Chapter 39
Երկրորդ մաս VIII. Ինչպես Աթոսը առանց որևէ գլխացավանքի հանդերձանք գտավ իր համար
Երիտասարդ գասկոնացին դուրս փախավ, իսկ միլեդին դեռ սպառնում էր նրան անզոր կատաղությամբ։ Այն պահին, երբ երիտասարդը աչքից չքացավ, միլեդին ուշաթափ վայր ընկավ։
Դ’Արտանյանն այնպիսի ցնցում էր ապրել, որ առանց մտածելու Քեթիի հետագա ճակատագրի մասին, վազեց Փարիզի կեսը և կանգ առավ միայն Աթոսի դռան առաջ։ Հոգեկան ցնցումը, որ սարսափի մեջ էր գցել նրան, գիշերապահների աղաղակները, որոնք այս ու այն կողմից սկսել էին վազել նրա հետևից, հատ ու կենտ անցորդների հայ֊հույը, որոնք չնայած վաղ առավոտ էր, արդեն դուրս էին եկել իրենց գործերով,— այս ամենը միայն արագացնում էր նրա վազքը։
Նա բակն անցավ, բարձրացավ երրորդ հարկ և խելահեղորեն ծեծեց Աթոսի դուռը։
Բաց արեց Գրիմոն, որի աչքերը ուռել էին քնից։ Դ’Արտանյանը սենյակ նետվեց այնպիսի արագությամբ, որ քիչ մնաց ցած պիտի գցեր Գրիմոյին։
Հակառակ իր սովորական համրության՝ խեղճ մարդն այս անգամ խոսել սկսեց։
— Է՜, դո՜ւ,— գոչեց նա։— Ի՞նչ ես ուզում, անամո՛թ, ո՞ւր ես խցկվում, անառա՛կ կին։
Դ’Արտանյանը մի կողմի վրա թեքեց գլխարկը, ձեռքերն ազատեց թիկնոցի տակից։ Տեսնելով բեղերն ու մերկացված սուսերը՝ խեղճ Գրիմոն հասկացավ, որ իր առջև տղամարդ է։
Այն ժամանակ նա մտածեց, թե դա մարդասպան կլինի։
— Օգնությո՜ւն, փրկեցե՜ք, օգնությո՜ւն,— գոռաց նա։
— Լռի՛ր, հիմա՛ր,— ասաց երիտասարդը։— Ես դ’Արտանյանն եմ, մի՞թե չճանաչեցիր։ Որտե՞ղ է քո պարոնը։
— Դուք պարոն դ’Արտանյա՞նն եք։ Չի կարող պատահել,— գոչեց Գրիմոն։
— Գրիմո,— ասաց Աթոսը՝ խալաթը հագին դուրս գալով իր ննջարանից,— դուք կարծեմ ձեզ թույլ եք տվել խոսել։
— Բայց, տեր իմ, բանն այն է, որ...
— Լռեցե՛ք։
Գրիմոն լռեց և միայն մատը մեկնեց դ’Արտանյանի կողմը։
Աթոսը ճանաչեց ընկերոջը և, հակառակ իր ողջ սառնարյունությանը, բռնկվեց անզուսպ քրքիջով, որ միանգամայն արդարացվում էր իր աչքի առաջ երևացող տարօրինակ դիմակահանդեսային հագուստով՝ թեք դրած գլխարկ, մինչև հատակն իջնող շրջազգեստ, վեր քշտած թևքեր և հուզված դեմքին՝ բիզ֊բիզ բեղեր։
— Մի՛ ծիծաղեք, բարեկամս,— ասաց դ’Արտանյանը,— ի սեր աստծո, մի՛ ծիծաղեք, որովհետև, ազնիվ խոսք, ծիծաղի ժամանակը չէ։
Այս խոսքերը նա ասաց այնպիսի լուրջ տոնով և այնպիսի անկեղծ սարսափով, որ Աթոսի ծիծաղն իսկույն կտրվեց։
— Դուք այնքան գունատ եք, բարեկամս,— ասաց նա երիտասարդի ձեռքը բռնելով,— հո վիրավորված չե՞ք։
— Ոչ, բայց հենց նոր ինձ հետ մի սոսկալի դեպք պատահեց։ Դուք մենա՞կ եք, Աթոս։
— Հապա ո՞վ պիտի լինի ինձ մոտ այս պահին, գրողը տանի։
— Այդ լավ է, որ մենակ եք։
Եվ դ’Արտանյանը շտապ մտավ նրա ննջարանը։
— Դեհ, պատմեցեք,— ասաց Աթոսը՝ իր հետևից ծածկելով դուռը և սողնակով փակելով, որպեսզի ոչ ոք չկարողանա խանգարել իրենց։— Չլինի՞ թագավորն է մեռել։ Չլինի՞ կարդինալին են սպաներ Ձեր դեմքին գույն չկա։ Դե շուտ, պատմեցեք, ես ուղղակի մեռնում եմ անհանգստությունից։
— Աթոս,— ասաց դ’Արտանյանը՝ իր վրայից գցելով կանացի հագուստը և մնալով միայն շապկանց,— պատրաստվեցեք լսելու մի անհավատալի, մի չլսված պատմություն։
— Նախ հագեք այս խալաթը,— առաջարկեց հրացանակիրը։
Դ’Արտանյանը խալաթը հագավ, ըստ որում, այնքան շփոթված ու հուզված էր, որ միանգամից թևքը գտնել չէր կարողանում։
— Եվ այսպես,— ասաց Աթոսը։
— Եվ այսպես...— պատասխանեց դ’Արտանյանը՝ Աթոսի ականջին թեքվելով և ձայնն իջեցնելով,— և այսպես, միլեդիի ուսին շուշան ծաղիկ է խարանված։
— Ա՜խ,— գոչեց հրացանակիրը, ասես սրտին գնդակ դիպավ։
— Լսեցեք,— ասաց դ’Արտանյանը,— դուք համոզվա՞ծ եք, որ այն կինը իսկապես մեռավ։
— Այն կինը՞,— հարցրեց Աթոսը այնպիսի խուլ ձայնով, որ դ’Արտանյանը հազիվ լսեց։
— Այո, այն, որի մասին դուք մի անգամ պատմեցիք Ամիենում։
Աթոսը հառաչելով գլուխն իջեցրեց թևի վրա։
— Սա կլինի քսանվեց֊քսանյոթ տարեկան,— շարունակեց դ’Արտանյանը։
— Նա խարտյաշ մազե՞ր ունի,— հարցրեց Աթոսը։
— Այո։
— Տարօրինակության չափ բաց կապույտ աչքեր, սև հոնքեր ու թարթիչնե՞ր։
— Այո։
— Բարձրահասա՞կ է, բարեկա՞զմ։ Նրա ձախ կողմի ատամներից մեկը պակա՞ս է։
— Այո։
— Շուշան ծաղիկը փոքրի՞կ է, շիկավուն և ասես զանազան շփումների օգնությամբ կիսով չափ ջնջվա՞ծ։
— Այո։
— Բայց դուք ասում էիք՝ նա անգլուհի է։
— Բոլորը նրան միլեդի են կոչում, բայց շատ հնարավոր է, որ նա ֆրանսուհի լինի, Չէ՞ որ լորդ Վինտերը սոսկ նրա ամուսնու եղբայրն է։
— Դ’Արտանյան, ես ուզում եմ նրան տեսնել։
— Զգուշացեք, Աթոս, զգուշացեք։ Դուք փորձել եք սպանել նրան։ Դա այնպիսի կին է, որ ընդունակ է նույն ձևով հատուցելու ձեզ և չվրիպելու։
— Նա չի համարձակվի որևէ բան պատմել, այդ կմատնի իրեն։
— Նա ընդունակ է ամեն բանի։ Երբևիցե տեսե՞լ եք դուք նրան կատաղած վիճակում։
— Ոչ։
— Դա վագր է, հովազ։ Ա՜խ, սիրելի Աթոս, ես շատ եմ վախենում, որ զարհուրելի վրեժի վտանգ եմ կախել մեր երկուսի գլխին։
Եվ դ’Արտանյանը պատմեց ամեն ինչ. միլեդիի ցնորական ցասումը և նրան սպանելու սպառնալիքները։
— Դուք իրավացի եք, և, հոգիս վկա, ես իմ կյանքը հիմա մի գրոշ էլ չեմ գնահատում,— ասաց Աթոսը։— Բարեբախտաբար երկու օրից մենք հեռանում ենք Փարիզից, ամենայն հավանականությամբ մեզ կուղարկեն դեպի Լա֊Ռոշել, իսկ երբ կգնանք...
— Նա մինչև աշխարհի ծայրն էլ կգնա ձեր հետևից, Աթոս, եթե միայն ճանաչի ձեզ։ Ավելի լավ է, թող նրա զայրույթը միայն իմ գլխին թափվի։
— Ախ, բարեկամս, իսկ ի՛նչ մի արտակարգ բան կլինի, եթե նա ինձ սպանի, ասաց Աթոսը։— Չլինի՞ կարծում եք, թե ես խիստ թանկ եմ գնահատում իմ կյանքը։
— Այս ամենի մեջ թաքնված է մի ինչ֊որ զարհուրելի գաղտնիք։ Գիտե՞ք ինչ, Աթոս, այդ կինը կարդինալի լրտեսն է, ես համոզված եմ դրանում։
— Այդ դեպքում զգուշացեք։ Եթե կարդինալը ձեր նկատմամբ հիացմունքով չի համակվել լոնդոնյան պատմության համար, ապա դրա համար նա ատել է ձեզ։ Սակայն, որովհետև նա ձեզ բացահայտորեն մեղադրելու բան չունի, իսկ ատելությունն անպայման պետք է ելք գտնի, մանավանդ, եթե դա կարդինալի ատելությունն է, ապա զգուշացեք։ Երբ դուք տնից դուրս եք գալիս, մենակ մի՛ դուրս եկեք, եթե ուտում եք, զգույշ եղեք, մի խոսքով՝ մի՛ վստահեք ոչ ոքի, նույնիսկ սեփական ստվերին։
— Բարեբախտաբար,— ասաց դ’Արտանյանը,— մեզ հարկավոր է զգուշանալ միայն մինչև վաղը չէ մյուս օրը երեկո, որովհետև հուսով եմ, որ բանակում մեզ ոչ ոքից վտանգ չի սպառնա, բացի թշնամու զինվորից։
— Իսկ մինչ այդ,— ասաց Աթոսը,— ես հրաժարվում եմ տանը մնալու իմ մտադրությունից և ամենուրեք կուղեկցեմ ձեզ։ Ձեզ հարկավոր է վերադառնալ Գերեզմանափորների փողոցը, ես էլ գալիս եմ ձեզ հետ։
— Բայց որքան էլ այդ մոտիկ է այստեղից, ես այս վիճակում չեմ կարող այնտեղ գնալ,— ասաց դ’Արտանյանը։
— Այդ ճշմարիտ է,— համաձայնեց Աթոսը և զանգակը հնչեցրեց։ Ներս մտավ Գրիմոն։
Աթոսը նշանացի հրամայեց նրան գնալ դ’Արտանյանի տուն և այնտեղից հագուստ բերել։
Գրիմոն նույնպես նշանացի պատասխանեց, որ ամեն ինչ հիանալի հասկացավ, և գնաց։
— Այդպես ուրեմն, սիրելի բարեկամս,— ասաց Աթոսը,— այնուամենայնիվ այս ամբողջ պատմությունն ամենևին էլ մեզ չի օգնում hանդերձավորման գործում, որովհետև, եթե չեմ սխալվում, ձեր ունեցած֊չունեցածը մնացել է միլեդիի մոտ, որը հազիվ թե հոգ տանի վերադարձնելու մասին։ Բարեբախտաբար ձեզ մոտ է այն մատանին։
— Մատանին ձեզ է պատկանում, սիրելի Աթոս։ Չէ՞ որ դուք ինքներդ ասացիք, որ դա ձեր տոհմական մատանին է։
— Այո, հայրս այն գնել է երկու հազար էքյուով, այդպես էր ասում նա մի ժամանակ։ Այդ մատանին հարսանեկան ընծաներից մեկն է եղել, որ նա տվել է իմ մորը, և դա հիանալի մատանի է։ Մայրս այն ինձ ընծայեց, իսկ ես, հիմարս, փոխանակ որպես սրբություն պահելու, ընծայեցի այդ անարգ կնոջը։
— Այդ դեպքում, սիրելիս, վերցրեք այդ մատանին։ Ես հասկանում եմ, թե այն ինչ արժե ձեզ համար։
— Ես վերցնեմ այդ մատանի՞ն, երբ նա ոճրագործի ձեռքո՞ւմն է եղել։ Երբե՛ք։ Այդ մատանին պղծված է, դ’Արտանյան։
— Եթե այդպես է, ծախեցեք այն։
— Ծախել այն մատանին, որ ես ստացել եմ իմ մորի՞ց։ Խոստովանում եմ, ես այդ կհամարեի սրբապղծություն։
— Այդ դեպքում գրավ դրեք այն, և դուք, անկասկած, մոտ հազար էքյու կստանաք։ Այդ գումարը լի ու լի կբավարարի ձեր կարիքները, իսկ հետո առաջին իսկ ստացած փողով դուք ետ կվերցնեք այն, և մատանին ձեզ կվերադառնա նախկին կեղտերից մաքրված, որովհետև անցած կլինի վաշխառուների ձեռքով։
Աթոսը ժպտաց։
— Դուք սքանչելի ընկեր եք, սիրելի դ’Արտանյան,— ասաց նա։— Ձեր մշտական ուրախ բնավորությամբ դուք բարձրացնում եք այն թշվառների ոգին, որոնք վհատության մեջ են ընկել։ Գնանք։ Տանենք գրավ դնենք այդ մատանին, միայն մի պայմանով։
— Ի՞նչ պայման։
— Հինգ հարյուր էքյու դուք եք վերցնում, հինգ հարյուրը՝ ես։
— Ի՜նչ եք ասում, Աթո՛ս։ Ինձ այդ գումարի քառորդն էլ հարկավոր չէ։ Չէ՞ որ ես գվարդիայում եմ։ Թամբը ծախելով ես հինգ այնքան փող կստանամ, որքան հարկավոր է։ Ինձ ի՞նչ է հարկավոր։ Պլանշեի համար մի ձի, ուրիշ ոչինչ։ Բացի այդ, դուք մոռանում եք, որ ես էլ մատանի ունեմ։
— Որը դուք երևի ավելի թանկ եք գնահատում, քան ես՝ իմը։ Համենայն դեպս ինձ այդպես է թվում։
— Այո, որովհետև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում այդ մատանին ոչ միայն կարող է մեզ դուրս բերել դժվարին դրությունից, այլև փրկել լուրջ վտանգից։ Դա ոչ միայն թանկագին ադամանդ է, այլև կախարդական թալիսման։
— Ես չեմ հասկանում, թե ինչի մասին եք ասում դուք, բայց հավատում եմ ձեզ։ Դե ուրեմն վերադառնանք իմ մատանուն կամ, ավելի ճիշտ, ձեր։ Դուք կվերցնեք այն գումարի կեսը, որ կտան մեզ նրա համար, թե չէ՝ ես այն կնետեմ Սենան, իսկ ես վստահ չեմ, թե մի որևէ ձուկ այնքան սիրալիր կլինի, որ կբերի մեզ կտա այն, ինչպես Պոլիկրատեսի<ref>Պոլիկրատես (մոտ. 522 թ. մ.թ.ա.) — Սամոսայի տիրակալը (բռնապետ)։ Զգուշանալով դժբախտություններից և որոշելով խույս տալ ճակատագրից, ծովն է նետում իր թանկարժեք մատանին։ Սակայն մատանին նրան է վերադառնում, նրան մատուցում են մի ձուկ, որը կուլ էր տվել այդ մատանին։ Որոշ ժամանակ անց Սամոսան գրավվում է, իսկ Պոլիկրատեսը սպանվում։</ref> համար բերեց։
— Դե լավ, համաձայն եմ,— ասաց դ’Արտանյանը։
Այդ պահին վերադարձավ Գրիմոն, նրա հետևից էլ Պլանշեն, որն անհանգստացել էր իր տիրոջ համար, թե ինչ է պատահել նրան, և օգտրվելով առիթից, հենց ինքն էլ բերել էր հագուստը։
Դ’Արտանյանը հագնվեց։ Աթոսն էլ նույնն արեց։ Հետո, երբ երկու ընկերները պատրաստ էին, Աթոսը ձեռքով Գրիմոյին ցույց տվեց, թե իբր նշան է բռնում։ Գրիմոն հասկացավ, իսկույն վերցրեց պատին կախված հրացանը և պատրաստվեց հետևելու իր տիրոջը։
Նրանք բարեհաջող հասան Գերեզմանափորների փողոցը։ Դռան առաջ կանգնած էր պարոն Բոնասիեն և քմծիծաղով նայում էր դ’Արտանյանին։
— Շտապեցեք, սիրելի տնվոր,— ասաց նա,— ձեզ սպասում է մի գեղեցիկ աղջիկ, իսկ կանայք, ինչպես ձեզ հայտնի է, չեն սիրում իրենց սպասեցնել։
— Քեթին կլինի,— գոչեց դ’Արտանյանը և վերև նետվեց։
Եվ իրոք, իր դռան առջևի հարթակում նա տեսավ Քեթիին. խեղճ աղջիկը կանգնել էր դռանը հենված և ամբողջ մարմնով դողում էր։
— Դուք խոստացաք պաշտպանել ինձ,— ասաց նա,— դուք խոստացել եք փրկել ինձ նրա ցասումից։ Հիշեցեք, չէ՞ որ դուք եք կործանել ինձ։
— Իհարկե, իհարկե,— ասաց դ’Արտանյանը,— մի անհանգստացիր, Քեթի։ Ասա, ի՞նչ է եղել իմ գնալուց հետո։
— Ես ինքս էլ չգիտեմ,— պատասխանեց Քեթին։— Նրա աղաղակի վրա հավաքվեցին սպասավորները։ Նա կատաղությունից իրեն կորցրել էր։ Չկան այնպիսի նզովքներ, որ նա ուղղած չլինի ձեր հասցեին։ Այն ժամանակ ես վախեցա, թե հանկարծ նա կարող է հիշել, որ դուք նրա սենյակն եք մտել իմ սենյակով, և կկասկածի, որ ես ձեր գործակիցն եմ։ Վերցրի իմ բոլոր փողերը, իմ իրերից ամենաարժեքավորները և փախա։
— Խե՜ղճ աղջիկ։ Բայց հիմա ի՞նչ անեմ ես քեզ։ Երկու օրից ես գնում եմ։
— Ինչ ուզում եք արեք, պարոն դ’Արտանյան, օգնեցեք ինձ հեռանալու Փարիզից, օգնեցեք հեռանալու Ֆրանսիայից։
— Բայց հո չե՞մ կարող քեզ ինձ հետ տանել Լա֊Ռոշելի պաշարմանը,— ասաց դ’Արտանյանը։
— Իհարկե ոչ, բայց դուք կարող եք ինձ տեղավորել որևէ տեղ գավառում, օրինակ՝ ձեր ծննդավայրում որևէ ծանոթ տիկնոջ մոտ։
— Իմ ծննդավայրում, սիրելի Քեթի, տիկինները սպասուհի չեն պահում։ Ասենք, սպասիր, հիշեցի, թե ինչ կարող ենք անել։ Պլանշե, գնա Արամիսին կանչիր։ Թող իսկույն գա այստեղ։ Խոսելու բան ունենք։
— Հասկանում եմ,— ասաց Աթոսը։— Բայց ինչո՞ւ Պորտոսի հետ չխոսել։ Կարծում եմ, որ նրա մարկիզուհին...
— Պորտոսի մարկիզուհին հագնվում է իր ամուսնու գրագիրների օգնությամբ,— ծիծաղելով ասաց դ’Արտանյանը։— Բացի այդ, Քեթին չի ցանկանա ապրել Արջի փողոցում, ճիշտ չէ՞, Քեթի։
— Ես որտեղ ասես կապրեմ,— պատասխանեց Քեթին,— միայն թե ինձ լավ թաքցնեն, և ոչ ոք չիմանա, թե որտեղ եմ ես։
— Հիմա, Քեթի, երբ մենք բաժանվում ենք իրարից և, նշանակում է, դու այլևս չես խանդում ինձ...
— Պարոն դ’Արտանյան,— ասաց Քեթին,— որտեղ էլ լինեմ, հեռու թե մոտիկ, ես միշտ սիրելու եմ ձեզ։
— Ահա թե, գրողը տանի, որտեղ է ապաստան գտել հավատարմությունը,— ասաց Աթոսը։
— Ես նույնպես, Քեթի,— ասաց դ’Արտանյան,— ես էլ միշտ սիրելու եմ քեզ, հանգիստ եղիր։ Բայց ահա թե ինչ, պատասխանիր իմ հարցին, դա ինձ համար շատ կարևոր է։ Դու երբեք ոչինչ չե՞ս լսել մի ջահել կնոջ մասին, որին փախցրել են մի գիշեր։
— Սպասեցեք... Ա՜, աստված իմ, մի՞թե դուք դեռ այդ կնոջն էլ եք սիրում։
— Ոչ, նրան սիրում է իմ ընկերներից մեկը։ Այ, հենց սա, այս Աթոսը։
— Ե՞ս,— գոչեց Աթոսը այնպիսի սարսափով, ասես քիչ էր մնացել ոտքն օձի վրա դներ։
— Դե իհարկե դու,— ասաց դ’Արտանյանը Աթոսի ձեռքը սեղմելով։— Դու շատ լավ գիտես, թե մենք բոլորս ինչպիսի մասնակցություն ենք ունենում այդ խեղճ տիկին Բոնասիեի բախտին։ Ի դեպ, Քեթին դրա մասին ոչ ոքի չի պատմի, ճիշտ չէ՞, Քեթի։ Գիտե՞ս ինչ, սիրելիս,—շարունակեց դ’Արտանյանը,— այդ կինը այն այլանդակ մարդունն է. որին դու երևի նկատեցիր դռան մոտ կանգնած, երբ ինձ մոտ էիր գալիս։
— Օ՜, աստված իմ,— գոչեց Քեթին։— Դուք ինձ հիշեցրիք նրան։
— Ես այնպես վախենում եմ, հանկարծ ինձ չճանաչի՞։
— Այսինքն՝ ինչպե՞ս ճանաչի։ Նշանակում է դու առաջ տեսե՞լ ես այդ մարդուն։
— Նա երկու անգամ եկել է միլեդիի մոտ։
— Այդպես էլ կա։ Այդ ե՞րբ է եղել։
— Մի տասնհինգ, թե տասնութ օր առաջ։
— Այո, այո, հենց այդ է որ կա։
— Երեկ երեկոյան էլ նա եկավ։
— Երեկ երեկոյա՞ն։
— Այո, ձեզնից մի քանի րոպե առաջ։
— Սիրելի Աթոս, մենք շրջապատված ենք լրտեսների ցանցով։ Եվ դու կարծում ես, Քեթի, նա ճանաչե՞ց քեզ։
— Երբ ես նրան նկատեցի, գլխարկս ճակատիս իջեցրի, բայց կարծում եմ, որ արդեն ուշ էր։
— Դուք ցած իջեք, Աթոս, ձեզ նա ավելի քիչ է կասկածում, քան ինձ և տեսեք, թե էլի կանգնա՞ծ է դռան մոտ։
Աթոսը գնաց և իսկույն վերադարձավ։
— Այնտեղ չէ,— ասաց նա,— իր դուռն էլ փակված է կողպեքով։
— Նա գնացել է հայտնելու, որ բոլոր աղավնիներն աղավնատանն են։
— Եթե այդպես է, եկեք թռչենք,— ասաց Աթոսը,— և այստեղ թողնենք միայն Պլանշեին, որը մեզ կհայտնի, թե ինչ պատահեց մեր գնալուց հետո։
— Մի րոպե։ Բայց ինչպե՞ս անենք Արամիսի հարցը։ Ախր մենք ուղարկեցինք նրան կանչելու։
— Այդ ճշմարիտ է։ Սպասենք Արամիսին։
Հենց այդ րոպեին ներս մտավ Արամիսը։
Ամբողջ պատմությունը նրան պատմեցին և բացատրեցին, թե որքան անհրաժեշտ է, որ նա Քեթիի համար տեղ գտնի իր բարձրաստիճան ծանոթներից որևէ մեկի մոտ։
Արամիսը մի րոպե մտածեց, ապա կարմրատակելով հարցրեց.
— Իսկապե՞ս դրանով ես ձեզ ծառայություն մատուցած կլինեմ, դ’Արտանյան։
— Ամբողջ կյանքումս ձեզ երախտապարտ կմնամ։
— Դե ուրեմն, տիկին Բուա֊Տրասին ինձ խնդրել է վստահելի սպասուհի գտնել իր մի ընկերուհու համար, որը կարծեմ ապրում է մի ինչ֊որ գավառում, և եթե դուք, դ’Արտանյան, կարող եք երաշխավորել...
— Օ՜, տեր իմ,— գոչեց Քեթին,— հավատացնում եմ ձեզ, ես անսահման նվիրված կլինեմ այն անձին, որն ինձ հնարավորություն կտա հեռանալու Փարիզից։
— Այդ դեպքում,— ասաց Արամիսը,— ամեն ինչ կկարգավորվի։
Նա նստեց սեղանի մոտ, մի նամակ գրեց, կնքեց իր մատանիով և տվեց Քեթիին։
— Իսկ հիմա, սիրելիս,— ասաց դ’Արտանյանը,— դու ինքդ էլ գիտես, որ այստեղ մնալն անվտանգ չէ ոչ մեզ համար, ոչ էլ քեզ համար, ուստի մեզ հարկավոր է բաժանվել։ Մենք կհանդիպենք իրար, երբ կգան լավ ժամանակները։
— Իմացած եղեք,— ասաց Քեթին,— որ երբ և որտեղ էլ մենք հանդիպենք, ես կսիրեմ ձեզ այնպես, ինչպես հիմա եմ սիրում։
— Խաղամոլի երդում,— ինքն իրեն ասաց Աթոսը, մինչ դ’Արտանյանը դուրս էր եկել սանդղահարթակ՝ Քեթիին ճանապարհ դնելու։
Մի րոպե անց՝ երեք երիտասարդները բաժանվեցին, պայմանավորվելով ժամը չորսին հանդիպել Աթոսի մոտ և Պլանշեին պատվիրելով հսկել տանը։
Արամիսը գնաց տուն, իսկ Աթոսը և դ’Արտանյանը գնացին մատանին գրավ գնելու։
Ինչպես մեր գասկոնացին նախատեսել էր, նրանք առանց դժվարության մատանին գրավ դրին երեք հարյուր պիստոլով։ Դեռ ավելին վաշխառուն ասաց, որ եթե նրանք ցանկանան մատանին ծախել, ինքը պատրաստ է տալու հինգ հարյուր պիստոլ, որովհետև նա զարմանալիորեն նման է իր ունեցած օղերին։
Աթոսը և դ’Արտանյանը որպես ճարտար զինվորներ և գործը լավ հասկացող մարդիկ՝ ընդամենը մի երեք ժամում ձեռք բերին հրացանակրին անհրաժեշտ հանդերձանքը։ Բացի այդ Աթոսը զիջող և արտասովոր առատաձեռն մարդ էր։ Եթե մի բան նրան սազում էր, նա վճարում էր պահանջած գումարը, առանց գինն իջեցնելու փորձ անելու։ Դ’Արտանյանն այդ մասին ուզեց դիտողություն անել Աթոսին, բայց Աթոսը ժպտալով ձեռքը դրեց նրա ուսին, և դ’Արտանյանը հասկացավ, որ եթե իրեն՝ խեղճ գասկոնացի ազնվականին սազում է սակարկություն անել, ապա այդ ամենևին չի սազում մի մարդու, որն իրեն պահում էր որպես ազնվազարմ իշխանազուն։
Հրացանակիրը գտավ մի սքանչելի անդալուզյան նժույգ, որը սև էր կուպրի պես, ռունգերը հրացայտ, ուներ նուրբ ու գեղեցիկ ոտքեր և կլիներ վեց տարեկան։ Նա դիտեց այդ նժույգը և ոչ մի թերություն չգտավ։ Նրա համար հազար լիվր պահանջեցին։
Գրիմոյի համար գնեցին մի պիկարդական պինդ ու ամրակազմ ձի՝ վճարելով երեք հարյուր լիվր։
Սակայն երբ Աթոսը մի թամբ էլ գնեց այդ ձիու համար և Գրիմոյի համար էլ զենք, նրա հարյուր հիսուն պիստոլից ոչ մի գրոշ չմնաց։ Դ’Արտանյանը նրան առաջարկեց վերցնել իր բաժին փողերի մի մասը, այն հաշվով, որ նա հետագայում երբևիցե կվերադարձնի այն։ Բայց Աթոսը միայն ուսերը թոթվեց։
— Որքա՞ն էր առաջարկում վաշխառուն, որ սեփականացնի մատանին,— հարցրեց նա։
— Հինգ հարյուր պիստոլ։
— Այսինքն երկու հարյուր պիստոլով ավելի։ Հարյուր պիստոլը ձեզ, հարյուրը՝ ինձ։ Այդ հո մի ամբողջ կարողություն է, բարեկամս, գնացեք վաշխառուի մոտ։
— Ինչպե՞ս, դուք ուզում եք...
— Իսկապես, դ’Արտանյան, այդ մատանին ինձ շատ տխուր բաներ պիտի հիշեցնի։ Բացի այդ, մենք երբեք երեք հարյուր պիստոլ չենք ունենա, որպեսզի ետ գնենք այն, և այդ գործում իզուր կկորցնենք երկու հազար լիվրը։ Ասացեք նրան, որ մատանին իրենն է և վերադարձեք՝ բերելով երկու հարյուր պիստոլը։
— Լավ մտածեցեք, Աթոս։
— Մեր ժամանակներում կանխիկ փողը թանկ բան է, պետք է կարողանալ զոհաբերություն անել։ Գնացեք, դ’Արտանյան, գնացեք։ Գրիմոն կուղեկցի ձեզ իր հրացանով։
Կես ժամ անց՝ դ’Արտանյանը վերադարձավ, բերելով երկու հազար լիվրը և ճանապարհին չհանդիպելով ոչ մի արկածի։
Ահա թե ինչ ձևով Աթոսը դրամական միջոցներ գտավ իր տնտեսությունում, որի վրա նա բոլորովին հույս չուներ։