1. Եվ եղավ խավար

Chapter 3

III

Նա դեռ չէր ասել իր խոսքը, իսկ Անձավի Խավարն արդեն ծածկել էր Բետայի եզրը եւ քողարկել նրան Լագաշից։ Մարդիկ բարձր գոռում էին, երբ անհետանում էր լույսը, եւ մեծ էր սոսկումը, որ տիրում էր նրանց հոգիներին։

Եվ եղավ այնպես, որ Անձավի Խավարն ընկավ Լագաշի վրա, եւ լույս չկար համայն Լագաշում։ Եվ մարդիկ դարձան կույրերի նման, ու ոչ ոք չէր տեսնում հարեւանին, թեեւ զգում էր նրա շունչը իր դեմքին։

Եվ այդ պահին հոգիներն անջատվեցին մարդկանցից, իսկ նրանց լքված մարմինները դարձան ասես գազաններ, եւ գոռում֊գոչունով սուրացին նրանք Լագաշի քաղաքների մթին փողոցներով։

Եվ Աստղերից վայր ընկավ Երկրային հուրը, ու որտեղ որ նա դիպավ Լագաշին, այնտեղ մոխրի վերածվեցին քաղաքները, եւ ոչ մի բան չմնաց ոչ մարդուց, ոչ էլ նրա գործերից։

Եվ այդժամ…»

Ինչ֊որ բան փոխվեց Լատիմերի ձայնի մեջ։ Նա շարունակում էր ակնապիշ նայել պատուհաններին եւ այնուամենայնիվ զգում էր, թե ինչպիսի հետաքրքրությամբ են իրեն լսում Շիրինն ու Տերեմոնը։ Թեթեւակի, առանց շունչ առնելու, նա փոքր֊ինչ փոխեց ձայնի տեմբրը, եւ նրա խոսքը դարձավ էլ ավելի երգեցիկ։

Տերեմոնը նույնիսկ ցնցվեց զարմանքից։ Բառերը գրեթե ծանոթ էին թվում։ Սակայն առոգանությունը աննկատելիորեն փոխվեց, փոխվեց եւ շեշտադրությունը՝ ընդամենը այսքան, բայց այլեւս անհնար էր հասկանալ Լատիմերին։

— Նա անցավ մի որեւէ հին ցիկլի լեզվի,— խորամանկորեն ժպտալով ասաց Շիրինը,— միգուցե առասպելական երկրորդ ցիկլի լեզվին։ Ինչպես գիտեք, հենց այդ լեզվով է սկզբնապես գրված եղել Հայտնությունների գիրքը։

— Ինձ համար այսքանն էլ հերիք է։— Տերեմոնը մի կողմ քաշեց իր աթոռը եւ մազերը հարդարեց մատներով, որոնք այլեւս չէին դողում։— Հիմա ինձ ավելի լավ եմ զգում։

— Մի՞թե,— մի քիչ զարմացած հարցրեց Շիրինը։

— Անկասկած։ Չնայած մի քանի րոպե առաջ իրոք վախեցա։ Ձեր այդ պատմությունները ձգողականության մասին, հետո՝ խավարումի սկսվելը քիչ մնաց ինձ շարքից հանեին։ Բայց սա…— Նա մատն արհամարհանքով տնկեց Պաշտամունքի կարմրամորուս պահապանի կողմը,— սա ես լսել էի դեռ իմ դայակից։ Ամբողջ կյանքումս ծիծաղել եմ այդ հեքիաթների վրա։ Ու հիմա էլ մտադիր չեմ վախենալու։

Նա խոր շունչ քաշեց եւ ջղայն ծաղրանքով ավելացրեց․

— Բայց որպեսզի չկորցնեմ տոկունությունս, ավելի լավ է չնայեմ պատուհանին։

— Հրաշալի է,— ասաց Շիրինը։— Միայն թե ցածր խոսեք։ Ատոնը հենց նոր կտրվեց իր սարքից եւ սպանիչ հայացք նետեց ձեզ վրա։

— Ես մոռացել էի ծերուկի մասին,— ծամածռելով դեմքը՝ ասաց Տերեմոնը։

Նա զգուշորեն աթոռը տարավ մի կողմ, մեջքով նստեց դեպի պատուհանը եւ, զզվանքով նայելով ուսի վրայից, ավելացրեց․

— Ինձ թվում է, որ շատ շատերը պիտի չենթարկվեն այս աստղային խելահեղությանը։

Հոգեբանը միանգամից չպատասխանեց։ Բետան արդեն անցել էր զենիթը, եւ արնակարմիր քառակուսի բիծը, որը հատակի վրա կրկնում էր պատուհանի ուրվագծերը, այժմ սողաց դեպի Շիրինի ծնկները։ Նա մտախոհ նայեց այդ դժգույն կարմրին, հետո կռացավ եւ հայացքն ուղղեց արեւին։

Խավարն արդեն կլանել էր Բետայի երեք քառորդը։ Շիրինը ցնցվեց, եւ, երբ նորից ուղղվեց, նրա վարդագույն դեմքը նկատելիորեն գունատվել էր։ Շփոթությունից ժպտալով՝ նա նույնպես նստեց մեջքով դեպի պատուհանը։

— Հիմա Սարոյում, երեւի, մոտ երկու միլիոն մարդ վերադառնում են Պաշտամունքի գիրկը, որն այժմ ապրում է իր մեծագույն վերածնունդը,— նկատեց Շիրինը։— Մի ամբողջ ժամ Պաշտամունքը կվայելի իր աննախադեպ ծաղկումը,— ավելացրեց նա հեգնորեն։— Կարծում եմ, որ նրա պահապանները այս ժամանակամիջոցում կաշխատեն անել այն, ինչ հնարավոր է։ Ներեցեք խնդրեմ, դուք ինչ֊որ բա՞ն ասացիք։

— Այո։ Պաշտամունքի պահապանները ինչպե՞ս են կարողանում Հայտնությունների գիրքը մի ցիկլից հանձնել մյուսին եւ ընդհանրապես ինչպես՞ս է այն գրվել։ Ուրեմն, գոյություն ունի ինչ֊որ իմունիտետ․ եթե բոլորը խելագարվել են, ապա այնուամենայնիվ ո՞վ է գրել այդ գիրքը։

Շիրինը տխուր նայեց Տերեմոնին։

— Էհ, երիտասարդ, չկան ականատեսներ, որոնք կարողանային պատասխանել այդ հարցին, սակայն մենք բավական հստակ ենք պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել։ Այսպես ուրեմն, կան մարդակնց երեք խմբեր, որոնք մյուսների համեմատ ավելի քիչ կտուժեն։ Նախ, դրանք այն սակավաթիվ մարդիկ են, որոնք ընդհանրապես չեն տեսնի Աստղերը․ դրանց թվին են պատկանում կույրերը, եւ նրանք, ովքեր խավարումն սկսվելուց առաջ այնպես կհարբեն, որ կսթափվեն միայն ամեն ինչ վերջանալուց հետո։ Դրանց մենք չենք հաշվի, քանի որ նրանք, ըստ էության, ականատես չեն։ Այնուհետեւ՝ մինչեւ վեց տարեկան երեխաները, որոնց համար ողջ աշխարհը չափազանց նոր է, եւ նրանք չեն վախենա Աստղերից ու Խավարից։ Նրանք պարզապես կծանոթանան առանց այն էլ զարմանալի աշխարհի եւս մեկ տարօրինակ երեւույթի հետ։ Համաձա՞յն եք։

Տերեմոնը անվստահորեն գլխով արեց։

— Թերեւս։

— Եվ վերջապես, բթամիտները, որոնք այնքան բութ են, որ չեն զրկվի իրենց չզարգացած բանականությունից… Օրինակ, աշխատանքից տանջված ծեր գյուղացիները։ Դե, երեխաների մոտ կմնան կցկտուր հիշուղություններ, եւ կիսախելագար բթամիտների խճճված, անկապ շաղակրատանքների հետ միասին հենց դրանք էլ ընկած են Հայտնությունների գրքի հիմքում։ Բնականաբար, գրքի առաջին տարբերակը հիմնված է եղել այն մարդկանց վկայությունների վրա, որոնք ամենից քիչ կարող էին պիտանի լինել որպես պատմագիրներ, այսինքն՝ դրանք եղել են մանուկները եւ կիսաապուշները։ Բայց հետագայում, երեւի, բազմաթիվ ցիկլերի ընթացքում այդ գիրքը ամենայն խնամքով խմբագրել են եւ շտկել։

— Դուք կարծում եք,— ասաց Տերեմոնը,— որ նրանք գիրքը փոխանցել են մի ցիկլից մյուսին նո՞ւյն եղանակով, որով մենք ենք այժմ պատրաստվում ձգողականության գաղտնիքը հաղորդեն հաջորդ ցիկլին։

Շիրինը թոթվեց ուսերը։

— Հնարավոր է։ Միեւնույն չէ՞, թե ինչպես են նրանք դա անում։ Ինչ֊որ կերպ կարողանում են անել։ Ես միայն ուզում եմ ասել, որ այդ գիրքը լեփ֊լեցուն է ամեն տեսակ աղավաղումներով, չնայած իր հիմքում ունի իրական փաստեր։ Օրինակ՝ դուք հիշո՞ւմ եք Ֆարոյի եւ Յիմոտի փորձը՝ անցքերով տանիքը, որը չհաջողվեց…

— Այո։

— Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու…

Նա խոսքը կիսատ թողեց եւ տագնապահար վեր կացավ աթոռից․ նրանց մոտեցավ Ատոնը։ Նրա դեմքին սարսափ էր դրոշմված։

— Ի՞նչ է պատահել,— գրեթե գոռաց Շիրինը։

Ատոնը թեւանցուկ արեց Շիրինին եւ մի կողմ տարավ նրան։

Հոգեբանը զգում էր Ատոնի մատների դողդողալը։

— Կամաց խոսեք,— խռպոտ շշնջաց Ատոնը։— Ես հենց նոր լուր ստացա Ապաստարանից։

— Նրանց վատ բա՞ն է պատահել,— վախեցած հարցրեց Շիրինը։

— Ոչ նրա՜նց,— ասաց Ատոնը, շեշտը դնելով դերանվան վրա։ — Նրանք հենց նոր փակվեցին եւ դուրս կգան միայն վաղը չէ մյուս օրը։ Նրանց ոչ մի բան չի սպառնում։ Բայց քաղաքը, Շիրին, քաղաքում արյունահեղ քաոս է։ Դուք չեք կարող պատկերացնել…

Նա դժվարությամբ էր խոսում։

— Դեհ,— անհամբերությամբ ընդհատեց նրան Շիրինը։— Հետո՜ ինչ։ Էլ ավելի վատ է լինելու։ Ինչո՞ւ եք այդպես դողում։— Ու կասկածանքով նայելով Ատոնին՝ ավելացրեց․— Իսկ դուք ինչպե՞ս եք ձեզ զգում։

Այդ ակնարկից Ատոնի աչքերը զայրալից փայլատակեցին, բայց նույն պահին էլ նրա հայացքը դարձավ տանջալի, տագնապահար։

— Դուք չեք հասկանում, Շիրին։ Պաշտամունքի պահապանները զգոն են։ Նրանք մարդկանց կոչ են անում հարձակվել աստղադիտարանի վրա, խոստանալով նրանց մեղքերի անհապաղ թողություն, խոստանալով հոգիների փրկություն եւ այն ամենը, ինչ հնարավոր է։ Ի՞նչ անենք, Շիրին։

Շիրինը գլուխը կախեց եւ բացակայող հայացքով երկար նայում էր իր կոշիկների քթին։ Մտախոհ բռնելով իր կզակը՝ նա վերջապես բարձրացրեց հայացքը եւ վճռականորեն ասաց․

— Ի՞նչ անենք։ Իսկ ընդհանրապես ի՞նչ կարելի է անել։ Ոչինչ։ Մերոնք գիտե՞ն այդ մասին։

— Իհարկե, ոչ։

— Լավ, մի՛ էլ ասեք նրանց։ Որքա՞ն ժամանակ կա մինչեւ լրիվ խավարումը։

— Մեկ ժամից պակաս։

— Մենք պետք է ռիսկի դիմենք։ Իսկապես վտանգավոր ամբոխ կազմակերպելու համար ժամանակ է պետք, եւ նրանք այնքան էլ շուտ չեն հասնի այստեղ։ Մինչեւ քաղաք հինգ մղոնից ավելի կլինի…

Նա պատուհանից նայեց սարալանջերից դեպի արվարձանների սպիտակ տներն իջնող դաշտերին, նայեց մայրաքաղաքին, որը Բետայի դժգույն ճառագայթների տակ մի աղոտ բիծ էր թվում հորիզոնում։

— Ժամանակ կպահանջվի,— կրկնեց նա, առանց շրջվելու պատուհանից։— Շարունակեք աշխատել եւ աղոթեք, որ լրիվ խավարումը վրա հասնի ավելի շուտ, քան ամբոխը կգա այստեղ։

Այժմ արդեն Բետան երկու կես էր եղել, եւ խավարի ուռուցիկ եզրը խուժում էր երկրորդի, դեռեւս լուսավոր կեսի վրա։ Ասես վիթխարի թարթիչը փակում էր տիեզերական լույսի ակունքը։

Հոգեբանն այլեւս չէր լսում իր շուրջը եռացող աշխատանքի խուլ ձայները եւ զգում էր սոսկ միայն մեռյալ լռություն, որ իջել էր պատուհանից այն կողմ փռված դաշտերի վրա։ Նույնիսկ միջատներն էին լռել, եւ շուրջն ամեն ինչ աղոտացել էր։

Շիրինը ականջի տակ հնչեց ինչ֊որ մեկի ձայնը։ Նա ցնցվեց։

— Ինչ֊որ բա՞ն է պատահել,— հարցրեց Տերեմոնը։

— Ի՞նչ։ Ոչ։ Նստե՛ք։ Մենք խանգարում ենք նրանց։

Նրանք վերադարձան իրենց անկյունը, բայց հոգեբանը որոշ ժամանակ լուռ էր։ Նա մատով ձգեց օձիքը եւ գլուխը թափ տվեց, բայց դրանից ոչ մի թեթեւություն չզգաց։ Հանկարծ նայեց Տերեմոնին։

— Իսկ դուք դժվարությամբ չե՞ք շնչում։

Ժուռնալիստը լայն բացեց աչքերը եւ մի քանի անգամ խոր շունչ քաշեց։

— Ոչ։ Իսկ ի՞նչ է եղել։

— Երեւի ես շատ երկար նայեցի պատուհանից դուրս։ Ու կիսախավարն ազդեց վրաս։ Շնչառության դժվարացումը կլաուստրոֆոբիայի նոպայի առաջին նշաններից մեկն է։

Տերեմոնը եւս մեկ անգամ խոր շունչ քաշեց։

— Ինձ վրա դեռ չի ազդել։ Նայեք, ինչ֊որ մեկը գալիս է։

Նրանց ու պատուհանի միջեւ, փակելով աղոտ լույսը, կանգնեց Բինին, եւ Շիրինը վախեցած նայեց նրան։

— Ա՜, Բինի։

Աստղագետը մի ոտքից հենվեց մյուսին եւ հազիվ ժպտաց։

— Դուք չե՞ք առարկի, եթե ես մի քիչ նստեմ այստեղ, ձեզ հետ։ Իմ խցիկները արդեն պատրաստ են, ու ես անելիք չունեմ մինչեւ լրիվ խավարումը։

Նա լռեց եւ նայեց Լատիմերին, որը դրանից տասնհինգ րոպե առաջ գրպանից հանել էր կաշեկազմ մի փոքրիկ գիրք եւ խորասուզվել ընթերցանության մեջ։

— Այս սրիկան լա՞վ է պահում իրեն։

Շիրինը գլխով արեց։ Ուսերը ուղղելով եւ լարվածությունից խոժոռվելով՝ նա ստիպեց իրեն հանգիստ շնչել։

— Բինի, իսկ դուք հե՞շտ եք շնչում,— հարցրեց նա։

Բինին, իր հերթին, խոր շունչ քաշեց։

— Ինձ չի թվում, որ այստեղ տոթ է։

— Ինձ մոտ կլաուստրոֆոբիա է սկսվում,— մեղավորի նման ասաց Շիրինը։

— Ա՛֊ա՜֊ա՜։ Իսկ ես ուրիշ բան եմ զգում։ Ինձ թվում է, թե աչքերիս հետ է ինչ֊որ բան կատարվում։ Ամեն ինչ աղոտ է երեւում… Ու ցուրտ է։

— Այո, հիմա իսկապես ցուրտ է։ Այս մեկն արդեն պատրանք չէ,— ասաց Տերեմոնը։— Ոտքերս այնպես են սառել, ասես սառնարան վագոնի մեջ են եղել։

— Մենք պետք է մի ուրիշ բանի մասին խոսենք,— ընդհատեց նրան Շիրինը։— Ես ձեզ բացատրեցի, չէ, Տերեմոն, թե ինչու Ֆարոյի եւ Յիմոտի փորձը անհաջողությամբ վերջացավ…

— Դուք նոր էիք սկսել,— արձագանքեց Տերեմոնը։ Ձեռքերով գրկելով ծունկը՝ նա կզակը հենեց ոտքին։

— Դե, ուրեմն, լսեք, նրանք շատ բառացիորեն էին մեկնաբանում Հայտնությունների գիրքը։ Հավանաբար, Աստղերը բնավ էլ չպետք է համարել ֆիզիկական ֆենոմեն։ Բանն այն է, որ լրիվ Խավարը, հնարավոր է, ուղեղին ստիպում է լույս արարել։ Հավանաբար, Աստղերն էլ հենց այդ լույսի պատրանքն են։

— Այլ կերպ ասած, Աստղերը, ձեր կարծիքով, խելագարության արգասիքն են, այլ ոչ թե պատճառը,— ավելացրեց Տերեմոնը։— Այդ դեպքում էլ ինչո՞ւ է Բինին լուսանկարում երկինքը։

— Թեկուզեւ այն բանի համար, որպեսզի ապացուցի Աստղերի պատրանք լինելը։ Կամ էլ որպեսզի հակառակը ապացուցի, չէ որ ես հաստատապես ոչ մի բան չեմ պնդում։ Կամ էլ, վերջապես…

Բայց նրան ընդհատեց Բինին, որն իր աթոռը մոտեցրել էր նրանց։

— Ես ուրախ եմ, որ դուք խոսեցիք այդ մասին,— աշխուժորեն ասաց նա, կկոցելով աչքերը եւ մատը վեր բարձրացնելով։— Ես մտածում էի այդ Աստղերի մասին ու հանգել եմ բավական հետաքրքիր եզրակացությունների։ Իհարկե, այդ բոլորը ավազի վրա է կառուցված, բայց դրա մեջ, ըստ իս, ինչ֊որ հետաքրքիր բան կա… Ուզո՞ւմ եք լսել։

Բինին, երեւի, իսկույն էլ զղջաց իր ասածի համար, բայց Շիրինը, ետ ընկնելով աթոռի թիկնակին, խնդրեց․

— Խոսեք։ Ես լսում եմ։

— Այսպես ուրեմն․ ենթադրենք, որ տիեզերքում ուրիշ արեւներ էլ կան,— շփոթված ասաց Բինին,— այսինքն՝ այնպիսի արեւներ, որոնք մեզնից շատ հեռու են ու այդ պատճառով էլ գրեթե անտեսանելի։ Երեւի ձեզ կթվա, որ ես գիտաֆանտաստիկ գրքեր շատ եմ կարդացել…

— Ինչո՞ւ։ Մի՞թե նման հնարավորությունը չի հերքվում այն փաստով, որ ձգողականության օրենքի համաձայն նրանց գոյության մասին պիտի վկայեր հենց նրանց ձգողականությունը։

— Դա չի դրսեւորվի, եթե այդ արեւները բավականաչափ հեռու են,— պատասխանեց Բինին,— գոնե մեզանից մի չորս հարյուր լուսային տարի կամ ավելի շատ հեռավորության վրա են… Մենք չենք կարող նկատել այդպիսի բռնկումները, որովհետեւ դրանք շատ փոքր են։ Ենթադրենք, թե մեզանից այդքան հեռավորության վրա կան շատ արեւներ… Մեկ կամ նույնիսկ երկու տասնյակ…

Տերեմոնը երկարուձիգ սուլեց։

— Ի՜նչ հոդված կարելի էր սարքել դրանից կիրակնօրյա հավելվածի համար։ Երկու տասնյակ արեւ Տիեզերքում՝ իրարից ութ լուսային տարի հեռավորության վրա։ Համա՜ թե բան է։ Այդպիսով, մեր Տիեզերքը վեր է ածվում փոշեհատիկի։ Ընթերցողները ա՜յ թե կուրախանան։

— Դա չէ որ սոսկ ենթադրություն է,— ժպտաց Բինին,— իսկ դրանից բխող եզրակացությունը այսպիսին է․ խավարման ժամանակ այդ երկու տասնյակ արեւները կլինեն տեսանելի, կանհետանա այն արեգակնային լույսը, որի փայլի մեջ նրանք չէին երեւում։ Քանի որ նրանք շատ հեռու են, ապա պետք է փոքր քարերի նմանվեն։ Իհարկե, Պաշտամունքի պահապանները խոսում են միլիոնավոր Աստղերի մասին, բայց դա բացահայտ չափազանցություն է։ Միլիոնավոր Աստղերը տիեզերքում պարզապես չէին տեղավորվի, նրանք կդիպչեին իրար։

Շիրինը Բինիին լսում էր հարաճուն հետաքրքրությամբ։

— Քո ասածի մեջ ինչ֊որ բան կա, Բինի։ Չափազանցություն… հենց դա էլ պատահում է։ Մեր ուղեղը, ինչպես գիտեք, ընդունակ չէ միանգամից ընկալելու առարկաների ստույգ քանակը, եթե նրանց թիվն անցնում է հինգից, ավելի մեծ քանակության համար մեզ մոտ գոյություն ունի «շատ» հասկացությոնը։ Այդ կերպ էլ տասնյակը վեր է ածվում միլիոնի։ Ա՜յ թե հետաքրքիր միտք է։

— Հենց նոր մտքովս անցավ եւս մեկ ուշագրավ գաղափար,— շարունակեց Բինին։— Դուք երբեւէ մտածե՞լ եք այն մասին, թե որքան կհեշտանար ձգողականության պրոբլեմը, եթե մենք գործ ունենայինք համեմատաբար ոչ բարդ համակարգի հետ։ Պատկերացրեք, որ Տիեզերքը միայն մեկ արեւ ունի։ Մոլորակը կպտտվեր կանոնավոր էլիպսաձեւ ուղեծրով, եւ ձգողականության ուժի ստույգ բնույթը ակնհայտ կլիներ առանց որեւէ ապացուցման։ Այդպիսի աշխարհի աստղագեգտները կհայտնաբերեին ձգողականությունը, թերեւս, աստղադիտակի գյուտից էլ շուտ։ Նրանց համար անզեն աչքով պարզ դիտումն էլ բավական կլիներ։

— Բայց այդպիսի համակարգն արդյո՞ք դինամիկորեն կայուն կլիներ,— կասկածեց Շիրինը։

— Իհարկե։ Դա այսպես կոչված «երկու մարմինների դեպքն է»։ Մաթեմատիկորեն դա հետազոտվել է, բայց ինձ հարցի փիլիսոփայական կողմն է հետաքրքրում։

— Որքան հաճելի է այսպիսի նրբին վերացարկումներով խոսելը,— նկատեց Շիրինը։

— Բնականաբար,— շարունակեց Բինին,— վատն այն է, որ այդպիսի մոլորակի վրա կյանքն անհնարին կլիներ։ Նա բավականաչափ լույս եւ ջերմություն չէր ստանա, ու եթե պտտվեր, ապա ամեն մի օրվա կեսը կլիներ լրիվ խավար, ուստի կյանքը, որի գոյության առաջին պայմանը լույսն է, չէր կարող զարգանալ այդ մոլորակի վրա։

— Ատոնը ջահեր բերեց,— ընդհատեց նրան Շիրինը, այնպես թափով վեր թռչելով տեղից, որ շուռ տվեց աթոռը։

Ատոնը ձեռքում բռնել էր մեկ ֆուտ երկարությամբ եւ մեկ դյույմ լայնությամբ մի տասնյակ ձողեր։ Նա ձողերի վերեւից խիստ հայացք նետեց իր շուրջը հավաքված աստղադիտարանի աշխատակիցների վրա։

— Իսկույն գնացեք ձեր տեղերը։ Շիրին, եկեք այստեղ, օգնեք ինձ։

Շիրինը վազելով մոտեցավ ծերուկին, եւ բացարձակ լռության մեջ նրանք սկսեցին ձողերը տեղադրել պատերին ամրացված պահիչների մեջ։

Ասես ձեռնամուխ լինելով ինչ֊որ սրբազան խորհրդի գերագույն ծեսի արարողությանը, Շիրինը վառեց խոշոր եւ անճոռնի լուցկու հատիկը, եւ երբ այն, կայծեր սփռելով, բոցավառվեց, տվեց Ատոնին, որը բոցը մոտեցրեց ձողերից մեկի ծայրին։

Սկզբում բոցը ապարդյուն լիզում էր ձողի ծայրը, բայց հետո անսպասելի դեղին բռնկումը պայծառ լուսավորեց Ատոնի կենտրոնացած դեմքը։ Նա մի կողմ տարավ լուցկին, եւ սենյակը այնպես թնդաց հրճվալի բացականչություններից, որ ապակիները զնգզնգացին։

Ձողի վերեւում հուրհրում էր բոցի վեց դյույմանոց երերուն լեզուն։ Իրար ետեւից վառեցին մյուս ձողերն էլ, եւ վեց կրակները դեղին լույսով ողողեցին նույնիսկ սենյակի հեռավոր անկյունները։

Լույսը աղոտ էր եւ զիջում էր նույնիսկ մթագնած արեւի ճառագայթներին։ Բոցը դեսուդեն էր նետվում, ծնելով հարբած, օրորվող ստվերներ։ Ջահերը հուսահատորեն մխում էին, եւ սենյակը լցվեց այնպիսի հոտով, ասես անշնորհք տանտիկին էր գործ արել խոհանոցում։ Բայց եւ այնպես դրանք դեղին լույս էին սփռում շուրջը։ Դեղին լույսը հատկապես հաճելի էր թվում այն բանից հետո, երբ երկնքում արդեն չորս ժամ աղոտանում էր դժնի Բետան։ Նույնիսկ Լատիմերը կտրվեց իր գրքից եւ զարմանքով նայեց ջահերին։

Շիրինը ձեռքերն էր տաքացնում կրակի վրա, ուշադրություն չդարձնելով, որ մաշկն արդեն ծածկվում էր մոխրագույն մրի շերտով։

— Սքանչելի՜ է։ Սքանչելի՜ է։ Երբեք մտքովս չէր անցնի, որ դեղին լույսն այսքան գեղեցիկ է,— մռթմռթում էր նա հիացած։

Սակայն Տերեմոնը կասկածանքով էր նայում ջահերին։ Դեմքը կնճռոտելով կծու ծխից՝ նա հարցրեց․

— Սա ի՞նչ բան է։

— Փայտ է,— կարճ պատասխանեց Շիրինը։

— Բայց դրանք չեն վառվում։ Ածխացել է միայն ծայրը, իսկ բոցը շարունակում է դուրս պրծնել ոչնչից։

— Հենց դրանում է ամբողջ հմայքը։ Դա շատ արդյունավետ մեխանիզմ է արհեստական լույս ստանալու համար։ Մենք դրանցից մի քանի հարյուր հատ պատրաստել ենք, սակայն մեծ մասը, իհարկե, գտնվում է Ապաստարանում։— Այստեղ Շիրինը շրջվեց եւ մրոտ ձեռքերը սրբեց թաշկինակով։— Սկզբունքը սա է․ վերցնում ենք եղեգնի սպունգանման միջուկը, չորացնում ենք եւ ներծծում կենդանական ճարպով։ Հետո վառում ենք, եւ ճարպը աստիճանաբար այրվում է։ Այս ջահերը առանց դադարելու կվառվեն գրեթե կես ժամ։ Սրամիտ է, չէ՞։ Սա Սարոյի համալսարանի երիտասարդ գիտնականներից մեկի գյուտն է։

Շուտով գմբեթում տիրող աշխուժությունը մարեց։ Լատիմերը իր աթոռը դրեց ուղիղ ջահի տակ եւ, շրթունքները շարժելով, շարունակեց միալար կարդալ Աստղերին ուղղված աղոթքները։ Բինին դարձյալ գնաց իր խցիկների մոտ, իսկ Տերեմոնը օգտվեց առիթից՝ լրացնելու իր նշումները այն հոդվածի համար, որ պատրաստվում էր մյուս օրը գրել «Խրոնիկայի» պատվերով։ Վերջին երկու ժամը նա խնամքով, ջանադիր, եւ ինչպես շատ լավ հասկանում էր ինքը, անօգուտ զբաղվում էր այդ գործով։

Սակայն (դա, թերեւս, նկատեց նաեւ Շիրինը, որը քմծիծաղով նայում էր լրագրողին) այդ զբաղմունքը օգնում էր նրան չմտածել այն մասին, որ երկնակամարը հետզհետե ստանում է նոր մաքրած տհաճ կարմրակապույտ գույնը, եւ այդպիսով արդարացնում էր իրեն։

Թվում էր, թե օդն ավելի է թանձրացել։ Մթնշաղը, ինչպես շոշափելի նյութ, սողում էր սենյակի մեջ, եւ դեղին լույսի պարող շրջանը ավելի ու ավելի էր առանձնանում խտացող մթության մեջ։ Ծխի հոտ էր գալիս, ջահերը ճտճտում էին, ինչ֊որ մեկը ոտքի թաթերի վրա զգուշորեն անցավ սեղանի մոտով, որտեղ աշխատում էին մյուսները, մերթ ընդ մերթ որեւէ մեկը զուսպ հառաչում էր, ճգնելով հանգստություն պահպանել այս աշխարհում, որ գնում էր դեպի ստվերը։

Առաջինը աղմուկը լսեց Տերեմոնը։ Նա նույնիսկ չլսեց, այլ աղոտ զգաց ինչ֊որ ձայներ, որոնք ոչ ոք չէր զգա, եթե գմբեթում մեռյալ լռություն չտիրեր։

Ժուռնալիստն ուղղվեց տեղում եւ թաքցրեց նոթատետրը։ Շունչը պահելով նա ունկնդրեց, իսկ հետո, անցնելով սոլարոսկոպի եւ Բինիի խցիկներից մեկի արանքով, դժկամորեն մոտեցավ պատուհանին։

Լռությունը հատեց նրա հանկարծակի ճիչը․

— Շիրի՜ն։

Բոլորը թողեցին աշխատանքը։ Մի ակնթարթում հոգեբանը հայտնվեց ժուռնալիստի կողքին։ Այնուհանդերձ նրանց մոտեցավ Ատոնը։ Նույնիսկ Յիմոտ 70֊ը, որը տեղավորվել էր բարձր աթոռակի վրա՝ օդի մեջ, վիթխարի սոլարոսկոպի ակնապակու մոտ, գլուխն իջեցրեց եւ ցած նայեց։

Բետայից մնացել էր միայն մի մարող բեկոր, որն իր վերջին հուսակտուր հայացքն էր նետում Լագաշի վրա։ Արեւելքում, որտեղ գտնվում էր քաղաքը, հորիզոնը պարուրված էր Խավարով, իսկ Սարոյից աստղադիտարան ձգվող ճանապարհը դարձել էր դժգույն կարմիր մի շերտ, որը երկու կողմերից եզերված էր պուրակներով։ Առանձին ծառերն արդեն չէին երեւում, նրանք ձուլվել էին մի ընդհանուր մուգ զանգվածի մեջ։

Բայց հենց ճանապա՛րհն էր իր վրա գամել բոլորի ուշադրությունը, որովհետեւ այնտեղ սպառնալից եռում էր մի ուրիշ մուգ զանգված։

— Խելագարնե՜ր քաղաքից։ Նրանք արդեն մոտ են,— բեկբեկուն ձայնով գոռաց Ատոնը։

— Ինչքա՞ն է մնացել մինչեւ լրիվ խավարումը,— հարցրեց Շիրինը։

— Տասնհինգ րոպե, բայց… բայց… նրանք այստեղ կլինեն հինգ րոպե հետո։

— Կարեւոր չէ։ Հետեւեք, որպեսզի բոլորը շարունակեն աշխատել։ Մենք նրանց ներս չենք թողնի։ Այս շենքի պատերը բերդի պարիսպների պես ամուր են։ Ատոն, համենայն դեպս աչքներդ մի՛ կտրեք մեր անկոչ հյուրից։ Տերեմոն, եկեք ինձ հետ։

Տերեմոնը Շիրինի ետեւից դուրս վազեց սենյակից։ Սանդուղքը պարուրաձեւ իջնում էր ներքեւ, դեպի խոնավ ու դժնի մութը։

Ոչ մի րոպե չհապաղելով՝ նրանք իներցիայով իջան եւս մի հարյուր աստիճան, սակայն գմբեթի դռներից ընկնող աղոտ դեղին լույսը անհետացավ, եւ ամեն կողմից նրանց պարուրեց չարագույժ թանձր ստվերը։

Շիրինը կանգ առավ եւ թմբլիկ ձեռքով բռնեց կուրծքը։ Նրա աչքերը դուրս պրծան, իսկ ձայնը նմանվեց չոր հազի։

— Ես չեմ կարող… շնչել… Իջեք ներքեւ… մենակ։ Փակեք բոլոր դռները…

Տերեմոնը մի քանի աստիճան էլ իջավ եւ շրջվեց։

— Սպասեք։ Դուք կարո՞ղ եք մի րոպե դիմանալ,— գոռաց նա։

Տերեմոնը ինքն էլ էր շնչահեղձ լինում։ Օդը թոքերն էր լցնում շատ դանդաղորեն եւ այնքան թանձր, ասես մրգահյութ լիներ, եւ այն մտքից, որ մենակ պիտի իջնի դեպի խորհրդավոր Խավարը, նա անմեկնելի սարսափ էր զգում։

Ուրեմն, մթությունն այնուամենայնիվ իրե՞ն էլ է սարսափով համակում։

— Կանգնեք այստեղ,— ասաց նա։— Ես հիմա կգամ։

Թռչելով աստիճանների վրայից՝ նա սլացավ գմբեթ։ Սիրտը մոլեգնաբար թպրտում էր կրծքում, եւ ո՛չ միայն ֆիզիկական ջանքերից։ Նա խուժեց գմբեթ եւ պահիչից արագ վերցրեց վառվող ջահը։ Ջահից գարշահոտություն էր փչում, ծուխը ծածկում էր աչքերը, բայց Տերեմոնը, հրճվալից սեղմելով ձեռքում, արդեն ներքեւ էր սլանում աստիճաններով։

Երբ Տերեմոնը կռացավ Շիրինի վրա, նա բացեց աչքերն ու տնքաց։ Տերեմոնը ամբողջ ուժով ցնցեց նրան։

— Դե՛, ուշքի եկեք։ Մենք լույս ունենք։

Նա որքան հնարավոր է վեր բարձրացրեց ջահը, եւ, բռնելով սայթաքող հոգեբանի արմունկը, ուղղվեց ներքեւ, աշխատելով մնալ լույսի փրկարար օղակի մեջտեղում։

Դրսի աղոտ լույսը դեռեւս թափանցում էր առաջին հարկի աշխատասենյակները, եւ Տերեմոնը իրեն ավելի լավ զգաց։

— Պահե՛ք,— կոպիտ ասաց նա եւ ջահը մտցրեց Շիրինի ձեռքը։— Լսո՞ւմ եք նրանց ձայները։

Նրանք ականջ դրեցին եւ անկապ, խռպոտ ճիչ ու վայնասուն լսեցին։

Շիրինը իրավացի էր․ աստղադիտարանը նման էր ամրոցի։ Կառուցված լինելով անցյալ դարում, երբ այլանդակ նեոգավոտյան ոճը իր բուռն ծաղկումն էր ապրում, շենքը աչքի էր զարնում ոչ թե իր գեղեցկությամբ, այլ ամրությամբ եւ պատկառելիությամբ։

Պատուհանները ունեին երկաթե ճաղեր, որոնց ծայրերը խոր մտած էին բետոնե երեսապատման մեջ։ Քարե պատերն այնքան հաստ էին, որ նույնիսկ երկրաշարժը չէր կարող տապալել դրանք, իսկ մուտքի դուռը ամուր կաղնեփայտից էր եւ երկաթապատված։ Տերեմոնը նիգերով փակեց դուռը։

Միջանցքի մյուս ծայրին կամացուկ հայհոյում էր Շիրինը։ Նա ցույց տվեց ետնամուտքի դուռը, որի կողպեքը խնամքով կոտրված էր։

— Այ թե ոնց է Լատիմերը ներս մտել,— ասաց նա։

— Դե ի՞նչ եք փայտի պես ցցվել,— անհամբեր գոռաց Տերեմոնը։— Օգնեք կահույքը քարշ տանք… Եվ ջահն էլ մի կողմ տարեք։ Այս ծուխը կխեղդի ինձ։

Այդ ասելով, ժուռնալիստը ծանր սեղանը աղմուկով քշեց դեպի դուռը։ Երկու րոպեի ընթացքում նա մի այնպիսի բարիկադ կառուցեց, որ թեեւ զուրկ էր գեղեցկությունից եւ համաչափությունից, սակայն լիովին ամուր էր ու դիմացկուն։

Հեռվից լսվեցին մուտքի դռանը զարնվող բռունցքների խուլ հարվածներ, գոռում֊գոչյուն, վայնասուն, բայց այս ամենը կարծես նրանք լսում էին կիսարթուն վիճակում։

Սարոյից այստեղ հասած ամբոխը բռնված էր աստղադիտարանը կործանելու ցանկությամբ, որպեսզի հոգու անմահություն ստանա, ինչպես խոստանում էր Պաշտամունքը։ Խելահեղ սարսափը մարդկանց զրկել էր բանականությունից։ Նրանք անզեն ձեռքերով հարձակվեցին աստղադիտարանի վրա եւ փորձեցին ջարդել դռները։

Այդ ժամանակ արդեն Բետան նվազել, դարձել էր արնակարմիր բոցի մի կաթիլ, որը թույլ առկայծում էր համապարփակ սարսափով բռնված մարդկության գլխավերեւում…

— Վերադառնանք գմբեթ,— հառաչելով ասաց Տերեմոնը։

Գմբեթում միայն Յիմոտն էր շարունակում նստած մնալ իր տեղում, սոլարոսկսպի մոտ։ Մնացածները խմբվել էին լուսանկարչական ապարատների մոտ։ Լարվածությունից խռպոտած ձայնով վերջին ցուցմունքն էր տալիս Բինին։

— Յուրաքանչյուրը թող իր համար պարզի… Ես լուսանկարում եմ Բետան լրիվ խավարման պահին եւ փոխում եմ թիթեղը։ Ձեզնից յուրաքանչյուրին մի խցիկ է հանձնարարվում։ Դուք բոլորդ գիտեք, թե որքան պիտի պահեք…

Մյուսները կիսաձայն հաստատեցին նրա ասածները, Բինին ձեռքով տրորեց աչքերը։

— Ջահերը դեռ վառվո՞ւմ են… Ասենք, ինքս էլ եմ տեսնում։

Նա ամուր հենվեց աթոռի թիկնակին։

— Հիշեք, մի՛… մի ջանացեք լավ նկարներ ստանալ։ Ժամանակ մի կորցրեք, մի փորձեք միաժամանակ երկու աստղ լուսանկարել։ Մեկն էլ հերիք է… Եվ… եւ եթե մեկնումեկը կզգա, որ իր մոտ սկսվել է… Թող անմիջապես հեռանա խցիկից։

— Տարեք ինձ Ատոնի մոտ։ Ես նրան չեմ տեսնում,— շշնջաց Շիրինը Տերեմոնին։

Ժուռնալիստն իսկույն չարձագանքեց։ Նա արդեն տեսնում էր ոչ թե մարդկանց, այլ նրանց աղոտ, տարտամ ստվերները, ջահերի դեղին բծերը գրեթե լույս չէին տալիս։

— Մութ է,— տրտնջաց նա։

Շիրինը առաջ պարզեց ձեռքերը եւ ասաց․

— Ատո՜ն։

Ու երերալով առաջ գնաց։

Տերեմոնը բռնեց նրա արմունկից։

— Սպասեք, ես ձեզ կտանեմ։

Նրան մի կերպ հաջողվեց անցնել սենյակի մյուս ծայրը։ Նա կկոցեց աչքերը, հրաժարվելով տեսնել Խավարը, հրաժարվելով հավատալ, որ խուճապը համակում է իրեն։ Ոչ ոք չլսեց նրանց ոտնաձայները, ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց վրա։ Շիրինը դեմ առավ պատին։

— Ատո՜ն։

— Հոգեբանն զգաց իրեն կպչող ձեռքերի դողը եւ լսեց շշնջոցը։

— Այդ դո՞ւք եք, Շիրին։

— Ատոն,— ասաց Շիրինը, ճգնելով հանգիստ շնչել։— Ամբոխից մի վախեցեք։ Նրանք այստեղ չեն մտնի։

Լատիմերը՝ Պաշտամունքի պահապանը, վեր կացավ տեղից․ նրա դեմքը այլայլվել էր հուսահատությունից։ Նա խոսք էր տվել, եւ եթե այն խախտեր, ապա մահացու վտանգի կենթարկեր իր հոգին։ Բայց չէ որ նրան ստիպել էին, եւ ինքը կամավոր չէր երդվել։ Շուտով կհայտնվեն Աստղերը, նա չի կարող հանգիստ կանգնել ու թույլ տալ… Եվ այնուամենայնիվ… խոսք էր տվել։

Բետայի վերջին ճառագայթի տակ Բինիի դեմքը թվում էր բոսորագույն, եւ Լատիմերը, տեսնելով, որ նա կռացավ լուսանկարչական ապարատի վրա, վճիռն ընդունեց։ Հուզմունքից նրա եղունգները խրվեցին փափուկ ափերի մեջ։

Օրորվելով, նա առաջ նետվեց։ Նրա դիմաց ոչինչ չկար, բացի ստվերներից, նույնիսկ հատակը թվում էր աննյութեղեն։ Իսկ հետո ինչ֊որ մեկը հարձակվեց նրա վրա, գետին գցեց եւ կառչեց կոկորդից։

Լատիմերը որքան ուժ ուներ ծնկով հարվածեց ախոյանին․

— Թողե՛ք ինձ, թե չէ կսպանեմ ձեզ։

Տերեմոնը գոռաց, հետո, հաղթահարելով սոսկալի ցավը, մռթմռթաց․

— Ախ, դու, ստո՛ր առնետ։

Նրա գիտակցությունը, թվում է, ամեն ինչ միանգամից էր ընկալում։ Նա լսեց Բինիի խռպոտ ձայնը․ «Սկսեցինք։ Բոլորդ մոտեցեք խցիկներին», եւ նույն պահին էլ ինչ֊որ կերպ գիտակցեց, որ արեգակնային լույսի վերջին ճառագայթը մարեց ու չքացավ։

Միաժամանակ նա լսեց, թե ինչպես կտրվեց Բինիի շունչը, ինչպես տարօրինակ ճչաց Շիրինը, ինչպես ընդհատվեց մեկի հիստերիկ ծիծաղը… եւ ինչպես դրսում տիրեց լռություն, տարօրինակ մեռյալ լռություն։

Տերեմոնը զգաց, որ բաց է թողնում ձեռքերը, բայց Լատիմերի մարմինն էլ մի տեսակ թուլացավ ու կակղեց։ Նայելով Պաշտամունքի պահապանի աչքերին՝ նա այնտեղ տեսավ ապակիացած դատարկչություն, որտեղ արտացոլվում էին ջահերի դեղին օղակները։ Նա տեսավ Լատիմերի շրթունքների վրա պղպջացող փրփուրը եւ լսեց գազանային հեծեծանքը։

Վախից քարանալով, նա դանդաղ վեր կացավ՝ հենվելով մի ձեռքի վրա, եւ նայեց պատուհանի ահասարսուռ սեւությանը։

Դրսում փայլփլում էին Աստղերը։

Եվ դրանք այն խղճուկ երեք հազար վեց հարյուր աղոտ աստղերը չէին, որ անզեն աչքով երեւում էին Երկրից։ Լագաշը գտնվում էր մի վիթխարի աստղային պարսի կենտրոնում։ Երեսուն հազար հզոր արեւները շողում էին հոգեցունց վեհությամբ եւ ավելի սառն էին ու սարսափազդու իրենց զարհուրելի անտարբերությամբ, քան դաժան քամին, որ սուրում էր պաղ եւ նողկալիորեն խավար աշխարհում։

Օրորվելով՝ Տերեմոնը ոտքի կանգնեց։ Նրա կոկորդն այնպես էր սեղմվում, որ շնչել չէր կարողանում, անտանելի սարսափից ամբողջ մարմնի մկանները ջղաձգվում էին։ Նա կորցնում էր գիտակցությունը եւ գիտեր դա, իսկ գիտակցության վերջին շողերը դեռեւս տանջալիորեն դիմադրում էին, ապարդյուն ճգնելով ընդդիմանալ սեւ սարսափի հորձանքներին։ Սարսափելի է խելագարվել եւ գիտենալ, որ խելագարվում ես… գիտենալ, որ մի րոպե հետո մարմինդ առաջվա պես ողջ֊առողջ կլինի, բայց դու, դու ինքդ ընդմիշտ կանհետանաս, կընկղմվես խելագարության մթին հորձանուտը։ Քանզի դա Խավարն է… Խավարը, Ցուրտը եւ Մահը։ Փլվեցին Տիեզերքի լուսավոր պատերը, եւ նրանց զարհուրելի սեւ բեկորները թափվեցին ներքեւ, որպեսզի ճզմեն եւ ոչնչացնեն իրեն։

Տերեմոնը դիպավ հատակի վրա չորեքթաթ սողացող ինչ֊որ մեկին եւ քիչ մնաց վայր ընկներ։ Ձեռքերով սեղմելով ջղաձգվող կոկորդը, Տերեմոնը կաղալով գնաց դեպի ջահերի բոցը, որը նրա խելահեղ աչքերից փակել էր ողջ մնացյալ աշխարհը։

— Լո՜ւյս,— գոռաց Տերեմոնը։

Ինչ֊որ տեղ վախեցած մանկան պես հեծկլտում էր Ատոնը։

Աստղերը… Բոլոր աստղերը… ու մենք ոչինչ չգիտեինք։ Մենք ոչ մի բան չգիտեինք։ Մենք վեց աստղը համարում էինք Տիեզերք։ Աստղեր ու Խավար հավիտյանս հավիտենից, եւ պատերը փլվում են, իսկ մենք չգիտեինք, որ չենք կարող իմանալ, եւ բոլոր…

Ինչ֊որ մեկը փորձեց վերցնել ջահը, բայց ջահն ընկավ ու մարեց։ Եվ իսկույն էլ անտարբեր Աստղերի զարհուրելի վեհությունը շարժվեց մարդկանց վրա։

Իսկ պատուհանից դուրս, հորիզոնում, այնտեղ, ուր մի ժամանակ Սարո քաղաքն էր, ավելի ու ավելի պայծառանալով, բարձրանում էր բոսորագույն հրացոլքը, բայց դա ծագող արեւի լույսը չէր։

Նորից վրա հասավ երկար գիշերը։

Comments