1. Երեք հրացանակիրներ

Chapter 2

Առաջին մաս II

Պարոն դը Տրուավիլը, որի անունը դեռևս շարունակում են կրել նրա ազգականները Գասկոնում, կամ դը Տրևիլը, ինչպես նա վերջիվերջո սկսեց կոչել իրեն Փարիզում, իր ուղին, իրոք որ, սկսել էր այնպես, ինչպես դ’Արտանյանը, այսինքն՝ գրպանում չունենալով ոչ մի սու<ref>Սու — մանր պղնձադրամ, 1/20 լիվր։</ref>, սակայն ունենալով հանդգնության, սրամտության ու հնարագիտության այն պաշարը, որի շնորհիվ նույնիսկ ամենաչքավոր գասկոնացի ազնվականը հաճախ իրականացնում էր հոր ամենահամարձակ երազանքները և ավելի շատ բանի էր հասնում, քան պերիգորյան կամ բերիյան ամենահարուստ ազնվականը, որը հենվում էր իր ժառանգած իսկական բարիքների վրա։ Նրա հանդուգն համարձակությունը, նրա է՛լ ավելի հանդուգն հաջողակությունը, այնպիսի ժամանակներում, երբ սուսերի հարվածները կարկուտի պես էին տեղում, նրան բարձրացրին պալատական հաջողություն կոչվող սանդուղքի գագաթը, որով նա վերև թռավ երեքական աստիճան քայլելով։

Նա թագավորի մանկության ընկերն էր, իսկ թագավորը, ինչպես բոլորին հայտնի է, շատ էր հարգում իր հոր՝ Հենրիխ IV-ի հիշատակը։ Պարոն դը Տրևիլի հայրը Լեգայի<ref>Լիգա (Սուրբ Լիգա) — 1576 թվականին դուքս դը Գիզի կողմից ստեղծված կաթոլիկական կոնֆեդերացիա՝ կաթոլիկության պահ¬պա¬¬նության և հուգենոտների դեմ պայքարելու նպատակով։</ref> դեմ մղած պատերազմներում այնպես նվիրված էր ծառայել թագավորին, որ կանխիկ փող չլինելու պատճառով,— իսկ կանխիկ փողն ամբողջ կյանքում պակասում էր բեարնացուն, որն իր բոլոր պարտքերը վճարում էր սրախոսություններով, միակ բանը, որ նա կարիք չէր ունենում պարտք վերցնելու,— որ, ինչպես արդեն ասացինք, կանխիկ փող չլինելու պատճառով, թագավորը Փարիզը գրավելուց հետո դը Տրևիլի հորը թույլատրեց իր զինանշանի մեջ մտցնել առյուծ՝ ծիրանագույն դաշտում, այսպիսի նշանաբանով՝ fidelis et fortis<ref>Հավատարիմ և ուժեղ (լատ.)։</ref>։ Դա մեծ պատիվ էր, սակայն՝ նվազ շահավետ։ Եվ մեծ Հենրիխի պանծալի զինակիցը մեռնելիս իր որդուն ժառանգություն թողեց միայն իր սուսերը և նշանաբանը։ Այդ ժառանգության և իր անբիծ անվան շնորհիվ պարոն դը Տրևիլն ընդունվեց երիտասարդ արքայորդու արքունիքում, որտեղ նա այնպիսի քաջությամբ էր ծառայում իր սուսերով և այնքան հավատարիմ էր իր նշանաբանին, որ Լյուդովիկոս XIII-ը, թագավորության լավագույն սուսերամարտիկներից մեկը, սովորաբար ասում էր, որ եթե իր բարեկամներից որևէ մեկը մենամարտելու լիներ, ինքը նրան խորհուրդ կտար որպես մարտավկա հրավիրել առաջինը իրեն, իսկ երկրորդը՝ պարոն դը Տրևիլին, որին գուցե և կարելի էր նախապատվություն տալ։

Լյուդովիկոս XIII-ը իսկապես կապված էր դը Տրևիլի հետ. ճիշտ է, դա թագավորական կապվածություն էր, էգոիստական, բայց և այնպես կապվածություն էր։ Բանն այն է, որ այդ դժվարին ժամանակներում բարձրաստիճան մարդիկ ընդհանրապես ձգտում էին իրենց շրջապատել այնպիսի մարդկանցով, ինչպիսին էր դը Տրևիլը։ Շատ կգտնվեին այնպիսի մարդիկ, որոնք կարող էին իրենց նշանաբանը համարել «ուժեղ» բառը, դը Տրևիլների զինանշանի մակագրության երկրորդ մասը, բայց ազնվականներից քչերը կարող էին հավակնություն ունենալ կրելու «հավատարիմ» մակդիրը, որ կազմում էր այդ մակագրության առաջին մասը։ Տրևիլն այդ իրավունքն ուներ։ Նա մեկն էր այն հազվագյուտ մարդկանցից, որոնք կարողանում են ենթարկվել կուրորեն ու առանց դատողությունների, ինչպես հավատարիմ շները, աչքի ընկնելով խելամտությամբ և մեծ ճարտարությամբ։ Աչքերը նրան ծառայում էին նրա համար, որ որսան, թե թագավորը չի զայրանում որևէ մեկի վրա, իսկ ձեռքը նրա համար, որ խփի մեղավորին, մի որևէ Բեմի կամ Մորևերի, Պոլտրո դե Մերեի կամ Վիտրիի<ref>Բեմ և Մորևեր — հուգենոտների առաջնորդ ծովակալ Կոլոնիի սպանության կազմակերպիչները (27 օգոստոսի, 1572թ.). Պոլտրո դը Մերե՝ մոլեռանդ կալվինիստ, նա մահացու վիրավորեց Ֆրանցիսկ Լոթարինգցուն հերցոգ դը Գիզին. Վիտրի՝ սպա, Կոնչինիի՝ մարշալ դ՚Անկրային սպանողը։</ref>։ Տրևիլին մինչև այժմ միայն առիթն էր պակասում, որպեսզի ցույց տա իրեն, բայց նա սպասում էր դրան, որպեսզի առիթը լինելուն պես ճանկի մազերից։ Իզուր չէր, որ Լյուդովիկոս XIII-ը դը Տրևիլին նշանակել էր իր հրացանակիրների կապիտան, որոնք նրա համար նույն դերն էին խաղում, ինչ թիկնապահական խումբը<ref>Հենրիխ III-ի (1574-1589 թթ. Ֆրանսիայի թագավորի) թիկնապահական խումբ — սովորական, շարունակ ծառայության մեջ գտնվող գերիշխանի պահակախումբ։</ref> Հենրիխ III-ի համար և շոտլանդական գվարդիան<ref>Լյուդովիկոս XI-ի (1461-1483 թթ. Ֆրանցիսկ թագավորի) շոտլանդական գվարդիա-զորքերի ընտրովի, արտոնյալ կազմ, որը բացի մարտական խնդիրներից ունի նաև միապետի պահպանության ֆունկցիա։ Լյուդովիկոս XI-ի օրոք նրա թիվը հասավ 4 հազարի և սովորաբար կազմվում էր շոտլանդական և շվեյցարական վարձկան զինվորներից։</ref>՝ Լյուդովիկոս XI-ի համար։ Այդ տեսակետից կարդինալն իր հերթին չէր զիջում թագավորին։ Տեսնելով, թե ընտրյալների ինչպիսի ահեղ կոհորտայով է շրջապատել իրեն Լյուդովիկոս XIII-ը, Ֆրանսիայի այդ երկրորդ, կամ ավելի ճիշտ՝ առաջին տիրակալը ևս ցանկացավ ունենալ իր գվարդիան։ Ուստի նա էլ ձեռք բերեց իր սեփական հրացանակիրներին, ինչպես Լյուդովիկոս XIII-ն էր ձեռք բերել իր հրացանակիրներին, և կարելի էր տեսնել, թե այդ երկու մրցակից տիրակալներն ինչպես էին Ֆրանսիայի բոլոր մարզերում, նույնիսկ օտար պետություններում իրենց համար հավաքագրում մարդիկ, որոնք հռչակված լինեն իրենց ռազմական քաջագործություններով։ Հաճախ էր պատահում, որ երեկոները Ռիշելիեն և Լյուդովիկոս XIII-ը շախմատի տախտակի մոտ վիճեն իրենց զինվորների արժանիքների մասին։ Նրանցից յուրաքանչյուրը պարծենում էր իր զինվորների կեցվածքով ու համարձակությամբ և խոսքով դատապարտելով ընդհարումներն ու մենամարտերը՝ գաղտնաբար իրենց թիկնապահներին կռիվների էին դրդում։ Իրենց հրացանակիրների հաղթանակը կամ պարտությունը անասելի ուրախություն կամ իսկական վիշտ էր պատճառում նրանց։ Համենայնդեպս իր հուշերում այդպես է պատմում այն մարդը, որ մասնակիցն է եղել մեծ թվով այդպիսի հաղթանակների և մի քանի պարտության։

Տրևիլը կռահել էր իր տիրակալի թույլ կողմը և հենց դրանով արժանացել էր թագավորի անփոփոխ ու երկարատև բարյացակամությանը, այն թագավորի, որը մշտական բարեկամության համբավ չուներ։ Այն հոխորտալից տեսքը, որով նա իր հրացանակիրներին շքերթով անց էր կացնում կարդինալ Արման դյու Պլեսի Ռիշելիեի առջևով, այնպիսի զայրույթ էր պատճառում նորին սրբազնությանը, որ նրա բեղերը բիզ-բիզ էին կանգնում։ Տրևիլը ամենայն նրբությամբ էր տիրապետում այն ժամանակների պատերազմի արվեստին, երբ մարդ ստիպված էր ապրել կամ ի հաշիվ իր թշնամու, կամ ի հաշիվ իր հայրենակիցների, նրա զինվորները կազմում էին սանձարձակների մի լեգեոն և ենթարկվում էին միմիայն նրան։

Թագավորի, կամ ավելի ճիշտ՝ պարոն դը Տրևիլի անփույթ հագնված, փոքր-ինչ խմած, չանգռոտված հրացանակիրները շրջում էին պանդոկներում, խրախճավայրերում ու զբոսարաններում, գոռգոռում էին՝ բեղերը ոլորելով ու սուսերները շրխկացնելով՝ մեծ բավականությամբ կռվի հրահրելով կարդինալի թիկնապահներին, երբ վերջիններս հանդիպում էին նրանց ճանապարհին։ Հետո հազար ու մի կծու խոսքերով դուրս էին քաշում սուսերները։ Պատահում էր՝ նրանց սպանում էին, և նրանք ընկնում էին, համոզված լինելով, որ իրենց համար լաց կլինեն և իրենց վրեժը կառնեն, բայց ավելի հաճախ պատահում էր, որ նրանք էին սպանում, համոզված լինելով, որ դրա համար իրենց բանտում չեն փտեցնի, պարոն դե Տրևիլը, հասկանալի է, կփրկի իրենց։ Այդ մարդիկ հազար բերան գովաբանում էին պ-րն դը Տրևիլին, որին աստվածացնում էին, և թեպետ բոլորն էլ կատաղի տաք գլուխներ էին, բայց դողում էին նրա առաջ, ինչպես դպրոցականը ուսուցչի առաջ, հնազանդվում էին նրան առաջին իսկ խոսքից և պատրաստ էին մեռնելու, որպեսզի իրենց վրայից մաքրեն նրա թեկուզ ամենաչնչին կշտամբանքը։

Պ-րն դը Տրևիլը սկզբում այդ հզոր լծակն оգտագործում էր թագավորի ու նրան նվիրված մարդկանց օգտին, հետագայում՝ իր և իր բարեկամների օգտին։ Ի դեպ, այն ժամանակվա հուշագրություններից ոչ մեկից - իսկ այդ ժամանակից այնքան շատ հուշագրություններ են մնացել - չի երևում, որ թեկուզ թշնամիները - իսկ նա քիչ թշնամիներ չի ունեցեք ինչպես գրչին տիրապետողների, այնպես էլ սուսերին տիրապետողների մեջ - չի երևում, ասացինք, որ թեկուզ թշնամիները մեղադրեին այդ արժանավոր մարդուն, թե իբր նա որևէ հատուցում է ստացել այն օգնության համար, որ ցույց են տվել նրա հավատարիմ զինվորները։ Խարդավանքներ սարքելու ընդունակություն ունենալով, ոչ պակաս, քան ամենահմուտ խարդավանը, նա միշտ մնում էր որպես ազնիվ մարդ։ Դեռ ավելին. չնայած հոգնեցուցիչ արշավանքներին, զինվորական կյանքի բոլոր ծանրություններին՝ նա ուրախ արկածների մոլի սիրահար էր, կանանց ամենանուրբ հաճոյացող, որ ուզածդ ժամանակ կարողանում էր պարծենալ ընտիր մադրիգալներով<ref>Մադրիգալ — հովվերգական-սիրային (երբեմն երգիծական) բովանդակությամբ փոքրիկ ոտանավոր. ավելի ուշ՝ սրամիտ բանաստեղծական հաճոյախոսություն (երբեմն հեգնական) հասցեագրված կնոջը։</ref>։ Կանանց նկատմամբ տարած նրա հաղթանակների մասին այնքան բամբասանք էր շրջում, որքան քսան տարի դրանից առաջ Բասոմպիերի<ref>Բասոմպիեր Ֆրանսուա (1579-1646) — Հենրիխ IV-ի զինակիցը, ֆրանսիացի մարշալ և դիվանագետ։ Մասնակցել է Ռիշելիեի դեմ կազմակերպված պալատական խարդավանքին և նրա ձախողումից հետո կարդինալի հրամանով տասներկու տարով բանտարկկվել Բաստիլում։</ref> սիրային գործերի մասին, իսկ դա մի բան նշանակում էր։ Հրացանակիրների կապիտանը առաջացնում էր հիացմունք, վախ ու սեր, ուրիշ խոսքով՝ նա հասել էր բախտի ու հաջողության գագաթնակետին։

Լյուդովիկոս XIV-ը կլանել էր իր արքունիքի բոլոր մանր համաստեղությունները՝ խավարացնելով նրանց իր կուրացուցիչ փայլով, մինչդեռ նրա հայրը՝ pluribus impar<ref>Շատերին անհավասար (լատ.)։</ref> արևը, իր սիրեցյալներից յուրաքանչյուրին, իր մերձավորներից յուրաքանչյուրին հնարավորություն էր տալիս շողալու սեփական փայլով։ Բացի թագավորի ու կարդինալի առավոտյան ընդունելությունից՝ Փարիզում տեղի էին ունենում երկու հարյուրից ավելի այդպիսի «առավոտյան ընդունելություններ», որոնք հատուկ ուշադրություն էին վայելում։ Դրանց մեջ դը Տրևիլի առավոտյան ընդունելությունը ամենից ավելի մեծ թվով այցելուներ էր հավաքում։

Հին Աղավնատուն փողոցում գտնվող նրա առանձնատան բակը ճամբարի էր նմանվում՝ ամառը առավոտյան դեռ ժամը վեցից և ձմեռը՝ ժամը ութից։ Մի հիսուն կամ վաթսուն մարդ հրացանակիրներ, որոնք, ըստ երևույթին, ժամանակ առ ժամանակ փոխարինում էին իրար, որպեսզի այդ պատկառելի թիվը ամենևին չպակասի, շարունակ շրջում էին բակում մինչև ատամները զինված և ամեն ինչի պատրաստ։ Սանդուղքով, որն այնպիսի լայնություն ուներ, որ ժամանակակից շինարարը նրա զբաղեցրած տեղում մի ամբողջ տուն կշիներ, շարունակ վեր ու վար էին անում այցելուներ, որոնք այս կամ այն ողորմածության էին սպասում, գավառներից եկած ազնվականներ, որոնք փափագում էին հրացանակիր դառնալ, գույնզգույն ոսկեկար լիվրեներով սպասավորներ, որոնք այստեղ էին գալիս իրենց տերերի պատվերներով։ Ընդունարանում, պատերի երկարությամբ շարված երկար նստարաններին, նստած էին լինում ընտրյալները, այսինքն նրանք, ում այդտեղ էր հրավիրել ինքը՝ դը Տրևիլը։ Առավոտից մինչև երեկո ընդունարանում անասելի դժժոց էր լինում, մինչդեռ դը Տրևիլը իր կաբինետում, որը կից էր այդ սենյակին, ընդունում էր հյուրերին, լսում նրանց գանգատները, հրամաններ էր տալիս և, ինչպես թագավորը Լուվրում իր պատշգամբից, կարող էր լուսամուտին մոտենալով դիտել իր մարդկանց ու նրանց սպառազինությունը։

Այն օրը, երբ դ’Արտանյանն առաջին անգամ այստեղ եկավ, հավաքվածների թիվը շատ մեծ երևաց, մանավանդ գավառացու աչքին։ Գավառացին, ճիշտ է, գասկոնացի էր, և նրա հայրենակիցներն այն ժամանակներում այնպիսի մարդկանց համբավ ունեին, որոնց դժվար էր որևէ բանով շփոթեցնել։ Անցնելով ամրակուռ դարպասից, որը ծածկված էր քառակուսի գլխիկներ ունեցող երկար գամերով, այցելուն ընկավ սպառազինված մարդկանց բազմության մեջ։ Այդ մարդիկ այս ու այն կողմ էին գնում բակում, ձայն էին տալիս իրար, մերթ կռիվներ էին սարքում իրար հետ, մերթ՝ խաղեր։ Մարդկային այդ փոթորկահույզ ալիքների միջով ճանապարհ բանալու համար հարկավոր էր լինել սպա, ազնվական կամ սիրունատես կին։

Մեր պատանին սրտի թրթիռով ճանապարհ էր բացում իր համար այդ հրմշտոցի ու ճխլտոցի միջով, նիհար ոտքերին սեղմելով իր չափից ավելի երկար սուսերը, ձեռքը չպոկելով լայնեզր գլխարկի եզրից և ժպտալով գավառացու խղճուկ ժպիտով, որով աշխատում էր թաքցնել իր շփոթմունքը։ Այցելուների այս կամ այն խմբից անցնելով՝ նա թեթևացած հոգոց էր քաշում, բայց որոշակի զգում էր, որ ներկաները նայում են իր հետևից, և դ’Արտանյանը, որը մինչ այդ բավական լավ կարծիք ուներ իր անձի մասին, առաջին անգամ իր կյանքում իրեն զգաց խղճուկ ու ծիծաղելի։

Սանդուղքի մոտ դրությունն ավելի դժվարին դարձավ։ Ստորին աստիճանների վրա չորս հրացանակիր ինչ-որ ուրախ խաղով էին զբաղված, իսկ հարթակի վրա նրանց ընկերներից մի տասը-տասներկու հոգի սպասում էին իրենց հերթին, որպեսզի մասնակցեն խաղին։ Չորս հրացանակիրներից մեկը, որ մյուսներից մի աստիճան վերև էր կանգնած, սուսերը հանած՝ խանգարում կամ աշխատում էր խանգարել մյուսներին՝ բարձրանալու սանդուղքով վեր։ Այս երեքը սուսերները ճարպկորեն խաղացնելով հարձակվում էին նրա վրա։

Սկզբում դ’Արտանյանը այդ սուսերները անվնաս մարզասուսերների տեղ դրեց, կարծելով, թե նրանց սայրերը բթացրած են։ Բայց շուտով խաղի մասնակիցների երեսների մի քանի չանգռվածքից հասկացավ, որ նրանց ծայրերը ամենայն խնամքով սրված էին։ Ամեն մի նոր չանգռվածքի ժամանակ ոչ միայն հանդիսատեսները, այլև հենց վնասվողները բռնկում էին քրքիջով։

Հրացանակիրը, որն այդ րոպեին վերևի աստիճանի վրա էր, հիանալի պաշտպանվում էր իր հակառակորդներից։ Նրանց շուրջը ամբոխ էր հավաքվել։ Խաղի պայմանն այն էր, որ առաջին իսկ չանգռվածքի դեպքում վիրավորը դուրս է գալիս խաղից ու նրա տեսակցության հերթը անցնում է հաղթողին։ Ընդամենը մի հինգ րոպեի ընթացքում երեք հոգու դիպել էր սուսերը. մեկի ձեռքն էր չանգռվել, մյուսի՝ կզակը, երրորդի՝ ականջը, ըստ որում՝ աստիճանները պաշտպանողին ոչ մի անգամ սուսեր չէր դիպել։ Այդպիսի ճարպկությունը, ըստ պայմանի, պարգևատրվում էր երեք հերթ առաջ քաշելով։

Որքան էլ դժվար էր զարմացնել մեր երիտասարդ ճանապարհորդին, ավելի ճիշտ՝ ստիպել նրան ցույց տալ, որ զարմացած է, այնուամենայնիվ այս խաղը զարմացրեց նրան։ Նրա հայրենիքում, այն կողմերում, որտեղ սովորաբար մարդու արյունն այնքան հեշտությամբ էր գլուխը խփում, մենամարտի հրավիրելու համար, այնուամենայնիվ, մի որևէ առիթ էր պահանջվում։ Չորս խաղընկերների գասկոնադան<ref>Գասկոնադա — պարծենկոտություն, մեծախոսություն, որ ծագում է հարավային Ֆրանսիայում գտնվող Գասկոն գավառի անունից, որի բնակիչները՝ գասկոնացիները, աչքի էին ընկնում պարծենկոտությամբ։</ref> ամենաարտասովորը թվաց նրան այն ամենից, ինչ երբևիցե նա առիթ էր ունեցել լսելու նույնիսկ բուն Գասկոնում։ Նրան թվում էր, թե ինքն ընկել է հռչակավոր հսկաների աշխարհը, որտեղ ընկել էր Գուլիվերը և որտեղ այնքան երկյուղ էր կրել։ Այնինչ մինչև իր նպատակակետը դեռ հեռու էր. դեռ մնում էին վերին հարթակը և ընդունարանը։

Հարթակում արդեն չէին կռվում. այնտեղ բամբասում էին կանանցից, իսկ ընդունարանում՝ թագավորի արքունիքից։ Հարթակում դ’Արտանյանը կարմրատակեց, ընդունարանում դողդողաց։ Նրա աշխույժ ու համարձակ երևակայությունը, որ Գասկոնում նրան վտանգավոր էր դարձրել ջահել սպասուհիների համար, հաճախ էլ նրանց ջահել տիրուհիների համար, երբեք, նույնիսկ ջերմի զառանցանքի մեջ, չէր կարող նրա առաջ պատկերել թեկուզ կեսը այն սիրային հրապուրանքի և նույնիսկ մի քառորդը այն սիրային սխրագործությունների, որոնք այստեղ խոսակցության նյութ էին հանդիսանում և առանձին սրություն էին ստանում այն մեծադղորդ անուններից ու ամենագաղտնի մանրամասնություններից, որ բերվում էին այդ խոսակցությունների ժամանակ։ Բայց եթե հարթակում հարված տրվեց նրա պարկեշտությանը, ապա ընդունարանում սասանվեց նրա հարգանքը կարդինալի նկատմամբ։ Այստեղ դ’Արտանյանը մեծ զարմանքով լսեց, թե ինչպես են քննադատում այն քաղաքագետին, որն ամբողջ Եվրոպային ստիպում էր դողալ։ Այստեղ հարձակումների էր ենթարկվում նաև կարդինալի անձնական կյանքը, թեև, ինչպես դ’Արտանյանին հայտնի էր, այդ կյանքի մեջ թափանցելու ամենաչնչին վարձի համար այնքան շատ հզոր ու անվանի ազնվականներ էին տուժել։ Այդ մեծ մարդը, որին այնքան խորապես հարգում էր պ-րն դ’Արտանյան-հայրը, այստեղ ծաղրի առարկա էր դարձել պ-րն դը Տրևիլի հրացանակիրների համար։ Նրանք ծաղրում էին կարդինալի ծուռ ոտքերը, կուզիկ մեջքը։ Ինչ-որ մեկը երգեր էր երգում նրա սիրուհու՝ մադամ դ’Էգիլիոնի մասին և նրա ազգականուհու՝ տիկին դը Կոմբալեի<ref>Այս երկու անուններն էլ պատկանում են մեկ մարդու Մարի-Մադլեն դը Վիներո դը Կոմբալեին, հերցոգուհի դ՚Էգիլիոնին (1604-1675), կարդինալ Ռիշելիեի ազգականուհուն։</ref> մասին, իսկ ուրիշները ծաղրում էին կարդինալի մանկլավիկներին ու թիկնապահներին։ Եվ այս ամենն այնպիսի բաներ էին, որ դ’Արտանյանին թվում էին աներևակայելի և օտարոտի։

Բայց եթե կարդինալի հասցեին ուղղված այդ կծու էպիգրամներին պատահաբար խառնվում էր թագավորի անունը, թվում էր, թե ինչ-որ մեկի անտեսանելի ձեռքը վայրկենապես փակում էր այդ բոլոր ծիծաղկոտ բերանները։ Խոսողները շփոթմունքով ետ էին նայում, ասես վախենալով, թե իրենց ձայնը պատի միջով կթափանցի պ-րն դը Տրևիլի կաբինետը։ Բայց համարյա նույն պահին հարևանցիորեն նետված մի ակնարկ նորից խոսակցությունը փոխում էր նորին սրբազնության հասցեին, ձայները նորից բարձր էին հնչում, և մեծ կարդինալի արարքներից ոչ մեկը ստվերի մեջ չէր մնում։

«Այս բոլոր մարդկանց,— սոսկումով մտածեց դ’Ար-տանյանը,— անպայման Բաստիլ<ref>Բաստիլ — ամրոց Փարիզում, որը ծառայում էր որպես բանտ քաղաքական հանցագործների համար։</ref> կնետեն և կկախեն։ Եվ ինձ էլ սրանց հետ. ինձ հանցակից կհամարեն, քանի որ ես ականջ եմ դրել ու լսել սրանց խոսքերը։ Ի՜նչ կասեր իմ հայրը, որն այնպես համառորեն ներշնչում էր ինձ հարգել կարդինալին, եթե իմանար, որ ես այսպիսի ազատամիտ մարդկանց մեջ եմ գտնվում»։

Դրա համար էլ, ինչպես հեշտ է կռահել, դ’Արտանյանը սիրտ չէր անում խառնվել խոսակցությանը։ Բայց նայում էր աչքերը չռած և լսում էր ագահորեն, լարելով իր բոլոր հինգ զգայարանները, միայն թե ոչ մի բան բաց չթողնի։ Չնայած հոր խորհուրդների նկատմամբ ունեցած ամբողջ հարգանքին, նա, հետևելով իր մղումներին ու ճաշակին, ավելի շուտ հակված էր հավանություն տալու, քան թե դատապարտելու այն, ինչ տեղի էր ունենում իր շուրջը։

Սակայն, նկատի ունենալով, որ նա բոլորովին օտար էր դը Տրևիլին նվիրված մարդկանց բազմության մեջ, և նրան առաջին անգամ էին տեսնում այստեղ, մոտեցան նրան՝ իմանալու, թե ինչի համար է եկել։ Դ’Արտանյանը համեստորեն տվեց իր անունը և ասելով, որ ինքը պ-րն դը Տրևիլի հայրենակիցն է, հարցումով իրեն մոտեցած ծառային պատվիրեց պ-րն Տրևիլին խնդրեք, որ մի քանի րոպեով ունկնդրության ընդունի իրեն։ Ծառան հովանավորական տոնով խոստացավ իր ժամանակին հաղորդել նրա խնդիրքը։

Առաջին շփոթմունքից փոքր-ինչ ուշքի գալով՝ այժմ դ’Արտանյանը կարող էր ազատ ժամանակ ուշի-ուշով դիտել շրջապատողների հագուստն ու դեմքերը։ Ամենաաշխույժ խմբերից մեկի կենտրոնն էր բարձրահասակ մի հրացանակիր՝ մեծամիտ մարդու դեմքով և արտասովոր հագուստով, որն իր վրա էր գրավում ընդհանուրի ուշադրությունը։ Նա հագին ուներ ոչ թե համազգեստ, որը կրելը, ի դեպ, պարտադիր չէր համարվում այն ժամանակներում,- ժամանակներ, երբ ազատություն քիչ կար, բայց անկախություն՝ շատ,- այլ հագին ուներ բաց երկնագույն, բավական խունացած ու մաշված կամզոլ, որի վրայից կապված էր մի շքեղ լանջագոտի, որը ոսկեկար էր և շողշողում էր, ինչպես պարզ կեսօրին՝ արևի ճառագայթները ջրի մեջ։ Ալ թավիշե երկար թիկնոցը շքեղորեն կախ էր ընկել նրա ուսերից, միայն առջևի կողմում թույլ տալով տեսնել կուրացուցիչ լանջագոտին, որից կախված էր մի ահագին սուսեր։

Այս հրացանակիրը հենց նոր էր ազատվել պահակային հերթապահությունից, գանգատվում էր, թե մրսել է և դիտմամբ հազում էր։ Ահա հենց դրա համար էլ նա ստիպված էր եղել թիկնոցը գցել ուսերին, ինչպես բացատրում էր ինքը՝ անփութորեն նետելով բառերը և բեղը ոլորելով, մինչդեռ շրջապատողները, և ամենից ավելի դ’Արտանյանը, աղմուկով հիանում էին ոսկեկար լանջագոտիով։

— Ի՞նչ կարող ես անել,— ասում էր հրացանակիրը։— Սա մոդա է դառնում։ Շռայլություն է, ես ինքս էլ գիտեմ, բայց մոդա է։ Ասենք՝ վերջիվերջո հարկավո՞ր է մի որևէ բանի վրա ծախսել հայրական փողերը։

— Ա՜խ, Պորտոս,— գոչեց ներկաներից մեկը,— մի՛ ջանա մեզ համոզել, թե այդ գոտին դու հայրական փողով ես ձեռք բերել։ Արդյոք այդ քեզ չի՞ ընծայել այն քողավոր տիկինը, որի հետ ես քեզ տեսա կիրակի օրը Սենտ-Օնորեի դարպասի մոտ։

— Ո՛չ, երդվում եմ պատվովս և ազնվականի խոսք եմ տալիս, որ ես այս գոտին գնել եմ իմ սեփական փողով,— պատասխանեց նա, որին Պորտոս էին կոչում։

— Այո,— ասաց հրացանակիրներից մեկը,— գնել ես ճիշտ այնպես, ինչպես ես, ահա, այս նոր քսակը, այն նույն փողերով, որ իմ սիրուհին դրել էր իմ հին քսակի մեջ։

— Դե իսկապես, ոչ,— առարկեց Պորտոսը,— և ես կարող եմ վկայել, որ այս լանջագոտուն վճարել եմ տասներկու պիստոլ։

Հիացական բացականչություններն ուժեղացան, բայց կասկածը չփարատվեց։

— Ճիշտ չե՞մ ասում, Արամիս,— հարցրեց Պորտոսը՝ դառնալով մի ուրիշ հրացանակրի։

Այս հրացանակիրը կատարյալ հակապատկերն էր Պորտոսի, որը դիմեց նրան՝ Արամիս կոչելով։ Սա քսաներկու-քսաներեք տարեկան մի երիտասարդ էր՝ դեմքի միամիտ ու փոքր-ինչ անուշիկ արտահայտությամբ, սև-սև աչքերով և կարմրավուն այտերով, որոնք աշնան դեղձի պես ծածկված էին թավշանման աղվամազով։ Բարակ բեղերը անբասիր ուղիղ գիծ էին քաշում վերին շրթունքի վրա։ Թվում էր, թե նա խուսափում է ձեռքերը ցած գցել, վախենալով, թե մկանները կարող են ուռչել։ Մերթ ընդ մերթ շոշափում էր ականջների բլթակները, որպեսզի պահպանի նրանց քնքուշ գույնն ու թափանցիկությունը։ Խոսում էր քիչ, դանդաղ, հաճախակի խոնարհվելով, ծիծաղում էր անաղմուկ, բաց անելով գեղեցիկ ատամները, որոնք, ինչպես և իր ամբողջ արտաքինը, ըստ երևույթին, հոգատարությամբ խնամում էր նա։ Ընկերոջ հարցին նա դրական պատասխան տվեց գլխի շարժումով։

Նրա այդ դրական պատասխանը, ըստ երևույթին, փարատեց բոլոր կասկածները հրաշալի գոտու վերաբերյալ։ Այդ գոտիով շարունակեցին հիանալ, բայց դադարեցին խոսել նրա մասին, և խոսակցությունն աստիճանաբար անցավ ուրիշ թեմայի։

— Ինչ կարծիք ունեք դուք պարոն դը Շալեի<ref>Շալե — Անրի դը Թալեյրան, մարկիզ դը Շալե (1599-1626), Լյուդովիկոս XIII-ի ֆավորիտը, մահապատժի է ենթարկվել` մեղադրվելով կարդինալ Ռիշելիեի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։</ref> ախոռապետի պատմածի մասին,— հարցրեց մի ուրիշ հրացանակիր՝ չդիմելով առանձին որևէ մեկին, այլ միանգամից բոլոր ներկա եղողներին։

— Իսկ ի՞նչ է պատմում նա,— հպարտ-հպարտ հարցրեց Պորտոսը։

— Նա պատմում է, որ Բրյուսելում հանդիպել է Ռոշֆորին, կարդինալի այդ ամենանվիրված ծառային։ Նա կապուցինի<ref>Կապուցին — կաթոլիկական վանական միաբանության անդամ՝ հիմնադրված Իտալիայում, XVI դարում, որպես ֆրանցիսկյանների միաբանության մի ճյուղ. իրենց անունը ստացել են սրածայր կապյուշոն կրելու համար (իտ. cappuccio)։</ref> հագուստով է եղել և օգտվելով այդպիսի դիմակահանդեսից՝ այդ անիծյալ Ռոշֆորը խաբել է պարոն դը Լեգին ինչպես ամենավերջին ապուշին։

— Ինչպես ամենավերջին ապուշի՜ն,— կրկնեց Պորտոսը։— Բայց ճշմարի՞տ է արդյոք։

— Ես այս լսել եմ Արամիսից,— ասաց հրացանակիրը։

— Իսկապե՞ս։

— Ախր ձեզ այդ քաջ հայտնի է, Պորտո՛ս,— ասաց Արամիսը։ — Ես այդ երեկ եմ պատմել ձեզ։ Չարժե անդրադառնալ դրան։

— Չարժե անդրադառնա՜լ,— գոչեց Պորտոսը։— Դուք այդպե՞ս եք կարծում։ Չարժե անդրադառնալ։ Գրողը տանի։ Ինչ արագ եք վճիռ ընդունում դուք։ Ինչպե՜ս։ Կարդինալը հետապնդում է ազնվականին, դավաճանի, ավազակի, աքսորականի օգնությամբ նրանից նամակներ է հափշտակում և, օգտվելով միևնույն լրտեսից, այդ նամակների հիման վրա կարողանում է մահապատիժ տալ Շալեին՝ այն անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր Շալեն ուզում էր թագավորին սպանել և Օռլեանի դքսին<ref>Օռլեանի դուքս, Գաստոն-Ժան-Բատիստ (1608—1660) — Լյուդովիկոս XIII-ի կրտսեր եղբայրը՝ Հենրիխ IV-ի և Մարիա Մեդիչիի երրորդ որդին։ Միջակ խելքի տեր, թուլակամ մի մարդ, մասնակցել է Ռիշելիեի, Աննա Ավստրիացու և Մազարինիի դեմ ուղղված բոլոր դավադրություններին։</ref> ամուսնացնել թագուհու հետ։ Ոչ ոք չէր կարող գտնել այդ հանելուկի բանալին, դուք, ի գոհունակություն բոլորի, երեկ հաղորդում եք մեզ այդ, և երբ մենք դեռ չենք կարողացել ուշքի գալ, այսօր հայտարարում եք՝ «չարժե անդրադառնալ դրան»։

— Է՛հ, ի՛նչ կա որ, անդրադառնանք դրան, եթե դուք այդպես եք ցանկանում,— համբերատարությամբ համաձայնեց Արամիսը։

— Ես լինեի պարոն դը Շալեի ախոռապետը,— գոչեց Պորտոսը,— ես դաս կտայի այդ Ռոշֆորին։

— Իսկ ձեզ դաս կտար Կարմիր Դուքսը<ref>«Կարմիր Դուքս» — նկատի ուներ կարդինալ Ռիշելիեին, որը կրում էր կարմիր պատմուճան։</ref>,— հանգիստ պատասխանեց Արամիսը։

— Կարմիր Դո՜ւքս։ Կեցցե՜ս, կեցցե՜ս։ Կարմիր Դո՜ւքս,— գոռաց Պորտոսը ծափ զարկելով և գլխով դրական նշան անելով։— Կարմիր դո՜ւքս՝ հիանալի է։ Ես կաշխատեմ տարածել այդ սրախոսությունը, հանգիստ եղեք։ Ա՛յ թե ինչ սրամիտն է այս Արամիսը։ Ափսոս, որ դուք հնարավորություն չեք ունեցել հետևելու ձեր կոչմանը, սիրելիս։ Ի՜նչ հիանալի աբբատ կստացվեր ձեզնից։

— Օ՜, սա միայն ժամանակավոր հետաձգում է,— ասաց Արամիսը։— Կգա ժամանակ, որ ես, այնուամենայնիվ, աբբատ կդառնամ։ Դուք հո գիտեք, Պորտոս, որ ես այս բանը նախազգալով՝ շարունակում եմ աստվածաբանություն ուսումնասիրել։

— Սա կհասնի իր նպատակին,— ասաց Պորտոսը։— Վաղ թե ուշ, բայց՝ կհասնի։

— Ավելի հավանական է՝ շուտ,— պատասխանեց Արամիսը։

— Նա սպասում է միայն մի բանի, որպեսզի նորից զգեստավորվի այն կապայով, որ կախված է նրա պահարա-նում, հրացանակրի հագուստի ետևում,— գոչեց հրացանակիրներից մեկը։

— Էլ ինչի՞ է սպասում,— հարցրեց մի ուրիշը։

— Սպասում է, որ թագուհին ժառանգ պարգևի երկրին։

— Կարիք չկա կատակներ անելու դրա մասին, պարոննե՛ր,— ասաց Պորտոսը։— Թագուհին, փառք աստծո, այն հասակումն է, որ այդ հնարավոր է։

— Ասում են՝ լորդ Բեկինգհեմը<ref>Բեկինգհեմ — Ջորջ Վիլիերս, դուքս Բեկինգհեմ (1592—1628) — անգլիական պետական գործիչ, առաջին մինիստր, ծովակալ, դեսպան Ֆրանսիայում, թագավորներ Հակոբ I-ի և Կարլոս I-ի ֆավորիտը։</ref> Ֆրանսիայում է,— ասաց Արամիսը այնպիսի խորամանկ ժպիտով, որն այդ ասես թե անմեղ խոսքերին ինչ-որ երկիմաստ տվեց։

— Արամի՛ս, բարեկամս, այս անգամ դուք իրավացի չեք,— ընդհատեց նրան Պորտոսը,— և սրախոսելու ձեր սերը ձեզ ստիպում է որոշ սահմանից անցնել։ Եթե պ-րն դը Տրևիլը լսեր ձեզ, դուք լավ օրի չէիք հասնի այդպիսի խոսքերի համար։

— Չլինի՞ ուզում եք դասեր տալ ինձ, Պորտոս,— հարցրեց Արամիսը, որի հեզ հայացքի մեջ անսպասելիորեն կայծակ շողաց։

— Բարեկամս,— պատասխանեց Պորտոսը,— եղեք հրացանակիր կամ աբբատ, բայց ո՛չ միաժամանակ և՛ մեկը, և՛ մյուսը։ Հիշեցե՛ք, օրերս Աթոսը ձեզ ասաց, դուք ուտում եք բոլոր կերամաններից... Ո՛չ, ո՛չ, խնդրում եմ, չվիճենք։ Ավելորդ է։ Ձեզ լավ հայտնի է այն պայմանը, որ կնքվել է ձեր, Աթոսի և իմ միջև։ Չէ որ դուք լինում եք տիկին դը Բուա-Տրասի մոտ, որ տիկին դը Շևրյոզի<ref>Տիկին դը Շևրյոզ—Մարիա դը Ռոգան-Մոնբազոն, հերցոգուհի դը Շևրյոզ (1600—1679) — կոննետաբլ դը Լյունի այրին. 1622-ից Կլոդ Լոթարինդցու՝ հերցոգ դը Շևրյոզի կինը։ Մեծ ազդեցություն ուներ օպոզիցիոն շրջաններում՝ ուղղված կարդինալ Ռիշելիեի դեմ. մասնակցել է Ռիշելիեի, իսկ ավելի ուշ՝ Մազարինիի դեմ կազմակերպված բազմաթիվ դավադրությունների։</ref> ազգականն է, և, ինչպես ասում են, վայելում եք այդ տիկնոջ մեծ ողորմածությունը։ Օ՜, տեր իմ աստված, կարիք չկա, որ դուք խոստովանեք ձեր երջանկությունը, ոչ ոք ձեզնից խոստովանություն չի պահանջում. ո՞ւմ հայտնի չէ ձեր համեստությունը։ Բայց քանի որ դուք, գրողը տանի ձեզ, լռելու ընդունակություն ունեք, մի մոռացեք այդ ընդունակությունը, երբ խոսքը վերաբերում է նորին մեծություն թագուհուն։ Թող ով կուզի և ինչ կուզի՝ շատախոսի թագավորի ու կարդինալի մասին։ Բայց թագուհին սրբություն է, և եթե խոսքը նրան է վերաբերում, ապա թող միմիայն լավ խոսք ասեն։

— Պորտոս, դուք ինքնասիրահարված եք ինչպես Նարկիսոսը<ref>Նարկիսոս (Նարցիս) — պատանի որսորդ հին հունական առասպելաբանության մեջ, որն աչքի էր ընկնում իր արտասովոր գեղեցկությամբ։ Մի անգամ, գետի ջրերում տեսնելով իր արտացոլանքը, սիրահարվում է իր պատկերին և մեռնում այդ սիրուց։ Նրա գերեզմանին աճում է մի սպիտակ ծաղիկ, որին տալիս են նարկիսոս անունը։ Փոխաբերական իմաստով նարկիսոս նշանակում է՝ ինքնասիրահարված, իրենով հմայված մարդ։</ref>, այս լավ իմացեք,— ասաց Արամիսը։— Ձեզ հո հայտնի է, որ ես խրատներ չեմ սիրում և պատրաստ եմ խրատ լսելու միմիայն Աթոսից։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, սիրելիս, ապա ձեր չափից դուրս շքեղ գոտին առանձին վստահություն չի ներշնչում դեպի ձեր ազնիվ զգացմունքները։ Ես աբբատ կդառնամ, եթե այդ հարկավոր համարեմ։ Առայժմ ես հրացանակիր եմ և, որպես այդպիսին, ասում եմ այն ամենը, ինչ անցնում է մտքովս։ Այժմ, ահա, իմ մտքովն անցավ ասել ձեզ, որ դուք ինձ ձանձրացրիք։

— Արամի՛ս։

— Պորտո՛ս։

— Պարոնա՛յք, պարոնա՛յք,— լսվեց բոլոր կողմերից։

— Պարոն դը Տրևիլն սպասում է պարոն դ’Արտանյանին,— ընդհատեց նրանց սպասավորը՝ լայն բանալով կաբինետի դուռը։

Քանի դեռ ասվում էին այս խոսքերը, կաբինետի դուռը բաց էր մնում, և բոլորը միանգամից լռեցին։ Եվ այդ լռության մեջ երիտասարդ գասկոնացին ընդունարանի լայնությամբ անցավ ու մտավ հրացանակիրների կապիտանի կաբինետը, սրտանց ուրախանալով, որ ժամանակին խույս տվեց այս տարօրինակ վեճին մասնակցելուց։

Comments