»։ Փաղաքշում էլ էին՝ ասելով. «Ի՜նչ սիրուն երիտասարդ ես, ե՛կ մեզ մոտ, ե՛կ մեզ մոտ…»։
Բայց Ֆարիդը, ուշ չդարձնելով այդ ձայների վրա, շարունակում էր վեր բարձրանալ։ Իսկ ձայներն ավելանում էին և զարհուրելի դառնում։ Երբեմն գոչողների շունչը դիպչում էր նրա երեսին, և այնքան սոսկալի կերպով էին որոտում աջից ու ձախից, առջևից ու քամակից, այնքան սպառնալից և համառ էր նրանց գոչը, որ Ֆարիդը դողում էր ակամա։ Մոռանալով ծերունու խրատը՝ նա մի զորեղ և հանկարծական գոռոցի ազդեցությամբ ետ շրջվեց։ Այդ իսկ վայրկյանին մի սոսկալի ոռնոց բարձրացավ հազարավոր ձայներից, իսկ դրանից հետո տիրեց խորին լռություն։ Արքայազն Ֆարիդը դարձավ մի սև բազալտի ժայռ։ Լեռան ստորոտում ձին էլ դարձավ մի անձև քարաժայռ։ Իսկ գրանիտե կարմիր գնդակը ետ դարձավ՝ գլորվելով ծերունու մոտ։
Ֆարիդի հետ պատահած այս աղետի օրը Ֆարիզադան, ըստ սովորության, հանեց եղբոր դանակը պատյանից, որ միշտ կախած ուներ գոտիկից և, նայելով վրան, երեսի գույնը նետեց՝ տեսնելով, որ դեռ երեկ այնքան փայլուն սայրը գունատվել ու ժանգոտվել է։ Եվ սկսեց ողբալով գոչել.
— Ա՜խ, իմ սիրելի՛ եղբայր, հիմա որտե՞ղ ես, արդյոք ի՞նչ պատահեց քեզ։ Վա՛յ ինձ, ինչո՞ւ թույլ տվի ես քեզ։ Ավա՜ղ, ինչքան թշվառ եմ ես և որքան ատելի այսուհետև իմ աչքում։
Քրոջ լաց ու կոծին վրա հասավ երկրորդ եղբայրը՝ Ֆարուզը, և սկսեց մխիթարել և հուսադրել։ Վերջումն ասաց.
— Քույրի՛կ, ճակատագրից կարելի չէ փախչել. ինչ պատահել է, պետք է պատահեր, որտեղ և լիներ նա։ Բայց հիմա ես պիտի գնամ և հասնեմ եղբորս օգնության, միևնույն ժամանակ կաշխատեմ բերել քո ուզած առարկաները։
Ֆարիզադան աղաչելով ասաց.
— Ո՛չ, ո՛չ, մի՛ գնար, եթե նրա համար ես գնում, որ իմ անարգ հոգու ցանկացածը բերես։ Ես չեմ ուզում ոչինչ։ Սիրելի՛ եղբայր, եթե քեզ հետ էլ պատահի մի փորձանք՝ ես կսկծից կմեռնեմ։
Բայց քրոջ լացն ու աղաչանքը ետ չկասեցրին եղբորը։ Նա հեծավ ձին՝ մնաս բարով ասելով քրոջը, և տվավ նրան մի մարգարտյա մանյակ։ Այդ մարգարիտները Ֆարիզադայի մանկության երկրորդ լացից գոյացած մարգարիտներն էին։ Մանյակը տալով քրոջը՝ ասաց.
— Երբ որ դրա հատիկները չշարժին քո մատներիդ տակ և միմյանց զարնվելով ձայն չհանեն, այդ կնշանակե, որ իմ մարմնի անդամները նույնպես անշարժացել են, էլ իմ մեջ կենդանություն չկա։
Սաստիկ տխրած Ֆարիզադան, գգվելով եղբորը, ասաց.
— Իմ սիրելի՛ եղբայր, թող Աստված քեզ պահպանի ամեն չարից ու փորձանքից։ Տա՛ Աստված, որ վերադառնաս մեր մեծ եղբոր հետ միասին։
Ֆարուզը, հետևելով եղբորը, գնաց նույն ճամփովը և քսաներորդ օրը հասավ նույն ծերունի կրոնավորին, որին գտավ նույն ծառի տակ նստած և նույն դիրքով, ինչպես տեսել էր Ֆարիդը, այսինքն՝ ձախ ձեռքին համրիչը, իսկ աջը վեր բարձրացրած և ցուցամատը ցցած առանձին։
Սովորական ողջույնից հետո, երբ Ֆարուզը հայտնեց եղբոր հետ պատահած աղետը և իր գալու նպատակը, ծերունին սրան էլ հորդորեց, որ ետ կանգնի իր մտադրությունից, բայց, տեսնելով, որ չի համոզվում, նրան տվավ գրանիտե գնդակը, որով հասավ աղետավոր սարի ստորոտը, ուր ձին գնդակից կապելով՝ ինքն սկսեց սարնիվեր բարձրանալ։
Ֆարուզը, գնալով նույն ճամփով, որով գնացել էր եղբայրը, ենթարկվելով միևնույն ձայներին, շատ պինդ էր պահում իրան, բայց կես ճամփին հետևից լսեց հանկարծ.
— Եղբա՛յր իմ, սիրելի՛ եղբայր, մի՛ փախչիր ինձնից։— Այս ձայնից ահա՛ խաբվեց Ֆարուզը, կարծելով, թե իր եղբայրն է կանչողը, ետ նայեց և իսկույն դարձավ նույն բազալտի ժայռը, ինչ որ իր եղբայրը։ Ձին էլ նույնպես քարացավ, իսկ գնդակը, գլորվելով, լուրը հասցրեց ծերունուն։
Ֆարիզադան ձեռքիցը չէր հեռացնում եղբոր տված մանյակը, համրիչի պես ձեռքումն էր պահում գիշեր-ցերեկ։ Մեկ էլ հանկարծ զգաց, որ հատիկները չեն շարժվում այլևս, այլ՝ կպել են իրարից, էլ չեն պոկվում։
— Ո՜հ, իմ խե՜ղճ եղբայրներս, զոհեցի ձեզ իմ հիմար քմահաճույքիս համար։ Ես կգամ ձեզ մոտ և ձեր բախտին վիճակակից կլինիմ։
Եվ, զսպելով իր մեջ կանացի քնքշությունը, հագավ տղամարդ ձիավորի հագուստ, զենք ու զրահ և գնաց եղբայրների գնացած ճամփով, մինչև հասավ ծանոթ ծերունուն, ուր և կանգ առավ։
Մեծ պատկառանքով ողջունեց ծերունուն և ասաց.
— Ո՛վ սուրբ ծերունի, հա՛յր իմ, քեզ չե՞ն հանդիպել արդյոք սրանից քսան օր առաջ երկու երիտասարդ ձիավորներ, որոնք գնում էին որոնելու Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։
Ծերունին պատասխանեց.
— Ո՛վ իմ տիրուհիս, ո՛վ վարդաժպիտ Ֆարիզադա, ես տեսա նրանց և հրահանգներ տվի։ Եվ ավա՜ղ։ Նրանց էլ, ինչպես նրանցից առաջ շատերին, կանգնեցրեց ճամփին Աներևույթը։
Ֆարիզադան, լսելով, որ իր անունը տալիս է սուրբ ծերունին, շատ շփոթվեց, իսկ ծերունին ասաց նրան.
— Ո՛վ պատվական օրիորդ, քեզ չեն խաբել նրանք, որոնք պատմել են երեք հրաշալի առարկաների մասին, որոնց հետևից գնացել և մահու են տվել իրանց գլուխները շատ թագավորազներ և իշխանազներ, բայց քեզ պատմողները լռել են այն վտանգների մասին, որոնց ենթարկվում են նրանց որոնողները։
Եվ պատմեց, թե ի՛նչ վտանգներ կան նրա առջև, եթե ուզում է որոնել իր եղբայրներին և այն երեք հրաշալիքները։ Եվ Ֆարիզադան ասաց նրան.
— Ո՛վ սուրբ հայր, հոգիս շփոթված է քո խոսքերից, երկչոտությունը հեշտությամբ է տիրում նրան։ Բայց ինչպե՞ս կարող եմ ետ կենալ, քանի որ գործը վերաբերում է հարազատ եղբայրներիս փրկությանը։ Ո՛վ սուրբ հայր, լսի՛ր եղբայրասեր քրոջս աղաչանքին և հնար ցույց տուր՝ ազատելու եղբայրներիս կախարդական կապանքներից։
Ծերունին պատասխանեց.
— Ո՛վ Ֆարիզադա, դուստր թագավորի, ահա՛ քեզ այս գրանիտե գնդակը, որ կտանի քեզ նրա հետքից։ Բայց դու նրանց ազատել կարող ես միայն այն ժամանակ, երբ կտիրանաս այն երեք հրաշալիքներին։
Եվ որովհետև դու քո կյանքը վտանգի ես ենթարկում միայն քո եղբայրներին ազատելու համար, և ոչ թե ձեռք բերելու անկարելին, սրա համար անկարելին կարող է դառնալ քո գերին։
Գիտցած լինիս, ո՛վ դուստր թագավորի, որ մարդու որդիներից ոչ մեկը կարող չէ դեմ կենալ Աներևույթի ձայների գոչյունին։ Այս պատճառով Աներևույթին հաղթելու համար հարկավոր է զինվել նրա դեմ վարպետությամբ, որի մեջ պետք է ամփոփված լինի մարդու հանճարը, խելքը, ճարտարությունն ու ճարպկությունը։ Այս մտքով հասկացված վարպետությունը կարող է հաղթել Աներևույթի բոլոր ուժերին։
Այս բոլորն ասելուց հետո ծերունին հանձնեց Ֆարիզադային գրանիտե գնդակը։ Հետո հանեց գոտկից մի փաթիլ բուրդ և ասաց.
— Այս թեթև բրդի փաթիլով, ո՛վ Ֆարիզադա, դու կհաղթես Աներևույթի ուժերին։— Եվ ավելացրեց.— Մոտեցրու ինձ գլխիդ թագը, ո՛վ Ֆարիզադա։— Եվ խոնարհեցրեց դեպի ծերունին նա իր գլուխը, որի մազերի կեսը ոսկի էին, մյուս կեսը՝ արծաթ։ Ծերունին ասաց.— Թող մարդու աղջիկը այս մի փաթիլ բրդով հաղթահարե օդում թռչող բոլոր ուժերը և Աներևույթի բոլոր խարդավանքը։
Եվ բուրդը բաժանելով երկու մասի՝ նրանցով խցեց Ֆարիզադայի երկու ականջները, որ նա ոչ մի ձայն չլսի։ Ձեռքով նշան արավ, որ գնա։ Ֆարիզադան հեռացավ ծերունուց, վստահությամբ նետեց գնդակը և հետևից քշեց ձին։
Երբ որ հասավ լեռան ստորոտի ժայռերին և, ձին գնդակից կապելով, սկսեց վեր բարձրանալ, ձայներն սկսեցին ղողանջել նրա ոտների տակ՝ սև բազալտի ժայռիկների միջից, և մեծ հարայհրոց բարձրացրին, բայց այդ ահեղ որոտմունքները նրա ականջներին դիպչում էին իբրև մի չնչին ու անորոշ շշնջոց, կամ ինչպես հեռվից լսվող ճանճերի բզզոց, որ չէր կարող Ֆարիզադայի վրա որևէ երկյուղ ազդել։
Սրա համար էլ նա գլուխը քաշ գցած, հանգիստ սրտով բարձրանում էր դեպի վեր՝ խորդուբորդ քարքարուտներով և փշերով, չնայած իրա քնքուշ կազմվածքին և իրա սովոր լինելուն՝ ման գալու միայն ճեմելիքների մանրահատիկ ավազների վրա։ Առանց թուլանալու և հոգնելու նա վեր բարձրացավ և հասավ լեռան գագաթին, ուր նրա առջև բացվեց մի ընդարձակ սարահարթ։ Այդտեղ, այդ տափարակի կենտրոնում, նա տեսավ ոսկեղեն սյունից կախած մի ոսկի վանդակ։ Այդ վանդակումն էր թառած Խոսող Թռչունը։
Ֆարիզադան, տեսնելով, ուրախությունից կարծես թև առավ, վրա վազեց վանդակին և, բռնելով նրա օղակից, բացականչեց.
— Թռչո՛ւն, թռչո՛ւն, ահա՛ բռնեցի քեզ, դու իմն ես, էլ չես ազատվիլ իմ ձեռից։
Սրանից հետո այլևս ավելորդ էր ականջների բուրդը, որ հանեց և հեռու նետեց իրանից։ Լռեցին բոլոր աղմկարար ձայները, և հերթը հասավ Խոսող Թռչունին, որ միայն նա՛ խոսի։
Եվ խոսեց, խոսեց Հազարան Բուլբուլը, ո՛չ հասարակ խոսքերով, այլ՝ երգելով երկրում չլսված քաղցր մեղեդիներով.
Ասա՛ ինձ, ասա, ո՛վ Ֆարիզադա,
Որ ունիս ժպիտ վարդի նմանող,
Ես կարոտ էի քո տեսությանը,
Եվ շատ եմ ուրախ, որ տեսնում եմ քեզ.
Մի՞թե կարող եմ քեզանից ազատվել.
Ա՜խ, ա՜խ, ա՜խ, ո՛վ արև, ո՛վ լուսին.
Լսե՛ք ինձ, ո՛վ երկինք, ո՛վ աստղեր…
Լսի՛ր ինձ և դու, ո՛վ Ֆարիզադա,
Թե ով ես ինքդ՝ այդ դու չգիտես,
Իսկ ես գիտեմ,
Գիտեմ, գիտեմ,
Շատ լավ գիտեմ,
Շատ լավ գիտեմ։
Ա՜խ, ա՜խ, ա՜խ, ո՛վ ցերեկ, ո՛վ գիշեր,
Լսեցե՛ք, ո՛վ լուսին, ո՛վ աստղեր։
Այսպես էր երգում Խոսող Թռչունը, որով հափշտակվեց Ֆարիզադան և իսպառ մոռացավ իր քաշած նեղությունները և, դառնալով թռչունին, ասաց.
— Ո՛վ Հազարան Բուլբուլ, ո՛վ դու օդային հրաշալիք, ուրեմն, այսուհետև դու իմն ես, իմ սեփական թռչունը, խո՞սք ես տալիս հաստատ։
— Այո՛, ասում եմ, ո՛վ Ֆարիզադա։
Ես քո ծառան եմ, ես քո ստրուկը։
Հրամայի՛ր ինձ, ո՛վ Ֆարիզադա, պատրաստ եմ ահա քեզ ծառայելու։
Վկա՛ եղեք,
Սարեր, դաշտեր,
Մթին ձորեր,
Խիտ անտառներ։
Ա՜խ, ա՜խ, ո՛վ ունքեր — մութ գիշեր,—
Ո՛վ աչեր — վառ աստղեր…
Այդ ժամանակ Ֆարիզադան ասաց.
— Շա՛տ լավ, ես հավատում եմ քեզ։ Դե հիմա ասա՛ ինձ, որտե՞ղ է Երգող Ծառը։
Հազարան Բուլբուլը երգելով հայտնեց, որ Երգող Ծառը երևում է արդեն սարի լանջի վրա։ Ֆարիզադան նայեց այն կողմը և տեսավ մի ծառ, այնպիսի հսկայական մեծության, որ նրա տակին կարող էր տեղավորվել զորքի մի ամբողջ բանակ։ Եվ ասաց մտքումը. «Մի՞թե կարելի է այս ահագին ծառը արմատից հանել և տեղափոխել իմ այգին»։ Բուլբուլը հասկացավ Ֆարիզադայի միտքը և ասաց նրան.
— Ծառն ամբողջությամբ տեղափոխելու հարկ չկա. բավական է մի փոքր ոստիկ, որ կտրես նրանից ու տնկես քո այգում. նա կդառնա այս միևնույն հսկայական ծառը։
Ֆարիզադան գնաց ծառի մոտ և լսեց նրա երաժշտությունը, նրա քաղցր երգեցողությունը։ Ո՛չ զեփյուռը Պարսկաստանի այգիներում, ո՛չ հնդկական գավինը[9] (лютня), ո՛չ սիրիական տավիղը (арфа), ո՛չ եգիպտական ջութակը՝ երբեք այնպիսի հնչյուններ չեն հանել, որ կարողանան հավասարվել այս երաժիշտ ծառի հազարավոր տերևներից հնչող խմբերգին։ Եվ Ֆարիզադան երբ որ ուշքի եկավ, երբ որ սթափվեց հափշտակությունից, որի մեջ ընկղմվել էր երաժշտության ազդեցությունից, Երգող Ծառից մի ոստիկ պոկեց և, դառնալով Բուլբուլին, հարցրեց, թե՝ որտե՛ղ է Ոսկեցնցուղ Ջուրը։
Խոսող Թռչունը ցույց տվավ նրա էլ տեղը, որ հեռու չէր։ Փիրուզի քնքուշ գույնով մի ժայռ կար այնտեղ, նրանից բխում էր մի աղբյուր, որ փայլում էր հալված ոսկու գույնով։ Բայց նա սառն էր, զովացուցիչ և այնպես վճիտ էր, այնպես պարզ, ինչպես ամենամաքուր հայելին։
Այսպես ահա, Ֆարիզադան երբ ձեռք բերավ բոլոր երեք հրաշալիքները, ինչպես պատվիրել էր ծերունին, ապա դարձավ Հազարան Բուլբուլին և ասաց.
— Իմ ազնի՛վ թռչուն, ես ունեմ էլի մի խնդիրք, որ պիտի կատարես, որովհետև ես իսկապես հենց նրա՛ համար եմ եկել։ Եվ քեզ ձեռք բերելս էլ հենց դրա՛ համար է եղել, որովհետև միայն քեզանով կարող եմ հասնել ես իմ նպատակին։
Եվ Բուլբուլը պատասխանեց.
— Ասա՛ ինձ, ո՛վ դուստր արքայի, ի՞նչ է ուզածդ. ինչ որ իմ կարողությունից վեր չէ, ես պատրաստ եմ կատարել։
Ֆարիզադան ասաց ողբաձայն.
— Եղբայրնե՜րս, ազնի՛վ թռչուն, եղբայրնե՜րս… երևի քեզ արդեն հայտնի է…
Այս բանը լսելով՝ Հազարան Բուլբուլը մի քիչ շփոթվեց։ Նա իշխանություն և իրավունք չուներ խառնվելու Աներևույթի կատարած գործերի մեջ. նա ինքը եղել է միշտ նրա հլու հպատակը և նրանից է եղել կախված։ Բայց հետո մտածեց, որ ինքը հիմա էլ նրա ձեռին չէ։ Հիմա պետք է ծառայի իր նոր տիրուհուն և ինչ որ կարող է անել նրա համար, պետք է անի։ Այսպիսով, սիրտ առավ Բուլբուլը և ասաց երգելով.
Ո՛վ Ֆարիզադա, ո՛վ վարդաժպիտ,
Սրսկի՛ր ջրով, ջրով ու ջրով,
Այս Ոսկեցնցուղ Ջրով սրսկիր,
Բոլոր քարերը բազալտի նման՝
Ջահել մարդիկ են, սիրուն-աննման,
Սրսկի՛ր դրանց, ջրջըրի՛ ջրով.
Ամեն կաթիլը այս Ոսկեջրի
Անմահական է, արագ կյանք տվող,
Դրանով սրսկի՛ր, թող կենդանանան,
Թող երկար քնից զարթնեն, վեր կենան։
Ո՜վ իմ թանկագին արքայազնուհիս,
Կյա՛նք տուր քարերին, ջրով ու ջրով։
Ա՛խ, ա՛խ, հազա՛ր ախ,
Ո՜վ սիրուն գիշեր,
Ո՜վ վառ-վառ աստղեր…
Ֆարիզադան, մի ձեռքում բռնած բյուրեղյա բղուղը[10], մյուսում՝ ոսկի վանդակը և Երգող ճյուղը, սկսեց վերադառնալ։ Եվ ամեն տեղ, ուր հանդիպում էր մի սև բազալտ քարի, վրան սրսկում էր ոսկեցնցուղ ջրից։ Քարը կյանք էր առնում իսկույն և դառնում մի գեղեցիկ երիտասարդ։ Անուշադիր չէր թողնում ո՛չ մի քար։ Այսպիսով գտավ իր եղբայրներին։
Ֆարիդն ու Ֆարուզը, քարային քնից զարթնելով, մոտեցան իրանց քրոջը և գգվեցին նրան։ Մյուս զարթնածներն էլ, որ բոլորն էլ նշանավոր մարդկանց որդիք էին, մոտեցան Ֆարիզադային և համբուրեցին նրա ձեռքը՝ հայտնելով, որ այսուհետև նրա ստրուկներն են իրանք։ Եվ բոլորը միասին իջան սարի ստորոտը, ուր Ֆարիզադան կենդանություն տվավ և ձիերին, այստեղ ամեն ոք նստեց իր ձին, և բոլորեքյան[11] գնացին ծառի տակ նստած ծերունու մոտ։ Բայց ծերունին չկար այլևս, ծառը նույնպես անհայտացել էր։
Այստեղ Ֆարիզադան հարցրեց Բուլբուլին, թե՝ ի՞նչ է նշանակում ծերունու անհայտանալը։
Խոսող թռչունը պատասխանեց, և այս անգամ նա խոսեց արձակ և լրջորեն.
— Ինչո՞ւ ես ուզում նորից տեսնել ծերունուն, ո՛վ Ֆարիզադա։ Նա սովորեցրեց մարդկային աղջկանը, թե ինչպե՛ս պետք է բանեցնե նա բրդի փաթիլը, որով պիտի հաղթահարե չար ձայները, ատելությունը, ձանձրացնող շշուկները, որոնք վրդովում են մեր հոգին և չեն թույլ տալիս բարձրանալ դեպի գագաթները։ Նրա կոչումն էր աշխարհի մարդոցը սովորեցնել այս ճշմարտությունը, և ապա՝ վերանալ աշխարհից. և նա վերացավ։
Այսուհետև քո հոգին կփրկվի շատ չարից, որ միակ դժբախտացնողն է մարդոց, որովհետև դու սովորեցիր չարից փրկվելու հնարը, որ է՝ ամուր կամքով չարին չլսելը։ Դու զգացիր հոգու անդորրության նշանակությունը, և հենց ա՛յդ է միակ մայրը ամեն բախտավորության։
Այսպես ճառեց Խոսող Թռչունն այն իսկ տեղումը, ուր մի ժամանակ բարձրացած էր ծերունի կրոնավորի ծառը։ Եվ բոլորը հիացել էին Խոսող Թռչունի իմաստալից ճառը լսելով։
Ֆարիզադայի բոլոր ուղեկիցները շարունակեցին իրանց ճանապարհը՝ հետզհետե նվազելով։ Ամեն ոք հենց որ հասնում էր իր երկրի սահմանը՝ համբուրում էր Ֆարիզադայի ձեռքը և, բոլորին մնաս բարով ասելով, հեռանում։ Քսաներորդ օրը Ֆարիզադան ու իր եղբայրները, հրաշալի առարկաների հետ, ողջ-առողջ հասան իրանց տուն։